Զյիշատակ վկայիցն սրբոյն մեծի Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի
Յուսով եկայք տօնեսցուք:
Ո՜վ սուրբ վկայ Քրիստոսի՝ քաղցրաբարբառդ Մինաս՝
Արագահաս օգնական յուսով զքեզ խնդրողացս:
Ի տաճարի հանգստեան՝ սրբոյն մեծին Մինասայ՝
Եկայք հաւատացեալք յուսով երկրպագեսցուք:
(Շարակնոց)
Քրիստոսի սքանչելագործ եւ մեծ վկայ Մինասն արագահաս օգնական համարուող մեծամեծ սուրբերից մէկն էր: Ազգութեամբ, ծննդեամբ եւ կրթութեամբ աթենացի էր: Բայց քանի որ իշխան եղաւ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում եւ այնտեղ էլ նահատակուեց, այդ պատճառով Ալեքսանդրիայի Աթանաս Մեծ հայրապետը՝ Անտոն Մեծի վարքագիրը, գրեց նաեւ Մինասի վկայաբանութիւնը, որը կայ մեր հին «Ճառընտիր»-ներում, որը եւ [կը ներկայացնենք] ստորեւ:
Սուրբ Աթանասն իր առաջաբանում նախ այսպէս է յիշատակագրում. «Ես՝ Ալեքսանդրիայի եկեղեցու ողորմելի Աթանասիոս եպիսկոպոսս, որին արժանացայ Քրիստոսի շնորհով, Աստուծոյ ընդհանրական եկեղեցիներին ըստ կարգի պատմում եմ այստեղ կատարուածների՝ Քրիստոսի համար վկայած մեծանուն եւ երիցս երանելի այրերի մասին իմ արագագիր ընկերոջ ձեռքով շարադրուած պատմութիւնը, որտեղ մինչեւ այժմ տեսանելի է նրանց արեան ցայտումը, որն անուշահոտ բուրմունքով է համակում բոլորին: Եւ ոչ միայն, հիւանդութեան ախտի մէջ ընկած իւրաքանչիւր մարդ, որը համբուրում է սուրբերի նշխարները, իսկոյն բժշկութեան է արժանանում»:
Արդ, Տիրոջ մօտ 300 թուականին Ալեքսանդրիա քաղաքի նշանաւոր մարդկանց [ինչ որ] պատճառով մեծ խռովութիւն ընկաւ: Շատ անգամներ ինքնակալ Մաքսիմիանոսը հրովարտակներով օրէնքներ եւ հրամաններ արձակեց՝ այդ իրադարձութիւնների հետ կապուած, սակայն [չկարողացաւ խաղաղութիւն հաստատել]: Ապա Մաքսիմիանոսն ուղարկեց Մինաս անունով մի իմաստուն եւ հանճարեղ մարդու, որը հմուտ ճարտասան էր, որպէսզի այդ դժուար դատաստանը նրա միջոցով լուծում գտնէր: Երբ Մինասը հասաւ Ալեքսանդրիա, պատշաճ աւարտին հասցրեց գործը եւ հարթելով իրադարձութիւնների ընթացքը՝ տեղեկացրեց Մաքսիմիանոս թագաւորին, թէ ինչպէս աւարտուեցին դէպքերը: Եւ թագաւորն ուրախացաւ ու նրան նշանակեց արքունի իշխան եւ վերակացու:
Մինասը խորապէս հաւատում էր Քրիստոսին, բայց չէր յայտնում իր քրիստոնեայ լինելը, սակայն մէկ տարի մնալով քաղաքում՝ կամաց ի յայտ բերեց իր հաւատքը՝ շրջելով եւ այցելելով հիւանդներին: Ձեռք դնելով եւ Քրիստոսի նշանով նա փարատում էր հիւանդութիւնների չար ախտերը եւ բժշկում շատ անդամալոյծների: Առիթի դէպքում թէ՛ յայտնապէս եւ թէ՛ ծածուկ փշրում էր կուռքերի քանդակները, մինչեւ որ ի յայտ եկաւ նրա կատարեալ աստուածպաշտութիւնը եւ հրաշագործ զօրութիւնը, որոնք պարգեւուեցին նրան Տիրոջ կողմից:
Այնժամ կռապաշտների կատաղած քուրմը նամակ գրեց թագաւորին եւ ծանր-ծանր ամբաստանութեամբ տեղեկացրեց նրան Մինասի գործերի մասին: Երբ Մաքսիմիանոսն ընթերցեց նամակը, լցուեց բարկութեամբ եւ այլ հնար չգտնելով՝ որոշեց իր պատուական պաշտօնեաներից մէկին ուղարկել նրա մօտ որպէս վերակացու, եւ երբ այս որոշումը հաճելի եղաւ խորհրդակիցներին, ուղարկեց Երմոգինէս անունով փառաւոր ու փորձառու եպարքոսին: Սա եւս աթենացի էր՝ ճարտարամիտ, իմաստուն, արդարակորով, ողորմած եւ արթուն մի այր: Ճանապարհ ընկնելով Բիւզանդիայի կողմերը՝ նա նաւարկեց դէպի Ալեքսանդրիա եւ գիշերային անուրջի մէջ տեսաւ երեք ճառագայթատես մարդկանց, որոնք ասացին իրեն. «Գնա՛ եւ ճանաչի՛ր ճշմարիտ Թագաւորի ճշմարտութիւնը, որպէսզի Նա քեզ Իր ընծայաբերը դարձնի: Փառաւոր պատուի շնորհիւ, որ տրուեց քեզ, շատերին դու պիտի դարձի բերես»: Արթնանալով Երմոգինէսը կարծեց, թէ տեսիլքը երկրաւոր թագաւորների մասին է, եւ խիստ հրաման տալով՝ շտապեցրեց իւրայիններին ծովով ու ցամաքով իսկոյն տեղ հասնել եւ կատարել թագաւորի հրամանը՝ տագնապ ու շփոթմունք առաջացնելով այն բոլոր վայրերում, որոնցով անցնում էր:
Երբ եպարքոսի գալստեան լուրը հասաւ Ալեքսանդրիա, ողջ ամբոխը թմբուկներով, փողերով եւ լապտերներով դուրս եկաւ քաղաքից՝ դիմաւորելու նրան: Քաղաք մտնելով՝ նա գնաց ապարանք եւ երեկոյեան առանձնացաւ: Այնժամ իմաստուն Մինասը եկաւ, խնդրեց դռնապանին, եւ մինչ Երմոգինէսն այնտեղ էր, ներս մտաւ: Նրա առջեւ խոնարհեց իր գլուխը, ընծայեց պատշաճ պատիւը եւ ասաց. «Ո՛վ դատաւոր, որպէս հայրենակից մտերմաբար դիմում եմ քեզ. ո՞րն է եղել քո այստեղ գալու պատճառը»: Եւ նա, շրջելով իր երեսը, ասաց. «Հմտօրէն մտերմիկ եւ ողոքիչ խօսքեր ես ասում: Համբերի՛ր մինչեւ վաղը, եւ քիչ յետոյ քո դէմ վճիռ կը սահմանուի, որով հրապարակի ատեանի առաջ դաժան տանջանքներ են սպասում քեզ»: Ապա պատուիրեց պահապաններին հսկել նրան:
Առաւօտեան քաղաքում ազդարարում եւ հրաւիրում էին քաղաքի բազմութեանը՝ գալ եւ միասին քննելով դատել Մինասի գործը: Եւ ժողովուրդը գալիս էր քամուց բերուած մանր աւազի նման: Երմոգինէսը հրամայեց առաջ բերել Քրիստոսի զինուորին: Հարցրեց. «Ինչո՞ւ է թագաւորը լսել քո մասին, թէ ընդունել ես քրիստոնէութիւնը եւ թշնամացել աստուածների հանդէպ»: Այնժամ Մինասը, կանգնելով դատաւորի առաջ ոչ թէ որպէս դատապարտեալ, այլ որպէս դատապարտող, համարձակ մէջտեղ բերեց ճշմարտութիւնն ու արդարութիւնը եւ ձեռքերը տարածելով ու քաղցր խօսքերով՝ երրորդ ժամից մինչեւ եօթերորդ ժամը քարոզեց աստուածպաշտութեան խորհուրդը, ըստ կարգի՝ պատմեց Քրիստոսի մարդկանց մօտ գալուստը եւ ցրելով հակառակորդների խորհուրդները՝ ունայնացրեց կուռքերի մոլորութիւնը: Մինչեւ իսկ ամբոխն աղաղակեց. «Մէկն է Աստուած՝ մեծը եւ հզօրը, որը մեզ քարոզեց քաղցրախօս Մինասը: Բոլորս հաւատում ենք նրա ասածներին»: Երբ դատաւորը տեսաւ, որ ժողովրդի մեծ մասը դարձաւ դէպի Մինասը, այդ օրն արձակեց ամբոխին: Յաջորդ օրը կանչեց Մինասին, կանգնեցրեց ատեանի առաջ եւ սկսեց ողոքիչ խօսքերով ու սպառնալիքներով փորձել նրան, որպէսզի ուրանա Քրիստոսին, սակայն երեք անգամ առաւել հակադարձ խօսքերով յանդիմանուելով նրա կողմից, որոշեց անխնայ տանջել: Հրամայեց կտրել նրա ոտքերի ներբանները, փորել աչքերը, լեզուն կտրել արմատից, իսկ մարմինը պահել, որպէսզի յաջորդ օրը նետէին գիշակեր թռչունների առաջ, ու անդամներից որեւէ մէկը չգտնուէր:
Եւ ահա այդ գիշեր, մինչ երանելին մեռելի պէս գտնւում էր բանտում, երրորդ ժամին յանկարծակի փայլակի պէս լոյս ծագեց նրա վրայ: Իջաւ մարդասէր Քրիստոս, կանգնեցրեց Իր զինուոր Մինասին, ամբողջովին առողջացրեց ու զուարթացրեց, փչեց նրա վրայ կենդանարար Հոգին եւ քաջալերելով ասաց. «Ես եմ, որը Է: Ես մերձ եմ եւ մօտ կը լինեմ քեզ յաւիտեան: Երմոգինէս դատաւորին, որին քեզ թշնամի ես համարում, քեզ սիրելի կը դարձնեմ, որովհետեւ նա զղջաց այն չարիքների համար, որ պատճառեց քեզ անգիտութեամբ: Ես յիշեցի նրա գութը տնանկների հանդէպ, եւ որ Իմ առաջ գործում էր Ինձ հաճելին, ուստի նահատակութեան մրցահանդէսում նրան կը կարգեմ որպէս քո ուղեկիցը: Այսուհետեւ քաջալերուի՛ր, որովհետեւ նրա կողմից չես առնելու տանջանքների փորձութիւնը, եւ ձեր անունները գրուած են Կեանքի Գրքում»:
Երմոգինէս դատաւորն այդ գիշեր տրտմութիւնից քուն չմտաւ, որովհետեւ սիրում էր Մինասին: Արթնութեան մէջ մտածում էր, թէ ինչ արեց սուրբ վկայի հետ, լալիս էր դառնապէս եւ ասում. «Զուր այդպէս վարուեցի այդ արդարի հետ»: Եւ այդպէս արտասուեց մինչեւ առաւօտ, որովհետեւ նրան մեռած էր կարծում: Եւ ինքն իրեն ասում էր. «Թէպէտ բարկութեամբ սպանեցի այդպիսի մարդուն, գոնէ նրա պատուական մարմինը կը դնեմ հրապարակում, լաց կը լինեմ նրա վրայ ու կը հրամայեմ թաղել մի նշանաւոր վայրում, որպէսզի փոքր-ինչ փարատուի իմ տրտմութիւնը»: Այնժամ նրա հրամանով քաղաքում յայտարարեցին հավաքի մասին, եւ ժողովրդի մեծ բազմութիւն հաւաքուեց, որ հրապարակում տեղ չգտնուեց: Դատաւորը նստեց եւ իր սպասաւորներից հինգին ուղարկեց՝ բերելու սուրբի մարմինը: Եւ երբ գնացին, Մինասին առաւել ողջանդամ, զուարթ ու պայծառ տեսան, քան երէկ կամ նախորդ օրը, տեսան նաեւ Աստուծոյ հրեշտակներին, որ կային նրա առաջ: Եւ մարդիկ, ընկնելով սուրբի ոտքերը, հաւատացին Տիրոջը ու չկամեցան հեռանալ բանտից:
Եւ երբ սրանք ուշացան, ուղարկեցին այլ սպասաւորների, որոնք գալով տեսան հրեշտակներին եւ ընկան նրանց առաջ: Ապա խնդրեցին սուրբին գալ հրապարակ, որ բոլորն իրեն կենդանի տեսնեն, որին դատաւորը կամենում էր բերել որպէս մեռեալ: Այնժամ երանելի Մինասն առաջ անցաւ ամուր ոտքերով: Նրա աչքերն աւելի սրատես էին, քան առաջ, իսկ լեզուն առաւել ճարտար էր խօսում: Մօտենալով դատաւորին՝ համբուրեց նրան եւ ասաց. «Ուրա՛խ եղիր, երանելի՛ եւ փառաւորեա՛լ բարեգործ, ընդունի՛ր ինձ եւ ճանաչի՛ր իմ Քրիստոս Աստուծոյ զօրութիւնը: Դեռեւս երէկ դու՝ որպէս յափշտակող գայլ, սկսեցիր անդամահատել ինձ, սակայն իմ Տէրը գալով նորոգեց ինձ: Նա կամենում է քեզ Իր բարեկամը դարձնել: Երէկ դու բզկտեցիր իմ ոտքերը, եւ այժմ տե՛ս, որ աւելի հաստատուն եմ քայլում: Երէկ դու փորեցիր իմ աչքերը, սակայն այսօր աւելի յստակ եմ տեսնում: Երէկ դու արմատից կտրեցիր լեզուս, բայց ես այսօր աւելի վարժ եմ խօսում: Ճանաչի՛ր Նրան, Ով կամենում է ընդունել քեզ, որովհետեւ պէտք է ընդունես աստուածպաշտութիւնը եւ առաքինութեան մրցապայքարը»:
Երբ Մեծ Մինասը լռեց, այնժամ ամբոխն աղաղակեց. «Խօսի՛ր, իմաստասէ՛րդ, խօսի՛ր, դու, որ երէկ սրով խողխողուեցիր, այսօր գերազանցապէս խօսում ես Քրիստոսի զօրութեամբ: Մենք ընդունում ենք ճշմարիտ Աստծուն՝ քո կողմից քարոզուած Քրիստոսին»: Եւ երանելին, բացելով իր բերանը, յայտնեց նրանց կենաց խօսքը, իսկ ժողովրդի բազմութիւնը, որ լուսաւորուել էր սուրբ վկայի վարդապետութիւնից, ինը ժամ մնաց կանգնած ու չէր կամենում հեռանալ: Այդ տեղում դատաւորը, նրա իշխանաւորներն ու ժողովուրդը տեսան ճառագայթատես երկու հրեշտակների, որոնք իրենց պաճուճազարդ թեւերով հովանի էին Մինասին: Ահով համակուած դատաւորը մտածեց. «Քաղցրախօս Մինասը ստուգապէս ճշմարիտ Աստծուն է քարոզում: Բարի է հաւատալ Քրիստոսին եւ փրկուել: Ես Նրան Աստուած եմ խոստովանում, Ով այսպիսի ընծայաբերներ է ուղարկում՝ Իր սիրելիներին սպասաւորելու համար: Մինչ այժմ զուր եմ ջանացել՝ կուռքերին աստուածներ կարծելով ու խաբէութիւնը ճշմարտութիւն համարելով: Այժմ ընկնում եմ իմ բարի եւ սուրբ քաղաքակցի առաջ, որպէսզի նրա միջոցով հասնեմ ճշմարիտ ճանապարհին»: Եւ իսկոյն վեր կենալով՝ գնաց դէպի սուրբ վկան, սակայն չհամարձակուեց մօտենալ, որովհետեւ հրեշտակները մօտ էին նրան, ապա փոքր-ինչ հեռանալով՝ դարձեալ մօտեցաւ: Իսկ ամբոխն աղաղակեց. «Համբերի՛ր, դատաւո՛ր, մի՛ գնա, մինչեւ ճանաչենք այդ իմաստասէրի ճշմարտութիւնը»:
Այնժամ աստուածասէր դատաւորը խոնարհեց իր գլուխը սուրբի առաջ եւ համբուրեց նրան: Բռնեց սուրբի ձեռքից, ամբոխից դուրս բերեց եւ ասաց նրան. «Աղաչում եմ Աստուծոյ սուրբիդ, հոգեւոր քնարիդ, քաղցրախօս վկայիդ, բարի առաջնորդիդ, ալէկոծեալների նաւահանգստիդ, ճշմարտութեան լոյսիդ, աղօթի՛ր ինձ համար, որովհետեւ ես այսօր հրաշալի նշան տեսայ: Ես հաւատում եմ քո Աստծուն, Ում դու քարոզում ես, սակայն վարանում եմ, գուցէ Քրիստոս չընդունի ինձ՝ նախկինում կուռքերին պաշտելու համար»: Սուրբ Մինասն ասաց. «Մի՛ վախեցիր, այլ միայն հաւատա՛ յօժարութեամբ, որովհետեւ Աստուած մարդասէր, անյիշաչար եւ ողորմած է: Աստուած նաեւ ինձ յայտնեց ճշմարտութիւնը քո հաւատի մասին, եւ Նա քո անունը գրել է Կեանքի Գրքում»:
Եւ միմեանց ողջագուրուելուց յետոյ դատաւորը հրամայեց արձակել ամբոխին եւ պատուիրեց հաւաքուել յաջորդ օրը: Դատաւորն ու սուրբ վկան առանձին մնացին ապարանքում, եւ երանելին ողջ գիշերը մինչեւ առաւօտ մեկնեց նրան քրիստոնէական հաւատքը: Առաւօտեան յայտարարեցին, եւ քաղաքի բազմութիւնը հաւաքուեց: Լսելով կատարուած հրաշքների մասին՝ եկան նաեւ տասներեք եպիսկոպոսներ, որ կային Ալեքսանդրիայի սահմաններում: Գալիս էին նաեւ հեթանոսներից շատերը՝ լսելով փրկագործութեան մասին, որը սուրբ վկան մեկնում էր նրանց: Այնժամ Երմոգինէս դատաւորը վեր կացաւ եւ սուրբ Մինասին բարձրագոչ ասաց. «Լիովին իմաստութեամբ դատեցիր եւ սովորեցրիր Քրիստոսի հաւատը, ո՛վ ամենաբարի իմաստասէրդ»: Միաբան աղաղակեց նաեւ ամբոխը՝ ասելով. «Մե՛ծ է քրիստոնեաների Աստուածը, որ Սուրբ Հոգին նաեւ բարեպաշտ դատաւորիդ եւ տնանկների ապաւէնիդ ձգեց դէպի ճշմարիտ գիտութիւնը եւ ի Քրիստոս ամուր հաւատքը»:
Այնժամ երանելի Մինասն իր բարեվայելուչ արագագիր դպրապետին՝ Գրափոսին, ուղարկեց ջուր բերելու: Վերցնելով ջուրը՝ նա մատուցեց սուրբ եւ աստուածասէր եպիսկոպոսներին, իսկ դատաւորը, նրանց առջեւ խոնարհելով իր գլուխը, խնդրեց մկրտել իրեն: Եւ նրանք Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով ջուրը հեղեցին երանելի Երմոգինէսի վրայ, եւ այդպէս Քրիստոսի շնորհով ու սուրբի աղօթքներով նա ընդունեց վերստին ծննդեան մկրտութիւնը՝ մեղքերի թողութեան եւ յաւիտենական կեանքի յարութեան համար: Օրեր անց Երմոգինէսը ձեռնադրուեց տասներեք եպիսկոպոսների կողմից եւ ընդունեց եպիսկոպոսութեան պատիւը: Վեցերորդ օրը նա իր ամբողջ ունեցուածքը բաշխեց աղքատներին, իր օրինակով հեթանոսներին սովորեցրեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի ճշմարիտ հաւատքը եւ սուրբ Մինասի ու Գրափոսի գործակցութեամբ դարձի բերեց շատերին՝ օրէցօր մկրտելով հարիւրաւոր եւ հազարաւոր անձանց: Բժշկում էր պիղծ դեւերից չարչարուողներին, աւիրում կուռքերի բագինները եւ Քրիստոսի շնորհով հաւաքում հալածանքներից ցրուած հօտը:
Ժողովրդից Ռուստիկոս անունով անօրէն մէկն այս ամէնը գնաց ու պատմեց Մաքսիմիանոս թագաւորին՝ ասելով. «Ալեքսանդրիայի դատաւորն ու սինկղիտոսը քրիստոնեաներ դարձան, եւ ամբողջ քաղաքն ու արեւելեան բոլոր շրջանները երկրպագեցին Խաչեալին: Այրեցին նաեւ բարեյաղթ աստուածների գեղեցիկ տաճարը: Եթէ ձերդ ինքնակալութիւնը չժամանի այստեղ, նրանք ոչ միայն արեւելեան կողմերի, այլեւ ամբողջ հռոմէական երկրի իշխանութիւնը կը դարձնեն դէպի իրենց»:
Այս լսելով՝ Մաքսիմիանոս թագաւորն անասելի բարկացաւ եւ վերցնելով տասը հազար զօրաւարների՝ գնաց Եգիպտոս: Բռնեց երանելի Երմոգինէս եպիսկոպոսին, Քրիստոսի զինուոր Մինասին, մերկացրած կանգնեցրեց հրապարակում եւ սաստելով ասաց նրանց. «Ի՞նչ եղաւ քեզ, Երմոգինէ՛ս, մի՞թէ բոլորին չտուի քեզ որպէս օգնական, մի՞թէ քո ձեռքը չտուի ամբողջ իշխանութիւնը ծովի եւ ցամաքի վրայ ու չնշանակեցի իմ բոլոր իշխանների եւ դատաւորների վրայ: Ես քեզ ուղարկեցի՝ երբեմնի երեւելի ու պատուական Մինասին մոլորութիւնից յետ դարձնելու համար, բայց այժմ մոլորուած լինելով՝ նա է խրատում եւ հեռացնում քեզ մեր աստուածների պաշտամունքից: Ի՞նչ պատահեց, որ համախոհ եղար նրա ունայնութեանը, կորցրիր երեւելի առաջնորդութիւնդ եւ նմանուեցիր հրապարակի ծաղրածուներին»: Մինչ սուրբ Երմոգինէս եպիսկոպոսը պատրաստւում էր պատասխանել թագաւորին, ահա երկու հրեշտակներ, որ երեւացել էին նրան Մինասի շուրջը, այժմ եւս երեւացին որպէս լոյսի փայլակ: Նրանք հովանի էին Քրիստոսի վկաներին ու ասում էին նրանց. «Քաջալերուէ՛ք, որովհետեւ ուղարկուել ենք՝ ձեզ օգնական լինելու համար»:
Այնժամ երիցս երանելի եպիսկոպոսը պատասխանեց թագաւորին՝ ասելով. «Ինքնակա՛լ թագաւոր, եթէ կամենում ես իմանալ, թէ ինչու այդպէս արեցի, վկայ է այս ժողովուրդը, եւ ես, իրողութիւններն աչքիդ առաջ բերելով, կը պատմեմ կատարուածները: Արդ, ինչպէս որ քո ինքնակալ թագաւորութիւնը խիստ պատուիրանով վրայ հասաւ մեզ՝ թափելու քո բարկութիւնը, այդպէս էլ ես, աւելի խիստ մոլեգնած սպառնալիքներով եւ զարհուրանքներով, գալիս էի արդարեւ երանելի այս մարդու մօտ, որը կը խոստովանի նաեւ այս բազմութիւնը: Ես տեսնում էի այս մարդուն որպէս կատարեալ քրիստոնեայ եւ շտապում էի կատարել քո պահանջած հրամանը: Դրա համար կտրեցի նրա ոտքերը, փորեցի աչքերը, լեզուն արմատախիլ արեցի եւ կամեցայ յաջորդ օրը մարմինը գցել երկնքի թռչունների եւ կատաղած շների առաջ, բայց ահա միւս օրը նրան գտայ առաւել բարետես, քան նախկինում: Տեսնելով այս հրաշալիքները՝ ո՞վ կը երկմտի խոստովանել երկնաւոր Աստծուն, Ով այսպիսի սքանչելիքներ է գործում: Իսկ այժմ ինչ որ պատրաստւում ես անել, արա՛ իսկոյն: Եւ քանի որ չես կարող յիշել տանջարանների մասին, կը յիշեցնեմ քեզ. գցի՛ր մեզ գազանների առաջ կամ ծովի խորքերը, սրով խողխողի՛ր, մատնի՛ր կրակին, մասնատի՛ր, ինչպէս որ ես արեցի իմ լուսաւորչին՝ Մինասին, որը լուսաւորեց իմ խաւար միտքը եւ ճշմարիտ գիտութեամբ պայծառացրեց ինձ»:
Այնժամ բարկացած թագաւորն ինքը տէգով խոցեց երանելի Երմոգինէսի որովայնը եւ ձեռքերն ուսից, իսկ ոտքերը ծնկներից կտրել տուեց: Ապա հրամայեց նրան իր մասնատուած անդամներով մօտակայ գետը նետել, իսկ սուրբ Մինասի համար հրամայեց, նրա ոտքերից ծանր քար կապելով՝ կախել խաւարտչին բանտում ու պատուիրեց ոչ ոքի թոյլ չտալ գնալ նրա մօտ:
Եւ բարկանալով քաղաքացիների վրայ՝ թագաւորն ինքն անպէտք համարեց քաղաքը թէ՛ անպատւութեամբ ու ազատութիւնից զրկելով եւ թէ՛ աւերածութեամբ ապականութեան տանելով: Եւ անօրէն Մաքսիմիանոսն ասում էր. «Ո՞ւր է Գալիեացու զօրութիւնը: Ահաւասիկ Երմոգինէսն անարգուելով գետընկեց եղաւ, իսկ Մինասը շների առաջ նետուեց: Եւ դուք անպատիւ եղաք, որովհետեւ հաւատացիք նրանց: Ձեր քաղաքն անպէտք քաղաք կը լինի»: Եւ թագաւորի հրամանի պատճառով ժողովուրդը մեծապէս ողբաց:
Իսկ այդ գիշեր Աստուծոյ հրեշտակները գետից հաւաքելով կցեցին երիցս երանելի Երմոգինէսի մարմնի անդամները, նրա հետ եկան բանտ, ուր կախուած էր Մինասը եւ իջեցրին նրան կախաղանից: Երկուսին կենդանացնելով՝ հրեշտակները քաջալերում էին նրանց՝ գործի մէջ առաւել պատրաստակամ լինելու համար, մինչեւ առաւօտ խօսակցելով նրանց հետ՝ զօրացնում էին նրանց եւ ասում. «Քաջալերուէ՛ք, որովհետեւ աներեւոյթ ձեզ հետ ենք: Մի՛ համարէք, թէ կը հեռանանք ձեզնից եւ մի՛ զարհուրէք»:
Առաւօտեան, մինչ թագաւորը կարծում էր, թէ պատժել է ալեքսանդրացիներին, երանելի վկաները եկան կանգնեցին Մաքսիմիանոսի առաջ եւ միաբան ասացին. «Ո՛վ թագաւոր, թող լռեն քո խօսքերը: Մենք զինուորագրուել ենք Քրիստոս անապական Թագաւորին եւ չենք հնազանդւում ապականացու թագաւորութեանդ, որ հակառակ է Աստծուն, որովհետեւ ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ գազանների ժանիքները եւ ոչ մի այլ տանջանք չեն կարող հեռացնել մեզ Քրիստոսի սիրուց: Այսուհետեւ ինչ պիտի անես, արա՛ իսկոյն, որովհետեւ շտապում ենք հասնել մեր յաւիտենական Քրիստոս Թագաւորին»: Այնժամ սուրբ Մինասի արագագիր դպիր Գրափոսը Մաքսիմիանոսին ասաց. «Ո՛վ թագաւոր, ի՞նչ շահ ունեցար մեզ մօտ գալով: Ահա ինչի համար որ եկար, ոչինչ չկարողացար անել, եկար մեզ վրայ՝ առիւծի պէս մռնչալով, բայց նկուն աղուէս դարձար: Եւ քանի որ չկարողացար գործդ աւարտին հասցնել, թողեցիր յանդգնութիւնդ եւ թեթեւացար քո ունայն խորհուրդներից: Այսուհետեւ պէտք է, որ դու տրտմես, իսկ մենք միշտ ուրախ լինենք»: Իսկ նա, բարկանալով այս պատասխանից, իր ձեռքով սրի քաշեց սուրբ Գրափոսին եւ հրամայեց սրով սպանել միւս երկուսին եւս: Երանելի Մինասը խնդրեց նրան իր մարմինը թաղել Բիւզանդիոն քաղաքում, սակայն Մաքսիմիանոսը չկամեցաւ կատարել նրա խնդրանքը, այլ նրան գլխատելուց յետոյ հրամայեց դնել նրան երկաթէ տապանի մէջ եւ գցել ծովը, իսկ ինքն, ամօթահար եղած, գնաց Բիւզանդիոն:
Եւ ահա քսան օր անց՝ կիրակի օրը տապանը մտաւ Բիւզանդիոն: Սկզբում գիշերուայ կէսին տապանը երեւաց Քաղկեդոնի արեւելեան կողմի ծովափին: Ջահերով երկու հրեշտակներ կային սուրբի նշխարների մօտ, իսկ տապանի վրայ լուսեղէն ամպի սիւն էր իջած: Հրեշտակները քաղաքի եպիսկոպոսին յայտնեցին սուրբերի գալստեան մասին եւ յորդորեցին անմիջապէս հաւաքել նրանց նշխարները: Իսկոյն ժողովելով քահանաներին ու հաւատացեալ եւ առաքինի այրերին՝ եպիսկոպոսը գնաց այնտեղ, ուր երեւում էր լոյսը: Եկան, կանգնեցին ծովափին, եւ բոլորը տեսան Աստուծոյ հրեշտակներին, որոնք բերելով տապանը՝ տուեցին եպիսկոպոսին ու քահանաներին, պատուիրեցին նրանց, թէ ինչ կերպով ու ինչպէս պէտք է պահել սուրբերի նշխարները եւ աներեւոյթ եղան: Եւ նրանք, վերցնելով տապանը, պահեցին եկեղեցու շտեմարանների մի ծածուկ տեղում՝ մինչեւ Մաքսիմիանոսի վախճանը, որը երկու տարի յետոյ, տանջուելով հրեշտակի աներեւոյթ սրից, մեծ տագնապով տուեց իր հոգին:
Այնժամ պատուական գանձը դրեցին Բիւզանդիայի ծովափին գտնուող մի երեւացող տեղում՝ որպէս քաղաքի ու ամբողջ աշխարհի ամուր աշտարակ եւ առաջամարտիկ՝ լինելու բժշկութիւն հիւանդների, թողութիւն մեղաւորների, զօրաւոր գաւազան ճանապարհորդների, խաղաղ նաւահանգիստ նաւորդների եւ բոլոր վտանգներից փրկութեան դեղ բոլորի համար: Սուրբ վկաները նահատակուեցին դեկտեմբերի տասին՝ ի Յիսուս Քրիստոս, ի Տէր մէր, Որին փառք յաւիտեանս. ամէն: Սուրբ Աթանասը նրանց նահատակութեան տարեթիւը որոշակի չի նշում, սակայն ելնելով պատմութեան հանգամանքներից՝ այն ընկնում է Տիրոջ 300 եւ 310 թուականների միջեւ:
ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍԻ ՍՔԱՆՉԵԼԻՔՆԵՐԸ
Կոստանդիանոս Մեծի օրերին, երբ երկիրը ծաղկում էր աստուածպաշտութեամբ, եւ քրիստոնէութիւնը համարձակութիւն ունէր բոլոր տեղերում, ալեքսանդրացիներն Ալեքսանդրիայում՝ ծովեզերքի մօտ, սուրբ Մինասի անունով հոյեակապ տաճար շինեցին ու սուրբի նշխարները դրեցին այնտեղ: Եւ Տէրը տաճարից կամ սուրբ Մինասի տապանից սկսեց տեսակ-տեսակ զօրութիւններ գործել:
Այդ ժամանակներում կար խիստ մեծահարուստ մի մարդ, որը վաճառականութեան համար իսաւրացիների երկրից Ալեքսանդրիա էր եկել: Եւ այնտեղ լսելով բոլոր սքանչելագործութիւնների ու բժշկութիւնների մասին, որոնք կատարւում էին սուրբ Մինասի միջոցով, «կամեցայ, - ասաց, - որ ես եւս գնամ ու աղօթեմ սուրբ Մինասի տաճարում, երկրպագեմ նրա սուրբ նշխարներին եւ իմ ունեցուածքից փոքր-ինչ նիւրագործութիւն անեմ, որպէսզի սուրբի բարեխօսութեամբ Աստուած ինձ օգնական լինի»:
Ապա ելնելով՝ վերցրեց իր ոսկու քսակը, նաւով անցաւ ծովի միջով եւ հասաւ Լոքսոնետա կոչուած վայրը: Մտաւ մի պանդոկ եւ պանդոկապանին ասաց. «Ընկե՛ր, ողորմի՛ր եւ ընդունի՛ր ինձ քո տան մէջ, որովհետեւ երեկոն իջնում է, եւ ես չեմ համարձակւում միայնակ ճանապարհ գնալ»: Պանդոկապանն ասաց. «Մնա՛, եղբա՛յր, մինչեւ առաւօտ»: Եւ նրա առաջ սեղան գցեց: Երբ վաճառականը ննջեց, պանդոկապետը տեսաւ նրա քսակը: Այնժամ սատանան, որը միշտ մարտնչում է մարդկանց հետ, մտաւ նրա սիրտը: Պանդոկապանը վեր կացաւ, առաւ սուրը, սպանեց նրան, վերցրեց նրա գանձերով լի քսակը եւ իր մտքում ասաց. «Ի՞նչ անեմ սրա մարմինը: Գուցէ մէկը տեսնի, եւ ինձ վտանգ հասնի: Այժմ կը մասնատեմ նրա անդամները, կը լցնեմ կողովի մէջ ու կը նետեմ ծովը»: Եւ կտոր-կտոր արեց նրան, լցրեց կողովը, որպէսզի յարմար ժամին նետի ծովի խորքերը, սակայն երբ լուսացաւ, վախեցաւ անել, ինչ կամենում էր: Ապա վերցրեց վաճառականի գլուխը եւ անհետացնելու համար կամեցաւ մաս-մաս անել: Եւ ահա սուրբ Մինասը, ձիու վրայ նստած եւ ասես թէ թագաւորի կողմից ուղարկուած, վրայ հասաւ բազմաթիւ մարդկանցով: Այս տեսնելով՝ պանդոկապանը շտապեց գլուխն ու այլ մասունքները կախել պանդոկի մէջ եւ վախից չհասկացաւ, թէ ինչ արեց: Իսկ սուրբ Մինասը, բացելով տան դուռը, բռնեց պանդոկապանին եւ ասաց. «Ասա՛ ինձ ճշմարիտը, ո՞ւր է այն մարդը, որն օթեւանեց քեզ մօտ»: Նա ուրացաւ եւ ասաց. «Ոչ ոք չի օթեւանել այստեղ»: Սուրբն ասաց. «Եթէ չես կամենում խոստովանել այդ մարդու մասին, ապա ես կը գտնեմ նրան»: Եւ իսկոյն սուրբը, վերցնելով կողովը, նրա մէջ գտաւ գլուխն ու անդամները: Այնժամ պանդոկապանն սկսեց աղաչել նրան եւ մեղա՜յ գոչել, «Խոստովանում եմ իմ յանցանքները, քանզի, - ասաց, - քեզ վրայ Աստուծոյ շնորհներ եմ տեսնում: Երբ տեսայ այդ մարդու քսակը, եղկելոյս սիրտը լցուեց յիմարութեամբ եւ վեր կենալով՝ սպանեցի նրան: Ահա, տէ՛ր իմ, նրա գանձերով լի քսակը եւ իմ գանձերից էլ հարիւր դահեկան կը տամ քեզ, միայն թէ ազատի՛ր ինձ մահապատժից»:
Սուրբը պատասխանեց նրան եւ ասաց. «Դու զղջացիր, եւ ես ներում եմ քո յանցանքները»: Եւ նա ասաց. «Տէ՛ր իմ, ինչպէս հրամայես, այնպէս էլ կ՚անեմ: Եթէ փրկուեմ թագաւորի ձեռքից, ապա կը գնամ սուրբ Մինասի տաճար, կ՚ապաշխարեմ եւ կ՚առնեմ կրօնաւորի սքեմը»: Երբ սուրբը տեսաւ նրա զղջումը, ասաց նրան. «Հանի՛ր կողովի միջինը, որում այն մարդու անդամներն են, որպէսզի Քրիստոսի փառքը յայտնի դառնայ Իր սուրբերի մէջ»: Սուրբ Մինասը ծնրադրելով երկար աղօթեց եւ ապա սպանուածին ասաց. «Քեզ եմ ասում Յիսուս Քրիստոսի անունով, Ով հաստատեց ինձ Իր խոստովանութեան վէմին, իսկոյն վե՛ր կաց քո բոլոր հաստատուած անդամներով, եւ թող քո միջոցով հերձուածողներն ու հեթանոսները ճանաչեն իմ Քրիստոս Աստուծոյ փառքը: Իմացի՛ր նաեւ, որ ես Աստուծոյ ծառայ Մինասն եմ»: Եւ նոյն պահին նա յարութիւն առաւ, եւ եղաւ, ինչպէս առաջ էր: Ծնրադրելով երկրպագեց սուրբ վկային, նրա հետ եղող մարդկանց ու ասաց. «Սո՛ւրբդ Աստուծոյ, գոհանում եմ Տէր Աստծուց, որ քո գալստեամբ ինձ ողորմութիւն արեց: Ես ծանրացել էի քնով, եւ Տէրը գալով մեծ զօրութեամբ, արթնացրեց ինձ»: Այդ մարդը չիմացաւ, թէ ինչ էր կատարուել իր հետ, չպատմեց նաեւ պանդոկապանը: Սուրբ վկան օրհնեց սպանուածին եւ աներեւոյթ եղաւ:
Պանդոկապանը, վերցնելով իր հարիւր դահեկանը, որը խոստացել էր սուրբին, վաճառականն էլ՝ իր քսակը, գնացին սուրբ Մինասի տաճար եւ կատարեցին իրենց ուխտը: Այնժամ պանդոկապանը բոլորի առջեւ խոստովանեց, թէ ինչ արեց վաճառականի հետ, եւ թէ ինչպէս սուրբը յարութիւն տուեց նրան: Բոլորը փառաւորեցին Աստծուն, հիանում էր եւ վաճառականը, լսելով, որ, արդարեւ, ինքը սպանուել եւ յարութիւն է առել: Նա փառաւորում էր Աստծուն եւ բոլորին պատմում Աստուծոյ փառքի մասին: Իսկ պանդոկապանը կրօնաւոր դարձաւ, ապրեց հինգ տարի եւ ապա վախճանուեց ընդունելի ապաշխարութեամբ՝ միշտ քարոզելով սուրբ Մինասի զօրութեան մասին, որով հեթանոսներից եւ հերձուածողներից շատերը դէպի ճշմարիտ հաւատքը եկան:
Ալեքսանդրիայից Եւտռոպիոս անունով մի մարդ որոշեց երկու արծաթէ սկուտեղ առնել, մէկը տալ սուրբ Մինասի տաճարին, իսկ միւսն ունենալ որպէս իր սեղանի սպասք:
Իր մօտ կանչեց մի արծաթագործի եւ ասաց նրան. «Վերցրո՛ւ իմ այս մաքուր արծաթը եւ պատրաստի՛ր միմեանց նման երկու սկուտեղներ, մէկի վրայ կը գրես իմ անունը, միւսի վրայ՝ սուրբ Մինասի»: Եւ նա այդպէս արեց: Ստացուեց այնպէս, որ սուրբ Մինասի սկուտեղն առաւել գեղեցիկ եղաւ, քան միւսը: Այս տեսնելով՝ Եւտռոպիոսը նախանձեց սուրբի անօթին եւ իր մտքում ասաց. «Կը գնամ սուրբ վկայի մօտ եւ կը տամ այն սկուտեղը, որի վրայ արծաթագործն իմ անունն է գրել, իսկ սուրբինը կը վերցնեմ ինձ եւ իմ մահից յետոյ այն եւս կը տամ սուրբի տաճարին»:
Եւ նաւ նստեց ու գնաց այս խորհուրդներով: Ճաշի ժամին ծառան սեղան դրեց եւ իր տիրոջը սպասաւորելու համար բերեց սուրբի սկուտեղը, ինչպէս իրեն հրամայուել էր: Ճաշից յետոյ ծառան վերցրեց սկուտեղը եւ գնաց լուանալու նաւի եզրին, սակայն ալիքը հարուածեց եւ նրա ձեռքից առաւ սկուտեղը: Վախենալով, որ իր տէրը կը գանակոծի իրեն, ընկղմուած սկուտեղի յետեւից ծառան նետուեց ծովը: Երբ Եւտռոպիոսն իմացաւ կատարուածը, ասաց. «Վա՛յ ինձ, որովհետեւ մեղանչեցի Աստուծոյ առաջ՝ նախանձելով սուրբի սկուտեղին, որի համար կորցրի ծառայիս: Եթէ մարդիկ իմանան, որ վերցրել եմ սուրբի սկուտեղը օգտագործելու համար, ինչպէ՞ս չեն նախատի ինձ: Եթէ նախապէս իմանայի, աւելի լաւ կը լինէր՝ մէկ անօթի փոխարէն երեքը տայի սուրբ վկային եւ չընկնէի այս դառը մահուան աղէտի եւ ամօթանքի մէջ»: Այնժամ ուխտեց եւ ասաց. «Եթէ արժանանամ թաղել մեռածի մարմինը, ապա երկու սկիհ կամ սկուտեղ ու նաեւ կորած սկուտեղի գինը կը տամ սուրբ Մինաս վկայի տաճարին»:
Երբ երկրորդ օրը նաւահանգիստ հասաւ, նայում էր ծովափի այսուայն կողմերին, որ թերեւս ալիքները ցամաք դուրս բերած լինէին մեռած ծառային: Նաւավարներն ասացին. «Այդ ի՞նչ անմտութիւն է, մեր նաւարկութիւնից երկու օր է անցել, իսկ դու դեռ փնտռո՞ւմ ես նրա մարմինը»: Եւտռոպիոսը նրանց ասաց. «Սուրբ Մինասի բարեխօսութեամբ յոյս ունեմ առ Տէր Աստուած, Ով մասնատուած անդամներով մեռածին յարութիւն տուեց ինչպէս քնից, նախքան իմ վախճանը ցոյց կը տայ նրա մարմինը»: Դեռ խօսքը չաւարտած՝ ահա նրա ծառան՝ սկուտեղը ձեռքին, գալիս էր լողալով եւ փնտռում էր նաւը՝ տիրոջը գտնելու նպատակով: Տեսնելով ծառային՝ նաւավարները նետեցին պարանը, եւ նա բռնելով ցամաք ելաւ: Երբ տէրը տեսաւ նրան, իր գիրկն առաւ, արտասուքներով համբուրեց եւ հարցրեց. «Ինչպէ՞ս փրկուեցիր ծովից»: Եւ նա պատասխանեց. «Երբ սուզուեցի խորքերում, տեսայ մի լուսաւոր մարդու եւ նրա հետ՝ երկուսին եւս, որոնց նա ասաց. "Բռնէ՛ք դրան, որ չընկղմուի": Եւ այդ պահից նրանք չհեռացան ինձնից, մինչեւ որ այստեղ հասայ»: Այս լսելով՝ Եւտռոպիոսը եւ նրա շուրջ եղողները փառաւորեցին Աստծուն եւ հաստատեցին, որ արագահաս է սուրբ Մինաս վկայի օգնականութիւնը: Եւտռոպիոսը գնաց սուրբի տաճար, տուեց երկու սկուտեղները եւ այլ նուէրներ: Ծառային թողեց՝ սպասաւորելու սուրբ եկեղեցուն, իսկ ինքը վերադարձաւ տուն՝ գովաբանելով եւ օրհնելով Աստծուն:
Ալեքսանդրիայում կար մի հրեայ վճառական, որը բնակւում էր մի քրիստոնեայի հարեւանութեամբ, եւ նրանց միջեւ բարեկամական մեծ սէր կար: Երբ հրեան պատրաստուեց մեկնել վաճառականութեան գործով, վերցրեց իր մատանիով կնքուած քսակը, եկաւ քրիստոնեայի տուն եւ այն ի պահ տուեց նրան, մինչեւ իր վերադարձը:
Վաճառականը գնաց, եւ երբ վերադարձաւ ճանապարհից, քրիստոնեային նուէրներ ուղարկեց: Իսկ նա ծիծաղեց իր մտքում եւ ասաց. «Ես առել եմ իմ պարգեւը, եւ եթէ նա խնդրի ինչքը, ոչինչ չի ստանայ»: Նա որոշել էր կնոջ հետ ու ասել նրան. «Ո՛վ կին, եթէ հնարաւոր է, ուրանանք եւ մերժենք հրեայի քսակը: Եթէ նա երդուեցնի մեզ, կը երդուենք, եւ մեզ ոչ մի վնաս չի լինի, որովհետեւ երդւում ենք հրեային եւ ոչ թէ քրիստոնեային»: Եւ այդպէս երբ հրեան նրանից խնդրեց իր քսակը, բանսարկուի խորհրդակցութեամբ քրիստոնեան ուրացաւ: Հաւաքուեց մարդկանց բազմութիւն, որովհետեւ նրանց միջեւ վկայ չլինելու պատճառով մեծ հակառակութիւն եղաւ:
Ապա մտաբերելով՝ հրեան քրիստոնեային ասաց. «Եղբա՛յր, լսել եմ սուրբ Մինասի մասին, որը մեծ փառք ունի եւ ամաչեցնում է նրանց, ովքեր իր անունով սուտ երդում են տալիս: Ե՛կ գնանք տաճար, եթէ երդուես նրա փառքով ու եթէ ոչինչ չես վերցրել ինձնից, կը գնաս խաղաղութեամբ»: Քրիստոնեան ասաց. «Ինչպէ՞ս կարող է հրեան քրիստոնեայի եկեղեցի մտնել»: Հրեան ասաց. «Եթէ ես չեմ կարող եկեղեցի մտնել, կը մնամ գաւթում, իսկ դու կը մտնես ու կը երդուես ուրիշների առաջ»: Իսկ քրիստոնեան, ոչինչ համարելով երդումը, իր մտքում ասաց. «Սուրբ Մինասը երդումիս համար կը ների ինձ»:
Եւ այդպէս միասին գնացին սուրբ Մինասի տաճարի մօտ: Հրեան քրիստոնեային ասաց. «Վախեցի՛ր Աստծուց, ընկե՛ր, եւ ողորմի՛ր քեզ: Որքան կամենում ես, վերցրո՛ւ գանձերից, իսկ մնացածը տո՛ւր ինձ, միայն թէ մի՛ երդուիր»: Եւ երբ քրիստոնեան չկամեցաւ լսել, հրեան, սուրբի գաւթում բողոքելով, ասաց. «Սո՛ւրբ Մինաս, թէպէտ արժանի չեմ քո անունը տալ, բայց այսօր ցո՛յց տուր քո սքանչելագործութիւնը, որպէսզի ես եւս փառաւորեմ քեզ»: Սրտում չունենալով Աստուծոյ երկիւղը՝ քրիստոնեան երդուեց, իսկ հրեան նայում էր, թէ ինչ նշան կը լինի երդման պատճառով, սակայն սուրբ Մինասը նրան համբերել տուեց: Եւ երբ քրիստոնեան երդուեց, երկուսով վերադարձան եւ գնացին իրենց երիվարներով: Երբ անցան երեք մղոն, յանկարծ քրիստոնեայի ձին վազեց, նրան գետնին գցեց եւ նրա վրայից ընկաւ արկղի բանալին, որի մէջ գտնում էր հրեայի քսակն ու մատանին: Նա փնտռեց դրանք, բայց չգտաւ եւ շատ ուրախացաւ իր ընկնելու եւ ողջանդամ վեր կենալու համար՝ համարելով, թէ այդ էր իր երդման հատուցումը: Երբ եկան մի տեղ, նստեցին ճաշելու: Եւ հրեան զղջաց ու ասաց. «Ինչո՞ւ հաւատացի սուրբ Մինասին՝ իբրեւ սքանչելագործի, որի մասին լսել էի, որովհետեւ ես ոչ մի նշան չտեսայ: Եւ եթէ չերդուեցնէի քրիստոնեային, գուցէ օրեր անց մաս տար իմ ունեցուածքից»: Լաց էր լինում՝ այսպէս ասելով ու շարունակում. «Իմ հոգսը կը դնեմ Տիրոջ եւ Նրա սուրբ վկայի վրայ»: Եւ մինչ երկուսով նստած էին, ահա եկաւ քրիստոնեայի ծառան՝ գանձերով լի քսակը ձեռքին: Տեսնելով նրան՝ երկուսն էլ մեծապէս զարմացան, իսկ ծառայի տէրը սաստիկ վախեցաւ ու ծառային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս, եւ այդ ի՞նչ է ձեռքիդ»: Ծառան պատասխանեց. «Եկել եմ՝ կատարելու իմ տիրոջ հրամանը, ինչի համար նա ուղարկել է»: Նրա տէրն ասաց նրան. «Ո՞ւմ եմ ուղարկել, եւ ո՞ւմ հրամանն ես եկել կատարելու»: Ծառան ասաց. «Տէ՛ր իմ, այսօր մի մեծ ու ահեղ տեսքով հեծեալ էր եկել իմ տիկնոջ մօտ: Ձեռքին ունէր այդ մատանին եւ արկղի բանալին, ուր դրուած էին գանձերը: Նա իմ տիկնոջն ասաց. "Ճանաչո՞ւմ ես սրանց": Եւ նա ասաց՝ այո՛: Հեծեալն ասաց. "Քո ամուսինը խնդրեց եւ ինձ ուղարկեց քեզ մօտ՝ ասելով. "Իմ ծառայի միջոցով ուղարկի՛ր հրեայի քսակը, որովհետեւ չարաչար տանջւում եմ սուրբ վկայի կողմից": Այդ պատճառով եկայ ու բերեցի: Ահաւասիկ քո մատանին ու գանձերիդ բանալին, որը բերեց հեծեալը եւ տուեց իմ տիկնոջը»:
Այնժամ հրեան վերցրեց նոյն կնիքով քսակը, ուրախութեամբ աղաղակեց եւ ասաց. «Մե՛ծ է քրիստոնեաների Աստուածը, եւ մե՛ծ է Նրա սուրբ վկայ Մինասը: Հրաշքներ է գործում քրիստոնեաների հաւատքը, քանզի, ո՛վ Տէր, ով սուրբ Մինասի բարեխօսութեամբ իր յոյսը դնում է Քեզ վրա, ամօթով չի մնում: Ահաւասիկ, Տէ՛ր, սուրբ Մինասի սքանչելագործութեան համար ես եւս քրիստոնեայ եմ»: Եւ վերադառնալով սուրբի տաճար՝ տուեց քսակի մէկ երրորդ մասը, որ կշռաչափով հազար դահեկան էր: Եւ ասաց. «Դու գիտես, սո՛ւրբդ Աստուծոյ, որ քո առաջ այն մարդուն ասացի, թէ վերցրո՛ւ, որքան կամենում ես, իսկ մնացածն ինձ տուր, բայց նա չկամեցաւ: Այժմ այդ տալիս եմ քո սրբութեանը»:
Եւ թողնելով հրեական պաշտամունքը՝ մկրտուեց ինքը եւ իր ամբողջ ընտանիքը: Այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում երդուել սուրբի տաճարում՝ ո՛չ սուտ եւ ո՛չ ճշմարիտ: Քրիստոնեան ամօթահար եւ տրտմած իր տուն գնաց, ապա վերցնելով իր ունեցուածքի կէսը՝ մատուցեց սուրբ վկայի տաճարին, այնտեղ ապաշխարեց իր յանցանքներն ու չհեռացաւ այնտեղից, մինչեւ յայտնի եղաւ իր ապաշխարութեան ընդունելի լինելը: Այնուհետեւ մինչեւ իր մահուան օրը նա օրհնում էր Աստծուն եւ Նրա սուրբ վկայ Մինասին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Մինաս, Երմոգինէս եւ Գրափոս վկաներին յիշատակում է Յիսնակի պահոց երրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Յովհաննես եւ Ալեքսիանոս կամաւոր աղքատների հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: