Աշակերտք Քրիստոսի եւ առ ամենայն տիեզերս առաքեալք.
Բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն մեր:
Որք առիք զպատուէր քարոզել աներկիւղ զԲանն կենաց յաշխարհի.
Բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն մեր:
Որք արժանի եղէք տեսանել մարմնով զՈրդին Աստուծոյ յայտնապէս.
Բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն մեր:
(Շարակնոց)
Այս երկու անուններն այնքան չեն զանազանւում միմեանցից, որքան նոյնանում են ըստ ստոյգ տեսութեան, բայց քանի որ «Գործք Առաքելոց»-ում սուրբ Ղուկասը միշտ Շիղա է գրում, իսկ Պօղոսի եւ Պետրոսի թղթերում միշտ գրուած է Սիլուանոս, այդ պատճառով ոմանք կարծում են, թէ նրանք երկուսն են որպէս եօթանասունի թւում տարբեր աշակերտներ:
Շիղա սուրբ առաքեալը՝ որպէս գլխաւոր աշակերտներից մէկը, գովութեամբ յիշատակւում է «Գործք Առաքելոց»-ում (Գործք ԺԷ-ԺԸ): Առաքեալները հաւաքուածների առջեւ Պօղոսի եւ Բառնաբասի հետ Անտիոք ուղարկեցին Շիղային եւ Յուդա Բարսաբային՝ որպէս ընտրեալ այրերի, որպէսզի այնտեղ վերացնէին այն հակառակութիւնը, որ ծագել էր թլփատութեան հարցի շուրջ: Ինչպէս Սուրբ Գիրքն է ասում, երբ նրանք Անտիոք հասան, Յուդան եւ Շիղան, քանի որ նրանք եւս մարգարէներ էին, շատ խօսքերով մխիթարեցին եղբայրներին ու հաստատեցին նրանց:
Երբ Յուդան եւ միւսները վերադարձան Երուսաղէմ, Շիղան ցանկացաւ մնալ Անտիոքում, որին Պօղոսն ընտրեց որպէս իր գործակից, իսկ երբ Բառնաբասը Մարկոսի հետ մեկնեց Կիպրոս, նրա հետ շրջեց Ասորիքի եւ Կիլիկիայի կողմերում, գալով Լիւստրա՝ իր հետ վերցրեց նաեւ Տիմոթէոսին, ապա շրջելով Փռիւգիայով եւ Գաղատիայով, դարձաւ Տրովադա, այնտեղից էլ՝ Մակեդոնիա՝ իրենց հետ վերցնելով այդ խօսքերի պատմիչ Ղուկաս աւետարանչին:
Այնտեղ՝ Կողոնիայում, որ գաղթականների քաղաք էր կոչւում, եւ հռոմէացիներն ազատութիւն ունէին, մի քանի օր դադար առան եւ իջեւանեցին Թիւատիր քաղաքից ծիրանավաճառ մի կնոջ մօտ, որի անունը Լիդիա էր: Երբ Պօղոսը բժշկեց այսահար մի աղախնու, նրա տէրերը բարկացան, որովհետեւ տեսան, որ կտրուեց իրենց շահի աղբիւրը: Այնժամ Պօղոսին եւ Շիղային քարշ տուեցին հրապարակ՝ իշխանաւորների առաջ, եւ երբ ամբոխը թափուեց նրանց վրայ, զօրագլուխները հրամայեցին գանահարել առաքեալներին: Եւ նրանց շատ վէրքեր հասցնելուց յետոյ բանտարկեցին ու բանտապետին պատուիրեցին խիստ վերահսկել նրանց: Ստանալով այս հրամանը՝ բանտապետը նրանց նետեց ներքին բանտը եւ նրանց ոտքերն ամրացրեց կոճղի մէջ:
Գիշերուայ մէջ Պօղոսն ու Շիղան աղօթում էին եւ օրհնում Աստծուն, իսկ կալանաւորները նրանց ականջ էին դնում: Եւ յանկարծակի այնպիսի մեծ ցնցում եղաւ, որ բանտի հիմքերը շարժուեցին: Իսկոյն բացուեցին բոլոր դռները եւ արձակուեցին բոլորի կապանքները: Երբ բանտապետն արթնացաւ, ահաբեկուած ընկաւ Պօղոսի եւ Շիղայի առջեւ, դարձաւ դէպի Տէրը, իր ամբողջ ընտանիքով մկրտուեց նրանց ձեռքով ու նրանց առաջ սեղան բացեց: Ապա զօրագլուխները, ճանաչելով առաքեալների անմեղութիւնը, պատուով արձակեցին նրանց եւ խնդրեցին, որ խաղաղութեամբ հեռանան իրենց քաղաքից:
Իսկ սուրբ առաքեալները, շրջելով Ամփիպօլսով եւ Ապողոնիայով, եկան Թեսաղոնիկէ ու հրեաներից ոմանց, ինչպէս նաեւ շատ հեթանոսների, քրիստոնէութեան դարձրին: Եւ երբ Թեսալոնիկէից եկած հրեաները գրգռեցին ամբոխին, եղբայրները Պօղոսին Աթէնք ուղարկեցին: Պօղոսն էլ Շիղային ու Տիմոթէոսին պատուիրեց եւս գալ այնտեղ, որտեղից յետոյ վերադարձան Թեսալոնիկէ, որ Մակեդոնիայում է, այնտեղից էլ՝ աքայացիների մայրաքաղաք Կորնթոս, ուր եկել էր նաեւ Պօղոսը: Մէկ տարի եւ վեց ամիս Պօղոսը մնաց այդ քաղաքում՝ իրեն գործակից ունենալով Շիղային:
Արդ նոյն ժամանակներում Սիլուանոս անուան տակ նոյն Շիղային են վերագրւում Պօղոսի կորնթացիներին ուղղուած երկրորդ թղթում գրուած հետեւեալ խօսքերը. «Քանզի Աստուծոյ Որդին՝ Յիսուս Քրիստոս, որ քարոզուեց ձեր մէջ մեր միջոցով՝ իմ, Սիլուանոսի եւ Տիմոթէոսի»[1]: Ինչպէս նաեւ թեսալոնիկեցիներին ուղղուած երկու՝ առաջին եւ երկրորդ թղթերի առաջին համարում, այդ երեք դէմքերի մասին գտնում ենք. «Պօղոսը, Սիլուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսալոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստուծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով»: Միեւնոյն անձի՝ Շիղայի կամ Սիլուանոսի մասին է ակնարկում Պետրոսի այս խօսքը՝ գրուած Հռոմից եւ ուղղուած արեւելքին. «Սիղուանոսի միջոցով, որ հաւատարիմ եղբայր է, ինչպէս ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ յորդորելու եւ վկայելու համար ... Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնուող եկեղեցին, որ ընտրուած է ձեզ նման, ինչպէս նաև՝ իմ որդի Մարկոսը»[2]: Այս խօսքերից դուրս Շիղայի կամ Սիլուանոսի անուան մասին չկայ այլ ստոյգ աւանդութիւն:
Նկատելի յանգամանք է, որ «Գործք Առաքելոց»-ի մէջ նա յիշատակւում է իբրեւ Շիղա, իսկ առաքելական թղթերում՝ իբրեւ Սիլուանոս: Նրա վախճանի մասին գրեթէ ոչինչ չգիտենք: Կարծիք կայ, որ եղել է Ֆիլիպպէի առաջին եպիսկոպոսը եւ այնտեղ էլ վախճանուել է[3]:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրան յիշատակում է սուրբ Խաչի Ե կիրակիին յաջորդող երեքշաբթի օրը միւս առաքեալների հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
- Շնորհք արք. Գալուստեան. «Աստուածաշնչեան սուրբեր», Գանձասար, Երեւան, 1997:
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս. Էջմիածին, 1994:
[1] Ա Կորնթ. Ա 19:
[2] Ա Պետր. Ե 12-13:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: