Ա․ Լոպուխին
«Իսկ Դավթի տան ու Երուսաղեմի բնակիչների վրա հեղելու եմ շնորհի ու խանդավառության ոգի, և նրանք իրենց հայացքը պիտի դարձնեն Նրա վրա, Որին խոցել են, և ողբալու են Նրա համար, ինչպես որ ողբում են միամորիկ որդու համար, և լաց են լինելու, ինչպես որ լաց են լինում առաջնեկի համար»: (Սինոդական թարգ․) [10]
Սակայն արտաքին անվտանգությունն ու հեթանոսների նկատմամբ տարած փառահեղ հաղթանակը բավարար չէ: Դավթի տունն ու Երուսաղեմի բնակիչները պետք է ապաշխարությամբ մաքրեն իրենց ծանր հանցանքներն ու իրենց վրայից վերցնեն մեղավորության բեռը: Սա առանց շնորհների ազդեցության տեղի չի ունենում. վերևից ստանալով «շնորհների և խանդավառության ոգին»՝ նրանք իրենց հայացքը կուղղեն դեպի Նա, Ում իրենց կուրության մեջ մահվան էին դատապարտել և կողբան նրան ամենաանկեղծ ու անմխիթար ողբով. այդպես ողբում են միայն միամորիկ որդու համար, այդպես լաց են լինում միայն առաջնեկի համար: Ըստ բնագիր տեքստում եղած արտահայտության բառացի իմաստի (իրենց հայացքը պիտի դարձնեն Նրա վրա, Որին խոցել են)` Զաք. 12:10 համարը կարծես թե այն միտքն է բովանդակում, որ հենց Տեր Աստծուն են մահվան դատապարտում:
Բացատրելով 10−րդ համարը` Կեյլը նշում է, որ «բնականաբար անհնար է այս համարը հենց Տեր Աստծուն` երկնքի ու երկրի Արարչին, մահվան դատապարտելու իմաստով հասկանալ: Այստեղ պետք է հասկանալ Տեր Աստծու հետ էությամբ մեկ Նրա Հրեշտակի մահը` ի դեմս մարդեղացած Հիսուս Քրիստոսի: Քանի որ Զաքարիան մի քանի անգամ Մեսիայի գալուստը նկարագրում է իբրև Իր ժողովրդին Տեր Աստծու հայտնություն` ի դեմս Իր Հրեշտակի, ապա, այսպիսի ընկալման համաձայն, նա կարող է նաև Հրեշտակի մահը նկարագրել որպես հենց Տեր Աստծու մահ… Սրա հետ մեկտեղ 1−ին դեմքից 3−րդ դեմքի անցումը ցույց է տալիս, որ մահվան դատապարտվածը, ըստ էության, մեկ է Տեր Աստծու հետ, սակայն Անձով առանձնացված է Երկնավորից» (Op. cit. S. 638): «Իրենց հայացքը պիտի դարձնեն Նրա վրա, որին խոցել են» խոսքերը մեկնաբանելով` սուրբ Եփրեմ Ասորին պատմական իմաստով դրանք առնչում է Հուդա Մակաբայեցուն (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 225, Marti. Op. cit. S. 447)։ Սակայն, միևնույն ժամանակ, նա դրանք առնչում է նաև խաչյալ Քրիստոսին, Ում կողքերը խոցված էին (հմմ. սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 187, 188; Թեոդորոս Երանելի, էջ 167; Հիերոնիմոս Երանելի, էջ 154): Այսպիսով` Հովհաննես Ավետարանիչը, հնագույն մեկնիչներն ու նրանց հետևող ժամանակակից մեկնաբանները Զաք. 12:10 համարում խաչի վրա Փրկչի մահվան մասին մարգարեություն են տեսնում: Այս մարգարեության, նույնիսկ արտաքին մանրամասներով, բառացի կերպով կատարման փաստի մասին Կեյլը նշում է. «Սա այն բանի համար է ծառայում, որպեսզի մարգարեության ներքին կապը դրա պատմական կատարման հետ այնքան պարզ դարձնի, որ նույնիսկ անհավատները բավարար հիմքեր չունենան այն մերժելու համար» (Op. cit. S. 638: ср.: S. 662):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Շնորհի ու գթութեան հոգի պիտի հեղեմ Դաւթի տան եւ Երուսաղէմի բնակիչների վրայ. նրանք իրենց հայեացքը պիտի դարձնեն դէպի ինձ, պարելու փոխարէն լաց ու կոծ պիտի անեն, ինչպէս ողբում են սիրելի էակի վրայ, սուգ պիտի անեն, ինչպէս սգում են անդրանիկ զաւակի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ ես Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհքի և աղոթքի հոգին. նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին, և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։
(Գրաբար) եւ հեղից ի վերայ տանն Դաւթի՝ եւ ի վերայ բնակչաց Երուսաղէմի հոգի շնորհաց եւ գթութեան։ Եւ հայեսցին առ իս փոխանակ կաքաւելոյն. եւ կոծեսցին ի վերայ նորայ կոծ իբրեւ ի վերայ սիրելւոյ. եւ աշխարեսցեն աշխար իբրեւ ի վերայ անդրանկան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: