ՍՈՒՐԲ ԳՈՐԴԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ ՀԱՐԻՒՐԱՊԵՏԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

   Զքեզ արդար եւ ուղիղ դատաւոր

ի մէջ սրբոց Քոց բարեբանիս.

հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:

Զքեզ որ ի հնոցն իջեր ապաւէն.

խոնարհեալ ի գունդս մարտիրոսաց գովիս.

հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:

Զքեզ որ ահաւոր Թագաւոր յաւիտենից.

այսօր ընդ դասս վկայից Քոց բարեբանեմք.

հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:

(Շարակնոց)

   

   Քրիստոսի յաղթող վկայ երանելի Գորդիոսը ծնուել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, քրիստոնեայ ընտանիքում: Նրա համար Մեծն Բարսեղ Կեսարացին ասել է. «Նա առա­ւելապէս սիրելի է մեզ, որովհետեւ մեր սեփական զարդն է»: Երբ արբունքի հասաւ, Դիոկղետիանոսի կայսրութեան առաջին տարի­նե­րին արքունի զօր­քում կանչուեց զինուո­րա­կան ծառայութեան, որովհետեւ կորովի եւ զօրաւոր այր էր, յա­ջո­ղակ պատերազմական գործողութիւններում ու հոգով արի: Քաջ եւ առաջադէմ գտնուե­լով բազմաթիւ մրցապայքարներում՝ նա պա­տուի արժանացաւ զօրագլուխ­ների ու թա­գա­ւո­­րի իշխանների կողմից եւ ինքնակալի հրամա­նով հարիւրա­պետ կարգուեց: Սակայն երբ Դիոկղետիանոսը հալածանքներ սկսեց քրիստոնեաների դէմ, Գորդիոսը, տեսնելով սոս­կալի աղէտները, որոնք հասնում էին հաւատացեալներին, մտա­տանջ­­ւում էր անասելի սրտացաւութեամբ, որով­­­­հե­տեւ օգնել չէր կարող, իսկ նրանց տառա­պանք­ները տեսնել չէր յանդուրժում: Ամէն օր աչ­­քի առջեւ տեսնում էր մէկին՝ մատնուած հրի, միւսին՝ սրի, ոմանց էլ՝ տեսակ-տեսակ տա­ռա­պանքների ու մահուան: Ապա քաջութեամբ որոշեց թողնել զինուորութիւնը եւ հեռանալ, որպէսզի հաղորդ չդառնայ ան­օրէն հալածիչների խորհուրդներին ու գործերին: Հեռացաւ քաղաքից եւ դիմեց անապատի կողմը, ուր առանձնանալով լեռների ծերպերում՝ իրեն մենակեցութեամբ քաղցով ու ծարա­ւով մատնեց կամաւոր ճգնութիւնների եւ անդադար աղօթքների: Եւ այդպէս եր­կար տարիներ մնա­լով անապատում՝ հոգեւոր կրթու­թեամբ ու օրըստօրէ առաջադիմութեամբ ընտ­րեալ մենակեաց դարձաւ:

   Սրանից յետոյ Լիկիանոսի թագաւորութեան տա­րիներին, երբ վերստին բորբոքուեց քրիստոնեաների դէմ հալածանքների հրդեհը, Արեւելքից  Ագրիկողայոս անողորմ դատաւորն սկսեց դաժանաբար տանջել քրիստոնեաներին: Այնժամ վառուելով աստուածային նախանձախնդրութեամբ՝ երանելի Գորդիոսն անապատից իջաւ Կեսարիա, որպէսզի յայտնապէս կշտամ­բի հեթանոսների մոլորութիւնները ու սուրբ վկաների օրինակով Քրիստոսի համար իր անձը մահուան մատնի: Եւ մի օր, երբ այդ քաղաքում պատերազմասէր դեւի թատերական խաղերի հանդիսութիւն էին կազմակերպել ի պատիւ Արէս չաստուծոյ, հրապարակում մարդկանց հոծ բազմութիւն էր ժողովուել: Հաւաքուել էր հեթանոս­նե­րի ու հրէաների մեծ բազմութիւն եւ ոչ քիչ թուով քրիստոնեաներ: Այդ օրը հանդիսութեանը մասնակցելու համար տէ­րերն արձակել էին իրենց ծառաներին, ուսուցիչները՝ աշակերտներին: Եկել էին նաեւ կանայք՝ թէ՛ անուանի, թէ՛ ռամիկ, եւ այդպէս հանդիսութեան հրապարակը լի էր հոծ բազմութեամբ: Աներկիւղ համարձակութեամբ հանդիսավայր եկաւ նաեւ երանելի Գորդիոսը ու զօրացած Քրիստոսի շնորհներով՝ մե­ծաձայն աղաղակեց. «Լսէ՛ք ինձ բոլորդ, որ այստեղ էք...», եւ ասես թէ ըստ  Եսայի մարգարէի՝ «Յայտնուեցի նրանց, ովքեր իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում» [Ես. ԿԵ 1], եւ ցոյց տուեց, որ ոչ թէ հարկադրաբար է իրեն վտան­գի մատնում, այլ յօժարութեամբ մարտահանդէս է մտնում:

   Երբ անակնկալ պահին հնչեցին այս խօսքերը, ամ­­բոխի մէջ իրարանցում սկսուեց: Ժողովուրդը, ապ­­շած երանելու համարձակութեան վրայ, թող­նե­­լով հան­դիսութիւնը, հա­յեաց­քը դարձրեց նրա կող­­մը ու տեսաւ լեռնաբնակների պէս վայրագ տես­­­քով, ցուպը ձեռքին տառապած մէկի եւ սպա­­սում էր այդ նորատեսիլ մարդու նորալուր խօս­քերի նոր աղաղակներին: Նա ունէր երկար մօրուք, խառնիխուռն մազեր, մարմնի կոշտացած անդամներ ու քրձեղէն հան­դերձներ: Այնտեղ էր նաեւ զօրականներով շրջապատուած Ագրիկողայոս իշխանը, ով նախ հրամայեց հանդարտեցնել ամբոխին, եւ ապա կան­չել տուեց նրան ու հարց­րեց. «Ո՞վ ես դու, ինչո՞ւ ես աղաղակում»: Սուրբը համարձակ պատասխանեց նրան ու ասաց. «Ես ծառան եմ Քրիստոս անմահ Թագաւորի՝ Արարչի երկնքի եւ երկրի, իսկ նրան­ցում եղածներն արարածներ են՝ տեսանելի ու անտեսանելի: Եկել եմ այստեղ՝ քարոզելու Ճշմար­­տութիւնը եւ վկայելու Նրա սուրբ անունը»: Այնժամ իշխանը դարձաւ զօ­րականներին ու սկսեց հարցուփորձ անել նրա մասին: Նրանցից գլխաւորներն ասացին. «Ճանաչում էինք դրան որպէս զինուորական, ով հարիւրապետութեան աստիճան էր ստացել թագաւորներից: Իսկ թէ ինչու է այժմ եկել այդ կերպարանքով եւ ին­չեր է խօսում, չգիտենք»: Իշխանը, դառնալով նրան, հարցրեց. «Ո՛վ մարդ, արդարեւ  ճշմարի՞տ է, որ դու եղել ես զօրականներից ու հարիւրապետներից մէկը»: Գորդիոսը պատասխանեց. «Այո՛, ճշմարիտ է, սակայն երբ տեսայ, որ անօրէն թագաւորները ճշմարիտ հաւատն ուրանալու հա­մար պատրանքներով մոլորեցնում են քրիստոնեաներին, թողեցի զինուորական պատիւը, քանզի լաւ է ընկեցիկ լինել Աս­տուծոյ Տան մէջ, քան թէ բնակուել մե­ղա­ւորների յարկի տակ: Կրօնաւորելով ա­նա­­պա­տում՝ աղաչում էի Տիրոջը, որ ինձ արժանաց­նի աներկիւղ եւ համարձակ կեր­պով թագաւորների ու իշխանների առջեւ քարոզելու Իր սուրբ անունը եւ մեռնելու Իր անուան համար, որպէսզի այդպէս հաղորդ լինեմ սուրբերին: Ես քրիս­տոնեայ եմ ու սուրբ վկաների ծառայակիցը»: Դատաւորն ա­սաց. «Ինչպէ՞ս չես զարհուրում տանջանքներից կամ ինչպէ՞ս ես համարձակւում քեզ քրիստոնեայ կոչել»: Գորդիոսն ասաց. «Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ վախենում, մարդն ինձ ի՞նչ կարող է անել: Ես քրիստոնեայ եմ եւ հաղորդ չեմ լինի ձեր պիղծ պաշտամունքներին ու անօրէն գոր­ծե­րին: Եւ քանի որ դուք չէք ճանաչում երկնքի ու երկրի Արարչին, ձեր տգի­տու­թեան պատճառով խաւարել են ձեր սրտերը եւ օտարացել հանդերձեալ կեանքի յոյսից, որ կայ Աստուծոյ մօտ»:

   Այնժամ իշխանը հրամայեց կապել նրան եւ տա­նել բանտ, որպէսզի չխափանուեն չաստուածներին նուիրուած հանդիսութիւններն ու խրախճանքները: Յաջորդ օրը՝ առաւօտեան, նա ատեան նս­տեց եւ հրամայեց իր առջեւ բերել ե­րա­նելուն: Իշ­խանն սկսեց խօսել նրա հետ ու ասել. «Ինչպէ՞ս հա­մարձակուեցիր ե­րէկ մտնել հրապարակ եւ համար­ձակութեամբ քեզ քրիստոնեայ կոչել՝ արհամարհելով աստուածների տօնն ու խափանել հանդիսու­թիւն­նե­րը»: Երանելին պա­տաս­խանեց. «Ես խնդրել եմ Աստծուց, որ ինձ քաջութիւն տայ Իր սուրբ անուան հա­մար, որովհետեւ սիրում եմ երկնաւոր Թագաւորին եւ զի­նուորագրուել եմ Նրան, թողել եմ ժամանակաւոր զինուորութիւնը՝ լաւ հա­մարելով մահը, քան հո­գու անձկութեամբ կեանքը: Ես խնդրել եմ իմ Տիրոջը, որ չկործանի ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ վերցնի իմ կեանքը արիւնահեղների հետ: Հրաժարուելով այն ամէնից, ինչ անցաւոր է, ինձ յանձ­նել եմ Աստծուն եւ յանուն Նրա սուրբ անուան՝ պատրաստ եմ ընդունել մա­հը»: Իշխանն ասաց. «Թո՛ղ այդ յախուռն ու յանդուգն խօս­քերդ եւ պաշ­տի՛ր կուռքերին, որոնց թագաւորներն են պաշտում, որպէսզի ներում ստա­նաս կուռքերին ու թագաւորներին ուղղուած հայհոյանքներիդ հա­մար, որ համարձակուե­ցիր անել բազ­մու­թեան առջեւ: Դարձեալ թագաւորից զինուո­րա­կան պատիւ կը ստա­նաս եւ կը մեծարուես արքու­նի իշխանների հետ»: Երանելին պատասխանեց. «Ցանկա­նում եմ հա­ճե­լի լինել միայն անմահ Թագաւորին եւ ընդունել անապական պսակն ու անվախճան Կեան­­քը: Իսկ դու մի՛ ակնկալիր, թէ ես կը կորցնեմ իմ այդ յոյսը՝ ընդունելով անցաւոր պատիւները, որոնք կան միայն այսօր, իսկ վաղը կորչելու են: Արդ, ինչ որ պիտի անես, մի՛ յապաղիր, քանզի Քրիստոսի սիրոյ համար արհամարհելի են այն տանջանքները, որոնց մատնելու ես: Նա ինձ ուժ եւ զօրութիւն կը տայ ու կÿա­մաչեցնի բոլոր նրանց, ովքեր չեն հաւատում Իրեն»:

   Այնժամ դա­տա­ւորը լցուեց ցասումով եւ հրամայեց նրան կա­խել փայտից, որպէսզի քերեն նրա մար­մինը: Ու դա­հիճները` իբրեւ արիւնարբու գազաններ, նրան կախեցին փայտից եւ սկսեցին դառնա­գոյն տանջանքների մատնելով՝ քերել նրա կողերը: Իսկ սուրբն իր սոսկալի ցաւերի մէջ աչքերը երկինք բարձ­րացրեց ու աղօթեց. «Տէ՜ր Յիսուս Քրիստոս, որ Արարիչն ես բոլոր տեսանելի եւ անտե­սա­­նե­լի արարած­ների, Դու գերեցիր մահուանը ու աւերեցիր դժոխ­­քը, յաղթեցիր աշխարհի իշ­խա­նին՝ խաչի վրայ ամաչեցնելով նրա իշխանութիւններին եւ պետութիւններին, Բարձունք­ներից զօրութիւն տուեցիր Քո սուրբ առաքեալներին ու ա­ռա­քե­ցիր նրանց իբրեւ գառներ գայլերի մէջ՝ անվնաս պա­հե­լով ապակա­նիչ­ների բազմութիւնից, մանուկ Դաւթին յաղթել տուեցիր հսկայ Գողիաթին, սան­ձե­ցիր Բաբելոնի հնոցի հուրը՝ ցողելով երեք մանուկներին, եւ Քո զօրութեամբ ցոյց տուեցիր ամենակեր Հուրը մորենու փոքր տուն­կի մէջ: Այժմ զօրաց­րո՛ւ եւ ինձ, Տէ՜ր, եւ ուժ տուր, քան­զի գիտես մեր տկարութիւնը, ու վայրի ծաղիկի պէս ժամանա­կա­ւոր է մեր փառ­քը: Վերացրո՛ւ Քո հօտին հալածողների զօրութիւնը, որպէսզի բո­լորն իմա­նան, որ Դու ես միայն բարերար ու բարձրեալ Աստուած եւ ուժ ու զօրութիւն ես տալիս Քեզ յուսա­ցող­նե­րին»: Երբ աւարտեց աղօթքը, թուլացան դա­հիճ­նե­­րի ձեռքերը, իսկ բռնաւորը հրամայեց իջեցնել նրան փայտից եւ տանել մահապարտնե­րի բանտ՝ սպառնալով. «Եթէ չհամոզուես, այլ տանջանքնե­րով քեզ խել­քի կը բերեմ ու նախկին տանջանքների վրա­­յից ողջ մարմինդ շիկացած երկաթներով կÿայրեմ»: Եւ մինչ սուրբին բանտ էին տանում, ճանապարհին նա աղաղակում էր ու ասում. «Երբ տեսնում էք նահատակուողների չարչարանքները, ապա մտաբերեցէ՛ք նաեւ նրանց տանջանքնե­րի դիմաց պարգեւները, քանզի եթէ թագա­ւոր­ներն իրենց ազգի մեռած զինուորներին մեծարում են պարգեւներով, պատիւներ ընձեռում, քարոզում նրանց առաքինի վախ­ճանը եւ նրանց յիշատակն անմոռաց պահում իրենց յետնորդներին, ապա որչա՞փ առաւել է մեր մար­տա­դիրը՝ Քրիստոս, պսակում Իր խաչելութեան ու յարութեան վկաներին, որոնց հանդերձեալում, որ գալու է, հաղորդ պիտի դարձնի Իր Արքայութեանը: Այս են վկայում մեզնից առաջ պսակուած նահատակների նշխարները, որոնք պատուական են ամէն հարստութիւնից»: Սուրբ վկայի յետեւից գնում էին ոչ քիչ զօրականներ եւ կեսարացիների մեծ բազմութիւն, որոնք ուղեկցեցին նրան մինչեւ բանտ:

   Տասնհինգ օր անց անօրէն իշխան Ագրիկողա­յո­սը հրամայեց իր առջեւ բերել Քրիս­տո­սի երա­նե­լի վկային: Նա սուրբին ասաց. «Ես չեմ գտնում, որ այլեւս քեզ խրատատու խօս­քեր են պէտք, այլ կարծում եմ, որ բանտում սթափուած լի­­նելով՝ կը պաշտես աս­տուած­նե­րին: Արդ, այժմ թո՛ղ քո նախկին յամա­ռութիւնը, որպէսզի ստի­պուած չլինեմ պատժել քեզ սաստկագոյն կերպով, այլ համոզուիր ու փրկիր քեզ առաջիկայ տան­ջանքներից»: Սուրբ Գորդիոսն աներկիւղ պա­տաս­խանեց. «Եթէ դու ճանաչէիր Աստուծոյ պարգեւները եւ իմանայիր, որ կարճատեւ չարչարանքների միջոցով պիտի փրկուենք յաւիտենա­կան տանջանք­ներից ու որպէս հատուցում՝ թագա­ւո­րենք Քրիստոսի հետ, կը կա­մենայիր, որ դու եւս չարչարուէիր Քրիստոսի համար: Սակայն ձեր երկրպագած կուռքերը կուրացրել են ձեր մտ­քերը, մահից յետոյ չունէք այն Կեանքի յոյսը եւ ցանկանում էք ձեր առջեւ եղած օրերն անցկացնել հաճոյքների մէջ, որոնց համար այդքան ջան­քեր էք թափում: Ո՛վ թշուառական մարդիկ, ին­չո՞ւ էք այդչափ մեծարում մարմնաւոր կեանքը ու չէք հոգում ձեր հոգիների փրկութեան համար: Երբ ելնէք այս աշխարհից, պիտի տեսնէք ձեզ համար պատրաստուած գեհենը: Այնժամ պիտի զղջաք, որ քանի դեռ ժամանակ ու­նէիք, չաշխատեցիք ձեր փրկութեան համար եւ մատնուեցիք անխուսափելի տանջանքների, որոնք դուք ինք­ներդ պատրաստեցիք ձեզ համար: Եւ արդ, արթնացէ՛ք ձեր մոլորութիւնից, որով բռնուած էք, դո՛ւրս եկէք խաւարից, ընդունէ՛ք ձեր մէջ երկ­նա­յին լոյսը ու լուսաւորէ՛ք ձեր խաւարած մտքե­­րը: Դուք, որ արարուած էք Աստուծոյ Պատկե­րով, նմանուել էք ան­բան ա­նա­սունների եւ չէք ճա­նաչում Նրան, Ով արարեց ձեզ: Ամէն օր վայելում էք ձեր Ա­րար­չի պահպանութիւնը, սակայն արհամարհում էք Նրան ու պաշտում Նրա ստեղծած քարերը: Եւ դուք աւելին չէք, քան այդ քարերը, քա­նի որ դրանց պէս անզգայ էք ու չէք ճանաչում արարածների Արարչին, այլ խոզի պէս թաւալւում էք տիղմի մէջ եւ շաղախւում ձեր մարմնական ցանկութիւնների մէջ: Երբէք չէք բացում ձեր հոգու աչքերը ու ոչ էլ կամենում էք հրաժա­րուել մարմնաւորից»:

   Իր այսպիսի սքանչելի եւ համարձակ խօսքերով երանելի Գորդիոսը շարժեց իշխանի սաս­տիկ բարկութիւնը եւ իր վրայ բերեց նրա՝ հրի պէս այրուող դառը ցասումը: Այնժամ հրա­մայեց դա­հիճներին. «Շտապ կապար հալեցրէ՛ք ու բերէ՛ք արջառաջլերից պատրաստուած փշոտ գաւազաններ: Պրկէ՛ք նրան անիւների վրայ, եւ թող նրան մերձենան ամէն տե­սակ տանջանքներ՝ գազանների ժանիքներ, հուր, սայրասուր սուսեր, խաչ ու վիհ, որպէսզի չպարծենայ քրիստոնեաների մօտ, թէ յաղթող եղաւ ինքնակալներին, եւ չանպատուի կուռքերին»: Քրիստոսի քաջամարտիկ զինուորն ասաց դատաւորին. «Ո՛վ անիրաւ ու ան­­զգայ իշխան, ես ոչ թէ մէկ անգամ եմ պատրաստ մեռնել իմ անմահ Թագաւորի՝ Քրիստոսի համար, այլ եթէ հնար լինի՝ բազում անգամներ: Արդ, ինչո՞ւ էք ծուլացել, բռնաւորի դահիճնե՛ր, ինչո՞ւ էք դադար առել, ինչո՞ւ չէք կատարում ձեր հօր՝ սատանայի կամքը, որի սպառազինութիւնը հագել է ձեր իշ­խանը: Բզկտէ՛ք իմ մարմինը, ջախջախէ՛ք իմ անդամները, հրով այրէ՛ք ողջ մարմինս: Յա­րութեան օրը վէրքերի փոխարէն մեզ հա­մար լու­սեղէն պատմու­ճան պիտի ծաղկի, անարգանքների փոխարէն անթառամ բրաբիոնի պսակներ պիտի ստանանք,  խա­­ւարչ­տին բանտի փոխարէն՝ Դրախտի վայելչութիւն եւ չարագործների հետ դատապարտութեան փոխարէն՝ հրեշտակների հետ բնակութիւն: Այժմ սերմանէ՛ք որքան կարող էք, որպէսզի հն­ձեմ առաւելագոյնը»: Խիստ զարմացան չարի ար­բանեակները դատաւորի հետ, եւ քանի որ զարհուրեցնելով չկարողացան սուրբին որսալ, այնժամ սպառնալից խօսքերը փոխարկեցին ողո­քիչ խօսքերի:

   Դատաւորն սկսեց խօսել հեզութեամբ եւ խաբէութիւններով փորձել երանելուն: Խոստացաւ թագաւորների կողմից արժանացնել պարգեւների ու պատիւների, վերստին հզօր եւ անուանի դարձնել զինուորական կարգում ու ընձեռել դատաւորի իշխանութիւն: Բայց սուրբը, լսելով այդ խոստումները, ծաղրեց նրանց հեթանոսական անմտութիւնը եւ ասաց. «Ո՛վ դատաւոր, ի՞նչ կարող ես տալ՝ հաւասար Երկնքի Արքայու­թեա­նը, որից զրկե­լու համար փորձում ես հրապուրել սին պատ­րանք­ներով: Թող կորչե՛ն քո պարգեւները քեզ հետ, իսկ դու ինչ որ պիտի անես, մի՛ ուշացրու, որովհետեւ դեւերին ես չե՛մ զո­հի ու քո չաստուածներին չե՛մ երկրպագի: Ես թքում եմ նրանց վրայ, նզովում եւ իբրեւ անպիտան՝ աղբ համա­րում: Թող կորչե՛ն քո չաստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն արարել»:

   Եւ նոյն պահին բռնաւորը, լցուած անասելի բարկութեամբ ու սրտմտութեամբ, զինուորներին հրամայեց մերկացնել նրան եւ հրապարակաւ մերձիմահ տան­­­ջել: Այնժամ ողջ քաղաքի բնակչութիւնը՝ մեծամեծներն ու ռամիկները, հաւաքուեցին՝ տեսնելու նրան, իսկ ովքեր չհասցրին մտ­նել ամբոխի մէջ, բարձրացան պարիսպների վրայ՝ տեսնելու Քրիս­տոսի սուրբ վկայի նահատակութիւնը: Հեթանոսներից նրան էին մօ­տե­նում իր ծանօթներն ու սիրելիները, փար­ւում էին նրան եւ ջերմ արտասուքներով խնդրում երանելուն ճողոպրել տանջանքներից, չմտ­նել հրի մէջ, անժամանակ կորստեան չմատնուել գեղապանծ հասակում ու չզրկուել արեգակի քաղ­ցր լոյսից: Իսկ հաւատակիցներից ոմանք խորհուրդ էին տալիս նրան եւ ասում. «Ուրա­ցի՛ր միա­յն խօսքով, իսկ խորհուրդներով ու մտքով պահի՛ր հաւատդ, ինչ­պէս որ կամենում ես, քանզի Աստուած ոչ թէ լե­զուին է նայում, այլ սրտին եւ խորհուրդներին»: Իսկ երանելի ու ամենագովելի նահատակն աննահանջ եւ հաստատուն մտքով համբերում էր ժուժկալութեամբ ու չէր մտածում տանջանքների մասին, որոնց ենթարկում էին իրեն դահիճները:

   Երբ ժողովրդի բազ­­մու­թիւ­նը տե­­սաւ երանելու՝ տանջանքներից բզկտուած, գանահարուած եւ քեր­թուած մար­մի­նը, վշտակից եղաւ նրան ու աղիողորմ արտասուքներով դառ­նա­պէս լաց եղաւ նրա համար: Իսկ նա ասաց. «Լաց մի՛ եղէք ինձ հա­մար, այլ մեծապէս ուրախացէ՛ք իմ վկայութեան համար: Դուք լաց եղէք այդ աստուածամարտ անձանց համար, ովքեր մարտնչում են ընդ­դէմ բարեպաշտների: Այս բոցով, որով մեզ այրում են, իրենց իսկ ձեռքով իրենց համար գե­հե­նի հուր են բորբոքում: Դադարէ՛ք լալուց եւ մի՛ վշտացրէք ու ճմլէք իմ սիրտը, որովհետեւ ես ուրախ եմ այս տանջանքների համար»:

   Ապա դարձաւ նրանց, ով­քեր խրատում էին ի­րեն ուրա­նալ լեզուով եւ փրկուել տանջանքներից, ու ասաց. «Դուք, որ խրատում էք ինձ ուրանալ եւ ջանում էք՝ պատրելով կորստեան մատնել իմ անձը, ասացէ՛ք, ինչպէ՞ս ուրանամ իմ Աստծուն եւ Տիրոջը, Ում ըն­ծայուեցի մայրական խանձարուրից, Ում երկրպագում եմ, փառաւորում եւ պաշ­տում: Չի՞ սարսափի արդեօք երկինքն ի վերուստ, ու չե՞ն խաւարի ինձ վրայ լուսաւորները` աստղերով հանդերձ, կը յանդուրժի՞ իսկ երկիրն ար­դեօք: Մի՛ մո­­լո­րուէք, Աստուած չի արհամարհւում: Նա մեր բերանով պիտի դա­տի մեզ եւ դատապարտի մեր իսկ խօսքերով: Չգիտէ՞ք Տիրոջ ահաւոր սպառնալիքների մասին, որ ասում է. «Ով ուրա­նայ Ինձ մարդկանց առ­ջեւ, Ես էլ նրան կÿուրանամ Իմ Հօր առջեւ, որ երկնքում է» [Մատթ. Ժ 33]: Ապա ին­չո՞ւ էք ինձ կորստաբեր խորդակիցներ լինում ու խաբում ինձ դառը խրատներով: Ի՞նչ օգուտ, որ շահեմ սակաւ օրեր, բայց կորցնեմ ողջ յաւիտենականը, եւ ին­չո՞ւ փախչելով մարմնի տանջանքներից՝ չտեսնեմ արդարների երա­նու­թիւ­նը»:

   Այս ա­­սելով ու կնքելով իրեն սուրբ Խաչի նշանով՝ մօ­տեցաւ իր համար պատրաստուած տան­ջանք­նե­րի գործիք­նե­րին: Բնաւ չփոխուեց երեսի գոյնը, եւ ոչ էլ այլայլուեց դէմքի զուարթութիւնը, այլ ծարաւ լինելով տանջանքներին՝ դիմեց նահատակութեան հանդէսին: Ու տեսնելով, որ դահիճները յապաղում են, որովհետեւ սպասում էին դատաւորի հրամանին, երանելին ասաց իշխանին. «Արդ, ին­չո՞ւ չես շտապում կատարել իմ փափագը եւ քո հօր՝ սատանայի կամքը: Իմ կեանքը Քրիստոս է, իսկ այս վկայութեամբ մեռնելը՝ անմահութեան պար­­գեւ»: Այնժամ բարկացած դատաւորը հրա­մա­յեց մերկացնել սուրբին, գամել նրան անիւի վրայ, տանել մի բարձրաբերձ քարքարոտ լեռ ու այնտեղից ցած գլորել: Արդ, անիւի պտտուելու ժամանակ ջախջախուեցին սուրբ վկայի բոլոր ան­դամ­ները, սակայն նա չէր զգում տանջանքները: Ջար­դուած մարմ­նի արեան վտակները ցայտում էին սռնու վրայ եւ ա­նիւից ցած թափւում: Իսկ Գոր­դիոսը, բանալով իր բերանը, ասում էր. «Գո­հա­նում եմ Քեզա­­նից, ո՛վ բարիքներ պարգեւող իմ Օգ­նական, իմ Ապաւէն ու իմ Փրկիչ, որ անարժանիս արժանացրիր մարտահանդէս մտնելու ընդդէմ բանսարկուի: Միայն Դու ես Աստուած, որ ցրում ես չարի բոլոր խորհուրդները: Թող ինձ չտիրեն ամբարիշտների խորհուրդները, որոնք Դու ատեցիր: Մեծ է Քո անունը Քո երկիւ­ղածների վրայ»: Ապա քան­դուած անիւից շտապ դուրս եկաւ:

   Բո­լորը տեսան երանելու մար­մի­նը՝ շաղախուած կարմիր ա­րեամբ, իսկ հոգին` ան­վնաս պահուած Ամենակալի ձեռքով: Ու ամէն­քը զարմացան նրա անսասանութեան վրայ: Այնժամ դատաւորն ասաց նրան. «Բոլորին զարմացրիր եւ յիմարացրիր քո կախարդու­թեամբ, բայց ես այսուհետեւ չեմ խնայի քեզ»: Սուրբն ա­­սաց. «Դիւթութիւն ու մոգութիւն ես չգի­տեմ, երբեւէ չեմ արել եւ չլինի թէ, որ անեմ: Ես քրիս­­տոնեայ էի, քրիստոնեայ եմ, քրիստոնեայ կը լինեմ ու կը մեռնեմ իբրեւ քրիստոնեայ»: Իշխանն ասաց. «Ան­մի­ջա­պէս կը շնորհեմ քեզ այն ամէնը, ինչ որ խնդրես, միայն թէ լսի՛ր ինձ՝ քեզ բարին կամեցողիս, զոհի՛ր աս­տուած­ներին, որպէսզի փրկուես կրակով այ­րուող տանջանքներից ու լինես մեր բարեկամը: Թագաւորների կող­մից քեզ կÿընձեռուի դատաւորական աթոռ, եթէ մեզ նման հպատակ դառնաս աստուածների բարե­պաշտ օրէնքներին»: Սուրբը պատասխանեց. «Ես մերժում եմ անօրէն օրէնքները եւ չեմ ճանաչում դրանցով առաջնորդուող թագաւոր­նե­րին: Թող կորչե՛ն չաստուածները, որոնք չեն արարել երկինքն ու երկիրը»:

   Ագրիկողայոսը, տեսնելով երանելու անսասան հա­ւա­տը, անմիջապէս գրութեամբ մահավճիռ արձակեց հետեւեալ բովանդակութեամբ. «Թող յայտնի լինի բոլորին, որ Գորդիոս զօ­րա­կա­նը, ով թագաւորի կողմից պատւուած էր հարիւրապետի աստիճանով եւ իշխանութեամբ, ինք­նա­կամ անարգեց իր պատիւն ու զի­նուո­­րա­կան կարգը եւ այնպիսի խօսքերով հայհոյեց մեր աստուածներին ու թագա­ւո­րին, որ ար­ժան չէ գրել կամ լսել: Եւ քանի որ ընդունելով գա­լի­լիացիների ա­ղանդը՝ յամառութեամբ մնաց իր մոլորութեան մէջ, հրամայում եմ ողջ-ողջ այ­րել նրան»: Եւ երբ ի լուր ամէնքի ըն­թեր­ցուեց մա­հուան այս դատակնիքը, ա­տեանի սպասաւորները քաղաքից դուրս՝ պա­րիսպ­նե­րի մօտ, հնոց բոր­բո­­քե­ցին:

   Այնժամ անօրէն իշխանը հրամայեց սուր­բին պրկել փայտի վրայ, որ­պէս­զի ահաբեկի նրան եւ հասկացնի, որ չի կարող ճողոպրել հնո­ցից: Դահիճները դեռեւս նրան փորձելու համար կա­մեցան հանել նրա այծեայ մազեղէն հանդեր­ձը, որը հագնում էր ներսից, եւ արձակել գօտին, բայց երա­նելին ինքը փու­թաց մտնել հրի մէջ՝ հա­նե­լով դրանք: Կամեցան նաեւ կօշիկները հանել, սակայն տեսան, որ նա արդէն հանել էր: Այնտեղ էին գնում բոլոր քրիստոնեաները, որոնցից մէկն էլ խօսքերիս հեղինակն է, որպէսզի ցօղուէին նրա քրտինքով: Դահիճ­նե­րը պատրաստեցին գործիքները, կա­պեցին սուրբին եւ կամեցան նրան բեւեռել փայտին ու գցել հրի մէջ: Ե­րանելին ասաց նրանց. «Թո՛յլ տուէք, քանզի Նա, Ով ինձ համբերութիւն տուեց, Նոյն Ինքն առանց դժուարութեան կը պա­հի ինձ հրի մէջ»: Այնժամ չբեւեռեցին փայտին, այլ միայն կապեցին իբրեւ զոհաբերուող գառ եւ ողջակէզի խոյ: Իսկ հնոցի հու­րը բորբոքւում էր սաստկապէս, ու բոցը եր­կինք էր ելնում:

   Երա­նելին, Սուրբ Հոգով տեառնագրելով իրեն, աչքերը երկինք բարձրացրեց եւ աղօթեց. «Ամենակալ Տէ՛ր Աստուած, որ Հայրն ես Քո սիրելի ու օրհնեալ Որդու՝ Յիսուս Քրիստոսի, Ումից ըն­դունեցի Քո գիտութիւնը: Զօրութիւնների Աստուա՛ծ եւ Ստեղծի՛չ բոլոր արարածների, օրհնում եմ Քեզ, որ Քո զօրութեամբ հրաւիրեցիր ինձ մարտիրոսութեան, արժանացրիր այսօր խառնուել քո վկաների գնդին, կցորդ լինել մեր Տէր Յիսուս Քրիստոսի չարչարանքների բաժակին ու հաւատալ Սուրբ Հոգուդ հետ հաղորդութիւնից անապականութիւն ստացած հոգու եւ մարմնի յարութեանն ու յաւիտենական կեանքին: Եւ ահա եկել եմ իբրեւ սպանդի տարուող ոչխար: Արդ, թող սուրբ եւ ըն­դու­նե­լի պա­տարագ լինեմ Քո առջեւ: Օրհնում եմ Քեզ ու յաւիտեան փառա­ւո­րում Քո սուրբ անունը: Տո՛ւր ինձ զօ­րու­թիւն՝ աւարտելու իմ ընթացքը եւ առնելու յաղ­թութեան Քո Նշանը, որպէսզի պարտութեան մատնելով հակառակորդին՝ Քեզանից ստանամ ան­թա­ռամ պսակը»:

   Աւարտելով աղօթքը՝ կնքեց իրեն սուրբ Խաչի նշա­նով ու զուարթամիտ խնդութեամբ մտաւ հնոցի մէջ՝ ինչպէս փափկութեան Դրախտի մէջ: Եւ ո՜վ զարմանք, հուրը խորանի պէս կամարաձեւ տեսք ընդունեց սուրբի առջեւ ու քամուց փքաւորուած նաւի առագաստի պէս շրջապատեց նրան: Նա գտնւում էր հրի մէջ` ոչ թէ որպէս կրակի մէջ գցուած մարմին, այլ իբրեւ վարդ եւ անուշահոտ նարդոս: Նա հնոցի մէջ փառաւորում էր Աստծուն ու ասում. «Փա՛ռք Քեզ, Հա՛յր, փա՛ռք Քեզ, Որդի՛ Միա­ծին, փա՛ռք Քեզ, Հոգի՛ Ճշմարիտ, Սուրբ Եր­րոր­դութիւն եւ մի Աստուածութիւն, այժմ, միշտ ու յաւիտեանս յաւիտե­նից»: Եւ երբ ասաց՝ ամէն, փչ­ման պէս արձակեց հոգին: Եւ ինչպէս վկայա­բանն է ասում՝ «Տեսանք նրա հոգին փայլակի պէս երկինք վերանալիս»:

   Սուրբի նահատակութիւնից յետոյ, երբ ամ­բոխն սկսեց ցրուել, քաղաքի ազնուական­նե­րից ոմանք վճարեցին զինուորներին, ովքեր դատաւորի հրամանով պահում էին սուրբ վկա­յի մարմինը: Եւ գիշերը վերցնելով նրան՝ թաղեցին ծածուկ վայրում, ուր մնաց այնքան ժամանակ, մինչեւ դա­դարեցին հալածանքները: Իսկ երանե­լի Բար­սեղ հայրապետը, ով Կեսարիայի եպիսկոպոսն էր, Մեծն Թէոդոս բարեպաշտ թագաւորի օրօք վայելուչ վկայարան կառուցեց, ուր տեղափոխեց սուրբ Գորդիոսի նշխարները եւ ներբողական ճառով պատուեց նրան՝ պատուիրելով ամէն տարի յունուար ամսին տօնել նրա յիշատակը:
   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 76: