ՍՐԲՈՒՀԻ ԹԷՈԴՈՏԷԻ ԵՒ ՆՐԱ ԵՐԵՔ ՈՐԴԻՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Ճգնաւորք ճշմարիտք եւ վկայք Քրիստոսի.

Որք զչարչարանս եւ զմահ յանձն առիք վասն Տեառն.

Զձեզ ունիմք բարեխօս առ Քրիստոս վասն անձանց մերոց:

Քանզի հեղմամբ արեան ձերոյ պայծառացան սուրբ եկեղեցիք.

Եւ զստուերամած խաւար կռապաշտութեանցն բարձիք զձեզ:

Երկնային զօրքն իջեալ ի պատիւ պատարագի մահուան ձերոյ.

Եւ զպսակս անապական առ բերելով ի Հօրէ Լուսոյ զձեզ:

(Շարակնոց)

 

Աստուածասէր եւ բարեպաշտ այս կինը՝ Թէոդորիտէն, Լիկիայի Իկոնիոն քաղաքից էր, բայց քանի որ նահատակուել է Բիւթանիայի Նիկիա քաղաքում, շատերի կողմից բիւթանացի է կոչւում: Դիոկղետիանոսի հալածանքների տարիներին Թէոդորիտէն այրիացել էր դեռ վաղ հասակում: Նա իր երեք դեռատի զաւակների հետ ապրում էր պահեցողութեամբ եւ աղօթքներով՝ կատարելով Աստուծոյ պատուիրանները, ուսուցանում էր իր որդիներին ապրել պարկեշտ եւ աստուածահաճոյ վարքով ու քրիստոնէական հաւատքի գործերով, որի համար հալածողները բռնեցին նրան ու իր զաւակների հետ տարան Բիւզանդիայից էլ այն կողմ՝ մինչեւ Մակեդոնիա՝ կայսեր առաջ կանգնեցնելու համար, որն այդ ժամանակ գտնւում էր այնտեղ:

 

Այդ օրերին այնտեղ էր գտնւում նաեւ հռոմէացի մեծ վկայուհին՝ Քրիստոսի աղախին սուրբ Անաստասիան: Թէոդորիտէն նրանից հոգեւոր մխիթարութիւն ստացաւ, լսեց շատ խրատներ ու քաջալերող խօսքեր՝ հաւատքի մէջ հաստատուն մնալու, անձի սրբութիւնը պահելու եւ տանջանքներից չվախենալու մասին: Եւ այդպէս նա աւելի ու աւելի զօրացաւ Տիրոջով:

 

Երբ Թէոդորիտէին կանգնեցրին թագաւորի ատեանի առջեւ, նա համարձակ խոստովանեց Քրիստոս Աստծուն: Նրա որդիները եւս, սովորելով նրանից, կրկնում էին՝ քրիստոնեայ ենք: Հարցաքննութիւնից յետոյ, մինչ կամենում էին մօրն ու որդիներին բանտարկել ու նրանց մահուան վճիռն արձակել, մի իշխան՝ Լեւկադիոս անունով, գրաւուելով Թէոդորիտէի գեղեցկութեամբ, խնդրեց թագաւորին խնայել այդպիսի գեղեցկութիւնը եւ նրան կնութեան տալ իրեն: Թագաւորը համաձայնեց՝ մտածելով, որ այդպիսով կինը կը հրաժարուի իր քրիստոնէական հաւատքից:

 

Նրանց իր տուն տանելով՝ իշխանն սկսեց հրապուրել նրան՝ իր հետ ամուսնանալու համար, իսկ Թէոդորիտէն ասաց. «Եթէ ցանկանում ես իմ հարստութիւնն ու ունեցուածքը եւ այդ պատճառով ես ուզում ամուսնանալ ինձ հետ, ահա քեզ եմ տալիս այն բոլորը, որ ունեմ այստեղ եւ իմ երկրում եւ այդ բոլոր գանձերի փոխարէն ինձ համար կը պահեմ միայն Քրիստոսին: Իսկ եթէ մարմնիս գեղեցկութիւնն ես սիրում, անհնարինն ես խնդրում, որովհետեւ քեզ համար աւելի դիւրին է փոխել իմ կերպարանքը, քան իմ միտքը, որն իմ զուգակցի մահից յետոյ սուրբ սիրոյ մէջ է հաստատուած: Առաւել եւս ես քրիստոնեայ եմ, չեմ կարող հեթանոսի կին լինել: Եւ ես չեմ փոխի իմ այս խորհուրդները, թէպէտ ինձ կորստեան մատնես սրով կամ հրով ու ամէն տեսակ տանջանքներով»: Իշխանը չկամեցաւ խիստ վարուել նրա հետ, այլ օր օրի թախանձելով՝ մտածում էր իր կամքով քաղցրութեամբ շահել նրան: Այնժամ Թէոդորիտէն խորամանկութեամբ ասաց իշխանին. «Համբերի՛ր մի քանի օր, որպէսզի մտածեմ եւ հաւաքեմ իմ ունեցուածքը»: Եւ իշխանը թոյլ տուեց, քանի որ Լեւկադիոսն ինքը պատրաստւում էր արքայի հետ տեղափոխուել Բիւթանիա, որի համար Թէոդորիտէին ու նրա որդիներին թողեց տանը, եւ ինքը ճանապարհ ընկաւ:

 

Այս ազատութեան մէջ բարեպաշտ Թէոդորիտէն սուրբ Անաստասիային հետ համարձակ պաշտում էր քրիստոնէութիւնը: Նա իր ամբողջ ունեցուածքը բաշխեց աղքատներին եւ քրիստոնեայ բանտարկեալներին: Նա դարմանում էր նրանց վէրքերը եւ հաստատում նրանց սուրբ հաւատքի մէջ: Երբ առանձնանում էին, Անաստասիան Թէոդորիտէին պատմում էր Քրիստոսի անուան համար կրած իր բոլոր հալածանքների, չարչարանքների ու այն գործերի մասին, որ Աստուած արել էր իր ձեռքով: Եւ այս ամէնն այրում էր Թէոդորիտէի հոգին՝ վկայութեան հանդէս մտնելու համար:

 

Երբ Լեւկադիոս իշխանը վերադարձաւ Բիւթանիայից եւ իմացաւ Թէոդորիտէի բոլոր գործերի մասին, հասկացաւ, որ խաբուել է: Մանաւանդ շատ ողոքիչ խօսքերով ու սպառնալիքներով փորձեց համոզել նրան, բայց տեսաւ, որ կինն անդրդուելի է մնում իր աստուածասէր կամքի եւ սուրբ հաւատքի մէջ: Հասկանալով, որ նրա խրատատուն Անաստասիան է, քարշ տուեց նրան լիւրիկեցիների եպարքոսի ատեանի առաջ, որը  նահատակուեց շատ չարչարանքներ կրելուց յետոյ, իսկ Թէոդորիտէին կապեց շղթաներով, նրա երեք որդիների հետ յանձնեց արքունի զինուորականին եւ գրութեամբ հանդերձ ուղարկեց Բիւթանիա՝ թագաւորի մօտ: Թագաւորն էլ մատնեց նրան Նիկետիոս դատաւորի ձեռքը, որը փոխարինում էր Նիկիայի բդեշխին: Դատաւորը շատ ողոքիչ խօսքերով խրատում էր սրբուհուն եւ ասում. «Խղճա՛ քեզ ու քո զաւակներին, զո՛հ մատուցիր կուռքերին՝ հնազանդուելով արքայի հրամաններին, որպէսզի փրկուէք եւ մեծ բարիքների արժանանաք: Եթէ ոչ յանուն քեզ, գոնէ յանուն քո որդիների ընտրի՛ր շահեկանը»: Թէոդորիտէն պատասխանեց. «Քանի որ ես սիրում եմ իմ Աստծուն, ուստի չեմ ուրանայ Նրան եւ զոհ չեմ մատուցի օտարոտի աստուածներին, որովհետեւ ճշմարիտ հաւատով Քրիստոսին եմ դաւանում»:

 

Այնժամ նրանց վախեցնելու համար բերեցին չարչարանքների գործիքներ: Թէոդորիտէի աւագ որդին՝ իմաստուն պատանի Եւոդիոսը, թքեց գործիքների վրայ եւ ասաց. «Ո՛վ դատաւոր, մենք չենք վախենում մարդկանց տանջանքներից, որոնք մարմնին անապականութիւն են պատճառում, իսկ հոգուն՝ անմահութիւն: Քրիստոսի անուան համար կրած չարչարանքներն առաւել քաղցր են մեզ համար, քան խորտիկներով լի հիւրասիրութիւնները: Մենք առաւել երկնչում ենք Աստծուց, Ով կարող է հոգին ու մարմինը կորստեան մատնել գեհենում»: Եւ մէջբերելով աւետարանից՝ այլ խօսքեր եւս ասաց դատաւորին:

 

Նայելով սքանչելի պատանուն՝ դատաւորն ասաց. «Տեսնում եմ, որ դեռատի ես, ու զարմանում եմ, թէ ինչպէս եւ որտեղից ես սովորել այդ ամէնը, որը իւրաքանչիւր կրօնի մէջ քչերը գիտեն իրենց երկար տարիների քրտնաջան ուսմամբ»: Եւոդիոսը պատասխանեց. «Մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս ասել է, թէ երբ ձեզ կանգնեցնեն թագաւորների եւ դատաւորների առաջ, մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ պահին կը տրուի ձեզ այն, ինչ պիտի ասէք: Եւ այժմ էլ իմը չեն այդ խօսքերը եւ ոչ էլ մարդկային իմաստութեան արդիւնք են, այլ դրանք յայտնապէս Աստուծոյ կողմից են դրւում իմ բերանում»:

 

Դատաւորը յուսահատուեց, որ կը նուաճի մօրն ու անդրանիկ որդուն, որն արբունքի մօտ էր եւ սկսեց փորձել միւս երկու դեռատի մանուկներին, սակայն նրանց եւս անսասան գտաւ ի Քրիստոս հաւատքի մէջ՝ արժանի իրենց ծնողին, որի համար դարձաւ երեխաների մօրն ու աւագ որդուն եւ ասաց. «Խնայէ՛ք ձեզ եւ ձեր մատաղ մանուկներին, որպէսզի ձեր աչքի առաջ չտեսնէք նրանց սոսկալի վախճանը»: Եւ երբ դատաւորը չկարողացաւ ոչինչ անել, հրամայեց մօր առաջ գաւազանով մէկ առ մէկ հարուածել երեք եղբայրներին, իսկ մայրը քաջալերում էր նրանց հաստատուն մնալ հաւատքի մէջ եւ դիմանալ ցաւերին: Նա ասում էր. «Մի՛ երկնչէք, որդեակնե՛ր, ամո՛ւր եւ անսասան մնացէք Տիրոջով: Այս հարուածների դիմաց, որ կրում էք Քրիստոսի անուան համար, ձեզ մեծ փառք եւ պսակներ են սպասւում»:

 

Բարկացած դատաւորը բանսարկուի խրատով այլ չար խորհուրդ մտածեց. սրբասէր Թէոդորիտէին յանձնեց Ուրտակ անունով մի անառակ զինուորի ձեռքը, որպէսզի նա նրան իր տուն տանի, պղծի, ապա պոռնկատուն գցի: Ուրտակը քարշ տալով նրան իր տուն տարաւ, սակայն չարի խորհուրդներն ապարդիւն անցան: Քանզի մինչ նա կամենում էր մօտենալ կնոջը, անմիջապէս պայթեցին նրա ռունգերի երակները, եւ յորդ արիւն հոսեց: Լուրը հասաւ դատաւորին, եւ երբ այդ մարդը փոքր-ինչ ուշքի եկաւ, դատաւորը կանչեց նրան եւ հարցրեց, թէ ինչ պատահեց նրան: Ուրտակը բարձրաձայն աղաղակեց. «Ես տեսայ ոսկէ հանդերձներով մի լուսատեսիլ մարդ, որը կանգնած էր Թէոդորիտէի մօտ՝ որպէս նրա պահապան: Նա ուժգին ապտակեց ինձ, որից հոտառութիւնս վերացաւ»:

 

Իսկ անամօթ բռնաւորը, ոչինչ համարելով եղածը, կանչել տուեց Թէոդորիտէին ու ասաց. «Եթէ չպաշտես անմահ աստուածներին, քո աչքի առջեւ որդիներդ կ՚ընկնեն՝ դիակ դառնալով»: Վկայուհին ասաց. «Վաղուց ցանկանում եմ, որ նախ իմ որդիներին ուղարկեմ Քրիստոսի մօտ եւ նրանց խաղաղ նաւահանգիստ հասցնելով՝ ես էլ հասնեմ նրանց յետեւից ու վայելչապէս ասեմ. "Ահա ես եւ իմ մանուկները, որոնց Աստուած տուեց ինձ"»:

 

Անօրէնը դառնացաւ, հրամայեց որ Քրիստոսի աղախնուն իր երեք որդիների հետ նետեն բորբոքուած կրակի մէջ, իսկ Թէոդորիտէն աղօթեց՝ ասելով. «Օրհնեա՛լ է Բարձրեալի անունը, որ ո՛չ այս կեանքում եւ ո՛չ էլ հանդերձեալում չբաժանեց ինձ իմ զաւակներից»: Եւ այսպէս, միաբան օրհնելով Տիրոջը, հրի մէջ առ Աստուած աւանդեցին իրենց հոգիները: Նրանց նահատակութիւնը եղաւ Թէոդորիտէի հոգեւոր դաստիարակի՝ սուրբ Անաստասիայի նահատակութիւնից առաջ՝ Տիրոջ 300 թուականին:

 

Այնուհետեւ սուրբ Թէոդորիտէն ամէն գիշեր փառաւոր կերպով երեւում էր երանելի Անաստասիային եւ հրաւիրում նրան հաղորդ լինել իրենց երկնային ուրախութիւններին: Ինչպէս որ Անաստասիան էր քաջալերում Թէոդորիտէին, մինչ նա կենդանի էր, նոյնպէս էլ նա փոխուելուց յետոյ խրախուսում էր Անաստասիային դէպի նահատակութիւն: Թէոդորիտէի յաճախակի երեւմունքներից յետոյ Անաստասիան հարցրեց նրան. «Ինչպէ՞ս ես կարողանում գալ ինձ մօտ քո վախճանից յետոյ»: Եւ նա պատասխանեց. «Աստուած վկաների հոգիներին շնորհ է պարգեւել, որ կարողանան այցելել եւ մխիթարական ու խրատիչ խօսքեր ասել նրանց, ում որ կամենան»:

 

Անաստասիան այս տեսիլքները տեսնում էր, երբ նա գտնւում էր լիւրիկեցիների երկրի բանտում, որտեղից նրան տարան Պալմիւրայի կղզին, ուր բազմապիսի տանջանքներով նահատակուեց մեծ բազմութեան՝ շուրջ երկու հարիւր տղամարդկանց եւ եօթանասուն կանանց հետ:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Թէոդորիտէի ու նրա որդիների յիշատակը տօնում է սուրբ Խաչին յաջորդող եօթերորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Անաստաս քահանայի եւ սուրբ Վարոսի հետ:

 

Սկզբնաղբիւրներ

1.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 762: