Այսօր յիշատակ սրբոցն. եւ փայլին նշխարք սոցա ի մէջ եկեղեցւոյ.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա՛ ի մեզ:
Հեղմամբ արեան սոցա մեծարի մայր սոցա իմանալի Սիոն.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա՛ ի մեզ:
Տաճար են Սուրբ Հոգւոյն. կենդանի ոսկերք սոցա՝ հիւանդաց բժիշկ.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա՛ ի մեզ:
(Շարակնոց)
Սուրբ Գրիգորիսի նշխարների հրաշալի գիւտը, որի համար Հայաստանեայց եւ աղուանական եկեղեցիներում սահմանուել է առանձին տօն, տեղի ունեցաւ Տիրոջ մօտ 489 թուականին՝ նրա նահատակութիւնից 147 տարի անց, որը կը պատմենք ստորեւ:
Մեծն Վահան Մամիկոնեանի մարզպանութեան եւ յունաց Զենոն կայսեր թագաւորութեան օրօք, Աղուանքում թագաւորում էր բարեպաշտ Վաչագան թագաւորը՝ յոյժ առաքինի եւ գովելի մի այր՝ հայկազեան սերնդից: Նա, աշխարհաշէն այլ գործերի եւ եկեղեցու պայծառութեան բարի տնտես լինելուց բացի, մեծ տենչանքով ցանկացաւ գտնել Աղուանքի լուսաւորչի՝ Աղուանքի առաջին կաթողիկոս սուրբ Գրիգորիսի՝ մեր սուրբ հայր սուրբ Գրիգոր Լուսաւորչի թոռան նշխարները: Թէպէտ արքան գրաւոր եւ բանաւոր աւանդութիւններից գիտէր, որ սուրբ Գրիգորիսի Կասպից ծովի ափին Վատնեան դաշտում նահատակուելուց յետոյ աշակերտները նրա մարմինը բերել ու թաղել են Փոքր Սիւնիքի Ամարաս գիւղի մօտ գտնուող եկեղեցում, որը հիմնարկուել է Գրիգոր Լուսաւորչի եւ ապա պայծառացել Գրիգորիսի ձեռամբ, սակայն կա՛մ նրան թաղողները նշան չէին թողել այդ տեղի վրայ, որպէսզի օտարները չտանէին, կա՛մ տեղն անհետացել է երկար տարիների ընթացքում:
Ապա թագաւորը խորհուրդ արեց արքունի աւագանու հետ, թէ ինչ հնար գտնեն նշխարները գտնելու համար: Կանչեց Ամարաս գիւղի վաներէցին եւ հարցրեց, թէ՝ որեւէ գերեզմանի նշան կա՞յ արդեօք եկեղեցու մօտ: Եւ նա ասաց. «Եկեղեցու մօտ կան շատ գերեզմաններ, բայց տեղանքն աւերակ է եւ երկար տարիների ընթացքում ոտնակոխ է եղել»: Այնժամ աստուածասէր թագաւորը մտածեց ու ասաց. «Եթէ հրամայեմ փորել այդ տեղը, գուցէ չգտնուի սուրբի մարմինը բազմաթիւ գերեզմանների պատճառով: Ուրեմն պէտք է եւ արժան է ապաւինել աղօթքներին ու պահեցողութեանը եւ միաբան հայցել ամենողորմ Աստծուց, Ով առատապէս բարի պարգեւներ է տալիս նրանց, ովքեր խնդրում են ճշմարիտ հաւատով»:
Եւ թագաւորն անմիջապէս հրովարտակներ արձակեց իր տէրութեան բոլոր կողմերում, որն ունէր այս բովանդակութիւնը. «Եպիսկոպոսներին, երէցներին, սարկաւագներին, անապատականներին եւ եկեղեցու ամբողջ միաբանութեանը՝ ողջո՛յն: Յայտնում ենք բոլորիդ, որ անյապաղ ժողովուէք մեզ մօտ՝ պաշտամունք մատուցելու եւ պահեցողութեամբ աղօթելու մարդասէր Աստծուն, որպէսզի շնորհի ինձ գտնել ծածկուած անձկալի գանձի՝ առաքելագործ մեր լուսաւորիչ Գրիգորիսի նշխարները: Ո՛ղջ եղէք»:
Ստանալով արքայի այս հրամանը՝ բոլոր եպիսկոպոսներն ու քահանաները հոգեւոր սպասաւորների հետ սուրբ Խաչի նշանով եւ եկեղեցական զարդարանքներով շուտափոյթ եկան արքունիքին պատկանող Դուտական կոչուող գիւղը, որովհետեւ պատիժ էր սպասւում նրանց, ովքեր կը կ՚ուշանային: Երեք օր այնտեղ մեծ հանդիսութեամբ կատարեցին սուրբի յիշատակը, որի ժամանակ թագաւորն, իր բարեպաշտ սովորութեան համաձայն, յոտնկայս սպասաւորում էր հաւաքուած եկեղեցականների սեղանին:
Երբ աւարտեցին կանոնը, արքան կամեցաւ իր հետ մաս վերցնել մեր հօր՝ սուրբ Գրիգոր Լուսաւորչի եւ Հռիփսիմեանց ու Գայիանեանց փառաւոր կոյսերի նշխարներից, որոնք Աղուանք էր բերել տէր Մատթէն՝ Մատթէոս երէցը՝ երանելի Յովհան Մանդակունու աշակերտը: Կնքելով իր մատանիով՝ ցանկացաւ այդ մասունքները պահել Դարահոճ գիւղում, որի համար էլ ուղարկեց տէր Մատթէոսին եւ այլ երէցներին՝ բերելու այն սուրբ նշխարները, որպէսզի նրանց միջնորդութեամբ Աստուած իրականացնի իր մեծ փափագը:
Եւ երբ նրանք մօտեցան Դուտական գիւղին, բարեպաշտ թագաւորը քրիստոսասէր թագուհու եւ հաւաքուած բազմութեան հետ սաղմոսներով ու խունկերի բուրմամբ, Խաչով եւ աւետարանով ընդառաջ ելաւ սուրբ նշխարներին: Թագաւորն, անձամբ մօտենալով երէցին, որը տանում էր նշխարները, մեծ յարգանքով սպասաւորեց նրան, մինչեւ որ սուրբ նշխարները բերեցին սուրբ Զաքարիայի եւ Պանտալէոնի վկայարանը, որտեղ դրուած էին այդ երկու սուրբերի նշխարները: Այնժամ Վաչագան թագաւորը մեծապէս ուրախ եղաւ եւ վստահ լինելով, որ իր մեծ հաւատքով խնդրած պարգեւն ու ժողովրդի մաղթանքները կը տրուեն իրենց, բոլորին ասաց. «Հաստատապէս գիտեմ, որ այս մեծ սուրբերի բարեխօսութեամբ Աստուած կը տայ ինձ սուրբ Գրիգորիսի նշխարները»:
Այնուհետեւ թագաւորը հաւաքուած բազմութեան հետ մեծահանդէս թափօրով եւ մեծ շուքով ճանապարհուեց դէպի Ամարաս: Եւ քանի որ գարնանային անձրեւաբեր օրեր էին, թագաւորը կամեցաւ թագուհուն թողնել Դուտականում, բայց նա չհամաձայնեց եւ մեծ ջանասիրութեամբ փափագեց գնալ սուրբին փնտռելու: Թափօրի մէջ սպասաւորները դեսպակի, այսինքն գահաւորակի վրայ տանում էին հինգ սուրբերի սուրբ գանձերը՝ սուրբ Լուսաւորչի, Հռիփսիմէի, Գայիանէի, Զաքարիայի եւ Պանդալէոնի նշխարները: Գահաւորակը զարդարուած էր թանկարժէք քարերից պատրաստուած ոսկէ խաչով, արքայական հանդերձներով, անուշահօտ ծաղիկներով ու խունկերով: Արտաքուստ պատուած էր հրակարմիր մորթիով, իսկ սրբութիւնները դրուած էին ճերմակ կտաւի վրայ: Սպասաւորների դասերը՝ խաչը ձեռքներին, շրջապատել էին գահաւորակը եւ ի պատիւ սուրբերի՝ փառաբանում էին Աստծուն: Աստուածասէր արքան կատարեալ հաւատով ձայնակցում էր նրանց եւ եպիսկոպոսների հետ գնում դեսպակի կողքով: Եպիսկոպոսների համաձայնութեամբ արքայից հրաման էր իջել, որ բոլորն անսուաղ մնան մինչեւ երեկոյ, իսկ երեկոյեան քաղցը յագեցնեն միայն հացով, որպէսզի աղօթքներով եւ պահեցողութեամբ արժանանան գտնելու փնտռուած գանձը, որն էլ եղաւ սքանչելի տեսիլքով: Թագաւորը նախապէս Դարահոճի Մատթէոս երէցին եւ այլ քահանաներին ու սպասաւորներին ուղարկել էր Սոհ կամ Սոհառ կոչուած վայրը՝ ի պատիւ սուրբերի յիշատակի՝ Գիսի կամ Որոգիսի եկեղեցում գիշերային պաշտամունք եւ պատարագ մատուցելու համար: Եւ մինչ յոտնկայս կատարում էին առաւօտեան պաշտամունքը, Մատթէոս երէցը նիրհեց եւ լսեց ուժգին ձայն, որն ասաց. «Սուրբ Գրիգորիսի՞ն էք փնտռում: Դուք նրան կը գտնէք եկեղեցու արեւելեան կողմում»:
Արքան ժողովրդի բազմութեան հետ Դուտական աւանից հասաւ Արածան անունով գիւղը: Այնտեղ Յովէլ սարկաւագը, որ մի պարկեշտ այր էր, առաւօտեան կողմ քուն մտաւ եւ անուրջի մէջ տեսաւ, թէ իբրեւ իր ուսին բահ դրած՝ փնտռում է սուրբ Գրիգորիսի գերեզմանի տեղը: Եւ ահա սուրբ Գրիգորիսն աբեղայի կերպարանքով, սակայն ճերմակ զգեստով, ընդառաջ ելաւ իրեն ու հարցրեց. «Ի՞նչ ես փնտռում»: Յովէլ սարկաւագն ասաց. «Արքան, եպիսկոպոսների ամբողջ ժողովը եւ Աղուանքի բովանդակ գունդը փնտռում են Գրիգորիսին, սակայն չգիտեն, թէ նա որտեղ է»: Սուրբը բռնեց սարկաւագի ձեռքից, ակնյայտ ցոյց տուեց տեղը եւ ասաց. «Ինչ որ փնտռում էք, գտնւում է այստեղ»: Եւ հրամայեց փորել այդ տեղը: Այնժամ Նաթան եւ Գեդէոն երէցները, որ սարկաւագի եղբայրներն էին, փորեցին այդ տեղը, իսկ Յովէլ սարկաւագը ծունկի իջած ուշադիր նայում էր: Գտնելով նշխարները՝ ուրախութեամբ գնացին, բայց Յովէլը տեսաւ, որ այդ տեղում կար մի փոքր բլրակ, իսկ նրա վրայ՝ մի խաչ: Երանելի Գրիգորիսը, որը գնում էր այդ բլրի վրայով, կանգնեց խաչի մօտ, ձայն տուեց երէցներին եւ ասաց. «Կողքերիս եւ զիստերիս մասունքները դեռ այս տեղում են, վերցրէ՛ք ձեզ հետ»: Եւ նրանք անմիջապէս եկան ու վերցրին:
Յովէլ սարկաւագն արթնացաւ քնից, արքային պատմեց տեսիլքի մասին, եւ թէպէտ առաջ նա չէր տեսել Ամարաս գիւղը, սակայն եղած յայտնութեան շնորհիւ հաստատեց, թէ գիտի տեղը: Եկաւ նաեւ Մատթէոս երէցը եւ արքային պատմեց իր տեսիլքի մասին, որով իմացան, որ նշխարները գտնւում են միեւնոյն տեղում: Արքան մեծապէս ուրախացաւ եւ իրենից առաջ Մատթէոս երէցին ու Յովէլ սարկաւագին իսկոյն Ամարաս ուղարկեց: Տեղ հասնելով՝ նրանք գտան տեսիլքում ցոյց տրուած տեղը եւ մինչ սպասում էին թագաւորի ու նրա հետ եղողների գալստեանը, Յովէլ սարկաւագը եւս մի տեսիլք տեսաւ այդ տեղում. աբեղայի նման չորս այրեր եւ Գրիգորիսը, որ նրանցից աւելի երիտասարդ էր, ճերմակ զգեստներով շրջապատել էին այն տեղը, որը փորելու հրաման էին առել: Նրանց ահից սարկաւագն ընկաւ, իսկ երբ վեր կացաւ ու կամեցաւ ինչ-որ բան հարցնել, նրանք աներեւոյթ եղան:
Իսկ թագաւորն ու նրա հետ եղողները, հասնելով Քարուէճ կոչուած մի ագարակի, կատարեցին գիշերային պաշտամունքը: Այդ վայրում թագաւորը նիրհի մէջ ընկաւ եւ մի ձայն լսեց, որն ասաց. «Ինչ որ դու խնդրում ես աղաչանքներով, երեւաց այնտեղ»: Եւ արքան յիշեց, որ Ամարասում սուրբը երեւացել է նրանց, որոնց իրենից առաջ ուղարկել էր այնտեղ, որի համար շտապեց տեղ հասնել: Այնժամ անապատական Յովէլ քահանան, որն արքայի հետ էր, ասաց նրան. «Ես եւս այս գիշեր տեսայ, որ Ամարասի այդ նոյն տեղում մի աղբիւր էր հոսում փոքր ակունքից, որը որքան առաջ էր գնում, այնքան աւելի յորդ էր դառնում: Ես զարմացել էի, որովհետեւ այդ տեղում, ուր բնաւ ջուր չկար, ինչպէ՞ս էր այն յորդալով հոսում»:
Երբ թագաւորը իւրայիններով դուրս եկաւ Քարուէճից եւ մօտեցաւ Ամարասին, սաստիկ անձրեւ տեղաց: Եւ քանի որ երիվարների բազմութիւնը ոտնակոխ էր արել գետինը, նրանց յետեւից եկողները համար ճանապարհը դժուարանցանելի էր դարձել: Այնտեղ քրիստոսասէր արքան, իջնելով ձիուց, շրջեց եպիսկոպոսների եւ այլ եկեղեցականների միջով եւ նրանց թոյլ չտուեց իջնել երիվարներից, այլ պատուիրեց շարժուել դանդաղ ու շարքով: Նրան թւում էր, թէ գնում էր նուրբ ծաղիկների եւ ոչ թէ կաւի ու տղմի վրայով: Իր համար փառք էր համարում սպասաւորել սուրբերի դեսպակին, որը շքեղազարդ գնում էր բանակի միջով: Եւ երբ պատրաստւում էին մտնել Ամարաս, արքան, անյագ փափագով եւ համակուած սուրբի սիրով, չհանդուրժեց անցնել կամուրջը, որ կար գիւղի միջով անցնող փոքր գետի վրայով: Իջնելով կայսերական զգեստներով՝ անցաւ ջրի միջով եւ անցկացրեց սուրբերի դեսպակը՝ թոյլ չտալով իրեն որեւէ մէկի օգնութիւնը: Ապա երեկոյեան ամբողջ բազմութեամբ հասան նշանակուած տեղը, խփեցին արքունի վրանը, եւ բոլորը ծնկաչոք աղօթեցին ու հաւատքով սպասեցին, որ յաջորդ օրը գտնեն իրենց փնտռածը:
Երբ արքան խօսեց գիւղի երէցի եւ տեղի ծերերի հետ ու հարցրեց, թէ ինչ աւանդութիւններ կան իրենց մօտ սուրբ Գրիգորիսի նշխարների մասին, նրանք պատմեցին. «Յոբ անունով մի ճգնաւոր այր, որ յոյժ առաքինի վարք եւ առաքելական շնորհ ունէր, մեծ ջանքերով ու չարչարանքներով Արցախ աշխարհի մի մեծ գաւառ, որ Պարզկանք է կոչւում, հեթանոսութիւնից քրիստոնէութեան դարձրեց: Շատ անգամ այստեղ՝ Ամարաս գալով՝ նա կատարում էր սուրբ Գրիգորիսի յիշատակը: Բազմութեան առաջ միշտ ասում էր, թէ Աղուանքում հաւատացեալ թագաւոր պիտի լինի, որն այս տեղում պիտի փնտռի սուրբ Գրիգորիսի նշխարները: Մեզ մօտ էր եկել նաեւ մէկ այլ անապատական, որը կամեցաւ ննջել այդ բլրակի վրայ: Երբ նա քնից արթնացաւ, խաչ պատրաստեց ու կանգնեցրեց այդ տեղում եւ պատուիրեց, որ չհեռացնեն այն, այլ առաւօտեան եւ երեկոյեան աղօթեն խնկարկութեամբ, "... որովհետեւ, - ասաց, - այս տեղում մեծ սքանչելիք եմ տեսնում": Իսկ յետոյ եկաւ խաբեբաներից մէկը, որ աբեղայի կերպարանք էր առել եւ մեզնից ընդունելութիւն գտնելով՝ գողացաւ մի թանկարժէք բաժակ, որպէսզի այն վաճառի ու տայ դպրոցում իր սովորելու վարձը: Ապա այդ գողն անուրջի մէջ տեսաւ, որ անապատականի կանգնեցրած խաչի մօտ՝ գերեզմանի վրայ, նստած էր հրաշափառ տեսքով մի եպիսկոպոս, որն իր մօտ կանգնածներին հրամայում իր կապել իրեն ու տանջել: Երբ գողն արթնացաւ քնից, տեսաւ, որ իրապէս հարուածել էին իրեն: Նա բոլորին ցոյց էր տալիս ուժգին հարուածներից կապտած իր մարմինը: Եւ քանի որ այդ նոյն հարուածները կրկնւում էին ամէն օր, նա գնաց սուրբ Երուսաղէմ քաղաք՝ բուժում գտնելու իր տանջանքներին: Սակայն այնտեղ նոյն տառապանքները կրեց առաւել սաստիկ ու լսեց մի ձայն, որն ասաց. "Դու չես կարող ազատուել այդ պատուհասից, եթէ չգնաս ու չխոստովանես այնտեղ, որտեղից գողացար բաժակը": Այնժամ վերադարձաւ Ամարաս եւ վաներէցին խոստովանելով իր մեղքերն ու վճարելով եկեղեցուն բաժակի գինը՝ պատմեց ամէն բան, ինչ որ կրել էր: Ցոյց տուեց այն տեղը, որտեղ հարուածներ էր ստացել, եւ ուր խաչն էր՝ կանգնեցուած եպիսկոպոսի գերեզմանի վրայ: Այնուհետեւ նա բժշկուեց իր ցաւերից եւ ազատուելով պատուհասից՝ գնաց իր տեղը: Շատ ախտաժէտներ եւ հիւանդներ սոսկ այնտեղի հողով տեղում բժշկութիւն էին գտնում: Բազմաթիւ գիւղերից զաւակ չունեցող անդէորդներ[1] ուխտով գալիս էին այդտեղ, հաւատքով հող վերցնում եւ որդիներ ունենում»:
Մինչ Ամարասի ծերերը պատմում էին այս ամէնը, արքային մօտեցաւ Խոճկորիկ անունով տեղապահը, որը եւս արժանաացել էր Ցրի աւանում տեսնել սուրբ Զաքարիային եւ Պանդալէոնին: Նա պատմեց իր տեսիլքը, որ տեսել էր նոյն օրը: "Մինչ քնած էի կեսօրին, - ասաց, - եկեղեցու դրան մօտ տեսայ սպիտակազգեստ եօթ այրեր: Ես ասացի նրանց. "Օրհնեա՛լ այրեր, ինչո՞ւ ցոյց չէք տալիս սուրբ Գրիգորիսի նշխարները: Արքան եւ բոլոր հաւաքուածները մեծ ջանքեր են թափում ու չգիտեն նրանց գտնուելու վայրը": Նրանք միաբան պատասխանեցին. "Որեւէ նշան չտեսա՞ր": Ես պատասխանեցի՝ ոչ: Այնժամ եօթ այրերից մէկն, առաջնորդելով ինձ, բերեց մի տեղ, որտեղ գետինը պատռուած էր, իսկ ներքեւից վառուող ճրագ էր երեւում, որի բոցը երկու մասի էր բաժանուած: Ես մտածեցի, թէ այնտեղ է սուրբի մարմինը եւ ինձ առաջնորդող մարդուն ասացի. "Ես պէտք է գնամ ու այս մասին պատմեմ արքային": Եւ նա ասաց. «Գնա՛ ու պատմի՛ր»: Բայց երբ եկայ արքունի պալատ, ինձ թուաց, թէ արքան քուն է մտել, եւ ես չհամարձակուեցի արթնացնել նրան: Վերադարձայ այն մարդու մօտ եւ ասացի. "Ես չտեղեկացրի արքային, որովհետեւ նա քնած էր": Այդ մարդն ասաց ինձ. "Երբ արքան արթնանայ, ասա՛ նրան": Նա կամեցաւ ոտքով ծածկել պատռուած գետինը ու ծածկել լոյսը: Այնժամ ես բռնեցի նրան եւ արգելեցի՝ ասելով. "Մի՛ արա, մինչեւ որ արքան տեսնի": Բայց չլսելով ինձ՝ նա թաքցրեց տեղը եւ ասաց. "Դու կը պատմես արքային": Եւ ես իսկոյն արթնացայ քնից»:
Լսելով այս ամէնը՝ բարեպաշտ Վաչագան արքան բոլոր հաւաքուածների հետ այդ գիշերն անցկացրեց հսկման աղօթքներով, իսկ առաւօտեան բոլորը եկան այդ վայրը եւ աղօթեցին միաբանական ձայնով ու մեծ պաղատանքներով: Եւ ապա առաքինասէր թագաւորը, քաջաբար վերցնելով բահը, սկսեց փորել, իսկ միւսները միացան նրան: Թագուհին թագաւորական հանդերձներով ջանասիրաբար կրում էր հողը, նոյնն էին անում եւ եպիսկոպոսները, քահանաները, նախարարներն ու նրանց տիկնայք՝ իրենց հագուստներով կրելով փորուած հողը: Փորեցին շատ խորը, բայց սկզբում ոչինչ չգտան, որովհետեւ շեղուել ու փորում էին հիւսիսային կողմը եւ չգիտէին, որ նշխարներն արեւելեան կողմում են: Թէպէտ թագաւորը միառժամանակ տրտմեց, բայց յետոյ քաջալերուեց հաւատքով ու ասաց. «Անսուտ է ամենակալ Աստուծոյ խօսքը, թէ Նա կատարում է Իր անունով երկու եւ երեք անձանց, էլ ուր մնաց Աստուծոյ անունով այսքան հաւաքուածներիս խնդրանքը: Հաստատապէս գիտեմ, որ Աստուած չի անտեսի ու մեզ ամօթով չի թողնի»:
Այնժամ հրամայեց փորած հողի առջեւ դնել սուրբերի նշխարները, որոնք բերել էին իրենց հետ ու սկսել փորել արեւելեան կողմից: Եւ ահա պատահեցին ցանկալի գանձին, գտան սուրբի տապանը՝ խորանով հանդերձ ու լցուեցին անպատում ուրախութեամբ: Երբ հաւաքուածները լսեցին, որ գտնուել են սուրբ նշխարները, բոլորը միահամուռ մօտեցան եւ կամեցան քանդել ամբողջ գերեզմանն ու խորանը, սակայն թագաւորն առաջ եկաւ եւ հազիւ կարողացաւ հանդարտեցնել նրանց: Երբ բացուեց գերեզմանը, եւ երեւացին նշխարները, տարածուեց այնպիսի անսովոր անուշահոտութիւն, որը ծածկում էր խունկերի բուրմունքը: Զարմացած արքան հարցրեց մօտ եղողներին. «Դուք ե՞ւս զգում էք այս անուշահոտութիւնը, ինչպէս որ ես»: Եւ նրանք պատասխանեցին. «Նոյնը եւ մենք ենք զգում»: Եւ բոլորը փառաւորեցին այդ մեծագոյն բարիքները Պարգեւողին:
Այնուհետեւ թագաւորը նստեց գետնին՝ սուրբի գերեզմանի մօտ, եւ հրամայեց արքունի պատուական սպասք բերել: Ծնկներին դրեց մի կողով եւ մեծ երկիւղածութեամբ սպասեց՝ ընդունելու սուրբին իր գոգում: Երէցները հանեցին նշխարները եւ հաւաքեցին կողովի մէջ, որն աստուածասէր թագաւորի ծնկներին էր: Բացի սուրբ Գրիգորիսի նշխարներից՝ նրա տապանում գտան նաեւ երկու ապակէ անօթներ. մէկի մէջ կար Զաքարիայի՝ Յովհաննէս Կարապետի հօր արիւնից, որն Աղուանք էր բերել Եւստաթէոս առաքեալը, իսկ միւսի մէջ՝ սուրբ Պանդալէոն բժշկի նշխարներից, որը բերել էր մեր սուրբ Գրիգոր Լուսաւորիչը ու տուել իր թոռանը՝ Գրիգորիսին:
Երբ հանեցին բոլոր սրբութիւնները, ամբողջ բազմութիւնը մէկ առ մէկ մեծ երկիւղածութեամբ ու համբոյրով ողջոյն տուեց: Թագաւորը բոլորը կնքեց արքայական մատանիով ու զգուշութեամբ պահեց կողովի մէջ մինչեւ միւս օրը: Այդտեղ՝ գերեզմանում, գտնուեց նաեւ մէկ այլ ապակէ անօթ, որի մէջ կար հեղուկ նիւթ, սակայն պատմութիւնը տեղեկութիւն չի տալիս, թէ այն ինչ էր: Յաջորդ օրը թագաւորը հրամայեց ոսկեղէն մաղզմայի մէջ անոյշ գինով լուանալ սուրբ Գրիգորիսի նշխարները եւ դնելով թագաւորական ընտիր կտորից պատրաստուած զարդարուն քօղի վրայ՝ ցամաքեցնել արեւի տակ: Այնժամ Ամարասի վանքի աբեղաներից մէկը նշխարներից մի մաս գողացաւ: Սուրբ Գրիգորիսը մեծավայելուչ փառքով երեւաց այլ մէկին, յայտնեց կատարուած գողութեան մասին ու տուեց աբեղայի անունը, որն արքայի հարցաքննութիւնից յետոյ խոստովանեց եւ իր թաքցրած մասունքը նրա առջեւ բերեց:
Այնուհետեւ թագաւորը հրամայեց սուրբի նշխարներից մասունքներ տալ իւրաքանչիւր եպիսկոպոսի՝ իրենց թեմեր տանելու համար, մեծ մասը թողեց Ամարասում, իսկ մնացածն էլ իր մօտ պահեց: Նախքան այնտեղից մեկնելը՝ հրամայեց սուրբի գերեզմանի վրայ գցել նոր մատուռի հիմքեր, այն շուտ աւարտին հասցնել եւ կոչել սուրբ Գրիգորիսի անունով: Իսկ մի ժանտաբարոյ մարդ, որը քար կրողներից էր, յոգնելով հայհոյեց Քրիստոսի նահատակին՝ ասելով. «Այդ Գրիգորիսը մեզ համար յայտնուեց որպէս նեռ»: Աստուծոյ պատուհասն իսկոյն վրայ հասաւ. նա ընկաւ գետնին, երեսը շրջուեց եւ շատ օրեր չկարողացաւ ազատուել չարչարանքներից, մինչեւ որ արտասուքներով եկաւ սուրբի գերեզմանի մօտ, թողութիւն խնդրեց եւ տեղից հող առնելով՝ բժշկուեց: Մեծ ահ ընկաւ բոլորի վրայ, եւ սկսեցին մեծ ջանասիրութեամբ կառուցել մատուռը: Երբ ամբողջն աւարտեցին, չորրորդ օրն այդ տեղում մատուցեցին սուրբ Պատարագի փրկչական խորհուրդը: Բոլոր հաւաքուածները հոգեւոր ուրախութեամբ գնացին այնտեղ, եւ եպիսկոպոսներն, օրհնելով բազմութեանը, արձակեցին բոլորին: Իսկ թագաւորն իր հետ մինչեւ Քարուէճ տարաւ եպիսկոպոսների եւ քահանաների դասերին ու պատուական մարդկանց, գոհութիւն ու շնորհակալութին մատուցեց իր հրամանով եկած անձանց՝ սուրբ Գրիգորիսի նշխարները գտնելու գործում նրանց գործակցութեան համար եւ փառք վերառաքեց Աստծուն՝ բոլորին ցանկալին Շնորհողին: Իսկ նրանք, միաբան օրհնելով թագաւորին, թագուհուն եւ ամբողջ արքունիքին, ասացին. «Ամէն բարիք, ինչ որ խնդրես Աստծուց սուրբ Գրիգորիսի բարեխօսութեամբ, թող տայ քեզ: Եւ թող երկար օրեր շնորհի ձերդ բարեպաշտութեանը, որպէսզի խաղաղութեամբ ծառայենք մեր երկրի շինութեանն ու եկեղեցիների փառազարդութեանը: Թող երկնաւոր Հայրը՝ կենարար Աստուած, կնքի ձեր վախճանը ի Քրիստոս խոստովանութեամբ»:
Եւ թագաւորն իր հետ վերցնելով Շուփխաղիշ աւագ եպիսկոպոսապետին, որն Աղուանքի Շուփհաղիշէ կաթողիկոսը եւ Պարտաւի եպիսկոպոսն էր, եկաւ իր արքունիքին պատկանող Դուտական գիւղը եւ այնտեղ ամփոփեց սուրբի նշխարներից մի մաս՝ օծելով թանկարժէք, անուշահոտ իւղերով ու փառաւոր կերպով կատարելով նրա յիշատակը:
Վաչագան թագաւորն ունէր մի դեռատի դուստր՝ Խնջիկ անունով, որին այնքան շատ էր սիրում, որ մինչեւ իսկ նրա անունով դաստակերտ շինեց ու սուրբի նշխարներից մասունք տուեց՝ դաստակերտում պահելու եւ ամէն տարի սուրբի յիշատակը պատուով կատարելու համար: Արքան մի մաս էլ իր մօտ պահեց, որը Զաքարիայի եւ միւս սուրբերի նշխարների հետ միշտ շրջեցնում էր բանակում, իսկ նշխարների միւս մասերը կնքեց մեծ երկիւղով եւ դրեց պահոցում, մինչեւ որ աւարտուեց սուրբ Պանդալէոնի անունով վկայարանի կառուցումը, որը շինել տուեց Դուտական գիւղում: Այդտեղ փոխադրեց նաեւ անօթը, ուր կային նրա նշխարները, նաեւ մասունք սուրբ Գրիգորիսի նշխարներից եւ սուրբերին սպասաւորելու համար այնտեղ պաշտօնեաներ կարգեց:
Եւ ինքը՝ աստուածասէր թագաւորը, տարուայ մէջ երկու անգամ կատարում էր սուրբ Գրիգորիսի յիշատակը՝ առաջինը՝ ի պատիւ նրա նահատակութեան եւ երկրորդը՝ նրա նշխարների գիւտը յիշատակելու համար: Եւ նոյնը նա պատուիրեց անել բոլոր նրանց, որոնց սուրբի նշխարներից մասունքներ էր տուել: Այդ նոյն գեղեցիկ սովորութիւնը մինչեւ օրս հաստատուն մնաց ինչպէս Աղուանքում, այնպէս էլ Հայոց երկրում, այն էր՝ տարուայ ընթացքում երկու անգամ տօնախմբել Աղուանքի կաթողիկոս սուրբ Գրիգորիսի յիշատակը՝ ի փառս Աստուծոյ, Ով փառաւորում է իր սուրբերին եւ փառաւորուած է նրանց մէջ յաւիտեան:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Աղուանքի սուրբ Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գիւտի յիշատակը կատարում է սուրբ Խաչին յաջորդող Ե կիրակիից յետոյ եկող երկուշաբթի օրը՝ սուրբ հայրեր Թաթուլի, Վարոսի, Թումասի, սուրբ Անտոնի եւ Կրօնիդէսի ու եօթ սուրբ խոտաճարակների հետ, որոնք նահատակուեցին Իննակնեան վանքում:
[1] Նախրապան, հովիւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: