Այսօր անմեղ սուրբ մանկունքն ի տղայական հասակի.
Նախավախճան չարչարանօք վկայք եղեն Քո մարդեղութեանդ.
Տէր Աստուած հարցն մերոց:
Դեռաբոյսք ի մօրէ նորաբողբոջք ի հասակի.
Նահատակեալք ի պատերազմի եւ ընկալան զչարչարանս՝
Վասն Քո համբերելով. Տէր Աստուած հարցն մերոց:
Արդ բարեխօս առ Քեզ ունիմք զերանելի սուրբ նահատակսն.
Որք վասն Քո չարչարեցան ի Բեթղէհէմ նահատակեալք՝
Վասն Քո համբերելով. Տէր Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Եփրաթայի տան այս բանաւոր գառների կոտորածը, որ եղաւ մոլորուած ոչխարներին փնտռելու եկած Հովուի՝ աշխարհի մեղքերը վերացնող Աստուծոյ Գառան փոխարէն, գեղեցկապէս բովանդակուած է Մատթէոսի աւետարանի մէջ, ըստ որի՝ երբ աստղագուշակ տեսիլքով մոգերն Արեւելքից եկան Հրէաստան՝ նորածին Մեսիային՝ աշխարհի Փրկչին երկրպագելու, մտան թագաւորական Երուսաղէմ քաղաք եւ հարցրեցին, թէ ո՞ւր է հրէաների արքան, որ ծնուեց:
Այնժամ դղրդաց ամբողջ քաղաքը, խռովուեց յատկապէս Հերովդէս մեծ արքան, որ չլինի, թէ ծնուի ճշմարիտ Օծեալը (յունարէն լեզուով Քրիստոսը, իսկ եբրայերէն՝ Մեսիան), Դաւթի Որդին եւ Իսրայէլի թագաւորութեան ժառանգորդը, որովհետեւ ինքը, որ հերովդիանոսականների կողմից ընդունուած էր որպէս մեսիա, կը կորցնի թագաւորութիւնը որպէս այլազգի եւ միանգամայն կþարհամարհուի: Կանչեց քահանայապետներին ու դպիրներին, հարցաքննեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Մեսիան եւ իմացաւ, որ ըստ Միքիա մարգարէի՝ Նա պիտի ծնուի Բեթլեհէմում, որը Սուրբ Գրքից գիտէր անգամ ժողովուրդը, գիտէր, որ Քրիստոս պիտի ծնուի Բեթլեհէմում՝ Դաւթի քաղաքում: Ուստի չկարողացաւ դա հանդուրժել եւ մտածեց նենգութեամբ դաւեր նիւթել, որպէսզի հրէաների թագաւորութիւնն անցնի իրեն եւ իր որդիներին:
Այդ պատճառով նենգամիտը ծածուկ իր մօտ կանչեց մոգերին, նրանցից ճշտեց աստղերի երեւալու ժամանակը, որպէսզի դրանով գուշակի Մեսիայի ծննդեան օրը եւ սպանել տայ Մանկանը: Իսկ եթէ անձամբ չգտնի Նրան, որոշեց կոտորել Բեթլեհէմի բոլոր մանուկներին, որպէսզի նրանց թւում լինի նաեւ Մեսիան: Եւ նենգամտութեամբ ու կեղծաւորաբար ասաց մոգերին. «Գնացէ՛ք Բեթլեհէմ, հետաքրքրուէ՛ք մանկան մասին եւ երբ գտնէք, ինձ լուր տուէք, որպէսզի գամ ու երկրպագեմ Նրան»:
Եւ մինչ կարծում էր, թէ խաբեց, սակայն ինքը չարաչար խաբուեց, աւելին՝ ինքն իրեն խաբեց, որովհետեւ չարութիւնը կուրացրել էր նրան: Թշուառականը չմտածեց, որ եթէ ծնուողը ճշմարտապէս Մեսիան է, որ գալու է այլոց փրկելու, կարող է նաեւ Ինքն Իրեն փրկել: Իսկ եթէ թոյլ է տալիս, որ Իր պատճառով մեռնեն ուրիշները, ապա գիտէ նաեւ, թէ ինչպէս վերստին կենդանացնի նրանց՝ Իր անձը մահուան մատնելով բոլորի համար այն ժամանակ, երբ Ինքը կամենայ, եւ ոչ թէ սպանողները կամենան, որովհետեւ Նա Ինքն է կեանքի եւ մահուան Տէրը: Եւ եթէ չէր հաւատում Մեսիային որպէս այսպիսին, բաւական էր միայն իմանալ, որ Նա ուղարկուեց Աստուծոյ կողմից, իսկ Աստուծոյ խօսքերից ոչինչ անկատար չի մնում:
Եւ ահա ամէն բան կատարուեց նորածին Արքայի նախասահմանութեամբ, քանզի Բեթլեհէմ երկրպագելու եկած մոգերը տեսիլքով Նրանից հրաման առան այնտեղից չվերադառնալ Երուսաղէմ՝ Հերովդէսի մօտ: Եւ նրանք այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը: Իսկ Ինքը՝ Յիսուս, փառքի Թագաւորը, յանձն առնելով կամաւոր հալածանքները, գիշերը մօր հետ եւ Յովսէփի պաշտպանութեամբ փախաւ Եգիպտոս եւ մնաց այնտեղ, մինչեւ Հերովդէսի վախճանը:
Իսկ Հերովդէսը, անտեղեակ լինելով այս ամէնին, երբ տեսաւ, որ մոգերն իր մօտ չվերադարձան, կարծեց, թէ նրանք, իմանալով իր չար մտադրութեան մասին, խաբեցին իրեն: Այդ պատճառով սաստիկ բարկացաւ եւ ուղարկեց գազանամիտ ու արիւնարբու զօրականներին, ովքեր կոտորեցին բոլոր կաթնակեր մանկանց, որ կային Բեթլեհէմում ու նրա բոլոր սահմաններում՝ խառնելով մայրերի կաթը անմեղ մանկանց արեան հետ: Համընդհանուր կոտորուեցին թէ՛ նորածին, թէ՛ մի քանի ամսական կամ մի տարեկան, անգամ մինչեւ երկու տարեկան մանուկներին, որպէսզի նրանց թւում լինէր նաեւ մանուկ Յիսուսը:
Ո՜հ, Վերին տեսչութեան անքննելի խորհուրդ, որ թոյլ է տալիս մարդկանց անխտիր գործել իրենց ազատ կամքով, անել, ինչ կամենում են՝ բարին կամ չարը: Սակայն Նա՝ համայնի ամենաբարի բնութիւնը, նաեւ չարից դուրս բերում է բարին՝ առաւել, քան մենք գիտենք ու հասկանում ենք: Քանզի ահա այստեղ եւս չար բանսարկուն եւ նրա գործակից անօրէն Հերովդէս թագաւորն ամօթահար եղան ու չկարողացան ոչինչ անել աշխարհի Փրկչին, այլ միայն պսակների պատճառ եղան բազմաթիւ մանուկների հոգիների համար, որոնք նահատակուեցին այսօրինակ պանծալի վկայութեամբ: Քանզի եթէ նրանք մնային աշխարհում եւ չափահաս դառնային, մի՞թէ արդեօք նրանցից շատերն ապականուած բնութեան պատճառով զրկուած չէին լինի յաւիտենական փրկութիւնից: Ապա ուրեմն այս ամէնը տիրապէս կատարուեց նրանց համար. նրանք յափշտակուեցին մատաղ հասակում, որպէսզի չարութիւնը չփոխէր նրանց միտքը, նաեւ՝ նրանք այլ կերպ չէին կարող հասնել այսպիսի փառաւորութեան, եթէ ոչ նման նախանձելի ճանապարհով:
Ռաքելի ողբը, լացն ու կոծը՝ ի դէմս նրանց մայրերի, խորհրդանշում է սուգն ըստ աշխարհի: Նա՝ Յովսէփ նահապետի մայրը, համարուելով սուրբ մանուկների նախամայրը, թաղուած էր Բեթլեհէմում: Եւ երբ եղաւ հազարաւոր մանուկների կոտորածը, ծնողները ողբացին այնչափ, որ գոյժը հասաւ մինչեւ Ռամայ, որ թարգմանւում է բարձր: Այն մի քաղաք էր, որ գտնւում էր մի բարձրաւանդակ վայրում՝ Բենիամինի Գաբաայի սահմանների մօտ՝ Բեթլեհէմից մօտ տասներկու մղոն հեռաւորութեամբ: Եւ Ռաքելին, որ Աբրահամի գոգում էր՝ արդարների երամում, մեծ ցնծութիւն աւետարանուեց, երբ սուրբ մանուկների՝ նրա զաւակների աղաւներամ բազմութիւնն իջաւ այնտեղ: Եւ նրանք յաւիտենական պարծանք եղան Ռաքելի համար:
Եւ արդարեւ, եթէ ըստ Սուրբ Գրքի՝ Սաւուղը դասուեց մարգարէների հետ, որքա՞ն առաւել կարելի է ասել, որ այս մանուկները դասուեցին մարտիրոսների հետ, կաթնակեր մանուկները՝ վկաների հետ: Իսկ թէ ինչպիսի մանուկներ՝ անմեղ, մանկահասակ, նորաբողբոջ, մատաղերամ, ինչպիսի վկաներ՝ գերագոյն եւ նորահրաշ: Քանզի նրանք ոչ միայն իրենց արիւնը հեղեցին Տիրոջ անուան համար, ինչպէս արեցին հին եւ նոր վկաները, այլեւ Տիրոջ համար դրեցին իրենց անձերը, մեռան, որ ապրի կեանքը, կամ պարզապէս տուեցին իրենց անձերը Աստուածորդու փոխարէն: Եւ ի՞նչ կայ աւելի փառաւոր կամ պանծալի այն քաջայաղթ մրցահանդէսում, երբ զինուորն առաջ է նետւում՝ իր զօրավարին վտանգի մէջ տեսնելիս, բայց առաւել եւս՝ երբ արքայի համար մղուող մարտում զինուորն իր մահուամբ փրկում է նրան թշնամիներից: Եւ նրանց համար ինչպիսի՞ վարձք ու պսակներ կան պահուած երկնաւոր Թագաւորի կողմից:
Սուրբ հայրերն ու վարդապետները բազում գովասանական ճառեր են թողել՝ ասուած Բեթլեհէմի սուրբ մանուկների մասին: Սուրբ Գրիգոր Նիւսացին նրանց կոտորածի աղէտը մեր ճառընտիրներում նկարագրում է ինչպէս աչքի առջեւ՝ ասելով. «Ականջներիս մէջ դեռեւս հնչում է մանուկների ճիչը: Եւ նրանց տեսնելով՝ կամենում եմ զարհուրած ճչալ: Շողացող սրից աչքերը փակած եւ երկիւղած՝ նետւում էին իրենց մօր գիրկը՝ ապաւէն գտնելով այնտեղ: Ասես թէ տեսնում եմ մայրերին. մէկը քաղաքից այս ու այնտեղ է փախչում իր խեղճ ու քաղցր բեռով, մէկն ապաստանի տեղ է փնտռում, մէկն իր վշտից վայելուչ ծածկոյթ չունի իր վրայ, մէկն էլ շփոթուած կորցրել էր, ինչ ունէր, մէկ ուրիշն այնպէս էր ծածկել մանկանը, որ վտանգում էր նրան՝ կարծելով, թէ կը գողանան, եւ ուրիշ մէկն էլ այնքան արագ էր փախչում հետապնդող հալածիչներից, որ տկարանում էին ոտքերը, եւ երկիւղով ու արտասուալից աչքերով նայում էին փայլատակող սրին: Եւ դարձեալ մէկ ուրիշն էլ, որի ոտքերը կապուել էին զարհուրանքից, կործանւում էին` աչքի առջեւ տեսնելով իրենց զաւակների մահը, սակայն սպանողն ականջ չէր դնում նրանց հառաչանքներին: Կանայք, իրենց ուժաթափ ձեռքերն, ուժգին տատանելով, անգիտակցաբար սպանում էին մանկանց իրենց գրկի մէջ՝ կանխելով սրի հարուածը: Իսկ անողորմ զինուորները, զէնքերը բարձր պահած, խողխողում էին մատաղ գառներին, եւ բոլոր կողմերից արեան յորդաբուխ աղբիւրները ողողում էին երկրի երեսը: Ամենուր փնտռում էին մանուկներին՝ իբրեւ գառնուկների, եւ նրանցից ոչ ոք չէր կարողանում փախչել սրից: Նրանցից իւրաքանչիւրը որպէս թէ Քրիստոսն էր, իւրաքանչիւրի արեան մէջ Նրա արիւնն էր:
Սակայն կային քաջասիրտ եւ համարձակ մայրեր, որ դէմ կանգնելով սրի հարուածին՝ վիրաւորւում էին յանուն իրենց զաւակի, սակայն անօգուտ, քանզի միայն կարճ ժամանակով էին հեռացնում մահաբեր վտանգը: Կային նաեւ մայրեր, որ ամուր բռնել էին իրենց զաւակների անդամներից, որոնց զինուորները քաշում էին բռնաբար: Նրանք չէին յանձնւում, սակայն սուրը բաժանում էր մօրն ու մանկանը: Մէկը վազում էր՝ գրկած իր մանկան ձեռքը, ոտքի մի մասը եւ այլ անդամը՝ ասես թէ փախցնելով իր ողջ մանկանը: Իսկ շատերն էլ, փախչելով սրից, ընկնում էին, գլորւում էին դիակոյտերի վրայ ու բախւում կարծր գետնին, եւ այլեւս սուրը պէտք չէր մանուկներին սպանելու համար: Մի ուրիշ մայր էլ իր զաւակի համար խնդրում էր զինուորին, ով պատրաստւում էր վիրաւորել իր առջեւ ընկած մանկանը եւ գոչում՝ ասելով. ՛՛Խնայի՛ր ինձ, զինուոր, եւ նախ ինձ զարկի՛ր մանուկից առաջ ու մի՛ տրտմեցրու մօրս աչքերը այդ տեսարանով, քանզի այս ամէնը տգիտութեամբ ես անում: Արդեօք դու մայր չունես, կամ արդեօք կին չունես, որ զաւակներ ունի: Արդ, յանուն նրանց ողորմիր իմ զաւակին: Յիշի՛ր, որ երբ տանջւում են մանուկները, գալարւում են ծնողների աղիքները՛՛: Եւ թէպէտ մորմոքւում էր զինուորը, ու հեղւում էին արտասուքները, սակայն, ծառայելով Հերովդէսի կատաղի հրամաններին, մինչ խօսքը մայրերի բերանում էր, նրանք սպանում էին մանկանց նրանց ձեռքերի մէջ: Ողբն ու կոծը տարածւում էին ամենուր: Աւագ եղբայրները լալիս էին իրենց փոքր եղբայրների համար, հայրերը կողկողում էին, որ նրանք ծնուեցին, մայրերը ճչում էին իրենց զաւակների չարչարանքների համար, ծերերն աղաղակում էին՝ այսպիսի բան չէինք տեսել, եւ բոլորն աւաղ էին տալիս այդ օրուան:
Արդ, եթէ պատմութիւնը միայն լսելը այսչափ կսկիծ է պատճառում, ապա որքան առաւել դառը կը լինէր տեսնել կատարուած իրողութիւնը: Եւ եթէ ամէն մարդ իր սրտում գութ ունի մանուկների հանդէպ, ապա որքան առաւել նրանց կարեկից եղաւ մանկացած Էմմանուէլը, Ով, ինչպէս խոստացաւ, պիտի պսակի նրանց Իր արքայութեան մէջ եւ փառքով նստեցնի Իր աջ կողմում: Հաւատում եմ, որ Աստուծոյ կողմից նրանց ծնողներին այցելութիւն եղաւ, սակայն ճշմարիտ է եւ այն, որ Բեթլեհէմի բնակիչներն արժանացան պատժի, որ հիւրընկալ չեղան Կոյս Աստուածամօրը, նա տեղ չունեցաւ, որտեղ ծնուէր Աստուածորդին, որի համար Բանը հարկադրուեց բազմել անբան անասունների մսուրում: Նա եկաւ իւրայինների մօտ, սակայն իւրայինները Նրան չընդունեցին, բայց Նա ընդունեց նրանց որդիներին՝ ժողովուելով նրանց, ինչպէս հովիւն իր գառներին:
Պահն է յիշատակել նաեւ այն արժանի պատուհասը, որ հասաւ անօրեն բռնակալ Հերովդէսին, որը մէկ առ մէկ նկարագրում է Յովսէպոս Եբրայեցին: Նա թէպէտ առանձին չի յիշատակում մանուկների կոտորածը, սակայն պատմում է Աստուծոյ արդար դատաստանների մասին, որ թափած արեան համար հասաւ նրան ոչ միայն բազմաթիւ օտարներից, այլեւ իր հարազատներից, քանզի սպանեց իր կնոջը, որդիներին եւ իր տոհմից շատ պատուական սիրելի անձանց:
Իսկ անմեղ մանկանց կոտորածի գոյժը, որ հասաւ մինչեւ Հռոմ, նկարագրում է հեթանոս մի այր՝ Մակրոբիոսը. «Երբ Օգոստոս կայսրը լսեց, որ հրեաների Հերովդէս արքան հրաման է արձակել սպանել մինչեւ երկու տարեկան բոլոր մանուկներին, որոնց թւում սպանուել է նաեւ իր որդին, ասաց. ՛՛Լաւ է Հերովդէսի խոզը լինել, քան թէ որդին, որովհետեւ նա, որ խոզ չէր մորթել եւ չէր կերել, Բեթլեհէմի մանուկների կոտորածի նոյն օրը սպանել տուեց իր Անտիպատրոս անդրանիկ որդուն՛՛: Եւ նա երկար չապրեց, վրայ հասաւ դաժան վախճանը, որի մասին գրում է Յովսէպոսը. ՛՛Հերովդէսի հիւանդութիւնը սաստկանում էր, եւ նրանից պահանջում էր իր գործած անօրէնութիւնների հատուցումը: Տապախառն տենդը տոչորում էր նրան, որը թէպէտ չէր երեւում, սակայն ներքուստ սաստիկ մաշում ու տանջում էր նրան: Կերակուր չէր ցանկանում, որովհետեւ այն որովայն չէր մտնում: Աղիքները պատուած էին չարորակ պալարներով, որոնք սաստիկ տանջում էին նրան: Գիջութիւնն այրեց նրա ոտքերը, իսկ որովայնը նեխեց ու լցուեց որդերով: Շնչահեղձ եղաւ եւ տառապեց իր իսկ գարշահոտութիւնից: Եւ թէպէտ տառապում էր այս բոլոր ցաւերով, սակայն ջանում էր ապրել, փրկութեան յոյս ունէր եւ բժշկութեան հնար էր փնտռում: Բժիշկները խորհուրդ տուեցին Յորդանանի հանքային տաք ջրերի մէջ մարմինը լուանալ ձէթով: Եւ երբ ամբողջովին ընկղմուեց ձէթով լի աւազանի մէջ, քայքայուեց մարմինը, եւ աչքերը շուռ եկան: Եկաւ Երիքով՝ լի տրտմութեամբ ու բարկութեամբ: Բոլորին սպառնում էր մահուամբ եւ զօրանում չար գործերի մէջ: Բոլոր քաղաքներից հաւաքեց Յուդայի երեւելի այրերին Ասպարէզ կոչուած մի տեղում եւ հրամայեց նրանց բանտարկել: Կանչեց իր քրոջը՝ Շաղոմէին, եւ նրա ամուսնուն՝ Ալեքսոսին, ու ասաց նրանց. ՛՛Գիտեմ, որ իմ մահուան օրը հրեաների համար մեծ տօն կը լինի, սակայն եթէ կատարէք իմ պատուէրը, ես կարող եմ իմ վրայ մեծ սուգ ու լաց ու կոծ բերել: Դուք այստեղի ծառաներից ոստիկաններ կը նշանակէք բոլոր բանտարկուածների վրայ, եւ երբ ես մեռնեմ, թող ոստիկանները կոտորեն նրանց: Այդպէս ամբողջ Հրէաստանը եւ ամէն մի տուն ակամայ կþողբայ ինձ համար»:
Երբ ցաւերը սաստկացան, քանի դեռ չէր եկել իր վախճանի օրը, կամեցաւ անձնասպան լինել: Վերցրեց մի խնձոր եւ դանակ ուզեց, բարձրացրեց իր աջը, որպէսզի սպանի իրեն... եւ մեռաւ դաժան ցաւերով ու սաստիկ տանջուելով: Այսպէս եղաւ Հերովդէսի վախճանը: Բեթլեհէմի մանուկներին նենգութեամբ կոտորելու պատճառով նա ստացաւ Աստուծոյ արդար դատաստանի հատուցումը: Կամեցաւ նենգութեամբ սպանել մեր Փրկչին եւ չտեսաւ Աստուծոյ փառքը: Իսկ սուրբ մանուկները պսակուեցին անթառամ պսակներով մեր Քրիստոս Աստծուց, որ օրհնեալ է յաւիտեանս. ամէն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: