Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
6-9․ «Ես պիտի զորացնեմ Հուդայի տունը, պիտի փրկեմ Հովսեփի տունը, և պիտի վերադարձնեմ նրանց, որովհետև Ես ողորմեցի նրանց, և նրանք պիտի լինեն այնպես, կարծես Ես չէի լքել նրանց, որովհետև Ես եմ նրանց Տեր Աստվածը, և պիտի լսեմ նրանց»։ [6] «Եփրեմը զորավոր մարդու պես պիտի լինի, և նրանց սիրտը պիտի ուրախանա ինչպես գինուց, և նրանց որդիները պիտի տեսնեն այդ և ուրախանան, նրանց սիրտը պիտի ցնծա Տիրոջով»։ «Ես նրանց նշան պիտի տամ և պիտի հավաքեմ նրանց, որովհետև Ես փրկագնեցի նրանց, և նրանք պիտի լինեն այնքան բազմամարդ, որքան նախկինում»։ «Եվ Ես պիտի ցրեմ նրանց ժողովուրդների մեջ, և նրանք պիտի հիշեն Ինձ հեռավոր երկրներում ու պիտի ապրեն իրենց որդիների հետ և պիտի վերադառնան»։ (Սինոդական թարգ․)
Հեթանոսության դեմ այս հաղթական պայքարին և այլ խոստումների իրականացմանը պետք է նախորդի Իսրայելի հավաքումը բոլոր երկրներից: Աստված նշան է տալիս, որով հավաքվում են բոլոր նրանք, ում Նա որոշել է ազատել սփռված լինելու աղետներից: Հրեաները չեն դադարի բազմանալ, ինչպես ժամանակին բազմանում էին Եգիպտոսում՝ ծանր աշխատանքի և երկարատև կեղեքումների պայմաններում: Բազմամարդության պատճառով հայրենի երկրում տեղ չգտնողները կրկին տարածվելու են այլ ազգերի մեջ, սակայն չեն մոռանա ճշմարիտ Աստծուն և կհռչակեն Նրա անունը հեթանոսների շրջանում:
Ըստ Քեյլի` այստեղ խոսք չկա Եփրեմի երկրորդ անգամ ցրման մասին՝ որպես պատժի միջոց (Op. cit. S. 611): Իսկ Ռուժեմոնտը, ընդհակառակը, 9−րդ համարի առաջին բառը հենց մեղքերի հետևանքով ցրման իմաստով է մեկնաբանում. «Նա ցրելու է նրանց, քանի որ նրանք մեղք են գործելու Իր դեմ, սակայն նրանք դառնալու են սերմ, որն ամբողջ երկրի վրա բարի պտուղ պիտի բերի» (Վերը նշված ստեղծագործություն, էջ 224): Այս տարակարծությունը չի վերաբերում մարգարեության էությանը. դրա իմաստն այն է, որ հրեաների աշխարհով մեկ սփռվելու միջոցով ճշմարիտ աստվածճանաչողությունը տարածվելու է ամենուր: Նույնիսկ օտար երկրում ընտանիքներ կամ տոհմեր հիմնելով, այսինքն` այնտեղ երկար ժամանակ ապրելով հանդերձ` նրանք ամբողջովին չեն խզի իրենց կապը հայրենիքի հետ և հնարավորության դեպքում կվերադառնան այնտեղ:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ես պիտի զօրացնեմ Յուդայի տունը, պիտի փրկեմ նաեւ Յովսէփի տունը, պիտի բնակեցնեմ նրանց, որովհետեւ ես սիրեցի նրանց. նրանք պիտի դառնան այնպիսին, կարծես ես նրանցից երես չեմ դարձրել.եւ որովհետեւ ես եմ նրանց Տէր Աստուածը, ես էլ պիտի լսեմ նրանց:
(Արարատ թարգ․) Ես պիտի զորացնեմ Հուդայի տունը և փրկեմ Հովսեփի տունը և նրանց պիտի վերադարձնեմ, որովհետև գթացի նրանց։ Եվ նրանք պիտի լինեն այնպես, կարծես թե ես չէի մերժել նրանց, որովհետև ես եմ նրանց Տեր Աստվածը և նրանց պիտի պատասխանեմ։
(Գրաբար) Եւ զնա յԱսորեստանեայս կապեա՛լս տարցին պատարա՛գ արքային Յարիմայ. կաշառօ՛ք ընկալցի զԵփրեմ. ամաչեսցէ՛ Իսրայէլ ի խորհուրդս իւր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: