ՍՈՒՐԲ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ԵՒ ՆՐԱ ՀԵՏ ԵՂՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

«Այսօր յիշատակ սրբոցն. եւ փայլին նշխարք սոցա ի մէջ եկեղեցւոյ.

Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:

Հեղմամբ արեան սոցա մեծարի մայր սոցա իմանալի Սիոն.

Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:

Տաճար են Սուրբ Հոգւոյն. կենդանի ոսկերք սոցա՝ հիւանդաց բժիշկ.

Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ»:

(Շարակնոց)

 

Քրիստոսակիր, մարգարտափայլ եւ Քրիստոսի քաջայաղթ վկայ Քրիստափորը բարբարոսների երկրից էր, սկիւթացի կամ հնդիկ ցեղերից, որոնց շնագլուխներ էին կոչում դժնի հայեացքի, սարսափազդու տեսքի ու թանձրաշունչ խուլ ձայնի պատճառով: Նրա նախկին անունը Մարգարիտ[1] էր: Ծնուել է հեթանոս ծնողներից: Արբունքի հասնելով՝ զինուորագրուել է բարբարոսների գնդում, սակայն գերեվարուել է քրիստոնեաների՝ Կոստանդիանոս Մեծի որդու՝ Կոստանդի զօրքի կողմից: Տեղեկանալով ճշմարիտ ճանապարհի մասին՝ նա սկսեց պաշտել քրիստոնէական հաւատքը եւ փափագում էր արժանանալ սուրբ մկրտութեան:

 

Այդ օրերին թագաւորում էր Յուլիանոս Ուրացողը: Նրա պաշտօնեաներից մէկը՝ Դիկոս[2] անունով, որպէս փոխարքայ՝ կարգուեց Ասորիքի կողմերում իբրեւ կուսակալ եւ դատաւոր: Եւ մեծ հալածանքներ սկսուեցին քրիստոնեաների դէմ. հայհոյւում էր Տիրոջ անունը, եւ ամենուր նեղում էին քրիստոնեաներին: Այդ ժամանակ շնագլուխ Մարգարիտը գտնւում էր Ասորիքում, քանի որ պատերազմի ընթացքում մի կոմս գտել էր նրան ու զինուորագրել նրան իր գնդում: Եւ երբ Յուլիանոսն Անտիոք եկաւ, կոմսը թագաւորին ներկայացրեց Մարգարիտին՝ իբրեւ յաղթանդամ, կորովի ու խրոխտ պատերազմողի, որի համար զօրագնդի մէջ պատուելի եղաւ մեծերի եւ փոքրերի աչքին: Մարգարիտը համարձակ պաշտում էր Քրիստոսին, եւ երբ տեսնում էր օրէցօր զօրացող անօրէնութիւնները, զայրանում էր եւ խռովւում իր հոգում: Առաջնորդուելով Սուրբ Հոգու շնորհներով՝ աղաչում էր Աստծուն օգնական եւ ապաւէն լինել իրեն ամէն բանում ու կարողութիւն տալ իրեն՝ կենաց խօսքը իրենց՝ յունարէն լեզուով տարածելու համար, որով խօսում էին արքունի զօրքը եւ հալածիչները: Նա չգիտէր լեզուներ եւ չէր կարող  խօսել յունարէն՝ կոկորդահնչիւն աղճատուած ձայնով: Եւ Աստուած շնորհեց նրա բոլոր խնդրանքները, քանզի ինչպէս վկայաբանն է ասում, վերին Զօրութիւնից նրան շնորհուեց հաւատքի ամրութիւն, ճշմարիտ գիտութիւն, խօսքի հաղորդակցութիւն եւ առ Աստուած ցանկութիւն: Եւ նա զօրանալով փառաւորում էր Աստծուն, կամ ինչպէս «Յայսմաւուրք»-ն է վկայում, նրա մօտ երկնքից մի հրեշտակ իջաւ եւ ասաց. «Մարգարի՛տ, արիացի՛ր եւ քա՛ջ եղիր»: Հրեշտակը դիպաւ նրա շրթունքներին, եւ նա իսկոյն սկսեց պարզ ու յստակ յունարէն խօսել:

 

Մի անգամ նա տեսաւ, որ Դիկոս դատաւորի զինուորները չարչարում էին քրիստոնեաներին, որի համար յանդիմանեց հալածիչներին: Բաքոս անունով մի մարդ ուժգին հարուածեց նրան, իսկ նա պատասխանեց. «Ես համբերում եմ յանուն իմ Քրիստոսի, այլապէս ես եւս կարող էի աւելի ուժգին հարուածել, եւ ձեր թագաւորը չէր կարող ինձ դէմ կանգնել»: Այս ասելով՝ նա լցուեց Սուրբ Հոգով եւ սուրբերին չարչարողներին ասաց. «Անօրենութեան ծառանե՛ր եւ սատանայի ձեռքում բռնուածնե՛ր, մի՞թէ կամենո՞ւմ էք Աստուծոյ երկիւղած անձանց ձեզ հետ կործանել»: Եւ նրանց շատ այլ բաներ ասաց Աստուծոյ փառքի մեծութեան ու հեթանոսական մոլորութեան արհամարհելի լինելու մասին: Իսկ զինուորները, զարմանալով նրա զօրաւոր խօսքերի վրայ, միաժամանակ զարհուրելով նրա ազդու տեսքից, չհամարձակուեցին բռնել նրան, այլ գնալով պատմեցին Դիկոս դատաւորին, թէ ինչպէս է նա վրէժխնդիր եղել քրիստոնեաների համար եւ թէ ինչ խօսքեր է ասել: «Այժմ, - ասացին, - վարուիր այնպէս, ինչպէս քեզ հաճոյ կը լինի»:

 

Այնժամ դատաւորը երկու հարիւր զինուոր ուղարկեց՝ այդ մասին տեղեկանալու եւ նրան ատեանի առաջ բերելու համար, որպէսզի առաւել ստոյգ տեղեկութիւն ստանայ նրա մասին: Իսկ երանելին այդ պահին գտնւում էր Աստուծոյ տանը եւ ծածուկ աղօթում էր բեմի առաջ՝ ասելով. «Տէ՛ր, գոհանում եմ Քեզնից Քո մեծ շնորհների համար, որ պարգեւեցիր ինձ՝ Քեզ ճանաչելու եւ Քո կամքը կատարելու համար: Այժմ մի՛ զրկիր ինձ Քո օգնութիւնից, այլ Քո բարեհաճութեամբ առաջնորդի՛ր ինձ Քո կամքի խորհուրդներով: Բացի՛ր իմ բերանը՝ թագաւորների եւ դատաւորների առաջ՝ որպէսզի Քո անուան համար վկայեմ կենաց խօսքը, եւ որպէսզի բարձրանայ ու փառաւորուի Քո սուրբ անունը, որովհետեւ միայն Դու ես արժանի փառքի ու պատուի»: Այս եւ նման խնդրանքներով ու ջերմ արտասուքներով երանելին պաղատում էր Աստուծոյ առաջ:

 

Եւ ահա զինուորները վրայ հասան ու յայտնեցին նրան դատաւորի հրամանը՝ ասելով. «Մենք եկել ենք քեզ կալանաւորելու եւ ատեանի առաջ տանելու»: Երանելին արիաբար պատասխանեց. «Քրիստոս ինձ ազատեց սատանայի կապանքներից ու նրա բոլոր պատրանքներից ու առաջնորդեց խաւարից դէպի լոյս, անաստուածութիւնից դէպի ճշմարիտ աստուածգիտութիւն: Ես ուրախութեամբ եմ ընդունում կապանքները, չարչարանքները եւ մահը, որ Քրիստոսի համար են, որովհետեւ Նա, Ով Տէրն է երկնքի ու երկրի, այդ ամէնը կամաւոր կրեց ինձ համար: Ովքեր ճանաչեցին ու հաւատացին Նրան, լուսաւորեց նրանց բոլորին եւ հրաւիրեց Իր արքայութիւնը: Եւ եթէ դուք էլ կամենաք, ապա բաց է Նրա ողորմութեան դուռը, Նա կ՚ընդունի ձեզ»:

 

Այնժամ եկած մարդիկ սարսափեցին սուրբի ահեղակերպ երեւմունքից, որ Տէրը ցոյց տուեց նրանց: Լուսաւորուեցին Աստծուց, Ով բացեց նրանց սրտերը՝ ընդունելու կենաց խօսքը, որ քարոզեց երանելին, եւ երկու հարիւր զինուոր հաւատացին ամենասուրբ Երրորդութեանը: Իսկ երանելին սկսեց գոհանալ Տիրոջից եւ ասաց այս սաղմոսը. «Այստեղ օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, որ եկաք Տիրոջ տունը եւ մեր Աստուծոյ գաւիթները: Դէպի սրբութիւն պարզէ՛ք ձեռքերը ձեր, եւ օրհնեցէ՛ք Տիրոջը»[3]: Աւարտելով սաղմոսը եւ բոլորի հետ աղօթելով՝ գոհութիւն յայտնեց եւ օրհնեց Տիրոջն անպատում սքանչելիքների համար, ապա կանչել տուեց տեղի սուրբ Պետրոս երէցին եւ խնդրեց նրան մկրտել իրեն ու իր հետ եղողներին: Եւ նա Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով մկրտեց բոլորին, փոխեց երանելի Մարգարիտի անունը եւ նրան Քրիստափոր կոչեց, որ թարգմանաբար նշանակում է քրիստոսազգեաց կամ քրիստոսակիր:

 

Արդ, երէցը, որ մկրտեց Քրիստափորին եւ երկու հարիւր զինուորներին, յանձնեց նրանց Քրիստոսի շնորհների տնօրինութեանը եւ հեռացաւ: Իսկ երանելի Քրիստափորն սկսեց մխիթարել նորահաւատներին եւ ասել. «Ի՛մ որդիներ, ես ծնեցի ձեզ Յիսուս Քրիստոսի աւետարանով: Տեսէ՛ք, թէ Ում ընծայուեցիք ծառայութեան: Հաստատուն մնացէք ձեր արդարութեան գործերում, որպէսզի հաճոյ լինելով մեր յոյս Քրիստոսին՝ յաւիտենական փառքի ժառանգորդներ լինէք»: Եւ նրանք միաբերան պատասխանեցին. «Մենք քեզ հետ ենք թէ՛ կեանքում եւ թէ՛ մահուան ժամանակ: Արա՛ այն, ինչ կամենում ես»: Քրիստափորն ասաց նրանց. «Եկէ՛ք միասին գնանք ու կանգնենք ատեանի առաջ, ինչպէս ձեզ հրամայուեց դատաւորի կողմից, եւ ինձ էլ ձեզ հետ տարէք կապանքներով»: Զինուորները չէին կամենում անել, բայց նա համոզեց լսել իրեն:

 

Երբ երանելուն կապանքներով տարան Դիկոս դատաւորի առջեւ, սուրբը, զարդարուած Քրիստոսի շնորհներով, նրան երեւաց ահազդու կերպարանքով: Դատաւորն սկսեց մեղմութեամբ հարցաքննել ու ասել. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին: Ասում են, թէ դու վրէժխնդիր ես լինում քրիստոնեաների համար եւ արհամարհում ես աստուածներին ու թագաւորների հրամանները: Ի՞նչ է քո անունը եւ ո՞ր ազգից ես, ասա՛ ինձ ճշմարտութեամբ»: Սուրբը պատասխանեց. «Իմ ազգութիւնը տեսանելի է իմ արտաքին տեսքից, իսկ անունս մկրտութեամբ փոխուել եւ Քրիստափոր է կոչուել, որովհետեւ ես Քրիստոսին եմ հագել: Մերկանալով խաւար կռապաշտութիւնից՝ ես փառաւորում եմ ճշմարիտ Աստծուն եւ արհամարհում կռածոյ ու կոփածոյ ձեռակերտ աստուածներին, ինչպէս նաեւ այն թագաւորների հրամանները, որոնք հակառակ են ճշմարիտ Աստծուն եւ անմահ երկնաւոր Թագաւորին, որ բնակւում է անմատոյց լոյսի մէջ»: Դատաւորն ասաց. «Այդպէս յանդուգն մի՛ խօսիր, այլ հնազանդուի՛ր ու զոհ մատուցիր, որպէսզի մեծամեծ պարգեւներ, պատիւ եւ իշխանութիւն ստանաս թագաւորից: Իսկ եթէ չկամենաս, քեզ կը մատնեմ մահաբեր տանջանքների՝ մինչեւ որ մեռնես, եւ Քրիստոս չի կարող փրկել քեզ իմ ձեռքից»: Քրիստափորը պատասխանեց. «Ինձ ո՛չ քո իշխանութիւնն է պէտք, ո՛չ պատիւդ եւ ո՛չ էլ պարգեւներդ, որոնք խոստանում ես՝ ինձ հնազանդեցնելու համար: Ես չեմ հնազանդուի՝ չվախենալով ո՛չ տանջանքներից եւ ո՛չ էլ մահից, որին պիտի մատնես: Ես յոյս եմ դնում իմ Փրկիչ Աստուծոյ վրայ, Ով կարող է ինձ հաստատուն պահել ճշմարիտ խոստովանութեան ժամին: Ես զոհ չեմ մատուցի դեւերին, իսկոյն արա՛ այն, ինչ պիտի անես»:

 

Այնժամ դատաւորը հրամայեց կախել նրան եւ քերել մարմինը: Այդպէս երկար տանջուելով՝ սուրբն ամենեւին չմոլորուեց բռնաւորի խօսքերից, այլ միայն գոհանում էր եւ օրհնում Աստծուն: Դիկոսը զարմանում էր, որ նա արհամարհում էր տանջանքները եւ մտածում էր, թէ ինչ հնարք բանեցնի: Այնժամ անօրէններից մէկը մօտեցաւ իշխանին եւ ասաց նրան. «Թող կանչեն պոռնիկ կանանց, եւ թող դա նրանց հետ փակուի մի տան մէջ: Այդպէս նրանց միջոցով նա ստիպուած կը հնազանդուի»: Չար խորհուրդը հաճելի թուաց դատաւորին, եւ նա հրամայեց կանչել երկու պոռնիկ կանանց, որոնց անուններն էին Կալլինիկէ եւ Ակիւլինէ: Խրատեց նրանց, որ զարդարուեն եւ պոռնկութեան կերպարանքով սուրբին անսթափ դարձնեն ու այդպէս հնազանդեցնեն իրենց կամքին:

 

Քրիստափորին տարան այդ տունը, պոռնիկ կանանց էլ՝ նրա յետեւից: Այնժամ սուրբն աղօթեց առ Աստուած՝ հայցելով պոռնիկների դարձը: Նա արտասուքներ էր հեղում Քրիստոսի առաջ՝ նրանց փրկութեան եւ մեղքերի թողութեան համար: Յիշատակում էր Աստուծոյ մարդասիրական գթութիւնը, «որովհետեւ Քո ստեղծածներն են, - ասում էր, - եւ թող Քո փառքի համար նրանք լինեն Քո երկրպագուները՝ սրբուելով մեղքերից հաւատով եւ արեան մկրտութեամբ»: Աղօթելուց յետոյ սկսեց կեանքի եւ սրբութեան խօսքեր քարոզել նրանց: Եւ նրանք հնազանդուեցին աստուածային ներգործութեամբ ու սուրբի աղօթքներով, որովհետեւ այդ օրը երկուսն էլ հաւատացին Աստծուն, խոստովանեցին, արտասուեցին իրենց մեղքերի համար եւ յանձն առան սրբուել եւ մեռնել Քրիստոսի անուան համար, «միայն թէ, - ասացին մեղաւոր կանայք, - ողորմած Տէրն արժանացնի ընդունել իրենց»:

 

Եկաւ դատաւորի հրամանը, որով նրանց իր մօտ էր կանչում: Եւ երբ եկան, դատաւորը հարցաքննեց Կալլինիկէին ու Ակիւլինէին՝ ասելով. «Կարողացա՞ք աստուածների փառքի համար համոզել այդ օտարազգի մարդուն»: Իսկ նրանք պատասխանեցին. «Ոչ թէ նա մեր կողմը դարձաւ, այլ մենք նրա միջոցով ճանաչեցինք Քրիստոս Աստծուն եւ արհամարհեցինք կուռքերին: Այսուհետեւ մենք սթափուել ենք սուրբ կեանք վարելու համար եւ հատուցում ենք՝ փառաւորելով Քրիստոս Աստծուն ու միշտ պիտի փառաւորենք»: Դատաւորը բարկացաւ եւ իսկոյն հրամայեց կախել երկու կանանց, երկարատեւ չարչարանքներով տանջել նրանց մինչեւ մահ: Իսկ սուրբ Քրիստափորն աղօթում էր առ Աստուած, որպէսզի գթայ նրանց Իր մարդասէր շնորհներով, առհասարակ որոնցով ապրում են արդարներն ու մեղաւորները: Եւ երանելի կանայք, համբերելով տանջանքներին, բարի խոստովանութեամբ ու վկայութեամբ աւանդեցին իրենց հոգիներն իրենց արեան հեղմամբ՝ սրբուելով բոլոր մեղքերից Քրիստոսի շնորհներով եւ մարդասիրութեամբ: Բռնաւորը հրամայեց այրել երանելիների սուրբ մարմինները:

 

Այնուհետեւ դատաւորը հրամայեց առաջ բերել Քրիստափորին: Ասաց նրան. «Մինչեւ ե՞րբ պիտի յամառես եւ չհնազանդուես թագաւորի հրամաններին՝ ի փառս աստուածների»: Սուրբը պատասխանեց. «Ես հնազանդւում եմ իմ Աստուծոյ հրամաններին եւ ամէն ժամ Նրան եմ փառաւորում՝ այժմ եւ յաւիտեան»: Եւ ահա այնտեղ գտնուող երկու հարիւր զինուորները, որոնք նրա քարոզով հաւատացել էին Աստծուն, բարձրաձայն ձայնակցեցին սուրբին՝ ասելով՝ ամէն եւ ատեանի առաջ իրենց քրիստոնեայ խոստովանեցին: Զայրանալով նրանց համարձակութեան վրայ՝ դատաւորը հրամայեց միանգամից սրի քաշել նրանց եւ մէկ առ մէկ կոտորել: Նրանք իրենց նահատակութեան ժամին ասում էին. «Փա՛ռք Քեզ, Քրիստո՛ս, որ արժանացրիր մեզ մեռնել Քո մեծ անուան համար: Եւ այժմ Քո անուամբ Քո սուրբերի հետ ընդունի՛ր մեզ անուշ բոյրի մէջ»: Այնուհետեւ բռնաւորը հրամայեց երանելի սուրբ Քրիստափորին մատնել դառնագոյն տանջանքների, «... որպէսզի, - ասաց, - միւսների պէս արագ չվախճանուի՝ իբրեւ սակաւամեղ»: Հրամայեց բերել ձէթ եւ ձիւթ, լցնել պղնձէ մեծ կաթսայի մէջ, եռացնել ու նահատակին կանգնեցնել դրա մէջ, սակայն նա ողջ էր մնում վերին Զօրութեան օգնութեամբ: Տեսնելով այդ սքանչելիքը՝ շատերը հաւատացին Տիրոջը, իսկ բռնաւորն ամօթահար եղաւ՝ սատանայի իր գործակիցներով հանդերձ: Բռնաւորն աւելի ու աւելի բորբոքուեց բարկութեամբ եւ հրամայեց սրով կեանքից զրկել բոլոր նրանց, ովքեր հաւատացին, իսկ մարմիններն այրել: Սուրբ Քրիստափորի համար էլ հրամայեց քար կապել նրանից եւ երկար քարշ տալ, սակայն նա դարձեալ չմեռաւ, այլ ողջ էր Տիրոջ շնորհով եւ գոհանում էր Աստծուց, որ Նրա անուան համար արժանի եղաւ ընդունել այդպիսի չարչարանքներ: Բռնաւորը, զարմացած նրա ժուժկալութեան վրայ, հարցրեց նրան. «Ի՞նչ ես մտածում եւ ի՞նչ ունես ասելու: Այսուհետեւ հնազանդւո՞ւմ ես մեր կամքին: Դու, որ այդպիսի տանջանքների մատնուեցիր, բայց քո Քրիստոսը, Ում հետ յոյս էիր կապել, թէ կը փրկի քեզ, չօգնեց»: Քրիստափորը պատասխանեց. «Ո՛վ բռնաւոր, ճանաչի՛ր քո անօրէնութիւնը եւ տկարութիւնը, որովհետեւ ինձ հասցրած քո տանջանքներով դու չկարողացար համոզել ինձ: Ես մարտնչեցի Քրիստոսի զօրութեամբ, յաղթեցի նրան, որը քո միջոցով ծածուկ պատերազմում է իմ դէմ եւ ամաչեցրի: Եւ այժմ շտապում եմ ելնել այս մարմնից ու մտնել առ Աստուած նրանց հետ, ովքեր վկայեցին եւ քո ձեռքով փոխուեցին մեր յոյսի՝ Քրիստոսի մօտ: Մեր կեանքը Քրիստոս է, իսկ մեռնելը՝ շահ: Ողջերի եւ մեռածների նոյն Տէրն է, որ բարիքներ է հատուցում բարեգործներին, իսկ չարագործներին՝ յաւիտենական տանջանքներ»:

 

Երբ բռնաւորը տեսաւ սուրբի հաստատուն միտքը եւ տեսաւ նաեւ, որ ինքը յաղթուած է ամէն բանում, որոշեց շտապ զրկել նրան կեանքից, որպէսզի նրա միջոցով ուրիշները եւս չհաւատան Քրիստոսին եւ չարհամարհեն սնոտի պաշտամունքը, որի համար հրամայեց երանելուն սրի քաշել:

 

Եւ երբ սուրբին տարան նահատակութեան վայրը, նա խնդրեց դահիճներին փոքր-ինչ ժամանակ տալ՝ աղօթելու համար: Եւ ծնրադրեց ու արտասուելով ասաց. «Տէ՛ր Աստուած, յիշի՛ր ինձ, որ մեռնում եմ Քո անուան համար եւ ընդունի՛ր ինձ նրանց հետ, որոնց մահը փառաւորուած է Քո Տէրութեան առջեւ: Դու փրկեցիր մեզ չարչարանքներից ու բոլոր նեղութիւններից, ամաչեցրիր մեզ ատողներին եւ Քո հանդէպ իմ յոյսը հաստատուն պահեցիր: Ինչպէ՞ս հատուցեմ այն ամէնի փոխարէն, որ տուեցիր ինձ: Ես կ՚ընդունեմ մահուան բաժակը, կը կանչեմ Տիրոջ անունը եւ Քո ողորմութեան ու ճշմարտութեան համար կը խոստովանեմ Քեզ: Քրիստո՛ս, ի՛մ յոյս, կեա՛նք եւ պատի՛ւ, շնորհներ տո՛ւր իմ հանգստարանին՝ ի նպաստ հաւատացեալների եւ Քո անուան փառքի համար: Ովքեր կը յիշեն իմ չարչարանքները, որ Քո սուրբ անուան համար էին, եւ ովքեր նեղուած կը լինեն տեսակ-տեսակ ցաւերով ու տանջանքներով, երբ մօտենան իմ ոսկորների նշխարներին, թող բժշկութիւն լինի թէ՛ մարդու եւ թէ՛ անասունի համար: Թող հալածուեն դեւերը, հիւանդներն առողջանան, մեղքերը ջնջուեն, հաւատացեալների պատերազմները յաղթեն: Բոլոր շունչ ունեցող կենդանիները, բոյսերն ու տնկիները, որ տրուեցին մարդկանց կարիքների համար, թող աճեն եւ պահպանուեն՝ չարժանանալով Քո բարկութեան հրամանին, քանզի Դու ես բոլոր արարածների Տէրն ու Արարիչը, որ հարուածում ես ու բժշկում Քո ողորմութեամբ, ինչպէս որ կամենում ես: Այժմ Քո արժանաւորների հետ ինձ եւս ընդունի՛ր Քո յաւիտենական յարկերում, որտեղ մերժուած են մեղքերը, եւ արդարութիւնը հանգիստ է գտել մեր Տէր Յիսուս Քրիստոսով: Թող որ ես եւս հանգստանամ այդտեղ եւ Քո սուրբերի հետ փառաւորեմ ամենասուրբ Երրորդութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:

 

Եւ յանկարծ երկինքը որոտաց եւ ձայն լսուեց, որն ասաց. «Քրիստոսի՛ զինուոր, ե՛կ այն տեղը, որ Աստուած պատրաստել է Իր սիրելիների համար, եւ քո եղբայրների հետ յաւիտեան վայելի՛ր անպատում բարիքները»: Այստեղ վկայագիրն աւելացնում է, թէ նահատակութեան վայրում կային հաւատացեալ մարդիկ, որոնք էլ լսեցին եւ պատմեցին այս բոլոր եղելութիւնների մասին: Եւ այնտեղ անմիջապէս գլխատեցին երանելուն, որ եղաւ Տիրոջ 362 թուականին, Մեհեկան[4] ամսի հինգին:

 

Իմանալով երանելու սուրբ վկայութեան մասին՝ Աթանաս եպիսկոպոսը, որը Պարսից սահմանակից Տալիա քաղաքից էր, եկաւ Անտիոք, երեք հարիւր դահեկան տուեց պահապաններին, որոնք հսկում էին երանելու մարմինը եւ տարաւ իր քաղաքը, ուր վկայարան շինեց եւ մեծ պատուով սուրբ վկայի նշխարները դրեց այնտեղ: Երանելի Քրիստափոր վկայի բարեխօսութեամբ մեծ բժշկութիւններ էին լինում բոլոր նրանց համար, ովքեր հաւատով մօտենում էին սուրբի տապանին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ սուրբ Քրիստափոր վկային, սուրբ Ակիւլինէին ու Կալինիկէին յիշատակում է ս. Խաչի վեցերորդ հինգշաբթի օրը՝ սուրբ Խարիթեանների եւ սուրբ Արտեմիսին հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 415:

 

 

 

՚

[1] Ըստ տէր Իսրայէլի՝ նրա անունը  եղել է Ռէպոբրէ, որ թարգմանաբար նշանակում է Մարգարիտ, որը նրա նախկին անունն էր:

[2] Ոմանք նրան շփոթում են Դեկոս կայսեր հետ, եւ ոմանք էլ նրան Դագնոս թագաւոր են կոչում:

[3] Սաղմ. ՃԼԳ 1-2:

[4] Մեհեկան ամիսը դեկտեմբերի 16-ից մինչեւ յունուարի 14-ն ընկած ժամանակահատուածն է: