ՎԱՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Վանքում տարիներն անցան, ինչպես ասում են, ջրի պես, միապաղաղ, միևնույն ժամանակ` հետաքրքիր: Հովհաննես Կոլոտը վաղուց կատարելապես հարմարվել էր միջավայրին: Սուրբ Կարապետ վանքի միաբանությունը, անշուշտ, միայն պաշտամունքով ու ուսմամբ չէր զբաղվում: Տարվա մի մասը գնում էին` քարոզելու շրջա կա գյուղերում և քաղաքներում: Այս առաքելությունը խրախուսում էր մարդկանց աղոթքի` ուսումնառության մեջ և կապում էր ճշմարիտ կյանքին ու աշխարհի իրադարձություններին:

Լավագույն քարոզիչը Կոլոտն էր. բոլորը գիտեին դա: Նրա քարոզները բեմից իջնելուց հետո էլ չէին դադարում,  այլ շարունակվում էին ճաշասեղանների շուրջը, ճամփորդությունների ընթացքում, խանութների մեջ, հարսանիքներին ու հուղարկավորություններին և այլ բազմաթիվ առիթներով: Այս պարագաներում, սակայն, ոչ ոք չէր նկատում, որ նա քարոզում է. իր զրույցները նա կառուցել էր դաստիարակելու, ոգևորելու, խանդավառելու և մխիթարելու ազդու մի միջոցով, որի լավագույն ձևը ավետարանչությունն էր: Կոլոտը փորձառու այն եկեղեցականներից էր, որոնք շատ շուտ հասկանում են զրույցի զորությունը, մարդկանց մոտ նստելով և նրանց աչքերին նայելով` խոսելու զորությունը, երբ հաց ես կտրում նրանց հետ, բաժակ բարձրացնում միասին, ուս–ուսի տված, իրար նայելով, ծիծաղելով ու միասին լացելով: Ահա այսպիսի պահերին էր, որ մարդիկ ընդարձակ ու անարգել բացում էին իրենց սրտի գաղտնարանի դռները և, եթե հավատացյալ են ու զրուցակիցն էլ Կոլոտի նման մեկն է, Քրիստոսի նման հյուրընկալում են նրան: Կոլոտն իր  խոսքուզրույցը վերածել էր արվեստի և դարձել այդ առաքելության ամենաազդու զենքը: Վարդանը նրանց սովորեցրել էր պարզ և հստակ. «Քրիստոնեությունը տարածվեց և գրավեց նույնիսկ Հռոմը ոչ թե բեմասացությամբ, այլ անմիջական զրույցներով»:

Բազմաթիվ ու բազմազան բարեկամներ ձեռք բերեց բոլոր խավերից ու ասպարեզներից. տերեր ու ծառաներ, գյուղապետեր ու գյուղացիներ, արվեստի ու արհեստի մարդիկ: Տեսավ, որ հավատացյալ ժողովուրդը անպայման մի բան տալ կամ անել էր ուզում իր եկեղեցու համար և պատրաստակամ էր, եթե վստահում էր եկեղեցականին: Իսկ Կոլոտին վստահում էին մինչև վերջ: Մարդկանց իր ետևից տանելու առանձնահատուկ շնորհ ուներ նա: Նրա` իր ծրագրերը շոշափելի ներկայացնելու կարողությունը մասնակից էր դարձնում ունկնդիրներին, որոնք, անդիմադրելի մի խանդավառությամբ վարակվելով, անմիջապես ներքաշվում էին նրա երազների մեջ: Գիշերը երազում էր Կոլոտն ու առավոտյան սկսում պատմել դրանք: Բոլորս էլ նույնն անում ենք, բայց ո՛չ հարկավոր տևողությամբ և ո՛չ էլ Կոլոտի պես համառության հասնելու աստիճան: Կոլոտը երբեք չէր մոռանում իր տեսիլները և, երբ առիթը ներկայանում էր, պատմում էր ու պատմում ու  մի օր էլ, կարծես մոգական մի ձեռքով, սկսում էր կառուցել իր  լուսագիծ երազները: Առավոտյան ժամերգություններից մեկի ժամանակ դիտեց եկեղեցու` փլվելու աստիճան հնացած գմբեթը, որ տասնյակ տարիներով նորոգված չէր:

– Ամենից գեղեցիկ կաթողիկե գմբեթը կարող ենք շինել և պե՛տք է, որ վերաշինենք, – ասաց Կարապետ սրբազանին: – Այո՛, պետք է, ես էլ գիտեմ, բայց ինչպե՞ս, գործը շատ է և երկար էլ կտևի:

– Այո՛, իհարկե, – ասաց հայր Թովմասը, – բայց փող չունենք, և չես կարող պատկերացնել, թե որքան  թանկ կնստի այն մեզ վրա:

– Ի՞նչ կարիք կա, – ասաց երեց վարդապետներից մեկը, – դեռ հարյուր տարի էլ կդիմանա:

– Այո՛, այո՛, սրա համար պետք է աղոթել, – ասացին ուրիշներն ու մոռացան: Միայն Գրիգորն էր, որ ասաց.

– Ինչու՞ չէ, անպայման պիտի նորոգենք, ո՛չ, ո՛չ, վերաշինենք:

Գրիգորը, չնայած Կոլոտից տարեց էր ու երեց, երբեք չէր անհանգստանում նոր ծրագրեր ղեկավարելու մտքով: Կիրառական գաղափարները առողջարար ազդեցություն ունեին նրա վրա` միստիկ խորացում ներից դուրս գալու և կյանքի խնդիրներին առերեսելու ուղղությամբ: Մի բան փորձով շատ լավ հասկացել էր. Ինչ-որ ասում և ծրագրում էր իր կրտսեր եղբայրը, անպայման մի բան պակասում էր, որ պիտի լրացվեր, և մեկը պետք էր, որ անպայման աներ այդ բանը: Ահա իրենց ամենօրյա աղոթքի եկեղեցու գմբեթը: Ուրեմն ի՞նչու իրենք չանեն այդ գործը:

Այսպես և ուրիշ շատ շինարարական ձեռնարկների և վանքապատկան հողերը ավելի եկամտաբեր օգտագործելու կարիքը միշտ առկա էր իրենց քթի տակ: Այնտեղ, ուր ոմանք գանգատվում էին իրենց խնդիրներից և զգում էին նրա կարիքը, Կոլոտը հայտնվում էր իր լուծումներով: Օրինակ` վանականները իրենց խցիկներից մատենադարան գնալու և եկեղեցուց սեղանատուն իջնելու համար պետք է բավականին քայլեին, ուղղաձիգ աստիճաններ մագլցեին կամ իջնեին, որն անձրևին ու ձյանը անտանելի էր դառնում հատկապես երեց միաբանների համար: Ու մի օր էլ Կոլոտը միաբանական ժողովին առաջարկեց խցիկների և մատենադարանի միջև կամուրջ շինել ու փորել ներքնուղի, որը  եկեղեցին կկապեր սեղանատան հետ: Բոլորը հասկացան այն մեծ դյուրությունը, որ պիտի ընծայեր իրենց այս ծրագիրը: Բայց կամո՞ւրջ բարձունքի վրա և թունե՞լ տասը մետր խորությամբ ժայռի մեջ... Աղմուկ բարձրացավ, ու, մոռացած ծրագրի լուծումը, գնացին` - գանգատվել ծնկների ցավից ու ցից աստիճաններից: Ժողովից հետո Գրիգորը Կոլոտին հիշեցրեց Եզոպոսի առակը:

– Մկները ճարպիկ կատվից փրկվելու ժողով են գումարում, և նրանցից մեկը առաջարկում է կատվի վզից զանգակ կախել, որ դրա զնգզնգոցը իրենց զգուշացնի նրաներկայության մասին: Բոլորը հիանում են այս հանճարեղ մտքով և հոտնկայս, ցնծագին ծափահարում: Բայց հարց է ծագում, թե ո՞վ պիտի կախի զանգը: Միտքն այնքան սարսափազդու էր, որ բոլորը ահաբեկված մտնում են իրենց ծակերը:

– Մերոնք էլ` իրենց խցերը, – պատասխանեց Կոլոտը` դաժան մի ժպիտ շուրթերից կախված, – եթե մենք զանգը չանցկացնենք անհոգության գազանի վզից, այն կկործանի ազգն ու եկեղեցին միասին:

Կոլոտն ու Գրիգորը քաջ գիտեին, որ միայն անձնազոհության խենթ սխրանքով կարելի էր մաքառել դարերի թմրության դեմ:

– Մեր վանքը լիքն է բարի, անձնուրաց և տաղանդավոր միաբաններով, որոնք, սակայն, հաճախ անտարբեր են վանքի խնդիրների նկատմամբ և եթե մի գործ անում են, ապա միայն` երբ հրամայում են: Եթե չեն կարողանում իրենց ապրած տարածքը կազմակերպել, ինչպե՞ս պիտի աղ ու լույս լինեն աշխարհին, ուր ճարպիկ, ձեռներեց ու տքնաջան մարդիկ ամեն օր կյանքի բոլոր ասպարեզներում հեղաշրջումներ են կատարում և փոխում աշխարհի դեմքը:

– Երբ կրակը հանգելու վրա է, բռնկվում է փչելով: Մենք նույնպես պետք է փչենք Աստծո խոսքը նրանց վրա անընդհատ և առանց հուսալքվելու ու պիտի անդադար աղոթենք: Գրիգորը լավ էր հասկանում մարդու հոգին` իր ոսկով ու պղնձով, բարձունքներով ու վիհերով: Գրիգորի համար դժվար չէր նույնացնել ողջ մարդկությունը իր անձի հետ: Նա չէր քննադատում, այլ ավելի ջանում էր հասկանալ: Նարեկյան մի միստիկ էր նա, որ օր ու գիշեր աղոթում էր վանքի ու եկեղեցու բոլոր մեղքերի համար` որպես իր մեղքեր ու հանցանքներ: Հետևաբար լավ էր հասկանում Կոլոտի ցավն ու հոգու անհանգստությունը, որ ամենուր տեսնում էր պակասներն ու թերիները, ախտորոշում էր և ուզում արագորեն բուժել վերքերը:

Որոշեցին մի այլ ճանապարհ գտնել. երբ որևէ գաղափար հղանար, նախ միասին պիտի քննեին այն, ապա պիտի որոշ եղբայրների էլ հաղորդակից դարձնեին և այսպես կամաց– կամաց տարածվելով` հասարակաց կարծիք պիտի ստեղծեին վանքում: Սա իր արդյունքը տվեց: Ակնկալածից ավելի շատ կողմնակիցներ գտան իրենց բարի ծրագրերի համար: Բոլորն էլ պատրաստակամ են լավ բանի մասնակցության, միայն պետք է համոզվեն դրանում. այս էր նրանց քաղած դասը: Երբ ծանրակշիռ Գրիգոր Վարդապետը հավատացնում էր, ուրեմն այլևս կարելի էր հավատալ վառվռուն Հովհաննես վարդապետի բարձրաթռիչ տեսիլներին: Մնում էր միայն տիեզերական հրամայականը գտնել. փող գտնել:

Եթե կար մեկը, որ ծնվել էր փող հայթայթելու և հավաքելու համար, Կոլոտն էր: Նվիրատվություն ստանալը, պարտքեր հավաքելը կամ հետաձգելը նրա աստվածատուր շնորհներից էին: Գյուղացիները կամավոր գալիս էին աշխատելու վանքի շինարարական գործերում` հետները ուտելիք բերելով իրենց և վանքի համար: Կոլոտը համատեղել էր պաշտամունքը շինարարության հետ: Աշակերտներին ուղարկում էր գյուղերը` քարոզելու և գյուղացիներին աղոթել սովորեցնելու: Ամեն ինչ նոր էր անգրագետ գյուղացիների համար, որոնք հափշտակությամբ նորից լսում էին իրենց ասած պատմություններն ու ապա ախորժակով պատմում տանը:

Շինարարության ընթացքում նրանց շատ օգնեց Շեյխ Մահմուդը: Այս երախտագետ քուրդն ու նրա ցեղակիցները չէին մոռացել երկու վարդապետներին: Երբեմն դժվարանում էր վանքի վարձով տրված կալվածքներից դրամ հավաքելը, բայց Շեյխի մի խոսքը բավական էր հարցը հեշտությամբ լուծելու համար: Հրաշքի երկարատև արձագանքների շնորհիվ օրեցօր ավելանում էր վանքը ուխտի եկող այլազգիների թիվը, մասնավորապես աղոթք խնդրելու Գրիգորից և Կոլոտից: Եկավ Ժամանակը ևս մի անգամ ապացուցելու տեսիլքների զորությունը: Վերջապես մեկը զանգակը կախել էր վանքի կատվի վզից ու հաղթել անտարբերության գազանին: Այնտեղ բարձրանում էին նոր աշտարակներ, նորոգվում խցեր, մառաններ, հյուրասենյակներ: Կամուրջը շինված ու թունելը բացված էր, և այլևս ոտքի ցավից գանգատ վող չկար: Բայց ամենից կարևորը  եկեղեցու գմբեթն էր, որ վերաշինվել էր կաթողիկե ոճով: Ոտքից գլուխ նորոգված եկեղեցին հպարտությամբ էր լցնում միաբանների սիրտը:

«Այս վայել է Գրիգոր Լուսավորչի հիշատակին»,– հիացմունքով բացականչում էին նրանք, ովքեր անցյալում ընդդիմանալով ասում էին .«Ի՞նչ կարիք կա, այս գմբեթը դեռ հարյուր տարի էլ կդիմանա»:

 

Հաջորդ գլուխը՝

ԲՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