Մաղաքիայի մարգարեության մեկնություն 1։8

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Երբ զոհաբերության համար կույր կենդանի եք մատուցում, մի՞թե դա չարիք չէ, և երբ կաղ կամ հիվանդ կենդանի եք մատուցում, մի՞թե դա չարիք չէ։ Մատուցի՛ր այն քո իշխանին. մի՞թե նա կգոհանա քեզնից կամ կընդունի՞ քեզ բարեհաճությամբ,- ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․) [8]
   
    Մարգարեն այստեղ բացատրում է, թե ինչ նկատի ունի «անմաքուր հաց» արտահայտությամբ։ Դրանք կույր, կաղ և հիվանդ կենդանիներն են, որոնցով չէր կարելի ներկայանալ անգամ որևէ կուսակալի (ամենայն հավանականությամբ ինչ−որ պարսիկի), երբ նրան ինչ−որ խնդրանքով դիմելու անհրաժեշտություն էր լինում։ Արևելքում հնուց ի վեր ղեկավարներին և դատավորներին նվերներ մատուցելու սովորույթ է եղել, և հրեաները չէին կարող չհետևել այդ սովորույթին, թեև իրենց սեփական դատավորներին Օրենքն արգելում էր նվերներ վերցնել (Ելք. 23։8)։ Որտեղի՞ց էր հետգերության շրջանի հրեաների մոտ Օրենքով արգելված այդպիսի զոհեր մատուցելու սովորույթ հայտնվել։ Շատ հնարավոր է, որ սկզբում ընծա բերողները իսկապես լավ կենդանիներ չունեին, և քահանաներն սկսեցին ընդունել նաև այդպիսիններին, որպեսզի չվիրավորեն բերողին, որն ամեն դեպքում ցանկանում էր ինչ−որ կերպ արտահայտել իր նվիրումը Տեր Աստծուն։ Սակայն հետագայում դա աստիճանաբար սովորույթ դարձավ, և քահանաներն սկսեցին արատավոր կենդանիներին ընդունել նույնիսկ այն դեպքում, երբ գիտեին, որ բերողը նաև լավ անասուններ ուներ։ Նրանց մոտ հետևյալ միտքն էր ամրապնդվել․ «Տեր Աստված դրան ուշադրություն չի դարձնի, որովհետև նախկինում դրա համար Նա չի պատժել»։

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Իսկ եթէ մի կոյր անասուն էք զոհ մատուցում, ապա չար գործ չէ՞ դա. եւ եթէ կաղ կամ հիւանդ անասուն էք զոհ մատուցում, ապա զուր գործ չէ՞ դա. լաւ, այն քո իշխանին մատուցիր, տես, թէ կ՚ընդունի՞ քեզ, կամ քեզ նկատի կ՚առնի՞, - ասում է ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ.) Եվ երբ կույր անասունին եք մատուցում զոհելու համար, վատ չէ՞, կամ երբ կաղին ու հիվանդին եք մատուցում, վատ չէ՞. նրան քո կառավարչի՛ն մատուցիր, արդյոք քեզ կհավանի՞, քեզ կընդունի՞»,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Զի թէ մատուցանիցէք զկոյրն ի պատարագ՝ չիցէ՞ չար, եւ եթէ մատուցանիցէք զկաղն կամ զհիւանդոտն՝ չիցէ՞ չար։ Աղէ՝ մատո զնա իշխանին քում, թէ ընդունիցի՞ զքեզ, կամ թէ առնուցո՞ւ քեզ ակն, ասէ Տէր ամենակալ։