Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։2

Ա․ Լոպուխին

2-4․ Եվ ո՞վ կտանի նրա գալստյան օրը, և ո՞վ կդիմանա, երբ որ Նա հայտնվի։ Քանզի Նա նման է հալեցնող կրակի և մաքրող օճառի, [2] և կնստի՝ արծաթը հալեցնելու և մաքրելու համար, և կմաքրի Ղևիի որդիներին և կհալեցնի նրանց, ինչպես ոսկին և ինչպես արծաթը, որպեսզի ճշմարտապես Տիրոջը զոհ մատուցեն։ Այդ ժամանակ Տիրոջը հաճելի կլինեն Հուդայի և Երուսաղեմի զոհերը, ինչպես հին օրերում և ինչպես նախորդ տարիներին։ (Սինոդական թարգ․)

   
   Հրեաները մտածում էին, որ Տեր Աստծու դատաստանի համար հայտնվելը նրանց միմիայն օգուտ կբերի, սակայն իրականում դժվար թե նրանց մեջ շատ այնպիսիները լինեին, որոնք կդիմանան իրենց, ինչպես նաև այլ ժողովուրդներին սպասվող Տիրոջ դատաստանի փորձությանը։

   «Հալեցնող կրակ»−ի մասին ընթերցի՛ր Ես․ 1։25 համարի մեկնաբանությունը։

   «Մաքրող օճառ»−ի մասին ընթերցի՛ր Եր․ 2։22 համարի մեկնաբանությունը։

   «Ղևիի որդիներին»։ Մաքրումն առաջին հերթին կիրականացվի Ղևիի սերունդների, մասնավորապես՝ քահանաների հանդեպ, որովհետև Ղևիի հետ Տեր Աստված առանձնահատուկ ուխտ էր կնքել (Մաղ․ 2։5)։

   «Ճշմարիտ զոհ», այսինքն՝ ինչպես նշված է օրենքում։

   «Հին օրերում»․ սրանք, օրինակ, Դավթի երջանիկ ժամանակներն են, ով հոգ էր տանում ճշմարիտ աստվածապաշտության կատարման համար։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տէրը, - ո՞վ կը դիմանայ նրա մուտքի օրուան, եւ կամ ո՞վ հանգիստ կը մնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ:
(Արարատ թարգ․) - Ո՞վ կարող է տոկալ նրա գալու օրվան, և նրա երևալու ժամանակ ո՞վ կարող է կանգուն մնալ. որովհետև նա զտողի կրակի պես է և լվացարարների օճառի պես։
(Գրաբար) Ահաւադիկ գայ, ասէ Տէր ամենակալ։ եւ ո՞վ ժուժկալեսցէ աւուր մտի նորա, եւ կամ ո՞ հանդարտեսցէ յայտնութեան նորա. զի նա մտցէ իբրեւ զբոց հալոցի, եւ իμրեւ զաճառ լուալեաց։