Հովելի մարգարեության մեկնություն 1:9

Ա․ Լոպուխին

Հացի զոհաբերություններն ու պատարագները վերացան Տիրոջ տնից, սգում են քահանաները՝ Տիրոջ պաշտոնյաները: (Սինոդական թարգ․)[9]
   
   Մորեխի կողմից երկրի ավերումը առաջ էր բերել ալյուրի, գինու և ձիթապտղի պակասություն, որի հետևանքով դադարել կամ, ծայրահեղ դեպքում, նվազել էր տաճարին մատուցվող հացի զոհաբերությունը («մինախա՝ минха») և նվիրաբերումը («նէսէխ՝ нэсэх»): Մարգարեն, ըստ երևույթին, խոսում է ոչ թե օրենքով սահմանված ամենօրյա զոհաբերությունների (տե՛ս Ելք․ 29:38−42), այլ կամավոր ու սրտաբուխ կերպով մատուցվող զոհերի մասին: Քանի որ այս զոհաբերությունների մի մասից օգտվում էին քահանաները, ուստի վերջիններս պետք է իրենց վրա զգային երկրին հասած աղետի ծանրությունը (ռուսերեն՝ «սգում են քահանաները»): Հունարեն «πενθεῖτε» բառը սլավոներենում ընթերցվում է «плачитеся», որովհետև Յոթանասնիցը եբրայերենի «ավելու՝ авэлу» (լացում են) բառը սահմանական եղանակի փոխարեն ընթերցել է («իվլու՝ ивлу») հրամայական եղանակով: «Աստծու պաշտոնյաներ» բառի փոխարեն սլավոներեն տեքստում «Տիրոջ զոհասեղանի պաշտոնյաներ» է:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Վերացան զոհերն ու զենումը Տիրոջ տնից, սգացէ՛ք քահանանե՛ր՝ խորանի պաշտօնեանե՛ր,
(Արարատ թարգ․)Հացի ընծան և հեղման գինին կտրվել են Տիրոջ տնից, սուգ են անում Տիրոջ ծառաները՝ քահանաները։
(Գրաբար) Բարձա՛ն զոհք և սպանդք ի տանէ Տեառն. սո՛ւգ առէք քահանայք, պաշտօնեայք սեղանոյ.