Նավումի մարգարեության մեկնություն 1:15

Ա․ Լոպուխին

Ահա, լեռների վրա՝ ավետարանչի ոտքերն են, ով խաղաղություն է ազդարարում․ տոնի՛ր Հուդա, քո տոները, իրականացրու քո ուխտերը, քանզի այլևս քո վրայով անիրավը չի քայլելու․ նա ամբողջովին ոչնչացված է։ (Սինոդական թարգ․)[15]
   

   Եբրայերեն տեքստում 15−րդ համարը որպես նախաբան առնչվում է 2−րդ գլխին։ Վերոհիշյալ տարբերակն է նաև ասորական Պեշիթթո թարգմանության մեջ։ Յոթանասնիցում, Վուլգաթայում և քաղդեական Թարգումում հակառակ պատկերն է․ 1−ին գլուխն է այս համարով ավարտվում։ Երկու բաժանումների օգտին էլ կարող են հիմնավորումներ բերվել։ Սակայն երկու բաժանումների պարագայում էլ այս հատվածի իմաստը պահպանվում է՝ որպես Ասորեստանի ընդհանուր կործանման մասին հայտարարությունից անցում դեպի այդ երևույթի մասին մանրամասն և կոնկրետ ծանուցման և Աստծո դատավճռի իրականացման մասին խոսքի․ Ասորեստանի և Նինվեի դատապարտման առաջին հետևանքը Հուդայի քաղաքական և կրոնական ազատությունն է լինելու, որին էլ այժմ դիմում է մարգարեն։ Նա հոգով հայում է խաղաղության մասին ուրախալի լուրով հրեական լեռների վրա ավետաբերի հայտնվելը (եբրայերեն՝ «мебассер», Յոթանասնից՝ «ευαγγελιζομενου», Վուլգաթա՝ «evangelizantis»)։ [Այս լուրով] Հուդայի համար բացվելու է Ասորեստանին սպասվող ստորացումը և դրան հաջորդող կործանումը։ Այժմ Հուդան կարող է և պետք է ամբողջովին նվիրվի իր կրոնական պարտականությունների կատարմանը, որին նախկինում խոչընդոտում էր ասորական իշխանության ճնշումը։ Նա Տեր Աստծուն նվիրված տոների ժամանակ (ինչպիսիք էին հին եբրայական «եկեղեցական» կյանքի բոլոր կարևորագույն տոները) պետք է վկայի իր ուրախության և [Նրա հանդեպ ունեցած] երախտագիտության մասին, ինչպես նաև ճշտությամբ կատարի ասորական աղետների ժամանակ Նրան տրված խոստումները։ «Անիրավ» (եբրայերեն՝ «բելիյաալ», Վուլգաթա՝ «Belial»)․ Բելիալի օգնականը (համար 11)՝ Ասորեստանի թագավորն իր զորքերով, այլևս Հուդայում չեն իրականացնի իրենց ավերիչ արշավանքները, նրանց կործանումը որոշված է և իրականացվում է։ «Իսկ դուք,− ասում է մարգարեն,− թշնամիների տապալման մասին լսելով, կտոնեք Աստծո կողմից հաստատված տոնակատարությունները և սովորական զոհեր կմատուցեք, քանզի վերջնականապես կործանվեց ձեր դեմ զենք վերցնողը, և այլևս ձեզ ոչնչացնելու և կործանելու դիտավորություն չի դրսևորի» (երանելի Թեոդորոս «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 11)։

   15−րդ համարի առաջին հատվածում զետեղված (եբրայերեն տեքստի 2։1) մարգարեի խոսքերը տառացիորեն համապատասխանում են Եսայի մարգարեի բառերին (Ես․ 52։7)։ Ավելի շատ պատմական իմաստ ունենալով՝ այն իր մեջ բովանդակում է և՛ խաղաղության օրհնությունների կանխագուշակումը,  և՛ նորկտակարանյան ժամանակների փրկությունը։ Խաղաղության մասին ավետարանական ուսուցման առնչությամբ իր քարոզում (տե՛ս Հռ․ 10։15) երկու մարգարեների խոսքերը այդ իմաստով է օգտագործում նաև սուրբ Պողոս առաքյալը։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ահա արագընթաց են աւետաբերի ոտքերը լեռների վրայ, որ խաղաղութիւն է աւետում: Տօնի՛ր քո տօնը, Յուդայի՛ երկիր, կատարի՛ր քո ուխտը, քանի որ այլեւս քո միջով չի անցնելու անօրէնը քեզ հիւծելու համար: Նա վախճանուեց, մաշուեց ու վերացաւ։
(Արարատ թարգ․) Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը. տոնի՛ր քո տոները, ո՛վ Հուդա, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև քո միջով այլևս անօրեն չպիտի անցնի. բոլորը բնաջնջվեցին։
(Գրաբար) Զի ահա երագ են ի վերայ լերանց ոտք աւետարանչին, եւ որ պատմէ զխաղաղութիւն։ Տաւնեա զտաւնս քո Յուդա, հատո զուխտս քո, զի ոչ եւս յաւելցին անցանել ի հնանալ. վախճանեցաւ՝ մաշեցաւ եւ բարձաւ։