Մաղաքիայի մարգարեության մեկնություն 1։9

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Արդ, աղաչե՛ք Աստծուն, որ ողորմի մեզ. բայց երբ այս ամենը ձեր ձեռքից է գալիս, մի՞թե Նա կարող է ընդունել ձեզ գթասրտությամբ,– ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․) [9]
   
    Ռուսերեն թարգմանությունը այստեղ աղոթքի և ապաշխարության կոչ է բովանդակում, սակայն ավելի բնական է այստեղ տեսնել 8−րդ համարում սկսված հանդիմանության շարունակությունը։ Մարգարեն հեգնանքով առաջարկում է քահանաներին փորձել այդպիսի անպատշաճ ընծաներով հաճելի դառնալ Աստծուն։ «Ո՛չ,− նկատում է մարգարեն,− դժվար թե Աստված ընդունի ձեզ այդպիսի ընծաներով»։

    «Ասում է Զորությունների Տերը». այս խոսքերը մարգարեն ավելացնում է, որպեսզի ցույց տա, որ իր կողմից հնչեցված հանդիմանությունը Տեր Աստծու հրամանով է ասվում։ Ընդ որում՝ Տեր Աստծուն «Զորությունների Տեր (Սաբավոթ)» անվանելով` մարգարեն դրանով ցանկանում է մատնանշել քահանաների մեղքի ողջ լրջությունը, որոնք համարձակվել են այդպիսի արհամարհանքով վերաբերվել տիեզերքի Ամենակարող Թագավորի պաշտամունքին։

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Իսկ այժմ խնդրեցէ՛ք ձեր Աստծուն եւ հաշտեցրէ՛ք նրան. ձեր ձեռքով եղաւ դա, ապա որեւէ բան կ՚առնե՞մ ձեզնից բարեհաճութեամբ, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ.) «Եվ արդ, պաղատե՛ք Աստծու առաջ, որ մեզ ողորմի. սա ձեր ձեռքի արածն է. մի՞թե նա ձեզ կընդունի,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Եւ այժմ աղաչեցէք զերեսս Աստուծոյ ձերոյ եւ հաշտեցուցէք զնա. ի ձեռաց ձերոց եղեւ այդ։ Եթէ առի՞ց ինչ ի ձէնջ ակնառութեամբ, ասէ Տէր ամենակալ։