Հովելի մարգարեության մեկնություն 3:9

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

9-12. Հայտարարե՛ք սա հեթանոսների մեջ, սրբագործե՛ք պատերազմը, ոգեշնչե՛ք խիզախներին. թող մոտենան ու ելնեն բոլոր մարտիկները։ Ձեր խոփերից սրեր կռեք և ձեր մանգաղներից՝ գեղարդներ։ Թող տկարն ասի՝ «Ես զորավոր եմ»։ Շտապե՛ք և ելե՛ք, բոլոր շրջակա բոլո՛ր ազգեր, և հավաքվե՛ք այնտեղ: Թող հեզը քաջ դառնա: Թող ելնեն ազգերը և իջնեն Հովսափատի հովիտը, որովհետև պիտի նստեմ այնտեղ՝ դատելու շուրջ եղող բոլոր ազգերին։
   
    Հեթանոս ժողովուրդներին նրանց հասցված աղետներով և իրենց չար գործերի դիմաց հատուցմամբ սպառնալուց հետո Նա արդեն Իր խոսքն ուղղում է Իր սեփական երկրպագուներին, որոնց բնավ թույլ չի տալիս վախկոտ կամ երկչոտ լինել, այլ հակառակը՝ հրամայում է նրանց լինել համարձակ, տալ ազդու հրամաններ, հավաքել ժողովուրդներին մարտի և ջանալ ոգեշնչել նրանց՝ որքան էլ նրանք նախընտրեին հանգիստը և հակված լինեին ոչ պատերազմական կյանքի: Իսկ դա Նրա գործն էր, Ով մարդկանց քաջ է դարձնում և նրանց վստահություն ներշնչում Իր հանդեպ, որպեսզի Իր պաշտպանությամբ հաղթեն թշնամիներին: Ուստի Նա ասում է. «Քարոզե՛ք սա հեթանոսների մեջ և սրբագործե՛ք զորքը»։ «Սրբագործեք» արտահայտությունն ինչ-որ կերպ նաև նշանակում է՝ Ինձ նվիրաբերեք, որովհետև Ես զորավար կլինեմ, և կատարվածն Իմ փառքին կծառայի. կվախճանվեն նրանք, ովքեր Իմ փառքը տվեցին ծառերին ու քարերին։ Եվ այն ամենը, ինչի մասին խոսվում է «սրբագործում» բառով, միշտ ծառայելու է Աստծու փառքին: Ուստի Նա ասում է. «սրբագործե՛ք զորքը, թող ելնեն սուր կրողները»: Եվ հետո ավելացնում է. «Դուրս բերեք բոլոր մարտիկներին»: Թող հողագործը թողնի իր շատ կարևոր հոգսերն ու զբաղմունքները, թող իր գութանը սուր դարձնի, իսկ մանգաղը՝ գեղարդ, որովհետև հիմա ոչ թե հողագործությամբ զբաղվելու, այլ՝ Աստծու հանդեպ անարգանքի համար վրեժխնդիր լինելու ժամանակն է: Եվ եթե մեկն ասի, թե տկար է, ասում է, թող նա չհրաժարվի իր տկարության պատճառով, թող նույնիսկ ստի և ասի, որ ինքը զորեղ է ու միայն թե չհեռանա զենքից: Ուստի Նա ասում է. «Թող հավաքվեն բոլորը, որ գտնվում են Հուդայի շուրջը, թող հեզը պատերազմող լինի, այսինքն՝ նույնիսկ եթե մեկը բարկացող չէ, թող նա նույնպես պատերազմող լինի»։ Եվ քանի որ ոչ ոք չի մնա առանց պաշտպանության, թող բոլորն այդպես ասեն, նույնիսկ եթե նա հողագործ լինի, նույնիսկ եթե նա երկչոտ ու վհատվող լինի (քանզի սա է նշանակում «տկար» բառը), անգամ եթե նա հեզ լինի և ոչ թե պատերազմասեր. թող յուրաքանչյուրը ոգեշնչվի պատերազմելու, որովհետև Ես ոչ մեկից չեմ հեռանա. Ես բոլորին պիտի դատեմ Հովսափատի հովտում։ «Պիտի դատեմ» արտահայտությունը նշանակում է, որ Ես կլինեմ հզոր դատավոր, Ով պատժելու և հատուցելու է նրանց, ովքեր կողոպտեցին Իմ երկիրը և վիճակ գցելով՝ բաժանեցին Իսրայելը, ովքեր իրենց պատանիներին տվեցին պոռնիկներին, գնեցին կույսերին և արբեցին դրանցով, ինչպես գինով: Նույն բանը Տերն ասում է նաև Եկեղեցու թշնամիներին, որոնք ելնում են սուրբերի դեմ՝ զինված մեծ բազմությամբ և բոլոր ուժերով: Նրանք բոլորը կընկնեն, որովհետև Նա պաշտպանում է սուրբերին, իսկ մյուսներին՝ կործանում: Իրեն երկրպագողներին պարսպում է հավատով, հույսով և սիրով, ինչպես և Իր բարության պարգևներով:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Հայտարարե՛ք սա բոլոր ժողովուրդներին, պատրաստվե՛ք պատերազմի, արթնացրե՛ք քաջերին. թող դուրս գան ու ելնեն բոլոր մարտիկները։ (Սինոդական թարգ․)[9]
   
