Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։8

Ա․ Լոպուխին

8-9․ «Հովիվներից երեքին մեկ ամսում ոչնչացնելու եմ; ու Իմ հոգին շրջվելու է նրանցից, ինչպես որ նրանց հոգին է շրջվում Ինձանից»: [8] «Այն ժամանակ ասելու եմ, թե այլևս հովվություն չեմ անելու ձեզ. մահացողը թող մահանա, կործանվողը թող կործանվի, իսկ նրանք, որ մնալու են, թող որ ուտեն մեկը մյուսի մարմինը»: (Սինոդական թարգ․)
   
   Բարի Հովվի գործունեությունը, որը խորհրդանշական կերպով նկարագրվում է իբրև գործելու մեկամսյա ժամանակաշրջան, գլխավորապես արտահայտվում է այն բանում, որ Նա ոչնչացնում է երեք հովիվների` հավանաբար նրանց, ովքեր տանջում էին ոչխարներին, նրանց հետ անարդար ու դաժան էին վարվում: Ըստ հայրերի ժամանակներից լայն տարածում գտած մեկնաբանության` երեք հովիվների ներքո պետք է հասկանալ հրեական թագավորներին (կամ, առհասարակ, իշխանական դասի ներկայացուցիչներին), քահանաներին ու մարգարեներին: Նմանատիպ մեկնաբանության ենք հանդիպում սուրբ Եփրեմ Ասորու (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 249) և Երանելի Թեոդորետոս Կյուրացու մոտ (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 110): Երանելի Հիերոնիմոսը բերում է այս մեկնաբանությունը, սակայն ինքը կառչում է մեկ ուրիշից և երեք հովիվների ներքո Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին է հասկանում. «Նրանցից Մարիամը մահանում է Սինայի անապատում նիսան կոչվող առաջին ամսին. այդ նույն տեղում և նույն ամսին «հակաճառության ջրերի» պատճառով Մովսեսն ու Ահարոնը ավետյաց երկիր չմտնելու են դատապարտվում (տե՛ս Թվ. 20:10−13): Եվ այնպես է լինում, որ այդ երեք առաջնորդներից մեկը իրական մահով է հարվածվում, իսկ մյուս երկուսն էլ աստվածային դատաստանի միջոցով են մահվան դատապարտվում» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 136): Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու մոտ նկատի են առնվում «քահանաները, դատավորներն ու օրենքներին տիրապետողները, այսինքն` դպիրներն ու օրենսգետները» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 159, 160): Ավելի ուշ շրջանի մեկնաբաններն ավելի հակված են այս հատվածում երեք միապետություններ տեսնելուն, որոնց գերիշխանության տակ հերթականությամբ գտնվել են հրեաները (Keil С.F. Op. cit. S. 620; Haupt. Op. cit. S. 280; ZATW. 1881. S. 27. Anm. 2, S. 71 — Anm.; Marti. Op. cit. S. 439): Սակայն երեք դաժան հովիվների ոչնչացումից հետո ոչխարները նույնպես անպատիժ չեն մնում։ Նրանք պատշաճ վստահություն ու հնազանդություն չեն ցուցաբերում իրենց Հովվի նկատմամբ, և Նա ստիպված է լինում դադարեցնել հոտը պահպանելու Իր գործը` նրան թողնելով բախտի քմահաճույքին, այսինքն` արտաքին աղետներից և ներքին կռիվներից կործանվելու:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Մէկ ամսում ես վերացրի երեք հովիւներին, որովհետեւ իմ հոգին զզուել էր նրանցից, նրանց հոգիներն էլ զզուել էին ինձանից:
(Արարատ թարգ․) Եվ մեկ ամսում ոչնչացրի երեք հովիվներին, որովհետև համբերությունս հատել էր նրանց հանդեպ, իսկ նրանք ինձանից էին զզվել։
(Գրաբար) եւ բարձից զերիս հովիւսն ի միում ամսեան. եւ ծանրասցի անձն իմ ի վերայ նոցա, քանզի եւ անձինք նոցա գոչէին ի վերայ իմ։