Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։14

Ա․ Լոպուխին

14-15․ Դուք ասում եք․ «դատարկ բան է Աստծուն ծառայելը, և ի՞նչ օգուտ, որ մենք պահել ենք Նրա կանոնները և Զորությունների Տիրոջ առջև սուգի զգեստներով ենք քայլել։ [14] Եւ այժմ մենք ամբարտավաններին երջանիկ ենք կարծում․ անօրինություններ կատարողները ավելի բարեշեն են, և թեկուզ փորձում են Աստծուն, սակայն անվնաս են մնում»։ (Սինոդական թարգ․)
   
   13−15−րդ համարներ։ Մարգարեն կրկին անդրադառնում է այն առարկությանը, որը հրեաները անում էին Աստվածային արդարադատության դեմ (Մաղ․ 2։17)։ Զաքարիա մարգարեի ժամանակակիցների նմանությամբ (Զաք․ 7։3)՝ նրանք այն բանի համար էին տրտնջում, որ Աստծուն ծառայելը և սև հագուստներով քայլելը (Սա ծոմի խորհրդանիշն է, որը, ակնհայտորեն, տվյալ դեպքում, վերաբերում է կամովին դրանք իրենց վրա վերցնողներին) ոչ մի օգուտ չեն բերում։ Արդեն ավելի լավ է ամբարտավանների կամ Աստծո օրենքի պահանջներին ուշադրություն չդարձնողների նման վարվել, որոնք շարունակում են վայելել կյանքը՝ չնայած այն հանգամանքին, որ նրանց գործերը «փորձում են» Աստծուն, այսինքն, ըստ երևույթին, ստիպում են Նրան իրենց դեմ դրսևորել Իր բարկությունը։ Ովքե՞ր են այդ ամբարտավանները` հրեանե՞րը, թե՞ հեթանոսները։ Ամենայն հավանականությամբ դրանք որոշ հրեաներ էին, քանի որ հեթանոսները բոլորովին պարտավոր չէին հաշվի նստել Տեր Աստծու օրենքի սահմանումների հետ։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Դուք ասում էք. «Ինչո՞վ բամբասեցինք քեզ»: Նրանով, որ ասում էիք, թէ՝ «Զուր է այն ամէնը, ինչ ծառայում է Աստծուն, եւ ի՞նչ աւելի օգուտ եղաւ, որ պահեցինք նրա հրահանգները եւ պաղատանքով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը:
(Արարատ թարգ․) Դուք ասում եք. Զուր է Աստծուն ծառայելը, և ի՞նչ օգուտ, որ մենք պահել ենք նրա հրամանները և սուգով քայլեցինք Զորքերի Տիրոջ պատճառով։
(Գրաբար) եւ ասացէք. Ի՞ւ բամբասեցաք զքեզ. զի ասէիք՝ թէ զուր է ամենայն՝ որ ծառայէ Աստուծոյ. եւ զի՞նչ աւելի է զի պահեցաք զպահպանութիւնս նորա. եւ զի գնացաք պաղատանաւք առաջի Տեառն ամենակալի։