Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)
կհավաքեմ բոլոր ազգերին և կբերեմ նրանց Հովսափատի հովիտը, այնտեղ նրանց հետ դատ կտեսնեմ իմ ժողովրդի և իմ ժառանգութեան՝ Իսրայելի համար, որին ցրեցին ազգերի մեջ և բաժանեցին Իմ երկիրը:
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 3:1
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ես կհավաքեմ բոլոր ազգերին, և կբերեմ նրանց Հովսափաթի հովիտը, և այնտեղ նրանց հանդեպ դատաստան կանեմ՝ Իմ Ժողովրդի և Իմ ժառանգության՝ Իսրայելի, համար, որին նրանք ցրեցին ազգերի մեջ, և բաժանեցին Իմ երկիրը: (Սինոդական թարգ․)[2]
Մարգարեի պատկերմամբ բոլոր հեթանոս ազգերը («կօլ խագգօիմ−коль хаггоим») իրենց դատաստանի համար կհավաքվեն Հովսափաթի հովտում («էմէկ իհէխօշաֆատ− эмэк йэхошафат»): Շատ մեկնաբաններ եբրայերեն «էմէկ իհէխօշաֆատ−эмэк йэхошафат»−ը ըմբռնում են հասարակ անվան նշանակությամբ (Տեր Աստվածը դատում է), և մարգարեի խոսքը հասկանում են մի ինչ−որ հովտի անորոշ մատնանշման իմաստով, որը դառնալու է Աստծու դատաստանի հովիտը (Մերկս, Կեյիլ, Նովակ, Պալլադի): Ուրիշ մեկնաբաններ (Էվալդ, Գիտցիգ, Գունակեր, Դոբրոնրավով) «իհէխօշաֆատ−йэхошафат»−ը համարում են հատուկ անուն և 2−րդ համարում այն հովտի մասին են ակնարկ տեսնում, որտեղ հրեական Հովսափաթ արքայի օրոք հրաշքով ջախջախվեցին ամոնացիներից, մովաբացիներից և եդոմացիներից կազմված դաշնակից ուժերը (Բ Մնաց․ 20): Հենց այդ հովտում էր հրաշքի միջոցով եղած փրկության համար ժողովուրդը օրհնում է Տիրոջը, որտեղից էլ հովիտը ստացել է «Էմէկ բէրախա−эмэк бэраха»՝ «Օրհնությունների հովիտ» անվանումը (Բ Մնաց․ 20:23): Սակայն այսօր Հովսափաթի անունով է կոչվում այն հովիտը, որը տարածվում է Երուսաղեմից արևելք գտնվող Ձիթենյաց լեռան և Մորիա բլրի (холмом Мориа) միջև: Բայց Հովսափաթ արքայի օրոք այդ հովիտը ճակատամարտի վայր չի եղել և այն ինչ− որ ուրիշ պատճառով է նրա անունով կոչվել։ Ենթադրաբար հովիտն այդպես է կոչվել կա՛մ Հովսափաթ արքայի գերեզմանի այնտեղ գտնվելու (Բ Մնաց 21:1), կա՛մ էլ այստեղ արքայի կողմից որևէ համալիրի կառուցման շնորհիվ: Մարգարեն կարող էր նկատի ունենալ ոչ թե այս հովիտը, այլ մեկ ուրիշը, որը, ինչպես երևում է, Բ Մնաց 20− րդ գլխից, Բեթղեհեմից հարավ էր՝ Ֆեկոդի անապատում (այժմ Վադի−Բերեկուտ): Մնացորդաց գրքի համաձայն՝ այս հովիտը անվանվել է «Օրհնությունների հովիտ», սակայն բացի այս անվանումից՝ Թալմուդի վկայությամբ (Էրուբին 19 ա), այն ունեցել է նաև այլ անվանումներ, հետևաբար կարող էր նաև Հովսափաթի հովիտ կոչվել: Մարգարեի՝ Տերը կհավաքի բոլոր ազգերին Հոսափաթի հովտում, խոսքը տառացի իմաստով հասկանալու անհրաժեշտություն չկա: Ըստ երանելի Հերոնիմոսի Հովելի մարգարեության 3−րդ գլխի մեկնության մեջ բերած վկայության՝ արդեն իր ժամանակներում հրեաները հավատում էին, որ իրենք վերադարձվելու են Երուսաղեմ և Հովսափաթի հովտում հեթանոս ազգերը սրով են կոտորվելու: Այս հավատը հրեաների մեջ պահպանվում է մինչև այսօր (տե՛ս Դոբրոնրավով, Ն. Հովել մարգարեի գիրքը, 1885 թ., էջ 378): Մարգարեն միայն այն միտքն է ցանկանում արտահայտել, որ ազգերի նկատմամբ Աստծու Դատաստանի օրը մի այնպիսի բան է լինելու, որը նման է լինելու Հովսափաթի ժամանակ Օրհնությունների հովտում տեղի ունեցածին: Ըստ երկրորդ համարի՝ հեթանոս ազգերի հանդեպ Դատաստանը այն բանի համար է լինելու, քանի որ նրանք «ցրեցին Իսրայելին ազգերի մեջ, և բաժանեցին Իմ երկիրը»: Դժվար է ասել, թե մարգարեն վերջին խոսքի ներքո ինչ փաստեր նկատի ունի: Այն մեկնաբանները, որոնք Հովելին համարում են հետգերության շրջանի մարգարե, բերված բառերում գերության ժամանակաշրջանի և հաջորդ հարյուրամյակի մասին մատնանշում են տեսնում, երբ հրեաների երկիրը բաժանված էր այնտեղ բնակություն հաստատած ցեղերի միջև: Ուրիշ մեկնաբաններ մարգարեի խոսքերը հասկանում են կա՛մ Հորամի օրոք Հուդային հասած դժբախտությունների (Դ Թագ. 8:20, Բ Մնաց. 21:8 և այլն), կա՛մ էլ թշնամիների հետագա բոլոր հարձակումների առնչությամբ, որոնք Հովելը մարգարեաբար կանխատեսում է: Հունասլավոնական թարգմանության մեջ 2−րդ համարի վերջը հեռանում է բնագրից՝ «Իսրայելի մասին, որը ցրվեց հեթանոսների մեջ, և իմ երկիրը բաժանվեց»:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․)կը հաւաքեմ բոլոր ազգերին, կ՚իջեցնեմ նրանց Յոսափաթի ձորը եւ կը դատեմ նրանց այնտեղ՝ իմ ժողովրդի եւ իմ ժառանգութեան՝ Իսրայէլի համար, որին ցրեցին բոլոր ազգերի մէջ:
(Արարատ թարգ․)կժողովեմ բոլոր ազգերին և նրանց կիջեցնեմ Հոսափատի հովիտը և այնտեղ նրանց հետ դատ կվարեմ իմ ժողովրդի և իմ ժառանգություն Իսրայելի համար, որին ցրեցին ազգերի մեջ և իմ երկիրը բաժանեցին։
(Գրաբար)և ժողովեցից զամենայն ազգս, և իջուցից զնոսա ի ձորն Յովսափաթու. և դատեցայց զնոսա անդ, վասն ժողովրդեան իմոյ՝ և ժառանգութեան իմոյ Իսրայելի. որ ցրուեցան ընդ ամենայն ազգս, և զերկիր իմ բաժանեցին,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: