Առաքինասէր վարուք հաճոյացան սուրբ վկայքն.
Եւ ընտրեցան կամաւոր մահուամբն իւրեանց
Եւ հրաւիրեցան ի կոչումն արքայութեանն Երկնից:
Որք մատնեցին զանձինս իւրեանց ի փորձ սրոյ եւ հրոյ.
Եւ հեղմամբ արեանն իւրեանց եղեն վկայք Քրիստոսի,
Եւ հրաւիրեցան ի կոչումն արքայութեանն Երկնից:
Աղօթիւք սոցա եւ բարեխօսութեամբ
Պարգեւեա մեզ Քրիստոս մասն եւ բաժին
Ընդ հրաւիրեալսն ի կոչումն Արքայութեանն երկնից:
(Շարակնոց)
Բարեյաղթ եւ քաջայաղթ սուրբ վկայ Կալինիկոսը ծնուել է Կիլիկիայում եւ ապրել է Դիոկղետիանոս անօրէն արքայի օրօք: Նա արդար եւ աստուածապաշտ, ճշմարիտ հաւատքով եւ առաքինի վարքով այր էր, սակայն ժամանակի հալածանքների պատճառով ծածուկ էր պահում քրիստոնէական հաւատքը եւ հաւատացեալներին ձեռք մեկնելու համար գաղատացիների երկրում զբաղւում էր ձէթի վաճառքով: Յաճախ գալիս էր Անկիւրիա քաղաք, էժանագին վաճառում ձէթը յատկապէս քրիստոնեաներին, իսկ Աստուծոյ եկեղեցիներին բաշխում էր առանց գին վերցնելու: Ամէն պատեհ առիթի դէպքում նա հեթանոսներին ուսուցանում էր ճշմարիտ աստուածգիտութիւնը, որովհետեւ վառւում էր Աստուծոյ սիրով եւ իբրեւ իմաստուն վաճառական՝ անցաւոր վաճառքի միջոցով առիթ էր որոնում ցոյց տալ բոլորին անանց մեծութիւնը: Իմանալով այս մասին՝ Անկիւրիայի կռապաշտ վաճառականները մատնեցին նրան Սակերդոն անունով իշխանին, որը վերակացութիւն ունէր քաղաքի եւ երկրի վրայ: Իշխանը հրամայեց իր առջեւ բերել նրան, ապա սկսեց հարցաքննել ու ասել. «Կալինիկո՛ս, ճի՞շտ են քո մասին ինձ հասած լուրերը, թէ դու արհամարհում ես աստուածներին, պաշտում ես քրիստոնեաների Քրիստոս Աստծուն եւ նաեւ շատերին սովորեցնում ես անարգել աստուածներին ու չպաշտել նրանց»: Սուրբը պատասխանեց. «Այո՛, ճշմարիտ են իմ մասին լսած քո խօսքերը: Ես պաշտում եմ ճշմարիտ Աստծուն եւ ոչ դեւերին ու նոյն ճշմարտութիւնն ուսուցանում եմ ուրիշներին»:
Իշխանը բարկացաւ սուրբի համարձակ պատասխանից եւ հրամայեց մահակներով հարուածել երանելուն, սակայն նա, վառուած Քրիստոսի սիրով, արհամարհում էր հարուածները եւ ուրախութեամբ օրհնում Աստծուն: Իշխանը հարցրեց նրան. «Զոհ չե՞ս մատուցելու աստուածներին»: Կալինիկոսը պատասխանեց. «Ո՛չ, ես բանաւոր պաշտամունք եմ մատուցում ամենակալ Աստծուն, Ով բոլոր արարածների Արարիչն է»:
Բռնաւորն առաւել բարկացաւ ու հրամայեց երկաթներով քերել նրա կողերը: Նահատակն ուրախ էր իր տանջանքների մէջ, նրա արիւնը հոսում էր ու տարածւում: Իշխանը դարձեալ հարցրեց նրան. «Այս բոլորից յետոյ կատարելո՞ւ ես թագաւորի կամքը», իսկ սուրբն առաւել խիստ պատասխանեց նրան՝ արհամարհելով նրա աստուածներին եւ անսասան մնալով ճշմարիտ խոստովանութեան մէջ:
Այս տեսնելով՝ քրմերը խորհուրդ տուեցին իշխանին եւ ասացին. «Մի՛ հակառակուիր նրան, որովհետեւ նա չի վախենում տանջանքներից եւ մեռնելուց ու բացի այդ՝ ուրիշներին համարձակութիւն է տալիս արհամարհել աստուածներին: Նրան յանձնիր մեզ, եւ մենք ողոքիչ խօսքերով կը համոզենք նրան պաշտել աստուածներին: Մենք նրան ցոյց կը տանք, որ մեր աստուածներն անշունչ պատկերներ չեն, ինչպէս որ կարծում է, այլ նրանց մէջ կենդանի հոգի կայ»:
Եւ երբ իշխանը համաձայնուեց, քրմերը սուրբին տարան մեհեան: Ներս մտնելով՝ նա աղօթեց Աստծուն, կուռքերի արձաններն իր ձեռքով տապալեց գետնին, ապա դարձաւ քրմերին ու ասաց նրանց. «Տեսէ՛ք ձեր սնոտի պաշտամունքի անզգայ եւ սուտ աստուածներին»: Այնժամ քրմերն ահաբեկուած գնացին ու կատարուածի մասին կոծելով պատմեցին իշխանին: Այս բանից իշխանը լցուեց անասելի ցասումով ու զայրացած հրամայեց երկաթէ բեւեռներ գամել նրա ներբաններին, ապա Անկիւրիա քաղաքի միջով քայլեցնել նրան հեծեալ զօրքի առջեւից ու տանել Գաղատիային սահմանակից Պափղագոնիա նահանգի Գանգրէս քաղաքը եւ այնտեղ հրկիզել՝ բոլոր քրիստոնեաներին ահաբեկելու համար:
Եւ զինուորները նրան տարան: Ողջ ճանապարհին սուրբ Կալինիկոսը սիրով եւ ուրախութեամբ էր կրում տանջանքների անտանելի ցաւերը, որից զարմանում էին զինուորները եւ կարեկցում նրան: Նրանցից ոմանք տգիտութեամբ ասացին. «Ինչո՞ւ խոհեմ չես գտնւում եւ չես խնայում պատուական անձդ, որը չարաչար տանջւում է ու նաեւ պէտք է հրի մատնուի»: Իսկ երանելին պատասխանեց նրանց. «Ես չեմ խնայում ինձ մատնել տանջանքների ու մահուան, որովհետեւ գիտեմ, որ Տէրը պիտի նորոգի ինձ անվախճան կեանքում» ու շարունակեց խօսել յաւիտենական յոյսի մասին, որից լսողները մինչեւ իսկ ապշեցին: Եւ քանի որ այդ ժամանակ յուլիս ամսուայ սաստիկ շօգ եղանակներն էին, զինուորներն անջրդի վայրերով անցնելիս ծարաւից պապակում էին: Նրանք դիմեցին սուրբին՝ ասելով. «Եթէ ճշմարիտ են քո ասած խօսքերը, ապա ջուր բխեցրու այս անջուր վայրերում՝ խնդրելով քո Աստծուն, Ով ինչպէս ասում ես՝ Արարիչն է բոլոր արարածների»: Այնժամ սուրբն աներկբայ հաւատքով եւ Աստծուն ապաւինելով ծնրադրեց եւ արտասուքներով լուռ աղօթեց: Եւ այդ անջրդի հողում՝ Մատրիկէ կոչուող տեղում, ապառաժից սառը եւ քաղցրահամ ջուր բխեց: Զինուորները խմեցին ու զովացան, գոհացան Աստծուց, եւ նրանցից ոմանք հաւատացին Աստծուն:
Երբ հասան սահմանուած վայրը, զինուորները, յիշելով նրա երախտիքները, չհամարձակուեցին բռնել նրան ու մատնել հրի, իսկ Աստուծոյ սուրբը ստիպում էր նրանց կատարել իշխանի հրամանը, որովհետեւ փափագում էր ելնել մարմնից եւ մօտենալ Աստծուն: Ասում էր. «Դուք կամեցաք զովանալ ջրով, իսկ ես, որ պապակւում եմ Աստուծոյ սիրով, փափագում եմ հրի մէջ զովանալ Նրանով»: Եւ նրանք, հարկադրուած ու նաեւ վախենալով բռնաւորից, կատարեցին հրամայուածը. հուր բորբոքեցին Գանգրէսի հրապարակում եւ հրկիզեցին Աստուծոյ սուրբին՝ քաջայաղթ Կալինիկոսին, որը եղաւ Դիոկղետիանոսի մեծ հալածանքների՝ Տիրոջ 303 թուականին, յուլիս ամսի քսանիննին: Բարեպաշտ մի կին վերցրեց նրա նշխարներն ու պահեց, մինչեւ որ դադարեցին հալածանքները: Ապա վայելուչ վկայարան շինեց Գանգրէս քաղաքում ու այնտեղ զետեղեց սուրբի նշխարները, ուր շատ բժշկութիւններ էին լինում ի փառս Աստուծոյ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Կալինիկոսի յիշատակը տօնում է Վարագայ Խաչին յաջորդող հինգերորդ երեքշաբթի, կամ սուրբ Խաչին յաջորդող տասներորդ երկուշաբթի օրը:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 459:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: