Ժողովեալքս ի յիշատակ սրբոց Քոց Քրիստոս.
աղաչե՜մք զՔեզ, սոցա բարեխօսութեամբ՝ ողորմեա՜:
Երկրպագեմք առաջի բեմի Քո Քրիստոս.
ընկալ Քո գթութեամբդ զաղաչանս մեր. սոցա բարեխօսութեամբ՝ ողորմեա՜:
Զորս հոգւով եւ մարմնով որպէս զանմարմին անարատ ի գալուստ Քո պահեսցես,
մարդասէր Փրկիչ. սոցա բարեխօսութեամբ ողորմեա՜:
(Շարակնոց)
Սուրբ Սոփիան` իր դուստրերով հանդերձ, Շամունէի եւ նրա ուստրերի նմանութեամբ արդարեւ կարիք ունէր վկայագրի, որպէսզի Հնի համեմատ Նորում յայտնի դառնար Քրիստոսի շնորհների առաւելութիւնը եւ երեւար Սողոմոնի նոր անուանակցի՝ Սոփիայի («Սոփիա» եւս թարգմանւում է «իմաստութիւն») զաւակների՝ Հաւատի, Յոյսի եւ Սիրոյ արիութիւնը, որոնց յունարէն անուանումներն են Պիստիս, Էլպիս եւ Ագապի:
Մետափրաստեսին զուգահեռ նրանց մասին վկայաբաններից շատերը գրեցին մարդկային պերճաբանութիւններով, սակայն իրենց խօսքերով որքան էլ կամեցան պաճուճաւորել նրանց, աղօտացրին նրանց վարքի ու նահատակութեան փայլը, որովհետեւ գեղեցիկ մարգարիտները, ինչպէս նաեւ բոլոր պատուական քարերն ու մաքուր ոսկին, իրենց կողքին այլ զարդերի կարիք չունեն, այլ բաւական է միայն իրենց գոյութեան իսկութիւնը: Այդ պատճառով փորձենք առաջ բերել նրանց պատմութիւնը՝ ըստ մեր Յայսմաւուրքի համառօտագիր եւ ստուգագոյն աւանդութեան, որը շարադրել է տէր Իսրայէլ վարդապետը:
Քրիստոսի աղախին Սոփիան սերում էր մեծահարուստ ու պատուական ազգից: Նա իր դուստրերին մեծացրել էր բարեպաշտութեամբ, նրանք լի էին աստուածիմաստ հանճարով, անգիր գիտէին բոլոր մարգարէական եւ առաքելական հրամաններն ու հաստատուած էին աստուածպաշտութեան մէջ, որի համար Սոփիան մեծապէս ուրախ էր: Աւագ դուստրը՝ Պիստիսը, տասներեք տարեկան էր, երկրորդը՝ Էլպիսը, տասնմէկ տարեկան, իսկ կրտսերը՝ Ագապիսը, ինը տարեկան:
Նա, վերցնելով իր երեք դուստրերին, գնաց Հռոմ՝ ընդունելու Քրիստոսի Դրոշմը: Մի կիրակի օր, երբ նրանք եկեղեցի էին գնում, Անտիոքոս անունով անօրէն մէկը տեսաւ նրանց եւ, գերուելով նրանց վայելչատես գեղեցկութիւնից, կամեցաւ նրանցից մէկին կնութեան առնել: Սոփիան ասաց նրան. «Մենք քրիստոնեայ ենք եւ կուսութիւնը որպէս ոսկի ու մարգարիտ` ամուր եւ զգուշութեամբ ենք պահում»: Այնժամ անօրէնը գնաց կռապաշտ Ադրիանոս արքայի մօտ եւ ասաց. «Չգիտեմ, թէ որտեղից, իր երեք դուստրերի հետ այստեղ է եկել մի օտար կին եւ մեր կանանց ու աղջիկներին խրատում է հեռանալ կուռքերի պաշտամունքներից եւ ուսուցանում պաշտել մի Աստուծոյ»:
Թագաւորն իր զօրագլուխներից մէկին ուղարկեց` նրանց իր մօտ բերելու, եւ սա եկաւ ու բռնեց երեք քոյրերին: Նրանք գնում էին միմեանց ձեռք ձեռքի տուած՝ ասես պար բռնած, իսկ Սոփիան գնում էր նրանց հետեւից: Երբ հասան արքունի դռանը, կնքեցին իրենց սուրբ Խաչի նշանով եւ կանգնեցին թագաւորի առջեւ: Նրանց տեսնելով՝ թագաւորը հիացաւ նրանց գեղեցկութեամբ, ապա սկսեց խօսել մօր հետ՝ հարցնելով. «Ո՞ր երկրից էք, եւ ի՞նչ են ձեր անունները»: Մայրը պատասխանեց. «Մենք ազգութեամբ իտալացի ենք: Ես քրիստոնեայ անունն եմ կրում, սակայն ծնողներս ինձ Սոփիա են կոչել: Իմ դուստրերից մէկի անունը Հաւատ է, միւսինը՝ Յոյս եւ միւսինն էլ՝ Սէր, եւ մեր Տէրը Քրիստոս է: Ես Աստուծոյ առաջնորդութեամբ եկել եմ այս քաղաքը, որպէսզի իմ մատաղ զաւակներին Աստծուն պատարագ մատուցեմ»:
Թագաւորը Պալատիա անունով մի իշխանուհու հրամայեց երեք օր նրանց պահել իր տանը: Այդ ամբողջ ընթացքում սուրբ Սոփիան խրատում էր իր դուստրերին հաստատուն մնալ Քրիստոսի հաւատի մէջ եւ չերկնչել տանջանքներից ու մահից: Երեք օր անց թագաւորն իր մօտ կանչեց նրանց եւ շատ համոզիչ խօսքերով ու մեծամեծ խոստումներով սկսեց խրատել դուստրերին, որպէսզի ուրանան Քրիստոսին եւ զոհեն կուռքերին, սակայն նրանք պատասխանեցին. «Որքան էլ մեզ տանջանքների մատնես, պատասխան չես լսի մեզնից: Չարչարի՛ր մեզ, ինչպէս կամենում ես եւ կը տեսնես մեր Քրիստոս Աստուծոյ փառքն ու զօրութիւնը»: Թագաւորը խիստ զարմացաւ նրանց հաստատուն հաւատի եւ քաջութեան վրայ ու դառնալով Սոփիային՝ հարցրեց. «Քանի՞ տարեկան են քո դուստրերը»: Սոփիան պատասխանեց. «Իմ աւագ դուստրը՝ Պիստիսը, տասներեք տարեկան է, երկրորդը՝ Էլպիսը, տասնմէկ տարեկան, իսկ կրտսերը՝ Ագապիսը, ինը տարեկան»: Թագաւորը նախ կանչեց Պիստիսին եւ սկսեց մեծ սպառնալիքներով խօսել նրա հետ, սակայն նա համարձակ անարգեց թագաւորին եւ նրա աստուածներին: Այնժամ նրա հրամանով կախեցին նրան եւ սկսեցին գաւազաններով ուժգին հարուածել, բայց սրբուհին ամենեւին ցաւ չէր զգում. նրա մարմինը չվիրաւորուեց եւ բնաւ չայլագունեց:
Ապա սկսեցին սրով հարուածել նրան, սակայն նրա մարմինը երկաթի պէս անխզելի մնաց: Այնժամ նրան նետեցին ճարճատող հրի մէջ, բայց հուրը մարեց, իսկ նրա շանթերը սառոյցի պէս դարձան: Իր տանջանքների մէջ նա գոհանալով օրհնում էր Աստծուն եւ ասում բռնաւորին. «Ո՛վ թագաւոր, տեսա՞ր իմ Քրիստոս Աստուծոյ զօրութիւնը եւ քո տկարութիւնը»: Այնժամ բարկացած թագաւորը հրամայեց կտրել նրա գլուխը: Երանելին գնաց իր մօր եւ քոյրերի մօտ, գրկեց նրանց, համբուրեց արտասուքներով ու ասաց. «Մի՛ երկնչէք տանջանքներից, քանզի ես ամենեւին ոչինչ չզգացի: Արդ, դուք եւս շտապէ՛ք գալ իմ հետեւից»: Եւ դահիճը մօտենալով` կտրեց նրա գլուխը:
Նման խիստ եւ դաժան տանջանքներով չարչարեցին միւս երկու քոյրերին, սակայն, չկարողանալով նրանց հաւատափոխ անել, կտրեցին նաեւ նրանց գլուխները, որի համար յոյժ ուրախ եղաւ Սոփիան, որովհետեւ երեք անարատ հարսներ պարգեւեց Քրիստոսին: Այսպէս բարի խոստովանութեամբ նահատակուեցին երանելի մատաղատունկ քոյրերը:
Իսկ նրանց բարեմիտ մայրը՝ Սոփիան, հաւաքեց իր դուստրերի նշխարները, դրանք պատեց մաքուր կտաւներով եւ խունկերով, դրեց սայլին, դուրս բերեց քաղաքից տասնութ մղոն հեռաւորութեան վրայ եւ զետեղեց մարմարէ տապանի մէջ: Նրանց տապանին փարուած՝ մայրն արտասուքներով աղաչում էր. «Իմ բարի զաւակնե՛ր, յիշէ՛ք ձեր ծնունդն ու հասակ առնելը, յիշէ՛ք, թէ ինչպէս սնեցի ձեզ եւ հաստատեցի Քրիստոսի հաւատով: Այժմ դուք էլ ձեր բարեխօսութեամբ արժանացրէք ինձ ձեզ մօտ գալ»: Եւ աղօթելով` Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հոգին, իսկ քրիստոնեայ կանայք նրա մարմինն ամփոփեցին իր դուստրերի մօտ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: