ՍՈՒՐԲ ՀԱՅՐ ՄԱԿԱՐ ԵԳԻՊՏԱՑՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ (301-391թթ.)

Այս երանելի Մակարը քսաներկու տարի խթան եղաւ ինձ համար, եւ ես նրանից ուսանեցի հաւատքի գործեր, որովհետեւ նա հաճելի էր Աստծուն եւ հաւատացեալ էր առաւել, քան շատ ընտրեալներ: Եւ այս էր սուրբ ծերի տարբերիչ յատկանիշը. որքան նա խոնարհեցնում էր հոգուն, երիցս փառաւորում էր Աստծուն եւ միշտ յորդորելով ասում. «Ի սէր եղբայրների՝ վեհերոտ մի՛ եղէք»: Ինչ որ լսում էր հաւատքի մասին, ջանում էր անձով կատարել: Եւ լսեց մէկից, որ Բենեսիտոնն իր ամբողջ կեանքում ուտում էր միայն այն, ինչ չէր անցնում կրակի վրայով: Եւ նոյնը արեց նաեւ երանելի Մակարը. իր ազատ կամքով ու յօժարութեամբ եօթ տարի չկերավ որեւէ բան, որն անցել էր հրի միջով: Ուտում էր միայն բանջարեղէն եւ թրջած ոսպ, եթէ մի տեղից այն գտնում էր: Ապա լսեց մէկ ուրիշի մասին, թէ նա հացն ուտում է չափով՝ մէկ նկանակի իններորդ մասը, որից առաւել լցուեց նախանձախնդրութեամբ: Եւ հաց պատրաստեց, այն լաւ չորացրեց ու չորացրած հացը մանրեց նեղ բերան ունեցող սափորի մէջ: Երբ կամենում էր ուտել, ձեռքը մտցնում էր սափորի մէջ եւ ուտում էր այն, ինչ սափորի մէջ ձեռքն էր ընկնում: Եւ այս եւս մեծ ճգնութիւն էր սուրբի համար: Այսպէս պահեց երեք տարի եւ չորս տարի էլ շարունակեց ուտել մէկ նկանակի հինգերորդ մասը: Չորս դորակ[1] ջուր էր լցնում անօթի մէջ, ու այդքանն էր նրա ըմպելիքը մէկ տարուայ համար: Եւ ապա որոշեց յաղթել քնին: Այդ մասին նա ինքը պատմեց մեզ՝ ասելով. «Քունը յաղթահարելու համար քսան օր՝ գիշեր թէ ցերեկ, ծածկի տակ չմտայ, բայց ինձ կ՚այրէին ցերեկուայ տօթը եւ գիշերուայ հարաւային վնասակար հողմը, եթէ մի քարայր չմտնէի ու փոքր-քիչ չյափշտակուէի քնով: Սաստիկ ցամաքեց գլխիս ուղեղը, ես եղայ իբրեւ դատարկ անօթ եւ այդպէս յաղթահարեցի քունը: Այս ասացի ձեզ՝ խրատելու համար, որ երբ պահէք ձեզ ջրից եւ քնից, այնժամ ձանձրութեան դեւը չի մօտենայ ձեզ»:

 

Մինչ երանելին նստած էր իր խցում, մի մժղուկ նստեց նրա սրունքին: Երանելի ծերը շփեց ոտքն ու ճմլեց մժղուկին: Եւ երբ տեսաւ մժեղի արիւնը, սկսեց ինքն իրեն պարսաւել ու ասել. «Անձամբ անձիս վրէժխնդիր պիտի լինեմ»: Եւ սկսեց մտածել. «Ի՞նչ ապաշխարութիւն պիտի լինի այս արեան դիմաց»: Վեր կացաւ, գնաց Յովսէփ մենակեացի մօտ եւ խոստովանեց եղածը: Իսկ երանելի Յովսէփ ծերն ասաց. «Գնա՛, եղբա՛յր, այդ զրոյցդ արեան մասին է, ես չեմ կարող քեզ ինչ-որ բան ասել»: Այնժամ սուրբ ծերը հանեց իր հանդերձը գնաց անապատի կողմը, եւ վեց ամիս նստեց այնտեղ, որտեղ կրէտներ ու պիծակներ կային, որոնք սովոր էին յարձակուել եւ ուտել վայրի խոզերին: Եւ մանր-մանր պոկեցին ու այնպէս կերան նրա մարմինը, որ տեսնողները համարում էին, թէ այն գազաններից կծոտուած մի լեշ է: Եւ եթէ Տէրը չօգնէր նրան, դրանց ձեռքից մէկ ամիս անգամ նա ողջ չէր մնայ: Վեց ամիս յետոյ Քրիստոսի նահատակ երանելի ծերը վերադարձաւ իր խուցը: Նա այնպէս էր փոխուել, որ ոչ ոք չէր ճանաչում, թէ նա տէր Մակարն է, որովհետեւ մեռելի կերպարանք ունէր եւ ստուերի պէս էր դարձել:

 

Երեք օր անց, երբ խցում էր, ասաց. «Ցանկանում եմ մտնել Յանէսի ու Յամրէսի պարտէզը: Ես Աստծուց շնորհներ կը խնդրեմ կախարդների պարտեզը մտնելու համար»: Ասում էր. «Լսել եմ, թէ դեւերն ամէն ժամ բորբոքւում են իրենց չարութեամբ: Յանէսն ու Յամրէսը ապարանք շինեցին, տնկեցին տնկիներ եւ այն ամրացրին այնպէս, որ նմանը որեւէ տեղ չկար: Եւ այս արեցին, որովհետեւ նրանց յոյսը երկրի վրայ էր»: Ահա այս պարտէզը ցանկացաւ մտնել Քրիստոսի ծառայ երանելի Մակարիոսը, որպէսզի փորձուէր դեւերի կողմից: Եւ երանելի ծերը պատրաստուեց գնալ՝ առաջնորդ վերցնելով արուսեակին՝ իբրեւ նաւավար ծովի խորքերում, եւ ելաւ գնաց անապատի միջով: «Ինձ հետ վերցրել էի, - ասում էր, - մի խուրձ եղէգ եւ դրանցով նշաններ էի դնում անցած տեղերին, որպէսզի առանց չարչարուելու վերադառնամ իմ խուցը: Մէկ մղոն էր մնում, որ հասնէի պարտէզին: Գիշեր էր, եւ ես քնով ընկայ: Իսկ վայրի եւ չար դեւերը գնացին ու հաւաքեցին եղէգները, դրանցով խուրձ կապեցին եւ այն իմ գլխի տակ դրեցին: Եւ երբ արթնացայ ու տեսայ եղէգը, ասացի. "Նրանք ինձ մեծ շնորհ արեցին, եւ դա Տիրոջ կամքով եղաւ, ոչ թէ դեւերի, որպէսզի ես չապաւինէի եղէգների առաջնորդութեանը, այլ մեր Տիրոջ շնորհներին, Ով մեծ անապատում քառասուն տարի ամպով առաջնորդում էր Իսրայէլի ժողովրդին": Երբ մօտեցայ պարտէզին, դեւերն ինձ ընդառաջ ելան. նրանցից ոմանք կաքաւում էին, ոմանք՝ աղաղակում, ոմանք՝ վազում, ոմանք՝ ինձ վրայ ատամներ կրճտացնում, ոմանք՝ իբրեւ ագռաւներ, թեւերով հարուածում էին իմ երեսին եւ ասում. "Ինչո՞ւ եկար, ճգնաւո՛ր Մակար,  փորձելո՞ւ մեզ: Ի՞նչ միաբանութիւն կայ մեր եւ ձեր՝ մենակեացներիդ միջեւ: Մի՞թէ բաւական չէր, որ անապատից հալածեցիր մեր ընկերոջը եւ այսօր եկել ես մեր բնակութեան վայրը: Որեւէ հաղորդութիւն չկայ մեր եւ ձեր միջեւ: Բաւական չէ՞ր, որ անապատը թողեցինք ձեզ: Ինչո՞ւ եկար այստեղ, որը շինուել է մեր անունով, եւ հնարաւոր չէ, որ դու լինես այստեղ: Ինչո՞ւ ես ցանկանում մտնել մի տեղ, որ շինուել է այլոց կողմից: Ինչ մեռել են այն շինողները, մարդու որդի չի մտել այստեղ": Երբ դեւերը յամառեցին, ծերն ասաց նրանց. "Մէկ անգամ մտնեմ ու տեսնեմ, ապա կը ելնեմ ու կը կգնամ այստեղից": Իսկ դեւերն ասացին. "Երդուի՛ր Քրիստոս Աստուծով, որ կը ելնես": Իսկ Մակարն ասաց. "Այդպէս կ՚անեմ": Եւ դեւերը չքուեցին նրա առջեւից: «Եւ մտայ, - ասաց, - ու տեսայ ամէն ինչ: Երեք օր եղայ այնտեղ, ուր կային բազմազան, շքեղ ապարանքներ: Դրանց առաջ կար մի ջրհոր՝ արծաթապատ բերանով եւ ոսկէզարդ դոյլով, բայց այնտեղ բնաւ ջուր չկար:

 

Եւ ես անխռով հեռացայ այնտեղից: Քսան օր յետոյ վերադարձայ իմ խուցը, չճաշակեցի ո՛չ հաց եւ ո՛չ ջուր ու երեք օր մնացի խցում: Եւ այդքան ժամանակ, որ քառասուն օր էր գնալը եւ վերադառնալը, ես անսուաղ էի: Ինձ աղջկայ կերպարանքով ու սպիտակ հանդերձով մի դեւ երեւաց: Նա ձեռքին ջրով լի կուժ ունէր: Եւ մինչ ես խցում էի, երեք օր նա շրջեց, ապա յանդգնեց ու ասաց ինձ. "Վերցրո՛ւ, ջո՛ւր խմիր, քանզի ահա մեռնում ես պահեցողութիւնից": Ես նրան չպատասխանեցի: Քիչ անց աղջիկը գնաց, կթեց մի գոմէշ, բերեց կաթն ու ասաց. "Խմի՛ր այս, որպէսզի չմեռնես": Եւ այս անգամ եւս Աստուծոյ շնորհներն առաւել մխիթարեցին ինձ», որովհետեւ Աստուած առաջնորդում էր Մակարիոսին իր գործերի, շնորհների եւ բժշկութեան մէջ:

 

Մակարը լսեց մի վանքի մասին, որ գտնւում էր Բենեսիտիոն լերան վրայ, թէ այնտեղ կան մեծ ճգնաւորներ, որ առաւել են, քան բոլոր մենակեացները: Մինչեւ այդ վանքը տասնհինգ օրուայ ճանապարհ էր: Նա գնաց անապատի միջով որպէս աշխարհական մի հողագործ, տասնեօթ օրից հասաւ վանք եւ եօթ օր նստեց դրսում, որովհետեւ նրան չէին կամենում տեսնել: Եօթ օր անց նրանց վարդապետը տեսաւ նրան: Վարդապետը, որի անունը Պաքսիմոս էր, մի ընտրեալ այր էր եւ ունէր գիտութեան շնորհներ: Եւ Աստուած ծածկեց երանելի Մակարին, որ չճանաչեն իրեն: Երբ Մակարը դէմ առ դէմ պատահեց վարդապետին, ասաց նրան. «Աղաչո՛ւմ եմ քեզ, ընդունի՛ր ինձ քո վանքում, որ ես եւս մենակեաց լինեմ»: Պաքսիմոսն ասաց նրան. «Դու առաջացած տարիքով ծեր այր ես, ուստի չես կարող մենակեաց լինել: Այս եղբայրները մանկուց մեծացել են այս կարգով, իսկ դու այդ հասակում չես կարող դիմանալ այստեղ: Կը հեռանաս վանքից, կը հայհոյես մեզ եւ կը գայթակղեցնես շատերին»: Եւ չկամեցաւ ընդունել ծերին: Ծերը տասնեօթ օր մնաց դրսում՝ ամենեւին ոչինչ չուտելով: Եւ երբ սուրբ Մակարը դարձեալ պատահեց Պաքսիմոս վարդապետին, ընկաւ նրա ոտքերը եւ ասաց. «Ընդունի՛ր ինձ, աղաչո՛ւմ եմ: Եթէ չպահեմ այնպէս, ինչպէս այդ եղբայրները եւ չաշխատեմ նրանց նման, այնժամ կը հրամայես հեռացնել ինձ քո վանքից»: Այս լսելով՝ վանքի առաջնորդ եւ հայր Պաքսիմոսը համոզեց եղբայրներին, որ ընդունեն ծերին: Վանքում կային հինգ հարիւր այրեր, որոնք բոլորը կամեցան եւ ընդունեցին ծերին: Շուտով բոլորը մտան Յիսնական պահքի մէջ, եւ Մակար ծերը տեսաւ իւրաքանչիւր եղբօր առաքինութիւնը. ոմանք պահում էին մինչեւ երեկոյ, ոմանք՝ ամբողջ շաբաթը, ոմանք ամբողջ Յիսնեակն անց էին կացնում ոտնկացութեամբ, ոմանք հոգում էին եղբայրների համար: Իսկ Մակար ծերը մինչեւ Զատկի օրը մի ոտքի վրայ կանգնեց անկիւնում եւ այդքան օրերի ընթացքում ո՛չ հաց, ո՛չ ջուր չմտաւ նրա բերանը եւ ո՛չ էլ ծնրադրեց, միայն կիրակիից կիրակի կաղամբի միջուկ էր ուտում: Օրհնութիւնից բացի նրա բերանից ոչ ոք այլ բան չլսեց: Այս տեսնելով՝ եղբայրները յոյժ խռովուեցին եւ ասացին վարդապետին. «Որտեղի՞ց բերեցիր այս անմարմին ծեր մարդուն, քանզի ահա մենք ոչինչ ենք նրա առաջ: Հեռացրո՛ւ նրան այստեղից, այլապէս մենք այսօր կը հեռանանք քեզնից»: Լսելով այս՝ Մեծ Պաքսիմոսը հարցրեց եղբայրներին, թէ ծերն ինչ կարգ ու կանոն է պահում: Եւ եղբայրներն ասացին, ինչ որ գիտէին: Վարդապետն ասաց նրանց. «Նա մեծագոյն ծերերից մէկն է, բայց Աստուած այդ բանը ծածկել է ինձնից»: Եւ սկսեց խնդրել Աստծուն յայտնել իրեն, թէ ով է այդ ծերը: Եւ Աստուած Մեծ Պաքսիմիոսին յայտնեց, որ նա Մակար մենակեացն է: Այնժամ Պաքսիմոսը եկաւ նրա մօտ, բռնեց նրա ձեռքից, տարաւ եկեղեցի, մօտեցրեց սուրբ սեղանին, ողջոյն տուեց նրան ու ասաց. «Ո՛վ կատարեա՛լ եւ բարի՛ ծեր, դու Մակարն ես, որը ծածկեցիր ինձնից: Երկար տարիներ փափագում էի տեսնել քեզ, եւ Աստուած կատարեց իմ ցանկութիւնը: Շնորհակալ եմ, որ սթափեցրիր իմ զաւակներին, եւ որ ես էլ չպարծենամ նրանցով, իսկ նրանք էլ չասեն, թէ չկայ մեզ նմանը: Եւ այժմ աղաչում եմ քեզ, գնա՛ քո տեղը: Բաւական է, որ դու նորոգեցիր մեզ: Աղօթի՛ր մեզ համար»: Եւ երբ բոլոր եղբայրներն իմացան, որ նա ինքը՝ Մակար Մեծն է, եկան եւ պատկառանքով ողջագուրելով նրան՝ խոնարհուեցին նրա առաջ: Եւ ծերը լսեց նրանց ու սաղմոսներով եւ օրհնութեամբ հեռացաւ նրանցից:

 

Երանելի ծերն ասում էր. «Ես որոշեցի իմ մտքերն ու խորհուրդները հինգ օր պահել առ Աստուած եւ չզբաղուել որեւէ այլ բանով, այլ միայն առ Աստուած խոկալով ու Աստուծոյ դատաստանը մտքում պահելով»: Այս միտքը պահելով՝ փակեցի խցի ու գաւթի դուռը, որպէսզի ոչ ոք չգար ինձ մօտ: Երկրորդ օրն սկսեցի խօսել ինքս ինձ հետ ու ասել. «Զգո՛յշ եղիր, մի՛ խորհիր մարդկայինը, այլ խորհի՛ր երկնայինը, որտեղ ունես հրեշտակներ, հրեշտակապետեր, Զօրութիւններ, Քերովբէներ եւ Աստուած, որ համայի Արարիչն է: Մի՛ իջիր երկնքից, որպէսզի չընկնես երկրաւոր խորհուրդների մէջ»: Եւ երեք օր պահեցի այսպէս: Այդ պատճառով դեւերը չարացան իմ դէմ, բորբոքուեցին կրակի պէս եւ այրեցին ոսկորներս: Ես կարծում էի, թէ նրանք ներքուստ են այրում ինձ, մինչդեռ իմ առջեւ էին: Նրանք չորացած խօտ վառեցին եւ խփեցին երեսիս: Ես բացեցի աչքերս, բայց ոչ ոքի չտեսայ: Այդ ընթացքում դեւերն ինձ մեծ վնասուածքներ հասցրին, բայց Աստուծոյ պահպանութեամբ ամենեւին չկարողացան հեռացնել խորհուրդներս իմ Արարչից: Հինգ օր յետոյ ես գնացի եւ բացեցի գաւթի դուռը: Եղբայրնե՛ր, այս ասացի ձեզ խրատելու համար, որ իմանաք, թէ այսպիսի դէպքերում դեւերն են դէմ առ դէմ պատերազմում ձեզ հետ:

 

Եւ դարձեալ ասաց. «Ինձ վրայ շրջագայելու խորհուրդներ եկան ու կամեցան ինձ դուրս բերել խցից: Նրանք ասացին. "Բարի է քեզ համար, որ շրջես եւ փառաւորուես մարդկանց կողմից": Կամենում էին ինձ տանել Հռոմ քաղաք՝ ասելով. "Գնա՛ եւ այնտեղ քարոզի՛ր Աստուծոյ շնորհները": "Բայց ես, - ասաց երանելի ծերը, - խցի մէջ ընկայ գետնին, տարածեցի ոտքերս դռների առաջ եւ շրջագայութեան դեւին ասացի. "Եթէ կարող էք, դուրս հանէք ինձ, ես իմ ոտքով ոչ մի տեղ չեմ գնայ: Եթէ կարող էք ինձ այդպէս տանել, դուք գիտէք"»: Եւ ծերը երդուելով ասում էր, թէ ոտքերս այդպէս դռների առաջ մնացին մինչեւ երեկոյ: «Եւ երեկոյեան, երբ մութն ընկաւ, - ասում էր, - գիշերուայ մէջ դարձեալ խորհուրդներն սկսեցին նեղել ինձ: Ես վեր կացայ, մի ծանր քար դրեցի սակառում[2], այն դրեցի ուսիս եւ շրջեցի խցում ու այդպէս շրջում էի նաեւ ցերեկը: Անտիոք քաղաքից Դէոգէն անունով մի մարդ եկաւ, որը եկեղեցու ստորադաս սպասաւոր էր: Նա ինձ տեսաւ ու ասաց. "Այդ ի՞նչ ես կրած տանում, հայրի՛կ, ինչո՞ւ ես այդպէս չարչարւում": Ես ասացի. "Ես չարչարում եմ ինձ չարչարողին եւ իմ տանջանքներով չարաչար տանջում եմ նրան, քանզի այսօր նա կամենում էր ինձ սուրհանդակ դարձնել"»:

 

Հայր Պաքմիոսն ասաց. «Մի անգամ հայր Մակարն ու հայր Մարկոսը գաւթում նստած խօսում էին Աստուծոյ եւ աստուածայինների մասին: Եւ ահա եկաւ մի էգ առիւծ, խփեց գաւթի դրանը եւ իր կորիւնին, որը կոյր էր, գցեց գաւթից ներս, իսկ ինքը մնաց դրսում: Երանելի Մարկոսը, իր գիրկն առնելով կորիւնին, աղօթեց, եւ իսկոյն բացուեցին կորիւնի աչքերը, ու նա բուժուած կորիւնին տուեց էգ առիւծին: Վեց օր անց առիւծը բերեց վայրի մեծ անասունի մորթի, որը յափշտակել էր որսորդներից: Երանելի Մարկոսն այն տուեց սուրբ Մակարին, իսկ սուրբ Մակարն այն տուեց երանելի Աթանասին, եւ երանելի Աթանասն էլ այն տուեց Ալեքսանդր եպիսկոպոսի մօրը՝ Մելանիային»:

 

Մակարիոսը սուրբ Մարկոս ծերի մասին պատմում էր. «Նա երբէք որեւէ մէկից սուրբ հաղորդութիւն չառաւ: Այն Աստուծոյ հրեշտակն առնում էր Սեղանից եւ տալիս իրեն: Նա ասում էր. "Ես միայն նրա ձեռքի դաստակն էի տեսնում": Եւ ամբողջ ժամանակ նա երբէք չէր թքում գետնին: Այս Մարկոսը մանկուց մինչեւ ծերութիւն երբէք կին չտեսաւ: Հեզ էր՝ շատերից առաւել, կատարելութեան հասած եւ իմաստուն: Նրա քարայրը հեռու էր մեզնից հինգ հարիւր ասպարէզով: Մի անգամ գնացի նրա մօտ, մօտեցայ եւ կանգնեցի նրա պատուհանի առաջ: Նա հարիւր վեց տարեկան էր: Վեց տարին անց էր կացրել իր հօրեղբօր հետ, իսկ հարիւր տարին անապատում: Մարմինը չարչարուած էր տքնութիւններից, ատամներ բնաւ չունէր: Եւ ծերն սկսեց կռուել ինքն իր հետ ու ասել. "Չա՛ր ծեր, ի՞նչ ես այսուհետ կամենում, որովայնի շուայտ ծառա՛յ: Ահա դու նաեւ գինի ես ճաշակել եւ ոտքերդ իւղով օծել": Այսպէս անարգում էր ինքն իրեն եւ ապա դառնալով սատանային՝ ասաց. "Գնա՛, հեռացի՛ր ինձնից, թշնամի՛ ճշմարտութեան: Դու ոչինչ չես գտնի իմ մէջ, բայց քանի որ գերեցիր ինձ ու աւար առար, ապա ոտքերս իւղով օծել եւ գինի ճաշակել տուիր": Այսպէս կարգ դնելով՝ կռւում էր ինքն իր՝ իբրեւ ընկերոջ հետ եւ ասում. "Զառամեա՛լ ծեր, մինչեւ ե՞րբ պիտի քեզ հետ լինեմ, ահա մօտեցել է քո ժամանակը"»:

 

Երանելի ծերն ասաց. «Ես, Մարկոսը Եւագրիոսը, Աղբինոնը եւ Ամոնը կամեցանք իմանալ երանելի Յովհաննէսի մասին: Եւագրիոսն ասաց. "Իւրաքանչիւրս գնանք մեր խուցը, աղօթենք ու տեսնենք, թէ մեզնից ով կ՚արժանանայ տեսնել երանելի Յովհաննէս ծերին": Արդ, ես՝ Մակարս, մէկ օր յետոյ փակեցի խցիս դռները եւ գնացի հնդիկների կողմը: Քսանութ օրում հասայ նրա վանքը եւ տեսայ, որ նա փակել էր իր խուցը, իսկ եղբայրներն աշխատում էին շինութեան վրայ: Ըստ սովորութեան՝ ծերը եղբայրներին տեսնում էր միայն շաբաթ եւ կիրակի օրերին: Այս իմանալով՝ սպասեցի եւ շաբաթ օրը երրորդ ժամին գնացի ու գտայ նրան՝ նստած պատուհանի մօտ: Նա անցնողներին ողջոյն էր տալիս եւ ասում. "Աղօթէ՛ք ինձ համար": Եւ երբ ես մօտեցայ, նա ինձ ողջոյն տուեց ու թարգմանի միջոցով ասաց. "Որտեղի՞ց ես գալիս եւ ինչո՞ւ մենակ թողեցիր Եւագրիոս ծերին ու եկար այստեղ": Մինչ խօսում էր ինձ հետ, եկաւ այդ երկրի իշխանը, եւ ծերն ինձ թողնելով՝ սկսեց նրա հետ խօսել: Ես յետ քաշուեցի ու ձանձրացայ նրանց երկար խօսելուց: Տրտնջացի ծերից ու ինքն ինձ ասացի. "Նա արհամարհեց ինձ եւ պատուեց այն շանը": Այս մտածելով՝ կամեցայ հեռանալ: Իսկ երանելի ծերը թարգմանին ասաց. "Գնա՛ եւ ասա՛ այն եղբօրը, որ չնեղսրտի: Այժմ կ՚արձակեմ սրան եւ կը խօսեմ իր հետ, ինչ որ կամենայ": Այնժամ իմացայ, որ նրա մէջ գիտութեան հոգի կայ: Այս լսելով՝ համբերեցի, եւ երբ իշխանը գնաց, ձայն տուեց ինձ ու ասաց. "Եղբա՛յր, ինչո՞ւ տրտմեցիր եւ տրտնջացիր իմ պատճառով: Մի՞թէ գրուած չէ, թէ բժիշկ պէտք է ոչ թէ առողջների, այլ հիւանդների համար: Ես երբ կամենամ, կը գտնեմ քեզ, նոյնպէս էլ դու՝ ինձ: Եւ եթէ ես չքեզ չմխիթարեմ, կը մխիթարի մէկ ուրիշը: Այդ մարդը բռնուած էր սատանայի կապանքներով եւ աշխարհի գործերով, իսկ դու ամէն ժամ գնում ես Քրիստոսի յետեւից": Այնժամ աղաչեցի ծերին, որ աղօթի ինձ համար, որովհետեւ ես հասկացայ, որ արդարեւ նա իմաստուն է: Ես բռնեցի նրա աջից, իսկ նա իր ձախ ձեռքը դրեց ծնօտիս ու ասաց. "Դու շատ նեղութիւնների միջով պիտի անցնես եւ պիտի կանգնես մեծ պատերազմների առաջ: Երբ դու գնաս հաղորդութեան ու օրհնութեան համար, կը պատահես դեւերի: Այսուհետեւ պի՛նդ կաց, թող քո սիրտը մխիթարի քեզ, եւ մի՛ նեղուիր անապատի մէջ: Նաեւ այս կ՚ասեմ. թող հարկ չլինի, որ գնաս քաղաք, որովհետեւ գրուած է. "Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրայ կը դնի եւ ապա յետ կը նայի"[3]": Ես շահեցի իմաստունի խօսքերից, ուրախացայ եւ գոհացայ Աստծուց: Իմաստուն ծերունին դարձեալ ասաց ինձ. "Ո՛վ եղբայր, կամենո՞ւմ ես եպիսկոպոս լինել": Ես ասացի. "Ես եպիսկոպոս եմ": Իսկ ծերունին հարցրեց. "Որտեղի՞": Եւ ես ասացի. "Պուտուկների եւ սափորների խոհանոցի: Երբ նրանք վնասում են ինձ, ես կապում եմ նրանց, պուտուկներին՝ աղով եւ համեմունքով, իսկ սափորներին՝ ջրով ու գինով": Իմաստուն ծերն ասաց. "Մի կողմ թող եպիսկոպոս լինելու կատակներդ: Դու ինձ չես հաւատում, բայց երբ եպիսկոպոս լինես, կը յիշեցնեմ այս խօսքերը: Շատ նեղութիւններ պիտի հասնեն քեզ, իսկ եթէ կամենում ես փախչել նեղութիւններից, ապա մի՛ հեռացիր անապատից, որովհետեւ անապատում ոչ ոք քեզ եպիսկոպոս չի դարձնի": Եւ այսպէս նրանից խրատներ ստանալով եւ շահելով՝ ուրախ եղայ: Ինչպէս որ լսել էի նրա մասին, այնպէս էլ տեսայ, արժանացայ խօսել նրա հետ ու ցնծալ նրա համար: Այսպէս նա օրհնութեամբ արձակեց ինձ, եւ ես յոյժ շահեցի: Ես եկայ իմ տեղը եւ հայրերին պատմեցի իմաստուն ծերի աստուածպաշտութեան մասին: Նրանք ինձ ասացին. "Երանի քեզ, եղբա՛յր, որ արժանացար ծերի օրհնութեանը":

 

Ժամանակ անց ես մոռացայ ծերի խօսքերը, որ ասաց ինձ եպիսկոպոսութեան մասին: Երեք տարի անց ես հիւանդացայ: Եղբայրներն ինձ տարան Ալեքսանդրիա քաղաք՝ բժիշկների մօտ, իսկ բժիշկներն ասացին ինձ. "Ոչինչ պէտք չէ անել, քեզ միայն կ՚օգնի Պաղեստինի մեղմ օդը": Ապա ինձ տարան Պաղեստինից, եւ գնացինք Բեթանիա: Եւ չգիտեմ, թէ Աստծուց եղաւ, թէ մարդուց, Աստուած գիտէ, ակամայ ինձ եպիսկոպոս դարձրին: Դրանից յետոյ ես երեք տարի փակուեցի եւ չկամեցայ եկեղեցի գնալ: Եւ Տիրոջ հրեշտակը Յովհաննէսի նմանութեամբ երեւաց ինձ ու ասաց. "Չասացի՞ քեզ, թէ պէտք չէ եպիսկոպոս լինել": Այս լսելով՝ յոյժ զղջացի եպիսկոպոսութեան համար եւ ըստ արժանւոյն յիշեցի նրան գովութեամբ: Քիչ օրեր անց լսեցի, որ նա վախճանուել է: Արդ, երանելի եւ իմաստուն Յովհաննէս մենակեացի եւ նրա համբերութեան մասին ես պատմում էի շատ մենակեացների: Նա քառասունվեց տարի մնաց անապատում, բնաւ կնոջ երես չտեսաւ, եւ ձեռքը ոսկի չառաւ: Ոչ ոք նրան չտեսաւ ուտելիս կամ ըմպելիս, եւ մինչ օրս նա բարի օրինակ եղաւ բոլոր մենակեացների համար»:

 

Սուրբ Մակարն ասում էր. «Մարմնի ուղեցոյցն աչքն է: Այն տեսնելով՝ առաջնորդում է ողջ մարմնին անհրաժեշտ ճանապարհով: Պատկերացրո՛ւ, որ մէկը գնում է անտառաշատ, փշոտ եւ տղմոտ վայրերով, որտեղ կրակի բոցերը փակել են ճանապարհը: Կան նաեւ խրուած սրեր, յորձանուտներ եւ վիհեր: Եթէ ճանապարհորդը ճարպիկ է, զգոյշ եւ անվախ, ապա աչքն ունենալով որպէս ուղեցոյց, մեծ ուշադրութեամբ անցնում է այդ դժուարանցանելի տեղերով եւմիաժամանակ ձեռքերով, ոտքերով եւ ամէն կերպ պահում իր հանդերձները, որպէսզի չպատառոտուեն ծառերի եւ փշերի արանքներում, չկեղտոտուեն տիղմի մէջ եւ չծուատուեն սրերից: Եւ աչքը, ողջ մարմնին ծառայելով որպէս լոյս, ցոյց է տալիս նրան ճանապարհը, որպէսզի նա չկործանուի վիհերում, չխեղդուի յորձանուտներում, կամ էլ վնաս չկրի որեւէ դժուարին տեղում: Այսպէս ճարպիկ եւ խելամիտ ճանապարհորդը, մեծ զգուշութեամբ հաւաքած պահելով իր հանդերձները եւ աչքի ճիշտ ցուցումով ուղիղ գնալով, այրուելուց եւ պատռուելուց անվնաս է պահում թէ՛ իրեն եւ թէ՛ հագած հանդերձը: Եթէ այդ տեղով անցնէր անփոյթ, անհոգ, ծոյլ, դանդաղաշարժ եւ անգործունեայ մի մարդ, ապա նրա հագուստն, այս ու այն կողմ քաշքշուելով, կը պատռուէր, որովհետեւ նա բնաւ չունէր հագուստը պահելու վճռականութիւն: Ուստի այն, կպչելով մացառներին եւ փշերին, կը պատռուէր կա՛մ կ՚այրուէր, կա՛մ կտոր-կտոր կը լինէր ցցուած սրերից, կա՛մ էլ կը կեղտոտուէր՝ տիղմի մէջ ընկնելով: Մի խօսքով, նրա նոր եւ գեղեցիկ հանդերձը շատ արագ կը փչանար նրա անուշադրութեան, անգործութեան եւ ծուլութեան պատճառով: Եւ եթէ ճանապարհորդը լիարժէք ու համակ ուշադրութիւն չդարձնի աչքի ցուցումին, ապա ինքը եւս կ՚ընկնի վիհի մէջ կամ էլ կը խեղդուի յորձանուտներում»:

 

Ասաց նաեւ. «Հոգին պատկանում է նրան, ում հետ իր ցանկութիւններով շփման եւ միաւորութեան մէջ է: Այդ պատճառով կա՛մ իր մէջ ունենալով Աստուծոյ լոյսը, ապրելով նրա մէջ ու բարեզարդուելով ամէն տեսակ առաքինութիւններով՝ հաղորդ կը լինի խաղաղարար, մխիթարող լոյսին, կա՛մ ունենալով իր մէջ մեղքի խաւարը՝ ենթակայ կը լինի դատապարտութեան»:

 

Արդ, երանելի Մակարը հասաւ կատարելութեան ու մեծամեծ առաքինութիւնների եւ վեր եղաւ բոլոր ախտերից: Տեսաւ անտեսանելիները, յայտնեց երկնային խորհուրդները, հաւասար եղաւ հրեշտակներին եւ հասաւ այն չափի, ուր կարող էր հասնել մարդկային բնութիւնը: Նա ննջեց 391 թուականին՝ 60 տարի ճգնելուց յետոյ:

 

[1] Առհասարակ ջրի, գինու, իւղի եւ այլնի անորորշ տարողութեան անօթ:

[2] Ճիւղերից հիւսուած մեծ կողով, քթոց:

[3] Ղուկ. Թ 61: