Այսօր զտօն վկայութեան առաքելոյս Քո կատարեմք,
Քրիստոս Աստուած, որթ հայրական, ուստի է ուռս պատուական:
Փիլիպպոս Բեդսայիդեան, զոր կոչեցեր Քեզ աշակերտ,
Որոյ թողեալ զկեանս մարմնական, խաչիւ յընթացս Քո միաբան:
Փա՛ռք մեծ շնորհիդ անճառութեան,
Այժմ եւ յաւէտ, միշտ յաւիտեանս. ամէն:
(Գանձարան)
Սուրբ Փիլիպպոսը մեծ Նախավկայի պանծալի ընկերն է, նրան հաւասար՝ Քրիստոսի ընտրեալ եօթանասուներկու աշակերտների թւում՝ եօթ սարկաւագների շարքում: Եւ այնքան անուանի է նրանց մէջ, որ ինչպէս ըստ իր կարգի, այնպէս էլ իր գործերով առաջադէմ էր միւս հինգից՝ իբրեւ սուրբ Ստեփաննոս Նախասարկաւագի անմիջական գործակից: Սուրբ Ղուկասը Նախավկայի հետ կապուած դէպքերը պատմելուց յետոյ գրի է առել Փիլիպպոսի գործերը, որովհետեւ դրանք արժանի էին արձանագրութեան եւ յոյժ մեծամեծ էին առաքելական գործերի շարքում, որոնցից ամենամեծը սամարացիների դարձն էր: Քանզի ինչպէս սուրբ Գիրքն է ասում, Ստեփաննոսի հալածանքների ժամանակ բոլորը ցրուեցին եւ աւետարանեցին Աստուծոյ խօսքը, իսկ Փիլիպպոսը, իջնելով սամարացիների քաղաքը, որոնք հեթանոսութիւնից եւ հրեութիւնից առաջացած խառնակրօն ազգ էին, քարոզեց նրանց Քրիստոսին: Ժողովրդի բազմութիւնը միասիրտ ունկնդրում էր Փիլիպպոսի խօսքերը, որովհետեւ նա ոչ միայն սոսկ խօսքեր էր ասում, այլեւ դրանք հաստատում էր նշաններով, մինչեւ իսկ շատ այսահարներ բարձրաձայն աղաղակում էին նրա առջեւ եւ ազատւում չար այսերից: Երբ Փիլիպպոսը նրանց վրայ կանչում էր Տիրոջ անունը, անդամալոյծներն ու կաղերը բժշկւում էին: Կանանց եւ տղամարդկանց մեծ բազմութիւն դարձի եկաւ ու բժշկուեց, եւ այդ քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ:
Եւ սքանչելին այն էր, որ սամարացի Սիմոն մոգը, որ երկար տարիներ մոգութիւն էր անում եւ կախարդութեան մէջ մեծ մէկն էր, յաղթուեց սուրբ Փիլիպպոսի զօրաւոր խօսքերից եւ գործերից ու միառժամանակ ընդունեց Քրիստոսի հաւատը: Մկրտուելով նա միշտ Փիլիպպոսի հետ էր լինում եւ տեսնելով այն նշանները եւ մեծամեծ զօրութիւնները, որ լինում էին, զարմանում էր: Եւ քանի որ այդժամ Փիլիպպոսը քահանայ կամ եպիսկոպոս չէր, այլ սարկաւագ, լուր ուղարկեց Երուսաղէմում գտնուող առաքեալներին, որ ուղարկէին իրենցից մէկին՝ գալու եւ իր մկրտած անձանց սուրբ դրոշմը տալու համար: Նրանք ուրախ եղան եւ ուղարկեցին քահանայութեան գլուխ սուրբ Պետրոսին եւ նրա գործակից ու եկեղեցու սիւն Յովհաննէսին, որոնք գալով՝ աղօթեցին եւ ձեռք դրեցին մկրտուածների վրայ, այսինքն տուեցին դրոշմը, որով եւ ստացան Սուրբ Հոգին: Ապա չարութեան համար յանդիմանեցին Սիմոն մոգին, որն արծաթով կամենում էր գնել ձեռնադրութեան շնորհը, հաստատեցին աշակերտողներին Փիլիպպոսից սովորած վարդապետութեան մէջ եւ ապա վերադարձան Երուսաղէմ:
Իսկ Փիլիպպոսը սամարացիների աւետարանիչն ու լուսաւորիչը լինելուց յետոյ Տիրոջ կողմից ուղարկուեց աւետարանելու եւ լուսաւորելու աւելի հեռաւոր վայրերում: Եւ Տիրոջ հրեշտակը, երեւալով նրան, պատուիրեց գնալ Երուսաղէմից Գազա իջնող ճանապարհով, որ Գազա տանող անապատ է կոչւում: Եւ ահա այդ ճանապարհով իր կառքով անցնում էր մի ճանաչուած ու նշանաւոր եթովպիացի, որ Եթովպիայի արքունիքի ներքինի էր, արքունի հազարապետը եւ Կանդակա թագուհու գանձապետը, որն, ինչպէս ասում են, յաջորդում էր Սաբայ տիկնոջը՝ հարաւի դշխուհուն: Արդ, այս եթովպիացին եկել էր Երուսաղէմ՝ երկրպագելու Աստուծոյ տաճարին, ինչպէս որ անում էին աստուածածանօթ հեթանոսներից ոմանք: Գրասէր այր լինելով՝ վերադարձի ճանապարհին, իր կառքի մէջ նստած, նա կարդում էր Եսայու մարգարէութեան գիրքը: Այնժամ Սուրբ Հոգին թելադրեց նրան մօտենալ ներքինու կառքին ու ասել նրան կենաց խօսքեր: Եւ ելնելով նրա կառքը՝ Փիլիպպոսն աւետարանեց Յիսուսին: Երբ հասան մի ջրի մօտ, ներքինին սուրբ առաքեալին խնդրեց մկրտել իրեն: Կանգնեցնելով կառքը՝ երկուսով՝ Փիլիպպոսն ու ներքինին, ջուրն իջան, եւ Փիլիպպոսը մկրտեց նրան: Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ, իսկ Տիրոջ հրեշտակը յափշտակեց Փիլիպպոսին, ու ներքինին այլեւս չտեսաւ նրան: Նա ուրախութեամբ գնաց իր ճանապարհը, Եթովպիայում կամ Հապէշստանում հաստատեց քրիստոնէութեան հիմքերը, ուր, ինչպէս ասում են, յետագայում գնաց Մատթէոս աւետարանիչը եւ իսկաապէս եղաւ այդ երկրի լուսաւորիչը:
Իսկ Փիլիպպոսը հրեշտակի ձեռքով բերուեց Ազոտոս: Նա շրջելով աւետարանում էր բոլոր քաղաքներում, մինչեւ որ հասաւ Պաղեստինեան Կեսարիա, որը նրա մշտական բնակութեան վայրն էր, եւ կարծիք կայ, որ նաեւ իր ծննդավայրն էր: Ժամանակ անց Ղուկաս աւետարանչի հետ այդտեղ եկաւ Պօղոս առաքեալը, եւ, ինչպէս գրում է Ղուկասը, մտան Փիլիպպոս աւետարանչի տունը, որը եօթ սարկաւագներից մէկն էր: Շատ օրեր Պօղոսն աւետարանեց այդ տանը, ուր եկաւ նաեւ Ագաբոս անունով մի մարգարէ: Նա կապեց իրեն Պօղոսի գօտիով եւ գուշակեց Երուսաղէմում նրա առաջիկայ կապանքների մասին: Սուրբ Ղուկասը պատմում է նաեւ, որ Փիլիպպոսն ունէր չորս կոյս դուստրեր, որոնք մարգարէուհիներ էին: Այդ չորսից մէկը փառաւորեալ եւ տօնելի Երմոնէ կոյսն էր: Յիշատակւում է նաեւ նրա միւս քրոջ՝ Երինէի կամ Եւտիքիայի անունը, իսկ միւսների եւ նրանց հօր՝ Փիլիպպոսի նահատակութեան մասին կայ միայն այն պատմութիւնը, թէ Փիլիպպոսն իր մեծամեծ գործերից յետոյ եպիսկոպոս ձեռնադրուեց առաքեալների կողմից, գնաց Ասիայի Տրաղիս քաղաքը, ուր շատերին քրիստոնէութեան դարձրեց, շինեց եկեղեցի եւ մինչեւ իր նահատակութիւնը խաղաղութեամբ հովուեց այդ աթոռը, որտեղ էլ, ինչպէս ասում են, թաղուեց, իսկ նրա գերեզմանը փայլեց սքանչելիքներով: Եւ հնում նշանաւոր եպիսկոպոսարան կար Տրաղիս քաղաքում՝ Մէանդր գետի ափին, որն անցնում էր Ասիայի եւ Լիւդդայի միջով: Գտնուել է աստուածազգեաց Իգնատիոսի թղթերից մէկը՝ ուղղուած տրաղացիներին: Ըստ այլ աղբիւրների՝ նա իր վերջին օրերն ապրեց Կեսարիայում եւ թաղուեց նոյն տեղում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Փիլիպպոս առաքեալին յիշատակում է սուրբ Խաչին յաջորդող իններորդ կիրակիին յաջորդող շաբաթ օրը:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: