Միքիայի մարգարեության մեկնություն 4։12

Ա․ Լոպուխին

12-13․ Սակայն նրանք չգիտեն Տիրոջ մտքերը և չեն հասկանում Նրա խորհուրդները, որ Նա նրանց հավաքել է ինչպես հասկը կալի մեջ։ [12] Վե՛ր կաց և կալսիր, Սիոնի դուստր, քանզի Ես քո եղջյուրը երկաթից եմ դարձնելու և քո կճղակները պղնձից եմ դարձնելու, և շատ ժողովուրդների կկործանես, և Տիրոջը կընծայես նրանց ձեռքբերումները և նրանց հարստությունները՝ ամբողջ երկրի Տիրոջը։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն մատնանշում է Սիոնի դեմ ժողովուրդների պայքարի ելքը՝ նրանց պարտությունը՝ ըստ Աստծո սահմանման։ «Ես քո եղջյուրը երկաթից եմ դարձնելու և քո կճղակները (սլավոներեն` «սմբակները») պղնձից եմ դարձնելու»․ 12−րդ համարում ժողովուրդներին կալի մեջ հավաքված հասկի նմանեցնելով` մարգարեն Իսրայելին համեմատում է կալսող եզան հետ․ նրան երկաթե եղջյուրներ և պղնձե կճղակներ վերագրելով` մարգարեն ցանկանում է թշնամիների դեմ պայքարում ցույց տալ Իսրայելի ուժն ու զորությունը։ «Եւ Տիրոջը կընծայես նրանց ձեռքբերումները» (սլավոներեն՝ «նրանց բազմությունը՝ πληθος αδτίῶν»). Յոթանասնիցում «πλῆθος» բառը օգտագործվում է «ունեցվածք» նշանակությամբ (Եզ․ 27։33, Եր․ 46։16, Նավ․ 2։13), այդ պատճառով էլ հունարեն տեքստը ճշգրտությամբ է փոխանցում բնագրի իմաստը։ «Եւ նրանց հարստությունները» (սլավոներեն` «նրանց ամրոցը»)․ հունարենում օգտագործված «ἰσχύς» (ուժ) բառը Ես․ 61։6 համարում նաև «հարստություն» է նշանակում։

   Երուսաղեմի դեմ հեթանոսական ժողովուրդների մղած ո՞ր պատերազմի մասին է խոսում Միքիա մարգարեն 9−13−րդ համարներում։ Հին և նոր էկզեգետները այդ հարցին տարբեր կերպ են պատասխանում։ Այսպիսով՝ ըստ երանելի Թեոդորոս Կյուրոսացու խոսքերի՝ մարգարեն 10−րդ համարից «սկսում է սկյութական ժողովուրդների մասին կանխատեսումը, որոնք հրեաների դեմ արշավել են նրանց վերադարձի ժամանակ»։ Ըստ Եփրեմ Ասորու կարծիքի՝ որին հակվում է նոր էկզեգետներից Կեյլը, մարգարեն խոսում է Աստծո թագավորության վերջին թշնամիներ Գոգի և Մագոգի արշավանքի մասին։ Մյուս մեկնիչների կարծիքով (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Կոռնելիոս Ալյապիդ, Յունգերով) 9−13−րդ համարներում Միքիան նկատի ունի ասորական թագավորներ Սալմանասարի և Սենեքերիմի արշավանքները։ Սակայն հազիվ թե պետք է մարգարեի խոսքերը թշնամիների ներխուժման որևէ կոնկրետ պատմական փաստի իմաստով հասկանալ․ մարգարեն ցույց է տալիս ընտրյալ ժողովրդի ընդհանուր պատմական ուղին՝ Սիոնի թշնամիների հետ պայքարի և Աստծո օգնությամբ նրանց հանդեպ հաղթանակ տանելու ուղին։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Նրանք չիմացան Տիրոջ խորհուրդը, եւ նկատի չառան նրա կամքը, քանի որ Նա հաւաքեց նրանց ինչպէս հասկը կալում:
(Արարատ թարգ․) Բայց նրանք չգիտեն Տիրոջ խորհուրդները և չեն հասկանում նրա մտադրությունը, որովհետև նրանց ժողովելու է, ինչպես խրձերը կալի մեջ։
(Գրաբար) Եւ նոքա ո՛չ գիտացին զխորհուրդ Տեառն, և ո՛չ ի միտ առին զկամս նորա. զի ժողովեաց զնոսա իբրև զօրան ի կալ.