Միքիայի մարգարեության մեկնություն 4։2

Ա․ Լոպուխին

Եւ բազմաթիվ ժողովուրդներ կգնան և կասեն․ եկեք, և բարձրանանք Տիրոջ լեռան վրա և Հակոբի Աստծո տունը, և Նա մեզ կսովորեցնի Իր ճանապարհները, և մենք կգնանք Նրա շավիղներով, քանզի Սիոնից է դուրս գալիս օրենքը և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։ (Սինոդական թարգ․)[2]
   
   2−րդ համարում մարգարեն բացատրում է ժողովուրդների Սիոնում հավաքվելու պատճառը. [Նրանք այստեղ են հավաքվում, քանի որ] «Սիոնից է դուրս գալիս օրենքը, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից». իսկ հավաքվելու նպատակը Աստծո ճանապարհներն ուսանելն է։ Աստծո ճանապարհները Տիրոջ պատվիրաններն են (Սաղմ․ 5։8, 18։22, 25։4)։ «Օրենք»−ը ընդհանուր առմամբ Տիրոջ պատվիրաներն են, այլ ոչ թե միայն Թորան՝ իր ուշ շրջանի տեխնիկական իմաստով։ Եբրայերեն «vejorenu» («և կսովորեցնի մեզ» (Տերը)) արտահայտությունը Յոթանասնիցում, թեև ոչ բոլոր ձեռագրերում, թարգմանված է հոգնակի թվով՝ «δείξουσιν» (սլավոներեն` «և ցույց կտան»)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եւ շատ ազգեր կը գնան եւ կ՚ասեն. «Եկէ՛ք բարձրանանք Տիրոջ լեռը եւ Յակոբի Աստծու տունը. մեզ ցոյց կը տան նրա ճանապարհը, եւ մենք կը գնանք նրա շաւիղով»: Արդարեւ, Սիոնից են դուրս գալիս օրէնքները, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից:
(Արարատ թարգ․) և շատ ազգեր պիտի գան ու ասեն. «Եկե՛ք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը, որպեսզի նա մեզ սովորեցնի իր ճանապարհները, և որ մենք գնանք նրա շավիղներով», որովհետև օրենքը Սիոնից պիտի դուրս գա, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։
(Գրաբար) և երթիցեն ազգք բազումք և ասիցեն. Եկա՛յք ելցուք ի լեառն Տեառն՝ և ի տուն Աստուծոյ Յակոբայ, և ցուցցեն մեզ զճանապարհս նորա՝ և գնասցուք ի շաւիղս նորա։ Զի ի Սիոնէ ելցեն օրէնք, և բան Տեառն յԵրուսաղեմէ.