Հովելի մարգարեության մեկնություն 3:1

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

1-3. Ահա այն օրերին և այն ժամանակ, երբ Ես վերադարձնեմ Հուդայի և Երուսաղեմի գերիներին, կհավաքեմ բոլոր ազգերին և կբերեմ նրանց Հովսափատի հովիտը, այնտեղ նրանց հետ դատ կտեսնեմ իմ ժողովրդի և իմ ժառանգութեան՝ Իսրայելի համար, որին ցրեցին ազգերի մեջ և բաժանեցին Իմ երկիրը: Եվ վիճակ գցեցին իմ ժողովրդի համար, իրենց պատանիներին տվեցին պոռնիկներին փոխարեն և իրենց կույսերին վաճառեցին գինու և խմիչքի դիմաց։
   
    Այն ժամանակ, երբ տասը ցեղերն անջատվեցին Ռոբովամի թագավորությունից և առանձնացան նրանից, և ամբողջ Իսրայելը բաժանվեց Եփրեմի և Հուդայի միջև, հայտնվեցին երանելի մարգարեները: Նրանք խոսեցին այն մասին, ինչ վերաբերում էր երկուսին էլ, որովհետև իրենց ամբողջ մարգարեական ծառայությունը շարունակվեց մինչև գերության ժամանակները:

    Երուսաղեմ վերադառնալուց և այնուհետև այնտեղ հաստատվելուց հետո Իսրայելի վերաբերյալ մարգարեացան Անգեն, Զաքարիան և Մաղաքիան: Թվում է, թե Եզրասը ևս որոշ չափով կանխատեսել է այն ժամանակվա իրադարձությունների և իր ժամանակաշրջանում կատարվածների մասին:

    Այսպիսով, ներկայացվող մարգարեական խոսքը հիշատակում է ոչ թե հին մարգարեների ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այլ այն, թե ինչպես Կյուրոսն արձակեց Իսրայելին, և նրանք վերադարձան Հուդայի երկիրը: Իսկ թե ինչու է այդ իրադարձությունն արժանի ուշադրության, և թե ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ, կպատմենք, որքան հնարավոր է՝ մեջբերելով Եզրասի պատմությունը՝ որպես պարզաբանում:

    Այսպիսով, երբ իսրայելացիները վերադարձան Հուդա և հանգստացան գերության նեղություններից ու տառապանքներից, կրկին դարձան իրենց նախկին թեթևամտությանը և հավատարիմ չգտնվեցին Մովսեսի պատվիրանների կատարման ու պահպանման մեջ: Մինչդեռ Օրենքն արգելում էր բոլորին կին առնել օտարազգիների դուստրերից, նրանք, անտեսելով Աստծուց տրված պատվիրանը, խառնակվեցին այլազգի կանանց հետ: Այդ բանից խիստ վշտացած՝ Եզրասը պատռեց իր հագուստը, ողբաց իսրայելացիների համար և հորդորեց նրանց հեռանալ օտարազգի կանանցից: Եվ նրանք, գուցե վախենալով աստվածային բարկությունից, որոշեցին դա կատարել և դարձյալ իրենց ուսուցիչ կարգեցին նրան, ով նախկինում էր. ինչ կարող էր պատահել իրենց, եթե չցանկանան հարգել Օրենքը: Երբ շատ օտարազգի կանանց վտարեցին և հեռացրին Երուսաղեմից, հարևան ժողովուրդները, բնականաբար, պետք է վրդովվեին՝ որպես խիստ վիրավորված դրանից: Բացի այդ՝ թերևս մտածում էին. «Քանի որ նրանք (հրեաները) պարիսպներով ամրացնում են Երուսաղեմը և ջանասիրաբար վերականգնում Աստծու տաճարը, նրանց թշնամիները նախանձության նետերից բորբոքվելով՝ բարկանում էին և ջանում խոչընդոտել դրան: Նրանք թերևս խորհում էին. «Եթե Իսրայելը կրկին հասնի իր նախկին հզորությանը և ունենա ամրացված քաղաքներ, ինչին կօժանդակի ամենքի Աստվածը, որպեսզի հին սովորույթների համաձայն Նրան պաշտամունք մատուցվի տաճարում, ապա նա դարձյալ կհասնի տիրապետության և անհանդուժելի կդառնա բոլորի համար: Նա հարկեր կսահմանի որոշ հարևան երկրների վրա, իսկ նրանց, ովքեր հետագայում կորոշեն դիմադրել իրեն, լիովին կհնազանդեցնի իրեն և կամայացնի նրանց հողերը»:

    Ուստի նրանք դրդում էին ոմանց խանգարել նրանց թե՛ տաճարի և թե՛ պատերի կառուցման գործին: Սակայն նրանց ջանքերն ապարդյուն եղան, որովհետև Աստված աջակցում էր իսրայելացիների աշխատանքներին: Այնժամ նրանք վերջապես զինվեցին և որոշեցին պատերազմել նրանց դեմ, սակայն պարտվեցին ու ընկան, որովհետև Աստված օգնեց իսրայելացիներին: Իսկ այն մարդկանց հավաքատեղին, ովքեր որոշել էին անել այդ բանը, գտնվում էր Հովսափատի հովտում: Այդ վայրը գտնվում էր Երուսաղեմից ոչ շատ հեռու՝ արևելյան կողմում: Ասում են, որ այն բաց տարածք է՝ հարմար հեծելազորային գործողությունների համար:

    Որքան էլ որոշ ամենաազդեցիկ հեթանոսներ անբարյացակամ էին տաճարը կառուցող իսրայելացիների հանդեպ, այնուամենայնիվ նրանց մտադրությունները բնավ չհաջողվեցին, որի մասին վկայում է երանելի Եզրասը՝ ասելով. «Պարսից Արտաշես արքայի օրոք նրան նամակ գրեցին Հուդայում և Երուսաղեմում բնակվողների դեմ:

    Նրանք էին՝ Բաաղսամոնը, Միթրդատը, Բելլիոսը, Ռաթիմոսը, Բելտեթմոսը և գրագիր Սամելիոսը և նրանց հետ շատ ուրիշներ, որոնք բնակվում էին Սամարիայում և մյուս վայրերում» (Ա Եզրաս. 2:16): Այս նամակի բովանդակությունը հետևյալն էր. Երուսաղեմը, լինելով անպարտելի զորություն ունեցող քաղաք, երբեք չի հպատակվում այլ երկրների թագավորներին, այլ հակառակը՝ մեծ դիմադրություն է ցուցաբերում նրանց: Այնպես որ եթե նա կրկին հասնի իր նախկին հզորությանը, հետագայում քիչ մտահոգություններ չի պատճառի անգամ Բաբելոնի իշխաններին:

    Բայց այդ նամակ գրողները ոչ մի հաջողություն չունեցան:

    Սամարիայի բնակիչներից ոմանք, ինչպես նաև Բաբելոնից վերաբնակեցվածները հրեաներին առաջարկեցին միասին աշխատել և կառուցել տաճարը: Սակայն վերջիններս չհամաձայնեցին, և այդ պատճառով նրանք, դիմադրելով նրանց չար մտադրություններին, ոչ քիչ նեղություններ կրեցին: Եզրասը նաև գրում է. «Երբ Հուդայի ու Բենիամինի թշնամիները լսեցին, որ գերությունից վերադարձած իսրայելացիները վերաշինում են Իսրայելի Տեր Աստծու տաճարը, մոտեցանան Զորոբաբելին, իշխաններին և տոհմապետներին և նրանց ասացին. “Մենք էլ ենք ուզում ձեզ հետ կառուցել տաճարը, որովհետև ինչպես դուք, այնպես էլ մենք պաշտում ենք ձեր Տեր Աստծուն. մենք ևս զոհեր ենք մատուցում նրան այն օրից, ինչ Ասորեստանի Ասորդան թագավորը մեզ այստեղ բերեց”:

    Զորաբաբելի մոտ եղողներն ասացին. “Մեզ վայել չէ, որ ձեզ հետ միասին շինենք Իսրայելի մեր Տեր Աստծու տունը: Մենք ինքներս պիտի շինենք Իսրայելի մեր Տեր Աստծու տունը, ինչպես հրամայել է մեզ Պարսից Կյուրոս թագավորը”: Դրանից հետո այդ երկրի այլազգիները թուլացնում էին Հուդայի ժողովրդի ձեռքերը, խոչընդոտում էին նրանց շինարարությունը և նրանց դեմ խորհրդականներ էին վարձում, որպեսզի խափանեն նրանց մտադրությունը» (Բ Եզրաս. 4:1-5): Բայց թեպետ նրանք դավեր էին նյութում, նրանց չար մտադրությունն ապարդյուն անցավ:

    Իսկ ինչ եղավ հետո, երբ նրանց ծածուկ դավերն ապարդյուն անցան. բոլոր հարևան ժողովուրդները բացահայտ պատերազմի դուրս եկան հրեաների դեմ, սակայն պարտվեցին ու կոտորվեցին: Եվ այս մասին կիմանաս նույն աղբյուրից. «Եվ երբ որ Սանաբաղատը և Տուբիան և արաբացիները և ամոնացիները և ազովտացիները լսեցին, որ Երուսաղեմի պարիսպները վերանորոգվում են, և ճեղքերն  սկսել են փակվել, շատ չարացան։ Այդ ժամանակ բոլորը հավաքվեցին՝ Երուսաղեմի դեմ պատերազմելու: “Եվ մենք աղոթեցինք մեր Տեր Աստծուն,- ասում է նա,- և պարսպի վրա նրանց դեմ պահապաններ դրեցինք՝ գիշեր թե ցերեկ հսկելու համար: Այն ժամանակ Հուդան ասաց․ «Թշնամու զորությունը թույլ է, բայց ժողովուրդը շատ է…” » (Նեեմ. 4:7-10): Այս խոսքերում հովտի մասին որևէ հիշատակում չկա, բայց այդ մասին մեզ հայտնում է ավանդությունըը: Իսկ մարգարեությունը լիովին արժանահավատ է և մեզ հայտնում է պատերազմի վայրի անվանումը: Այդ պատճառով նա, ով ասում է, թե կհավաքի բոլոր ժողովուրդներին Հովսափատի հովտում, հավանաբար նկատի է ունեցել հենց այս իրադարձությունը։

    Ակնհայտ է, որ նա նրանց կհավաքի ոչ թե իրենց կամքին հակառակ, այլ պարզապես չի խոչընդոտի գալ ցանկացողներին: Նա նրանց հետ դատաստան կանի Իսրայելի՝ Իր ժառանգության համար, որը նրանք բաժանեցին՝ գուցե հափշտակելով բաբելոնացիներից մնացածներին, հարձակվելով նրանց վրա նեղության պահին, առաջարկելով տղաներին տալ պոռնիկներին, իսկ երիտասարդ կանանց՝ սարսափելի անառակության: Վաճառելով նրանց ուրիշների պղծությանը՝ այդպիսով հայթհայթում էին գումարներ իրենց շռայլության և հարբեցողության համար:

    Երբ խորհում ենք Քրիստոսի միջոցով փրկության մասին, ասում ենք, որ մեզ հետ ևս նման մի բան տեղի ունեցավ: Մեզ, որ գերի էինք և գտնվում էինք դաժան բռնակալի՝ այսինքն սատանայի ստրկության մեջ, Նա ազատեց և բարձրացրեց դեպի սուրբ երկիրը՝ ավետարանական կյանքը, դեպի բոլորի համար հասանելի վիճակը, դեպի ամուր քաղաքը՝ հոգևոր Երուսաղեմ, որ կենդանի Աստծու Եկեղեցին է՝ դարձնելով մեզ որպես թանկարժեք քարեր՝ պիտանի սուրբ տաճարի՝ Սուրբ Հոգով Աստծու բնակարանի շինության համար (հմմտ. Եփ. 2:22, Ա Պետր. 2:5):

    Բայց պիղծ դևերի բազմությունը բորբոքվեց նախանձից, և նաև ճշմարիտ վարդապետության շատ հակառակորդներ հարձակումներ գործեցին սուրբերի վրա, սակայն որևէ վնաս չպատճառեցին, որովհետև Աստված պաշտպանում էր նրանց: Քրիստոս զորացնում էր նրանց՝ ասելով. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33):

    Հրեաներն ունեն մի դատարկ ու պառավական առասպել, ըստ որի՝ մի օր Հովսափատի հովտում մեռելների հարությունից հետո Աստված պիտի դատի բոլորին: Նրանք կարծում են, թե ողջ աշխարհում բնակվող մարդիկ պիտի պատժվեն այն ամենի համար, ինչ արեցին հրեաների դեմ: Սակայն նրանց ծաղրի արժանի այդ միտքը երբեք չի իրականանա, որովհետև Աստվածաշունչ Գիրքը վկայում է, որ մարգարեությունն արդեն իսկ կատարվել է, և հարևան ժողովուրդները ստացել են Աստծու արդար պատիժն այն ժամանակ, երբ տեղի ունեցավ մարտը Հովսափատի հովտում: Նրանք, ինչպես արդեն նշեցի, հարձակվեցին Իսրայելի մնացորդի վրա, որոնք ենթարկվել էին չափազանց մեծ աղետի, որովհետև հանձնվել էին բաբելոնացիներին:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Որովհետև ահա՛ այն օրերին և այն ժամանակ, երբ ես Հուդային և Երուսաղեմին կվերադարձնեմ գերությունից, (Սինոդական թարգ․)[1]
   
    Երկրորդ գլխի վերջում մարգարեն խոսում է Տիրոջ օրվա մասին և այդ օրվա ու հրեաների առնչության մասին, իսկ երրորդ գլխում նա խոսում է հեթանոսների համար այդ օրվա նշանակության մասին: Առաջին համարը կապում են նախորդ գլխի վերջին համարի հետ․ փրկությունը լինելու է միայն Սիոն լեռան վրա, որովհետև մյուս բոլոր ժողովուրդները պետք է ենթարկվեն Աստծու դատաստանին: «Այն օրերին և այն ժամանակ», այսինքն՝ այն ժամանակ, երբ Սուրբ Հոգին կհեղվի ամեն մարմնի վրա, և երբ կիրականանա Հուդայի և Երուսաղեմի բարօրության վերականգնումը: «կվերադարձնեմ գերությունից» արտահայտությունը նշանակում է ոչ միայն գերիների վերադարձը, այլև նրանց վերադարձը այն [վիճակի], ինչը նրանք վայելում էին գերությունից առաջ(Հոբ․ 42:10): Գերության մասին խոսելով՝ մարգարեն կարող էր նկատի ունենալ թե՛ հրեաների փոքրաքանակ գերությունը, որը սկսվել էր հին ժամանակներում (հմմտ. Ամոս. 1։6-9), թե՛ իր կանխատեսած բաբելոնյան գերությունը։ (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․)«Ահա ես այն օրերին եւ այն ժամանակ կը վերադարձնեմ Հրէաստանին եւ Երուսաղէմին գերութիւնից,
(Արարատ թարգ․)«Որովհետև ահա այն օրերին և այն ժամանակ, երբ ես Հուդային և Երուսաղեմին գերությունից կվերադարձնեմ,
(Գրաբար) Զի ահաւասիկ ես յաւուրսն յայնոսիկ և ի ժամանակին յայնմիկ՝ դարձուցի՛ց զգերութիւն Հրէաստանի և զԵրուսաղեմի.