Ա. Պ. Լոպուխին (†1904)
Երբ որ Եփրեմը խոսում էր, բոլորը դողում էին։ Նա բարձր էր Իսրայելում, սակայն Բահաղի միջոցով մեղավոր դարձավ և կործանվեց։ (Սինոդական թարգ․) [1]
Ըստ ռուսերեն թարգմանության՝ 1−ին համարում մարգարեն խոսում է Իսրայելի ցեղերի մեջ Եփրեմի ունեցած նշանակության մասին․ նշանակություն, որը կորցրեց Տեր Աստծուց հեռանալու և Բահաղին հետևելու արդյունքում։ Սակայն 1−ին համարի բնագիրը թարգմանության համար դժվարություններ է ներկայացնում․ հատկապես, «retheth» (ռուսերեն՝ «դողում էին», հունարեն՝ «δικαιώματα», սլավոներեն՝ «արդարանալ») բառը Աստվածաշնչի այլ հատվածներում չի հանդիպում, և դրա իմաստը վիճելի է։
Բացի այդ՝ տարակուսանք է առաջացնում նաև այն, որ այլ տեղերում Եփրեմ անունը մարգարեն օգտագործում է որպես ամբողջ Իսրայելի անվանում, իսկ առաջին համարում այն, ըստ ռուսերեն թարգմանության, գործածված է որպես առանձին ցեղի անվանում։ Այս բանը հաշվի առնելով՝ մեկնիչները դիտարկվող համարը ռուսերեն թարգմանությունից տարբեր ձևով են թարգմանում։
Մեկնիչներից ոմանք եբրայերեն «retheth» բառը հասկանում են «սարսափելի» իմաստով, դրա ներքո նկատի ունենալով հորթերի պաշտամունքը կամ էլ շուրթերը պղծող Բահաղի անունը ներմուծելիս (Ումբրեյտ), Հերոբովամի կողմից ասված խոսքերը (Գ Թագ․ 12։28) (Ռոզենմյուլլեր, Հեսսելբերգ)։ Մյուսներն էլ այն հասկանում են «վրդովմունք» իմաստով (Էվալդ)։
Տվյալ պարագայում մարգարեի խոսքերը Իսրայելի համար ծառայում են որպես նախատինք՝ կա՛մ Դավթի տան դեմ նրա ապստամբության, կա՛մ էլ Բահաղի ծառայության մեջ շեղվելու համար։ Ըստ Գոոնակերի՝ «retheth» բառը հատուկ անվան նշանակություն ունի և հատկապես առնչվում է Դաթանի անվանը (խեղաթյուրվել է «retheth»−ի մեջ), ով հայտնի է Մովսեսի դեմ հայտնի ապստամբության պատմությամբ (Թվեր․ 16)։ Գոոնակերը 1−ին համարն այսպես է թարգմանում․ «Եփրեմի նման (սլավոներեն՝ «ըստ Եփրեմի խոսքերի») էր Դաթանը, նա իշխան էր («nasa», ռուսերեն՝ «բարձր», սլավոներեն՝ «ստացավ») Իսրայելում, նա մեղավոր դարձավ իր Տիրոջ առջև («babaal» ռուսերեն՝ «Բահաղի միջոցով») և կործանվեց»։ Յոթանասնիցը և սլավոներեն թարգմանությունը 1−ին համարում շեղվում են բնագրից և անհասկանալի իմաստ են փոխանցում։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ըստ Եփրեմի խօսքի, նա ստացաւ Իսրայէլի Աստծու վճիռը, նրան հաստատեց Բահաղի համար ու մեռաւ:
(Արարատ թարգ․) Երբ Եփրեմը խոսում էր, ահուդող էր։ Նա բարձրացվեց Իսրայելում և հանցանք գործեց Բահաղով ու մեռավ։
(Գրաբար) Ըստ բանիցն Եփրեմայ. իրաւունս առ նա Աստուծոյ Իսրայէլի. և ե՛դ զայն ի Բահաղու՝ և մեռաւ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: