ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԷ (ՄԱՐԻՆԷ) ԿՈՅՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Որ զհրաշափառ Քո զօրութիւնդ ծանուցեր ազգի մարդկան.

Ցուցանելով յաղթող սուրբ զվկայսն ի պատերազմի՝

Վասն անուան Քո Տէր Աստուած հարցն մերոց:

Որք ի մարմնի անմարմնացան գեր ի վերոյ քան զբնութիւնս.

Արհամարհելով անարգեցին զչար տանջանս եւ զմահ.

Եւ եղեն վկայք Քո կամաւոր մահուանն՝ Տէ՛ր:

Հանդիսացեալ այսօր եւ մեք՝ տօնեմք զյիշատակ սուրբ վկայիցն.

Խաղաղացո՛ զկեանս մեր աղօթիւք սոցա.

Եւ փրկեա զմեզ ի նեղչաց մերոց՝ Տէր Աստուած հարցն մերոց:

(Շարակնոց)

 

 

Մեծ վկայուհի Մարիանէ կոյսը, որը մեծահարուստ եւ հեթանոս ծնողների մինուճար զաւակ էր, Անտիոքի Պիսիդէս քաղաքից էր եւ ապրել է Դիոկղետիանոս կայսեր ինքնակալութեան օրօք: Նրա հայրը՝ Եդեսիոսը, քուրմ էր: Մարիանէն մանկուց որբացաւ մօրից, եւ հայրը նրան այդ նոյն Պիսիդէս քաղաքում կրթութեան տուեց:

 

Աստուծոյ նախախնամութեամբ մանկան դաստիարակը մի քրիստոնեայ կին էր: Երբ Մարիանէն քիչ հասակ առաւ, Եդեսիոսը նրան պահեց քաղաքից տասնչորս-տասնհինգ մղոն հեռու գտնուող մի հանգստաւէտ շինութեան մէջ՝ կուռքերին սպասաւորելու համար, սակայն Մարիանէն իմաստութիւն էր ստացել մեծանալուն եւ կրթուելուն զուգընթաց ու ճանաչել հեթանոս կուռքերի ստութիւնը: Մի օր, նայելով պատուհանից ներս ծագած արեգակի լոյսին, լուսաւորուեց ներքուստ եւ իր հասակակից աղջիկներին ու աղախնուն ասաց. «Նա՛ է Արարիչը երկնքի եւ երկրի, որ ստեղծել է այս գեղեցիկ արեգակը: Ես Նրան եմ խոստովանում, Նրան եմ երկրպագում ու իմ խունկը Նրան եմ մատուցում: Ես չեմ պաշտում արեգակին ու հայրենի աստուածներին, որոնք մարդկանց ձեռքի գործեր են»:

 

Իմանալով այս մասին՝ հայրն ուրացաւ իր դստերը, իսկ կոյսը հեռանալով ամբողջովին յարեց իր քրիստոնեայ դայեակին: Մոռանալով հայրական տան փառքը՝ քաղաքից դուրս արածեցնում էր ոչխարներին եւ օրեցօր առաջադիմելով աստուածպաշտութեան մէջ՝ պատրաստւում հարսնանալ երկնաւոր Փեսային: Սակայն նա դեռեւս չէր մկրտուել, որովհետեւ դայեակը մտավախութիւն ունէր, որ հայրը չարիք կը պատճառի նրան:

 

Երբ Մարիանէն դարձաւ տասնչորս տարեկան, լսեց Քրիստոսի վկաների չարչարանքների մասին եւ ցանկացաւ չարաչարանակից լինել նրանց: Արտասւում էր՝ հոգոց հանելով ու ասելով. «Երանի՛ թէ ես եւս չարչարուէի Քրիստոսի համար, որպէսզի իմ հոգին փրկուի յաւիտենական տանջանքներից»: Եւ իր աղօթքներում յաճախակի այս էր խնդրում Աստծուց: Նայում էր իր տկար բնութեանն ու ասում Փրկչին. «Տէ՛ր, Տէ՛ր, Դու, որ ճանաչում ես մարդկային բնութիւնը, զօրացրո՛ւ ինձ ընդդէմ Քո Խաչի թշնամիների, որպէսզի յաղթեմ նրանց Քո զօրութեամբ ու փառաւորեմ Քեզ Հօր եւ Սուրբ Հոգու հետ»:

 

Այդ օրերին կայսրը Լիբիանոս եպարքոսին մեծ զօրքով ուղարկեց Անտիոքի Պիսիդէս քաղաքը՝ հրաման տալով, որ նա հալածի տեղի քրիստոնեաներին, որտեղ էլ նրանց գտնի ու նրանց արեամբ ներկի քաղաքի պարիսպը: Արդ, տեղ հասնելով՝ եպարքոսը վրան խփեց քաղաքի ծայրամասում: Եղաւ, որ նա տեսաւ Մարիանէին այլ հովիւ աղջիկների հետ, որը վերադառնում էր իր դայեակի տուն, զմայլուեց նրա գեղեցկութեամբ եւ ասաց իր ծառաներին. «Գնացէ՛ք ու բերէ՛ք այն աղջկան: Եթէ նա ազատ լինի, ես կ՚ամուսնանամ նրա հետ, իսկ եթէ ծառայ լինի, ապա կը գնեմ նրան որպէս աղախին»:

 

Երբ կոյսին բռնեցին, նա սկսեց աղօթել ու ասել. «Տէ՛ր Աստուած, ողորմի՛ր ինձ եւ կորստեան մի՛ մատնիր Քո աղախնուն: Մի՛ մատնիր ինձ անօրէնների կամքին, եւ մարմինս անշաղախ պահիր: Զօրացրո՛ւ ինձ Քո Սուրբ Հոգով եւ հաստատուն պահիր իմ յոյսը, որ ունեմ առ Քեզ, որպէսզի չմոլորուի իմ միտքը դէպի չարը եւ ճշմարտութեան թշնամու կամքով չշեղուի իմ սիրտը՝ Քեզ խոստովանելու համար: Տէ՛ր իմ, Յիսո՛ւս Քրիստոս, բարձունքներից առաքի՛ր Քո օգնականութիւնը եւ զօրացրո՛ւ ինձ: Տո՛ւր ինձ զօրութիւն եւ իմաստութիւն՝ աներկիւղ համարձակութեամբ բռնաւորին պատասխան տալու համար, քանզի ահա մատնուել եմ անօրէնների ձեռքը որպէս ոչխար գայլերի եւ որպէս թռչուն որսողների մէջ: Տէ՛ր իմ, մի՛ զրկիր ինձ Քո օգնութիւնից, որովհետեւ Դու ես իմ յոյսը եւ ապաւէնը»:

 

Երբ կոյսին տանող ծառաները տեսան, որ նա Քրիստոսին օգնութեան է կանչում, այդ մասին յայտնեցին եպարքոսի մերձաւորներին, եւ նրանք էլ իշխանին ասացին. «Արժան չէ պահել այդ աղջկան, որովհետեւ նա մեզնից չէ, այլ յոյսը դրել է իբրեւ թէ կենդանի Յիսուս Քրիստոսի վրայ, Որին հրեաները խաչեցին»: Այս լսելով՝ եպարքոսը սաստիկ տրտմեց եւ ապա հրամայեց նրան իր առջեւ բերել: Ասաց. «Ո՞ր ազգից ես, եւ ինչ է քո անունը»: Կոյսն անվեհեր պատասխանեց. «Նախ եւ առաջ իմ անունը քրիստոնեայ է, իսկ ծնողներս ինձ Մարիանէ են կոչել»: Բռնաւորը հարցրեց. «Ո՞րն է քո պաշտամունքը»: Սրբուհին պատսխանեց. «Ես պաշտում եմ երկնքի եւ երկրի Արարիչ Հօրը, կենարար Միածին Որդուն եւ Սուրբ Հոգուն, որ բնակւում է իմ մէջ»: Բռնաւորն ասաց. «Քո յոյսը Նազովրեցու վրա՞յ է»: Սրբուհին պատասխանեց. «Այո՛, ես յոյս ունեմ, որ Նա պիտի փրկի ինձ այս աշխարհի ապականութիւնից եւ քո ձեռքից»: Այնժամ բռնաւորը հրամայեց պահել նրան, իսկ ինքը մտաւ քաղաք՝ պաշտելու կուռքերին: Ապա հրամայեց ոչխարների պէս մորթել քրիստոնեաներին եւ նրանց արեամբ օծել քաղաքի պարիսպները:

 

Օրեր անց հրամայեց Մարիանէին բերել ատեանի առաջ: Նայելով կոյսի գեղեցկութեանը՝ ասաց նրան. «Խնայի՛ր քո երիտասարդութիւնը եւ գեղեցկութիւնը, որովհետեւ բարի է քեզ համար ապրել եւ ցանկալի լինել բոլորին»: Կոյսը քաջութեամբ պատասխանեց. «Գիտէ՛ իմ Տէր Աստուած, որ դու չես կարող փոխել իմ բնութիւնը եւ ո՛չ էլ կտրել իմ յոյսը, որ ունեմ առ Աստուած, որովհետեւ Նա Իր Սուրբ Հոգով զօրացրել է ինձ: Ես իմ անձը պիտի պատարագ մատուցեմ յաւիտենական Թագաւորին»: Եպարքոսն ասաց. «Եթէ չհնազանդուես ինձ, ես քեզ կը մատնեմ մեծ չարչարանքների եւ կ՚ապականեմ քո գեղեցկութիւնը, իսկ եթէ լսես ու դառնաս դէպի իմ աստուածները, ոչ միայն ազատ կը լինես բոլոր տանջանքներից, որոնց պիտի մատնեմ, այլեւ թագուհի կը դարձնեմ, եւ բոլորը քեզ երանի կը տան»: Սրբուհին ասաց. «Ես չեմ վախենում քո տանջանքներից, որովհետեւ հաստատուն է իմ յոյսը, որ ունեմ ի Քրիստոս: Ես յօժար կամքով կ՚ընդունեմ չարչարանքները, որովհետեւ եթէ մարմինս չտանջուի, հոգիս չի մտնի վերին Հարսնարան՝ երկնաւոր Թագաւորի մօտ, Ով ինձ համար Իրեն մահուան մատնեց: Ես մինչեւ մահ պատրաստ եմ կատարել Նրա կամքը եւ չեմ վախենում բոլոր փորձութիւններից, որովհետեւ Նա Իր սուրբ Խաչի նշանով պարսպել է ինձ»:

 

Այնժամ բարկացած բռնաւորը հրամայեց մերկացնել նրան, կախել մազերից եւ անխնայ հարուածել երկաթէ գաւազանով, մինչեւ որ երեւան ոսկորները: Իսկ նա, արհամարհելով տանջանքները, աչքերը յառեց երկնքին ու ասաց. «Տէ՛ր, յոյսս Քեզ վրայ դրի, թող յաւէտ ամօթով չմնամ եւ չզրկուեմ իմ յոյսից: Ես Քեզ համար յանձն եմ առնում տառապանքներ ու հարուածներ, որպէսզի ինձ քաղցր աչքով նայես ու ողորմես»: Եւ այնքան տանջեցին սրբուհուն, որ նրա բզկտուած մարմնից հոսող արիւնը ներկեց գետինը:

 

Բռնաւորի խորհրդակիցներից մէկն ասաց. «Ո՛վ Մարիանէ, հաւատա՛ աստուածներին եւ դու աւելի մեծ պարգեւներ կը գտնես, քան քո բոլոր հասակակիցները: Ես խղճում եմ քո ծաղկահասակ երիտասարդութեանը: Աւա՜ղ խայտառակութեանդ, որ մերկացած տանջւում ես, աւա՜ղ գեղեցկութեանդ, որ ապականուել է: Ափսո՛ս, որ կամենում ես անձիդ կորուստը»: Ամբոխից եւս շատ տղամարդիկ ու կանայք խղճում էին նրան եւ յորդորում հնազանդուել եպարքոսի կամքին: Իսկ երանելի Մարիանէն սաստեց նրանց եւ ասաց. «Սատանայի չար խորհրդակիցնե՛ր, ինչո՞ւ էք ինձ անմիտ խօսքեր ասում, չգիտէ՞ք, որ Աստուած իմ օգնականն է: Թէպէտ իմ մահկանացու մարմինը տանջւում է, սակայն իմ հոգին պիտի դասուի իմաստուն կոյսերի հետ: Ես հաւատում եմ կենդանի Աստծուն, հաւատում եմ, որ Նա, բացելով կեանքի դուռը, կարող է փրկել բոլոր նրանց, ովքեր Իրեն օգնութեան են կանչում: Այդ պատճառով ես չեմ լսի ձեզ եւ չեմ երկրպագի ձեր խուլ ու անզգայ աստուածներին: Իսկ դո՛ւ, անօրէ՛ն դատաւոր, իմացի՛ր, որ ես չեմ հնազանդուի քո հայր սատանային: Որքան էլ իմ մարմինը տանջուի, Քրիստոս քո ձեռքից կը փրկի իմ հոգին, իսկ դու, որ հեռու ես Աստծուց, պիտի նետուես դժոխքի խորքերը»:

 

Ապա բռնաւորի հրամանով մօտեցրին նրան կախաղանի փայտին, առասանով կապեցին լանջը, կախեցին ու սկսեցին քերել մարմինը երկաթէ ճանկաւոր քերիչներով: Առաքինի նահատակը, երկնքին նայելով, աղօթում էր Փրկչին եւ ասում. «Քրիստո՛ս, յո՛յս իմ, տո՛ւր ինձ կենդանութիւն եւ հաստատի՛ր ինձ Քո սրբութեան մէջ, որպէսզի երկնքում իմ աղօթքներն ընդունելի լինեն: Օգնութեան ուղարկիր Քո Սուրբ Հոգուն, որպէսզի անխախտ մնայ իմ կուսութիւնը, եւ թշնամին չասի, թէ յաղթեցի նրան: Հանգիստ տուր բոլոր նրանց, ովքեր իրենց յոյսը Քեզ վրայ են դրել»:

 

Անողորմ դահիճներն այնպէս էին տանջում նրան, որ տեսնողները չէին կարողանում դիմանալ, եւ անգամ դատաւորն ինքը, չկարողանալով նայել, շրջում էր իր երեսը: Ապա ասաց նրան. «Քանի որ դու չհնազանդուեցիր ինձ եւ չխնայեցիր քեզ, ողորմելի դարձար: Այժմ լսի՛ր ինձ, աղջի՛կ, երկրպագի՛ր իմ աստուածներին, այլապէս բոլորի առաջ մարմինդ սրի կը քաշեմ»: Վկայուհին պատասխանեց. «Եթէ դու հոգ տանես մարմնիս համար, ապա իմ հոգին չի ապրի, եւ եթէ ես չտանջուեմ, պսակներ չեմ ստանայ»:

 

Այնուհետեւ բռնաւորը հրամայեց դադարեցնել տանջանքները եւ երանելուն բանտ տանել: Եւ օրուայ եօթերորդ ժամին նրան տարան ու փակեցին մի խաւարտչին տեղում: Սուրբ կոյսը կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով եւ աչքերը դէպի երկինք յառած աղօթեց՝ ասելով. «Ո՛վ Տէր, անյոյսների յո՛յս, յուսացողների օգնակա՛ն, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր, որովհետեւ ես միամօր ու աղքատ եմ: Մի՛ թող ինձ, Տէ՛ր Աստուած, քանզի յոյժ տառապում եմ իմ ցաւերի մէջ, այլ դէմ յանդիման ցո՛յց տուր իմ թշնամուն, որ խօսեմ նրա հետ, որպէսզի Դու՝ Տէ՛ր, ողջերի՛ ու մեռեալների՛ Դատաւոր, դատ անես իմ եւ սատանայի միջեւ, եւ մի՛ բարկացիր ինձ վրայ, որովհետեւ ես իմ անձը Քեզ եմ ընծայել»: Մինչ աղօթում էր, յանկարծ երկիրը շարժուեց, եւ սատանան վիշապի կերպարանքով ելաւ ու կանգնեց բանտի անկիւնում: Վիշապի պարանոցին փաթաթուած էին բազմաթիւ օձեր՝ ի նշան սատանայի արբանեակ դեւերի: Որպէսզի չարը ցոյց տար իր վնասակարութիւնը, աչքերից ու բերանից կրակի կայծեր էր թափւում: Եւ այդ զարհուրելի տեսքով ու դառնահոտ շնչով վիշապը յարձակուեց սուրբ կոյս Մարիանէի վրայ: Այդ քստմնելի տեսարանից կոյսն ահաբեկուեց, ապա վերցրեց իր փոքր փայտէ խաչը եւ աղօթքով դիմեց Աստծուն: Եւ երբ վիշապը բացեց իր բերանը՝ կուլ տալու նրան, կոյսն իր ձեռքի խաչափայտով պատառոտեց վիշապի որովայնը, եւ ինքն անվնաս մնաց թշնամուց: Այնժամ մեծ լոյս ծագեց բանտում, Սուրբ Հոգին երեւաց աղաւնու նմանութեամբ, նստեց բանտի պատուհանին եւ ասաց. «Քաջալերուի՛ր, Մարիանէ, եւ ոտքդ դի՛ր վիշապի պարանոցին, որպէսզի նա իր գործած բոլոր չարիքները խոստովանի քեզ»:

 

Այնժամ սրբուհին, զօրանալով Սուրբ Հոգով, իր ոտքն ամուր դրեց թշնամու պարանոցին եւ ասաց. «Ո՛վ չար եւ թշուառական, երդուեցնում եմ քեզ Սուրբ Հոգու զօրութեամբ, ասա՛ ինձ՝ ո՞վ ես դու, եւ ո՞րն է քո գործը»: Եւ նա պատասխանեց. «Ես դեւերի առաջնորդ բելիարն եմ: Աստուած մեզ արարեց որպէս լուսեղէն հրեշտակ եւ մեծարեց բարձրագոյն փառքով, անմահութեամբ, առանց կարիքի, անձնիշխան ճոխութեամբ եւ իր կամքի մէջ պատսպարեց մեզ, բայց ես, հպարտանալով ընդդէմ Արարչի, կամեցայ խափանել Նրան տրուող փառքը եւ այն ինձ վերագրել: Եւ սաստելով՝ Նա երկնքի բարձունքներից ինձ նետեց անդունդների խորքերը: Երկնային զօրքից բոլոր նրանք, ովքեր համաձայն էին իմ կամքին, ընկան ինձ հետ եւ մարդկանց կողմից դեւեր կոչուեցին: Սակայն մեր անկումից յետոյ Արարիչը հողից ստեղծեց մարդուն, դրեց նրան փափկութեան Դրախտում եւ Ադամի ու Եւայի սերունդներին խոստացաւ երկնքից ընկած հրեշտակների տեղը լրացնել իրենցով, որը մեզ աւելի ծանր թուաց, քան թէ մեր փառքից ընկնելը: Այդ պատճառով կնոջ միջոցով մաքառեցինք Ադամի դէմ, գցեցինք նրան Աստուծոյ աչքից եւ զրկեցինք նրան անմահական վայրերից: Խաբէութեամբ նրան մահուան մատնեցինք եւ անմահ լոյսը, որի մէջ հրաւիրուած էր մարդը, փոխարինեցինք հողով: Սպանել տուեցինք նրա առաջնեկին, եղբայրը սպանեց եղբօրը, եւ այդ օրուանից մարդկանց աւելի ու աւելի յորդորեցինք չարիքներ գործել եւ արիւնն արեան հետ խառնել, մինչեւ որ Աստուած բարկացաւ եւ ամէն բան կործանեց ջրհեղեղով: Այնուհետեւ կուռքերի երկրպագութեամբ մոլորեցրինք մարդկանց: Ես եմ բոլոր չարիքների առաջնորդը բոլոր ժամանակներում: Ես եմ, որ տալիս է սպանել, պոռնկութիւն անել, գողանալ, անիրաւութիւն գործել, եւ չկայ չարիք, որ չկատարուի առանց իմ կամքի»:

 

Սատանան հակառակ իր կամքի մէկ առ մէկ յայտնեց իր գործած բոլոր չարիքները եւ ապա ասաց կոյսին. «Մարիանէ՛, ուր որ յիշատակուի քո անունը, ես այնտեղ չեմ մօտենայ, միայն թէ թուլացրո՛ւ ոտքդ իմ պարանոցից եւ արձակի՛ր ինձ, որովհետեւ սաստիկ նեղութեան մէջ եմ»: Մարիանէն դարձեալ կնքեց իրեն Խաչի նշանով, որից երկիրը ճեղքուեց, իսկ չարն անդնդասոյզ լինելով՝ մատնուեց կորստեան:

 

Յաջորդ օրը եկան, կոյսին դուրս բերեցին բանտից եւ տարան բռնաւորի առաջ, որը կոյսին ողջանդամ տեսնելով՝ սաստիկ զարմացաւ եւ սկսեց դարձեալ հրապուրել նրան՝ կուռքերին պաշտելու ու տիկնաց տիկին լինելու խոստումով: Եւ անդրդուելի տեսնելով նրան՝ դարձեալ հրամայեց քերել նրա մարմինը, այրել ջահերով ու խորովել, սակայն կոյսի աղօթքները կապեցին դահիճների ձեռքերը: Դատաւորն ասաց. «Լսի՛ր ինձ, Մարիանէ՛, երկրպագի՛ր իմ աստուածներին, որոնք խնայում են քեզ»: Սրբուհին ասաց. «Ես չեմ երկրպագի խուլ ու համր կուռքերին, այլ միայն իմ ճշմարիտ Աստծուն, Ով պահեց ինձ ու պիտի պահպանի: Աստուած իր սքանչելի փառքով կնքել է իմ հոգին ու մարմինը որպէս գանձարանում պահուող մարգարիտ»:

 

Այնժամ բռնաւորը հրամայեց ջուր եռացնել պղնձէ մեծ կաթսայի մէջ, կապել սուրբ կոյսի ձեռքերն ու ոտքերը եւ խեղդել նրան եռացող ջրում: Սպասաւորներն արեցին իրենց հրամայուածը, բայց երբ կոյսն աղօթեց Տիրոջը, որ այդ ջուրն իր համար լինի մկրտութեան ջուր, մեծ շարժում եղաւ, եւ երկնքից աղաւնի իջաւ՝ ձիթենու ճիւղը բերանին: Այնժամ արձակուեցին սրբուհու կապանքները, եւ փառաւորելով Աստծուն՝ նա ելաւ ջրի միջից: Եւ ձայն եկաւ, որն ասաց. «Ե՛կ, Մարիանէ՛, եւ հանգստացի՛ր Քրիստոսի Արքայութեան մէջ, որովհետեւ դու արժանացար անապական եւ անթառամ պսակին: Երանի՛ քեզ, որ անխախտ պահեցիր քո կուսութիւնը»: Տեսնելով այս մեծամեծ նշանները՝ մարդկանց մեծ բազմութիւն՝ շուրջ հազար հոգի, հաւատաց Աստծուն: Այս բանից եպարքոսը սաստիկ բարկացաւ եւ զօրքին հրաման տուեց նրանց բոլորին սրոյ ճարակ դարձնել, նրանց հետ սուրբ Մարիանէին եւս քաղաքից դուրս տանել ու գլխատել: Նահատակութեան ժամին Քրիստոսի վկայուհին խնդրեց Տիրոջը, որ եթէ մէկը օրերից մի օր հոգու եւ մարմնի նեղութիւնների մէջ յիշատակի իր անունը եւ հաւատքով դիմի Աստծուն, թող նրան բարձունքներից օգնութիւն հասնի: Եւ Աստուած երկնային ձայնով խոստացաւ կատարել նրա փափագը: Այդպէս մեծայաղթ վկայ սուրբ կոյս Մարիանէն, մկրտուելով իր արեամբ, բարի խոստովանութեամբ նահատակուեց ի Քրիստոս բոլոր նրանց հետ, ովքեր պսակներ ստացան իր հետ միասին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Մարիանէի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող երկրորդ երեքշաբթի օրը՝ սուրբ կոյս Փեբրոնիայի եւ սուրբ Շուշանի՝ Մեծ Վարդանի դստեր հետ:
 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 542: