Ա․ Լոպուխին
(եբր․ 9)․ Նինվեն իր գոյության ժամանակներից լճակի նման էր, ջրով լի, իսկ նրանք փախչում են։ «կանքնե՛ք, կանգնե՛ք»։ Սակայն ոչ ոք ետ չի նայում։ (Սինոդական թարգ․)[8]
Այժմ մարգարեն անցնում է այն աղետալի իրավիճակի պատկերմանը, որի մեջ պաշարող թշնամիների ներխուժումից հետո հայտնվելու է Նինվեն։ Վիճակ, որը կտրուկ հակադիր է Ասորեստանի մայրաքաղաքի նախկին բարեկեցությանը, հզորությանն ու մեծությանը։ Նինվեի նախկին մեծությունն ու հզորությունը մարգարեն նախ և առաջ պատկերում է այն «ջրով լի լճակ»−ի (եբրայերեն՝ «киарехат − майм) հետ համեմատելով, որով ցույց է տալիս Նինվեի՝ բոլոր առումներով, ամբողջական բարգավաճումը՝ նրա բնակչության բազմաքանակությունը (ժողովուրդներն ու ցեղերը Աստվածաշնչում մեկ անգամ չէ, որ ջրերի հետ են համեմատվում, Հայտն․ 18։15), ինչպես նաև բոլոր երկրավոր, նյութական և հոգևոր բարիքների առատությունը (Աստվածաշնչում այսպիսին է «կենդանի ջուր», «կյանքի ջուր» արտահայտության իմաստը (Եր․ 2։13 և հաջորդները, Հովհ․ 4։10−15)․ ընթերցի՛ր նաև երկրավոր բարեկեցության և ապագա երանության մասին աստվածաշնչյան խորհրդաբանական պատկերները (Սաղմ․ 1։3, Եր․ 47։1−13))։ Նինվեն այդպիսին էր «իր գոյության ժամանակներից» (եբրայերեն՝ «мимеги», Հովնաթանի Թարգումում «мийомекедам» տարբերակն է, որը «հնագույն օրերից» ձևով է թարգմանվում)։ Վերջին արտահայտությունը տարբեր կերպ է ընթերցվել և փոխանցվել Յոթանասնիցում և Վուլգաթայում։ Վերջիններս, ակնհայտորեն, ընթերցել են ոչ թե «миме−օրերից», այլ «меймейя−նրա ջրերը» (Յոթանասնից՝ «υδατα αυτης», Վուլգաթա՝ «aquae ejus», սլավոներեն՝ «նրա ջրերը»)։ Սակայն հատվածի ընդհանուր իմաստը միանման է․ Նինվեի բարեկեցությունն ամբողջական էր։ Սակայն հիմա նրա վերջը հասել է։ Կանխատեսելով նրա կործանումը՝ բնակիչները բազմաքանակ խմբերով լքում են քաղաքը․ Նինվեի ղեկավար−պաշտպանների ոչ մի ոգևորող բացականչություն չի ազդում։ Խուճապային սարսափը տիրել է բնակիչներին, նրանցից ոչ ոք ոչ միայն կանգ առնելու և քաղաքը պաշտպանելու մասին չի մտածում, այլև չի համարձակվում պարզապես հետ նայել (Եր․ 46։5)։ «Այսքան բազմաքանակ բնակչություն ունեցող այս քաղաքի բոլոր բնակիչները միմիայն մեկ բան էին ցանկանում՝ փախչել՝ նույնիսկ առանց կանգնելու և հետ նայելու։ Քաղաքը նմանվում էր ջրով լի մի անոթի, որից ավելցուկը թափվում էր» (երանելի Թեոդորոս, Տասներկու մարգարեների մեկնությունը, Մ․, 1857, գիրք 3, էջ 13, 14)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նինուէի ջրերը նման էին աւազանի ջրերի. նրանք փախան քեզնից եւ տեղ չբռնեցին:
(Արարատ թարգ․) Նինվեն ջրերի ավազանի պես էր իր վաղեմի օրերից ի վեր. նրանք փախչում են. «Կանգնեցե՛ք, կանգնեցե՛ք» են ասում, բայց նրանց ուշադրություն դարձնող չկա։
(Գրաբար) Եւ ջուրք Նինուէի իբրեւ զջուրս աւազանի. եւ նոքա փախեան ի քէն՝ եւ ոչ կալան զտեղի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: