Զարիական մահ սրբոց Քոց Քրիստոս՝
ընդ երկնային զօրսն այսօր երգակցեալ տօնեմք.
որք հանդիսացան ընդդէմ բռնութեան թշնամւոյն:
Անմարմինք ի մարմնի ցուցան՝ գեր ի վերոյ սրոյ եւ հրոյ տանջանաց.
զպատուական մահս իւրեանց ընծայեցին Քեզ Քրիստոս բանաւոր զենմունք:
Նահատակեալք ճգնութեամբ ի փորձ զանազան տանջանաց՝
համբերութեամբ վանեալ զթշնամւոյն պատերազմ.
փոխեցան ի զօրս վերին զուարթնոցն:
(Շարակնոց)
Սուրբ Կիւրեղ հայրապետն ազգութեամբ հրէայ էր եւ ապրել է Մեծն Կոստանդիանոսի ինքնակալութեան տարիներին: Իր ազգատոհմի թողած աւանդութեան համաձայն՝ նա սուրբ Ստեփանոս Նախավկայի տան ազգակիցը եւ շառաւիղն էր, որն իրաւ է՝ ըստ Յիսուս Քրիստոսի եւ Նրա աշակերտների հետ կապուած դէպքերի յիշատակութեան: Աւազանի անունը Յուդա էր, բնակւում էր Պաղեստինում իր մօր՝ Աննայի հետ:
Բոլոր ազգերի մէջ սքանչելապէս պատմւում է Սուրբ Խաչի գիւտի աւանդութիւնը. Կոստանդիանոսի մայրը՝ աստուածասէր դշխուհի Հեղինէն, եկաւ Երուսաղէմ՝ փնտրելու Քրիստոսի խաչափայտը: Նա սկսեց հարցուփորձ անել հրէաներին, ովքեր որպէս անցած դէպքերի ամենաիրազէկ մէկի՝ մատնացոյց արեցին Յուդային: Յուդան մեծ չարչարանքներով եւ Աստուծոյ առաջնորդութեամբ գտաւ պատուական խաչափայտը, որով հաւատալով խաչեալ Փրկչին՝ մկրտուեց իր մօր հետ, ապա Հեղինէի յորդորով ձեռնադրուեց եպիսկոպոս եւ անուանակոչուեց Կիւրեղ: Նա ծառայութեան անցաւ Պաղեստինի քաղաքներից մէկում, եւ ինչպէս ենթադրւում է, Մակարից յետոյ միառժամանակ նստել է Երուսաղէմի Աթոռին:
Եւ քանի որ յոյժ քաջատեղեակ էր Հին եւ Նոր Կտակարաններին, հրէաներին եւ հեթանոսներին համարձակ քարոզում էր Քրիստոս Աստծուն եւ շատերին լուսաւորում սուրբ հաւատով, սակայն Կոստանդ կայսեր օրօք՝ արիոսականների բռնութիւնների օրերին, այլ ուղղափառ եպիսկոպոսների հետ նա մեծ նեղութիւններ եւ չարչարանքներ կրեց:
Եկան Յուլիանոս Ուրացողի ժամանակները: Երբ սրան տեղեկութիւններ հասաւ սուրբ Կիւրեղի մասին, թէ ինչպէս է նա հրէութիւնից եպիսկոպոս դարձել եւ նաեւ, որ Գողգոթայում նա է գտել Սուրբ Խաչը, չարացաւ նրա դէմ այն նոյն ատելութեամբ, որ ունէր կենսատու Խաչեալի հանդէպ եւ հրամայեց իր առջեւ բերել սուրբ եպիսկոպոսին: Եւ երբ եկաւ, թագաւորը հարցրեց նրան. «Ի՞նչ է քո անունը»: Եպիսկոպոսը պատասխանեց. «Ծնողներս ինձ Յուդա են կոչել, այսինքն խոստովանութիւն, որ իմաստութիւն է տալիս գալ սուրբ հաւատի խոստովանութեանը, իսկ այժմ Քրիստոսի սուրբ հաւատի եւ լուսաւոր մկրտութեան միջոցով կոչւում եմ Կիւրեղ՝ ըստ մեծ դշխուհի Հեղինէի հրամանի»: Թագաւորը հարցրեց. «Ո՞ղջ են քո ծնողները»: Եպիսկոպոսը պատասխանեց. «Միայն մայրս»: Թագաւորն ասաց. «Նրան այստեղ կանչի՛ր»: Երբ մայրը եկաւ, Յուլիանոսը նրան հարցրեց. «Ո՛վ կին, ո՞րն է քո պաշտամունքը»: Աննան պատասխանեց. «Պաշտում եմ Քրիստոս Աստծուն, Ումից ողորմութիւն գտայ»: Յուլիանոսն ասաց. «Ձեզ կեանք եւ մեծ պատիւ է սպասւում, եթէ ուրանաք Քրիստոսին»: Եպիսկոպոսը պատասխանեց. «Ով ուրանայ Քրիստոսին, քեզ նման կը խաւարի ճշմարիտ լոյսից»: Ուրացողն ասաց. «Ես եւս հաւատացել եմ Խաչեալին, բայց ոչինչ չեմ շահել, որովհետեւ Նա նեղութիւն է քարոզում այս աշխարհում եւ յոյսով կեանք մահից յետոյ»: Հոգոց հանեց սուրբ եպիսկոպոսը եւ ասաց. «Լաւ ասացիր՝ յոյսով կեանք նեղութիւնից յետոյ: Եթէ մշակը չաշխատի իր ժամանակին, չի հաւաքի շահեկան արդիւնք: Եւ եթէ զինուորը չմարտնչի թագաւորի թշնամու դէմ և չյաղթի, չի առնի պսակ եւ պարգեւներ թագաւորից: Ուսանել ես, բայց չես օգտուել, որովհետեւ չես կամեցել, որ քեզ վրայ ծագի Աստուծոյ Որդու փառքի լուսաւորութիւնը, քանի որ միտքդ խաւարի մէջ է բանսարկուի պատրանքներից»: Յուլիանոսը ցասումով լի ասաց. «Շատերը յուսացին խաչեալ Քրիստոսին եւ դաժան մահուամբ ելան այս աշխարհից: Ընդունէ՛ք իմ խօսքերը եւ զոհէ՛ք աստուածներին, ապա թէ ոչ՝ անտանելի չարչարանքներով կտտամահ կ՚անեմ ձեզ»: Եպիսկոպոսն ասաց. «Ինչ էլ անես, չես կարող պատրաստել այնպիսի տանջանքներ, ինչպէս որ Քրիստոս է պատրաստել դեւերի եւ նրան պաշտողների եւ նաեւ քեզ համար»: Յուլիանոսն ասաց. «Եւ դուք այդ սին յոյսով զուր մեռնո՞ւմ էք Խաչեալի համար»: Եպիսկոպոսն ասաց. «Ունայն չէ մեր յոյսը, որ ունենք առ խաչեալն Աստուած, Ով մեռաւ մեզ համար եւ յարութիւն առաւ, որպէսզի վերջին օրը մեզ կենդանութիւն տայ: Իսկ դու զուր մի՛ քամահրիր Քրիստոսի ծառաներին: Դու, որ Աստուծոյ ներողամտութեամբ ունես պերճացած թագաւորութիւն, շուտով այն կ՚եղծանուի, եւ դու կ՚ապականուես նրա հետ, քանի որ չհասկացար քեզ այցելութեան ժամանակը, այլ երես դարձրիր եւ եղար չարի անօթ ու բանսարկուի բնակարան»:
Բարկացաւ Յուլիանոսը եւ հրամայեց նախ կտրել նրա աջ ձեռքը, քանի որ ինչպէս ասաց՝ շատերին է կռապաշտութիւնից քրիստոնէութեան դարձրել եւ այդ ձեռքով մկրտել: Այնժամ եպիսկոպոսը գոհացաւ Աստծուց եւ ասաց. «Թող սա քաւութիւն լինի իմ նախկին յանցանքների համար, քանզի մինչ հրէութեան մէջ էի, այդ ձեռքով հրաման էի գրում՝ ուրանալ Քրիստոսին: Ինձ համար լաւ է մէկ ձեռքով մտնել յաւիտենական կեանք, քան ողջանդամ այրուել անշէջ գեհենում»: Յուլիանոսն ասաց. «Կը բզկտեմ ողջ մարմինդ եւ կը տեսնեմ, թէ ո՞վ է այն աստուածը, որ քեզ կը փրկի իմ ձեռքից»: Սուրբն ասաց. «Քրիստոս Փրկիչը, Ում դու հայհոյում ես, զօրութիւն է տալիս Իրեն յուսացողներին»:
Այնժամ բռնաւորը հրամայեց հալեցնել կապար, այն լցնել սուրբի բերանի մէջ եւ ապա նրան գցել եռացող կապարի մէջ: Երկու-երեք ժամ անշնչացաւ սուրբի մարմինը: Շուրջը գտնուողները կարծեցին, թէ նա մեռաւ, սակայն նա երկինք բարձրացրեց իր աչքերը եւ ասաց. «Քրիստոս, Լո՛յս աշխարհի, տո՛ւր ինձ համբերութիւն իմ դաժան ցաւերի մէջ: Զօրացրո՛ւ Քո ծառային եւ Քո աղախնու որդուն: Ցո՛յց տուր Քո սուրբ նշանը, որ տեսնեն ինձ ատողները եւ ամաչեն: Տէ՛ր, Դու ես իմ օգնականը եւ մխիթարիչը»: Իսկ խստասիրտ անօրէնն ասաց. «Քեզ չեն օգնի քո աղօթքները, եթէ չկատարես իմ կամքը եւ չպաշտես կուռքերին»: Եպիսկոպոսը պատասխանեց. «Ես պաշտում եմ կենդանի Քրիստոս Աստծուն, իսկ դու ինչ կամենում ես, արա՛ անմիջապէս»:
Բռնաւորը հրամայեց բերել երկաթէ պատգարակ եւ շիկացնել այնքան, մինչեւ պատգարակը փայլի կարմրի հրի պէս: Երեսն ի վայր սուրբին պրկեցին նրա վրայ եւ գանահարեցին ողջ թիկնամասը: Ապա վրան տաք ձիւթ եւ աղաջուր լցրին, որպէսզի սաստկանայ այրոցքի եւ հարուածների կսկիծը: Մինչ երանելին այդ տանջանքների մէջ էր, իր ձայնը երկինք բարձրացրեց եւ աղաղակելով աղօթեց. «Աստուա՜ծ, Աստուա՜ծ, որ չարչարուելով մեզ համար, կեանք ես պարգեւում նրանց, ովքեր հաւատում են Քեզ: Դու, Տէ՛ր, որ Յովնան մարգարէի միջոցով ցոյց տուեցիր Քո երեքօրեայ յարութեան օրինակը, որ Քո ընտրեալ Եղիա մարգարէին հրեղէն կառքով երկինք յափշտակեցիր, արի՛ եւ թեթեւացրո՛ւ իմ այս անտանելի ցաւերը, որոնք կրում եմ Քո սուրբ անուան համար»:
Ձանձրացաւ Յուլիանոսը սուրբի համբերութիւնից եւ այլեւս ոչինչ չասաց: Հրամայեց երանելուն բանտ տանել: Իսկ սուրբի մայրը՝ Աննան, եկաւ բանտ՝ որդու մօտ, եւ ասաց նրան. «Որդեա՛կ, դու, որ նահատակւում ես Քրիստոսի անուան համար, պիտի ստանաս արդարութեան պսակը եւ պսակակից լինես սուրբ Ստեփանոս Նախավկային՝ քո նախնիների հօրը: Բայց յիշի՛ր, որդեա՛կ, որ քո հայրը մեռաւ հրէաների մէջ եւ արժանի չեղաւ սուրբերի հետ բաժին ունենալու: Արդ, աղօթի՛ր ինձ համար, որպէսզի Քրիստոս ընդունի ինձ եւս, ու արժանի լինեմ տեսնելու Տիրոջ անսպառ բարիքները եւ ստանամ անթառամ պսակը»:
Յուլիանոսի սպասաւորները նրան տեղեկացրին, թէ ինչպէս է Աննան քաջալերում որդուն եւ ցանկանում բաժնեկից լինել նրան: Այնժամ Յուլիանոսի հրամանով Աննային բերեցին նրա մօտ, եւ սա սկսեց խօսել կնոջ հետ. «Ո՛վ կին, քո որդին նախընտրեց մահը, բայց դու ընտրի՛ր կեանքը ու պաշտի՛ր կուռքերին»: Աննան պատասխանեց. «Նա արհամարհեց երկրաւորը, որովհետեւ ցանկացաւ յաւիտենականը: Իմացի՛ր, որ ես եւս որքան ողջ մնամ, պիտի պաշտեմ ու երկրպագեմ Քրիստոսին եւ ոչ թէ հեթանոսների հետ պիղծ դեւերին»:
Բռնաւորը նրան կախել տուեց մազերից եւ հրամայեց երկաթէ քերիչներով քերել մերկ մարմինը այնքան, որ բացուեն ոսկորները: Յուլիանոսն ասաց նրան. «Այժմ ասա՛, լա՞ւ է, որ քերւում է մարմինդ, իսկ արիւնդ թրջում գետինը»: Աննան պատասխանեց. «Չտեսա՞ր, որ ես, այրուած Քրիստոսի սիրով, ոչինչ չեմ զգում: Պատրաստ եմ սիրով ընդունել մահուչափ չարչարանքներ իմ Փրկչի օգնականութեամբ, Ով զօրացնում է ինձ եւ ամաչեցնում քո հօրը՝ սատանային»:
Բարկացած անօրէնը հրամայեց վառուող ջահեր պահել նրա մարմնի վրայ, որպէսզի այրուեն նրա վէրքերը: Եւ սուրբ կինը մօտ երեք ժամ կախուած վիճակում կրում էր այդ անտանելի չարչարանքները: Նա լսելի ձայնով աղօթում էր եւ ասում. «Զօրութիւնների Տէր Աստուա՛ծ, իմ յո՛յս եւ Արարի՛չ, որ թէ՛ Հնում եւ թէ՛ Նորում փրկեցիր Քո սիրելիներին հոգու եւ մարմնի բոլոր փորձութիւններից, լսի՛ր ինձ՝ Քո աղախնուն, որպէսզի աւարտեմ իմ ընթացքը եւ իմ որդու հետ ցնծալով՝ մտնեմ Քո սուրբ Հարսնարանը»: Այսպէս աղօթելով՝ Աննան իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը:
Երբ որդին բանտում իմացաւ այս մասին, յոյժ ուրախ եղաւ, գոհանալով խնդրեց Աստծուն իր մօր օրինակով շուտ աւարտին հասցնել նաեւ իր ընթացքը:
Յուլիանոսը նրան ատեան կանչեց եւ, տեսնելով նրան զուարթերես, զարմացաւ ու ասաց. «Ի՞նչ կախարդութեամբ ազատուեցիր սաստիկ տանջանքներից»: Եւ սուրբ եպիսկոպոսը պատասխանեց. «Ո՛վ ուրացո՛ղդ Քրիստոսի, դու Աստուծոյ զօրութիւնը դեւերին ես վերագրում: Կախարդութիւնը դեւերի եւ նրանց սպասաւորների գործն է եւ ոչ թէ Աստուծոյ ծառաների: Դու օտար ես ճշմարտութեանը եւ կամենում ես դէպի խաւարը ձգել լուսոյ որդիներին, սակայն Տէրը չի թողնում Իրեն յուսացողներին: Իսկ դու, ինչպէս որ արժանի ես, պիտի ընդունես քո դատապարտութիւնը արդարադատ Դատաւորից»:
Յուլիանոսը թովիչներին հրամայեց մի գբի մէջ քարբեր 1, թունաւոր օձեր ու սողուններ լցնել, եւ սուրբին իջեցնել այնտեղ: Իսկ երանելին դժնեայ թունաւոր սողունների մէջ սկսեց աղօթել եւ ասել. «Տէ՛ր Աստուած, լսի՛ր Քո ծառայի աղաչանքները: Դու, որ փրկեցիր Յովսէփին տառապանքների գբից, Դանիէլին՝ առիւծների բերանից եւ Քո ծառաներին իշխանութիւն տուեցիր գնալ իժերի եւ քարբերի վրայով՝ ոտքի տակ տալով թշնամու զօրութիւնը, այժմ գթա՛ ինձ եւ շնորհ արա՛ փրկուել թունաւոր գազաններից, որպէսզի բոլորը տեսնեն, որ Դու ես միայն զօրաւոր եւ ճշմարիտ Աստուած»: Եւ թունաւոր սողուններն ամենեւին չմօտեցան նրան: Իսկ Յուլիանոսը՝ լցուած դառնութամբ, հրամայեց սուրբին դուրս բերել գբից, սողուններին էլ այրել հրով:
Այս տեսնելով՝ թովիչներից աւագը, որի անունն Ադոն էր, լուսաւորուեց ճշմարտութեան լոյսով եւ ասաց. «Ո՛վ թագաւոր, յիմարութիւնն է պատել քեզ եւ կուրացրել: Չե՞ս տեսնում արդեօք, որ այս մեծամեծ հրաշքները Քրիստոսի զօրութեամբ են լինում: Այսուհետ ես եւս ճշմարտապէս հաւատում եմ, որ մեծ է քրիստոնեաների Աստուածը, Նա է միայն ճշմարիտ Աստուած, եւ չկայ այլ աստուած Նրանից բացի, եւ գիտեմ, որ Նա Իր անբաւելի ողորմութեամբ կ՚ընդունի ինձ եւս»: Անմիջապէս բռնաւորից հրաման ելաւ սրով խոցոտել նրան, ով այդպէս բարի հաւատով, խոստովանութեամբ եւ իր արեան մկրտութեամբ ելաւ աշխարհից:
Ապա Յուլիանոսը դարձաւ եպիսկոպոսին եւ ասաց. «Ապշեցրի՛ր բոլորին եւ քո մոգութեամբ կորստեան մատնեցիր թովիչներից մեծագոյնին: Մի՛ ակնկալիր, որ կ՚ազատուես իմ ձեռքից, եթէ չուրանաս Խաչեալին»: Սուրբ Կիւրեղը պատասխանեց. «Դու թշնամի ես ճշմարտութեանը եւ ատելի Աստծուն: Դու տեսար Քրիստոս Աստուծոյ այսքան զարմանահրաշ գործերը, բայց յամառութեամբ մնացիր մոլորութեանդ մէջ՝ կամենալով ինձ քեզ նման ուրացօղ դարձնել»: Այնժամ բռնաւորը հրամայեց մի մեծ կաթսայի մէջ ձէթ լցնել, այն եռացնել ու սուրբին գցել դրա մէջ, որպէսզի ամբողջովին այրուի: Սուրբը, կնքելով իրեն սուրբ Խաչի նշանով, ինքնակամ մտաւ կաթսայի մէջ, եւ ահա անմիջապէս հուրը մարեց, եւ եռացող ձէթը զովացաւ: Նա սկսեց օրհնաբանել Աստծուն անպատում հրաշքների համար, իսկ մոլեգնած բռնաւորը հրամայեց գեղարդով խոցոտել սուրբին:
Այսպէս երանելի Կիւրեղ եպիսկոպոսն իր մօր՝ Աննայի եւ Ադոնի հետեւից կատարեալ յաղթութեամբ իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը: Իսկ ժամանակ անց քրիստոսամարտ Յուլիանոսը, ինչպէս որ ասել էր սուրբ Կիւրեղը, չվերադարձաւ պատերազմից եւ մեռաւ մեր Փրկչի եւ Աստուծոյ աներեւոյթ զօրութեամբ, Ում փա՜ռք յաւիտեանս. ամէն:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 198:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: