Իմաստութիւն երկնային իջեալ ի վերուստ.
Ժողովել զընտրեալսն ի սկզբանէ զյիմարս աշխարհի.
Եւ լցեր լուսով Քո իմաստութեան.
Հալածել սոքօք զխաւարն անգիտութեան ի մէնջ.
Աղաչանօք սոցա խնայեա ի մեզ. մարդասէր Փրկիչ:
Ի ծովու ճանապարհորդեալ անհետ ընթացիւք.
Ի ծովակէ կոչեցեր զորսորդս անբանից կենդանեաց ի մահ,
Զի ի ծովէ աշխարհի որսայցեն զբանականքս ի կեանս.
Աղաչանօք սոցա խնայեա ի մեզ. մարդասէր Փրկիչ:
Բանաւոր երկրի՝ մշակդ երկնային.
Որ ետուր զսերմն կենաց ի լեզուս բանին մշակայ.
Եւ առաքեցեր սերմանել յոգիս բանաւորաց.
Աղաչանօք սոցա խնայեա ի մեզ. մարդասէր Փրկիչ:
(Շարակնոց)
Աշակերտների մէջ անուանին եւ ընտրեալ դասի մէջ երեւելին՝ Անանիա սուրբ առաքեալը, Քրիստոսի եօթանասուներկու աշակերտներից մէկն էր: Միաժամանակ համարւում է նաեւ սուրբ Պետրոս եւ Անդրէաս առաքեալների աշակերտը եւ նրանց գործակիցը շատ գործերում, մինչեւ որ հաւատքի Վէմի՝ սուրբ Պետրոսի կողմից եպիսկոպոս ձեռնադրուեց Դամասկոսում՝ նրա ծննդավայրում: Անանիան փառահեղ էր մարմնով, սակայն յոյժ հեզ եւ մեղմ էր սրտով՝ լի Աստուծոյ Հոգով եւ զգաստ իր բոլոր գործերում: Սուրբ Ղուկաս աւետարանիչը «Գործք Առաքելոց»-ում կատարելապէս գովաբանում է նրան ու պատմում, թէ ինչպէս Տէրը երեւաց նրան եւ մտերմաբար պատուիրեց գնալ ու գտնել Սօղոսին, որը Դամասկոս էր եկել: Հրամայեց մկրտել այդ ընտիր անօթին՝ Սօղոսին, որը եւս տեսիլքով տեսել էր Անանիային ու սպասում էր նրան, որպէսզի բժշկէր իրեն հոգու եւ մարմնի կուրութիւնից: Պատմում է, թէ ինչպէս Անանիան որդիական համարձակութեամբ Տիրոջից խնդրեց եւ ստացաւ իր տարակոյսների լուծումը, ընդ որում բոլորի համար երկիւղալի էր Սօղոսի անունը: Եւ ապա տիրաբար գնաց, քարոզեց նրան ու Սօղոսին Պօղոս դարձրեց: Ձեռք դնելով՝ լուսաւորեց նրա խաւարած աչքերը, մկրտեց նրան եւ զօրացրեց՝ ճշմարտութեան քարոզիչ լինելու համար:
Մեծն Անանիան ճանաչուած է որպէս հեթանոսների վարդապետի աստուածապարգեւ վարժապետ եւ նրա բոլոր չարչարանքների պտուղներին հաղորդակից: Այս պատճառով Երուսաղէմում Պօղոսն ինքը հազարապետի ատեանում եւ բոլոր հրեաների առաջ պարծանքով պատմում էր Անանիայի միջոցով իր դարձի մասին՝ ասելով. «Անանիա անունով մի մարդ՝ երկիւղած ըստ օրէնքի եւ վկայուած Դամասկոսում բնակուող բոլոր հրեաների կողմից, եկաւ կանգնեց ինձ մօտ ու ասաց. "Սաւո՛ւղ եղբայր, վերե՛ւ նայիր": Եւ ես իսկոյն դէպի վեր՝ նրան նայեցի: Նա ինձ ասաց. "Մեր հայրերի Աստուածն ի սկզբանէ ընտրեց քեզ, որ ճանաչես Նրա կամքը, տեսնես Արդարին ու լսես Նրա ձայնը, որպէսզի բոլոր մարդկանց մօտ Նրա վկան լինես այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր: Արդ, ինչո՞ւ ես յապաղում, վե՛ր կաց, մկրտուի՛ր եւ լուա՛ քո մեղքերը՝ Նրա անունը կանչելով»[1]: Այսքանը Սուրբ Գրքից, իսկ ահա թէ ինչ են աւանդում վկայաբանները:
Արդ, թէպէտ սուրբ Անանիա առաքեալի Աթոռը Դամասկոսում էր, ուր կային ոչ քիչ աշակերտներ եւ հաւատացեալներ, սակայն նա, երկար տարիներ հալածուելով հրեաների եւ հեթանոսների կողմից, աւետարանը յաճախ քարոզում էր նաեւ Ասորիքի ու Պաղեստինի շրջակայքում՝ Քրիստոսի անուամբ հրաշքներ գործելով: Պատահեց, որ քարոզչութեամբ Ելեւթերուպօլսում (թարգմանաբար նշանակում է «ազատ քաղաք») եւ նրա բնակավայրերում շրջելիս կռապաշտները, որոնք բնակւում էին Յորդանանի արեւմտեան կողմում գտնուող Բեթագոր աւանում, բռնեցին նրան եւ կանգնեցրին տեղի Ղուկիանոս անունով դատաւորի առջեւ, որը մի այր էր՝ խիստ թշնամի Քրիստոսի անուանը եւ չաստուածների պաշտամունքի յոյժ ջատագով, որոնց պաշտում էին կայսրերը: Սա նախ սկսեց քաղցրութեամբ խօսել սուրբ Անանիա առաքեալի հետ եւ ասել. «Ո՛վ մարդ, տեսնում եմ, որ դու սքանչելատես, իմաստուն եւ հանճարեղ մէկն ես: Այժմ եթէ լսես ինձ, մեծ բարիքների կը հանդիպես: Հապա մօտեցի՛ր եւ զո՛հ մատուցիր աստուածներին ու չարչարանքների մատնուելով՝ քեզ կորստեան մի՛ մատնիր»: Սուրբ Անանիան պատասխանեց նրան ու ասաց. «Ես կուռքերին զոհ չեմ մատուցի եւ խուլ ու համր աստուածներին չեմ երկրպագի, որոնք դեւերի բնակարաններ են: Ես երկրպագում եմ ճշմարիտ Աստծուն՝ իմ Տէր Յիսուս Քրիստոսին, Ով մեզ համար գիտութեան լոյս եղաւ, եւ Ում մեր իսկ աչքերով տեսանք, որովհետեւ Նա Մարմնով աշխարհ եկաւ ու ազատեց մեզ կուռքերի մոլորութիւնից: Նրա համար ես պատրաստ եմ տանջանքների ու մահուան եւ չեմ թողնի ճշմարտութիւնը՝ մոլորուելով ու խաբէութեանը յետեւլով»:
Դատաւորը բարկացաւ եւ ասաց. «Ինձ թւում է, որ յոյս դնելով փառահեղ մարմնիդ եւ զօրութեանդ վրայ, համարձակւում ես դէմ կանգնել տանջանքներին, բայց իմաստութիւնդ քեզ անմտութեան է տանում»: Ապա դառնալով դահիճներին՝ ասաց. «Մերկացրէ՛ք դրան ու չարաչար հարուածէ՛ք»: Իսկ առաքեալը, աչքերն ու ձեռքերը երկինք բարձրացնելով, ասաց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, զօրութիւնների՛ Աստուած, թող երբէք թշնամին ինձ չգցի իր որոգայթի մէջ, այլ թող արժանի լինեմ չարչարուել Քեզ համար եւ զարդարուել Քո պսակով՝ համադասուելով Քո ընտրեալ աշակերտների հետ թէ՛ կեանքով եւ թէ՛ մահուամբ»: Այնժամ վայրի դահիճները չոր արջառաջլերով անողորմ հարուածեցին սուրբի թիկունքին, իսկ մունետիկն աղաղակում էր. «Հնազանդուի՛ր դատաւորին եւ զո՛հ մատուցիր հզօր աստուածներին»: Սուրբը ոչինչ չէր պատասխանում եւ լցուած Քրիստոսի սիրով՝ արհամարհում էր մարմնի ցաւերը: Դատաւորը դարձեալ սկսեց ողոքիչ խօսքերով հրապուրել նրան, սակայն անպատկառութեան համար կշտամբուելով սուրբի կողմից՝ հրամայեց կախել նրան փայտից ու երկաթէ քերիչներով մինչեւ ոսկորները քերել նրա մարմինը եւ ջահերով այրել վէրքերը:
Մինչ երանելին այս տանջանքների մէջ էր, դատաւորը նրան ասաց. «Մինչեւ երբ չես հնազանդուելու եւ չես մեծարելու անմահ աստուածներին, որոնց ինքնակալն է պաշտում»: Անանիան պատասխանեց. «Ինչո՞ւ ես ստիպում ինձ խոսել սնոտիների եւ մեռելոտի գարշելիների մասին, որոնք մարդկանց ձեռքի փայտեղէն, քարեղէն եւ պղնձէ գործեր են: Ինչպէ՞ս չես տեսնում բանականների անմտութիւնը, որոնք պատւում են անխօս եւ անշունչ արարածներին, իրենց ձեռքով ստեղծածներին արարիչ են համարում եւ յոյս դնում նրանց վրայ»: Այնժամ ամօթահար դատաւորը հրամայեց քաղաքից դուրս տանել նրան ու քարկոծել, իսկ սուրբ առաքեալը նահատակութեան պահին աղօթեց՝ ասելով. «Ո՛վ թագաւորների Թագաւոր եւ տէրերի՛ Տէր, որպէս Քեզ ընդունելի պատարագ՝ ընդունի՛ր իմ զոհաբերութիւնը Քո սուրբ անուան փառքի համար»: Եւ այդպէս աւանդեց իր հոգին, որ եղաւ Տիրոջ 70 թուականին: Սուրբի մարմինը, որ ծածկել էին քարերով, նրա աշակերտները եկան-տարան ու թաղեցին նրա ծննդավայր Դամասկոսում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Անանիայի յիշատակութիւնը կատարում է սուրբ Խաչի Ե կիրակիին յաջորդող երեքշաբթի օրը:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
[1] Գործք. ԻԲ 12-16:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: