Հովելի մարգարեության մեկնություն 1:6

Ա․ Լոպուխին

Քանի որ մի հզոր և անթիվ ազգ ելավ իմ երկրի դեմ,   նրա ատամները՝ առյուծի ատամներ են,    և նրա ծնոտները` էգ առյուծի: (Սինոդական թարգ․)[6]
   
   Ըստ երանելի Հերոնոմոսի՝ 6−րդ համարի «ժողովուրդ» բառի ներքո մարգարեն նկատի ունի ասորիներին, բաբելոնացիներին, մեդիացիներին, մակեդոնացիներին և հռոմեացիներին: Սակայն, ակնհայտ է, որ մարգարեն շարունակում է վերևում սկսված մորեխի ներխուժման մասին  խոսքը․ «Ժողովուրդ» («գոյ») բառով նա կոչում է մորեխին, ինչպես որ Առակաց 30:25, 26 համարներում՝ «ամ»՝ «ժողովուրդ» բառի ներքո նկատի են առնվում մորեխները և նապաստակները․ Սաղմոս. 73:14 համարում էլ «գոյ» բառի ներքո նկատի են առնվում կենդանիները: Աստվածաշնչում հսկայական զանգվածներով ներխուժող մորեխը հաճախ է որպես հոծ բազմության խորհրդանիշ ներկայացվում (Դատ. 6:5, 7:12, Եր. 46:23, 51:14, Նավ. 3:15): Հովել մարգարեն ևս մորեխին անթիվ և զորավոր ժողովուրդ է կոչում: Ոչ միայն բուսականությունը ոչնչացնող, այլև չորացած ծառերի և բնակելի տների դռները կրծող մորեխի ներխուժման հետևանքով առաջացած մեծ ամայացումը նկատի ունենալով՝ մարգարեն մորեխի ատամները համեմատում է առյուծի ժանիքների հետ, իսկ ծնոտը՝ էգ առյուծի ծնոտի հետ, որն առանձնահատուկ կատաղությամբ իր ձագերին պաշտպանել է շտապում: Սլավոներեն «ծնոտավորներ», իսկ հունարեն «màgai» արտահայտությունները նշանակում են ծնոտի արմատավոր ատամներ: «Էգ առյուծ»−ը (հունարեն՝ «σκύμνου») երիտասարդ առյուծն է։ Սակայն եբրայերեն «լավին» բառը, ըստ շատ մեկնաբաններիների և հատվածի համատեքստի, ավելի լավ է «էգ առյուծ» իմաստով հասկանալ:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) քանի որ մի ազգ յարձակուեց իմ երկրի վրայ՝ հզօր եւ անթիւ. նրա ատամները առիւծի ատամներ են, նրա ժանիքները՝ առիւծի կորիւնի ժանիքներ:
(Արարատ թարգ․) Որովհետև իմ երկրի դեմ մի ազգ է եկել՝ զորավոր և անթիվ. նրա ատամներն առյուծի ատամներ են, և մատակ առյուծի ժանիքներ ունի։
(Գրաբար)Զի ա՛զգ մի ել յերկիր իմ հզօր և անթիւ. ատամունք նորա ատամունք առիւծու, և ժանիք նորա կորեա՛ն առիւծու։