Նավումի մարգարեության մեկնություն 2:12

Ա․ Լոպուխին

(եբր․ 13)․ առյուծ, որը գողանում է իր ձագերի հագեցվածության համար, և որը խեղդում էր իր մատակ առյուծների համար, և որ իր քարանձավները լցնում էր որսով և իր թաքստոցները՝ գողացվածով։(Սինոդական թարգ․)[12]
   
   Աստվածաշնչյան հեղինակների համար սովորական հարցի ձևով (սա ոչ թե պատասխան պահանջող, այլ ուղղակիորեն առարկայի իսպառ բացակայություն ենթադրող հարց է (Ես․ 19։12, 33։18, 34։19, 42։13, Ա Կոր․ 1։20, Եր․ 13։20, Մաղ․ 1։6, 2։17 և այլն)), մարգարեն հիանալի և խոր արտահայտչականություն ունեցող համեմատություն է կատարում․ դաժան Նինվեին և նրա բնակիչներին համեմատում է առյուծի որջի հետ։ Ընդհանրապես, բոլոր ժողովուրդների մոտ իր գիշատչության և ուժի համար առյուծը ներկայացվում է որպես բոլոր կենդանիների թագավոր (Ես 15։9, Եր․ 4։7, Ամ․ 3։8)։ «Մարգարեն Նինվեին անվանում է «առյուծների ապաստարան», թագավորներին՝ «առյուծներ», նրանց որդիներին՝ «կորյուններ», իսկ նրանց ենթակայության տակ գտնվող քաղաքները՝ «արոտավայրեր»․․․ Այս գազաններն իրենց բռնած կենդանիներին խեղդամահ անելու և դրանք որպես սնունդ իրենց ձագերին տանելու սովորություն ունեն։ Այլ ժողովուրդների ամբողջական թագավորություններ ջախջախելով՝ ասորեստանցիները դրանցից հարկեր են հավաքել» (երանելի Թեոդորոս, Տասներկու մարգարեների մեկնությունը, Մ․, 1857, գիրք 3, էջ 14, 15)։ Մարգարեի կողմից օգտագործված համեմատությանը (ասորեստանցիները համեմատվում են առյուծների, իսկ Նինվեն՝ դրանց թաքստոցների հետ) խոր հավատարմությունը լիովին հիմնավորվում է այդ ժողովրդի պատմականորեն հայտնի բնութագրական գծերով և իրենց ժամանակակից աշխարհի հետ նրանց ունեցած փոխհարաբերություններով, որոնք ներկայացվում են ուրիշ սրբազան հեղինակների մոտ (Ես․ 5։19, 30, Եր․ 50։17, Հով․ 1 և այլն), ինչպես նաև Ասորեստանի սեփական հնագույն հուշարձաններում, առկա նույն լույսի ներքո։ Առյուծների պատկերներով ասորեստանցիները սիրում էին զարդարել մուտքերը և դռները, պատերը, անոթները, զենքերը․ իհարկե, դրանում նրանք տեսնում էին իրենց ուժի և հզորության խորհրդանիշը, այնպես որ առյուծի պատկերը նրանց ազգային− պետական գերբն էր։ Իրենց պատերազմական հերոսությունների մասին ասորական թագավորների վկայությունները, որոնք ընթերցվում են կոթողների և այլ սեպագիր հուշարձանների վրա, լիովին ներդաշնակ են հաղթողի դերում ներկայացվող ասորեստանցիների դաժանության և գիշատչության աստվածաշնչյան պատկերներին։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Առիւծը բաւական որս արեց իր կորիւնների համար, որս խեղդեց իր կորիւնների համար, իր բոյնը լցրեց որսով եւ իր որջը՝ յափշտակուած բաներով:
(Արարատ թարգ․) Առյուծն իր կորյուններին բավարարելու չափ պատառոտում էր և խեղդում իր մատակ առյուծների համար. և որսով էր լցնում իր որջերը և իր ապաստարանները՝ բզկտված մսով։
(Գրաբար) Առեւծ որսացաւ բաւական կորեանց իւրոց, եւ հեղձոյց կորեանց իւրոց, եւ ելից զմայրիս իւր որսով, եւ զբնակութիւն իւր յափշտակութեամբ։