    Իններորդ համարից սկսվում է համընդհանուր դատաստանի նկարագրությունը, որի գալստյան մասին մարգարեն հռչակել էր արդեն 2−րդ համարում: «Այս մասին հայտարարե՛ք» (սլավոներեն՝ «քարոզե՛ք այն»)։ Հստակ կերպով պարզ չէ, թե մարգարեն ում է դիմում՝ հեթանոսների՞ն (սբ. Եփրեմ Ասորի, Հերոնիմոս, Կեիլ), թե՞ հրեաներին (Դոբրոնրավով): Մարգարեի խոսքը կարելի է նաև որպես մունետիկներին ուղղված կոչ հասկանալ, որոնք պետք է կանչեին հեթանոս ժողովուրդներին: «Պատրաստվե՛ք պատերազմի» արտահայտությունը ավելի ճիշտ կլինի եբրայերենից «նվիրագործե՛ք պատերազմը»՝  «կադդէշու միլխամա−каддэшу милхама», այսինքն՝ զոհեր մատուցե՛ք, աղոթե՛ք, տարբերակով թարգմանել (Ա Թագ. 7:8, Երեմ. 6:4): «Արթնացրե՛ք քաջերին», «խաիրու խագգիբօրիմ−хаиру хаггиборим» (սլավոներեն՝ «կանգնեցրե՛ք կռվողներին»): «Խաիրու՝ хаиру» («ур»−ից) բայը ունի թե՛ ներգործական և թե՛  չեզոք սեռի  նշանակություն (Հոբ․ 8:6): Հետևաբար, ոմանք բերված բառերը որպես քաջերին ուղղված դիմում են հասկանում՝ «արթնացե՛ք քաջեր»:  «Թող դուրս գան» (սլավոներեն՝ «բերե՛ք», հունարեն՝ «προσαγάγετε»): «Προσάγω» բայը նաև «անանցանելի» իմաստն ունի (Հեսու. 3:9), որով էլ, հավանաբար, այն օգտագործվել է Յոթանասնից թարգմանության քննարկվող հատվածում: Սլավոներենում պետք է որ լինի այնպես, ինչպես Հեսու․ 3:9, Ա Թագ. 9:18 համարներում է՝ «սկսե՛ք», «մոտեցե՛ք»:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․)Յայտարարեցէ՛ք ազգերին.«Մարտի ժա՛մ նշանակեցէք, արթնացրէ՛ք պատերազմողներին, հաւաքուեցէ՛ք եւ ելէ՛ք, բոլո՛ր ռազմիկներ:
(Արարատ թարգ․)Այս մասին ազդարարե՛ք ազգերի մեջ, պատերազմի՛ պատրաստվեք, զարթնեցրե՛ք հզորներին, թող մոտենան, գան բոլոր պատերազմիկները։
(Գրաբար) Քարո՛զ կարդացէք զայդ յազգս. ժա՛մ տուք մարտի, զարթուցէ՛ք զպատերազմօղս. ժողովեցարո՛ւք և ելէ՛ք ամենայն արք պատերազմի.