Յիշատակ է այսօր քաջ նահատակաց Քրիստոսի սրբոց վկայիցն.
Եկայք ժողովուրդք ցնծութեամբ տօնեսցուք:
Քանզի տեւօղք ի տանջանս եւ յաղթողք ի մարտի եւ պսակեալք ի Հօրէ.
Եկայք ժողովուրդք ցնծութեամբ տօնեսցուք:
Լուսաւորեալք ի յերկրի. պայծառացեալք ի յերկինս եւ դասակցեալ ընդ հրեշտակս.
Եկայք ժողովուրդք ցնծութեամբ տօնեսցուք:
(Շարակնոց)
Քրիստոսի քաջ եւ փառաւոր պսակակիր զինուոր սուրբ Սեւերիանոսն արքունի նշանաւոր գնդի զինուորական էր: Նա Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքից էր, ապրել է Լիկիանոս կայսեր օրօք եւ ծառայել մեծ զօրավարի՝ Լիւսիաս դքսի իշխանութեան ներքոյ: Նա պատուական իշխանների եւ խորհրդականների դասից էր: Երբ բանտարկեցին քառասուն սուրբ մանուկներին, նա ինքը՝ Սեւերիանոսը, որը հաւատով լի այր էր, յայտնի եւ ծածուկ պատճառաբանութիւններով այցելում էր նրանց եւ ուրիշ բանտարկուածներին, ցուցաբերում անհրաժեշտ խնամք ու հոգատարութիւն եւ քաջալերելով հաստատում նրանց հաւատքի մէջ: Այդ նոյն Սեբաստիա քաղաքում մարտիրոսացած սուրբ քառասուն մանուկների քաջաբար մարտնչելուց եւ վկայական նահատակութիւնից յետոյ բանսարկուի չարութեամբ եւ սպառնալիքների հրահրմամբ դեռեւս շարունակւում էին սաստիկ հալածանքները քրիստոնեաների դէմ:
Այդ օրերին Քրիստոսի պանծալի նահատակ Սեւերիանոսն այնպէս էր փայլում աստուածապաշտութեամբ եւ յոյժ պայծառանում աստուածային սիրով, որից բոլոր տեսնողները զարմանում էին նրա համարձակութեան վրայ: Նրանք խնդրում էին նրան փրկել իր անձը այդ չար ժամանակներում եւ ոչ թէ համարձակօրէն մատնուել վտանգի ու դէմ յանդիման չարչարանքների բովի մէջ մտնել: Բայց քաջ Սեւերիանոսն ասում էր նրանց. «Ես չեմ վախենում եւ փախուստ չեմ տալիս անաստուած հելլենացիներից ու թոյլ չեմ տայ, որ անօրէնները պարծենան իմ դէմ, այլ խօսքերով ու գործերով պիտի յանդիմանեմ նրանց անաստուած մոլորութիւնը, որովհետեւ Քրիստոսի մի զինուորն աւելի զօրեղ է, քան նրանց բոլոր անօրէն թագաւորները»:
Եւ Սեբաստիա քաղաքում, հրապարակաւ եւ համարձակութեամբ ասելով այս խօսքերը, Սեւերիանոսն իր համերկրեայ ծանօթներից ոմանց պատուիրեց, որ իր վախճանից յետոյ վերցնեն իր նշխարները եւ ամփոփեն ըստ կարգի:
Արդ, ոմանք Լիւսիաս դքսի մօտ չարախօսեցին սուրբից՝ ասելով. «Սեւերիանոս անունով մի զինուոր, որը ձեր իսկ ձեռքով նշանակուել է սենատորների դասում, արհամարհում է ինքնակալի եւ ձեր հրամանները՝ իրեն քրիստոնեայ կոչելով: Նա եղաւ այն քառասուն քաջ զինուորների մահուան պատճառը, որովհետեւ ալեկոծեց նրանց միտքը՝ չհնազանդուելու թագաւորի հրամաններին: Եւ այնքան հարուստ է, որ անձամբ էր կերակրում նրանց եւ այլ բանտարկուածներին»:
Լիւսիաս իշխանը, իր մոլորեցուցիչ պաշտօնեաներից լսելով այս մասին, սաստիկ վրդովուեց եւ հրամայեց շտապ իր մօտ բերել Սեւերիանոսին: Իսկ սուրբն, իմանալով այս, ուրախացաւ եւ արիութիւնը խոհեմութեան հետ խառնած՝ ներկայացաւ անձամբ: Ապարանք մտնելով՝ նա դուքսին ասաց. «Ահաւասիկ ես, ում որոնում էիր, կանգնած եմ քո առջեւ, որպէսզի գործով քեզ ցոյց տամ, որ ձեր անօրէնութիւնները կարիք չունեն յանդիմանիչ խօսքերի, որովհետեւ նախկին համարձակ վկաներն իրենց փորձութիւններով յանդիմանել են ձեզ, մինչեւ իսկ նրանց համբերութեան շնորհիւ խափանուել են տանջելու ձեր բոլոր հնարքները: Եւ դուք նրանց պատճառած բազմապիսի դառը տանջանքներով չկարողացաք հեռացնել նրանց աստուածապաշտութիւնից: Դուք եւ ձեր պաշտած դեւերն ամօթահար եղան, իսկ նրանք պսակներ ստացան Քրիստոսի կողմից»:
Այնժամ Լիւսիաս դուքսը, չհանդուրժելով սուրբ վկայի համարձակութիւնը, մռնչաց առիւծի պէս եւ հրամայեց մերկացնել նրան, տարածել գետնին եւ հարուածել չոր արջառաջլերով: Սուրբն իր տանջանքների մէջ ասում էր. «Մեղաւորները հարուածեցին իմ թիկունքին, երկար ժամանակ գործեցին անօրէնութիւնն իրենց»[1]: Եւ երբ անօրէնի ծառաները յոգնեցին հարուածելուց, դուքսը հրամայեց բարձրացնել սուրբին գետնից եւ ասաց նրան. «Սեւերիանո՛ս, տե՛ս, թէ անտեղի յանդգնութիւնդ եւ Քրիստոսի հանդէպ ունեցած վստահութիւնդ ինչեր պատճառեցին քեզ»: Սեւերիանոսը պատասխանեց եւ ասաց. «Եթէ միայն տեսնելու աչք ունենայիր, ես քեզ ցոյց կը տայի այն յանգամանքները, որոնք, ինչպէս որ ասացիր, պատճառ եղան տարաժամ "անզգամութեանս" համար: Բայց այժմ դու կոյր ես եւ չես կարող տեսնել ինձ համար պատրաստուած պսակը: Ահա այստեղ իսկ կը տեսնես, որ տանջանքներ կրելով եւ դէպի վեր նայելով՝ հոգով դէպի վեր կ՚ընթանամ, իսկ մահկանացու մարմնիս տանջանքներով հոգիս հանգստավայր կը փոխադրուի՝ պատսպարուելով մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի խոստումների սփոփանքում»:
Լիւսիաս դուքսն ասաց. «Սեւերիանո՛ս, դու պաճուճւում ես պարծանքով եւ տարուած ես անիմաստ բաներով: Ես քեզ հարուածներով այնքան կը տանջեմ, մինչեւ որ խոստովանես աստուածների իշխանութիւնը»: Սուրբ վկան պատասխանեց եւ ասաց. «Բոլոր տեսակ տանջանքները, որոնց կամենում ես մատնել ինձ, մի՛ ուշացրու եւ մի՛ յապաղիր, որպէսզի իմանալով ճանաչես իմ Քրիստոս Աստուծոյ զօրութիւնը՝ տեսնելով ինձ առաւել ամուր, քան բոլոր ադամանդէ քարերը: Առաւել շատ դու ես յոգնում՝ տանջանքներ յօրինելով, քան թէ ես՝ քո պատճառած չարչարանքները կրելով»:
Դուքսն ասաց. «Թշուառակա՛ն եւ եղկելի՛, եթէ դու զինուորական ես՝ մէկը նրանցից, որ իմ իշխանութեան տակ են, ինչպէ՞ս ես խօսում իշխանի՝ քո արեան իշխանութիւնն ունեցողի հետ եւ համարձակ ճամարտակում յանդգնութեամբ»: Սեւերիանոսն ասաց. «Ինձ համարձակութիւն է տալիս իմ աստուածապաշտութիւնը, որ ունեմ Քրիստոսի հանդէպ: Քանզի ես պաշտում եմ այնպիսի Աստուծոյ, Ով արհամարհել է տալիս անօրէն թագաւորներին եւ նաեւ անտեսել տալիս այն իշխաններին, որոնք չեն առաջնորդւում օրէնքներով: Դու նախատում ես ինձ, որ ես զինուոր եմ՝ նշանակուած քո իշխանութեան ներքոյ, բայց իմացի՛ր, որ իմ ազատութիւնը Քրիստոսով է, Ով ինձ վերստին ծնեց Իր Արեամբ եւ աւելի պայծառ դարձրեց, քան բոլոր թագաւորները ու աւելի պատուական, քան բոլոր իշխանները: Այդ պատճառով Քրիստոս Աստուծոյ հանդէպ ունեցած յոյսով, Ով սովորեցրեց մեզ այս կեանքի բոլոր վայելքներն իբրեւ աղբ համարել, այժմ խօսում եմ ձեզ հետ իբրեւ սինլքոր ծառայի կամ անբան անասունի:
Արդ, մի՛ կարծիր, թէ կարող ես զարհուրեցնել ինձ քո ամբարտաւանութեամբ: Իսկ եթէ յոխորտում ես ինձ վրայ եւ մեծամտանում իբրեւ թէ իմ արեան վրայ իշխանութիւն ունեցողի, ապա այդպիսի իշխանութիւն ունեն նաեւ լեռներում շրջող աւազակները, որոնք բռնում են ճանապարհով գնացողներից ոմանց, հարուածելով սրախողխող անում նրանց, խլում նրանց ունեցածը եւ վարւում այնպէս, ինչպէս կամենում են: Եւ դու այժմ մի՛ պարծեցիր ու հպարտացիր քո անօրէնութեան սրով, քանզի օրինաւոր իշխանութիւնդ գոռոզութեան փոխարկելով՝ անպատիժ ես թողնում շներին ու մարդասպաններին, իսկ պատիժը, որ հասնում է այդպիսիններին, բարեպաշտներին ես հասցնում»:
Եւ դուքսը՝ լցուած չարութեամբ ու բորբոքուած ցասումով, հրամայեց կախել նրան եւ քերել մարմինը: Այնժամ անօրէնի ծառաները, բոլոր կողմերից պաշարելով երանելուն, կախեցին նրան փայտից եւ դաժանօրէն քերեցին: Իսկ երանելի Սեւերիանոսը գոհանալով աղօթում էր Աստծուն: Այնուհետեւ բանտարկեցին նրան: Հինգ օր անց դուքսը հրամայեց սուրբին իր առջեւ բերել: Ասաց նրան. «Սթափուե՞լ ես արդեօք նախկին տանջանքներից եւ բանտի նեղութիւններից: Այսուհետեւ հնազանդուի՛ր եւ զոհ մատուցի՛ր աստուածներին, որպէսզի չմատնուես նորանոր տանջանքների»: Քրիստոսի սուրբ վկան պատասխանեց նրան. «Ո՛վ թշուառական, չե՞ս տեսնում, որ մարմինս տանջուած է նախորդ չարչարանքներից, սակայն այժմ զուարթ եւ պայծառ դէմքով յօժարութեամբ կանգնած եմ քո ատեանի առաջ՝ պատրաստ լինելով կրել առաջիկայ տանջանքները, որ խոստանում ես ինձ, մինչեւ աւարտին հասցնեմ ընթացքս եւ բարի ջանքերս: Ես ակնկալում եմ յաւիտենական կեանքի յոյսին, որ կայ եւ պահուած է ինձ համար եւ որ պիտի ստանամ մեր Տէր Յիսուս Քրիստոսից»:
Դուքսն առաւել զայրացաւ: Հրամայեց անօրէն դահիճներին, որ քարերով հարուածեն նրա բերանին, ապա սուրբին ասաց. «Ինչո՞ւ պղծեցիր իմ ապարանքը՝ յիշատակելով Խաչեալի անունը»: Իսկ Քրիստոսի նահատակը ծիծաղելով ասաց. «Ո՛վ անմիտ, որ լի ես ամէն տեսակ անօրէնութիւններով, եզ չի՞ թւում, որ հէնց դու ես պղծում քո ապարանքը՝ յիշատակելով քո աստուածներին, որոնք դեւեր են: Իսկ երբ յիշում ես Քրիստոսին՝ երկնիք եւ երկրի Արարիչն ու Թագաւորին, ասում ես, թէ պղծւում է քո ապարանքը: Դու չես էլ իմանում, որ լսելով Նրա ահաւոր Անունը՝ տանջւում ես եւ հարուածներ ընդունում հոգուդ»: Իշխանն ասաց. «Ես կարծում էի, թէ նախորդ տանջանքներով քեզ աւելի հեզ կը դարձնէի եւ այնուհետեւ կը ստիպէի հնազանդուել մեզ: Բայց դու վիճաբանում ես մեզ հետ եւ շարունակում մնալ նոյն յամառութեան մէջ՝ պատրաստ լինելով դարձեալ տանջանքներ կրել, որպէսզի սնափառութեամբ պարծենաս քրիստոնեաների մօտ: Ես կը համոզեմ քեզ, որ ոչինչ չես ստանայ Նրանից, Ում վրայ դու յոյս ես դրել»:
Սեւերիանոսը պատասխանեց. «Եթէ այս ամէնին համբերէի մարդկանց համար, ես աւելի եղկելի ու թշուառական կը լինէի, քան քո աստուածները եւ չէի կարողանայ մինչեւ վերջ համբերել ու կրել դրանք: Սակայն ես արհամարհում եմ մարմնիս տառապանքները՝ փոխարէնն Աստծուց աւելի մեծ բարիքներ ստանալու յոյսով: Արդ, մի՛ սպառնայ ինձ լոկ խօսքերով, այլ սկսի՛ր տանջանքները, որ ճանաչես իմ Օգնականին եւ համոզուես, որ սին բաների չէ, որ ես ապաւինում եմ»: Դուքսն ասաց. «Կախէ՛ք դրան փայտից եւ սուսերով ծակոտէ՛ք դրա կողերը»: Եւ մինչ սուրբը կախուած էր փայտից, իշխանն ասաց նրան. «Սեւերիանո՛ս, նախքան տանջանքներ կրելը՝ խոստացիր զոհ մատուցել աստուածներին: Նայի՛ր բզկտուած կողերիդ եւ խնայի՛ր քեզ: Ասա՛ ինձ, որտեղի՞ց է քրիստոնեաներիդ մէջ այդքան անգթութիւն ու անողորմութիւն սեփական անձի հանդէպ, կամ ո՞ւմ կարող էք ողորմել, եթէ անգամ չէք ողորմում ինքներդ ձեզ»: Քրիստոսի սուրբ վկան պատասխանեց. «Լսի՛ր, ո՛վ դատաւոր, չգիտե՞ս, թէ որն է մարդասիրութեան ճշմարիտ կերպը, եւ ինչպէ՞ս ես խօսում ողորմութեան մասին: Ես շնորհակալ կը լինեմ քեզ այն ժամանակ, երբ ինձ մահուան դատապարտես, որովհետեւ դրանով մեծ բարիքներ ստանալու առիթ կը լինես եւ ինձ երկնային գանձերի ժառանգորդ կը դարձնես»:
Այս լսելով՝ իշխանը հրամայեց բարձրացնել նրան պարիսպների վրայ, կախել այնտեղից եւ մեծամեծ քարեր կախել նրա պարանոցից ու ոտքերից: Եւ երբ կախեցին, դուքսը ծաղրելով ասաց նրան. «Սեւերիանո՛ս, ջանի՛ր, ջանի՛ր, որ մեծագոյն վարձք ստանաս»: Իսկ սուրբը չէր պատասխանում նրան, այլ աղօթում էր՝ ասելով. «Յաւիտենակա՛ն Աստուած, որ ամէն բան գոյացրիր Քո սիրելի Միածին Որդու եւ Սուրբ Հոգու միջոցով, դիմում եմ Քեզ, որովհետեւ Դու ես ողջերի եւ մեռեալների Տէրը: Լսելի դարձրո՛ւ բոլոր օրհնութիւնները եւ շնորհի՛ր ինձ Քո երկնային յաղթութիւնը, որպէսզի անօրէն Լիւսիասը չպարծենայ ինձ վրայ, եւ թող փառաւորուի Քո սուրբ անունը, Տէ՛ր»: Եւ մինչ սուրբը պարսպից կախուած աղօթում էր այսպէս, դուքսը զարմանում էր նրա համբերութեան վրայ: Եւ ասաց նրան. «Բոլորն ասում են, թէ դու ռամիկ ես եւ առանց կրթութեան, բայց ես քո մէջ հռետորի եւ իմաստասէրի խոհեմութիւն եմ տեսնում»: Սուրբը պատասխանեց. «Ո՞ր հռետորն ու իմաստասէրը կարող է համեմատուել իմ Քրիստոս Աստուծոյ հետ, Ով խօսում է իմ մէջ: Արդ, մի՛ կարծիր, թէ ես եմ, որ խօսում եմ այս ամէնը, որովհետեւ, ինչպէս լսել ես, ռամիկ եմ, մի յետին շինական: Աստուծոյ շնորհներն են, որ օգնեցին եւ պատրաստեցին ինձ՝ խօսելու այս ամէնը»:
Եւ այս ասելով՝ դարձեալ սկսեց աղօթել ու ասել. «Տէ՜ր, Տէ՜ր, գոհանում եմ Քեզնից, որ անարժանիս Քո անապական բարիքներին արժանի համարեցիր: Զօրացրո՛ւ, Տէ՛ր, մարմինս եւ հոգիս, որովհետեւ Դու ես իմ կեանքը, իսկ մեռնելը Քո փառաւորեալ անուան համար անանց կենդանութիւն է յաւիտենական կեանքում: Քրիստո՛ս, յաւիտեան կենդանի Աստուծո՛յ Որդի, Քեզ եմ յանձնում այն հաւատացեալներին, որոնք հալածւում են Քո մեծ եւ ահաւոր անուան համար: Օգնակա՛ն եղիր նրանց եւ տո՛ւր համբերութիւն ու համարձակութիւն, որպէսզի յաւիտեան փառաւորեն Քո սուրբ անունը»: Եւ աւարտելով իր աղօթքը՝ սուրբ վկան աւանդեց իր հոգին Աստուծոյ ձեռքը՝ ըստ այն խօսքի, թէ «Արդարների հոգիներն Աստուծոյ ձեռքին են»[2]:
Սուրբի մարմինը նետեցին քաղաքից դուրս, իսկ յաջորդ օրը հաւաքուեցին պատուական եւ աստուածավախ մարդիկ գիշերուայ մէջ վերցրին նրա սուրբ նշխարները եւ տարան Սեբաստիա քաղաքից ոչ հեռու գտնուող նրա հայրական գիւղը, ինչպէս որ սուրբ վկան նախօրօք պատգամել էր: Եւ երբ նրանք եկան ու մօտեցան գիւղի վաճառատանը, տարածուեց սուրբի նշխարները բերելու լուրը: Այդ օրը մահացել էր գիւղում բնակուող սուրբի ծառան, եւ տեղաբնակները հաւաքուել էին՝ սգալու եւ հանգուցեալին թաղելու համար: Երբ նրանք լսեցին սուրբի նշխարները բերելու մասին, մեռելին իր կնոջ եւ որդիների հետ թողեցին գերեզմանի մօտ ու օրհնութիւններով, հոգեւոր երգերով, վառուող ջահերով եւ ծխացող խունկերի անուշահոտ բուրմունքներով ընդառաջ գնացին սուրբ նշխարներին:
Հանգուցեալի կինը նայեց իր շուրջը եւ տեսաւ, որ ոչ մի սգակից չկայ իր մօտ, բռնեց իր վախճանուած ամուսնու ձեռքը եւ ողբալով ասաց նրան. «Ե՛կ մենք էլ միւսների յետեւից իսկոյն ընդառաջ գնանք մեր սուրբ տիրոջը, քանզի նա եկել է պատուով, եւ թող մենք չարհամարհենք սուրբ վկային»: Եւ շատ այլ խօսքեր աւելացրեց իր ողբին, ինչպէս սգացողների սովորութիւնն է: Կնոջ այս խօսքերի վրայ յանկարծ մեռելը՝ ոտքերը կտաւով փաթաթուած, նստեց դագաղի վրայ, հանեց իր վրայից թաղման պատանքը եւ կենդանացած վազելով՝ գնաց ընդառաջ սուրբին, ով մեռել էր Քրիստոսի անուան համար: Ամբոխը, տեսնելով նրան, փառաւորեց Աստծուն, որ սուրբ վկայի բարեխօսութեամբ յարութիւն շնորհեց մեռեալին: Եւ այս մարդը՝ սուրբի ծառան, ապրեց եւս տասնհինգ տարի, ամբողջ կեանքում իր հոգու փրկութեան համար սպասաւորեց սուրբի գերեզմանին եւ ապա հեռացաւ այս կեանքից:
Պատմում են մի սքանչելիքի մասին, որ կատարուեց սուրբի թաղման պահին: Ժողովուրդը մտահոգուած էր, թէ որտեղ պատրաստեն հանգստարան սուրբի նշխարների համար: Նրանք ասում էին. «Եկէ՛ք ծաղիկներից մի պսակ հիւսենք եւ դնենք վկայի մահճի վրայ, մինչեւ որ Տէրը ցոյց տար այն տեղը, որ պատրաստել է սուրբի համար»: Եւ այդպէս արեցին: Աստուծոյ նախախնամութեամբ մի արծիւ թռաւ մահճի վրայով, վերցրեց պսակը եւ թռաւ: Այս տեսնելով՝ բոլորը, սուրբի նշխարներն առած, գնացին պսակը տանող արծուի յետեւից: Արծիւն իջաւ մի տեղում, ցած դրեց պսակը եւ այլեւս չերեւաց: Տեսնողները սքանչանալով փառաւորեցին Աստծուն, որ թելադրելով ցոյց տուեց այն տեղը, ուր պէտք էր հանգչէին սուրբի նշխարները: Բոլոր ժամանակներում Աստուած այդ տեղում միշտ սքանչելիքներ էր գործում եւ Իր փառաւորեալ վկայի՝ սուրբ Սեւերիանոսի բարեխօսութեամբ բժշկում բոլոր հիւանդութիւնները:
Սուրբ Սեւերիանոսի նահատակութիւնը եղաւ սեպտեմբերի իննին, Տիրոջ 316 թուականին՝ սուրբ քառասուն վկաներից նահատակութիւնից վեց ամիս յետոյ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Սեւերիանոսին յիշատակում է Ս.Խաչի եօթերորդ երեքշաբթի օրը՝ սուրբ Հիպերիքեանների եւ սուրբ Բաբելաս ծերի եւ ութսունչորս աշակերտների հետ:
Սկզբնաղբիւրներ
1.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 769:
[1] Սաղմ. ՃԻԸ 3:
[2] Երգ. Գ 1:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: