Օրհնեն զՔեզ Աստուած զօրք ամենայն հրեշտակաց.
Արդարոց անձինք եւ հոգիք ամենայն սրբոց:
Գովեն զՔեզ Քրիստոս մարտիրոսացն ժողովք.
Դասք մարգարէից եւ գունդք ամենայն սրբոց:
Բարեբանեն զՔեզ Սուրբ Հոգի. որ միայնդ ես հզօր
Եւ պահես զօրացեալ զյուսացեալս ի Քեզ:
(Շարակնոց)
Քրիստոսի քաջ նահատակ երանելի Եւստաթէոսը, որ նման էր Յոբին իր համբերութեամբ, հոգու եւ մարմնի կատարեալ առաքինութիւններով օժտուած մի այր էր: Հռոմի քաղաքացի էր, իսկ ծագումով՝ Գամիրքից: Նրա նախկին անունը Պլակիդոս էր: Նա այն նոյն կարծեցեալն է, որին յաճախ յիշատակում է Յովսէփիոսը՝ որպէս հռոմէացի ականաւոր զօրավարներից մէկը Վեսպասիանոսի օրօք, եւ որն առաւել նշանաւոր եղաւ Դոմետիանոսի օրօք, նախքան Տրայիանոսի ժամանակները: Պլակիդոսն իր նման գովելի վարքով, իմաստուն եւ համեստ կին ունէր, որի անունը Տատիանէ էր, ըստ ոմանց էլ՝ Տրայիանէ: Ունէին երկու որդիներ. աւագը՝ վեց տարեկան, կրտսերը՝ չորս, եւ ունէին մեծ հարստութիւն՝ ծառաներով եւ աղախիններով, հօտերով եւ անդաստաններով, ոսկիներով, արծաթներով եւ պայծառափայլ հանդերձներով: Պլակիդոսի սեղանին երեք հարիւր արծաթէ սկուտեղներ էին դրւում՝ նրան սպասաւորելու համար: Նա ինքը ցանկալի եւ սիրելի էր բոլորին: Թէպէտ հեթանոս տոհմից էր, սակայն բարեսէր եւ առաքինասէր էր, ինչպէս Կոռնելիոսը: Ձեռք էր մեկնում բոլոր նեղեալներին, քաղցածներին, մերկերին, բանտարկուածներին եւ վիրաւորներին, մինչեւ իսկ ատեանի առաջ դատապարտուածներին վերցնում իր հովանու տակ: Քառասուն տարի իր մօտ ծառայածներին ազատութիւն էր տալիս մեծ պարգեւներով հանդերձ: Իր խնամքի տակ էր վերցրել բոլոր կարօտեալներին՝ հայր լինելով որբերի, աղքատների եւ այրիների համար, ինչպէս որ Յոբը: Ուստի աստուածային այցելութիւնն Իր շռայլ առատութեամբ եւ անսահման մարդասիրութեամբ չկամեցաւ թողնել նրան կուռքերի ծառայութեան լծի տակ, այլ նրան ցոյց տուած սքանչելիքով արժանի դարձրեց հոգեւոր ազատութեան ի Քրիստոս ամենասուրբ մկրտութեամբ: Առաքինի զօրավար Պլակիդոսը փորձառու էր որսորդութեան, յատկապէս եղջերուների, այծերի եւ աւելի մանր չորքոտանիներ որսալու մէջ: Մի օր նա գնաց լեռները՝ տեսնելու, թէ ինչ կենդանի կը գտնի հովիտներում: Եւ Յիսուս Քրիստոս՝ Աստուծոյ Որդին, որ մեզ համար ծառայի կերպարանք առաւ՝ մարմին առնելով սուրբ Կոյս Մարիամից, այդպէս էլ այժմ երեւաց Պլակիդոսին եղջերուի, ինչպէս որ գրուած է. «Սիրասուն միեղջիւրի ձագի»[1] նմանութեամբ: Պլակիդոսը տեսաւ մի ահեղ եւ սքանչելատես եղջերուի՝ բարձրակատար եղջիւրներով, որոնց միջեւ խաչաձեւ լոյս էր երեւում: Պլակիդոսը փախաւ հովտի ծայրը, արագ-արագ անցաւ անտառի միջով եւ վազեց դէպի բարձրավանդակը: Եղջերուին տեսնելով եւ սքանչանալով՝ զօրավարը միաժամանակ կամեցաւ քաջագործութիւն ցուցաբերել զօրքի այլ որսորդների եւ նրանց գլխաւորների առաջ: Ուստի բոլորից առաջ անցաւ, հեռացաւ մի անծանօթ վայր, որովհետեւ շատ ժամեր կենդանին փախչում էր իրենից: Զօրավարը մօտենում էր նրան եւ երբ կամենում էր սրով հարուածել եղջերուի մէջքին, կենդանին յանկարծ երեւում էր մի աւելի հեռու եւ անմատչելի վայրում: Ապա եղջերուից նրան ուղղուած ձայն եկաւ, որն ասում էր. «Պլակիդո՛ս, ինչո՞ւ ես հալածում ինձ: Ես եկայ քեզ համար, սակայն այժմ հալածւում եմ քեզնից: Ինչպէս մի ժամանակ Սողոսն էր հալածում Ինձ, այդպէս այժմ էլ դու՝ Ինձ որսալու համար: Սակայն Ես Իմ ծոցում բռնեցի Ինձ հալածողին, եւ նոյնն այժմ քեզ հետ կը լինի: Ես եմ՝ Յիսուս Քրիստոս, Որին պաշտում էիր անգիտաբար, որովհետեւ քո բարեգործութիւնները, որոնք անում ես կարօտեալներին, Իմ առջեւ են: Ես եկայ՝ այս եղջերուի միջոցով Ինձ քեզ ցոյց տալու եւ քեզ որսալու Իմ մարդասիրութեան ուռկանի մէջ, որովհետեւ արժան չէ, որ նա, որը սիրելի է Ինձ իր բարի գործերի համար, ծառայի պիղծ դեւերին եւ մեռելոտի ու խուլ կուռքերին»:
Վախեցած զօրավարն ընկաւ գետնին, եւ մի պահ անց, կատարուածից ուշքի գալով, կանգնեց՝ տեսնելու, թէ ով է խօսում իր հետ, բայց նա ոչ ոքի չտեսաւ, բացի հրաշատես եղջերուից եւ նրա եղջիւրների միջեւ ճառագայթող խաչից: Զօրավարն ասաց. «Այս ի՞նչ ձայն էր, որ լսեցի եղջերուի եղջիւրների միջից: Ո՞վ ես, որ խօսում ես ինձ հետ, յայտնի՛ր ինձ Քեզ»: Այս ասելով եւ ուշի ուշով դիտելով՝ տեսաւ խաչի կերպարանք, որի վրայ տպաւորուած էր մարդու, այսինքն մարդացեալ մեր Տէր Յիսուս Քրիստոսի պատկերը: Եւ այդ նոյն պատկերը խօսեց զօրավարի հետ՝ ասելով. «Իմացի՛ր, Պլակիդո՛ս, Ես եմ Առաջինը եւ Վերջինը, որ միշտ էի, եւ որ երեւացի վերջին ժամանակներում՝ կատարելով նահապետների եւ մարգարէների միջոցով Իմ աշխարհ գալու նախապէս յայտնած խորհուրդը: Ես եմ Աստուածը, որ մարդ եղայ ամբողջ աշխարհի փրկութեան համար: Ամէն բան Ինձնով եղաւ, եւ ամէն բան Ինձնով նորոգուեց: Լսի՛ր եւ երկրորդ խօսքը: Ըստ պատշաճ կարգի նախախնամութեան՝ Աստուած մարդկանց վրայ սահմանել է Իր խօսքը՝ իւրաքանչիւրի հոգու փրկութեան համար: Այն անջնջելիօրէն սահմանուած է նաեւ քեզ համար: Ահաւասիկ մինչ այժմ բարձր դիրքի ես հասել քո ունեցուածքով եւ հարստութեամբ, բայց հարկ է, որ խոնարհուես քո բարձրութիւնից՝ քո կեանքը թողնելով երկրի վրայ, եւ Նա, Ով խօսում է քեզ հետ, դարձեալ կը բարձրացնի քեզ հոգով: Եւ քանի որ դու կենցաղավարեցիր բարի քաղաքավարութեամբ եւ անգիտաբար պաշտում էիր Ինձ՝ մարդկանց բարեգործութիւններ անելով, ասա՛ Ինձ, կամենո՞ւմ ես խոնարհուել այժմ, թէ՞ յետոյ, որովհետեւ պէտք է կատարուեն քեզ համար բոլոր սահմանուածները»:
Զօրավարն ահ ու դողով երկրպագեց Տիրոջը եւ ասաց. «Աղաչում եմ Քո բարի նախախնամութեանը, որ եթէ այս բաներից ինձ ոչինչ չպատահի, թո՛յլ տուր մինչեւ վաղը, որպէսզի պատմեմ Քո աղախնուն՝ իմ կնոջը, եւ նա եւս գայ Քո խօսքի յետեւից: Մենք կ՚անենք, ինչ որ Դու ասացիր: Աղաչո՛ւմ եմ Քեզ, սպասի՛ր ինձ այստեղ, եւ ես վաղը կը յայտնեմ Քեզ»: Եւ Տէրը նրան ասաց. «Եթէ կամենում ես վաղը գալ այստեղ, ապա գնա՛ եւ քրիստոնեաների օրէնքով քահանայի ձեռամբ լուացուի՛ր աւազանի մէջ եւ ապա դարձեալ կը տեսնես Ինձ այս տեղում»:
Այնժամ զօրավարը մեծ ահով իջաւ լերան վրայից, հաւաքեց որս անող զօրականներին, սակայն որեւէ մէկին չյայտնեց իր տեսածն ու լսածը: Այլ գալով տուն՝ տեսիլքի մասին պատմեց իր կնոջը, իսկ նա լսելով աղաղակեց. «Տէ՛ր իմ, դու Խաչեալին ես տեսել, որին պաշտում են քրիստոնեաները»: Ապա աղօթեց առ Քրիստոս՝ ասելով. «Աստուծո՛յ Որդի, ողորմի՛ր ինձ եւ իմ որդիներին»: Զօրավարը զարմացաւ, թէ կինն ինչպէ՞ս է տեղեակ այդ մասին, իսկ նա ասաց. «Ես եւս տեսայ այդ տեսիլքը: Նա է Քրիստոսը, Ով Իր ողորմութեան կամքով երեւաց քեզ այդ կերպով, մինչեւ որ նշաններով կրթի մեր միտքը ճշմարտութեան մէջ: Սակայն մենք առանց սուրբ մկրտութեան ենք, արդ, ե՛կ այս գիշեր գաղտնաբար մկրտուենք, իսկ վաղը դու կը գնաս Նրա մօտ եւ կ՚ասես. «Տէ՛ր, որպէսզի կատարուեն գրուածները, ապա լաւ է, որ քանի դեռ մեր մէջ զօրութիւն կայ, խոնարհուենք այժմ, ոչ թէ յետոյ՝ ծերութեան ժամանակ՝ մօտ վախճանին: Աւելի լաւ է անցնել հրի միջով եւ ապա ցօղուել, քան լինել ցօղի մէջ եւ ապա այրուել»:
Ապա գիշերուայ մէջ վերցրին իրենց երկու որդիներին, գնացին Յովհան քահանայի մօտ, պատմեցին նրան Տիրոջ այցելութեան մասին, որ եղաւ իրենց եւ փափագով խնդրեցին ընդունել Քրիստոսի Կնիքը: Եւ Յովհան քահանան, տեսնելով նրանց յօժարութիւնն ու հաւատքը, երախայացրեց նրանց, բացատրեց հաւատքի խորհուրդները, ապա մկրտեց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անուամբ ու հաղորդ դարձրեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի սուրբ Մարմնին եւ պատուական Արեանը: Փոխեց նրանց անունները. Պլակիդոսին կոչեց Եւստաթէոս, կնոջը, որի անունը Տատիանէ էր, կոչեց Թէոպիստիա, որ թարգմանաբար նշանակում է աաստուածահաւատ կին, իսկ որդիներից անդրանիկին կոչեց Ագապիոս, որ նշանակում է բարեսէր եւ կրտսերին՝ Թէոպիստոս, որ նշանակում է աստուածահաւատ: Քահանան նրանց ասաց. «Թող Տէր Աստուած ձեզ հետ լինի եւ առաջնորդի դէպի Իր Արքայութիւնը», որովհետեւ նա իմացաւ, որ Տիրոջ ձեռքը նրանց վրայ է: Ուստի խնդրեց նրանց եւ ասաց. «Երբ հասնէք երկնաւոր փափկութեան Դրախտը, յիշէ՛ք Յովհանի հոգին»:
Այնուհետեւ Եւստաթէոսն իր հետ հեծեալներ առաւ եւ իբրեւ թէ որս անելու համար բարձրացաւ լեռը: Երբ մօտեցան այն տեղին, Եւստաթէոսը մի պատճառ բռնելով՝ նրանց այլ կողմ ուղարկեց: Մենակ մնալով այն տեղում, որտեղ առաջին անգամ վիճակուեց տեսնել այն տեսիլքը, նոյն կերպով տեսաւ եւ այժմ: Ընկաւ իր երեսի վրայ եւ բարձրագոչ ասաց. «Խոստովանո՛ւմ եմ Քեզ, Տէ՛ր, որովհետեւ Դու կենդանի Աստուծոյ Որդին ես: Ինչպէս պատուիրեցիր ինձ, ես եկայ այստեղ եւ խնդրում եմ, որ առաջիկայ տառապանքներին հանդիպենք այժմ եւ ոչ թէ ծեր հասակում»: Եւ ահա երանելի Եւստաթէոսին լսելի եղաւ ձայն, որն ասաց. «Երանի է ձեզ, որ լուացուեցիք յաւիտենական մաքրութեան լուացումով եւ յաղթեցիք ձեր հակառակորդին: Ինչ որ ասացիք, կը լինի ձեզ այս երեք օրը, բայց զգոյշ եղէք, որ ձեր բերանից տրտունջի խօսք չլսուի: Ամո՛ւր մնացէք եւ քաջալերուէ՛ք, որովհետեւ երբ վշտերի եւ տառապանքների փորձութիւններով աճէք այն աճումով, որ Աստծուց է[2], դարձեալ կ՚այցելեմ ձեզ, եւ դուք կը մխիթարուէք նաեւ այս կեանքում»: Այս ասելով՝ Տէրն աներեւոյթ եղաւ:
Եւ Եւստաթէոսը, երկրպագելով Տիրոջը, ուրախութեամբ եւ գոհութեամբ վերադարձաւ իր տուն: Դեռ տուն չհասած ժանտախտի համաճարակից սատկեցին նրա եօթանասուն ձիերը, եւ մեռան սենեկապանները, զինակիրները, ծառաներն ու աղախինները: Յաջորդ օրը մթնոլորտի որոտներից եւ կայծակներից վերացան նրա հօտերն ու անդաստանները: Եւ միւս օրն էլ, մինչ Եւստաթէոսը կնոջ ու որդիների հետ իրենց պարսպի մօտ՝ բուրաստանում էին, կործանուեց նրանց բարձրաբերձ եւ հոյակապ ապարանքը: Յափշտակողները բազմութիւններով լցուեցին այնտեղ եւ յափշտակեցին Եւստաթէոսի ողջ հարստութիւնն ու ունեցուածքը: Եւ նրանց ոչինչ չմնաց, բացի այդ պահին իրենց հագած հագուստներից:
Այդ օրերին քաղաքում ուրախ էին պարսիկների դէմ թագաւորի տարած յաղթանակի համար: Մեծամեծները, որ մասնակցում էին յաղթանակի տօնի խրախճանքին, թագաւորի հետ զարմանում էին Պլակիդոսի ուշանալու համար: Որոնեցին նրան, բայց չգտան, որովհետեւ Պլակիդոսը ծածկում էր իր անձը: Մարդիկ շշնջում էին նրա մասին, զարմանում եւ գովաբանելով ասում. «Չկա՛ Պլակիդոսի, նրա կնոջ եւ որդիների նման մէկը»: Այնժամ նրա կինը՝ Թէոփիստիան, ասաց իր ամուսնուն. «Լսի՛ր ինձ, տէ՛ր իմ, ե՛կ վերցնենք մեր երկու որդիներին, եւ հեռանանք այս երկրից, որովհետեւ մենք նախատինք ենք մեր վաղեմի ծանօթներին»:
Եւ գիշերը, մախաղի մէջ դնելով երկու տղաներին, գնացին Եգիպտոս: Մի քանի օր ճանապարհ անցնելով՝ մօտեցան ծովին եւ ցանկացան շտապ նաւել: Հանդիպեցին մի նաւավարի, որն անգութ եւ շնաբարոյ մարդ էր շնագլուխներ կոչուող բարբարոս ցեղից, նստեցին նրա նաւն ու գնացին: Եւստաթէոսի կինը յոյժ գեղեցիկ եւ բարետես կին էր: Երբ նրանք խորացան ծովի մէջ, նաւավարը ցանկացաւ նրան եւ սկսեց չարիք նիւթել Եւստաթէոսի դէմ, որպէսզի առնէր Թէոպիստիային: Եւ երբ նաւը ցամաք հասաւ, ու Եւստաթէոսը կամեցաւ կնոջ եւ որդիների հետ ելնել նաւից, նաւապետը վարձի փոխարէն պահանջեց նրա կնոջը: Երբ Եւստաթէոսը հակաճառեց, բարբարոսը իւրայիններին ակնարկեց նետել նրան ծովի խորքերը: Տեսնելով իրեն վրայ հասած չարիքը, որ ցանկանում են սպանել իրեն եւ թոյլ չեն տալիս Թէոպիստիային, Եւստաթէոսն առաւ երկու որդիներին եւ ողբալով ելաւ նաւից՝ սրբասէր կնոջը յանձնելով Աստուծոյ պահպանութեանը: Գնում էր լալով ու հառաչելով, նայում էր երկու որդիներին եւ ասում. «Վա՛յ ձեզ՝ տառապեալներիդ, քանզի այլազգին գերեց ձեր մօրը: Այդ բարբարոսն իր ցասման պահին գազանաբար կը յօշոտի նրան, սակայն թող ամէն բանում Տիրոջ կամքը լինի»: Երեխաների հետ մի քանի օր ճանապարհ անցնելով՝ հասաւ մի գետի, որ կոչւում էր Իդասպիս: Գետը յորդառատ էր, որի համար վախեցաւ միասին անցկացնել երկու տղաներին: Անդրանիկ որդուն՝ Ագապիոսին թողեց այս կողմում, վերցրեց կրտսեր որդուն՝ Թէոպիստոսին, անցաւ գետի վրայով եւ շտապեց յետ դառնալ ու բերել նրա եղբօրը: Վերադարձին՝ երբ գետի մէջտեղում էր, երեխաներից մէկին յափշտակեց առիւծը, միւսին՝ գայլը: Երեխաների ճիչը լսելով՝ Եւստաթէոսն այս ու այն կողմ նայեց եւ երբ տեսաւ նրանց վրայ հասած աղէտը, կտրեց նրանց փրկելու յոյսը: Փետում էր մօրուքը եւ գլխի մազերը, հոգու տագնապից գրեթէ խորտակւում էր գետում, սակայն Աստուծոյ նախախնամութիւնը հասաւ նրան եւ անվնաս դուրս բերեց ցամաք: Առանց նրա գիտութեան՝ Տէրը պահպանեց նաեւ նրա որդիներին, քանզի առիւծը, որը յափշտակեց նրա երեխաներից մէկին, ողջ մանուկը բերանին առաջ էր ընթանում: Մի քանի հովիւներ, տեսնելով առիւծին, հասան եւ փրկեցին մանկանը գազանից, իսկ գայլին Աստուծոյ նախախնամութեամբ տեսան դաշտի հողագործները: Նրանք շներով վազեցին եւ յարձակուեցին գայլի վրայ ու փրկեցին անվնաս մնացած երեխային: Թէ՛ հովիւները եւ թէ՛ հողագործները նոյն գիւղից էին: Նրանք պահեցին ու մեծացրին երեխաներին իրարից հեռու, քանի դեռ չէին ճանաչում, որ նրանք եղբայրներ են:
Իսկ երանելի Եւստաթէոսը, զրկուած եւ դատարկուած ամէն բանից առաւել քան Յոբը, փառաւորում էր Տիրոջը կատարուած ամէն բանի համար: Հեծեծալով նա ճանապարհ ընկաւ, բայց չգիտէր, թէ ուր է գնայ կամ ինչպէս մխիթարուի իր տառապանքներից: Վշտից մորմոքուած՝ յաճախակի նստում էր եւ արտասուքներից մշուշուած՝ պայծառ օդը խաւարի մէջ էր տեսնում: Միշտ իր առջեւ ուրուագծւում էին իր սիրելի զաւակների եւ պարկեշտ կնոջ երեսները, իրենց ողջ հարստութեան եւ փառաւորութեան յիշողութիւնները: Գնում էր եւ իր թախիծը փարատելու համար ասում. «Տէ՛ր, Տէ՛ր, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր, ա՛ռ իմ հոգին, եթէ հաճոյ է Քեզ, քանզի ինձ ոչինչ չմնաց: Վա՛յ ինձ, որ մի ժամանակ ծաղկած ծառ էի, իսկ այժմ՝ տերեւաթափ եղած: Ես, որ իշխանաւոր էի, այսպէս թշուառացայ: Իմ գլխի պսակը գերուեց ծովում, իսկ իմ պտուղները գազանների կերակուր դարձան: Սպառազինուած զօրականս անզէն մնաց եւ հաստատուն կանգնածս երերուն դարձաւ: Սակայն Դու, Տէ՛ր իմ, մի՛ անտեսիր հեծեծանքներս, եւ թող որ ամենամեղաւոր հոգիս Քեզ մօտ գայ սրբութեամբ: Յիշելով Յոբին՝ համբերում եմ այս վշտերին: Յոբը գիտէր, թէ որտեղ թաղուեց իր որովայնի պտուղը, եւ թէպէտ կորցրեց պտուղը, սակայն տեսնելով իր կնոջ ոստը՝ մխիթարւում էր: Իսկ ես՝ տառապեալս, ամբողջովին արմատախիլ եղայ եւ ջահից որպէս մի փոքր կայծ մնացի: Փչող մրրկահողմից ահա ուժասպառ եմ եղել, բայց Դու, Տէ՛ր իմ, մի զայրացիր իմ շատախօսութիւնից, որովհետեւ վարանում եմ ցաւով եւ ակամայ գալիս եմ ասելու, որ ինչ չունէի, ստացայ Քեզնից, բայց ինչ որ տուեցիր, խլեցիր: Այսուհետեւ զուրկ եմ ամէն բանից եւ մաշւում եմ տրտմութիւնից: Տէ՛ր, հանգիստ տուր ինձ բոլոր նեղութիւններից՝ հանելով ինձ մարմնիս բանտից, որպէսզի Քեզ ընդդիմանալով՝ ակամայ անտեղի խօսքեր չասեմ եւ Քո հօտից դուրս մնալով՝ գազաններին կերակուր լինեմ»:
Այս եւ նման խօսքեր ասելով՝ հասաւ մի գիւղ, որ Բանտիսոն էր կոչւում: Տեղաբնակներին խնդրեց վերցնել իրեն որպէս վարձկան՝ նրանց անդաստանները մշակելու ու պահելու համար եւ այդպէս տասնհինգ տարի աշխատեց ու վաստակեց այգեստաններից մէկում:
Իսկ նաւավարը, որն առաւ Եւստաթէոսի կնոջը՝ Թէոպիստիային, տարաւ իր երկիրը՝ իր տուն, որ Լիբիայում էր եւ աստուածային նախախնամութեամբ չմերձեցաւ նրան, որովհետեւ այն օրից, երբ բռնութեամբ պահեց նրան նաւում, հիւանդացաւ եւ տուն հասնելով՝ մեռաւ: Աստուծոյ շնորհները Թէոպիստիայի վրայ էին՝ այլազգիների մէջ նրան անփորձանք պահելու համար: Նա ապրեց այնտեղ պարկեշտ վարքով եւ ուրիշներին ծառայելով:
Ժամանակ անց այլազգիները, որոնց մօտ գտնւում էր Եւստաթէոսի կինը, յարձակուեցին հռոմէացիների վրայ եւ գրաւեցին բազմաթիւ գաւառներ: Ներուաս թագաւորը, որը յաջորդում էր Դոմետիանոսին, ծանր դրութեան մէջ ընկաւ: Նա յիշեց քաջ զօրավար Պլակիդոսին եւ մարդիկ ուղարկեց՝ որոնելու նրան բոլոր քաղաքներում ու գիւղերում: Խոստացաւ պարգեւներ տալ նրանց եւ ասաց. «Ով Պլակիդոսին ինձ մօտ կը բերի, ես տասնհինգ տարով կ՚աւելացնեմ նրա տարեկան ռոճիկը»: Եւ նրանցից երկուսը, որոնցից մէկի անունն Անտիոքոս էր, միւսինը՝ Ակակիոս, ժամանակ առաջ ծառայել էին Եւստաթէոսի իշխանութեան տակ: Նրանք եկան հասան այն գիւղը, որտեղ գտնւում էր Եւստաթէոսը: Հեռուից նրանց տեսնելով ու ճանաչելով՝ Եւստաթէոսը, իբրեւ թէ զբօսնելով, մօտեցաւ նրանց: Յիշեց իր նախկին կարգավիճակը եւ այն նեղութիւնները, որ կրում էր ու աղօթեց՝ ասելով. «Զօրութիւնների՛ Տէր, մեր հայրերի՛ Աստուած, գոնէ հանդերձեալում հրամայիր ինձ տեսնել իմ լծակցին եւ դժբախտացած զաւակներին, որոնք իմ թշուառութեան պատճառով գազանների կեր դարձան: Ողորմի՛ր ինձ, Տէր, որպէսզի այժմ չյիշեմ եւ հանդերձեալում տեսնեմ իմ անդամներին եւ ոսկորներին»: Եւ ձայն լսեց երկնքից, որն ասաց. «Քաջալերուի՛ր, Եւստաթէո՛ս, որովհետեւ մօտ ժամանակներս կը տեսնես քո կնոջն ու երկու որդիներին: Երբ ոտքի ելնես քո տառապանքներից, օգնական կը լինես շատ նեղեալների, եւ Ես մարդկանց մէջ կը բարձրացնեմ քո անունը»:
Եւստաթէոսը կանգնեց ճանապարհին՝ սպասելով նրանց: Զօրականները մօտեցան, ողջունեցին նրան որպէս օտարի ասելով՝ ո՛ղջ եղիր, իսկ նա ասաց՝ խաղաղութիւն ձեզ: Նրանք հարցրին. «Ճանաչո՞ւմ ես Պլակիդոս անունով մէկին իր կնոջ եւ որդիների հետ: Ասա՛ մեզ, եւ մենք քեզ առատ պարգեւներ կը տանք»: Իսկ նա, խռովքի մատնուած, չէր կարողանում պատասխանել նրանց եւ ապա ասաց. «Ես չեմ ճանաչում այդպիսի մէկին: Եկէ՛ք եւ մի փոքր հանգստացէք, այն տանը, ուր ես ապրում եմ իբրեւ պանդուխտ, որովհետեւ ես ինքս օտարական եւ պանդուխտ եմ այս երկրում: Տօթի պատճառով թերեւս քիչ գինի գտնեմ եւ տամ ձեզ՝ ըմպելու»: Եւ գնաց ու տանտիրոջն ասաց. «Ճանապարհից իմ ծանօթներն են եկել: Նրանց համար փափկահամ կերակուրներ բեր, որովհետեւ նրանք նշանաւոր մարդիկ են: Իմ վարձատրութեան ժամանակ ես ամբողջը կը հատուցեմ քեզ»:
Եւ տանտէրը մեծ յօժարութեամբ խնջոյքի սեղան բացեց: Երբ նստեցին, տանտէրն ինքն էր նրանց համար գինի լցնում, իսկ Եւստաթէոսը ջուր էր մատուցում: Երբ դուրս էր գալիս սենեակից, լաց էր լինում եւ ապա լուացուած դէմքով դարձեալ սպասաւորում նրանց: Եւստաթէոսը պարանոցին մի նշան ունէր՝ պատերազմում վիրաւորուելուց յետոյ մնացած մի սպի: Եւ մինչ նա սպասաւորում էր, զօրականներից մէկը՝ Անտիոքոսը, նայելով նրա պարանոցին, տեղից վեր թռաւ եւ արտասուելով համբուրեց Եւստաթէոսին, իսկ Ակակիոսը մտածում էր, թէ այս ինչ կատարուեց: Ապա ինքը եւս ճանաչելով նշանը՝ ընկերոջ նման գրկեց ու համբուրեց նրան: Եւ երբ բանը յայտնի եղաւ, նոյն ձեւով ընտանիքը եւս լաց եղաւ նրանց հետ: Ամբողջ գիւղն այնտեղ գնալով ասում էր, թէ ի՞նչ է սա: Իսկ զօրականները, փոքր-ինչ պատկառելով, հարցնում էին նրան կնոջ եւ երկու որդիների մասին: Եւստաթէոսն ասաց նրանց. «Ես չեմ ճանաչում Պլակիդոսին եւ ոչ էլ նա եմ, ինչո՞ւ էք ինձ չարչարում», բայց նրանք ասացին. «Դու ես՝ մեր տէրը» եւ բնակիչներին պատմեցին նրա մեծութեան եւ քաջութեան մասին: Իսկ նրանք լալով ասում էին. «Ինչպիսի այր է մեզ մօտ վարձկան դարձել» եւ ծնրադրած աղաչում էին նրան ներել իրենց: Ապա զօրականները յանձնեցին թագաւորի հրամանը, եւ երբ հարցրին նրա կնոջ եւ որդիների մասին, ասաց, որ նրանք մեռել են:
Զինուորները վերցրին նրան, պատուական հանդերձներ հագցրին եւ ճանապարհ ընկան: Տեղաբնակները լալով ճանապարհեցին նրան: Եւ երբ տեղ հասան, թագաւորն ասաց. «Ի՞նչ ճամփայ բռնեցիր, Պլակիդո՛ս, ինչո՞ւ մեզնից անհետացար»: Եւ նա բոլոր սինկղիտոսների առաջ հերթով պատմեց կնոջ մասին, թէ ինչպէս նա մնաց ծովում, ինչպէս որդիները գազաններին կերակուր եղան, եւ ինչպէս համբերեց բոլոր նեղութիւններին: Բոլորը լսում էին նրան՝ արտասուքներ թափելով: Ապա մխիթարուելով թագաւորի եւ բոլորի կողմից՝ կապեց իր գօտին, ինչպէս նախկինում, երբ զօրավար էր:
Երբ բանակով ճանապարհ ընկաւ, տեսաւ, որ զօրքը հաւաքագրուած չէ առաջիկայ պատերազմի համար: Ուստի կարգադրեց, որ բոլոր տեղերում, որտեղով անցնում էր, զօրքահաւաք անել: Երկու հոգի գնացին այն գիւղը, որտեղ մեծացել էին Եւստաթէոսի որդիները՝ վարձով զօրականներ փնտռելու համար: Գիւղացիները յանձն առան վաճառել երկու պատանեակներին՝ որպէս իրենց մէջ օտարականների եւ նրանց պատուականութեան համար մեծ գին պահանջեցին, քանի որ վայելչատես էին, կորովի, առաքինի եւ անթերի: Մեծ գին տալով՝ մարդիկ առան նրանց եւ բերեցին իրենց տիրոջ առաջ: Եւստաթէոսը վերցրեց նրանց, հազարաւորների մէջ իրեն ընտիր ու սիրելի համարեց եւ առանց իմանալու՝ հայրական բնազդով յոյժ սիրեց նրանց: Նրանցից մէկին իրեն զինակից դարձրեց, իսկ միւսին՝ իր սենեկասպասը:
Եւ զօրք հաւաքելով՝ մեծ պատրաստութեամբ պատերազմ գնաց: Ազատագրեց գաւառը, որ գրաւել էին բարբարոսները, նուաճեց նրանց եւ հարուածեց հակառակորդին, որոնց եղիմացիներ են կոչում: Ապա անցաւ գետը, որին ոմանք Անոբ են կոչում, ոմանք էլ՝ Իդասպիս, եւ խորացաւ բարբարոսների երկրի մէջ, քանզի Քրիստոսի նախախնամութիւնը տանում էր նրան այնտեղ, որտեղ բնակւում էր նրա կինը: Նախքան Եւստաթէոս զօրավարի բանակի գիւղ մտնելը, ուր պանդխտում էր Թէոպիստիան, երեք օր հանգստանալու համար վրան խփեցին այն պարտէզի մօտ, որը նա մշակում էր: Եւ Թէոպիստիան ուրախ եղաւ հռոմէացիների բանակի գալու համար, որովհետեւ մտածում էր՝ դիմելով զօրավարին իբրեւ քաղաքացի, թերեւս հնարաւոր լինի հայրենիք վերադառնալ:
Երկրորդ օրը՝ ճաշից յետոյ, երբ Եւստաթէոսը քուն էր մտել իր վրանում, երկու եղբայրները շրջում էին մերձակայ բուրաստանում: Ապա նստեցին ծառի տակ եւ սկսեցին միմեանց պատմել իրենց մանկութեան մասին, իսկ նրանց մայրը, պատուհանի մօտ նստած, յիշում էր անցած դժբախտութիւնները եւ գաղտնաբար լսում պատանիների խօսակցութիւնը: Աւագ եղբայրը՝ Ագապիոսը, կրտսեր եղբօրը՝ Թէոպիստոսին, ասում էր. «Ես մանկութիւնից ոչինչ չեմ յիշում: Միայն այն գիտեմ, որ իմ հայրը, որ զօրավար էր եւ մեծահարուստ, ինչպէս մեր տէրը, աղքատացաւ: Մայրս յոյժ գեղեցիկ կին էր, իսկ փոքր եղբայրս խարտեաշ մազեր ունէր: Մեր հայրը մեզ դրեց մախաղի մէջ եւ գնաց, իսկ մեր մայրը գալիս էր մեր յետեւից: Նա նաւ նստեց մեզ հետ, բայց նաւից իջնելիս մայրս մնաց նաւում: Ես չգիտեմ, թէ ինչ եղաւ նրան: Հայրս մեզ գրկած տանում էր հեծեծալով: Հասնելով մի գետի՝ նա ինձ թողեց այս ափին ու անցկացրեց եղբօրս եւ երբ պատրաստւում էր վերադառնալ՝ ինձ եւս անցկացնելու, առիւծը յափշտակեց ինձ, որից փրկեցին ոչխարների հովիւները: Ես մեծացայ այս գիւղում, որ դու գիտես եւ չիմացայ, թէ ինչ եղան հայրս ու եղբայրս»:
Այնժամ Թէոդիտոսն իսկոյն ոտքի ելաւ, փարուեց Ագապիոսի պարանոցին եւ բարձրաձայն լաց լինելով ասաց. «Քրիստոսի զօրութեամբ ես քո եղբայրն եմ, որովհետեւ նրանք, որոնց մասին դու պատմեցիր, իմ հայրը, մայրը եւ եղբայրն են: Ես յիշում եմ գետն անցնելը, յիշում եմ, որ միայնակ մնացի մի կողմում եւ այլեւս չտեսայ իմ հօրն ու եղբօրը, որովհետեւ գազանը յափշտակեց ինձ: Ինձ մեծացնողները պատմել են, թէ ինձ գայլի բերանից են փրկել եւ որեւէ բան չեն իմացել ծնողներիս մասին»:
Այս ամէնը լսելով՝ շարժուեց մօր սիրտը, սաստիկ խռովքի մատնուեց, որովհետեւ իմացաւ, որ նրանք իր որդիներն են: Տեսնելով, թէ ինչպէս են նրանք միմեանց գրկած լաց լինում, ինքը եւս մինչեւ ուշ երեկոյ կարօտից չէր կարողանում զսպել իր արտասուքները, բայց նաեւ չէր կամենում յայտնել իրեն, մինչեւ օտար երկրից դուրս գալու համար օգնութիւն խնդրէր զօրավարից: Ուստի համբերելով մինչեւ առաւօտ՝ յաջորդ օրը համարձակ եկաւ Եւստաթէոսի առաջ եւ ասաց. «Տէ՛ր իմ, ես հռոմէացի եմ եւ որպէս գերի թափառում եմ այս կողմերում: Աղաչո՛ւմ եմ քեզ, դո՛ւրս բեր ինձ այստեղից եւ հասցրո՛ւ իմ երկիրը»: Այս ասելիս նա նկատեց ամուսնու պարանոցի նշանը: Ծփաց իր խորհուրդներում եւ չկարողանալով դիմանալ՝ ասաց. «Աղաչո՛ւմ եմ քեզ, տէ՛ր, մի՛ գարշիր քո աղախնուց, այլ պատմի՛ր ինձ քո անցած կեանքի մասին: Միգուցէ դու ես, որ կորցրեցիր ինձ: Ասա՛ այն երդումը, որ տուեցիր ի Քրիստոս»:
Եւստաթէոսը, բարբարոսների երկրում լսելով Քրիստոսի անունը, մտածեց. «Հաւանաբար այս կինը հաւատացեալ հռոմէացի մէկից է իմացել Քրիստոսի մասին»: Եւ ակնածելով կնոջ խօսքից, որը մեծամեծ աւետիսների նշան էր տալիս, սկսեց փոքր ի շատէ պատմել նրան իր հետ կատարուած դէպքերի մասին: Եւ մինչ նա եղածներից մի բան էր պատմում, կինը յաջորդ դէպքերի մասին էր պատմում: Եւ երբ նա պատմեց, թէ ինչպէս նաւավարը յափշտակեց իր կնոջը, Թէոպիստիան, որն արդէն գիտէր որդիների պատմութիւնը, պատմեց, թէ ինչպէս գազանները յափշտակեցին որդիներին: Եւստաթէոսը, որ խիստ զարմացած էր, ասաց. «Երդուեցնում եմ քեզ Քրիստոսով, որտեղի՞ց գիտես ինձ հետ կատարուած բաները»: Եւ նա մօտենալով ընկաւ Եւստաթէոսի ոտքերն ու ասաց. «Ես քո տառապեալ կինն եմ՝ Թէոպիստիան: Մի՛ բարկացիր ինձ վրայ, տէ՛ր իմ, քանզի Աստուծոյ Որդու շնորհիւ, որ եղջերուի կերպարանքով երեւաց քեզ լերան վրայ, անմերձենալի եմ եղել այն այլազգու կողմից, որը յափշտակեց ինձ»: Իսկ Եւստաթէոսն արտասուելով ասաց. «Ես չեմ վհատւում այդ բաների համար: Օրհնեա՛լ է Աստուած, որ ամենուրէք ինձ հետ է»: Իսկ Թէոպիստիան ասաց. «Արդ, որեւէ բան գիտե՞ս որդիների մասին»: Եւ նա պատասխանեց. «Ասացի, որ երեխաները գազանների կեր են եղել: Դու ցոյց ես տալիս, թէ ամէն բան գիտես, այժմ ինչո՞ւ ես հարցնում այդ մասին»: Եւ կինն ասաց. «Տէ՛ր իմ, քո այն գեղեցկատես զինակիրները մեր որդիներն են: Մինչ այժմ նրանք եւս չգիտէին, որ եղբայրներ են: Երէկ ես պարտէզում լսում էի, թէ ինչպէս են նրանք միմեանց պատմում իրենց հետ կատարուածները»:
Եւստաթէոսը կանչեց նրանց եւ հարցրեց, թէ ինչպէս են մեծացել: Եւ նրանք հերթով յիշատակելով պատմում էին իրենց հետ կատարուած դէպքերը: Եւ երբ ծնողները գտան իրենց որդիներին, որդիներն էլ՝ իրենց ծնողներին, ձեռք ձեռքի տուեցին եւ միմեանց պարանոցին փարուած մօտ երկու ժամ լաց էին լինում ուրախութիւնից եւ գոհութեամբ աղաղակում առ Աստուած: Օրուայ մէջ լուրը տարածուեց ամբողջ բանակում: Զօրքը հաւաքուեց՝ մխիթարակից լինելու նրանց, եւ նրանց գտնուելն ու միմեանց ճանաչելը նշեցին մեծ տօնակատարութեամբ:
Այնուհետեւ յաջորդ օրը քաջ Եւստաթէոսը, զօրացած Տիրոջով, կոտորած արեց այլազգիների մէջ եւ մեծ յաղթանակով ու փառքով վերադարձաւ Հռոմ: Սակայն մինչ Հռոմ հասնելը մեռաւ նրա սիրելի Ներուաս թագաւորը, որը քրիստոնեաների հանդէպ խաղաղասէր եւ բարեսէր մարդ էր, եւ որը թագաւորեց ոչ աւել, քան մէկ տարի եւ չորս ամիս: Նրանից յետոյ թագաւորեց Տրայիանոսը, որն ի սկզբանէ ատելութեամբ էր լցուած քրիստոնեաների հանդէպ: Ուստի իմանալով Եւստաթէոսի մասին, որ նա դաւանում է Քրիստոսին, արհամարհեց նրա ամբողջ վաստակը: Առաքինի նահատակին եւ նրա ընտանիքին կանչեց ատեանի առաջ, պայքարեց նրանց հետ՝ դառնալու կուռքերի պաշտամունքին եւ երբ չկարողացաւ որսալ նրանց խօսքերով, հրամայեց, որ հրապարակում կնոջ եւ որդիների հետ մարտնչի առիւծների հետ: Սակայն գազանները նրանց չվնասեցին, այլ հեզաբար հեռանալով հրապարակից՝ գնացին իրենց տեղերը: Լսելով այս մասին՝ քրիստոնեաները գալիս էին՝ տեսնելու կենդանի նահատակներին եւ փառաւորում էին Աստծուն:
Խիստ զայրացած թագաւորը հրամայեց պղնձէ ցուլ սարքել, շիկացնել այն եւ նրանց գցել ցուլի մէջ, որպէսզի զրկուեն կեանքից: Երանելիները մօտեցան դժնի գործիքին եւ ծնրադրած աղօթեցին՝ ասելով. «Զօրութիւնների՛ Տէր, անտեսանելի՛ Աստուած, որ Քո ողորմութեամբ երեւացիր մեզ, այժմ լսի՛ր մեզ, մարդասէ՛ր Տէր եւ ընդունի՛ր մեր պաղատանքները, որպէսզի միաբանուած արժանի լինենք հասնել Քրիստոսին, ինչպէս անարատ մանուկները, որոնք նետուեցին հրի մէջ: Ովքեր կը յիշատակեն մեր անունը, Տէ՛ր, տո՛ւր նրանց առատ պարգեւներ երկնքից ու երկրից: Թող նրանք անվնաս ու անվտանգ անցնեն գետերի եւ ծովերի վրայով: Ում զաւակները կոտորուեն, նրանց իսկոյն օգնութեան հասի՛ր: Թեթեւացրո՛ւ ծանր մեղքերը: Ովքեր ճանապարհին կը յիշատակեն մեզ, բարեգործի՛ր ամէն ինչով եւ ովքեր հիւանդութեան մէջ յիշեն մեզ, իսկոյն նրանց բժշկութիւն շնորհի՛ր: Այս հուրը ցօղի փոխարկիր եւ խաղաղութեամբ ընդունիր մեր հոգիները: Մի՛ բաժանիր մեր մարմինները միմեանցից, այլ թող նրանք հանգչեն միասին»: Եւ Տէրը հրեշտակի միջոցով ասաց. «Ճշմարտապէս այդպէս, եւ առաւել քան այդպէս կը լինի, քանզի որտեղ հասնեն ձեր հանդերձների քղանցքներից, Իմ զօրութիւնն այնտեղ կը լինի»:
Եւ երբ նրանց փակեցին շիկացած պղնձէ ցուլի մէջ, տանջարանի անօթը նրանց համար աղօթարան եղաւ: Հուրը մարեց, եւ նրանք խաղաղութեամբ աւանդեցին իրենց հոգիները:
Այսպէս նահատակուեցին բարեյաղթ վկաները՝ բարի յիշատակ թողնելով երկրի վրայ, որ եղաւ Տիրոջ 100 թուականին, սեպտեմբերի 20-ին: Երեք օր անց նրանց մարմինները դուրս բերեցին ցուլի միջից եւ տեսան, որ նրանց գլխից մազ անգամ չէր այրուել, իսկ մարմինները ձեան պէս լուսափայլ էին: Քրիստոնեաներն առան նրանց մարմինները, պատուով ամփոփեցին տապանի մէջ եւ ժամանակ անց սուրբերի հանգստեան տեղում վկայարան շինեցին ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Եւստաթէոսի, նրա կնոջ՝ Թէոպիստիայի եւ նրանց որդիների Ագապիոսի ու Թէոպիստոսի յիշատակը տօնում է Սուրբ Խաչի երրորդ երեքշաբթի օրը՝ սուրբ Երմոնիա եւ Նեքտարինէ կոյսերի հետ:
[1] Սաղմ. ԻԸ 6:
[2] Տե՛ս Կող. Բ 19:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: