Ա․ Լոպուխին
Եթե դու ատում ես նրան, արձակի՛ր, ասում է Իսրայելի Տեր Աստվածը, վիրավորանքը կպատի նրա հագուստը, ասում է Զորությունների Տերը, այդ պատճառով հետևեք ձեր հոգուն և անհավատարիմ մի՛ եղեք։ (Սինոդական թարգ․) [16]
Այս համարի ռուսերեն թարգմանությունը անհասկանալի է։ Տիխոմիրովի մոտ հետևյալ թարգմանությունն է բերվում․ «Քանզի Ես ատում եմ ապահարզանը,_ ասում է Տերը` Իսրայելի Աստվածը,− և նրան, ով իր հագուստը անարգանքով է պատում,_ ասում է Զորությունների Տերը։− Այդ պատճառով հո՛գ տարեք ձեր հոգու մասին և մի՛ դավաճանեք»։ Այս թարգմանության իմաստն ամբողջովին պարզ է։ Աստված չի կարող խրախուսել ամուսնալուծությունը, որովհետև ամուսնալուծվողը ակնհայտ մեղք է գործում (կարծես ամբողջությամբ անարգանքով է զգեստավորվում)։ Հիանալի է խառնամուսնություններին և ամուսնալուծությանը առնչվող հարցերի լուծման վերաբերյալ Մաղաքիա մարգարեի խստությունը։ Մովսեսի օրենքը արգելում էր միայն քանանուհիների հետ ամուսնությունը (Ելք 34։16, Բ Օր․ 8։3 և հաջորդները), մինչդեռ Մաղաքիան ընդհանրապես օտարազգիների հետ ամուսնանալն է արգելում։ Այս հարցում նա համաձայնում է Եզրասի և Նեեմիայի հետ (Բ Եզր․ 9։2, Նեեմ․ 13։23)։ Նոր, հետգերության շրջանի հրեական համայնքը պետք է խստորեն պահեր իր աստվածապետական մեկուսացումը, որպեսզի չձուլվեր հեթանոսությանը։ Ճիշտ նույն կերպ էլ Մաղաքիան ամրացնում է նաև ամուսնալուծության վերաբերյալ Մովսիսական օրենքի արգելքը։ Մովսեսը ամուսնալուծություն թույլ էր տալիս միայն որոշակի պարագաներում (Բ Օր․ 25։1), իսկ Մաղաքիան ամբողջությամբ մերժում է ամուսնալուծության իրավունքը` մոտենալով Քրիստոսի պատվիրանին (Մատթ․ 19։8 և հաջորդները)։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) իսկ եթէ ատելու պատճառով արձակես նրան, ամբարշտութիւնը կը ծածկի քո խորհուրդը, - ասում է Իսրայէլի Տէր Աստուածը: Զգո՛յշ վարուեցէք եւ անհաւատարիմ մի՛ եղէք, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) «Որովհետև ես ատում եմ ապահարզանը,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- բռնությամբ հանդերձը ծածկելը,- ասում է Զորքերի Տերը,- ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար և անհավատարիմ մի՛ եղեք»։
(Գրաբար) բայց եթէ առ ատել արձակեսցես՝ ասէ Տէր Աստուած Իսրայէլի։ Ծածկեսցէ ամպարշտութիւն զխորհուրդս քո, ասէ Տէր ամենակալ. զգոյշ լերուք յոգիս ձեր, եւ մի թողուցուք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: