ՍՈՒՐԲ ՉՈՐՍ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԻ՝ ԲԱՍՈՍԻ, ԵՒՍԵԲԻ, ԵՒՏԻՔԻ ԵՒ ԲԱՍԻԼԻԴԷՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

«Որք եկեալ եմք ի պատուել զյիշատակ սուրբ վկայիցն.

Առցուք սկիզբն զգօնութեան. աղաղակելով առ Քրիստոս.

Տէր՝ փառք Քեզ, փառք քեզ, Տէր Աստուած:

Ահաւոր ես հրեշտակաց. անտես ի սերովբէից.

Եկիր երեւեցար մարմնով. ուսուցեր մեզ ասել՝

Տէր՝ փառք Քեզ, փառք քեզ, Տէր Աստուած:

Յանմարմնոց ես վերօրհնեալ. ի մարդկանէ երկրպագեալ.

Քեզ փառք վայելէ պատիւ յամենայն ժամ ասել՝

Տէր՝ փառք Քեզ, փառք քեզ, Տէր Աստուած»:

(Շարակնոց)

 

 

Քրիստոսի այս չորս պատուական վկաներն ու քաջ զինուորները սուրբ Թէոպոմպոս եպիսկոպոսի հոգեւոր երկունքի զաւակներն էին, որոնք լուսաւորուեցին նրա նահատակութեամբ եւ վկայական պսակների արժանացան: Ըստ «Ճառընտիր»-ների՝ կայ նրանց մասին հետեւեալ պատմութիւնը:

 

Սուրբ Թէոպոմպոս եպիսկոպոսի եւ Թէովնաս կախարդի նահատակութիւնից յետոյ այս չորս զինուորները՝ Բասոսը, Եւսեբիոսը, Եւտիքոսը եւ Բասիլիդոսը, որոնք Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի աստուածների պահապաններ եւ արքունիքում առաւել առաջնային դիրք ունեցող պատուական այրեր էին, քան իրենց բոլոր զինուորակիցները, միասին եկան թագաւորի առաջ, արձակեցին իրենց գօտիները, դրեցին նրա ոտքերի մօտ եւ բարձրաձայն աղաղակեցին. «Մենք քրիստոնեայ ենք»:

 

Թագաւորը խիստ բարկացաւ ու ասաց նրանց. «Իսկապէս քրիստոնեա՞յ էք, ինչպէս որ ասացիք»: Եւ նրանք պատասխանեցին. «Այո՛, քրիստոնեայ ենք»: Դիոկղետիանոսն ասաց. «Ի՞նչը դրդեց կամ համոզեց ձեզ ասել ինձ այդ բանը»: Այնժամ միաբերան պատասխանեցին եւ ասացին. «Բաւական է, որ մեղանչել ենք մեր մանկութիւնից մինչեւ այսօր, իսկ այսուհետեւ կամենում ենք ապաշխարել մեր նախկին յանցանքների համար: Մենք խոստովանում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոս Թագաւորին, որ կայ եւ կը մնայ յաւիտեան, որպէսզի Նա Իր մեծ ողորմութեամբ քաւութիւն տայ մեզ»: Այս խօսքից թագաւորն առաւել բարկացաւ ու խռովուեց, սակայն մտածեց վանել իր բարկութիւնը, որովհետեւ մեծապէս սիրում էր նրանց եւ առանձին ասաց նրանց. «Ինչպէ՞ս կարող էք քրիստոնեայ լինել, եթէ ձեր բերանով ու շրթունքներով խոստովանում էք, թէ քրիստոնեայ էք, բայց ձեր սրտերը միացած են ձեր ունեցուածքին: Եթէ դուք ճշմարիտ քրիստոնեայ էք, տուէ՛ք ինձ ձեր ունեցած ամբողջ ստացուածքը, որ բաշխեմ դրանք ձեր ընկերներին»:

 

Թագաւորն այսպէս ասաց նրանց փորձելու համար, որ թերեւս պահեն ու չտան իրենց ունեցուածքը: Այնժամ երանելի Բասոսը շտապ գնաց եւ քսան լիտր ոսկի բերեց, դրեց Դիոկղետիանոսի ոտքերի տակ եւ ասաց. «Ահա իմ ամբողջ ունեցուածքը քեզ եմ տալիս»: Նրա նման երանելի Եւսեբիոսը, տեսնելով Բասոսի յօժարութիւնը, եւս յօժարակամ քառասուն լիտր ոսկի բերեց: Եւ երանելի այր Եւտիքոսն էլ վաթսուն լիտր ոսկի բերեց, դրեց թագաւորի առաջ ու ասաց. «Սա ոչինչ է Աստուծոյ համար»: Իսկ Քրիստոսի երանելի ծառայ Բասիլիոսն էլ փութով եօթանասուն լիտր ոսկի բերեց ու ասաց. «Այս ամէնը մենք արհամարեցինք Աստուծոյ սիրոյ համար ու անարգ ենք համարում ոսկին, արծաթը եւ պատուական հանդերձները»: Ապա թագաւորին միաբան ասացին. «Այս ամէնը ոչինչ է եւ ոչինչ է համարւում: Ի՞նչ օգուտ է մեզ, եթէ շահենք ամէն բան, ինչպէս որ գրուած է. "Ի՞նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի"[1]: Եւ դարձեալ սուրբ Գիրքն ասում է. "Մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարէն"[2], եւ թէ "Լաւ է ընկնել Աստուծոյ եւ ոչ թէ մարդկանց ձեռքը"[3]: Քանզի մենք չենք կարող մոռանալ մեր հօր եւ երանելի վարդապետի՝ սուրբ Թէոպոմպոս եպիսկոպոսի չարչարանքներն ու նեղութիւնները: Նա քսաներեք օր արգելափակուեց մեր տանը, ո՛չ կերաւ, ո՛չ խմեց եւ ո՛չ էլ քաղց զգաց, այլ համարձակութեամբ եւ մեծ զօրութեամբ սքանչելիքներ էր գործում: Այդ գիշեր մենք մեծ լոյս տեսանք, որը լուսաւորեց նրան եւ մեր ամբողջ տունը, որը շարժուեց հիմքից: Մենք չենք կարող մոռանալ մեր ճշմարիտ հովուին, որի շնորհիւ մենք գտանք ճշմարիտ ճանապարհը: Իսկ որ ասում ես, թէ զոհ մատուցենք աստուածներին, ինչպէ՞ս կարող ենք աստուածներ կոչել նրանց կամ զոհ մատուցել, եթէ նրանք չեն տեսնում, չեն լսում, չեն խօսում եւ չեն կարող բարի կամ չար բան անել: Երեք ամիս, երբ նրանք մեր տանն էին, ամենեւին չտեսանք նշաններ եւ զօրութիւններ: Նրանք մոխրի մէջ էին, իսկ մենք մաքրում էինք նրանց երեսների փոշին, որովհետեւ իրենք չէին կարողանում մաքրել: Նրանք չէին կարող քայլել, որի համար մեհեանի քրմերը նրանց գրկած էին տանում: Այդպէս խաբում էին մարդկանցից շատերին եւ քարոզում, թէ սրանք աստուածներ են: Եւ այս էլ իմացիր, ո՛վ թագաւոր, որ իրենք, կործանուած լինելով, կորստեան են մատնում շատերին: Բայց դու ճանաչի՛ր ճշմարիտ Աստծուն, որը կայ եւ յաւիտեան է, իսկ մեզ արա՛, ինչ ուզում ես, քանի որ իշխանութիւն ունես մեզ վրայ: Մենք պատրաստ ենք յանուն մեր Աստուծոյ շահել մեր օգուտը»:

 

Այս լսելով՝ թագաւորը հրամայեց բանտարկել նրանց, եւ նրանք եօթ օր մնացին այնտեղ: Նրանց այցելում էին իրենց փեսաներն ու քոյրերը, աղաչում, քաջալերում էին նրանց եւ ասում. «Եղբայրնե՛ր, համբերէ՛ք բոլոր փորձութիւններին, որովհետեւ մեր Փրկիչն ասել է. "Փնտռէ՛ք եւ կը բացուի ձեր առաջ"[4], որովհետեւ չկայ աւելի հզօրը, քան մեր Տէրը, Ով մեր օգնականն է: Յիշէ՛ք նաեւ, եղբայրնե՛ր, որ մենք օգտուեցինք այս աշխարհի բարիքներից, որոնք ունայն են եւ անցողիկ, սակայն այժմ պէտք է ջանանք հասնել անապական յաւիտենական կեանքին, որովհետեւ այս աշխարհի հանգիստը ժամանակաւոր է, իսկ ակնկալուող աշխարհի կեանքը՝ յաւիտենական»: Եւ ազգականներն այսպիսի խօսքերով քաջալերում էին նրանց:

 

Ութերորդ օրը թագաւորը հրամայեց տանել նրանց իր ապարանքը: Ապա կանչեց նրանց, ցոյց տուեց, թէ խանդաղատելով ընկնում է նրանց ոտքերը եւ խնդրելով ասաց. «Լսէ՛ք ինձ, ի՛մ որդիներ, դուք ճանաչում էք ինձ եւ իմ թագաւորութիւնը: Ես իսպառ բարկացած չեմ ձեզ վրայ, բայց դուք էլ խնայէք ձեզ, որ չմեռնէք դաժան մահով: Մահը վրայ է հասնում ամէն մարդու. մէկը մեռնում է պատուով, միւսը՝ վախճանւում անարգուած: Դուք մի՛ նայէք Թէոպոմպոս եպիսկոպոսի մահուանը, որովհետեւ նա կախարդ էր, եւ ինքն անձամբ խնդրեց իր անարգ մահը»: Լսելով այս խօսքերը՝ նրանք չխռովուեցին եւ չխաբուեցին, այլ միաբան աղաղակեցին. «Մենք քրիստոնեայ ենք, եւ դու չես կարող խաբել մեզ, որովհետեւ Աստուծոյ շնորհն է իջել մեզ վրայ»:

 

Լսելով այս եւ չկարողանալով համոզել՝ թագաւորը հրամայեց նրանց իր առջեւ առանձին-առանձին բերել: Եւ երբ բերեցին Բասոսին, թագաւորն ասաց նրան. «Ինչո՞ւ զոհ չես մատուցում իմ աստուածներին»: Սուրբ Բասոսը պատասխանեց. «Ես զոհ չեմ մատուցի»: Թագաւորը բարկացաւ եւ որպէս նախատինք եւ ի ցոյց նրա բարեկամների՝ հրամայեց ձեռքերը կապել թիկունքին, ինչպէս եւ ոտքերը, ապա հրամայեց կացնահարել նրա ձեռքերը, իսկ յետոյ՝ ոտքերը: Այսպէս անդամահատեցին նրան, մինչեւ որ Քրիստոսի երանելի նահատակ Բասոսն աւանդեց իր հոգին եւ վկայեց ի Քրիստոս բարի խոստովանութեամբ:

 

Այնուհետեւ անմիջապէս առաջ բերեցին Եւսեբիոսին: Թագաւորն ասաց նրան. «Եւսեբիո՛ս, խնայի՛ր քեզ եւ զո՛հ մատուցիր աստուածներին, որ չմեռնես դաժան մահով»: Երանելի Եւսեբիոսը բարձրաձայն պատասխանեց. «Թող չլինի այնպէս, որ ես թողնեմ իմ Տիրոջը, Ով սիրեց ինձ եւ իմ սիրելի բարեկամին, որը նահատակուել է ու եղել իմ բարի խորհրդակիցը»: Թագաւորն ասաց. «Ոչ ոք քո բարեկամը չէ, եւ ոչ ոք չի կարող իմ ձեռքից ազատել քեզ»: Երանելին պատասխանեց. «Լռի՛ր ու մի՛ կրկնիր քո խօսքերը»: Թագաւորը բարկացաւ եւ հրամայեց երկու ոտքերից գլխիվայր կախել նրան՝ իւրաքանչիւր ոտքը սեան վրայ կապելով: Եւ այդպէս պրկուած՝ երանելին չարչարանքներով եւ խաղաղութեամբ աւարտեց իր վկայական ընթացքը:

 

Նրա նահատակութիւնից յետոյ թագաւորը հրամայեց բերել երրորդ վկային: Երբ Եւտիքոսը կանգնեց նրա առաջ, ասաց. «Դու գիտե՞ս, որ ովքեր հնազանդւում են ինձ եւ կատարում են իմ կամքը, նրանց պարգեւներ եմ շնորհում, իսկ ովքեր հակառակւում են իմ խօսքերին, նրանց չարչարանքներով զրկում եմ կեանքից: Այժմ ընտրի՛ր քեզ համար պարգեւներ կամ մահ»: Սուրբ Եւտիքոսը պատասխանեց՝ ասելով. «Թող կորստեան մէջ քո պարգեւները քեզ հետ լինեն: Մարդկային պատիւը ժամանակաւոր է, բայց աստուածային զօրութիւնը եւ պատիւն անվախճան է: Տեսանելի յոյսը յոյս չէ, իսկ քո այդ պատիւն ու յոյսը կորուստ է մեզ համար»: Երբ ատեանի առաջ երանելին ասաց այս խօսքերը, թագաւորը հրամայեց մեխ գամել նրա ծնօտին եւ երեք մասի բաժանել նրա մարմինը: Եւ այդպէս նահատակուելով՝ Քրիստոսի զինուորն աւարտեց իր ընթացքը:

 

Այնուհետեւ բռնաւորը հրամայեց առաջ բերել չորրորդին, որի անունը Բասիլիոս էր, եւ որը պատուական եւ առաջնային դիրք ունէր պալատում: Թագաւորը նրան ասաց. «Խնդրում եմ, որ լսես ինձ, ինչ որ կ՚ասեմ, եւ կը մեծանայ քո պատիւը: Ես կը փառաւորեմ քեզ բոլոր պալատականներից շատ, եւ թող ոչ ոք չխաբի քեզ սնոտի խօսքերով: Յիշի՛ր որ ես բարեացակամ եմ քո հանդէպ եւ քեզ իշխան կը կարգեմ իմ ամբողջ զօրքի վրայ: Ամէն ոք քեզ երանի կը տայ, եւ քեզնից կ՚իջնեն բոլոր արքունի հրամանները, որովհետեւ պալատում չկայ մէկը քեզնից առաւել, եւ բոլորից շատ ես քեզ եմ սիրում: Լսի՛ր, ինչ որ ասացի քեզ, եւ Ապոլոն մեծ աստուածը կը հաշտուի քեզ հետ ու կը փրկի կործանումից»: Իսկ երանելի եւ բարձրատոհմիկ Բասիլիոսն ասաց. «Ո՛վ անմիտ, ի՞նչ ես խօսում, ո՛չ դու եւ ո՛չ էլ քո Ապոլոնը, որի վրայ յոյս ես դնում, չէք կարող փրկել ո՛չ քեզ եւ ո՛չ էլ իրեն, որովհետեւ նա ինքը հրի բաժին է, եւ նրան բոլոր հաւատացողները պիտի այրուեն նրա հետ»: Այս լսելով՝ դատաւորը սաստիկ բարկացաւ: Հրամայեց, որ սուր բերեն, պատռեն  նրա որովայնը եւ ասաց նրան. «Քանի որ մերժեցիր իմ սէրը, ապա կը պատառոտեմ քեզ՝ իբրեւ մի անօրէնի»: Երանելին հոգին աւանդելուց առաջ ասաց. «Մինչ այսօր ինձ ողջ պահեցիր, որովհետեւ ես չխուսափեցի պատուական մահից, որով ինձնից առաջ մեռան իմ սուրբ եղբայրները»: Եւ այս ասելով՝ օրինաւոր ու բարեզարմ այս այրը եւս ննջեց խաղաղութեամբ՝ աւարտին հասցնելով իր վկայական մրցահանդէսը:

 

Չորս զինուորները, որոնք նահատակուեցին ի Քրիստոսի բարի խոստովանութեամբ, թաղուեցին միասին, որ եղաւ Տիրոջ 290 թուականին, Արաց[5] ամսի ութին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Բասոս, Եւսեբ, Եւտիք եւ Բասիլիդէս զինուորների յիշատակը տօնում է Յիսնակի պահոց Դ կիրակիին յաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Թէոպոմպոս եպիսկոպոսի եւ Թէովնաս վկայի հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ

  1. Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
  2. Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, 1810, հատոր Բ:

 

[1] Մատթ. ԺԶ 25:

[2] Մարկ. Ը 37:

[3] Սիրաք Բ 22:

[4] Մատթ. Է 7:

[5] Արաց ամիսը համապատասխանում է նոյեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատուածին: