ՍՈՒՐԲ ԱԲՐԱՀԱՄԻ ԵՒ ԽՈՐԷՆԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Ժողովեալքս ի յիշատակ սրբոց մարտիրոսացն. միաբանութեամբ երգելով.

Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ:

Քանզի հեղմամբ արեան սոցա պարտեցաւ թշնամին.

Եւ մեծարեալ պարծի Սիոն երգելով.

Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ:

Դասակցելոցն ընդ զօրս վերին զուարթնոցն՝

Յիշատակաւ բերկրեալ ի սրբութիւն սոցա երգեսցուք.

Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ:

(Շարակնոց)

 

Հայաստանեայց եկեղեցու պարծանք այս երկու սքանչելի սուրբ երէցները եւ հաւատքի մէջ միմեանց լծակիցները սուրբ Ղեւոնդեանց քահանաների աշակերտներից էին եւ սպասաւորում էին նրանց, երբ Ապար աշխարհի Նիւշապուհ քաղաքի բանտում նրանք նեղութիւններ էին կրում: Երբ սուրբ Ղեւոնդեաններին գաղտնաբար քաղաքից դուրս տարան՝ սպանելու, արքունի վերակացու եւ ոստիկան Դենշապուհն աշակերտներին զատեց վարդապետներից եւ Աբրահամին, Խորէնին ու այլոց շղթայակապ պահել տուեց Նիւշապուհի ապարանքում, մինչեւ արքունիքից հրաման ելնելը: Այնուհետեւ սուրբ վարդապետների նահատակութիւնից յետոյ՝ Տիրոջ 454 թուականին, հրաման եկաւ, որ նրանք արձակուեն իրենց կապանքներից եւ ազատ գնան, ուր որ կամենան: Այնժամ երանելի Խորէն եւ Աբրահամ երէցները եկան արքունի վերակացու Դենշապուհի մօտ եւ բողոքեցին՝ ասելով. «Երբ դու մեր հոգեւոր տէրերին ու վարդապետներին Նիւշապուհ քաղաքից առար ու տարար, մենք կամենում էինք նրանց ուղեկից լինել, բայց դու բռնութեամբ հրամայեցիր մինչ այժմ խիստ հսկողութեամբ պահել մեզ: Արդ, եթէ նրանց տարել էք մի օտար երկիր եւ անդարձ հեռացրել, ապա բարի եղէք եւ ասէ՛ք մեզ, որպէսզի մենք էլ գնանք ու անվերադարձ միանանք նրանց: Մենք պատրաստ ենք ապրել ու մեռնել այնտեղ, միայն թէ արժանանանք նրանց տեսութեանը: Իսկ եթէ սպանէք նրանց Քրիստոսի անուան համար, ապա մեզ համար եւս նոյն հրամանը տուէք, որովհետեւ առաւել պատուական եւ մեծարգոյ ենք համարում այդպիսի մահը, քան աշխարհի փառքն ու հարստութիւնը»: Դենշապուհը հրապարակում հաւաքուած բազմութեան հետ զարմացաւ նրանց աներկիւղ համարձակութեան վրայ եւ ասաց. «Ձեր վարդապետների ճանապարհը ոչ ոք ցոյց չի տայ, իսկ ձեզ համար պիտի հարցնենք արքաների արքային, որովհետեւ միայն նա իրաւունք ունի տալ ցանկացած հրաման ձեր մասին»:

 

Եւ ներս մտնելով՝ Դենշապուհը Հազկերտ թագաւորին յայտնեց երանելի երէցների բոլոր խօսքերն ու խնդրանքները: Թագաւորն ասաց. «Եթէ ոչ ոք վնասակար չի համարում նրանց, եւ եթէ ոչ ոք բողոք չունի նրանց դէմ, ապա թող նրանք յանձն առնեն երկրպագել արեգակին ու պաշտել կրակին: Այնժամ մեծամեծ պարգեւներ կը ստանան մեզնից եւ ազատ կ՚արձակուեն՝ գնալու իրենց երկիրը: Իսկ եթէ յանձն չառնեն հնազանդուել մեր հրամանին, ապա կը պատուհասուեն խեղանդամ դառնալով, կը գնան Ասորեստան եւ մինչեւ իրենց կեանքի վերջը կը ծառայեն արքունի մշակների հետ»:

 

Դենշապուհը եկաւ եւ երանելի Խորէնին ու երանելի Աբրահամին յայտնեց թագաւորի հրամանը: Այս լսելով՝ պատուական քահանաները միաբերան պատասխանեցին. «Յանուն Քրիստոսի անուան մենք պատրաստ ենք ոչ միայն խեղանդամ դառնալ, այլեւ խոշտանգուել ու մեռնել: Իսկ որ ասացիր երկրպագենք արեգակին, ապշած ենք ձեր մոլորութեան վրայ, տրտմած ենք ու խռովքի մէջ: Խնդրում ենք Աստծուց, որ սթափուէք այդ անգիտութեան թմրութիւնից, իսկ մենք չենք նմանուի ձեզ եւ Արարչին թողած՝ չենք երկրպագի արարածներին»:

 

Լսելով այս աներկիւղ պատասխանը՝ Դենշապուհը կանչեց արքունի դահճապետին, որպէսզի նա կատարի թագաւորի հրամանը: Եւ դահճապետը բոլոր բանտարկուածներին դուրս բերեց Նիւշապուհ քաղաքից, առանձնացրեց Խորէնին ու Աբրահամին եւ նախ միւս աշակերտներին ու հինգ ասորի քրիստոնեաներին հարցրեց, թէ հնազանդւո՞ւմ են թագաւորի հրամաններին: Եւ նրանք յանձ չառան երկրպագել արեգակին ու առաւել հաստատուեցին Քրիստոսի հաւատքի մէջ: Այնժամ տանջեց նրանց գանահարութեամբ, կտրեց նրանց քթերն ու ականջները եւ ապա ուղարկեց Ասորեստան՝ արքունիքում ծառայութիւն անելու համար: Եւ նրանք գնացին մեծ ուրախութեամբ, ասես թէ մեծ պարգեւ ստացած լինէին թագաւորից:

 

Ապա դահճապետը Խորէնին եւ Աբրահամին առանձին կանչեց ատեանի առջեւ եւ ասաց նրանց. «Ի՞նչ են ձեր անունները»: Նրանցից մէկը պատասխանեց եւ ասաց. «Ծնողներս ինձ Խորէն են կոչել, իսկ նրան՝ Աբրահամ, բայց ըստ շնորհատուր կարգի՝ մենք Քրիստոսի ծառաները եւ այն երանելիների աշակերտներն ենք, որոնց դուք սպանեցիք»: Դահճապետն ասաց. «Իսկ այժմ ձեր գործն ի՞նչ է, եւ կամ թէ ո՞վ է ձեզ այստեղ բերել»: Սուրբ Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Արժան էր, որ այդ մասին իմանայիր մեր վարդապետներից, որովհետեւ նրանք հասարակ մարդիկ չեն, այլ՝ երէցներ ու հայրապետներ, ըստ արժանւոյն ունէին բաւականին մեծ հայրենի ստացուածք եւ սպասաւորներ, որը մեզ նման, որն էլ մեզնից առաւել: Նրանք դաստիարակել եւ ուսուցանել են մեզ, եւ մենք եկել ենք նրանց հետ, որովհետեւ մեր աստուածատուր օրէնքները պատուիրում են սիրել նրանց որպէս սուրբ ծնողների եւ ծառայել նրանց որպէս հոգեւոր տէրերի»:

 

Դահճապետը բարկացաւ ու ասաց. «Խօսում ես անխրատ եւ աներկիւղ ստամբակների պէս: Մինչ խաղաղութեան մէջ ու ձեր երկրում էիք, ամէն բան լաւ էր, բայց երբ նրանք արքունի գործերում քրէական յանցանքով մեղապարտ եղան եւ մահապարտ համարուեցին իրենց գործերով, ամենեւին արժան չէ, որ դուք նրանց մօտ գնաք: Չէ՞ք տեսնում, որ երբ այս մեծ բանակում նախարարներից կամ սպասաւորներից մէկը բանտ է նետւում, սգոյ հանդերձ է հագնում եւ ամբողջովին առանձնանալով՝ միայնակ նստում: Որեւէ մէկն ամենեւին չի համարձակւում նրանց մօտ գնալ, մինչդեռ դու՝ որպէս թէ անմեղ մարդու աշակերտ, խօսում ես այդպէս պարծենալով»: Խորէնը պատասխանեց եւ ասաց. «Ո՛չ ձեր այդ կարգն է անիրաւ, եւ ո՛չ էլ մերը՝ սուտ: Յանցաւոր նախարարը, որը մեղանչել է թագաւորի հանդէպ, ումից պարգեւ է ստացել, պէտք էր այնպէս հպատակուէր նրան, որ իր ունեցած պատուի վրայ այլ մեծամեծ պարգեւներ ստանար նրանից: Արդ, քանի որ այդպէս չի արել, նրան ձախողակի հակառակ բաներ են պատահել: Եւ եթէ մեր վարդապետներն էլ Աստուծոյ հանդէպ յանցաւոր լինէին եւ կամ թագաւորի հանդէպ մեղանչած լինէին, այնժամ մենք էլ նոյն կերպով կը վարուէինք նրանց հանդէպ. ո՛չ մեր երկրում նրանց մօտ կը գնայինք եւ ո՛չ էլ նրանց յետեւից այս օտար երկիրը կը գայինք: Բայց քանի որ նրանք երկուստէք արդարութեամբ են ապրել, դուք յանիրաւի սպանեցիք նրանց, եւ այժմ մենք առաւել եւս պիտի սպասաւորենք նրանց ոսկորներին»:

 

Դահճապետն ասաց նրանց. «Ես սկզբից ասացի, որ դու շատ յանդուգն մարդ ես: Ահաւասիկ պարզ եղաւ, որ դուք խառն էք ձեր վարդապետների բոլոր յանցանքների մէջ»: Աբրահամն ասաց. «Ո՞ր յանցանքի»: Դահճապետն ասաց. «Նախ մոգերի մահուան եւ ապա մնացած բոլոր յանցանքների մէջ»: Աբրահամն ասաց. «Այդ ոչ միայն մեզնից է, այլ ձեր կարգի եւ ձեր օրէնքների համաձայն է, որովհետեւ թագաւորները հրաման են տալիս գլխաւորներիդ, իսկ դուք գործում էք ձեր սպասաւորների ձեռքով»: Դահճապետն ասաց. «Երդւում եմ Միհր աստուծով, որ դու աւելի խիստ ես խօսում, քան քո վարդապետները: Դրանից երեւում է, որ դուք նոյնիսկ աւելի վնասակար էք: Արդ, դուք չէք կարող փրկուել մահից, եթէ չերկրպագէք արեգակին եւ չհնազանդուէք մեր կրօնի օրէնքներին»: Խորէնն ասաց. «Մինչ այժմ չարախօսում էիր իբրեւ մարդ, բայց այժմ վայրահաչում ես անպիտան շան պէս: Եթէ արեգակն ականջներ ունենար, դու նրան քեզ նախատել կը տայիր: Բայց նա բնութեամբ անզգայ է, իսկ դու քո չարութեամբ աւելի անզգայ ես, քան նա: Ե՞րբ տեսար, որ մենք աւելի նուաստ ենք, քան մեր հայրերը: Մի՛ փորձիր մեզ խօսքերով, այլ հանդէս բեր քո չարութիւնն ու մեր բարութիւնը: Թող ամօթահար լինի քո հայր սատանան ոչ միայն մեզնից, որ աւելի կատարեալ ենք, այլ նրանից, ով քեզ խիստ փոքր է թւում, որովհետեւ հէնց նա էլ սատիկ վէրքեր կը հասցնի քո հոգուն եւ մարմնին»:

 

Դահճապետն այս խօսքերից սաստիկ բարկացաւ եւ հրամայեց նախկինից աւելի շատ գետնաքարշ անել նրանց: Եւ այնքան սաստիկ գետնաքարշ արին, որ շատերը կարծեցին, թէ նրանք մեռան: Բայց երբ երեք ժամ անցաւ, երկուսով սկսեցին խօսել ու ասել. «Քիչ ենք համարում այս անարգանքները, եւ ոչինչ են մեր մարմնի ցաւերը՝ Աստուծոյ սիրոյ համեմատ, որով նահատակուեցին մեր հոգեւոր հայրերը: Հապա կանգ մի՛ առ եւ մի՛ դադարիր, այլ ինչ որ արեցիր նրանց, նոյնն արա՛ եւ մեզ: Եթե նրանց գործերը քեզ չարագոյն են թւում, ապա մերը կրկնակի համարիր, որովհետեւ նրանք պատուիրում էին խօսքով, իսկ մենք կատարում էինք ու պիտի կատարենք գործով»: Այնժամ էլ աւելի զայրացաւ նրանց վրայ ու հրամայեց մահուչափ գանահարել նրանց: Նրանցից իւրաքանչիւրի վրայ վեց դահիճներ փոխարինեցին միմեանց: Եւ մինչ կիսամեռ ընկած էին գետնին, հրամայեց կտրել երկուսի ականջները: Եւ այնպէս խոր կտրեցին, որ կարծես երբէք իրենց տեղում չէին եղել:

 

Ապա սաստիկ հարուածներից սթափուեցին ինչպէս քնից եւ սկսեցին աղաչելով խնդրանքներ մատուցել ու ասել. «Աղաչո՛ւմ ենք քեզ, թագաւորի քա՛ջ զինուոր, կա՛մ սպանիր մեզ, ինչպէս մեր հայրերին, կա՛մ պատժիր մեզ այս վերջինների նման: Քանզի ահա մեր ականջներն ապաքինուեցին երկնաւոր անախտութեամբ, իսկ մեր հոտոտելիքները դեռեւս իրենց տեղում են՝ ցաւերի ու չարչարանքների մէջ: Թող կիսատ չլինեն երկնային բարիքներից ստացած մեր պարգեւները: Դու սրբեցիր մեր մարմինները՝ գետնաքարշ անելով եւ մեր ականջները՝ կտրելով: Սրբի՛ր նաեւ մեր հոտոտելիքները՝ կտրելով մեր ռունգերը, որովհետեւ որքան տգեղացնես մեր հողեղէն մարմինները, այնքան կը գեղեցկացնես մեր հոգիները»:

 

Դահճապետը մեղմօրէն պատասխանեց նրան ու ասաց. «Եթէ ես երկար մնամ ձեզ մօտ, կարծում եմ, որ ինձ եւս կը դարձնէք ձեր յամառութեան աշակերտը: Արդ, յայտնում եմ ձեզ թագաւորի կամքը: Ձեզ պատժելու եղած հրամանն այդքան էր, իսկ այդ պատժից յետոյ դուք պէտք է գնաք Ասորեստան եւ այնտեղ ծառայութիւն անէք արքունի գործերում, որպէսզի ձեզ տեսնողները չյամառեն ու հնազանդուեն թագաւորի հրամաններին»: Երանելիներն ասացին նրան. «Դու մեր այս երկիրը[1] կիսատ թողեցիր: Արքունի երկրում մենք չենք կարող աշխատել կէս մարմիններով»: Այս լսելով՝ դահճապետը նրանց տանող զինուորներին ասաց. «Առէք ու տարէք դրանց, միայն թէ երբ Ասորեստան հասնէք, թողէք որ գնան, ուր կը կամենան»:

 

Ինչպէս գրում է դէպքերի ականատես սուրբ Եղիշէն, ահա սրանք են հայոց կատարեալ խոստովանողները, որոնք ուրախութեամբ կրեցին խեղութիւն ու չարչարանք, բայց քանի որ զրկուեցին սուրբ մահից, ամբողջ երկար ճանապարհը գնացին սգով ու տրտմութեամբ: Նրանց ծանր չէին թւում ոտքերի ու ձեռքերի կապանքները, այլ ցաւում էին, թէ ինչո՞ւ արժանի չեղան հաւասարուելու քաջ նահատակներին:

 

Երբ նրանց տարան հասցրին բաբելացիների երկրի մի գաւառ, որ Շահուղ էր կոչւում, թէպէտ նրանք արքունի պատժի ներքոյ էին, սակայն թէ՛ յայտնապէս եւ թէ՛ ծածուկ մեծ ընդունելութիւն գտան Ասորեստանի քրիստոնեայ բնակիչների կողմից: Նրանք ուախութեամբ ընդառաջ էին գալիս երանելիներին եւ պատւում նրանց որպէս սուրբ նահատակուածների նշխարների: Սակայն երանելիներն, այնուամենայնիւ, տրտում էին, մտածում էին, թէ քիչ աշխատեցին եւ շատ հանգստացան ու շարունակ այդ մտատանջութեան մէջ էին:

 

Տեսնելով այդ երկրի հաւատացեալների յօժարութիւնը, որոնք առատապէս հոգում էին իրենց կարիքները՝ յորդորեցին առաւել հոգ տանել կապուած նախարարների համար, որոնք գտնւում էին Ապար աշխարհի Նիւշապուհ քաղաքի բանտում: Եւ քանի որ իրենք ազատութեան մէջ էին, յանձն առան Ասորեստանից մինչեւ Ապար աշխարհ տանել նրանց անհարժեշտ կարիքները, որովհետեւ ցանկանում էին տեսնել նախարարների սուրբ կապանքներն ու ծառայել նրանց մարմնաւոր կարիքներին: Այս բանն իմաց տուին այդ երկրի մեծամեծներին, որոնք քրիստոնէական նոյն սուրբ ուխտի մէջ էին: Եւ բոլոր մեծամեծերն ու փոքրերը հաւանութիւն տուին սրան: Նրանք յայտարարեցին ամբողջ երկրում, որ բոլորը համաձայն լինեն մարմնաւոր պիտոյքներ հայթայթելու միջոցով մասնակից լինել սուրբ կապուածներին, որոնք հեռաւոր օտարութեան մէջ էին:

 

Եւ այսպէս ամէն տարի ժողովում էին իւրաքանչիւր մարդու կարողութեան համեմատ՝ որի՛ց քիչ եւ ո՛րից շատ, եւ տալիս էին երանելիներին՝ նրանց հասցնելու համար: Եւ այսպէս սուրբ երէցները ծառայեցին նրանց, մինչեւ որ լրացաւ արքունի մշակութեան եւ կապուած նախարարներին ծառայութեան տասը տարին:

 

Եւ քանի որ խիստ պահեցողութեան մէջ էին այն շօգ երկրում եւ անդադար ճանապարհորդում էին նոյն Շահուղ, Մեշտով եւ Քաշկար երկրներում, ինչպէս նաեւ ամբողջ Ասորեստանում եւ Խուժաստանում, սուրբ Խորէնը խորշակահար մեռաւ սաստիկ տօթից, եւ այդ երկրի բնակիչները սուրբ վկաների հետ ամփոփեցին նրան Ասորեստանում:

 

Իսկ երանելի Աբրահամը շարունակ նոյն առաքինի գործն էր կատարում. շրջում ու հաւաքում էր Ասորեստանի հաւատացեալների բոլոր տուրքերը եւ տանում էր մեծ հեռաստանն ու անձամբ բաժանում՝ ըստ իւրաքանչիւրի կարիքի: Եւ այսպէս շարունակուեց շուրջ երկու տարի՝ մինչեւ բանտարկուածների տասներկուերորդ տարին: Ապա նախարարներն խնդրեցին երանելուն, որ իրենց համար յանձն չառնի այդ երկար ճանապարհորդութիւնները, այլ համաձայնուի գնալ Հայոց աշխարհ,  մխիթարի իրենց ընտանիքներին, որպէսզի իր մէջ տեսնեն իրենց սուրբ կապանքներն ու չարչարանքները, ինչպէս նաեւ այն քաջ նահատակներին, որոնք նահատակուեցին սրով: «Երբ ամենաչարչար խոստովանողդ եւ կենդանի մարտիրոսդ ոտք դնի Հայոց երկիր, - ասացին, - քեզնով կ՚օրհնուի ամբողջ երկիրը, կ՚աճեն մանուկները, կը սթափուեն եւ կը սրբանան երիտասարդները, կ՚իմաստնանան նրանց ծերերը, իշխանները կը սովորեն մարդասիրութիւն, Աստծուց գութ կ՚ընկնի թագաւորի սիրտը՝ ամբողջ երկիրը շէնացնելու եւ նրան խաղաղութիւն տալու համար: Քեզնով կը պարծենան եկեղեցիներն իբրեւ կատարեալ եւ քաջ զինուորով, կը զարդարուեն վկայարանները, իսկ վկաները կը ցնծան ու կը բերկրեն: Աւարայրի դաշտը պայծառանալով՝ ծաղիկներով կը լցուի ոչ թէ անձրեւաբեր ամպերից, այլ նահատակների սուրբ արիւնով եւ նրանց ցիրուցան եղած սուրբ ոսկորներով: Երբ բազմավաստակ ոտքդ դնես պատերազմի լայնատարած տեղերն ու շրջես, ամբողջ աշխարհը նորից կենդանութիւն կ՚առնի: Գիտենք, որ երբ քեզ տեսնեն Հայոց աշխարհի բոլոր միայնակեացները, կը յիշեն պատերազմող հոգեւոր խմբերին, որոնք իրենց անձը մեր փոխարէն մահուան մատնեցին եւ հեղեցին իրենց արիւնը՝ իբրեւ հաշտութեան զոհ Աստծուն: Քեզնով կը յիշեն այն սուրբ քահանաներին, որոնք սրախողխող արուեցին օտարութեան մէջ եւ իջեցրին թագաւորի սաստիկ բարկութիւնը: Քեզնով թերեւս յիշեն մեր կապանքները եւ աղօթելով խնդրեն Աստծուն, որ գերութիւնից դառնանք դէպի մեր հայրենի երկիրը»:

 

Եւ այս ամէնը կատարուեց ըստ նրանց հաւատքի, քանզի երբ մեծ թախանձանքներով ստիպեցին երանելի Աբրահամին, առան Խոստովանողի համաձայնութիւնը, որովհետեւ սուրբը բնաւ սովորութիւն չունէր բարուն ընդդէմ գնալ: Ապա հաւատացեալները, որոնք երաշխաւորութեամբ իրենց տները եւ ունեցուածքը գրեցին արքունիքի վրայ՝ մինչեւ կեանքի վերջ նրա հարկի դիմաց, իրենց վրայ առան արքունի աշխատանքները, այնժամ երանելին ազատ արձակուեց եւ եկաւ Հայոց աշխարհ:

 

Իսկոյն նրան ընդառաջ ելան մեծերն ու փոքրերը, տղամարդիկ եւ կանայք, իշխանների եւ շինականների ամբողջ բազմութիւնը: Ընկնում էին սուրբի առաջ, փաթաթւում նրա ոտքերին ու ձեռքերին եւ ասում. «Օրհնեա՛լ է Տէր Աստուած բարձունքներում, որ մեզ համար երկնքից հրեշտակ ուղարկեց՝ յարութեան աւետիս բերելու համար, որպէսզի Արքայութեան ժառանգներ լինենք: Քանզի քո մէջ կերպարանք առած տեսնում ենք յարութեան յոյսով աշխարհից հրաժարուած անձանց եւ արձակման յոյս ունեցող կապուածներին: Քո մէջ տեսնում ենք մեր երկրի շինութիւնը խաղաղութեամբ, քեզնով մեր եկեղեցիները ցնծում են եւ բերկրում, եւ քեզնով մեր սուրբ վկաներն անդադար կը բարեխօսեն Աստծուն մեզ համար: Օրհնի՛ր մեզ, սո՛ւրբ հայր, բացայայտ խօսի՛ր մեզ հետ օրհնութեամբ, որպէսզի մեր հոգիների մէջ ծածուկ լսենք սուրբերի օրհնութիւնները: Դու ճանապարհ հարթեցիր բոլոր նրանց համար, ովքեր փափագում էին գալ իրենց երկիրը: Խնդրի՛ր Աստծուց, որ նրանք շուտով գան սուրբ կարապետիդ յետեւից: Եւ ինչպէս որ բաց արեցիր երկրի արգելուած ճանապարհը, երկնքում էլ բացիր մեր աղօթքների դուռը, որպէսզի մեր՝ մեղաւորներիս պաղատանքները հասնեն Աստծուն: Քանի դեռ այս մահկանացու մարմինների մէջ ենք, թող տեսնենք նաեւ մեր անձկալի սիրելիներին, ինչպէս որ տեսանք քո երանելի սրբութիւնը: Արդ, հաւատում ենք այն անսուտ յոյսին, թէ շուտով պիտի տեսնենք Քրիստոսի ճշմարիտ վկաներին, որոնց երկնանման տեսքին շարունակ փափագում ենք»:

 

Թէպէտ ամբողջ երկիրն այսպիսի սիրով ընդունեց երանելի Խոստովանողին, սակայն նա իր համար ընտրեց բազմամբոխ ժողովրդից մեկուսի մի վայր եւ երեք առաքինի եղբայրների հետ մեծ ճգնութեամբ անցկացրեց իր կեանքը:

 

Սուրբ Եղիշէն գրում է. «Դժուար թէ մէկը կարողանայ պատմել նրա առաքինի վարքի մասին: Քանզի եթէ ասես նրա տքնութեան մասին, ապա կանթեղի նման անշէջ վառւում էր երկար գիշերներ: Եթէ ասես նրա ժուժկալութեան մասին, գրեթէ նմանւում էր անկերակուր հրեշտակներին: Եթէ ասես հեզութեան ու խոնարհութեան մասին, նրա նմանը չես կարող գտնել, իսկ եթէ ասես անընչասիրութեան մասին, ապա ինչպէս որ մեռած մարդը չի խաբուի կահկարասիով, այդպէս էլ ճշմարտութեամբ իմացիր երանելու մասին: Շարունակ պաշտամունք էր մատուցում անդադար ձայնով եւ անհատնում աղօթքով խօսում Աստուծոյ հետ բարձունքներում»:

 

Եւ այսպիսի հրեշտակային առաքինութիւնների համար չէր նկատւում սուրբի ականջատ լինելը՝ որպէս թերութիւն: Առաւելը՝ այն համարւում էր որպէս կատարեալ խոստովանողական ճգնութեան նշան: Ինչպէս գրում է Ղազար Փարպեցին, նա ձեռնադրեուց Բզնունեաց աշխարհի եպիսկոպոս եւ բազում մարդկանց բարի գործերի ուսուցիչ եղաւ, իսկ Եղիշեն շարունակում է իր գովասանքները եւ ասում. «Նա աղ եղաւ անհամացածների համար եւ շարժիչ խթան հանդիսացաւ բոլոր ծոյլերի համար: Նրանով պախարակուեց ագահութիւնը, նրա շնորհիւ սաստիկ ամաչեցին շուայտութիւնն ու որկրամոլութիւնը: Նրանով առողջացաւ մեր Հայոց աշխարհը, եւ նրա շնորհիւ բազում վիրաւորներ աննկատ առողջութիւն գտան: Նա կատարեալ վարդապետ եղաւ իր վարդապետների համար եւ խրատատու սուրբ հայր՝ իր հայրերի համար: Նրա համբաւից տգետներն իմաստնացան, իսկ նրան մօտիկ տեսնելուց անամօթները զգաստացան: Մարմնով բնակւում էր մի նեղ խցի մէջ, սակայն նրա սրբութիւնը հասնում էր թէ՛ հեռաւորներին, թէ՛ մերձաւորներին: Դեւերը զարհուրեցին ու փախան նրանից, իսկ հրեշտակները իջան եւ բնակուեցին նրա հետ: Յոյները նրա պատճառով երանի տուին Հայոց աշխարհին, եւ շատ բարբարոսներ փափագեցին տեսնել նրան: Նա սիրելի եղաւ Աստուծոյ սիրելիներին եւ ճշմարտութեան թշնամիներից շատերին առաջնորդեց դէպի սուրբ սէրը: Իր առաքինութեան սկիզբը դրեց հէնց մանուկ հասակից եւ նոյն առաքինութեամբ հասաւ մինչեւ իր կեանքի վերջը: Ինչպէս որ չմտաւ աշխարհի՝ սուրբ ամուսնութեան կարգի մէջ, այնպէս էլ չմտաւ աշխարհի ապականութեան եւ մարմնաւոր կարիքների մէջ: Եւ պէտք է պարզապէս ասել, որ մարմնաւոր կարիքները փոխանակեց հոգեւորի հետ եւ այդպէս էլ խոր ծերութեան մէջ երկրից երկինք փոխադրուեց, որին արժանանանք մենք եւս մեր Տէր Յիսուս Քրիստոսով: Նրան փառք յաւիտեանս. ամէն»:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Աբրահամի եւ Խորէնի յիշատակը տօնում է Յիսնակաց պահքի Ե Կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը՝ անարծաթ սուրբ բժիշկներ Կոզմայի եւ Դամիանոսի հետ:

 

[1][1] Հողեղէն մարմինը: