ՍՈՒՐԲ ԲԱՐԹՈՒՂԻՄԷՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՎԱՐՔՆ ՈՒ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Առաքեալք Աստուծոյ սիւնք հաւատոյ կաթուղիկէ եկեղեցւոյ Քրիստոսի

Աստուծոյ երկնաւոր վարդապետին աշակերտք.

Բարեխօսեցէք շնորհել զխաղաղութիւն ամենայն աշխարհի:

Բարեկամք Քրիստոսի եւ հազարապետք աստուածային խորհրդոցն.

Ընդունողք զԲանն կենաց եւ լուսաւորիչք տիեզերաց.

Բարեխօսեցէք շնորհել զխաղաղութիւն ամենայն աշխարհի:

Դատաւորք ահեղ ատենին եւ դատապարտողք զՔրիստոս ոչ խոստովանողաց.

Աղաչեմք զձեզ բարեխօսեցէք շնորհել զխաղաղութիւն ամենայն աշխարհի:

Հայրատունկ այգւոյն հրեղէն պարիսպք եւ բարձր աշտարակ.

Ոսկեղէն բաժակք եւ ժիր մատռուակ.

Հայաստանեայց հայր հոգեւոր Թադէոս եւ Բարդուղիմէոս.

Բարեխօս լերուք առ Տէր վասն անձանց մերոց:

(Շարակնոց)

 

Ամբողջ Արեւելքում Քրիստոսի ճշմարիտ հաւատքը հաստատուեց Հայաստանեայց հոգեւոր հայր սուրբ Բարթուղիմէոս առաքեալի միջոցով, որը տասներկու ընտրեալ աշակերտներից մէկն էր: Նրան նաև Նաթանայէլ էին կոչում, որի համար Տէրը Գալիլեայի Կանա քաղաքում ասաց. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»[1]:

 

Արդ, թէպէտ իւրաքանչիւր ազգի մէջ սուրբ Բարթուղիմէոսի քարոզչութեան եւ նահատակութեան մասին կան բազմաթիւ պատմական աւանդութիւններ, սակայն մեր երկրի սեփական առաքեալի մասին առաւել կատարեալ եւ ընդունելի է այն աւանդութիւնը, որն ունենք հին «Ճառընտիր»-ներում, եւ որը միաձայն է Խորենացուն ու այլ պատմագիրներին:

 

Վերնատանը Սուրբ Հոգու իջնելուց յետոյ առաքեալներն սկսեցին խօսել այլեւայլ լեզուներով ու սփռուել ամբողջ աշխարհում՝ քարոզելու կենաց խօսքը եւ լուսաւորելու մարդկանց սուրբ աւազանից ծննդեամբ: Սուրբ Հոգու առաջնորդութեամբ եւ տեսչութեամբ երանելի Բարթուղիմէոս առաքեալը սուրբ Թովմաս առաքեալի ուղեկցութեամբ գնաց առաքելական ընտրութեամբ իրեն բաժին ընկած արեւելեան երկրները՝ սկսած Հայաստանից, Մարաստանից, Պարսկաստանից, ողջ պարթեւական երկրներից՝ մինչեւ Հնդկաստան, որտեղ քարոզելուց յետոյ վերադարձաւ Հայաստան:

 

Եւ եղաւ, որ իր առաքելութեան սկզբում նա անցաւ Հնդկաստանի սահմաններին մօտ գտնուող Եդեմ քաղաքով: Թովմասից բաժանուելուց յետոյ Բարթուղիմէոսը մտաւ քաղաքամէջ, նստեց մի աղբիւրի մօտ, որտեղ խաբէպատիր մոլար պաշտամունքի դիւթական ներգործութիւններ եւ դիւային երեւմունքներ էին լինում: Ըստ բնակիչների հեթանոսական առասպելաբանութեան՝ մարդիկ նուէրներ եւ զոհեր էին մատուցում աղբիւրին, եւ իբրեւ թէ այդ աղբիւրը, որին կոչում էին Նեղոսի դուստր, ինքնաբուխ է ու իր սնուցող զօրութեամբ բոլոր բոյսերի, տնկիների, սերմերի, ծառերի եւ ծաղիկների մայրն է:

 

Եւ մի օր, երբ քաղաքի բազմութիւնը հաւաքուել էր՝ թանկարժէք ընծաներով զոհ մատուցելու համար, դեւերը, ձայներ արձակելով, աղբիւրի ակունքից ջուրը պղպջակներով վեր էին մղում եւ ուժգին քամու ձայներ հանելով հրեղէն փայլատակումներ ցոյց տալիս: Այդ արհաւիրքներից վախեցած՝ ամբոխն աղաղակում էր իբրեւ թէ իրենց բարերար եւ պարգեւատու աստծուն, եւ ի պատիւ աղբիւրի՝ խառնաշփոթ մէկտեղ հաւաքուած տղամարդիկ եւ կանայք զազրելի զեռուների պէս վխտում ու խլրտում էին տղմուտ վայրերում:

 

Զարմացած նրանց մոլորութիւնից եւ աղտեղի գործերից՝ սուրբ առաքեալը համակուեց մեծ տրտմութեամբ: Ապա բազմութեան միջից երանելին մօտեցաւ աղբիւրին, հանեց իր թիկնոցը, պարզեց ընդդէմ աղբիւրի, աղօթեց Տէր Յիսուս Քրիստոսին եւ բարձրաձայն ասաց. «Թող այս ջուրը ցամաքելով ցամաքի եւ ամենեւին խոնաւութեան ուժ չունենայ»: Եւ յորդահոս աղբիւրի վտակն իսկոյն ցամաքեց ու եղաւ ապառաժ վէմի պէս: Որոտի ձայները եւ լոյսով կերպարանուած փայլերը կորան ու անհետացան, իսկ դեւերը, ճիչեր արձակելով եւ ողբալով, ասացին. «Ո՛վ Յիսուս Նազովրեցի, մինչեւ ե՞րբ պիտի Քո խաչով եւ Քո աշակերտներով վախեցնես մեզ ու հալածես բոլոր տեղերից»: Այնժամ սուրբ առաքեալը սաստեց նրանց՝ ասելով. «Ո՛վ պիղծ, դժնի, մարդատեաց դեւեր, արդարութեան թշնամինե՛ր եւ մոլորութեան վարդապետնե՛ր, ահա իմ Տէր Յիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ՝ չքուէ՛ք այս տեղից»: Եւ իսկոյն կորան, չքուեցին, սպառուեցին ու վերացան ինչպէս մոմը, որը չի կարող կանգնել կրակի առաջ: Այս տեսնելով՝ բազմակոյտ ամբոխն ահաբեկուած ընկաւ սուրբ առաքեալի ոտքերը, եւ նրանց մի մասն էլ, գնալով շրջակայ կողմերը, հռչակեցին այն մեծ ու զարմանալի գործը, որ եղաւ Բարթուղիմէոսի ձեռքով: Բոլորը եկան՝ տեսնելու կատարուած հրաշքն ու ապշեցին՝ տեսնելով ակնթարթօրէն ցամաքած աղբիւրը, որին վաղուց ի վեր ընծաներ էին մատուցում:

 

Բայց երբ քաղաքի բազմութիւնն սկսեց նեղուել ծարաւից, քարեր առնելով՝ կամեցաւ քարկոծել առաքեալին, սակայն հարուածեցին միմեանց ու մեռան: Յանդուգն եւ խառնիխուռն նետուած հարուածներից մեռաւ շուրջ երեսուն մարդ: Իսկ սուրբ առաքեալը մօտեցաւ մեռած մարդկանց, ձեռք դնելով աղօթեց նրանց համար, եւ ահա նրանց հոգիները վերադարձան իրենց ու կենդանացան: Տեսնելով այս՝ բոլորը սքանչացան, իւրաքանչիւրը շտապեց բերել պէս-պէս ցաւերով ու ախտերով տառապողներին, անդամալոյժներին, կոյրերին, կաղերին, լուսնոտներին ու այսահարներին, եւ սուրբ առաքեալը Տիրոջ անուամբ բժշկեց բոլորին: Այնուհետեւ ըստ կարգի՝ սկսեց քարոզել Մատթէոսի աւետարանը, որի օրինակն ունէր իր հետ, իսկ բազմութիւնը լսում եւ ուրախութեամբ ընդունում էր սուրբ աւետարանի քարոզութիւնը:

 

Ապա սուրբ առաքեալը գնաց քաղաքի ծայրամաս՝ դաշտային մի քարքարոտ վայր, աղօթեց այնտեղ եւ գոհացաւ Տիրոջից, որ բացեց մարդկանց միտքը՝ ընդունելու կենաց խօսքը: Խաչակնքեց բազմութեան առաջ եւ բարձրագոչ աղօթեց Աստծուն: Այնժամ ահեղ դղրդիւնով ճեղքուեց տեղանքը, եւ նոր աղբիւր բխեց յորդահոս ջրով ու քաղցրահամ վտակներով: Մարդիկ ուրախացան, իսկ նա, իջեցնելով նրանց ջրի մէջ, մկրտեց ու լուսաւորեց Սուրբ Հոգով: Կատարեց սուրբ պատարագի խորհուրդը եւ նրանց հաղորդ դարձրեց Աստուծոյ Որդու կենարար Մարմնին եւ Արեանը: Հաստատեց նրանց ճշմարիտ հաւատքի մէջ եւ եպիսկոպոսներ ձեռնադրեց այն մարդկանցից, որոնց կենդանացրել էր:

 

Ապա առաքեալը եկաւ մարերի եւ եղիմացիների մօտ: Չընդունուելով նրանց կողմից՝ նա չկարողացաւ այնտեղ նշաններ ցոյց տալ, բայց նրանցից քչերը, որոնց քարոզեց Մատթէոսի աւետարանը, աշակերտեցին նրան եւ մինչեւ իսկ թողեցին ամէն բան, ինչ որ կայ աշխարհում եւ գնացին առաքեալի յետեւից, ուր էլ որ գնում էր:

 

Եւ այնտեղից վերադառնալով՝ մտաւ ասորական Բուստրա քաղաքը, որը նոյն Կելեսիւրիա քաղաքն է եւ ահա տեսաւ, որ յուղարկաւորում էին մի պատանու, որը բուստրացիների Անդրոնիկոս հազարապետի տասներկուամեայ որդին էր: Նրան տանում էին մեծապէս ողբալով եւ արտասուքներ հեղելով: Առաքեալն իսկոյն մօտեցաւ, ձեռքը մեկնեց դագաղին եւ ասաց. «Ո՛վ պատանի, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով ասում եմ քեզ՝ վե՛ր կաց»: Եւ մեռելն իսկոյն ոտքի կանգնեց: Ողջ բազմութիւնը տեսաւ, որ հուր ցոլաց սուրբ առաքեալի բերանից եւ մտաւ պատանու բերանը, եւ նա կենդանացաւ: Այնժամ միաբերան աղաղակեցին եւ ասացին. «Մի աստուած է յայտնուել մեր մէջ»: Երիտասարդներն առաքեալին առան իրենց բազուկների վրայ, ուրիշներն էլ շտապեցին զոհեր եւ պատարագներ ընծայել նրան: Իսկ սուրբ առաքեալը խուսանաւեց նրանց ձեռքից եւ հեռացաւ ամբոխից՝ ասելով. «Ես ամենակալ Տիրոջ, Նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի եւ Սուրբ Հոգու ծառան եմ, Որի անուամբ կենդանացաւ այդ մեռած պատանին: Ես ուղարկուել եմ ձեզ մօտ՝ քարոզելու Արքայութեան աւետարանը, որպէսզի դուք, ընդունելով կենաց խօսքը, կեանք ունենաք եւ հեռանաք ձեր սնոտի պաշտամունքից, որին ծառայում էք տգիտութեան պատճառով»: Երեք օր հազիւ զսպեց ժողովրդին, որ իրեն զոհեր չմատուցեն եւ քարոզելով ճանաչեցրեց նրանց միակ ճշմարիտ Աստծուն՝ երկնքի եւ երկրի Արարչին:

 

Հազարապետն իր ամբողջ ընտանիքով ու ազգականներով հաւատաց Աստծուն: Առաքեալը մկրտեց նրանց, յարութիւն առած պատանուն սուրբ աւետարանչի անունով կոչեց Մատթէոս եւ ընծայեց Մատթէոսի աւետարանը, որն ունէր իր մօտ: Օրէցօր աւելանում էին ի Քրիստոս հաւատացեալների թիւը: Եւ յատկապէս նրանք, ովքեր տեսել էին պատանու յարութիւնը, յօժարութեամբ մկրտուեցին սուրբ առաքեալի ձեռամբ:

 

Այդ քաղաքում կային եօթ բագիններ, որոնց մէջ՝ մարդու նմանութեամբ ոսկէ, արծաթէ եւ պղնձէ ձուլածոյ կուռքեր ու քանդակներ կային Արէսի ու Արամազդի անուններով: Առաքեալի հրամանով հազարապետն աւիրեց դրանք եւ բաշխեց աղքատներին: Առաքեալը շատ հրաշքներ գործեց հիւանդների եւ ախտաժէտների վրայ ու այդ քաղաքից տեսնողներին ակնյայտ հալածեց դեւերին: Գործեց այնտեղ մի քանի տարի, Սեղան կանգնեցրեց եւ թողեցիր աշակերտներից մէկին՝ քահանայագործելու: Առաքեալը պատանի Մատթէոսին ձեռանդրութեան արժանացրեց իր առաքելական քարոզչութեան տասնութերորդ տարում, եւ կարծիք կայ, որ պատանին էլ այդժամ տասնութամեայ էր, երբ լցուեց Սուրբ Հոգով:

 

Այդ կողմերում սուրբ հաւատքը հաստատելուց յետոյ Բարթուղիմէոս առաքեալը ելաւ գնաց կրմանների երկիրը, որտեղ ամբողջ գաւառով մէկ տարածուել էր սուրբ առաքեալի ձեռքով կատարուած բազմաթիւ հրաշքների համբաւը: Ամէն օր նրա մօտ բերում էին բոլոր ախտաժէտներին, շատերն էլ նստում էին նրա անցնող ճանապարհներին, եւ բոլորը բժշկւում էին: Երբ կրմանների թագաւորը լսեց նրա անթիւ սքանչելիքների մասին, լցուեց սաստիկ խանդով՝ կարծելով, թէ Բարթուղիմէոսը կը շահի իր ժողովրդին, որի համար հրամայեց բռնել նրան եւ բանտարկել: Հինգ օր յետոյ իր մեծամեծների եւ կրմանների գլխաւոր իշխանների հետ նստեց ատեանում ու հրամայեց իր առջեւ բերել Բարթուղիմէոսին: Երբ գնացին՝ նրան բերելու, տեսան, որ բազմութիւնը շրջապատել էր տեղանքը, իսկ բանտից միջօրէի արեգակի պէս սաստիկ լոյս էր ծագում: Եկողներն ահաբեկուեցին եւ չհամարձակուեցին նրան տանել ատեանի առաջ ու խոշտանգումների վայրը: Նրանք վերադարձան եւ թագաւորին ու բոլոր ներկաներին պատմեցին մեծ սքանչելիքի մասին, որ տեսան:

 

Այնժամ բարկացած թագաւորն իր խորհրդակիցների հետ հրամայեց հրկիզել բանտը, որպէսզի այրուի նաեւ այնտեղ բանտարկուած առաքեալը: Իսկ նա բանտում գտնուելու բոլոր օրերին աղօթում էր, որ Աստուած գթայ Իր արարածներին, եւ նրանք հեռանան իրենց մոլորութիւններից: Եւ ահա, մինչ ատեանը չարիք էր նիւթում ընդդէմ սուրբի, յանկարծ հրացայտ փայլատակումով ահեղ որոտ եւ ճայթիւն եղաւ ամպերի միջից: Թագաւորն ու իր իշխանները կուրացան եւ ընկան, ապշեցին անպատմելի հարուածներից եւ անզգայացան: Բանտի դուռն ինքն իրեն բացուեց, եւ սուրբ առաքեալը դուրս գալով՝ տեսաւ նրանց ու խղճաց: Ձեռք դրեց իւրաքանչիւրի վրայ, եւ նրանք սթափուած, խելքի եկած ու առողջացած ոտքի ելան: Ապա սուրբից խնդրեցին, որ իր միջոցով Աստուած ողորմի իրենց, որովհետեւ իմացան, որ նա Աստուծոյ առաքեալն է, եւ այն հարուածները, որ եկան իրենց վրայ, նրա պատճառով եղան: Իսկ Աստուծոյ սուրբն ասաց. «Ում մօտ միայն մարմնի աչքերն են բաց, տեսնում են միայն այս աշխարհի եւ ոչ թէ ճշմարիտ լոյսը, որը լուսաւորում է մարդկանց հոգիները: Արդ, եթէ ընդունէք իմ խօսքերը եւ հաւատաք Աստուծոյ Միածին Որդու աւետարանի քարոզչութեանը, որ աւետարանում եմ ձեզ, կատարեալ առողջութիւն կը ստանաք այդ հարուածներից, որի համար խնդրում էք Տիրոջը իմ բարեխօսութեամբ: Դուք փրկութիւն կ՚ունենաք եւ կը լինէք անստուեր լոյսի ու յաւիտենական անանց կեանքի ժառանգորդները»: Նրանք պատասխանեցին. «Հաւատում ենք քո Աստծուն, որին դու քարոզում ես հաւատքով, միայն թէ փրկուենք, եւ դու լուսաւորես մեզ»:

 

Եւ առաքեալը, ինչպէս որ ամենուր, այդպէս էլ այդտեղ քարոզեց Մատթէոսի աւետարանը, ինչպէս նաեւ Եսայու մարգարէութիւնը՝ մեկնելով նրանց համար խորիմաստ ճառերը եւ Սուրբ Գրքի առակները ու յայտնելով, թէ մկրտութեան միջոցով պիտի լինի հոգիների եւ մարմինների փրկութիւնն ու բժշկութիւնը: Եւ թագաւորն ու մեծամեծներն ասացին նրան. «Քարոզի՛ր մեզ աւետեաց աւետարանը, ըստ որի կարող ենք մկտրութեամբ հասնել մեղքերի թողութեանը եւ երկնքի Արքայութեանը: Թող այն մեզ համար բժշութիւն լինի հասած հարուածներից: Արդ, մի՛ յապաղիր տալ մեր հոգու շահը փրկութեան համար: Այժմ մենք գիտենք, որ քո Աստուածը ճշմարիտ Աստուած է, եւ բացի Նրանից չկայ այլ մէկը: Մենք կը ծառայենք Նրան եւ կը հնազանդուենք»:

 

Այնժամ սուրբ առաքեալը տարաւ նրանց աղբիւրի մօտ, որն իջնում էր հարաւային կողմի ձորակից, իջեցրեց նրանց ջրի մէջ եւ մկրտեց: Բացուեցին նրանց աչքերը, եւ տեսան Սուրբ Հոգուն, որը յստակ լոյսով հանդարտ շրջում էր ջրերի վրայ, լուսաւորում իրենց եւ իբրեւ հանդերձ՝ զգեստաւորում լոյսով: Անմիջապէս Սեղան կանգնեցրեց ու կերակրեց նրանց երկնաւոր Հացով եւ Աստուծոյ Որդու Արեամբ: Ապա ձեռք դնելով՝ աղօթեց նրանց համար, որպէսզի նրանք, լուսաւորուած Սուրբ Հոգու լոյսով, հաստատուն մնան այն հաւատքի մէջ, որն ընդունեցին: Եւ նրանք խնդրում էին սուրբ առաքեալին մնալ իրենց մօտ եւ հովուել իրենց, որպէսզի անբաժան լինեն իրենից: Իսկ նա պատասխանեց. «Ես պէտք է աւետարանեմ նաեւ այլ քաղաքներում եւ գաւառներում, ինչպէս որ Քրիստոս ասաց. «Գնացէ՛ք բոլոր հեթանոսների մէջ եւ մկրտէ՛ք նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով"[2]: Արդ, Նա Ինքը՝ Քրիստոս, Որին հաւատացիք եւ լուսաւորուելով կնքուեցիք Նրա Հոգով, ձեզ հետ կը լինի: Եւ մի՛ անտեսէք Նրա այն հրամանը, որով մեզ յանձնարարեց քարոզել հեթանոսներին»: Եւ նրանք լսելով՝ հնազանդուեցին:

 

Բարթուղիմէոսն իր փոխարէն այնտեղ երէցներ կարգեց եւ ուղղուեց դէպի պարթեւների երկիրը՝ Պարսից սահմանների մօտ: Նրանց մօտ քարոզեց կենաց խօսքը, եւ պարթեւներից շատերը կատարուած հրաշքներով ու պէս-պէս բժշկութիւններով, որոնք ստացան սուրբ առաքեալի ձեռամբ, դարձան դէպի զօրութիւնների Տէրը: Այնտեղ լուսաւորելով շատերին՝ մտաւ պարսից՝ մոգերի երկիրը եւ ըստ սովորութեան՝ քարոզեց մատթէոսեան վարդապետութիւնը: Մոգերի առջեւ դրեց իրենց ուսմունքը եւ ցոյց տուեց արեւապաշտների ու կրակապաշտների մոգութեան խաբէպատիր մոլորութիւններն ու դիւային հնարքները եւ դրան հակառակ՝ ինչպէս գրում է Մատթէոսի աւետարանը, երկնքի շարժուող լուսատուի ուղիղ առաջնորդութիւնը, որով լուսաւորուեցին երանելի մոգերը եւ եկան Արեւելքից՝ երկրպագելու Քրիստոսին: Ապա գալով նրանց պաշտամունքի վայրը՝ կրակարան, սուրբ առաքեալն ընդդէմ կրակի եւ արեւի, որոնց պաշտում էին պարսիկները մոգութեան օրէնքով, Տիրոջ անուամբ եւ Տիրամօր պատկերի զօրութեամբ ցոյց տուեց նշան, որի մասին գրում է Մովսէս Խորենացին Սահակ Արծրունուն ուղղուած թղթում եւ շարահիւսում իր խօսքերը՝ ըստ «Ճառընտիր»-ի հետեւեալ պատմութեան:

 

«Բարթուղիմէոս առաքեալը, - ասում է, - տասներկուսից մէկը, Կոյսի վերափոխման ժամանակ մէկտեղ հաւաքուած առաքեալների հետ չէր, որովհետեւ Տիրոջ կամքն էր, որ այդպէս լինէր: Նա Թովմասի հետ Հնդկաստան էր գնացել: Եւ երբ յետոյ նա եկաւ առաքեալների մօտ, որ Գեթսեմանում սուրբ Կոյսի թաղման երրորդ օրն էր, ստիպեց նրանց ցոյց տալ իրեն աստուածային գանձը՝ ամենօրհնեալ Կոյսի մարմինը: Նրանք, յօժարելով կատարել իրենց եղբօր փափագը, բացեցին սուրբ գերեզմանը, եւ այն թափուր գտան աստուածակիր մարմնից: Եւ հիանալով իմացան, որ երեք օր յետոյ, երբ դադարել էին հրեշտակների օրհնութիւնն ու սաղմոսերգութիւնները, սուրբ մարմինը փոխադրուել է նոյն հրեղէն դասերի միջով: Ապա Բարթուղիմէոսը սաստիկ վշտացաւ, որ չկարողացաւ տեսնել սուրբ Կոյսին ու չլսել նրա վերջին օրհնութիւնները, ինչպէս որ Տիրոջ միւս առաքեալները եւ աշակերտները, ու ոչ էլ գերեզմանի մէջ գտաւ նրան, որից աւելի ու աւելի տրտմեց: Երանելի առաքեալներն, այս տեսնելով ու իրենց եղբօրը մխիթարել կամենալով, տուեցին նրան Տիրամօր պատկերը, որն իր մէջ բնակուող զօրութիւն ունէր: Այն կիպարիսէ փայտի վրայ նկարուել էր Յովհաննէս աւետարանչի կողմից, նաեւ դրուել էր Տիրամօր երեսին, օրհնուել եւ սրբուել հաւատացեալների մխիթարութեան եւ հիւանդների բժշկութեան համար: Այն վերցնելով՝ Բարթուղիմէոսն ուրախացաւ եւ նայում էր պատկերին՝ այն կենդանի համարելով: Ապա Սուրբ Հոգու հրամանով շտապ ուղեւորուեց Հայաստան, որովհետեւ Հայոց Արտազ գաւառում Սանատրուկ թագաւորը սպանել էր Թադէոս առաքեալին: Եւ նա, Հայաստան գալով եւ հաստատելով Թադէոսի աշակերտներին, ինչպէս նաեւ տեսնելով Սանատրուկի խստասրտութիւնը, գնաց մոգերի եւ պարսիկերի երկիրն ու հասաւ նրանց թագաւորութեան մայրաքաղաքը, որն այժմ նրանց լեզուով Խորասան է կոչւում: Կրակարանի մէջ հրեղէն լոյս կանգնեցրեց եւ սուրբ պատկերը արեգակի դէմ պահելով՝ կասեցրեց նրա ճառագայթներն ու վեց ժամ խաւարեցրեց»:

 

Խորենացու այս խօսքերը հեռու չեն «Ճառընտիր»-ի խօսքերից, որ ասում է. «Բարթուղիմէոսը բարձրացրեց իր ձեռքերը դէպի Արեւելք՝ ընդդէմ արեգակի, որին պաշտում էին մոգերը, կանգնեցրեց նրան եւ մինչեւ օրուայ վեցերորդ ժամը խաւարեցրեց նրա ճառագայթները: Երկնքից նշան երեւաց. սաստիկ ահաբեկելով եւ ապշեցնելով հրեղէն սիւն կանգնեց կրակարանի մէջ՝ ի յանդիմանութիւն նրանց մոլորութիւնների»:

 

Խորենացին ամփոփելով գրում է. «Եւ ոչ ոք չհաւատաց, բացի այն ութ մոգերից, որոնք երկրպագեցին Փրկչին եւ գալով մկրտուեցին առաքեալի կողմից եւ որոնց իր հետ դուրս բերեց ամբարիշտների միջից ու բերեց Հայաստան»: Եւ այս նոյնն աւանդում է նաեւ մեր «Ճառընտիր»-ը:

 

Որքան էլ մեծ սքանչելիքներ եւ զարմանալի նշաններ եղան երկնքից, սակայն նրանք չերկիւղեցին եւ չհեռացան տարերքներին երկրպագելուց, որի մէջ մոլորուել էին սնոտի առասպելաբանութեամբ եւ սնապարծութեամբ՝ բացի այն ութ հոգուց, որոնց առաքեալը լուսաւորեց եւ դուրս բերեց խուժադուժ ազգի կորստեան մատնուածներից: Ապա անցաւ գնաց Հայոց Գողթն գաւառը եւ Սուրբ Հոգու հրամանով շտապեց հասնել Թադէոսին վիճակ հասած բաժնին, որոնք են Գողթն, Աղբակ եւ Նախիջեւան գաւառները՝ ոչ հեռու Արտազ գաւառից եւ այնտեղ քարոզեց կենաց խօսքը: Եւ նրանք, ընդունելով ուրախութեամբ եւ մեծ յօժարութեամբ, հնազանդուեցին ու լուսաւորուեցին աւազանի մկրտութեամբ: Այնժամ առաքեալն այնտեղ թողեց երեք երէցներ, որ մոգերից էին ու աշակերտել էին իրեն: Եւ Աստուած մեծ զօրութիւններ էր գործում բոլոր այն տեղերում, որտեղով անցնում էին նրանց ոտքերը: Շատերին սնոտի պաշտամունքից դարձնում էին դէպի Տէրը, եւ առաքելական շնորհները նրանց հետ էին:

 

Ինչպէս «Ճառընտիր»-ն է ասում, եւ որը կրկնում են նաեւ այլ պատմագիրները, Սանատրուկ թագաւորի քսանիններորդ տարում սուրբ Բարթուղիմէոս առաքեալը, որին Աստուած ընտրել էր հեթանոսների մէջ առաքելութեան համար, Սուրբ Հոգու հրամանով եկաւ Հայաստան: Եւ Թովմասին, որ եօթանասուն աշակերտներից մէկն էր, ըստ իր առաջնորդական վերակացութեան գրեց, որ անուշադրութեան չմատնի՝ քարոզելու Արքայութեան աւետարանը Թադէոս առաքեալի փոխարէն: Եւ սուրբ առաքեալը եկաւ Արտաշի (կամ Արտաշատի) բլուրը, հանդիպեց Յուդա Յակոբեանին (այն է՝ Զեբէոսին, որ Թադէոս անուանուեց), որ տասներկուսից մէկն էր, իրենց հանդիպած տեղում կանգնեցրին տէրունական Խաչի նշանը եւ ապա մեծ ուրախութեամբ բաժանուեցին միմեանցից:

 

Յուդան գնաց, իսկ Բարթուղիմէոսը շրջեց Հայոց Հեր եւ Զարեւանդ գաւառներում, ուր հրաշքներ եւ սքանչելիքներ գործեց հիւանդների վրայ, բազում դեւեր հանեց, լուսաւորեց շատերին, մխիթարեց սուրբ աւետարանի վարդապետութեան խօսքով եւ հաւաստիք ստացաւ, որ հաստատուն կը մնան հաւատքի մէջ, որ ընդունեցին: Եւ իրապէս հաւատարիմ եղան: Ապա իւրաքանչիւրի վրայ ձեռք դնելով՝ նրանց յանձնեց Աստուծոյ շնորհներին:

 

Այս ժամանակամիջոցի մասին են Խորենացու միւս խօսքերը, որ Տիրամօր պատկերը առաքեալի ձեռամբ Հոգեաց վանքում դնելու մասին են, երբ սուրբ առաքեալը շրջում էր Անձաւացեաց աշխարհի Հեր եւ Զարեւանդ գաւառներում: Խորենացին այսպէս է գրում. «Եւ գալով Անձաւացեաց աշխարհ՝ լսեցին մի վէմի մասին, որում բազում դեւեր էին բնակւում ու խաբում տեղի մարդկանց: Այնտեղ նրանց ախտաւոր յուռութքներ էին տալիս՝ ախտալից պղծութիւններ անելու համար եւ կռաձայն դարբինների ահարկու հրաշքներով արհաւիրքներ գործում, որոնց այդ երկրի մարդիկ սովորած լինելով՝ դեգերում էին քուրայի շուրջը եւ պատրող ախտերի թարախածոր ծրարներ վերցնում չաստուածներից, ինչպէս որ Կիպրիանոսի ծրարներն էին՝ Յուստինէ կոյսին պատրելու համար: Եւ այդ տեղի անունը «Դարբնաց քար» էին կոչում: Այնտեղ հասնելով՝ Աստուծոյ սուրբ առաքեալը հալածեց չարի գործակից դարբիններին եւ փշրեց կուռքերը, որոնք Անահիտի անունով էին: Դեւերի բազմութիւնը, ժողովուելով հիւսիսային կողմի բարձր լերան վրայ, անթիւ քարեր էին նետում եւ սաստիկ ձայներ, ճիչեր ու գոչիւններ արձակում: Իսկ սուրբ առաքեալը տեառնագրեց մի փոքր խաչ, այն կանգնեցրեց լերան քարի վրայ, եւ դեւերն իսկոյն չքուեցին: Յետագայում սուրբ Գրիգորիոս հայրապետը, մինչեւ այս աշխարհից հեռանալը, շրջում էր այդ առաքելական խաչով, իսկ ժամանակներ անց այն դրուեց Հայոց Տրդատ արքայի գերեզմանին:

 

Եւ այն տեղը, ուր դեւերն էին, գտնւում է ժայռերի լեռնամիջում՝ Տիգրիս կոչուող մեծ գետի ափին՝ Կանգուար կոչուող ամուր բերդի եւ Ագռաւաց քար կոչուող մէկ այլ բերդի մօտ: Գարնանն այդ ամրոցի լեռներից բազում ջրեր են հոսում, գալիս անցնում են Տիրուհու տաճարի հիմքի մօտով եւ խառնուելով օժանդակում Տիգրիս մեծ գետին: Այնտեղ սուրբ առաքեալն, իր ձեռքով դնելով Սրբուհու տաճարի հիմքը, շինեց փոքր եկեղեցի, այն կոչեց սուրբ Աստուածածնի անուամբ եւ նրա մէջ դրեց Տիրուհու պատկերը: Այն յանձնեց սուրբ կանանց եւ առաջնորդներ նշանակեց Յուսիկի քրոջը եւ Որմզդատի ու Մաքովտրի քրոջը, եւ այլ կանանց էլ նրանց ձեռքի տակ դրեց: Շինեց վանքի խցեր ու պատուիրեց հոգալ հաւատացեալների համար: Իր աշակերտներից մէկին քահանայ կարգեց եւ տեղն անուանեց Հոգեաց վանք՝ Տիրամօր եւ սուրբ Կոյսի անունով, որովհետեւ այդ տեղում Աստուած բազում սքանչելիքներ էր գործում սուրբ Կոյսի միջոցով»:

 

Սուրբ առաքեալը գնաց՝ աւետարանելու Հայաստանի վերին շրջաններում ու նահատակուեց Ուրբանոս քաղաքում: Եւ ահա «Ճառընտիր»-ը Հեր եւ Զարեւանդ գաւառներում  Բարթուղիմէոսի քարոզչութեան մասին գրելուց յետոյ պատմում է սուրբի նահատակութեան հետեւեալ պատմութիւնը: «Եւ ինքը՝ առաքեալը, - գրում է, - եկաւ Հայոց Ուրբանոս քաղաքը: Նրա մօտ էին գալիս պէս-պէս ցաւերից ու տանջանքներից տառապողները, եւ նա բժշկում էր բոլորին ու լուսաւորում սուրբ աւազանի մկրտութեամբ: Սանատրուկ թագաւորի քոյրը՝ Ոգուհին, որն Աբգարի քրոջ դուստրն էր, լսեց նրա մասին, իւրայինների հետ ծածուկ եկաւ նրա մօտ եւ նրանից լսելով կենաց խօսքը՝ հաւատացին Տէր Յիսուս Քրիստոսին: Ապա հագաւ կուսութեան հանդերձը, հրաժարուեց աշխարհի փառքից եւ աշակերտելով առաքեալին՝ շրջեց նրա հետ:

 

Իմանալով եղելութեան մասին՝ թագաւորն արիւնարբու կատաղի գազանի պէս զայրացաւ եւ ուղարկեց Տերենտիոս հազարապետին: Եւ երբ թագաւորի հրամանով հազարապետը եկաւ նրա մօտ ու տեսաւ Աստուծոյ սուրբին, շարժուեց գութը նրա հանդէպ, իսկ առաքեալն սկսեց քարոզել Արքայութեան աւետարանը: Եւ Տէրը բացեց նրա միտքը՝ ընդունելու սուրբի խօսքերը: Նա տառապում էր բորոտութեան ախտով: Սուրբ առաքեալը գիշերը մկրտեց նրան, եւ ահա լուսաւոր ամպը հովանի եղաւ այն տեղին, եւ հրեղէն լոյսը շրջափակեց սրբարար աւազանը: Մկրտութեան ջրից ելնելիս՝ նրա վրայից ընկաւ ծառի կեղեւի ու որթի տերեւի պէս կոշտացած մաշկը, եւ իբրեւ հանդերձ՝ զգեստաւորուեց լոյսով: Եւ տեսնելով կատարուած սքանչելիքը՝ շատերը հաւատացին Տիրոջը:

 

Եւ երբ սքանչելիքի մասին լուրը հասաւ թագաւորին, անասելի բարկութեամբ զայրացաւ առաւել եւ շտապեց զօրքով հանդերձ ուղարկել մէկ ուրիշ նախարարի՝ նրան բերելու եւ իսկոյն վերջ տալու համար: «Եւ մի՛ թուլացէք, - ասաց, - երկար մի՛ մնացէք ու մի՛ լսէք նրա խօսքերը»: Եւ սուրբ առաքեալին կոյսի, հազարապետի եւ այլ աշակերտների հետ տարան ատեանի առաջ: Թագաւորի հրամանով վեց հոգի փշոտ մահակներով մօտ մէկ ժամ տանջեցին սուրբ առաքեալին: Ոմանք ասում են, թէ նախ նրան մորթազերծ արին եւ ապա ծեծեցին մահակներով: Եւ կարծելով, թէ նա մեռած է, քարշ տալով գցեցին քաղաքից դուրս, բայց սուրբ առաքեալը ողջ էր իր Տիրոջ զօրութեամբ, Որին հաւատացել էր:

 

Այսպէս երեք ժամ ընկած մնաց: Նրա շուրջը մեծ բազմութիւն էր հաւաքուել քաղաքից եւ բոլոր սահմաններից: Երեք ժամ անց, երբ նա ձեռքը շարժեց, նրան ձեռք մեկնեցին, եւ նա ելաւ ու ուղիղ նստեց: Տարածեց ձեռքերը դէպի երկինք եւ աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր Աստուած, Հա՛յր մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Թադէոսի, Թովմասի, Յուդայի եւ իմ՝ Բարթուղիմէոսիս խնդրանքով, որ հոգ տարանք այս երկրի համար, ձեռքից բաց մի՛ թող այս ժառանգութիւնը, եւ թող նա չոտնահարուի թշնամու կողմից: Տո՛ւր ողորմութեան շնորհը, որպէսզի սրանք, որ զուր եւ անտեղի մոլորուել են անհաւատութեան ու տգիտութեան պատճառով, հեռանան սնոտի կուռքերի երկրպագութիւնից: Տո՛ւր սրանց հովիւ եւ առաջնորդ, որպէսզի ճանաչեն Քեզ՝ որպէս միակ ճշմարիտ Աստուծոյ, որ առաքեցիր Յիսուս Քրիստոսին: Ընդունի՛ր ինձ եւս եւ պահի՛ր Քեզ հաւատացողներին»»: Երբ այս ասաց, տեղանքը շարժուեց, եւ ահա լուսեղէն կամարը եկաւ ու կանգնեց սուրբի վրայ: Եւ նա, դէպի վեր՝ երկինք նայելով, աւանդեց հոգին, եւ անուշահոտ բուրմունք տարածուեց: Սուրբ Թադէոս առաքեալը, որ շատ տարիներ առաջ էր երկինք փոխուել, մարմնաւոր տեսքով ընդառաջ եկաւ սուրբ Բարթուղիմէոս առաքեալի հոգուն, եւ միասին գնացին երկնային այն նոյն ճանապարհով, որտեղից եկաւ Աստուծոյ սուրբ Թադէոսը: Եւ ահ պատեց բոլորին: Այդ օրը հաւատացին շուրջ երկու հազար հոգի: Բոլորը փառաւորում էին Աստծուն կատարուածի համար: Կամարաձեւ լոյսը սուրբ առաքեալի մարմնի վրայ մնաց տասներկու օր:

 

Սանատրուկ արքան սրի քաշեց երանելի Ոգուհուն, հազարապետին եւ նրանց հետ շատերին: Հաւատացեալները վերցրին սուրբ առաքեալի մարմինը, ինչպէս նաեւ միւս վկաների մարմինները եւ նոյն տեղում հանգստարան փոխադրեցին, որովհետեւ չէին դադարում երկրաշարժը, որոտները եւ մեծ արհաւիրքները: Եւ երբ ոստիկանները, դահիճներն ու անհաւատներն աճապարելով փախուստ տուեցին, այնժամ քրիստոնեաներն, ազատ լինելով, կարողացան ամփոփել սուրբ նշխարները: Երբ որոտ էր լինում, խուլերը լսում էին եւ բուժւում, կոյրերը, տեսնելով փայլատակումները, լուսաւորւում էին, համրերը խօսում էին, եւ առհասարակ բոլորը բժշկուեցին իւրաքանչիւր ախտից: Նրանք հաւատացին մեր Տէր Յիսուս Քրիստոսին սուրբ Բարթուղիմէոս առաքեալի միջոցով, որը թէ՛ իր կենդանութեամբ եւ թէ՛ իր մահուամբ բազմաթիւ հոգիների լուսաւորութեան պատճառ եղաւ:

 

Եւ հաւատացեալները, միաբան ձեռքերը վեր բարձրացրած, միաբերան փառաւորում էին մեր Տէր Յիսուս Քրիստոսին, Որին Հօր եւ Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

ՍՈՒՐԲ ԲԱՐԹՈՒՂԻՄԷՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԸ

 

Թէոդոս Կրտսեր կայսեր եւ Պարսից կրակապաշտ Յազկերտ արքայի օրօք կար մի մարդ Մարութա անունով, որ թարգմանաբար նշանակում է «աշխարհի տէր»: Նրա հայրն ազգութեամբ ասորի էր, իսկ մայրը՝ հայ: Բարեպաշտ ծնողների զաւակ էր, իսկ կոչումով՝ եպիսկոպոս: Յոյժ սրբասէր էր եւ առաքինի, հին եւ նոր կտակարանների գիտակ եւ առաքինի վարքի նախանձախնդիր, որի համար արժանանալով երկնային շնորհներին՝ բժշկում էր հիւանդներին:

 

Նա խնդրեց Թէոդոս կայսրին մարտիրոսների քաղաք շինել Ծոփքի Նփրկերտ[3] գաւառում, որն այժմ Մուքարղին է կոչւում, եւ այնտեղ հաւաքեց մարտիրոսների բազմաթիւ նշխարներ, որոնք գտաւ Հայոց եւ Պարսից երկրներում ու Ասորիքում: Գտաւ երկու հարիւր եւ ութսուն հազար նշխարներ ու պահեց քաղաքի պարսպի մէջ, որը շինեց վկաների անունով: Ապա գնաց որոնելու սուրբ Բարթուղիմէոս առաքեալի նշխարները: Փնտռեց տասներկու օր  եւ գտաւ նրա նահատակութեան վայրը: Եւ քանի որ սուրբ առաքեալի նշխարները պահուած էին եկեղեցու բեմի ներքեւում, ու նա չէր կարող կատարել իր ցանկութիւնը, ուստի իր հետ եղող երկու ճգնասէր այրերի հետ տասներկու օր ապաւինեց անսուաղ պահեցողութեանն ու աղօթքներին: Նա խնդրում էր Քրիստոսին, որ առանց խռովքի մատնելու տեղաբնակներին եւ Հայոց աշխարհին, կատարի իր սրտի փափագը: Եւ Տէրը լսեց նրա աղօթքները: Տասներկու օր յետոյ յանկարծ գիշերուայ մէջ տեղանքը շարժուեց ու ճեղքուեց, եւ երեւաց աստուածային գանձը: Լոյս էր ծագում ճեղքուած տեղից, եւ լոյսի հետ անուշ բուրմունք տարածւում: Իսկ երանելի Մարութայ եպիսկոպոսը մեծ երկիւղով եւ ուրախութեամբ փռեց իր փիլոնը, մեկնեց ձեռքն ու հաւաքեց սուրբ նշխարները՝ տեղում թողնելով որոշ մասունքներ եւ առաքեալի աջը: Առաջուայ պէս ծածկեց տեղը եւ Աստուծոյ հոգածութեամբ ու սուրբ առաքեալի կամքով այդ մասին ոչ ոք չիմացաւ: Եւ գիշերուայ մէջ իսկոյն դուրս եկան Բարմայից, այսինքն Աղբակից, եւ ինչպէս երազում, նոյն պահին Աստուծոյ հրեշտակների առաջնորդութեամբ եկան Մուքարղին: Եւ երբ մտան քաղաք, պայծառ լոյս ծագեց եւ սաստիկ անուշահոտ բուրմունք տարածուեց, որից ամբողջ քաղաքը ողողուեց լոյսով եւ անուշահոտութեամբ: Ամբողջ քաղաքի բազմութիւնը, քնից վեր թռչելով, անուշահոտութեան յետեւից եւ լոյսի շարժման հետ հասան եկեղեցի, տեղեկացան կատարուած եղելութիւններին, եւ թէ ինչպէս յանկարծահաս յաջողուեց նրանց ճանապարհը: Այնժամ մեծ հիացմունքով փառաւորեցին Աստծուն՝ այդ բարիքները Պարգեւողին, որոնցով շատերը բժշկւում էին իրենց ցաւերից: Եւ մինչեւ արեւի ծագելը լոյսը հետզհետէ նուազեց: Իսկոյն ոսկով եւ արծաթով տապան շինեց, ուր դրեցին սուրբ առաքեալի նշխարները: Ոսկէ տապանը դրեցին մարմարէ քարին եւ այդպէս ամփոփեցին աստուածային գանձը: Եւ մեծ ուրախութեամբ այդ օրը տօն հռչակեցին ի փառս Քրիստոսի:

 

Քո ընտրեալ առաքեալների եւ կենաց խօսքիդ քարոզիչների խնդրանքներով Քրիստո՛ս Աստուած, ողորմի՛ր այս գիրը ստեղծողին. ամէն:

Քրիստոնէութիւնը Հայաստանում տարածել է 60-68 թուականներին:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Բարթուղիմէոս առաքեալի յիշատակը տօնում է սուրբ Թադէոս առաքեալի հետ՝ Յիսնակի առաջին կիրակիին յաջորդող շաբաթ օրը:

[1] Յովհ. Ա 47:

[2] Մատթ. ԻԸ 19:

[3] Նփրկերտը գաւառ է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում: