Պարծեսցին սուրբքն փառօք եւ ցնծասցեն
Յաւիտենական ի վաստակս իւրեանց յաւուր գալստեան Փրկչին.
Յորժամ գայ փառօք Հօր փառաւոր լինել ի մէջ սրբոց Իւրոց:
Սիրէ Տէր զերկիւղածս իւր եւ պահէ զնոսա.
Եւ բնակի ի հեզս եւ ի խոնարհս ի գալստեանն Իւրոյ.
Յորժամ գայ փառօք Հօր փառաւոր լինել ի մէջ սրբոց Իւրոց:
Փոխանակ ճգնութեան համբերողաց՝
Մատուցանէ իւրաքանչիւր զանթառամ պսակ. եւ փայլին որպէս զարեգակն.
Յորժամ գայ փառօք Հօր փառաւոր լինել ի մէջ սրբոց Իւրոց:
(Շարակնոց)
Պանծալի Իրաւափառ վկան, որի անունը թարգմանաբար նշանակում է խաշնարած այր, Լիկիայի Զմիւռնիա քաղաքի մերձակայքից էր, եւ ապրել է Դեկոս կայսեր թագաւորութեան օրօք:
Հալածանքների ժամանակ քրիստոնեաներից մէկը, որի անունը Դիոսկորիդէս էր, փախուստ տուեց դէպի լեռները: Ասկլեպիոս դատաւորի որոնող մարդիկ չկարողացան հասնել նրա յետեւից: Շատ տեղերում նրան փնտռելով ու չգտնելով՝ նրանք պատահեցին Իրաւափառ հովուին եւ նրանից հարց ու փորձ արին Դիոսկորիդէսի մասին: Իսկ Իրաւափառը՝ իմանալով, թէ ինչու են փնտռում նրան, ասաց. «Եթէ նա մեղաւոր է ձեր հանդէպ, ահա ես, նրա փոխարէն ինձ տարէք»: Եւ այդպէս խոչընդոտեց նրանց, բայց յետոյ խոստովանեց, թէ ինքն է ընդունել ու թաքցրել նրան, եւ որ չի մատնի, այլ նրա փոխարէն կը յանձնի իրեն: Եւ երբ տարակուսած զինուորները ստիպեցին Իրաւափառին, նա հարցրեց նրանց. «Ինչո՞ւ էք փնտռում այդ մարդուն»: Եւ նրանք ասացին. «Որովհետեւ նա քրիստոնեայ է եւ ժողովրդին հրապարակաւ քարոզում է կուռքերին մերժող ուսմունք: Այդ պատճառով դատաւորը հրամայել է կանգնեցնել նրան ատեանի առաջ, որ յանձն առնի զոհ մատուցել աստուածներին, որպէսզի կեանք շնորհուի իրեն, այլապէս պիտի չարչարանքներ կրի»: Իրաւափառն ասաց նրանց. «Ներէ՛ք նրան, եղբայրնե՛ր, որովհետեւ թէպէտ նա քրիստոնեայ է, ինչպէս որ ես, սակայն ձեզ նման մարդ է»: Սուրբից այս լսելով՝ կատաղութեամբ ասացին նրան. «Նրա փոխարէն քեզ կը տանենք դատաւորի առջեւ»: Սուրբն ասաց. «Ես խնդրեցի ձեզ՝ այդ նոյնը շնորհել ինձ, սակայն դուք չլսեցիք: Վերցրէ՛ք ինձ նրա փոխարէն, ես նա եմ, եւ նա՝ ես, որովհետեւ մենք երկուսով նոյն Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի ծառաներն ենք»:
Այնժամ բռնեցին նրան եւ տարան Զմիւռնիա քաղաքը: Մօտեցան դատաւորին ու ասացին. «Մենք չկարողացանք բռնել այն մարդուն, որովհետեւ այս հովիւը թաքցրել է նրան: Եւ ոչ միայն թաքցրել է, այլեւ պաշտպանում է նրան ու համարձակ ասում, թէ ես եւս քրիստոնեայ եմ, ինչպէս որ նա»: Ասկլեպիոս դատաւորը նստեց դատաստանի աթոռին եւ հրամայեց նրան իր առջեւ բերել: Եւ սուրբը ներս մտաւ հովուի մորթէ հանդերձով, ցուպով ու պարսատիկով եւ կանգնեց դատաւորի առաջ ոչ որպէս վայրենաբնակ վախեցած մէկը, այլ իբրեւ Աստուծոյ քաջ ծառայ:
Դատաւորը նրան հարցրեց. «Ի՞նչ արհեստ ունես»: Իրաւափառը պատասխանեց. «Այն, ինչ տեսնում ես»: Դատաւորն ասաց. «Ասա՛ յայտնապէս, դու ո՞վ ես»: Իրաւափառը պատասխանեց. «Ես ունեմ այն արհեստը, ինչ ցոյց է տալիս իմ կերպարանքը եւ ունեմ այն հաւատքը, որով ծառայում եմ Յիսուս Քրիստոսին, ինչպէս որ լսել ես»: Դատաւորն ասաց. «Հանդէս ես գալիս որպէս քրիստոնեա՞յ»: Իրաւափառը պատասխանեց. «Ոչ միայն հանդէս եմ գալիս, այլ հէնց այդպիսինն եմ Աստուծոյ կամքով»: Դատաւորը հարցրեց. «Դո՞ւ ես ընդունել այն թաքնուող քրիստոնեային»: Սուրբը պատասխանեց. «Ոչ թէ ես, այլ Քրիստոս, որ պիտի ընդունի թէ՛ ինձ եւ թէ՛ նրան»: Դատաւորն ասաց. «Ասա՛ ինձ ճշմարիտը, որպէսզի ապրես»: Իրաւափառն ասաց. «Կեանքը Քրիստոս է, որովհետեւ Նա Ինքն է ասել. "Ես եմ կեանքը եւ ճշմարտութիւնը"»: Դատաւորը բարկացաւ եւ ասաց. «Ես քեզ մի բան եմ հարցնում, իսկ դու այլ բան ես պատասխանում, ասա՛, ինչ հարցնում եմ. զոհ մատուցելո՞ւ ես մեծ աստուածներին, թէ՞ ոչ»: Իրաւափառը պատասխանեց. «Հարցրո՛ւ ճշմարիտ Աստուծոյ մասին եւ կը լսես Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու միասնական տէրութեան մասին: Մի՛ խօսիր սուտ աստուածներին զոհ մատուցելու մասին, որովհետեւ նրանք ստուգապէս ոչինչ են՝ յօրինուած չար հնարքներով եւ որկրամոլ ախտաւոր մարդկանց կողմից, որոնց աստուածն իրենց որովայնն է»: Բարկացած Ասկլեպիոսն ասաց. «Պի՛ղծ եւ չարամի՛տ, թագաւորները հրամայել են, որ ամէնքն իսպառ հեռանան քրիստոնէութիւնից եւ զոհ մատուցեն աստուածներին, իսկ դու հակառակւո՞ւմ ես թագաւորների հրամաններին»: Սուրբ Իրաւափառը պատասխանեց. «Արդեօք ո՞ւմ ենք պարտաւոր լսել, անմահ Աստծո՞ւն, որ ամէն բան ոչնչից գոյութեան բերեց, թէ՞ մեռած մարդկանց, որոնք ապրեցին հպարտութեամբ, մեռան իբրեւ ոչինչ եւ հող ու մոխիր դարձան»: Դատաւորն ասաց. «Ինչպէ՞ս է, որ հովիւ եւ վայրենաբնակ մարդ լինելով՝ խօսում ես ճարտարութեամբ: Ո՞վ է քեզ այդպէս խօսել սովորեցրել, մի՞թէ այն քրիստոնեան, որ քեզ մօտ է փախել»: Իրաւափառն ասաց. «Ոչ թէ նա, այլ Քրիստոս է ուսուցանում մարդկանց եւ իմաստութիւն տալիս անմիտներին»: Դատաւորն ասաց. «Արդ, դու անմի՞տ ես»: Իրաւափառը պատասխանեց. «Երբեմն ես անմիտ էի, բայց այժմ, երբ իմ մէջ ընդունել եմ Տիրոջը, գիտեմ ամէն բան, ինչպէս իմաստուն մէկը»:
Այնժամ դատաւորն ասաց. «Ես հարց եմ տալիս, որ ուղիղ պատասխանես, բայց դու չես ասում: Արդ, եթէ գիտես ամէն բան, այժմ իմացիր նաեւ քեզ լինելիքը»: Եւ հրամայեց պրկել նրա մարմինն՝ ասելով. «Չարչարէ՛ք դրան այնքան, որ հոգին դուրս գայ տանջանքների մէջ, որովհետեւ նա վիճաբանում է մեզ հետ՝ ցոյց տալով իրեն քաջ ու անվեհեր կամ իբրեւ թէ աստուածային հոգի կրող մէկը»: Իսկ երանելին տանջանքների մէջ սկսեց աղօթել ու ասել. «Փա՛ռք Քեզ, Քրիստո՛ս, կենդանի Աստուծո՛յ Որդի, որ սովորեցրիր ինձ ասել ճշմարիտը: Արդ, Դու ես ճշմարտութիւնը եւ կեանքը»: Դատաւորն ասաց. «Թշուառակա՛ն, մի՞թէ տանջանքները չընկճեցին քեզ, որ շարունակում ես խօսել ընդդէմ աստուածների»: Իրաւափառն ասաց. «Իմ Քրիստոսը լոյս է, իսկ քո աստուածները՝ խաւար: Երբ երեւում է լոյսը, փախչում է խաւարը, եւ երբ քարոզւում է զօրութիւնը, նահանջում է տկարութիւնը, իսկ երբ առաջ է գալիս խաղաղութիւնը, հալածւում է դեւերի պատերազմը»: Դատաւորն ասաց. «Տանջանքներով կը զրկեմ քեզ կեանքից, եթէ չխոստովանես, թէ ուր ես թաքցրել փախուստի մատնուած այն քրիստոնեային եւ եթէ զոհ չմատուցես աստուածներին՝ ուրանալով քո Քրիստոսին»:
Երբ սուրբը ծիծաղեց այս խօսքերի վրայ, բռնաւորը հրամայեց հարուածել նրա որովայնին: Հարուածեցին մէկ ամբողջ ժամ, իսկ սուրբն ասաց. «Զարմանում եմ, ո՛վ դատաւոր, թէ ինչպէս ես՝ հովիւս, այսքան տանջանքների մէջ չեմ հեռանում ճշմարտութիւնից, այլ ցանկանում եմ երկար տանջանքներ ընդունել իմ Քրիստոսի համար: Ես առանց խուճապի եւ անշփոթ պատասխանում եմ քեզ, բայց դու, որ մեծ իշխան ես՝ նստած բարձր աթոռիդ, խռովւում ես ու չարագործի եւ դիւահարի պէս խօսում ոչ կարգաւորուած: Երբեմն հարցնում ես փախուստ տուած քրիստոնեայի, երբեմն իմ Քրիստոսին ուրանալու եւ երբեմն էլ դիւաբնակ մեռելոտի աստուածների մասին: Արդ, եթէ որոնում ես այն քրիստոնեային, ահա ես նա եմ, եթէ հարցնում ես Քրիստոսի մասին, ապա իմացի՛ր, որ Աստուած մարդ եղաւ Իր մեծ մարդասիրութեան պատճառով: Իսկ եթէ հարցնում ես աստուածներին զոհ մատուցելու մասին, զարմանում եմ, թէ ինչպէս է, որ նստել ես բարձր աթոռին, բայց քարշ ես գալիս ժահահոտ տեղերով: Եւ եթէ կամենում ես տանջել ինձ, ապա տանջի՛ր, ես պատրաստ եմ»:
Դատաւորը, տեսնելով նրա անհնազանդութիւնը, հրամայեց կախել նրան ու քերել մարմինը, «մինչեւ որ, - ասաց, - հասնէք ուղեղին եւ ոսկորներին»: Եւ քերեցին այնպէս, որ երեւացին նրա բոլոր ներքին անդամները: Ապա դատաւորն ասաց. «Երիցս թշուառակա՛ն, գոնէ հիմա՝ մինչ կախուած ես փայտից, խոստացիր զոհ մատուցել աստուածներին: Տեսնո՞ւմ ես, թէ ինչ դառը տանջանքների մէջ ես»: Սուրբը պատասխանեց. «Ո՛վ անմիտ, չգիտե՞ս արդեօք, որ խաչի միջոցով ծագեց մեզ փրկութիւնը: Մենք փրկուեցինք խաչով, որով լռեց կռապաշտութիւնը, ծաղկեց քրիստոնէութիւնը, դեւերը հալածուեցին, սատանան կապուեց, մարդիկ ազատուեցին, եւ Քրիստոս փառաւորուեց ու փառաւորեց Իրեն փառաբանողներին: Տեսնո՞ւմ ես, թէ ինչպիսի բարիքների պատճառ եղաւ Քրիստոսի խաչափայտը: Չգիտե՞ս, որ ես նահատակւում եմ Նրա համար եւ զոհ չեմ մատուցելու քո աստուածներին: Ահա այժմ ես կախաղանի վրայ եմ եւ այս քերանքի փայտի վրայից առաւել եմ խոստովանում Քրիստոսին»: Դատաւորն ասաց. «Կարծում եմ, որ այդպէս խօսելով՝ քեզ մահուան ես տանում: Դու չես կամենում հոգուդ մէջ ներողամիտ լինել ու հնազանդուել եւ ոչ էլ տանջանքներից ես վախենում: Ես քեզ դարձեալ սաստիկ տանջանքների մատնելով մահուան կ՚ուղարկեմ»: Սուրբը պատասխանեց. «Ես չեմ զարհուրում քո սպառնալիքներից ու չեմ վախենում քո տանջանքներից: Ես չեմ ճանաչում քո աստուածներին ու չեմ ուրանում իմ կեանքի պարգեւատու Յիսուս Քրիստոսին, Ով այսպիսի համբերութիւն պարգեւեց անարժանիս»: Դատաւորն ասաց. «Եթէ չես ճանաչում աստուածներին, ապա կը ներկայացնեմ քեզ: Նրանք են Ասկլեպիոսը, Արամազդը, Ապոլոնը, Կոնիդոսը եւ միւսները»: Սուրբը պատասխանեց. «Երբէք չեմ լսել բազմաստուածութեան մասին, այլ միայն մէկ ճշմարիտ Աստուծոյ՝ բոլոր արարածների Արարչի մասին: Նա է երկնքի եւ երկրի Տէրը, իսկ նրանք, որոնց մասին այժմ ասացիր, որտե՞ղ են բնակւում»: Բարկացած բռնաւորն ասաց. «Դու ծաղրում ես այդ տանջանքները եւ ձեռք ես բարձրացնում աստուածների վրայ՝ ծաղրելով ու հայհոյելով նրանց: Երդւում եմ բարերար աստուածներով, որ չեմ դադարի քեզ տանջելուց, մինչեւ որ նրանց զոհ չմատուցես»: Եւ դարձեալ հրամայեց քերել նրան:
Եւ մինչ քերում էին, սուրբն ասաց. «Դու աստուածներ ես կոչում դեւերին, պիղծերին եւ կախարդներին, որը լսել անգամ չեմ կամենում, ուր մնաց թէ իմանամ նրանց անունները»: Դատաւորն ասաց. «Եթէ չես կամենում զոհ մատուցել շատ աստուածներին, ապա զոհի՛ր միայն Ասկլեպիոսին՝ իմ անուանակցին: Դու կ՚ապրես ու նաեւ կը բուժուես, որովհետեւ Ասկլեպիոսը բժշկութեան չաստուծոյ անունն է, ու իմ կողմից պատուի կ՚արժանանաս»: Սուրբը պատասխանեց. «Մոռացա՞ր, որ ասացի, թէ զոհ չեմ մատուցելու կուռքերին, որոնց չեմ ճանաչում, իսկ քո պատիւն ու փառքը քեզ պահիր: Ես պաշտում եմ ճշմարիտ Աստծուն, որպէսզի ժառանգեմ յաւիտենական կեանքը: Այսուհետեւ արա՛, ինչ կամենում ես: Ես քրիստոնեայ եմ»:
Տեսնելով, որ ոչինչ չի շահելու, դատաւորը հրամայեց իջեցնել նրան փայտից: Ապա հրամայեց բերել ու շաղ տալ երկաթէ տատասկներ եւ սուրբին շրջեցնել ու քարշ տալ տատասկների վրայով, մինչեւ որ մեռնի: Եւ դահիճներն արեցին իրենց հրամայուածը. կապեցին Իրաւափառի ձեռքերն ու ոտքերը եւ այնքան քարշ տուեցին, մինչեւ որ պատառոտուեց ամբողջ մարմինը, եւ երեւացին բոլոր ոսկորները: Եւ մինչ քարշ էին տալիս, սուրբն ասում էր. «Տէ՛ր իմ Աստուած, հաստատուն եւ անմոլար պահիր իմ հաւատքը: Առաջնորդի՛ր բոլորին դէպի Քո աստուածգիտութիւնը եւ ների՛ր ինձ չարչարողներին: Տէ՛ր, խաղաղութեամբ ընդունի՛ր իմ հոգին Քո սուրբերի հետ: Քեզ փառք յաւիտեանս»:
Մինչ քարշ էին տալիս նրան երկաթէ փշերի վրայով, երանելին աւանդեց իր հոգին: Սուրբին թաղեցին այնտեղից ոչ հեռու գտնուող մի վայրում ու մի գաւազան կանգնեցրին նրա գերեզմանի վրայ: Այն արմատներ տալով՝ պտղաբերեց, ու նրա պտուղը բժշկութիւն եղաւ հիւանդների համար:
Այս ամէնը եղաւ Դեկոսի թագաւորութեան օրօք՝ Տիրոջ 250 թուականին, նոյեմբերի քսանութին:
Իրաւափառը մարգարէացել էր Դիոսկորիդէսի համար, թէ Քրիստոս պիտի ընդունի ինձ եւ նրան: Օրեր անց դատաւորի ծառաները բռնեցին նաեւ Դիոսկորիդէսին, որը քաջութեամբ խոստովանեց հաւատքը, փորձութիւնների ենթարկուեց գանահարութեամբ, քերանքով ու բանտարկութեամբ եւ հաստատուն մնալով ի Տէր՝ նոյն դատաւորի հրամանով գլխատուեց նոյն Զմիւռնիա քաղաքում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Իրաւափառ վկային յիշատակում է Յիսնակի երկրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Մերկեռիոս զօրավարի, սուրբ Գենարիոս եպիսկոպոսի եւ սուրբ Յակովիկ բազմահատ վկայի հետ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: