ՍՈՒՐԲ ԵՒԴՈՔՍԻՈՍ ԿՈՄՍԻ, ԶԵՆՈՆ ԶԻՆԱՒՈՐԻ ԵՒ ՄԱԿԱՐԻՈՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Որք ի մարտի անօրինացն յաղթեցին արիաբար թշնամւոյն.

Աղաչանօք սոցա կեցո զմեզ, Փրկի՛չ Աստուած հարցն մերոց:

Որք վասն Քո զկեանս իւրեանց փոխանակեցին՝ սակաւապէս համբերելով.

Աղաչանօք սոցա կեցո զմեզ, Փրկի՛չ Աստուած հարցն մերոց:

Ուստի եւ մեք հաւատացեալքս ժողովեալքս ի յիշատակ սրբոցն հայցեմք:

Աղաչանօք սոցա կեցո զմեզ, Փրկի՛չ Աստուած հարցն մերոց:

(Շարակնոց)

 

Երբ Տիրոջ 298 թուականին թագաւորեց քրիստոնէութիւնը հալածող Դիոկղետիանոսը, նա նախ հալածանքներ սկսեց ընդդէմ քրիստոնեայ զօրականների: Նստելով բարձր բեմին՝ նա հրովարտակ ուղարկեց բոլոր գաւառների իշխաններին, դատաւորներին, զօրապետերին եւ բոլորին, մանաւանդ արքունի զօրքում ծառայողներին՝ քրիստոնէութիւնից կուռքերի խաբէութեանը դարձնելու համար:

 

Այսպիսի հրաման ստանալով՝ Մելիտինէ քաղաքի ազգութեամբ հելլենացի իշխանը, որի անունը Պոնտիանոս էր, հրամայեց տարածել բոլոր հրապարակներում եւ գաւառներում, որ ովքեր չկամենան հնազանդուել ինքնակալի հրամաններին եւ զոհ մատուցել աստուածներին, անողորմ տանջանքներով եւ սրի քաշուելով՝ կը զրկուեն կեանքից: Լսելով բռնաւորի այս սպառնալիքները՝ բոլոր քրիստոնեաները, վախեցած եւ տագնապահար եղած, խուճապի մատնուեցին ու թաքնուեցին, որպէսզի չընկնէին անաստուած դատաւորի ձեռքը, որովհետեւ ուր գտնում էին նրանց, նեղում էին եւ մեծամեծ տանջանքների ենթարկելով՝ ստիպում զոհ մատուցել աստուածներին ու երկրպագել անշունչ արձաններին:

 

Այնժամ որոշ մարդիկ եկան իշխանի մօտ եւ չարախօսեցին Մարինոսի մասին, որը Եւդոքսիոս կոչուեց եւ որը ատենադպիրների դասի դպրապետն էր ու զօրավարների դասում պատուի էր արժանացած կոմսութեան իշխանութեամբ, եւ ասացին. «Նա չի հնազանդւում թագաւորական հրամաններին եւ աստուածներին զոհ չի մատուցում, այլ Խաչեալին է Աստուած խոստովանում ու Նրան է հաւատում»: Այս լսելով՝ դատաւորը հրամայեց հինգ զինուորների, որ ամենուր փնտռեն նրան եւ բերեն դատաստանի ատեանի առաջ: Նրանք եկան այն գիւղը, որտեղ նա բնակւում էր, հարցուփորձ արեցին նրա մասին, եւ տեղացիները նրան ասացին. «Ում դուք փնտռում էք, ահա շրջում է այն դաշտում, որ Կուպատիա է կոչւում»: Եւ գնացին նրա մօտ: Իսկ նա, նախապէս իմանալով նրանց գալստեան մասին, գնաց լեռը, նստեց ու այնտեղից հետեւեց նրանց: Տեսնելով, որ իրեն են փնտռում, շտապ եկաւ իր տուն, փոխեց իր հանդերձները եւ աղքատի շորեր հագաւ, որպէսզի չճանաչեն իրեն: Ապա դուրս եկաւ, հանդիպեց նրանց, իսկ զինուորները նրան հարցրին. «Դու գիտե՞ս, թէ որտեղ է բնակւում կոմս Մարինոսը, որ Եւդոքսիոս է կոչւում»: Նա պատասխանեց. «Ինչո՞ւ էք փնտռում նրան, կամ ի՞նչ կայ ձեր ու նրա միջեւ: Ասէ՛ք ինձ, եւ ես ցոյց կը տամ նրան»: Եւ երբ ասացին, թէ իշխանն է փնտռում նրան, դարձեալ հարցրեց. «Ինչո՞ւ է փնտռում»: Նրանք պատասխանեցին. «Որովհետեւ նա չի հնազանդւում ինքնակալի հրամաններին եւ զոհ չի մատուցում աստուածներին»:

 

Այնժամ Եւդոքսիոսն ասաց նրան. «Եկէ՛ք իմ տուն, մի փոքր հանգստացէ՛ք, եւ ես ցոյց կը տամ նրան»: Ապա նրանց իր տուն տարաւ եւ իր կնոջը, որի անունը Մանտանա Վասիլուհի էր, ասաց. «Ճաշ պատրաստիր մեզ մօտ եկած մարդկանց համար»: Եւ նրանց առջեւ սեղան բացեց, ու ճաշակեցին: Ապա ասացին նրան. «Այժմ մեզ ցո՛յց տուր Եւդոքսիոս կոմսին»: Եւ նա ասաց. «Ում որ փնտռում էք, ես եմ»: Մարդիկ զարմացան եւ ասացին նրան. «Ինչո՞ւ այդ արեցիր: Ահա մենք կը գնանք իշխանի մօտ եւ կ՚ասենք՝ չգտանք նրան, իսկ դու թաքնուի՛ր, որպէսզի չբռնուես ու չընկնես իշխանի ձեռքը»: Սուրբն ասաց. «Ես այդ չեմ անի եւ կը գամ ձեր յետեւից, սակայն մի փոքր սպասէ՛ք ինձ»: Եւ կանչելով իր կնոջը՝ պատուէրներ տուեց իր տան համար ու ասաց. «Ո՛վ կին, ես այս սնոտի եւ յանցաւոր կեանքից պիտի փոխուեմ դէպի մշտնջենաւոր ու յաւիտենական կեանքը, եւ այստեղ դու ինձ այս մարմնով այլեւս չես տեսնի: Այժմ լսի՛ր, թէ ինչ կ՚ասեմ քեզ. երբ ելնեմ այս մարմնից, չողբաս ու չարտասուես ինձ համար, այլ կը հագնես քո հարսանեաց զգեստները, կը վառես լապտերներն ու ջահերը եւ մաքուր անօթ վերցնելով՝ կը հաւաքես իմ արիւնը: Կը վերցնես իմ եւ իմ որդու՝ Մակարիոսի գլուխները եւ որպէս Քրիստոսի հարս՝ ուրախ կը լինես ի Տէր»: Այս ասելով՝ Եւդոքսիոսը հագաւ իր պատուական ու փառահեղ զգեստները, նստեց իր երիվարը եւ ուրախութեամբ գնաց զինուորների հետ:

 

Երբ կանգնեց ատեանի առաջ, դատաւորը նրան ասաց. «Ուրա՛խ եղիր, փառաւորեալ կո՛մս Եւդոքսիոս»: Եւդոքսիոսը պատասխանեց նրան. «Ուրա՛խ եղիր եւ դու, ո՛վ դատաւոր»: Դատաւորը հարցրեց. «Ո՛վ կոմս, դու գիտէի՞ր, թէ ինչու էինք փնտռում քեզ»: Երանելին ասաց. «Ասա՛ ինձ, ո՛վ դատաւոր, ինչո՞ւ էիք ինձ փնտռում»: Իշխանն ասաց. «Քեզ կանչել ենք այն պատճառով, որպէսզի հնազանդուես ինքնակալի հրամաններին եւ զոհ մատուցես աստուածներին»: Սուրբ վկան ծիծաղեց դատաւորի անմտութեան վրայ եւ հեգնելով ասաց. «Ես այդ պատճառով եմ հագել պատուական եւ փառահեղ հանդերձներս եւ իմ սպիտակ երիվարի վրայ նստած՝ եկել քո առջեւ»: Դատաւորն ասաց. «Երդւում եմ իմ աստուածներով, որ եթէ թագաւորը լսի, որ հնազանդւում ես կայսերական հրամաններին, քեզ կը նստեցնի իր թագաւորութեան երկրորդ աթոռին»: Երանելին պատասխանեց. «Ես յոյս ունեմ արժանանալ յաւիտենական կեանքին, որի համար էլ պատրաստ եմ երկրպագել ճշմարիտ Աստուածութեանը»: Կարծելով, թէ Եւդոքսիոսը նկատի ունէր աստուածներին, բռնաւորն ուրախացաւ եւ ասաց. «Փառաւորեա՛լ եւ քա՛ջ կոմս, վաղը կը գաս աստուածների տաճար եւ մեզ հետ կը երկրպագես նրանց»: Կոմսն ասաց. «Քանի՞ աստուծոյ ես հրամայում զոհ մատուցել»: Իշխանն ասահաւց. «Դիոսին, Ապոլոնին եւ մեծ Արտեմիսին»: Կոմսն ասաց. «Թողնելով միակ ճշմարիտ Աստծուն՝ հրամայում ես հաւատալ երեք սուտ աստուածների: Ես հաւատում եմ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն՝ անբաժանելի սուրբ Երրորդութեանը, որովհետեւ, ինչպէս գիտես, ես քրիստոնեայ եմ»: Իշխանը բարկացաւ եւ ասաց. «Ինչպէ՞ս ես համարձակւում ասել այդ եւ արհամարհել ինքնակալի հրամանը»:

 

Այդտեղ՝ ատեանի մօտ, հաւաքուել էին սուրբ Եւդոքսիոսի հաւատացեալ զինակիցներից շատերը եւ լսելով իրենց առաքինի զօրավարի վկայական խոստովանութիւնը՝ ուրախութեամբ ձայնակցում էին նրանց: Զայրացած նայելով նրանց՝ բռնաւորն ասաց. «Ձեզնից ով չի կամենում հնազանդուել ինքնակալի հրամաններին, թող այժմ արձակի իր զինուորական գօտին եւ դնի իմ առաջ»: Այնժամ երանելի Մարինոսը, որ Եւդոքսիոս կոչուեց, բոլորից առաջ արձակեց իր գօտին եւ գցեց բռնաւորի առաջ: Նրա յետեւից նոյնն արեցին նաեւ նրա ընկերները, որոնք հարիւր չորս հոգի էին եւ ասացին բռնաւորին. «Մենք դասւում ենք հրեշտակների երկնային զինուորութեան մէջ»:

 

Տեսնելով նրանց բազմութեան համարձակութիւնը՝ իշխանը սարսեց նրանցից, ժամանակաւոր բանտարկեց նրանց եւ թագաւորին մի նամակ գրեց՝ յորդորելով, որ հրամայի զրկել նրանց կեանքից: «Եթէ վերացնենք այդ բազմութեանը, - գրում էր, - այլեւս ոչ ոք չի կարող հակառակուել ձեր հրամաններին ու անարգել աստուածներին»: Լսելով նրան՝ թագաւորը հրամայեց սրի քաշել նրանց, ովքեր առաջինն էին հանել իրենց գօտիները, իսկ միւսներին արձակել առանց պատժելու: Ստանալով թագաւորի հրամանը՝ դատաւորն արձակեց նրանց, ապա  հրամայեց ատեանի առջեւ բերել երանելի Եւդոքսիոսին: Եւ երբ բերեցին, ասաց նրան. «Կո՛մս Մարիանոս, այսուհետեւ հեռացրո՛ւ քեզնից անմիտ խորհուրդները, որպէսզի չտանջեմ քեզ տեսակ-տեսակ չարչարանքներով»: Երանելին պատասխանեց. «Ի՞նչ չարչարանքներով ես կարծում ինձ հնազանդեցնել»: Դատաւորն ասաց. «Հրով, ձէթով, բանտարկութեամբ եւ սրով»: Սուրբն ասաց. «Ասա՛ ինձ, ո՛վ բռնաւոր, ո՞րն է բարի, փախչե՞լը յաւիտենական հրից, որը չեն կարող հանգցնել ծովերն ու գետերը, թէ՞ այժմեան հրից, որին քիչ ջուրը կարող է մարել, ձէթի՞ց, որն անանց հրով է եռում, թէ՞ հրից, որ քիչ փայտով հալւում եւ անցնում է, բոցեղէն ապտակի՞ց եւ հրեղէն զուարթունների՞ց, թէ՞ ապականացու ապտակից ու տկար մարդկանցից, սառնամանիքի՞ց, որ ջերմութիւն չունի եւ ատամների կրճտումից, թէ՞ քո սպառնալիքներից, այս բանտի՞ց, թէ՞ այն, որ յաւիտեան չի անցնում: Արդ, հասկացի՛ր այս ամէնը, ինչ ասացի եւ հաւատա՛, որ քո աստուածներին ես զոհ չեմ մատուցի ու քո անշունչ կուռքերին չեմ երկրպագի: Ում Դիոս ես կոչում, նա դեւերի գլխաւորն է, Ապոլոնը կորուստ, ապականութիւն եւ խաբէութիւն է, Արտեմիսը՝ կորստեան մայր, իսկ դուք երեքդ՝ Դիոկղետիանոս թագաւորը, դու եւ ձեր հայր սատանան, խաբեբաներ էք»:

 

Դատաւորը լցուեց բարկութեամբ եւ ասաց. «Դու անարգեցիր պատուական աստուածներին, իսկ մենք՝ երեքս, ովքե՞ր ենք»: Եւդոքսիոսն ասաց. «Ասացի քեզ՝ դու, թագաւորը եւ ձեր հայր սատանան: Ո՛վ անդնդային վիշապ, իմացի՛ր եւ տե՛ս, որ քեզ ու քո թագաւորի համար պատրաստուած են յաւիտենական հուրը, արտաքին խաւարը եւ տանջող հրեշտակները»: Դատաւորն ասաց. «Կեղծաւո՛ր, մի կողմ թողնենք, որ անարգեցիր ինձ, ինչպէ՞ս յանդգնեցիր հայհոյել թագաւորին ու աստուածներին»: Սուրբն ասաց. «Դուք կը լինէք ձեր անշունչ եւ համր աստուածների նման»:

 

Բռնաւորը սաստիկ բարկացաւ, եւ մինչեւ իսկ փոխեց երեսի գոյնը: Ապա հրամայեց չորս կողմերից կապել նրան պարաններով ու տանջել արջառաջլերով: Իսկ երանելին, մինչ հարուածների տակ էր, նայեց դէպի երկինք ու ասաց. «Տէ՛ր, խաղաղութիւն շնորհիր Քեզ յուսացողներին, թէ՛ երկնքում եւ թէ՛ երկրի վրայ: Շնորհի՛ր, Տէ՛ր, բոլորի խնդրանքները, ովքեր կը հայցեն Քեզնից՝ յիշելով ինձ՝ օգնելու համար իրենց նեղութեան մէջ՝ պատերազմում, ծովում, ճանապարհին, բանտում կամ լեռներում խռովայոյզ եղողներին, հոգու մոլորութիւնից չարչարուողներին, այրիներին ու աղքատներին, ծերութիւնից տանջուողներին եւ մեղքերի բեռան տակ ծանրացած անձանց: Ովքեր Քո սուրբ անուան համար կը գան իմ վկայութեան ու արեան հեղման վայրը եւ իմ յիշատակին ողբալով ու արտասուքներով ողորմութիւն կը խնդրեն Քեզնից, Տէ՛ր, արագապէս շնորհիր նրանց ողորմութիւն, օգնութիւն, կատարեալ առողջութիւն եւ փրկի՛ր նրանց բոլոր նեղութիւններից: Տէ՛ր, յիշի՛ր նաեւ իմ ծնողներին եւ բոլոր ազգականներին, որպէսզի չունենան մարդու եւ անասունի տարադէպ մահեր: Պտղաբեր դարձրու նրանց այգիներն ու անդաստանները եւ ի բարին կատարիր նրանց բոլոր խնդրանքները: Տէ՛ր, շնորհի՛ր նաեւ, որ իմ զուգակիցը յաւիտենութեան մէջ բարի ժառանգութիւն ունենայ ինձ հետ, որպէսզի անբաժան լինենք միմեանցից»:

 

Եւ երբ աւարտեց աղօթքը, դատաւորը հրամայեց դադարեցնել հարուածներն ու բանտ տանել, որ թերեւս «սթափուի»: Տասն օր յետոյ նա հրամայեց երանելուն իր առջեւ բերել: Եւ երբ բերեցին, նայեց նրան ու ասաց. «Կո՛մս Եւդոքսիոս, գոնէ այժմ հնազանդւո՞ւմ ես՝ երկրպագելու եւ զոհ մատուցելու աստուածներին, թէ՞ դեռ նոյն յամառութեան մէջ ես»: Եւդոքսիոսը պատասխանեց. «Ես հնազանդւում եմ ճշմարտութեանը, հաւատում եմ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն՝ անբաժանելի սուրբ Երրորդութեանը: Կար ժամանակ, երբ չարի խաբէութեամբ եւ կուրացած անօրէն կռապաշտութիւնից, ես հիւանդ էի հոգով ու անառողջ մարմնով, բայց երբ վերստին ծննդեան աւազանում արժանացայ լուացմանը եւ սուրբ մկրտութեանը, բացուեցին իմ աչքերն ու իմաստնացայ իմ սրտի ողջախոհ խորհուրդներով: Իմացի՛ր, ո՛վ անիրաւ բռնաւոր, որ չեմ հնազանդուի քեզ ու զոհ չեմ մատուցի քո աստուածների ոսկէպատ եւ անշունչ արձաններին: Դրանք մարդու ձեռքի գործեր են, եւ ովքեր ստեղծեցին ու իրենց յոյսը դրեցին դրանց վրայ, նման են դրանց»:

 

Բարկացած դատաւորը հրամայեց կապարէ մուրճով հարուածել նրա կրծքին ու ասաց. «Հնազանդուի՛ր ինքնակալի հրամաններին եւ երկրպագի՛ր աստուածներին, որպէսզի ազատուես տանջանքներից»: Իսկ սուրբը, աչքերը երկնքին յառած, խնդրում էր Տիրոջը քաջութեամբ աւարտին հասցնել առաջիկայ տանջանքների մրցապայքարը եւ նահատակուել ուրախութեամբ:

 

Երբ դատաւորը տեսաւ վկայի ջերմեռանդ հաւատքը, սուրբի համար արձակեց այս վճիռը. «Եւդոքսիոս անունով Մարինոսը, որը գերապատիւ կոմսութեան իշխանութիւն է ստացել, չի հնազանդուել ինքնակալի հրամաններին եւ անարգել է մեր աստուածների բարերարութիւնը: Ուստի նա պէտք է մատնուի դահիճների ձեռքը եւ ընդունի իր մահապատիժը»: Ընդունելով մահուան այս դատակնիքը՝ սուրբ վկան ուրախութեամբ հասաւ վկայութեան վայրը: Նայեց եւ տեսաւ իր զինուորական դասից բազմաթիւ զօրականների, որոնք արտասուելով գնում էին իր յետեւից: Նրանց հետ լաց էր լինում նաեւ ամբողջ ժողովուրդը: Եւդոքսիոսը դահիճներին ասաց. «Մի փոքր ժամանակ տուէք՝ աղօթելու համար»: Եւ նայելով երկինք՝ տարածեց իր ձեռքերն ու աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր Աստուած, Յիսո՛ւս Քրիստոս, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովը եւ ամէն բան, որ կայ նրանցում, լսի՛ր իմ աղաչանքները եւ ականջ դիր իմ խնդրանքներին: Օգնի՛ր բոլոր Քեզ հաւատացողներին եւ ինձ օգնութեան կանչող բոլոր քրիստոնեաներին շնորհի՛ր իրենց խնդրանքները: Թող այս երկրի վրայ չլինի սով, համաճարակ, երկրաշարժ, անհրաժեշտ կարիքների պակասութիւն, այլ ովքեր հաւատով կը գան իմ նահատակութեան վայրը, Դու անմիջապէս կատարի՛ր նրանց սրտի խնդրանքները: Տէ՛ր, խաղաղութիւն շնորհի՛ր իմ զինակիցներին ու ընկերներին: Թող թշնամին չյաղթի նրանց, եւ թող նրանք չտեսնեն պատերազմի խռովութիւնները»: Ապա դարձաւ իր կնոջն ու ասաց. «Բե՛ր այն անօթը, որի մասին ասացի քեզ, որպէսզի հաւաքես իմ արիւնը: Ուրախութեամբ, այլ ոչ թէ տրտմութեամբ եւ արտասուելով կը վերցնես նաեւ իմ գլուխն ու չարտասուես մեր բաժանման համար: Ինձ համար տապան կը պատրաստես Ամիմնոյ (թարգմանաբար նշանակում է «անյիշատակ») կոչուող տեղում, եւ դու էլ կը ննջես իմ աջ կողմում»:

 

Ապա դարձաւ դէպի ժողովուրդը եւ տեսաւ, որ Զենոն անունով իր զինուորներից մէկը ողբում էր: Սուրբը նրան ասաց. «Զենո՛ն, մի՛ ողբայ մեր բաժանման համար, որովհետեւ ես քեզ չեմ թողնի: Ինչպէս որ երկրի վրայ շրջում էիր իմ յետեւից, նոյնպէս էլ անանց կեանքում պիտի շրջես ինձ հետ»: Եւ եղաւ սուրբի խօսքի համաձայն. այդ օրերին, թերեւս այդ նոյն օրը, երանելի Զենոնը նահատակուեց սրով: Ապա Եւդոքսիոսը եկաւ դահիճների մօտ եւ ասաց նրանց. «Որդեակնե՛ր, այժմ կատարէ՛ք ձեզ հրամայուածը»: Այնժամ երկնքից նրան ձայն եկաւ. «Ե՛կ քո երկնաւոր Հօր մօտ: Կը կատարուեն այն խնդրանքները, որ աղաչեցիր բոլորի համար»: Այս լսելով՝ նահատակն ուրախ սրտով խոնարհեցրեց իր պարանոցը դահճի առջեւ, իսկ նա, հանելով սուրը, գլխատեց սուրբին: Նրա կինը բերեց անօթը, հաւաքեց արիւնը, ուրախութեամբ վերցրեց սուրբի պատուական գլուխը եւ տարաւ ամփոփեց այնտեղ, ուր երանելին պատուիրել էր:

 

Քրիստոսի ճգնաւոր Եւդոքսիոս կոմսի նահատակութիւնը եղաւ հոկտեմբերի տասնիննին, կիրակի օրը: Նրա կինը՝ Մանտանան, ինքնակամ եկաւ դատաւորի մօտ, անարգեց աստուածներին եւ նրանց ծառայող թագաւորին ու դատաւորին: Այս լսելով՝ բռնաւորն ասաց նրան. «Այնպէս ես անում, որ դու ե՞ւս նահատակուես, եւ անմիտ քրիստոնեաները պատուե՞ն քո ոսկորները: Երդւում եմ բոլոր աստուածներով եւ նրանց փառքով, որ չեմ կատարի քո սրտի փափագը»:

 

Հինգ կամ եօթ օր յետոյ սուրբը գիշերային տեսիլքի մէջ երեւաց իր կնոջը եւ ասաց. «Ի՛մ ընկեր եւ զուգակից, Մակարիոսին շտապ ուղարկիր իմ ապարանքը, որովհետեւ նրան ասելու խօսք ունեմ»: Առաւօտեան Մանտանան կանչեց նրան եւ ասաց. «Որդեա՛կ իմ, Մակարիո՛ս, քո տէրը քեզ իր ապարանքն է կանչում»: Եւ նա ուրախութեամբ եկաւ դատաւորի ապարանքը: Տեսնելով նրան՝ զինուորական դասից ոմանք բռնեցին նրան եւ տարան դատաւորի առաջ՝ ասելով. «Սա եւս Եւդոքսիոսի իշխանութեան տակ էր»: Բռնաւորը, տեսնելով նրան, հարցրեց. «Ո՞ր ազգից ես»: Մակարիոսը պատասխանեց. «Ես քրիստոնեայ եմ»: Իշխանն ասաց. «Մի՛ յիմարացիր եւ մի՛ ցնորուիր, այլ հաւատա՛ աստուածներին եւ կը փրկուես»: Սուրբն ասաց. «Ես հաւատացեալ եմ եւ հաւատում եմ մեծ Թագաւորին՝ Հայր Աստծուն, Նրա Որդուն եւ Սուրբ Հոգուն: Յուսալով մի Աստուածութեանը՝ ես կը յաղթեմ թշնամուն եւ ակնկալում եմ շուտ հասնել ինձ Կանչողին»: Այս լսելով՝ Պոնտիանոս դատաւորը հրամայեց սրի քաշել նաեւ նրան: Այդպէս սուրբ Մակարիոսը նահատակուեց արեամբ, որ եղաւ նոյն՝ հոկտեմբեր ամսին՝ ի փառս եւ ի գովութիւն մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի, Որին փա՛ռք յաւիտեանս. ամէն:

 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սուրբ Եւդոքսիոս կոմսի, Զենոն զինաւորի եւ Մակարիոսի յիշատակը տօնում է Խաչվերացի Զ Կիրակիին յաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Թէոդիտոն քահանայի եւ Ռոմելոսի հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ: