ՀԱՅՐ ՊԻՄԷՆ

ՀԱՅՐ ՊԻՄԷՆ (հայր Պաստոր)

 

Սուրբ հայր Պիմէնը հնագոյն հայրերի՝ Անտօնեանների եւ Մակարեանների առաքինութիւնների հետեւորդն է եւ իրենից յետոյ եկող հայրերի հայրը: «Պիմէն» թարգմանաբար նշանակում է «հովիւ», յունարէնում կոչւում է «Բիմին», իսկ լատիներէնում՝ «Բասդօռ»: Նա ունէր եղբայրներ. աւագ եղբայրը հայր Անուբն էր, ապա հայր Պամբոն՝ մի սքանչելի այր, ապա Պայեսիոսը, իսկ բոլորը միասին եօթ եղբայրներ էին՝ նոյն մօր որդիներ, որոնք ճգնեցին Սկիտէի անապատում՝ սուրբ Անտօնի լերանը: Սակայն հոգեւոր գիտութեամբ նրանց մէջ Պիմէնն աչքի էր ընկնում որպէս հոգեւոր կեանքի հմուտ ղեկավար եւ որպէս բոլոր մենակեացներին Աստուծոյ կողմից պատգամներ տուող: Խոնարհութեան եւ բոլոր առաքինութիւնների կենդանի օրինակ եւ հայելի էր, եւ ժամանակը չի բաւականացնի պատմել նրա մասին, քանի որ նրա լուսափայլ վարքն ու վարդապետութիւնը համատարած սփռուած է հայրերի վարքերի գրքերում: Բարբարոսների յարձակման ժամանակ նա իր եղբայրների հետ ելաւ Սկիտէից եւ եկաւ Տէրենութ կոչուած վայրը, ու կարծիք կայ, որ սուրբ հայր Արսէնիոսի մահից յետոյ այնտեղ էլ վախճանուել է:

 

 

ՀԱՐԱՆՑ ՎԱՐՔԻՑ

 

*  Ոմն եղբայր օտարութեան գնաց այն կողմերից, ուր բնակւում էր հայր Պիմէնը, եւ պատահեց մի մենակեացի, որը մեծ անուն ունէր եւ յոյժ հռչակուած էր: Նա իր մէջ սէր ունէր, եւ շատերն էին գալիս նրա մօտ: Եղբայրը նրան պատմեց հայր Պիմէնի մասին, իսկ երբ նա լսեց նրա առաքինութեան մասին, ցանկացաւ տեսնել նրան: Երբ այն եղբայրը վերադարձաւ Եգիպտոս, կարճ ժամանակ անց Եգիպտոս եկաւ նաեւ մենակեացը եւ երբ իմացաւ, որ այն եղբայրը բնակւում է գետափին, փնտռեց ու գտաւ նրան: Երբ եղբայրը տեսաւ մենակեացին, սաստիկ զարմացաւ, ուրախութեամբ ընդառաջ ելաւ եւ սիրով հիւրընկալեց նրան: Մենակեացն ասաց նրան. «Բարի՛ եղիր, եղբա՛յր, տա՛ր ինձ հայր Պիմէնի մօտ»: Եւ եղբայրն առաջնորդեց նրան հայր Պիմէնի մօտ ու մենակեացի մասին ամէն բան պատմեց ծերին, թէ նա մեծանուն այր է եւ յոյժ պատուելի ամէնքի կողմից: «Եւ ես էլ, - ասաց, - քո մասին եմ պատմել նրան: Ահա նա սիրով քեզ տեսութեան է եկել»: Հայր Պիմէնն ընդունեց նրան ուրախութեամբ: Միմեանց ողջունելուց յետոյ նստեցին, եւ մենակեացն սկսեց խօսել անձի փրկութեան մասին: Հայր Պիմէնը շրջեց իր երեսը եւ ոչինչ չասաց: Երբ մենակեացը տեսաւ, որ Պիմէնը ոչինչ չխօսեց իր հետ, տրտմեց, դուրս եկաւ եւ ասաց եղբօրը, որն իրեն այդտեղ էր բերել. «Զուր չարչարուեցի՝ անցնելով այսքան ճանապարհ, քանզի ես եկայ այս ծերի մօտ, որ հոգեշահ մի խօսք լսեմ, բայց նա բնաւ չկամեցաւ խօսել ինձ հետ»: Եղբայրը մտաւ հայր Պիմէնի մօտ եւ ասաց նրան. «Հա՛յր, այս մեծանուն հայրը, որն այնքան փառք ու պատիւ ունի երկրում, քեզ համար եկաւ այստեղ, ինչո՞ւ չես խօսում նրա հետ»: Պիմէնն ասաց նրան. «Նա վերեւում՝ երկնքում է եւ խօսում է երկնաւոր բաների մասին, իսկ ես, երկրաւոր լինելով, ինչպէ՞ս երկնաւորների մասին խօսեմ: Եթէ նա ասէր անձի ախտերի մասին, ես մի բան կը պատասխանէի, բայց երկնաւորների մասին ոչինչ չեմ կարող խօսել»:

 

Եղբայրը դուրս եկաւ եւ մենակեացին ասաց. «Հայր Պիմէնը սովորութիւն չունի յաճախակի խօսել Սուրբ Գրքից, սակայն եթէ մէկը հարցնի նրան անձի որեւէ ախտի մասին, այնժամ կը պատասխանի»: Մենակեացը զղջաց այս խօսքից, դարձեալ մտաւ ծերի մօտ եւ ասաց նրան. «Ի՞նչ անեմ, հա՛յր, որովհետեւ բռնադատւում եմ իմ ախտերից»: Ծերը նայեց նրան եւ հեզաբար ասաց. «Այժմ բարո՛վ եկար, ահա բացելով բերանդ՝ սիրտդ լցրեցիր հոգեւոր բարիքներով»: Եւ շատ խօսքեր ասաց նրան, իսկ մենակեացը շահեց առաւել, քան կարծում էր: Ասաց. «Ստուգապէս այս է փրկութեան ճանապարհը»: Եւ գոհացաւ Աստծուց, որ արժանի եղաւ տեսնելու ու խօսելու նրա հետ: Եւ այսպէս՝ լի ուրախութեամբ, նա վերադարձաւ իր տեղը:

 

*  Հայր Պիմէնն ասաց. «Մարդու կամքը պղնձէ պարիսպ է իր եւ Աստուծոյ միջեւ եւ գայթակղութեան քար: Բայց եթէ մարդը թողնի իր կամքը, կարող է ասել՝ իմ Աստուծով կ՚անցնեմ պարսպի վրայով: Իսկ եթէ պահի իր կամքը, նա մեծամեծ վշտերի մէջ կ՚ընկնի»: Ասաց նաեւ. «Անամօթութիւնը, աներկիւղ լինելը եւ յանդգնութիւնը մայր են բոլոր մեղքերի համար»:

 

* Մի եղբայր գնաց հայր Պիմէնի մօտ՝ նրա հետ խօսելու: Այնտեղ էին եւ ուրիշ հայրեր: Եղբայրը գովաբանում էր մէկին՝ ասելով. «Նա չարատեաց է»: Ծերը նրան հարցրեց. «Ի՞նչ է չարատեացութիւնը»: Եղբայրը զարմացաւ եւ չկարողացաւ պատասխանել նրան: Վեր կենալով՝ նա ընկաւ ծերի առաջ եւ խնդրեց սովորեցնել իրեն, թէ ինչ է չարն ատելը: Ծերն ասաց նրան. «Չարն ատելն այն է, երբ մէկն ատում է իր մեղքերը եւ արդարացնում ընկերոջը»: Եղբայրը դարձեալ հարցրեց. «Ինչպէ՞ս կարող է մէկն ազատուել ընկերոջը չարախօսելուց»: Ծերը նրան ասաց. «Մենք եւ մեր եղբայրները երկու պատկեր ենք: Երբ մարդը տեսնում է իր պատկերը եւ գարշում, այնժամ ընկերոջ պատկերը պատուական է երեւում, իսկ երբ մոռանում է իր պատկերի գարշութիւնը, այնժամ սկսում է քննել ընկերոջ պատկերը»: Եղբայրը հարցրեց. «Ի՞նչ պէտք է անեմ, երբ ձանձրոյթ գայ»: Ծերն ասաց. «Բոլոր բարի գործերում ձանձրոյթը դարան է դնում, եւ չկայ նրանից աւելի չար ախտ: Միայն Աստուծոյ սէրն ու երկիւղն են հեռացնում նրան»:

 

* Երբ հայր Պիմէնը լսեց, որ հայր Արսենիոսը ննջել է, ողբաց եւ ասաց. «Երանի՛ քեզ, հա՛յր Արսենիոս, որովհետեւ այս աշխարհում դու ողբացիր քո անձի համար: Քանզի ովքեր չեն ողբում իրենց համար, հանդերձեալում պիտի ողբան, կա՛մ այստեղ՝ կամաւոր, կա՛մ այնտեղ՝ ակամայ՝ տանջանքների համար»:

 

*  Հայր Յովհաննէսը պատմեց մեզ, որ հայր Անուբը, հայր Պիմէնը եւ նրանց միւս եղբայրները նոյն մօր ծնունդներ էին եւ միասին կրօնաւորներ եղան Սկիտէում: Եւ երբ եկան մասքութներն ու աւերեցին Սկիտէն, նրանք գնացին Տէրենութ կոչուած վայրը, մտան կուռքերի տաճար եւ մի քանի օր մնացին այնտեղ, մինչեւ բնակութեան վայր գտնէին: Հայր Անուբը հայր Պիմէնին ասաց. «Ես, դու եւ մեր եղբայրներն այս եօթ օրը իւրաքանչիւրս առանձին մնանք, հսկենք ու չտեսնենք միմեանց, մինչեւ Տէրը ցոյց տայ, թէ որտեղ պէտք է ապրենք»: Հայր Պիմէնն ասաց. «Կ՚անենք ինչպէս ասացիր»: Եւ իւրաքանչիւրն առանձնացաւ լռութեամբ: Այդ տաճարում կար կուռքի մեծ արձան: Առաւօտեան դէմ հայր Անուբը քարեր էր հաւաքում եւ մինչեւ երեկոյ դրանցով քարկոծում կուռքերի երեսները, իսկ երեկոյեան կուռքին ասում էր. «Թողութի՛ւն տուր ինձ, որ տրտմեցրի քեզ»: Անցան եօթ օրեր, եւ նա այդպէս արեց ամէն օր: Շաբաթ օրը դարձեալ հաւաքուեցին, եւ հայր Պիմէնը հայր Անուբին ասաց. «Տեսնում էինք քեզ, որ այս եօթ օրերին ամբողջ օրը քարերով հարուածում էիր այս կուռքերի երեսներին, իսկ երեկոյեան, գետնին ընկած, թողութիւն էիր խնդրում: Ինչպէ՞ս կարող է հաւատացեալ մարդը, առաւել եւս կրօնաւորը, ծնկի գալ կուռքի առջեւ եւ թողութիւն խնդրել նրանից»: Ծերը նրան ասաց. «Եղբայրնե՛ր, ես այդ արեցի՝ ձեզ օրինակ տալու համար: Երբ ես քարկոծում էի նրան, մի՞թէ նա խօսեց կամ բարկացաւ»:  Պիմէնն ասաց՝ ո՛չ: «Իսկ երբ ծնկի եկած թողութիւն էի խնդրում, մի՞թէ փոքր-ինչ շփոթուեց կամ ասաց, թէ չի ների»: Պիմէնն ասաց՝ ո՛չ: Ծերն ասաց. «Այդպէս էլ եթէ մենք՝ եօթ եղբայրներս, կամենում ենք միասին լինել, պէտք է լինենք այս քարեղէն կուռքերի նման, որոնք անարգանքներից եւ փառաբանումներից փոքր-ինչ չշփոթուեցին կամ չբարկացան: Իսկ եթէ չէք կամենում, ահա այս տաճարը չորս դռներ ունի, թող ձեզնից իւրաքանչիւրը գնայ, ուր որ կամենայ»: Այս լսելով՝ ընկան նրա ոտքերը եւ ասացին. «Ինչպէս կամենում ես, այնպէս էլ կ՚անենք եւ կը լսենք քեզ, ինչ էլ որ ասես»: Եւ հայր Պիմէնն ասում էր. «Մեր կեանքի բոլոր օրերին բնակուեցինք միասին, միմեանց հանդէպ խոնարհութեամբ, եւ անում էինք այն ամէնը, ինչ ասում էր ծերը: Մեզնից մէկին տնտես կարգեցինք, եւ ինչ որ նա դնում էր մեր առջեւ, այն էր մեր կերակուրը, եւ մեզնից ոչ ոք չէր համարձակւում այլ բան խնդրել կամ խօսել կամ էլ չուտել իր առջեւ դրուածը: Եւ մեր օրերն անցկացրինք խաղաղութեամբ, հանգստութեամբ եւ ուրախութեամբ»:

 

* Հայր Պիմէնը եղբօրն ասաց. «Բոլոր վշտերը, որ գալիս են քեզ վրայ, պիտի յաղթես խոնարհութեամբ եւ լռութեամբ, որովհետեւ չարը չարով չի հեռանում, իսկ եթէ մէկը քեզ չարիք պատճառի, դու նրան բարիք արայ եւ բարութեամբ յաղթիր չարին»:

 

* Եգիպտոսում կար մի ծեր, որն այդտեղ մեծ պատիւ ու անուն ունէր: Եղաւ, որ հայր Պիմէնը Սկիտէից գնաց այդտեղ, եւ այդ երկրի մարդիկ, թողնելով այն ծերին, եկան հայր Պիմէնի մօտ: Իսկ հայր Պիմէնը նեղուեց այդ բանից ու իր եղբօրն ասաց. «Մարդիկ մեզ ցաւ պատճառեցին, որովհետեւ թողնելով իրենց ծերին՝ դիմեցին մեզ: Եւ այժմ ինչպէ՞ս կարողանանք սփոփել ծերին»: Ապա եղբօրն ասաց. «Պատրաստէ՛ք մեզ կերակուր, առէ՛ք գինով լի անօթ, եւ գնանք նրա մօտ՝ ճաշակելու նրա հետ, որ գուցէ այս կերպով փարատենք նրան»: Իրենց հետ վերցրին կերակուրը, կէս լիտր գինի ու գնացին ծերի մօտ: Եւ երբ բախեցին դուռը, դուրս եկաւ ծերի աշակերտը եւ հարցրեց. «Որտեղի՞ց էք»: Ասացին նրան. «Ասա՛ ծերին, որ Պիմէնն է եկել, որ օրհնութիւն ստանայ քեզնից»: Եւ նա գնաց ու յայտնեց այն ծերին, իսկ նա պատուիրեց ասել. «Գնացէ՛ք, որովհետեւ ես զբաղուած եմ»: Բայց նրանք, տօթին կանգնած, ասացին. «Չենք գնայ այստեղից, մինչեւ չտեսնենք ծերին»: Երբ ծերը տեսաւ նրանց խոնարհութիւնն ու համբերութիւնը, զղջաց, նրանց առջեւ բացեց դուռը, եւ նրանք, ներս մտնելով, միասին ճաշակեցին: Եւ մինչ ուտում էին, ծերն ասաց. «Իրապէս ոչ միայն լսել էի ձեր մասին, այլեւ տեսայ ձեր գործերը, սէրը եւ խոնարհութիւնը»: Եւ միմեանց սիրելիներ եղան:

 

* Եղբայրների միաբանութիւնից մէկը մեղքի մէջ ընկաւ: Մօտակայքում կար մի մենակեաց, որը քառասուն տարի բնաւ դուրս չէր եկել իր սենեակից: Վանահայրը եկաւ սրա մօտ եւ պատմեց նրան մեղանչած եղբօր մասին, իսկ նա պատուիրեց արտաքսել նրան: Եւ երբ եղբայրն արտաքսուեց, գնաց-մտաւ անապատին մերձակայ անտառ եւ շատ օրեր դառնապէս լաց եղաւ: Եւ Աստուծոյ թելադրանքով մի քանի եղբայրներ գնում էին հայր Պիմէնի մօտ ու մինչ անցնում էին այն տեղով, ողբաձայն լսեցին: Մտան անտառի եղեգնուտը եւ գտան այն եղբօրը, որը մեծ տրտմութեան մէջ էր: Խնդրեցին նրան իրենց հետ գնալ հայր Պիմէնի մօտ, սակայն նա չկամեցաւ ու ասաց. «Ես այստեղ պիտի մեռնեմ»: Եղբայրները եկան հայր Պիմէնի մօտ եւ այն եղբօր մասին պատմեցին նրան, իսկ ծերն ուղարկեց նրան՝ եղբօրն իր մօտ բերելու համար: Եւ երբ եղբայրը եկաւ, ծերը, նրան սաստիկ տրտմած տեսնելով, վեր կացաւ, ուրախութեամբ ընդառաջ գնաց, սիրով համբուրեց նրան եւ խօսքերով իսկապէս մխիթարեց նրան: Եւ ապա եղբայրներից մէկին ուղարկեց այն մենակեացի մօտ ու պատուիրեց ասել. «Երկար ժամանակ է, որ կամենում էի տեսնել քեզ, որովհետեւ լսել էի քո մասին, բայց երկուսիս ծուլութեան պատճառով չտեսնուեցինք: Եւ այժմ Աստուծոյ կամքով առիթ է առաջացել: Ե՛կ ինձ մօտ, որ տեսակցենք միմեանց»: Եւ քանի որ նա բնաւ դուրս չէր եկել, չկամեցաւ գալ, բայց մտածեց. «Եթէ Աստուած չթելադրէր Պիմէնին, նա ինձ չէր կանչի»: Ապա ելաւ ու գնաց նրա մօտ, եւ ողջունելով միմեանց՝ նստեցին: Հայր Պիմէնը մենակեացին ասաց. «Մի գիւղում երկու մարդ կար, եւ նրանցից իւրաքանչիւրն իր առջեւ իր մեռելն ունէր: Նրանցից մէկը, թողած իր մեռելին, գնացել եւ ողբում էր իր ընկերոջ մեռելի համար»: Այս լսելով՝ մենակեացը հասկացաւ խօսքի իմաստը, յիշեց եղբօր հանդէպ իր արածը եւ ասաց. «Պիմէնը վերեւում՝ երկնքում է, իսկ ես՝ ներքեւում՝ անդունդների խորքերում»: Եւ ապաշաւելով յոյժ զղջաց, գնաց, ապաշխարեց արտասուքներով եւ այնուհետեւ սովորեց կշռադատել խոհեմութեամբ: Ապա խօսեցին վանահօր հետ եւ եղբօրը վերադարձրին իր սենեակը:

 

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

  1. Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
  2. Գիրք որ կոչի ”Հարանց վարք” ի հայրապետութեան լուսաւորչագահ աթոռոյն Էջմիածնի՝ տեառն Աստուածատրոյ սրբազան հովուապետի, տպեալ յամի ՌՃԿԹ: