ՍՈՒՐԲ ՓԻԼԻԿՏԻՄՈՆԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Առ Քեզ Աստուած հարցն մերոց խոնարհեալ անձամբք պաղատիմք.

Մի անտես առներ Տէր, որ փառաւորեալդ ես յաւիտեան:

Յիշեա զուխտն Աբրահամու զՍահակայ եւ զՅակոբայ.

Եւ զնեղելոց անձանց պաղատանս

Մի անտես առներ Տէր, որ փառաւորեալդ ես յաւիտեան:

Շնորհեա Տէր խնդրողացս ի Քէն զթողութիւն մեղաց ի տաճարի Քում սրբութեան.

Բարեխօսութեամբ սրբոց Քոց. որ փառաւորեալդ ես յաւիտեան:

(Շարակնոց)

 

 

Քրիստոսի այս երանելի վկան, որ ծագումով Լիկայոնիայից էր, խորհրդաբար տօնախմբւում է սուրբ Մամասի հետ, որովհետեւ նրանք նահատակուել են Աւրելիանոս կայսեր յարուցած նոյն հալածանքների ժամանակ: Մեր տօնացոյցում նա կոչւում է Փիլիկտիմոն, «Յայսմաւուրք»-ում՝ Փիլիմոն կամ Փիլիմանոս, իսկ յունական եւ լատինական վկայաբանութիւնների մէջ յայտնի է Ֆիլումէնոս անունով եւ թարգմանաբար նշանակում է «սիրեցեալ» կամ «սիրելի»: Նա ցորենի վաճառական էր. բերում էր ցորենը եւ վաճառում գաղատացիների Անկիւրիա քաղաքում: Եւ քանի որ քրիստոնեայ էր, իր հաւատքը չէր ծածկում նաեւ հալածանքների օրերին: Այնուհետեւ մատնուեց Անկիւրիայի իշխանի ատեանին: Ենթարկուելով հարցաքննութեան՝ նա համարձակ խոստովանեց Քրիստոս Աստծուն եւ անարգեց կուռքերին:

 

Այնժամ իշխանի հրամանով երկաթէ բեւեռներ գամեցին քաջ նահատակի ոտքերին ու ձեռքերին եւ դաժանօրէն տանջեցին: Ապա իջեցրին կախաղանից եւ քերեցին մարմինը, որից յետոյ գցեցին բորբոքուած հնոցի մէջ: Եւ երբ նա Աստուծոյ զօրութեամբ անվնաս պահուեց, բեւեռներ գամեցին նրա ոտքերի, ձեռքերի եւ գլխի մէջ եւ երեսուն ասպարէզ քայլեցրին: Ոմանք էլ գրում են, թէ երկու ձեռքերը բեւեռեցին գլխին, իսկ երկու ոտքերը՝ միմեանց եւ այդպէս քարշ տուեցին: Եւ այդպիսի տանջանքների մէջ երանելին առ Աստուած աւանդեց իր հոգին, որ եղաւ Տիրոջ 274 թուականին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Փիլիկտիմոնին յիշատակում է Սուրբ Խաչին յաջորդող երկրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Մամասի եւ սուրբ Սիմեօն Սիւնակեացի հետ:
 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 521: