Իմաստութիւն երկնային իջեալ ի վերուստ.
Ժողովել զընտրեալսն ի սկզբանէ զյիմարս աշխարհի.
Եւ լցեր լուսով Քո իմաստութեան.
Հալածել սոքօք զխաւարն անգիտութեան ի մէնջ.
Աղաչանօք սոցա խնայեա ի մեզ մարդասէր Փրկիչ:
Ի ծովու ճանապարհորդեալ անհետ ընթացիւք.
Ի ծովակէ կոչեցեր զորսորդս անբանից կենդանեաց ի մահ,
Զի ի ծովէ աշխարհի որսայցեն զբանականքս ի կեանս.
Աղաչանօք սոցա խնայեա ի մեզ մարդասէր Փրկիչ:
Բանաւոր երկրի մշակդ երկնային.
Որ ետուր զսերմն կենաց ի լեզուս բանին մշակաց.
Եւ առաքեցեր սերմանել յոգիս բանաւորաց.
Աղաչանօք սոցա խնայեա ի մեզ մարդասէր Փրկիչ:
(Շարակնոց)
Աստուծոյ մեծանուն եւ վաստակաշատ սուրբ Ղուկիանոս քահանան, որը մեզ մօտ յիշատակւում է որպէս Ղունկիանոս քահանայ, ասորական Անտիոք քաղաքից էր եւ ապրել է Դիոկղետիանոս կայսեր ժամանակներում: Լինելով պատուական տոհմից եւ քրիստոնեաների զաւակ՝ մանկուց մեծացել է բարեպաշտ վարքով, կրթուել փիլիսոփայական արտաքին գիտութիւններով, այնուհետեւ աշակերտել քրիստոսասէր ճգնաւոր այրերին, առաւելապէս Եդեսիա քաղաքում բնակուող ոմն Մակարիոսին ու նրանցից ուսանել Հին եւ Նոր կտակարանները:
Երբ վախճանուեցին նրա ծնողները, ըստ աւետարանական պատուիրանի՝ հրաժարուեց կենցաղային բոլոր զբաղմունքներից եւ իր ունեցուածքը բաշխելով աղքատներին՝ տրուեց եկեղեցու ծառայութեանը: Աշխարհի մէջ ապրելով պահեցողութեամբ, աղօթքներով եւ գետնատարած անկողիններով՝ նա ընդօրինակեց անապատի մենակեացների ճգնութեան վարքը, առաջադիմեց խոնարհութեան, հեզութեան, համբերութեան, եղբայրասիրութեան եւ բոլոր առաքինութիւնների մէջ, որի համար Սուրբ Հոգու հրաւէրով արժանացաւ սարկաւագութեան, եւ ապա օծութեան ու քահանայութեան շնորհին: Երէցների հետ նա կարգուեց Անտիոքի աթոռանիստ եկեղեցում, որտեղ երեւելի ու պատուական եղաւ բոլորի աչքին եւ հռչակուած՝ իմաստութեան ու բարեպաշտութեան մէջ:
Նա եղաւ Աստուծոյ խօսքի զօրաւոր քարոզիչը, որովհետեւ տրուած աստուածապատում վարդապետութեան շնորհով լռեցնում եւ սանձում էր հրէաներին ու հեթանոսներին եւ իր բազմաթիւ աշակերտներին ուսուցանում աստուածպաշտութեան կատարեալ հաւատքը: Մեծ Անտիոք քաղաքում նա հիմնեց նշանաւոր դպրոց, որտեղ շատերին կրթեց աստուածային եւ արտաքին գիտութիւններով: Հմուտ գրիչ լինելով՝ գրչութեան արուեստով բաւարարում էր ոչ միայն իր կարիքները, այլեւ սատարում աղքատներին եւ կարօտեալներին: Ղուկիանոսը մեծ ջանքեր գործադրեց յունարէն լեզուով Աստուածաշունչ գրքի ընտիր օրինակը լոյս ընծայելու համար, որովհետեւ յաճախ էր նկատում անգրագէտ եւ ոչ վստահելի գրիչների կողմից սպրդած փոփոխութիւններ: Նա սկսեց փնտռել հնագոյն եւ անսխալ օրինակները, միաժամանակ յունական ընթերցուածքը համեմատեց եբրայական բնագրի հետ ու ի լոյս բերեց նոր օրինակն իր գրչութեամբ եւ ուղղագրութեամբ, որը «Ղուկիանեան» անուամբ տարածուեց նախ Անտիոքի, իսկ յետագայում նաեւ Բիւզանդիայի եկեղեցիներում:
Պատուական Ղուկիանոս երէցի իմաստութեան համբաւը տարածուելուց յետոյ շատերն էին գալիս՝ աշակերտելու նրան: Նրա ընտրեալ աշակերտներից շատերը հասան քահանայութեան ու եպիսկոպոսութեան պատուին, եւ ըստ երանելի Ղուկիանոսի կանխասացութեան՝ ոչ քչերն արժանացան մարտիրոսական պսակներին, թէպէտ եղաւ նաեւ, որ անարժան աշակերտներից ոմանք յետագայում յարեցին Արիոսի մոլորութեանը: Ոչ միայն ինքը՝ ժանտ Արիոսը, այլեւ նրա գլխաւոր համախոհ Եւսեբիոս Նիկոմիդացին յօժարակամ իրենց Ղուկիանոսի աշակերտներ էին կոչում, իսկ իրենց ձայնակիցներին ղուկիանոսակիցներ անուանում, որպէսզի Աստուծոյ մարդու անունը նեցուկ լինէր իրենց խարխուլ աղանդին: Եւ այս յանդուգն չարութեան շարժառիթն այն էր, որ երանելի Ղուկիանոսը սաբէլականների անպարտելի թշնամին ու նրանց մոլորութեան ջախջախիչն էր: Ոմանց թւում էր, թէ նրանց դէմ սաստիկ խստութեամբ խօսելիս նա հակամիտւում է ծայրայեղ մոլորութեան մէջ, որի պատճառով Արիոսի յարուցմամբ Ղուկիանոսն այնպէս բամբասուեց ոմանց, յատկապէս սաբէլական երէց ոմն Բագարատի կողմից, որ նրա չարախօսները շատացան եւ Ղուկիանոսին արտաքսել տուեցին Անտիոքի եկեղեցուց: Եւ նա, առանձնացած մի տեղում, գրեց ուղղափառ հաւատքի գիրը, ինչպէս նաեւ դրա շուրջ մի քանի թղթեր՝ ի ջատագովութիւն իր ողջամտութեան:
Այնուհետեւ երանելի Ղուկիանոսը, իմանալով Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի յարուցած հալածանքների հրդեհի մասին, բոցավառուեց Աստուծոյ փառքի նախանձախնդրութեամբ եւ, զգեստաւորուած աստուածային սպառազինութեամբ, իսպառ թողեց իր հայրենիքը ու եկաւ այնտեղ՝ թիկունքից օգնութեան հասնելու հաւատացեալներին: Իմանալով, որ բռնաւորները փնտռում են իրեն, բնաւ չվախեցաւ նրանցից, այլ կամաւոր հասաւ այնտեղ ու տեսաւ, որ շատերը տանջանքների ահից զոհ էին մատուցում կուռքերին: Երանելին աստուածային վարդապետութեամբ, Սուրբ Գրքի յանդիմանութեամբ եւ միաժամանակ աղօթքներով նրանց դարձրեց իրենց նախկին հաւատքին, խրատեց ու զօրացրեց նրանց՝ համբերելու չարչարանքներին եւ համարձակ քարոզեց Քրիստոսին: Գիշեր թէ ցերեկ, իր ազատ ժամերին նա գրեց Հին եւ Նոր կտակարաններն իր ուղղագրած օրինակով եւ այն աւանդեց Նիկոմիդիայի եկեղեցուն: Առաքելաբար շրջում էր քաղաքով մէկ եւ քարոզում երկնքի Արքայութիւնը, մտնում էր բանտերը, սպասաւորում խոստովանող վկաներին եւ քաջալերում նրանց: Ինչպէս ասում են՝ երբ նա շրջում էր քաղաքում, ում որ կամենում էր տեսնել, նրանք էլ իրեն էին տեսնում, իսկ ում չէր կամենում ուշ դարձնել, նրանք էլ իրեն ուշադրութիւն չէին դարձնում: Եւ այդպէս նա աներկիւղ անցուդարձ էր անում նրանց միջով:
Սակայն պէտք չէր, որ ճրագը ծածկուէր գրուանի տակ: Սուրբի մասին լուրը հասաւ Մաքսիմիանոս կամ Դիոկղետիանոս թագաւորին, որն այդժամ գտնւում էր Նիկոմիդիայում: Եւ նա զինուորներ ուղարկեց, որպէսզի ձերբակալեն սուրբին ու իր առջեւ բերեն: Բայց քանի որ լսել էր, որ միայն սուրբին տեսնելով շատերն էին հաւատում Քրիստոսին, վախեցաւ դէմ յանդիման հարցաքննել ու խօսել նրա հետ, ուստի նրա երեսը չտեսնելու համար հրամայեց իր առջեւից վարագոյր կախել, մինչեւ որ կը փորձէր նրան ողոքիչ խօսքերով եւ սպառնալիքներով:
Արդ, բռնաւորն սկսեց հարցաքննել եւ ասել. «Դո՞ւ ես Ղուկիանոսը, եւ քո մասի՞ն են ասում, թէ դու գալիլեացիների աղանդի վարդապետն ես ու ամբողջ Անտիոքում հեռացրել ես անտիոքացիներին աստուածներին երկրպագելուց: Այժմ կամենում ես յանդգնօրէն այդ նոյնն այստե՞ղ անել: Արդ, անհնար է, որ դու ազատութիւն ունենաս, եթէ չընդունես աստուածների պաշտամունքն ու զոհ չմատուցես նրանց»: Սուրբ քահանան պատասխանեց նրան եւ ասաց. «Արդարեւ, ինչ որ լսել ես իմ մասին, ճշմարիտ է, որովհետեւ ես քրիստոնեայ եմ մանկուց եւ ուրանալ չեմ կարող: Խոստովանելով մի Աստծուն՝ ես քարոզել եմ ամենքի Արարչին: Նոյն ուսուցանում եմ նաեւ այսօր ու կ՚ուսուցանեմ մինչեւ իմ վերջին շունչը: Ինչ որ պիտի անես, արա՛ իսկոյն, որովհետեւ ես քրիստոնեայ եմ ու դեւերին զոհ չեմ մատուցի, այլ անարիւն եւ կենդանի պատարագ կը մատուցեմ Աստծուն՝ համայնի Արարչին»: Բռնաւորն ասաց նրան. «Չարագլո՛ւխ, անմի՛տ եւ անհնազա՛նդ Ղուկիանոս, քաջ իմացի՛ր եւ մտածի՛ր, թէ որ արարքիդ համար ես դու այս ատեանի առաջ կանչուել»: Երանելին պատասխանեց. «Ես գիտեմ եւ դրա համար եմ եկել այստեղ: Ես պաշարուած չեմ չարի խորհուրդներով եւ ձեզ նման ցնորուած չեմ: Եկել եմ, որ վկայեմ Քրիստոսի Աստուածութեան ճշմարտութիւնը եւ մեռնեմ Նրա սուրբ անուան համար, ինչպէս որ Նա Ինքը կամաւոր յանձն առաւ մահը մեզ համար»: Թագաւորն ասաց. «Հնազանդուի՛ր եւ զոհ մատուցիր, որովհետեւ քո յամառութիւնը քեզ օգուտ չի տայ»: Սուրբը պատասխանեց. «Սպառազինուած ինքնակամ յօժարութեամբ՝ ես եկայ ու մտայ պատերազմի մէջ, որպէսզի լինեմ ճշմարտութեան անպարտելի վկան եւ իմ համբերութեամբ յաղթեմ քեզ ու քո հօրը՝ սատանային»: Թագաւորն ասաց. «Երդւում եմ իմ բոլոր աստուածներով, որ եթէ չերկրպագես անմահ աստուածներին եւ զոհ չմատուցես նրանց, ապա կ՚իմանաս, թէ ով ես դու, կամ ովքեր են ինքնակալները, որոնք մեծարում եւ պատւում են աստուածներին»: Ղուկիանոսն ասաց. «Ես, պաշտելով ճշմարիտ Աստծուն, Ով արարեց ամէն բան, յոյս ունեմ յաւիտենական կեանքի ժառանգորդ լինել, իսկ աստուածները, որոնք չեն արարել երկինքն ու երկիրը, պիտի կորչեն»: Թագաւորն ասաց. «Եթէ չես ընդունում իմ ողոքիչ խօսքերը, ապա դու մեր աստուածներին կը հնազանդուես զանազան տանջանքների միջոցով»: Ղուկիանոսը ժպտալով ու հեգնելով ասաց. «Ո՛վ թագաւոր, քո աստուածները բազմաթիւ են, նրանցից քանիսի՞ն կամ որո՞նց ես հրամայում, որ զոհ մատուցեմ»: Թագաւորն ասաց. «Նախ Ապոլոնին, եւ ապա Հերակլէսին, Դիոնիսին ու մեծ Արտեմիսին»: Վկան ասաց. «Ո՛վ թագաւոր, լսի՛ր, թէ ինչ կ՚ասեմ քեզ եւ հաւատա՛: Ես չեմ պաշտի քո աստուածներին եւ չեմ երկրպագի ոսկէձոյլ պատկերներին, որովհետեւ որին դու Ապոլոն ես կոչում, կորստաբեր է եւ ապականութիւն: Արտեմիսը կորստեան մայրն է, եւ ընդհանրապէս նրանք չորսն էլ խաբում են մարդկանց ու հեռացնում կենդանի Աստծուց»:
Այնժամ թագաւորն արիւնարբու գազանի պէս սաստիկ բարկացաւ եւ դահիճներին հրամայեց չորս կողմերից պրկել սուրբի մարմինը եւ արջառաջլերով տանջել նրան: Իսկ երանելին տանջանքների մէջ աղօթում էր առ Աստուած եւ ասում. «Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, քրիստոնեաների յո՛յս եւ իմ ապաւէ՛ն, յիշի՛ր ինձ, որովհետեւ ես Քո համար եմ համբերում այս չարչարանքներին: Քո կամքով ընդունի՛ր եւ հանգստացրո՛ւ իմ հոգին»: Ապա լռեց, որովհետեւ բազմաթիւ հարուածներից յետոյ մարմնի անդամների յօդերն անջատուել էին միմեանցից: Թագաւորն ասաց. «Հնազանդուի՛ր, Ղուկիանո՛ս, եւ զոհ մատուցիր աստուածներին»: Սուրբը պատասխանեց. «Ես պիղծ դեւերին զոհ չեմ մատուցի»: Թագաւորն ասաց. «Մի կողմ թող յամառութիւնդ: Եթէ զոհ չես մատուցում միւս աստուածներին, գոնէ մօտեցի՛ր, երկրպագի՛ր եւ զոհ մատուցիր Ասկլեպիոսին, որպէսզի բժշկուեն հարուածներից ստացած վէրքերդ, այլապէս հոգիդ կ՚անջատեմ մարմնիցդ»: Ղուկիանոսն ասաց. «Դու իշխանութիւն ունես մարմնիս վրայ, արա՛, ինչ կամենում ես, իսկ հոգուս վրայ ոչ ոք իշխանութիւն չունի՝ բացի Աստծուց, Ով միաւորում է հոգին եւ մարմինը: Ոչ ոք չի կարող ինձ հեռացնել Նրա սիրուց, ո՛չ նեղութիւնը, ո՛չ անձկութիւնը, ո՛չ սովը, ո՛չ մերկութիւնը, ո՛չ հալածանքները, ո՛չ տանջանքների ահը, կամ էլ ինչ-որ արարած»:
Բարկացած թագաւորն աստուածներին անարգելու համար հրամայեց տարածել նրան գետնի վրայ եւ դալար ճիպոտներով ձաղկել: Բազմաթիւ հարուածներից յետոյ դահիճներին ասաց. «Կապէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը փայտին ու քերէ՛ք կողերը, ապա աղ, բորակ եւ բարկ քացախ լցրէք վէրքերին, որպէսզի մորմոքուի: Նաեւ վառուող ջահեր կը մօտեցնէք նրա կողերին, մինչեւ որ զղջայ, հնազանդուի եւ զոհ մատուցի աստուածներին»: Զինուորներն իսկոյն կատարեցին իրենց հրամայուածը, իսկ սուրբ վկան աղօթում էր՝ ասելով. «Քրիստո՛ս Փրկիչ, թեթեւացրո՛ւ իմ տանջանքները, փրկի՛ր ինձ անօրէնների եւ ամբարիշտների ձեռքից, որոնք ելել են իմ դէմ եւ կամենում են ինձ կորստեան մատնել»: Նա աղօթում էր եւ քաջալերուելով ի Տէր՝ ոչինչ էր համարում տանջանքները, որից բռնաւորն աւելի էր բորբոքւում չարութեամբ: Ապա դահիճներին հրամայեց կապարը հալեցնելով եռացնել ու լցնել սուրբի մարմնի վրայ: Իսկ նա տանջանքների անտանելի ցաւերի մէջ գոհանում էր Աստծուց եւ ասում. «Իմ Տէր Աստուա՛ծ, Յիսուս Քրիստո՛ս, Դու արդարներին եւ Քո սիրելիներին ազատեցիր բազում վշտերից եւ նեղութիւններից: Մարի՛ր մեզ նեղողների եւ ամբարիշտների ցասումը եւ բարձրացրո՛ւ Քո սուրբ եկեղեցու եղջիւրը: Վերացրո՛ւ այս աշխարհից պիղծ զոհաբերութիւնները եւ ողորմի՛ր նրանց, ովքեր երկրպագում են Քեզ հոգով եւ ճշմարտութեամբ»:
Անօրէն թագաւորը, զարմացած Քրիստոսի վկայի համբերութեան վրայ, ասաց. «Ո՛վ երիցս թշուառակա՛ն եւ եղկելի՛ Ղուկիանոս, ի՞նչ յոյսով ես այդպէս յամառում եւ յօժարում մեռնել, մի՞թէ Նրա, Ով սպանուեց հրեաների կողմից եւ խաչուեց Պիղատոսի հրամանով, Որին դուք ասում էք, թէ կենդանի է: Այսուհետ լսի՛ր ինձ, ուշքի՛ եկ տանջանքներից ու մեզ հետ արի աստուածների տաճար, որպէսզի արժանի զոհ մատուցես նրանց, եւ ես քեզ մեծ աստուածների քահանայապետ կը դարձնեմ»: Սուրբը պատասխանեց թագաւորին եւ ասաց. «Ո՛վ թագաւոր, քո անաստուածութեան պատճառով ուշադրութիւն չես դարձնում, որ այս չարչարանքներն ինձ համար բարիքներ են, որոնց կարօտ էի եւ շատ աղօթքներով խնդրում էի Աստծուց: Ահա այսօր այդ բարիքները ես ստացայ քեզնից իմ տանջանքներով, քանզի խաւարի եւ աղջամղջի մառախուղը թանձր մարմնիս մէջ ծածկել էր հոգուս աչքերը, սակայն այն փարատուեց այս չարչարանքներով: Իմ իշխանական միտքը, որը վաղուց ի վեր պաշարուած էր փորձութեամբ, այսուհետեւ յաղթական դարձրիր եւ փախուստի մատնեցիր նրանց, որոնք ինձ վրայ չար մեղքեր էին յարուցում: Դու ամրացրիր իմ պարիսպը եւ անպարտելի դարձրիր: Խափանեցիր մարմնի օրէնքները, որոնցով ապրում էի իբրեւ անմահ, առաքինութիւն պարգեւեցիր հոգուս, որի մէջ ծածկուած է անմահութեան գանձը եւ ցոյց տուեցիր կարճ ու անաշխատ ճանապարհը, որովհետեւ գիտեմ, որ ես Աստուծոյ տաճար եմ, եւ Նրա Հոգին բնակւում է իմ մէջ»: Երանելին իր խորիմաստ վարդապետութեամբ այս եւ նման շատ խօսքեր ասաց՝ յայտնապէս ցոյց տալով հոգեւոր շահը՝ ստացած մարմնի չարչարանքներից:
Այնժամ թագաւորն ասաց. «Ա՛յ չարասիրտ, դու հեռացել ես աստուածների մարդասիրութիւնից: Չարչարանքները քեզ խրատ չեղան, որ ճանաչէիր քո օգուտը եւ ազատուէիր առաջիկայ տանջանքներից, որոնցով պատրաստւում եմ մատնել քեզ»: Սուրբն ասաց. «Իմ Քրիստոս լոյս է, իսկ քո աստուածները՝ խաւար: Եւ երբ ծագում է լոյսը, փախչում է խաւարը»: Թագաւորն ասաց. «Կարծում եմ, որ անձդ մահուան ես տանում՝ այդպէս խօսելով: Այժմ ինչ որ խնդրում ես, ես իսկոյն կ՚անեմ եւ սաստիկ տանջանքներով քեզ մահուան կը մատնեմ»: Ղուկիանոսն ասաց. «Ես ոչ քո տանջանքներից եմ վախենում, ոչ էլ քո աստուածներին եմ ճանաչում: Ես գիտեմ միայն Մէկին՝ Յիսուս Քրիստոսին»: Թագաւորն ասաց. «Երդւում եմ իմ աստուածներով, որ չեմ դադարի քեզ տանջել, մինչեւ որ զոհ չմատուցես նրանց»: Եւ դարձեալ հրամայեց քերել սուրբի մարմինը:
Երանելին ասաց. «Դու յիշատակում ես բազում աստուածներին, որոնց մասին լսել չեմ ցանկանում: Ես պաշտում եմ մի Աստուծոյ՝ Յիսուս Քրիստոսին, որին դու չես ընդունում: Բռնութիւնը չի կարող յաղթել այնտեղ, ուր թագաւորորում է ճշմարտութիւնը»: Բռնաւորն ասաց. «Դարձեալ ասում եմ քեզ, Ղուկիանո՛ս, լսի՛ր ինձ եւ կատարի՛ր այն, ինչ հաճելի է մեր աստուածներին: Հնազանդուի՛ր մեր թագաւորական հրամաններին, եւ ես կ՚արձակեմ քեզ: Դու մեծ պատուով կը գնաս քո հայրենի մեծ Անտիոք քաղաքը եւ ինչպէս նախապէս խոստացայ, կը լինես մեծ աստուածների քահանայապետն ու կը թագաւորես մեզ հետ»: Սուրբը պատասխանեց եւ ասաց. «Քրիստոնեաները երկրի վրայ հայրենիք չունեն, որի համար ես չեմ ձգտում այս երկրաւոր կեանքին: Մեր բնակութեան քաղաքը երկնքում է»:
Այնժամ թագաւորը հրամայեց իջեցնել նահատակին փայտից, բերել երկաթէ տատասկներ, սփռել դրանք գետնի վրայ եւ քայլեցնել սուրբին տատասկների վրայով: Նահատակի մարմինը բզկտուեց, եւ բացուեցին նրա բոլոր ոսկորները, սակայն նա աղօթում էր եւ ասում. «Տէ՛ր Աստուած, անարատ պահիր Քո հօտը եւ բոլորին առաջնորդիր դէպի Քո ճշմարիտ աստուածգիտութիւնը: Ների՛ր սրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում: Խաղաղութեամբ ընդունիր իմ հոգին Քո սուրբերի հետ, որովհետեւ Դու ես Փրկիչը, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Այնուհետեւ թագաւորը հրամայեց երկաթէ օղ անցկացնել նրա պարանոցով եւ տանել բանտ ու ոտքերը կոճղի մէջ ամրացրած պահել մի խաւարտչին վայրում: Առաւօտեան հրամայեց նրան իր առջեւ բերել, իսկ երբ դահիճները գնացին բանտ, մուտքի մօտ տեսան լուսափայլ հանդերձներով երիտասարդների, որոնք սաղմոսելով ձայնակցում էին սուրբին եւ ապա ողջագուրելով նրան՝ երկինք վերացան: Զինուորներն ահաբեկուեցին, երանելուն պատուով դուրս բերեցին բանտից, տարան թագաւորի ատեանի առաջ եւ նրա ականջին շշնջալով պատմեցին այն սքանչելիքի մասին, որ տեսան:
Գազազածթագաւորն ասաց նրան. «Ո՛վ չարասիրտ եւ անամօթ, դու մոլորեցնում ես բազմաթիւ մարդկանց: Ահա եկել-հասել է քո կորստեան եւ մահուան օրը, իսկ եթէ կամենաս՝ քո կեանքի օրը: Արդ, ընտրի՛ր կեանքը եւ ոչ թէ չարագործներին հասնող մահապատիժը: Հնազանդուի՛ր եւ զոհ մատուցիր աստուածներին»: Սուրբն ասաց. «Բազմիցս ասացի եւ այժմ էլ ասում եմ՝ ես քրիստոնեայ եմ եւ դեւերին զոհ չեմ մատուցի: Դու բնաւ չես կարող ինձ յետ դարձնել այս խոստովանութիւնից, որովհետեւ ո՛չ հուրը, ո՛չ սուրը եւ ո՛չ տեսակ-տեսակ տանջանքները չեն կարող ինձ հեռացնել Քրիստոսի սիրուց»:
Տեսնելով Քրիստոսի վկայի անպարտելի հաւատքը՝ թագաւորն արձակեց հետեւեալ մահավճիռը. «Հաճոյ է մեզ բոլորիս, որ Ղուկիանոս վարդապետին եւ գալիլեացիների աղանդի առաջնորդին, ով իրեն քրիստոնեայ համարելով անարգեց մեր անմահ աստուածներին եւ արհամարհեց ինքնակալ թագաւորներին, արտաքսել Արեգ քաղաքը, որպէսզի նա իր ամբողջ կեանքն անցկացնի այնտեղի բանտում եւ մինչեւ վախճանուելը մնայ առանց անհրաժեշտ կարիքների ու խնամքի»:
Այնժամ անաստուած դահիճները յափշտակեցին երանելուն, եւ նա ճանապարհ ընկաւ մեծ չարչարանքներով, քանզի ամբողջ ճանապարհին չար զինուորները յոյժ նեղում էին սուրբին ու տառապանքներ պատճառում: Հասան նշեալ քաղաքը եւ սուրբին, արքունի նամակով հանդերձ, յանձնեցին տեղի դատաւորին: Իսկ դատաւորը, նայելով սուրբի պատկառելի դէմքին եւ իմանալով նրա հետ կատարուած բոլոր դիպուածների մասին, ատեանի առաջ սկսեց խօսել նրա հետ ու ասել. «Դու, գիտակ եւ մտաւոր այր լինելով, ինչո՞ւ ես հետեւում աղանդին: Դու չես կարող ինձ արժանի պատախան տալ, բայց եթէ ունես իրաւացի փաստեր, համարձակ խօսի՛ր, եւ մենք կը լսենք»:
Այնժամ սուրբ Ղուկիանոսն սկսեց խօսեց ատեանի առաջ եւ ասել. «Գաղտնիք չէ, թէ ում ենք պաշտում քրիստոնեաներս: Նա մի Աստուած է՝ Քրիստոսով մեզ բարեհամբաւուած եւ Սուրբ Հոգով մեր սրտերում հեղուած: Մեր Ուսուցիչն Աստուած է Աստծուց, քանզի Բարձրեալի մեծվայելչութեանն անհնար է ճանաչուել մարդկանց մտքերին, եթէ Նա չներգործի Իր Հոգու զօրութեամբ կամ Իր խօսքի մեկնութեամբ եւ իմաստութիւն հաղորդելով: Խոստովանում եմ, որ մենք եւ մեր հայրերը ժամանակին մոլորուեցինք եւ մեր ձեռքի գործերը աստուածներին վերագրեցինք: Նրանք չունէին այլ առաւելութիւն, քան կուռքեր ստեղծելու հնարամտութիւն: Սակայն ամենակալ Աստուած, Ով մարդու ձեռքի գործ չէ, այլ ձեռակերտող է, գթաց մարդկանց մոլորութեան համար եւ աշխարհ ուղարկեց Իր Իմաստութեանը մարմնազգեցիկ տնօրինութեամբ՝ ուսուցանելու մեզ, որ փնտռենք Աստծուն եւ երկնքի ու երկրի Արարչին ոչ թէ ձեռակերտների, այլ յաւիտեանների եւ աներեւոյթների մէջ: Նա աւանդեց մեզ կեանքի օրէնքներ ու սահմանումներ՝ ժուժկալ, աղքատ, հեզ, համբերող, խաղաղասէր եւ սրբասէր լինելու համար: Այն ամէնը, ինչ այժմ դուք պատճառում էք մեզ, Նա նախապէս յայտնել եւ ասել է, թէ ձեզ պիտի տանեն թագաւորների ու դատաւորների առաջ եւ մահուան մատնեն: Եւ Նա՝ Աստուծոյ Խօսքը եւ Իմաստութիւնը, որ անմահ էր, Իր անձը մատնեց մահուան եւ մեզ համբերութեան օրինակ տուեց: Եւ քանի որ մահը չէր կարող որսալ Նրան, երրորդ օրը յարութիւն առաւ: Նա ոչ թէ մահապարտ մէկն էր, ինչպէս որ այժմ ստութեամբ գրուած է ձեզ մօտ, այլ անմեղ էր, անարատ եւ սուրբ: Նա յանձն առաւ մահը, որպէսզի Իր յարութեամբ յաղթի մահուանը: Եւ այս ասածներս կատարուել են ոչ ծածկապէս եւ ոչ էլ խաւարի մէջ, ու կարիք չունեն վկաների: Գրեթէ ողջ աշխարհի մեծ մասը ձայնակից է այս ճշմարտութեանը, ինչպէս նաեւ թէ՛ բոլոր քաղաքները, թէ՛ խաչի ծանրութեան տակ ճեղքուած Գողգոթայի վէմերն ու լեռները, թէ՛ գերեզմանի քարայրը, որտեղ թաղուեց եւ որտեղից դժոխքի դռներն աւերելուց յետոյ յարութիւն առաւ ու փառքով երկինք վերացաւ: Եւ եթէ ձեզ բաւարար չեն երկրի վրայ եղած վկայութիւնները, ապա ճշմարիտ վկայ առէք երկնքից, ես կ՚ասեմ՝ Արեգակից, որը չհանդուրժելով երկրի ամբարիշտ գործերը՝ կէսօրուայ մէջ քողարկեց իր լոյսը: Փնտռեցէ՛ք ձեր տարեգրքերում եւ կը գտնէք, որ Քրիստոսի չարչարանքների ժամին արեգակը ծածկուեց, եւ ցերեկն ընդհատուեց խաւարով: Արդ, եթէ չէք հաւատում երկրին, երկնքին ու արդարների արեանը, որոնց տանջանքների մատնելով՝ հարցաքննում էք ճշմարտութեան մասին, ապա ինչպէ՞ս կը հաւատաք իմ խօսքերին եւ յիշատակութիւններին»:
Լսելով այս ամէնը՝ դատաւորը զարմացաւ եւ վախեցաւ, որ նրան լսողներից որեւէ մէկը կ՚ընդունի նրա խօսքերը, ուստի թագաւորի հրամանով իսկոյն նրան մատնեց բանտապանների ձեռքը: Սուրբ վկան արգելափակուեց բանտում եւ ուրախութեամբ ու Աստծուց գոհանալով՝ համբերում էր իրեն հասած բոլոր նեղութիւններին: Հինգ տարի մնալով բանտում՝ շատ տառապանքներից հիւանդութիւն ստացաւ: Բանտում կրած բոլոր ցաւերի, չարչարանքների եւ նեղութիւնների հետ մէկտեղ բազում օրեր սովահար եղած տանջւում էր քաղցով: Իշխանի հրամանով, մանաւանդ բանսարկուի թելադրանքով անօրէնները նրա համար կերակուր էին բերում մատուցուած զոհերի մսից, որպէսզի քաղցից նա ստիպուած ճաշակի, սակայն երանելին հրաժարւում էր, գարշում զոհաբերութիւններից եւ մերժում՝ լաւ համարելով սովամահ լինել, քան թէ հաղորդ լինել հեթանոսների պաշտամունքին: Տեսնելով, որ ոչինչ չի շահում, անօրէն իշխանը նրան բերել տուեց ատեանի առաջ եւ հարցաքննեց՝ շատ տանջանքների մատնելով: Բայց նա ոչ մի հարցման չէր պատասխանում, այլ միայն ասում էր՝ ես քրիստոնեայ եմ: Իշխանը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես դու»: Վկան պատասխանեց՝ ես քրիստոնեայ եմ: Դարձեալ հարցրեց. «Ի՞նչ արհեստ ունես», եւ սա՝ ես քրիստոնեայ եմ: «Ովքե՞ր են քո ծնողները»՝ ես քրիստոնեայ եմ: Միայն այս խօսքը երանելին բաւական էր համարում՝ չարի գլուխը ջախջախելու եւ նրան անդադար խոցոտելու համար: Յոյժ կիրթ էր եւ քաջ գիտէր, որ այսպիսի պատերազմներում հարկ չկայ պերճախօսութեան, այլ՝ հաւատքի եւ Աստուծոյ սիրով բոցավառ հոգու: Այս կերպով սուրբ Ղուկիանոս քահանան եւ անյաղթ վկան աւարտեց իր կեանքի ընթացքն ու գնաց իր անձկալի Քրիստոսի մօտ, որն, ինչպէս կարծւում է, եղաւ Տիրոջ 305 թուականին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ղուկիանոս քահանայի յիշատակը տօնում է սուրբ Տարագրոս, Պրոբոս, Անդրոնիկոս վկաների եւ սուրբ Պօղոս առաքեալի աշակերտ Ոնեսիսիմոսի հետ՝ Յիսնակի պահոց առաջին երեքշաբթի օրը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: