«Որ արփիահրաշ լուսոյ ծագմամբ պայծառացոյց զտիեզերս անճառապէս.
Լոյսն որ ի Հօրէ առաքեցաւ առաքելական քարոզութեամբ սրբոյն Պետրոսի.
Հրաւիրելով ի լոյսն անստուեր:
Որ անպարագիրն է յԷութեան. պարածածկեալ արփիափայլ ճառագայթիւք.
Լոյսն որ պայծառ քան զարեգակն՝ արտափայլեալ շուրջանակի սրբոյն Պօղոսի.
Հրաւիրելով ի լոյսն անստուեր»:
(Շարակնոց)
Քրիստոսի գլխաւոր ու մեծ առաքեալներ Պետրոսը եւ նրա հետ Պօղոսը բազմաթիւ տեղերում քարոզեցին Քրիստոսի աւետարանը: Նրանք կարգեցին քահանաներ, շինեցին եկեղեցիներ, քրիստոնեաների համար սահմանեցին օրէնքներ եւ կանոններ ու զգուշացրին իրենց աշակերտներին չար հերձուածների մասին, որ յետոյ պիտի լինէին սատանայի արբանեակների կողմից: Եւ այժմ էլ քրիստոնեաները, կարդալով առաքեալների աստուածաշունչ թղթերը, որ ունեն Քրիստոսի եկեղեցիները, պայծառանում են՝ լուսաւորուելով դրանցով:
Իր քարոզչութեան մասին յայտնել է Պօղոսն ինքն՝ ասելով. «Երուսաղէմից մինչեւ Լիւրիկէ, որ աշխարհի ծայրում է, տարածեցի Քրիստոսի աւետարանը»: Պօղոսը միայն իր աշակերտներով քարոզեց վաթսունհինգ քաղաքներում, չհաշուած այլ գաւառներն ու միւս առաքեալների վիճակները, որտեղ մտնում եւ քարոզում էր Քրիստոսին: Ինչպէս հաւատքի վէմ մեծ Պետրոսը, այնպէս էլ Պօղոսը, շրջագայելով արեւելքից արեւմուտք՝ շատերին Քրիստոսի հաւատի աշակերտներ դարձրին ու հաւատացեալներին քրիստոնեաներ անուանեցին, իսկ յետոյ գալով հանդիպեցին միմեանց Հռոմ մեծ քաղաքում եւ յոյժ ուրախացան: Եւ նրանք միասին էին: Նրանց քարոզչութեամբ օրըստօրէ աւելանում էին Տիրոջը հաւատացողները: Այնտեղ՝ Հռոմում էր եւ Սիմոն կախարդը, որը հակառակւում էր սուրբ առաքեալներին եւ ասում, թէ՝ ես եմ Քրիստոսը, քանզի մոգ էր եւ ապշեցնում էր մարդկանց: Եւ շատերը հաւատում էին մոլորութեան հոգուն, մինչեւ որ սուրբ Պետրոս եւ Պօղոս առաքեալները սաստեցին նրան եւ օդ բարձրացած կախարդ Սիմոնին խայտառակելով՝ ցած գցեցին, որը չորս կտոր եղած՝ ընկաւ ճանապարհի չորս տեղերում: Այս բանից չարացած Ներոն կայսրը սպանել տուեց սուրբ առաքեալներին, եւ այդպէս նրանք նահատակուեցին Հռոմ քաղաքում. Պետրոսը խաչուեց Քրիստոսի նմանութեամբ, Ով ասաց նրան. «Ե՛կ Իմ յետեւից», սակայն նա իրեն խաչողներին ասաց. «Ես արժանի չեմ մեռնել իմ Տիրոջ նման», իսկ Պօղոսը գլխատուեց սրով[1]: Նրանց սուրբ մարմինները դրուած են մեծ Հռոմ քաղաքում՝ ի պարծանս աշխարհի եւ ի բարեխօսութիւն բոլոր հաւատացեալների:
Եւ արդ, պէտք է իմանալ, որ նրանց նահատակութիւնը եղաւ յունիսի քսանիննին: Բայց այս եղաւ խորհրդով՝ ուղղափառ եկեղեցիների հաւատի հաստատութեան եւ Արտեմոնի չար աղանդն ու Քաղկեդոնի անիծեալ ժողովը մերժելու համար, որպէսզի հաւատի Վէմի՝ սուրբ Պետրոս առաքեալ աղօթքների օգնութեամբ զգուշանանք ու ազատուենք նրանց պատրանքներից:
Պետրոսը Որդուն դաւանեց՝ ծնուած Հայր Աստուծոյ բնութիւնից: Պետրոսը, որին Քրիստոս երանի տուեց, եղաւ երանութեան շնորհի երաշխաւորը: Պետրոսը, որ վէմ կոչուեց, դրուեց եկեղեցու հիմքում: Պետրոսը զօրութիւն առաւ Քրիստոսից՝ դժոխքից չյաղթուելու համար: Պետրոսը ձկնորս էր եւ երկնքի դրան բանալին: Պետրոսը տգէտ էր, բայց իմաստուն: Պետրոսը յիմար էր (ըստ աշխարհի), բայց հանճարեղ: Պետրոսն աղքատ էր, բայց մեծահարուստ: Պետրոսը տնանկ էր, բայց մեծարում էր շատերին: Պետրոսը ոչինչ չունէր, բայց ունէր ամէն ինչ: Պետրոսը սքանչելագործ այր էր, ով չունէր արծաթ եւ ոսկի, բայց քայլեցնում էր ի ծնէ կաղին: Պետրոսը, որ ծածկ չունէր, յարութիւն տուեց Տաբիթային: Պետրոսը, որ քաղաք չունէր, բոլորին երկնային քաղաք էր հրաւիրում: Պետրոսը տեսաւ հրաշալի այն տեսիլքը՝ կտաւի անօթը: Պետրոսը Կոռնելիոսի տանն իջեցրեց Սուրբ Հոգուն: Պետրոսը սայթաքեց եւ գլորուեց ուրբաթ օրուայ գիշերը, բայց մեղքի մէջ գլորուածներին բարձրացրեց ու կանգնեցնելով հաստատեց կենդանի վէմի վրայ: Պետրոսը զղջման արտասուքներով չկորցրեց առաքելութեան հոգին եւ մնաց եկեղեցու հիմքում: Պետրոսը ծովի մօտ խոստովանեց Տիրոջը, բայց խարոյկի մօտ ուրացաւ Նրան: Պետրոսը Վարդապետի սիրոյ համար յանձն առաւ արածեցնել Նրա հօտը: Պետրոսը Քրիստոսի աւետարանի մի ուռկանով միանգամից որսաց երեք հազարին: Պետրոսը կորստեան մատնեց Սիմոնին, սակայն նրա կործանմամբ արթնացրեց շատերին: Պետրոսը եւ Պօղոսը պայծառ էին, քան արեգակը եւ առաւել լուսալիր, քան լուսինը: Պետրոսը եւ Պօղոսը շողշողուն էին առաւել, քան արեգակը եւ առաւել լուսատու, քան աստղերը: Պետրոսը եւ Պօղոսն առաւել մաքուր էին, քան ոսկին եւ առաւել պատուական, քան արծաթը: Պետրոսը եւ Պօղոսն առաւել օգտակար էին Աստուծոյ տան մէջ, քան տպազիոնը թագաւորների գանձարաններում եւ ընտիր, քան բոլոր պատուական քարերը: Պետրոսը եւ Պօղոսն առաւել քաղցրահայեաց ու հեզ էին, քան աղաւնիները: Պետրոսը եւ Պօղոսն առաւել խորագէտ եւ ահարկու էին դեւերի համար, քան օձը մարդկանց համար: Պետրոսը եւ Պօղոսը ողորմած եւ գթառատ էին աղքատների ու տնանկների հանդէպ, ինչպէս երբ Պետրոսն (ի ծնէ կաղին) ասաց, թէ Քրիստոս կը բժշկի քեզ[2], իսկ Պօղոսը քայլել տուեց լիւստրացի կնոջը: Պետրոսը եւ Պօղոսը ժուժկալ կրօնաւորներ էին, պահեցող եւ համբերող: Պետրոսը եւ Պօղոսը կապուեցին Քրիստոսի համար ու բանտարկութեան եւ չարչարանքների մատնուեցին: Պետրոսը եւ Պօղոսը քրիստոսասէր էին եւ աստուածազգեաց, դիւահալած ու ահարկու դեւերի համար: Պետրոսը եւ Պօղոսը գրում էին խրատագիր թղթեր ու կնքում կանոնական մատեաններ: Պետրոսը եւ Պօղոսն օրինակ էին բոլոր բարեգործների համար: Պետրոսն իմաստուն ճարտարապետ էր, որը շինում էր առանց նիւթի, եւ որի ձեռքերը տիեզերքի աչքում՝ ասորական Անտիոքում եւ լատինական մեծ Հռոմ քաղաքում հիմքեր գցեցին: Պօղոսն աշխարհի քարոզիչն էր եւ հեթանոսների վարդապետը: Պօղոսը Աստուծոյ Հոգու անօթն էր եւ եկեղեցու մանուկների դաստիարակը: Պօղոսը՝ տարսոնացի փողը, Յիսուսի բերանը եւ Քրիստոսի լեզուն էր: Պօղոսի ձեռքը գործում էր, բերանը՝ խօսում, իսկ միտքը պահում երկնքում: Պօղոսը, կրելով Քրիստոսի անունը, իր հոգին տուեց քրիստոնեաներին: Պօղոսը շահում էր բոլոր հրեաներին եւ համանման խուժադուժ հեթանոսներին: Պօղոսը մտքի արեգակ է եւ վարդապետների աչքի լոյսը: Պօղոսը եկեղեցու ջահ է եւ հաւատի հիմքը: Պօղոսը հիմնարկեց Քրիստոսի եկեղեցին, որն արեց Դամասկոսում, Արաբիայում, Ասիայում, Գաղատիայում, Փռիւգիայում, Սպարտայում, Իսպանիայում, Գաղմատիայում, Պամփիւլիայում, Լիբիայում, Մաւրիտանիայում, Կիւլիկէում, Ասորիքում եւ հեռաւոր կղզիներում՝ մինչեւ Լիւրիկէ: Պետրոսն ու Պօղոսն սկսեցին աւետարանել Հրէաստանից եւ քարոզչութեամբ հասան մինչեւ աշխարհի ծայրերը: Շինեցին եկեղեցիներ եւ կարգեցին քահանաներ ու սպասաւորներ: Պետրոսը եւ Պօղոսը լուսաւորեցին ամբողջ աշխարհը, մարդիկ աստուածապաշտութեան դարձան, երկրից երկինք հրաւիրուեցին եւ հրեշտակներին դասակից եղան: Պետրոսը եւ Պօղոսը հրեշտակներից ու բոլոր երկնաւորների դասից գեր ի վերոյ եղան: Պետրոսին եւ Պօղոսին այսօր պատւում եւ տօնում ենք՝ նրանց բարեխօս ունենալով իրենց կողմից Քարոզուողի՝ մեր Աստուծոյ՝ Յիսուս Քրիստոսի մօտ: Պետրոսը եւ Պօղոսը հաւատքի լծակիցներ էին եւ բանականներիս հոգում կենաց խօսքի սերմանողներ: Պետրոսն աստուածութեան օթեւան էր, իսկ Պօղոսը՝ երանութեան նպատակ: Պետրոսը ճշմարիտ աւետարանիչ էր, իսկ Պօղոսը՝ երկնաւորների մշակ: Պետրոսը եւ Պօղոսը մարդկային ցեղից գերագոյն եղան քերովբէներից, քանզի նրանցից մէկը կուսածին մարդացած Աստծուն՝ Աստուծոյ Որդուն, դաւանեց ծնուած Հօր բնութիւնից, որով երանութեան արժանացաւ Քրիստոսի կողմից: Նա հիմնարկեց եկեղեցին, ստացաւ արքայութեան բանալիները եւ հաստատուեց որպէս առաքեալների գլուխ՝ Քրիստոսի փոխարէն նրանց հրամանատու լինելու համար: Իսկ միւսը՝ Պօղոսը, յափշտակուեց դէպի վեր, ելաւ-բարձրացաւ երրորդ երկինք, տեսաւ հրաշալի տեսիլք, լսեց անճառելի խօսքեր, որոնք մարդու սիրտը բնաւ չեն ընկել: Այդ պատճառով միասին սքանչացան, միասին հանդէս մտան եւ նահատակուեցին, միասին պատուեցին եւ մեծարուեցին, միասին պսակուեցին եւ թագաւորեցին, միասին խնկելի դարձան ու տօնախմբուեցին, միասին ճոխացան եւ պերճացան, միասին հարստացան ու փարթամացան, միասին դրուեցին Հռոմի գահին եւ բազմեցին դաղմատացիների աթոռին: Նրանց նշխարները միասին հանգստացան Հռոմի եկեղեցում, միասին մեծարուեցին եւ փառաւորուեցին, միաբան օրհնուեցին ու տօնախմբուեցին, միաբան գովեստի արժանացան եւ բարեբանուեցին: Վկայուեցին հրեշտակների կողմից, պատուեցին եւ մեծարուեցին մարդկանց կողմից, որոնց համաձայնուելով՝ մենք եւս, յետիններս եւ մեղաւորներս, օրհնենք Պետրոսին եւ գովենք Պօղոսին, բարեբանենք, տօնախմբենք, խնկարկենք եւ մեծարենք: Վառենք կանթեղներն ու ջահերը, երգեր յօրինենք եւ ձայնիւ պաշտենք, յոտնկայս սպասաւորենք ու սաղմոս ասենք, ցնծանք տօնով եւ ուրախանանք: Ընթերցենք ճառեր եւ պատմենք վարքեր: Սքանչանանք եւ յոյժ զարմանանք, գետնատարած արտասուենք եւ հեծեծանք, «վա՜յ մեզ», «աւա՜ղ» ասենք եւ ցաւենք: Քանզի չկայ նմանը, որոնց տօնում ենք, որոնցից կրթուեցինք, հաւատք սովորեցինք եւ աշակերտեցինք: Հոգով զուարճանանք, կանգնենք եւ հաստատուենք, որովհետեւ ում որ տօնում ենք, նրանց հաղորդակից ենք լինում ջանասիրութեամբ, տօնախմբելով եւ արժանանալով: Գիշերը ելնենք, հսկմամբ կանգնենք եւ աղօթենք: Սրտով զղջանք, յոյսով յուսանք եւ Տիրոջն աղօթենք: Մոմեր վառենք, խունկ ծխենք, «մեղայ» ասենք եւ խոստովանենք: Մեղքից ազատուենք, արդարանանք եւ սուրբերի հետ դասուենք: Տիրոջը դիմենք, ապաւինենք եւ Աստծուն միանանք:
Եւ արդ, Քրիստո՛ս Աստուած, Քո ընտրեալ առաքեալների եւ կենաց խօսքդ քարոզողների աղաչանքներով ողորմի՛ր այս գիրը թողնողին:
Յայսմ. 283/1
ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ԵՒ ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ
Քրիստոսի մեծ առաքեալ սուրբ Պետրոսը հաւատքի վէմը եւ եկեղեցու հիմքն էր: Նա ելաւ Երուսաղէմից՝ քարոզելու աշխարհում, գնաց Կապադովկիա, Գաղատիա, Փռիւգիա, Բիւթանիա, Պոնտոս, Ասիա, ապա Պօղոսի հետ՝ Հռոմ: Այնտեղ պատահեցին Սիմոն կախարդին, որը մոգ էր եւ զարմացնում էր հռոմեացի ժողովրդին: Նա ասում էր՝ ես եմ Քրիստոսը, իսկ հռոմեացիներն ասում էին, թէ նա մեծ մէկն է: Մեծամեծ նշաններ էր գործում եւ հաւատացնում ժողովրդին: Պետրոսը գնաց Սիմոնի մօտ ու ասաց. «Այդ դո՞ւ ես, որ Երուսաղէմում Քրիստոսի առաքեալներից ցանկացար արծաթով ստանալ Սուրբ Հոգու շնորհը, եւ մենք էլ նզովեցինք քեզ: Եւ այժմ եկել ես այստեղ ու կամենում ես ծածուկ մնալ մեր մէջ»: Սիմոնն ասաց. «Ես Քրիստոսն եմ, իսկ դու չճանաչեցիր ինձ: Այժմ տե՛ս, թէ ինչ մեծամեծ նշան եմ գործում»: Եւ Սիմոնն իր մոգութեամբ իսկոյն մահացրեց մի այրի կնոջ որդու, կախարդութեամբ սպանեց Պեռեւտիքոսի որդուն, խօսք ասաց մի ցլի ականջին, եւ ցուլը երկու մասի ճեղքուեց: Իսկ սուրբ Պետրոս առաքեալն աղօթքով կենդանացրեց նրանց, ում Սիմոնը կախարդութեամբ սպանեց: Ամբոխը երկու մասի բաժանուեց, որովհետեւ չգիտէին, թէ ում հաւատան: Ապա միաբան ասացին. «Մեծ է Պետրոսի Աստուածը, որը կենդանացնում է, քան թէ Սիմոնինը, որը սպանում է եւ կենդանացնել չի կարողանում»:
Ներոն կայսրը լսեց նրանց մասին ու իր առջեւ կանչեց Սիմոնին, Պետրոսին, Պօղոսին եւ Պիղատոսին: Հարցրեց. «Ճանաչո՞ւմ ես դրանց»: Պիղատոսն ասաց. «Պետրոսն աշակերտն էր գալիլեացի Յիսուսի, Ում ես մատնեցի հրեաների ձեռքը՝ խաչուելու, իսկ այս Սիմոնը Յիսուսը չէ, որովհետեւ սա խիստ թաւամազ գլխով է եւ հաստամարմին: Այն Յիսուսը մարդկանց բոլոր որդիներից առաւել գեղեցիկ էր տեսքով, անձով, դէմքով եւ հասակով»:
Քաղաքի բազմութիւնը հաւաքուած էր այնտեղ: Եւ Սիմոնն ու Պետրոսն սկսեցին միմեանց հակառակ նշաններ ցոյց տալ. Սիմոնը՝ թուացեալ, իսկ Պետրոսը՝ ճշմարտութեամբ: Սիմոնը Պետրոսին ասաց. «Դու ինձ համար ասում ես, թէ ես, որ երկինք բարձրացայ, Քրիստոսը չե՞մ»: Պետրոսն ասաց. «Դու նեռի կարապետն ես, կորստեան որդի, գեհենի ժառանգ եւ անօրէնութեան աշակերտ»: Սիմոնն ասաց. «Այժմ նայի՛ր եւ տե՛ս, թէ ինչպէս եմ երկինք ելնում»: Եւ իսկոյն սլացաւ, թռաւ եւ վեր բարձրացաւ: Պօղոսը Պետրոսին ասաց. «Տէ՛ր Պետրոս, Սիմոնը երկինք գնաց», իսկ Պետրոսն ասաց. «Ե՛կ ծունր դնենք եւ աղօթենք»: Մինչ սուրբ առաքեալները խոնարհուած աղաչում էին, որ նա ցած իջնի բարձրութիւնից, ահա տեսան, որ Սիմոնն իջնում էր գլխիվայր: Նա ընկաւ փողոցում՝ սայլի վրայ, չորս կտոր եղաւ ճանապարհի չորս տեղերում, ամէն կողմին՝ մի մաս ընկնելով: Եւ նրա արբանեակները գալով հաւաքեցին պիղծ մարմինը եւ դրեցին փողոցի պղնձէ յուշաքարին: Քարէ սայլը խաչանման ճեղքուեց, որը կայ մինչեւ այսօր: Ներոն կայսրը յոյժ տրտմեց Սիմոնի կորստեան համար եւ հրամայեց սպանել Պետրոսին: Իմանալով այս մասին՝ Պետրոսը խուսանաւեց քաղաքից, որովհետեւ բացի այդ՝ նա արքայի հարճերից չորսին եւ այլ շատերին քրիստոնեայ էր դարձրել, որից առաւել մոլեգնած՝ Ներոնը սպառնաց Պետրոսին: Քաղաքից ելնելիս նա տեսաւ Տէր Քրիստոսին, երկրպագեց Նրան եւ հարցրեց. «Ո՞ւր ես գնում, Տէ՛ր»: Տէրն ասաց՝ Հռոմ: Պետրոսն ասաց. «Ինչո՞ւ ես գնում Հռոմ, Տէ՛ր»: Տէրը պատասխանեց. «Որպէսզի խաչուեմ»: Պետրոսն ասաց. «Պէտք է դարձեա՞լ խաչուես»: Տէրն ասաց. «Այո՛, Պետրո՛ս, պէտք է դարձեալ խաչուեմ, որովհետեւ դու փախչում ես»: Այս ասելով՝ Տէրը երկինք վերացաւ: Այնժամ Պետրոսը հասկացաւ, որ Տէրը յայտնեց իրեն, որ պիտի խաչուի: Եւ փառաւորելով Աստծուն՝ նա ուրախութեամբ Հռոմ վերադարձաւ:
Երբ բռնեցին Պետրոսին, Հռոմի եպիսկոպոսութեան իր պատմուճանը, որ կարուած էր Քրիստոսի պատանքի կտաւից, նա տուեց իր Զենոն աշակերտին, որովհետեւ միայն նա գնաց Պետրոսի յետեւից: Եւ երբ հասան նահատակութեան վայրը, եւ կամեցան նրան խաչել, Պետրոսը դահիճներին խնդրեց, որ իրեն չխաչեն ուղիղ կանգնած, ինչպէս Տէր Յիսուսին, այլ՝ գլխիվայր: Եւ նրան խաչեցին այդպէս: Խաչի վրայից նա ժողովրդին ուսուցանում էր կենաց խօսքը: Ապա աղօթեց առ Աստուած՝ ասելով. «Դու, Տէ՛ր, մեր Հայրն ես, Դու, Տէ՛ր, մեր Եղբայրն ես, Դու, Տէ՛ր, մեր Սիրելին ես: Դու մեզ հոգ տանողն ես: Դու ամէն բան ես ամէն բանում: Գոհանում եմ Քեզնից եւ խոստովանում Քեզ: Աղաչում եմ Քեզ, Տէ՛ր, եւ փառաւորում, որովհետեւ միայն Դու ես Աստուած այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից»: Ովքեր կային շուրջը, ասացին՝ ամէն, իսկ նա առ Աստուած աւանդեց իր հոգին: Մարկեղոս անունով Տիրոջը հաւատացող այրերից մէկը Պետրոսին իջեցրեց խաչից, մարմինն օծեց անուշահոտ իւղերով ու խունկերով, պատեց մաքուր կտաւներով եւ հաւատի Վէմին դրեց տապանում:
Սուրբ Պետրոսը նեղութիւններ եւ չարչարանքներ կրող լծակից այր էր, միջահասակ, գանգրահեր, սպիտակամաշկ, երկայնաքիթ, թաւ յօնքերով, դիւրաբորբոք, արագահաշտ, քաղցրահայեաց եւ սքանչելագործ՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ:
Իսկ Պօղոսը, կանգնելով Ներոնի առջեւ, ըստ արժանւոյն պատասխանում էր նրան, որից Ներոնը մոլեգնում էր կատաղի շան պէս: Նախ սպանել տուեց նրա մօրը՝ Ագրիպիային, կնոջը՝ Հոգտաբիային, հօրաքրոջը եւ ապա ազգականներից շատերին: Այնուհետեւ ամբողջ երկրում հալածանքներ սկսեց քրիստոնեաների դէմ եւ կամենում էր շուտ սպանել առաքեալներին: Հրամայեց Պետրոսին խաչել, իսկ Պօղոսին գլխատել: Պեռպատուիա անունով մի հաւատացեալ կին, տեսնելով կապուած Պօղոսին, որին տանում էին գլխատելու, դառնապէս լաց էր լինում: Եւ Պօղոսն ասաց նրան. «Լաց մի՛ եղիր, քո՛յր իմ, տո՛ւր ինձ քո գլխի ծածկոցը՝ աչքերս կապելու համար, իսկ երբ վերադառնամ, կը բերեմ քո գլխաշորը»: Դահիճները, որոնք տանում էին Պօղոսին, երեք եղբայրներ էին: Նրանք ծիծաղեցին եւ կնոջն ասացին. «Անմի՛տ, նա գնում է գլխատուելու, ինչո՞ւ ես կորցնում գլխաշորդ»: Կինը զինուորականներին ասաց. «Երդում եմ տալիս կայսեր գլխով, այս գլխաշորով կը կապէք նրա աչքերը եւ ապա կը գլխատէք»: Եւ նրանք երեք մղոն հեռացան քաղաքից ու մի ծառի տակ գլխատեցին Պօղոսին: Նրա պարանոցից արեան հետ յորդ կաթ հոսեց:
Նախքան դահիճների գալը, հրեշտակները գլխաշորը տրուեցին այն կնոջը: Նա մի աչքանի էր, եւ երբ գլխաշորը կապեց իր ճակատին, իսկոյն բացուեց նրա միւս աչքը, եւ կինը լուսաւորուեց: Զօրականները մի նետընկեց[3] հեռաւորութեամբ դուրս եկան քաղաքից եւ տեսան կնոջը նոյն տեղում՝ լուսաւորուած աչքերով, ու հաւատացին Քրիստոսին:
Սուրբ Պօղոսը կարճահասակ էր եւ հաստամարմին, մեծաքիթ եւ խաժակն, թաւ յօնքերով, զուարթերես, ճաղատ եւ ալէխառն, երկար մօրուքով եւ փառաւոր, ահազդու, լի աստուածային շնորհներով ու բոլոր ցաւերի բժիշկ: Սուրբ Պօղոս առաքեալը Կիլիկիայի Տարսոն քաղաքից էր, մեծացել եւ կրթուել էր Գամաղիէլի՝ հրեաների օրէնուսոյց վարդապետի մօտ: Մովսիսական հայրենի օրէնքների նախանձախնդիր էր, Բենիամինի ցեղից: Քահանաներից նա հրաման առաւ Քրիստոսի եկեղեցին հալածելու համար եւ գործակից եղաւ քարկոծողներին Ստեփաննոս Նախավկայի մահուան մէջ՝ պահելով նրանց հանդերձները: Ապա քահանայապետից իշխանութիւն ստացաւ գնալ Դամասկոս եւ այնտեղ հալածել քրիստոնեաներին: Եւ երբ մօտեցաւ քաղաքին, յափշտակուեց երկինք եւ կուրացաւ երկու աչքերով, ինչպէս որ պատմում է Ղուկասը «Գործք Առաքելոց» գրքում: Քանզի տեսաւ երկնային լոյսը եւ Աստուծոյ փառքը, որի համար այս արեգակի լոյսը՝ որպէս մութ գիշեր, խաւար եւ անլոյս թուաց նրան ու երեւացողներից որեւէ բան չկարողացաւ տեսնել, մինչեւ որ մկրտուեց Անանիայի ձեռքով եւ հաւատաց Քրիստոսին: Վերադարձաւ Երուսաղէմ, որտեղ Բառնաբասը ծանօթացրեց նրան առաքեալներին: Քրիստոսի համբարձումից երեք տարի անց սուրբ առաքեալները Պօղոսին կարգեցին որպէս որբերի ու այրիների սպասաւոր: Եւ նա ծառայում էր բոլորին ու հրեաներին եւ հեթանոսներին յայտնապէս քարոզում Քրիստոս Աստծուն: Ապա կոչուեց առաքելութեան, ինչպէս որ Սուրբ Հոգին ասաց Անտիոքում. «Բառնաբասին եւ Պօղոսին առանձնացրէ՛ք Ինձ համար, որ անեն առաքելութեան այն գործը, որին Ես դրանց կոչել եմ»[4]: Եւ նրանք, ուղարկուելով Սուրբ Հոգու կողմից, իջան Սելեւկիա: Սուրբ Հոգին Սօղոսին Պօղոս կոչեց, ինչպէս որ Քրիստոս Սիմոնին՝ Պետրոս: Եւ այս են այն քաղաքները, որտեղ գնաց Պօղոսը՝ քարոզելու Աստուծոյ Խօսքը:
- Սկսեց Դամասկոսից դէպի Երուսաղէմ, որն արեց երեք անգամ;
- Տարսոնում եւ ասորական Անտիոքում՝ չորս անգամ;
- Սելեւկիայում, Պերգէում, Պիսիդեան Անտիոքում՝ երեք անգամ;
- Լիւստրայում, Իկոնիոնում, Դերբէում՝ երկու անգամ,
- Լիկայոնւոմ, Պամփիւլիայում եւ Ատտալիայում՝ երկու անգամ;
- Գաղատիայում, Փռիւգիայում՝ երկու անգամ;
- Մակեդոնիայում եւ Հելլադայում, Յասոնում եւ Մելիտոնում, Սպարտայում եւ Տիւրոսում, Պտողեմայիդայում, Փիլիպէում, Կրետէում եւ ապա կապանքներով տարուեց Հռոմ;
- Հռոմից Սիդոն, Լիկիայի Միւռա քաղաքից Կնիդիա, Նիս, Սիրակուսա, Արիոն, Պատիողոս, Ապամիա եւ դարձեալ՝ Հռոմ՝ երկու անգամ;
Եւ այսպէս Պօղոսն իր շրջագայութեան բոլոր օրերին գնաց վաթսունհինգ քաղաքներ ու գաւառներ՝ քարոզելու Աստուծոյ Բանին: Քրիստոսի սիրոյ եւ հաւատքի համար համբերեց մեծ վշտերի եւ նեղութիւնների՝ իրեն գործակից ունենալով Արիստարքոս Մակեդոնացուն եւ Ղուկասին, որը գրեց «Գործք Առաքելոց» գիրքը: Երկու տարի Պօղոսին շղթայուած պահեցին Հռոմում: Ղուկասը Հռոմում էր նախքան Պօղոսի նահատակութիւնը, որի պատճառով առաքեալների մասին պրակներում նա չի գրել Պօղոսի վկայական մահուան մասին:
Քրիստո՛ս Աստուած, սուրբ Պետրոս եւ Պօղոս առաքեալների բարեխօսութեամբ ողորմի՛ր այս գիրը թողնողին:
646
Ս.Գ. Տաթեւացի
ՔԱՐՈԶ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼՆԵՐ ՊԵՏՐՈՍԻՆ ԵՒ ՊՕՂՈՍԻՆ՝ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ «ԵՐԲ ՃԱՇԵՑԻՆ, ՅԻՍՈՒՍ ՍԻՄՈՆ ՊԵՏՐՈՍԻՆ ԱՍԱՑ. "ՍԻՄՈ՛Ն, ՈՐԴԻ՛ ՅՈՎՆԱՆԻ, ՍԻՐՈ՞ՒՄ ԵՍ ԻՆՁ ԱՒԵԼԻ, ՔԱՆ ԴՐԱՆՔ"» [Յովհ. ԻԱ 15] գլուխ ՃՀԸ
Տէ՛ր, շնորհների՛ լոյս եւ Էակից Հօր փառքի՛ ճառագայթ, որ որպէս լոյս ծագեցիր աշխարհին եւ որպէս լոյս տուեցիր երկրին Քո լուսաւորիչ առաքեալներին: Շնորհի՛ր Քո խօսքի լոյսով գալ դէպի Քեզ եւ Քո երեսի լոյսով տեսնել Քո լոյսը[5]: Արթնացրո՛ւ միտքս՝ խոստովանելու Քո անունը, անմա՛հդ Աստուած, որ մեզ համար մահ ճաշակեցիր եւ մահուանը չհնազանդուեցիր: Տո՛ւր ինձ խօսքեր՝ գովերգելու Քո աստուածութեան փառքը եւ յայտնի՛ր Քեզ անարժանիս, որպէսզի ես էլ յայտնեմ Քեզ նրանց, ովքեր արժանի են: Եղկելի են նրանք, ովքեր շահեցին աշխարհը, բայց թողեցին Քեզ: Երանի՜ նրան, ով սիրում է Քեզ, որովհետեւ Դու պիտի ողորմես նրան: Այս աշխարհը մի ծով է, եւ ով մտնում է նրա մէջ, ընկղմւում է: Քո ողորմութիւնը մի ծով է, ձեռք մեկնիր ինձ, ինչպէս մի ժամանակ Պետրոսին: Դու աշխարհը ստեղծեցիր Քո շնորհով եւ ոչ թէ արդարութեամբ: Մարդկանց հանդէպ սէրը եւ ոչ թէ խնդրանքները Քեզ մղեց փրկել մեզ: Դու սիրով եւ շնորհով ընտրեցիր Քո առաքեալներին եւ նրանց տուեցիր աշխարհին որպէս քարոզիչներ: Տո՛ւր մեզ, մարդասէ՛ր, որ Քո շնորհով արժանի լինեմ պատմել Պետրոս առաքեալին ուղղուած սիրոյ հարցման ու յորդորիչ խրատի մասին՝ ըստ այն խօսքի, թէ «Երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. "Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես Ինձ աւելի, քան դրանք"»[6]:
Աստուածային սուրբ Գիրքը Մովսէս նախամարգարէի միջոցով ասում է. «Աստուած ստեղծեց երկու լուսատուները. մեծ լուսատուն ցերեկը, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար: Արեգակն ու լուսինը եկեղեցու մէջ խորհրդանշում են երկու առաքեալներին՝ Պետրոսին եւ Պօղոսին: Նրանք երկնքի լուսատուների մէջ մեծ եւ զօրաւոր են ու առաւել են խնամում երկիրը, քան այլ լուսատուները: Այդպէս էլ Պետրոսը եւ Պօղոսն առաւել են բարեզարդում եւ լուսաւորում եկեղեցիները, քան այլ սուրբերը: Այստեղ կամենում եմ քննել երեք բան: Նախ՝ տօնական այս օրուայ որերորդը լինելու, երկրորդ՝ մեծ լուսատուների եւ երրորդ՝ առաջիկայ խօսքի մասին, որ ասում է. «Երբ ճաշեցին, Սիմոնին ասաց»:
* Քննենք առաջինը:
Այս առաքեալների տօնը կարգուած է Աւագ տօներից երրորդը, եւ տօնելիները երկուսն են: Առաջինը՝ Դաւթի եւ Յակոբոսի, երկրորդը՝ սուրբ Ստեփաննոսի եւ երրորդը՝ սուրբ Պետրոս եւ Պօղոս առաքեալների տօնն է, որը խորհրդաւոր թիւ է, որովհետեւ ունի սկիզբ, մէջտեղ եւ վերջ: Սկիզբը մէկն է, մէջտեղը՝ երկուսը, եւ վերջը՝ երեքը:
Երկրորդ՝ Սողոմոն Իմաստունը եւս պատւում է երեք թիւը եւ ասում. «Երեք բան կայ, որ ինձ անհնարին է իմանալ»[7]: Եւ եռալար առասանը դժուար է կտրել:
Երրորդ՝ երեքն են ժամանակի հատուածները՝ անցեալը, ներկան եւ ապագան: Իւրաքանչիւր եղանակ արեգակի երեք կենդանակերպ ունի:
Չորրորդ՝ քահանայապետի լանջապանակին մի կարգով շարուած երեք քարեր կային, իսկ տաճարի տասներկու ցուլերից երեքականները նայում էին աշխարհի իւրաքանչիւր կողմին, որը յայտնապէս խորհրդանշում է աշխարհի չորս կողմերում քարոզող տասներկու առաքեալներին:
Հինգերորդ՝ կան երեք բաներ, որոնք վկայում են Քրիստոսի տնօրինութեան մասին՝ հոգին, արիւնը եւ ջուրը: Եւ օրէնքն էլ երեք վկայ է պահանջում՝ խօսքերն ու գործերը հաստատելու համար:
Վեցերորդ՝ մարդն ունի հոգի, մարմին եւ միտք: Հոգին եռամասնեայ է, որոնք են բանը, ցասումը եւ ցանկութիւնը: Եւ երեքն են մտքի զօրութիւնները, որոնք են կամքը, խորհուրդը եւ յիշողութիւնը:
Եւ այսպէս երեք թուով պատուելի է նրանց տօնը՝ ի փառս սուրբ Երրորդութեան եւ ի սրբութիւն մեր խորհուրդների, խօսքերի ու գործերի: Մենք տօնում ենք նրանց երկուսին, որովհետեւ Աստուած կամեցաւ, որ նրանք միասին նահատակուեն վկայութեամբ եւ պատուի արժանանան տօնախմբութեամբ: Եւ երկուսը եւս խորհրդաւոր թիւ է, որովհետեւ նախ՝ ինչպէս որ երկու մարդ ստեղծուեց Արարչի ձեռքով, այնպէս էլ նրանք՝ Պետրոսն ու Պօղոսը, Հօր ստեղծածներն են Քրիստոսի ձեռքով, սակայն ոչ թէ հողից ու կողից, այլ հոգուց եւ ջրից:
Երկրորդ՝ Մամբրէում Աստուած Աբրահամի մօտ եկաւ երկու հրեշտակներով եւ նրանցով էլ՝ ամբողջ աշխարհի հաւատացեալների մօտ: Եւ ինչպէս որ երկու հրեշտակներ եկան` այրելու Սոդոմը, այդպէս էլ Պետրոսն ու Պօղոսը գնացին՝ այրելու մեղքերն ու ապականութիւնը:
Երրորդ՝ երկու մարդ՝ Մովսէսն ու Ահարոնը, տանջեցին Եգիպտոսն ու փարաւոնին եւ ազատեցին Իսրայէլի ժողովրդին: Արդպէս էլ այս երկուսը՝ Պետրոսն ու Պօղոսը, նեղում էին իմանալի փարաւոնին եւ դժոխքին ու ազատում հաւատացեալներին՝ ուղարկելով դէպի վերին Երուսաղէմ:
Չորրորդ՝ երկու մարդ՝ Բեսելիէլը եւ Եղիաբը, Սուրբ Հոգով լցուած, շինեցին խորանը[8]: Այդպէս էլ նրանք, Սուրբ Հոգով լցուած, շինեցին Աստուծոյ անուան փառքի տաճարը՝ եկեղեցին: Ինչպէս երկու մարդ՝ Յեսուն եւ Քաղէբը, հետախուզեցին պարգեւեաց երկիրը[9], այնպէս էլ նրանք հետախուզեցին իմանալի երկիրը՝ նոր Իսրայէլի ժառանգութեան համար:
Հինգերորդ՝ ցերեկուայ եւ գիշերուայ իշխանները երկու մեծամեծ լուսատուներն են: Այդպէս էլ նրանք երկու կտակարաններով հրեաների ու հեթանոսների, ինչպէս եւ հոգու եւ մարմնի լուսաւորիչներն են:
Վեցերորդ՝ նայենք մեր կազմուածքին. մարդը հաստատուած է երկու ոտքերի վրայ, ունի երկու ձեռք, երկու աչք, երկու ականջ, երկու քթանցք: Այդպէս էլ սուրբ եկեղեցու մարմինը հաստատուած է նրանց վրայ, նրանցով հոգեւոր գործեր է անում, նրանցով տեսնում է բարին, նրանցով լսում է խրատի խօսքեր եւ նրանցով Սուրբ Հոգու շնորհը պահում է մեր մէջ: Սողոմոնն ասում. «Աւելի լաւ է երկու հոգով, քան մենակ»[10], այդ պատճառով Տէրը երկու-երկու էր ուղարկում աշակերտներին: Այդպէս էլ նոյն տնօրինութեամբ Պետրոսն ու Պօղոսը հեռու երկրներից ուղարկուեցին միմեանց մօտ եւ Ներոն կայսեր օրօք միասին էլ նահատակուեցին Հռոմ քաղաքում. Պետրոսը խաչուեց, Պօղոսը գլխատուեց: Այդ պատճառով այսօր Հայաստանեայց եկեղեցիները միասին են տօնում աշխարհի այս երկու լուսաւորիչների յիշատակը: Այսքանն առաջին գլխի՝ տօների թուի մասին:
* Երկրորդ գլուխն աշխարհի լուսաւորիչների մասին է, քանզի Տէրն ասաց. «Դուք էք աշխարհի լոյսը»[11]: Եւ մարգարէն էլ, ի խորհուրդ նրանց, ասաց. «Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկը, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար»[12]: Ցերեկը խորհրդանշում է հրեաներին, որոնք ունէին Աստուծոյ ճանաչողութիւնը, իսկ գիշերը հեթանոսներն էին, որոնք չէին ճանաչում Աստծուն: Արդ, Աստուած Պետրոս առաքեալին տուեց հրեաներին իբրեւ արեգակ, քանզի երբ նա երկու անգամ քարոզեց հրեաներին, ութ հազար մարդ հաւատաց Քրիստոսին: Իսկ Պօղոսին տուեց հեթանոսներին իբրեւ լուսին, որը բոլորից առաւել գործեց հեթանոսների մէջ, ինչպէս որ ասում էր գաղատացիներին. «Նա, որ Պետրոսին յաջողեցրեց առաքելութիւն հրեաների մէջ, ինձ էլ յաջողեցրեց առաքելութիւն հեթանոսների մէջ»[13]: Դարձեալ՝ Պօղոսը գիշերուայ լուսատուն է, որովհետեւ նա դուրս բերեց հեթանոսներին կռապաշտութեան խաւարից եւ դարձրեց աստուածգիտութեան լոյսին, իսկ Պետրոսը ցերեկուայ լուսատուն է, որովհետեւ նա իշխանութիւն ունի ի Քրիստոս բոլոր հաւատացեալների վրայ: Ապա ուրեմն՝ Պետրոսն արեգակ է, իսկ Պօղոսը՝ լուսին: Եւ եթէ մէկը հարցնի, թէ ինչո՞ւ է Պետրոսն արեգակ, չէ՞ որ արդարութեան արեգակը Քրիստոսին է խորհրդանշում՝ ըստ այն խօսքի, թէ «Իմ անունից երկիւղ կրողներիդ համար արդարութեան արեգակը պիտի ծագի»[14]: Կ՚ասենք, որ անունը դնում են ըստ առանձնայատուկ գործի: Արդ, մեր Տէր Յիսուս Քրիստոս չորս յատկութիւն ունի, որոնք միայն Իրեն են վայել: Նախ՝ Քրիստոս է եկեղեցու սկիզբն ու հիմքը, ինչպէս Պօղոսն է ասում. «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է»[15]: Եւ Նա այս յատկութիւնը տուեց Պետրոս առաքեալին՝ ասելով. «Դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ Իմ եկեղեցին»[16]: Առաջինը նա խոստովանեց Քրիստոսի հաւատքը՝ ասելով. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»[17], եւ այս դաւանութիւնը քրիստոնէութեան հիմքն է: Երկրորդ յատկութիւնն այն է, որ միայն Քրիստոս է բոլոր հաւատացեալների գլուխը, ինչպէս Պօղոս առաքեալն է ասում եփեսացիներին. «Նա է գլուխը մարմնի, որ եկեղեցին է»[18]: Եւ այս գործը նա տուեց Պետրոսին, երբ ասաց. «Դու պիտի կոչուես Կեփաս»[19], որ նշանակում է գլուխ, քանզի նա է առաքեալների գլուխը, առաջնորդն իր դաւանութեամբ, տարիքով եւ ըստ սիրոյ արժանացած պատուի: Երրորդ յատկութիւնն այն է, որ Քրիստոս եկեղեցու հովիւն է, ինչպէս աւետարանն է ասում. «Ես եմ լաւ հովիւը»[20]: Եւ այս յատկութիւնը Նա շնորհեց Պետրոսին, երբ ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»[21]: Չորրորդ յատկութիւնն այն է, որ Քրիստոս է եկեղեցու դատաւորը՝ ըստ այն խօսքի, թէ «Ամէն դատաստան տուել է իր Որդուն»[22]: Եւ Պետրոսին ասաց. «Ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում »[23]: Բոլոր առաքեալներն ունէին այս չորս յատկութիւններն ու գործը, որովհետեւ իւրաքանչիւր առաքեալ իր հօտի հիմքն է ու սկիզբը, իր ժողովրդի գլուխն ու հովիւը, եւ ունի կապելու ու արձակելու իշխանութիւն, որը Տէրը հաւասարապէս տուեց բոլորին՝ ըստ այն խօսքի, թէ «Նրանց վրայ փչեց եւ ասաց. "Առէ՛ք Սուրբ Հոգին: Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի"»[24]: Պետրոսն առաջինը դաւանեց Քրիստոսին եւ կարգուեց որպէս գլուխ, որի համար այս չորս յատկութիւնները նախ նրան են պատշաճ, ապա՝ միւս առաքեալներին: Ուրեմն, եթէ առաքեալն ունի Քրիստոսի յատկութիւնը, ապա զարմանալի չէ, որ Պետրոսն արեգակ է կոչւում, իսկ միւս առաքեալները՝ աշխարհի լոյս, ինչպէս որ Ինքը Քրիստոս աշխարհի լոյս կոչուեց նրանց: Այս առաջին պատճառն էր, որ Պետրոսն արեգակ է կոչւում:
Երկրորդ պատճառ. տեսանելի լուսատուների աստիճանները չորսն են, որոնք խորհրդանշում են իմանալի լուսատուներին: Առաջին աստիճանն այն է, երբ լոյս են ունենում իրենք իրենցից, բայց չեն լուսաւորում ուրիշներին, ինչպէս մաքուր բեհեզը: Այդպէս հաւատացեալ ժողովուրդն ունի գիտութեան եւ հաւատի լոյսը, բայց չի լուսաւորում ուրիշներին: Երկրորդ աստիճանն այն է, երբ ունենում են լոյս, որը ստացել են ուրիշից եւ լուսաւորում են ուրիշներին, ինչպէս ճրագը, որ վառւում է կրակից, լուսաւորում է աչքերը: Սա խորհրդանշում է առաջնորդներին՝ եպիսկոպոսներին, քահանաներին եւ քարոզող վարդապետներին, որոնք ունեն գիտութեան լոյսը եւ ուսուցանում են ժողովրդին, բայց իշխանութիւն են ստանում եպիսկոպոսից, կաթողիկոսից եւ ռաբունապետից: Երրորդ աստիճանն այն է, երբ ունենում են լոյս, լուսաւորում են ուրիշներին եւ լուսաւոր դարձնում, բայց ինքը լոյսի աղբիւր չէ, ինչպէս հուրը, որը լուսաւորում է ուրիշներին, վառում է ճրագը, սակայն լոյսի աղբիւր չէ, ինչպէս արեգակը, որովհետեւ հանգչում է: Սա խորհրդանշում է կաթողիկոսին, որը ձեռնադրում է եպիսկոպոսներին եւ ռաբունապետներին, որոնք ուսուցանում են վարդապետներին: Սակայն նա իմաստութեան եւ իշխանութեան աղբիւր չէ, որովհետեւ այն ուրիշից է ստացել եւ կարող է փոփոխուել: Չորրորդ աստիճանը լոյսի աղբիւրն է, ինչպէս արեգակը, որը լուսաւորում է բոլոր աստղերին եւ չի մարում: Սա խորհրդանշում է առաքեալների ամբողջ գնդին, որոնք քարոզեցին ու լուսաւորեցին իրենց բոլոր եկեղեցիները եւ քահանայութեան իշխանութիւն տուեցին: Նաեւ անշէջ է նրանց կարգն ու քահանայութիւնը: Արեգակը խորհրդանշում է Պետրոս առաքեալին, որ լոյսի աղբիւր է եւ առաքեալների դասի գլխաւորը, ինչպէս որ ասացինք:
Երրորդ պատճառ. Պետրոսն արեգակ է կոչւում առաւել ճանաչուած լինելու համար, որովհետեւ ինչպէս բոլոր աստղերը, երկինքն ու երկիրը լոյսն արեգակից են ստանում, այդպէս էլ բոլոր հաւատացեալները հաւատի լոյսն առնում են Պետրոսի առաջին դաւանութիւնից, որ ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին»: Այդ պատճառով Պետրոսը Իսրայէլի տասներկու որդիներից Յուդայի օրինակն է, որովհետեւ Յակոբն իր օրհնանքի մէջ ասաց նրան. «Յուդա՛, կորի՛ւն առիւծի, քեզ կ՚օրհնեն եղբայրները քո. մօրդ որդիները պիտի երկրպագեն քեզ: Յուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից»[25]: «Յուդա» թարգմանաբար նշանակում է խոստովանող եւ իմաստուն: Նա, որ զօրաւոր էր իր եղբայրների մէջ, երաշխաւոր եղաւ Բենիամինի համար եւ տարաւ նրան Եգիպտոս՝ Յովսէփի մօտ: Եւ Յակոբի օրհնութեամբ մինչեւ Քրիստոսի գալուստը նրանից թագաւորներ եւ իշխաններ ելան: «Յուդա» թարգմանաբար նշանակում է խոստովանող, եւ Պետրոսն էլ տասներկու առաքեալների մէջ առաջինը խոստովանեց Քրիստոսին: Նա իմաստուն էր խոստովանութեամբ եւ զօրաւոր՝ Քրիստոսի սիրով: Յուդան Հռոմ բերեց Բենիամինին՝ Պօղոսին, որի ձեռքը թշնամիների, ինչպէս Սիմոն կախարդի եւ այլ հակառակորդների վրայ էր: Այդ պատճառով եղբայրները երկրպագեցին նրան: Եւ ինչպէս որ Քրիստոս առիւծի պէս Իր անձը խաչելութեամբ մահուան մատնեց հոգիների փրկութեան համար, նոյնպէս էլ Քրիստոսի անուան համար Պետրոսն առիւծի կորիւնի պէս եկաւ դէպի խաչը:
Իսկ օրհնելն այն էր, որ Քրիստոս ասաց. «Ես Հօրը կը խնդրեմ քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս, հաստատես քո եղբայրներին»[26]: Եւ սա կատարուեց Քրիստոսի խաչելութեան ժամանակ: Թէպէտ նա ուրացաւ, սակայն կորստեան չմատնուեց, իսկ երբ զղջաց, բոլոր առաքեալները հաստատուեցին Քրիստոսի սիրոյ մէջ: Եւ սա պիտի կատարուի նեռի վերջին ժամանակներում, քանզի տասը թագաւորներից հռոմէացի երեք թագաւորները չեն հնազանդուելու նրան, այլ պիտի մնան Քրիստոսի հաւատի մէջ: Իսկ այժմ թերութիւն ունեն Քրիստոսի մարդեղութեան հարցում, որովհետեւ երեք հարիւր տարի անց ընդունեցին Քաղկեդոնի ժողովի որոշումը, որի պատճառով գայթակղւում ենք նրանցից: Նեռից յետոյ բոլոր նրանք, ովքեր միաբերան Քրիստոսին ճշմարիտ Աստուած կը խոստովանեն, այնժամ մենք կը հաստատուենք նրանց մէջ: Եւ այս օրհնութիւնից հռոմէացիների թագաւորութիւնը հաստատուն կը մնայ մինչեւ Քրիստոսի Գալուստը: Այդ պատճառով Պետրոսն արեգակ է կոչւում:
Չորրորդ պատճառ. Պետրոսն արեգակ է կոչւում, որովհետեւ ինչպէս արեգակը բոլոր լուսատուներից առաւել շատ ջերմութիւն ունի, այդպէս էլ բոլոր առաքեալների մէջ Պետրոսն առաւել ջերմ էր Քրիստոսի սիրոյ մէջ: Քանզի երբ Տէրը երեք անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես Ինձ աւելի, քան դրանք», պատասխանեց. «Այո՛, Տէ՛ր, եւ Դու գիտես, որ սիրում եմ քեզ»[27]: Եւ պէտք է իմանալ, որ առաւել սիրոյ հինգ նշաններ կան: Նախ՝ երբ յոժարութեամբ են լսում սիրելիին: Այդպէս Պետրոսը յօժարութեամբ լսեց, երբ Տէրը նրան ասաց. «Արի՛ Իմ յետեւից»: Նա իսկոյն թողեց իր գործերը եւ գնաց Քրիստոսի յետեւից: Երկրորդ՝ երբ չեն բաժանւում սիրելիից: Այդպէս Պետրոս առաքեալը բնաւ չէր կամենում հեռանալ Քրիստոսից, քանզի երբ Քրիստոս հարցրեց. «Մի՞թէ դուք էլ էք ուզում գնալ»[28], Պետրոսը պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք: Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես»[29]: Երրորդ՝ երբ յօժարութեամբ են խօսում սիրելիի մասին: Այդպէս Պետրոս առաքեալը, խաչի վրայ գլխիվայր կախուած, մինչեւ հոգին աւանդելը չդադարեց քարոզել Քրիստոսին: Չորրորդ՝ երբ վիրաւորած է լինում սիրելիին, իսկոյն հաշտւում է: Այդպէս Պետրոսը երբ հասկացաւ, որ ուրացութեամբ վիրաւորել է Տիրոջը, դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ: Հինգերորդ՝ երբ ուրիշներին եւս ներքաշում են սիրել նրան: Այդպէս Պետրոսն իր քարոզչութեամբ հրեաների այդքան ժողովրդին դարձրեց դէպի Քրիստոսի հաւատը, ինչպէս որ գրուած է «Գործք առաքելոց» գրքում: Եւ ահա այսպիսի ջերմ սէր ունենալու համար Պետրոսն արեգակ է կոչւում:
* Իսկ Պօղոս առաքեալը լուսին է կոչւում, որովհետեւ նա լուսնի յատկութիւններ ունի, որը ցոյց կը տանք բազմաթիւ եղանակներով:
Նախ՝ լուսինը միջին է արեգակի եւ աստղերի համեմատ, որովհետեւ առաւել լուսաւոր է, քան աստղերը եւ նուազ, քան արեգակը: Այդպէս Պօղոսը հաւատաց Պետրոսից յետոյ, երբ խաւարել էր աչքերի լոյսը, սակայն իր քարոզչութեամբ լուսաւորեց առաւել, քան բոլոր առաքեալները, ինչպէս որ ինքն է ասում. «Երուսաղէմից սկսած եւ շրջելով մինչև լիւրիկացիների կողմերը՝ ես լրիւ տարածեցի Քրիստոսի Աւետարանը»[30]:
Երկրորդ՝ լուսինն աւելի սրընթաց է, քան բոլոր աստղերը, որովհետեւ նա երկնային բոլոր կենդանակերպերին բոլորում է մէկ ամսուայ մէջ, արեգակը՝ մէկ տարուայ մէջ, իսկ այլ լուսատուները՝ երկար ժամանաուայ մէջ: Այդպէս Պօղոս առաքեալը սրընթաց էր քարոզչութեան մէջ եւ ջերմեռանդ Քրիստոսի սիրոյ մէջ: Այդ պատճառով նա ոչ թէ մի երկիր, այլ ամբողջ աշխարհը լցրեց իր քարոզչութեամբ:
Երրորդ՝ լուսինը լուսաւորում է գիշերը: Այդպէս Պօղոսը լուսաւորեց հեթանոսներին եւ, ինչպէս ասացինք, կռապաշտութեան խաւարից դարձրեց նրանց դէպի լոյս աստուածպաշտութիւնը:
Չորրորդ՝ լուսինը փոքրանում եւ լիալուսին է դառնում: Այդպէս Պօղոսը եւս փոքրացաւ Քրիստոսի խաչելութեան ժամանակ, բայց մեծացաւ Քրիստոսի յարութիւնից յետոյ:
Հինգերորդ՝ լուսինը մեղքերի ու ապաշխարութեան օրինակն է: Այդպէս եւ Պօղոսն էր ասում, թէ՝ մեղաւորների գլուխն եմ, եւ թէ՝ նախ իմ մէջ ցոյց տուեց ապաշխարութիւնը[31]:
Վեցերորդ՝ լուսինը շարժւում է ընդդէմ երկնքի: Այդպէս եւ Պօղոսը մի ժամանակ հակառակւում էր առաքեալներին եւ հալածում նրանց, ինչպէս երբ կամակից էր Ստեփաննոսի քարկոծմանը եւ պահում էր քարկոծողների հանդերձները:
Եօթերորդ՝ լուսինն ունի թէ՛ ընդհանուր եւ թէ՛ առանձնայատուկ շարժում: Այդպէս եւ Պօղոսն առանձնայատուկ էր Քրիստոսի սիրոյ մէջ եւ ընդհանուր էր, որովհետեւ ամէնքի հետ լինում էր ամէն բան, որպէսզի շահէր բոլորին:
Ութերորդ՝ լուսինն ունի բնական լոյս ու նաեւ արեգակից է լոյս ստանում: Այդպէս եւ Պօղոսն ունէր օրէնքների գիտութեան լոյսը եւ ապա Քրիստոսից ընդունեց շնորհների լոյսը:
Իններորդ՝ լուսինն աշխարհի հայելին է, քանզի իր մէջ արտապատկերում է ծովի եւ ցամաքի պատկերը: Այդպէս եւ Պօղոսն ամբողջ աշխարհի հրեաների եւ հեթանոսների, ծառայի եւ իշխանի, մեղաւորների եւ արդարների պատկերն է, որովհետեւ բոլորը նրանից էին սովորում:
Տասներորդ՝ լուսինն իր մէջ է ընդունում բոլոր աստղերի զօրութիւնն եւ ներգործում երկրի՝ ծովի եւ ցամաքի, կենդանիների եւ անշունչ արարածների վրայ: Այդպէս եւ Պօղոսը զօրացաւ Հին եւ Նոր կտակարաններով, գրել տուեց աւետարանը եւ «Գործք առաքելոց» գիրքը, եւ բազմաթիւ թղթերով զօրացան նրա խօսքերը բոլոր եկեղեցիներում՝ արեւելքում եւ արեւմուտքում, հիւսիսում եւ հարաւում՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ, որ օրհնեալ է յաւիտեանս. ամէն:
Հատուած ՃՀԹ գլխի քարոզից, որ ասում է.
«ՍԻՄՈ՛Ն, ՈՐԴԻ՛ ՅՈՎՆԱՆԻ, ՍԻՐՈ՞ՒՄ ԵՍ ԻՆՁ ԱՒԵԼԻ, ՔԱՆ ԴՐԱՆՔ»[32]
Պէտք է իմանալ, որ երբ Քրիստոս կամեցաւ Իր հօտը յանձնել Պետրոս առաքեալին, նախ նրան հարցրեց սիրոյ մասին, որն արեց երեք պատճառով: Նախ՝ կամեցաւ ցոյց տալ, թէ պէտք չէ ձգտել քահանայութեան պատուի կամ քահանայապետական գործեր անել սեփական անձի, այլ միայն Քրիստոսի սիրոյ համար: Երկրորդ՝ ցոյց է տալիս, որ ընկերոջ հանդէպ սէրը եւ նրա փրկութեան համար հոգալը բխում է աստուածասիրութիւնից եւ կախում ունի դրանից: Երրորդ՝ ցոյց է տալիս, որ ոչ ոք արժան չէ քահանայապետութեան աստիճանին, եթէ մանաւանդ մեծ սէր չունի Աստուծոյ հանդէպ, որի համար Տէրը հարցրեց. «Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»: Որպէս թէ Տէրն ասում է. «Չես սիրի Ինձ, եթէ չսիրես առաւել, այսինքն քեզնից եւ քո գործերից առաւել եւ յանձն չառնես վերակացու լինել Իմ ոչխարների համար»:
Դարձեալ՝ հարց է առաջանում, թէ ինչո՞ւ Տէրը միայն նրան հարցրեց: Վարդապետներն ասում են՝ չորս պատճառով:
Նախ՝ որովհետեւ նա առաքեալների գլուխն էր: Հարցրեց նրան, բայց նրանով խօսեց բոլորի հետ, ինչպէս երբ ասաց. «Քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները»[33], որոնք տուեց ոչ միայն նրան, այլեւ բոլոր առաքեալներին:
Երկրորդ՝ Պետրոսը հասակով տարեց էր եւ վայել՝ վարդապետութեան օրինակ լինելու համար: Տէրը հարցրեց նրան, որպէսզի միւսները սովորեն նրանից, թէ ինչպէս Քրիստոսի հօտի հովիւ եւ առաջնորդ լինեն:
Երրորդ՝ Պետրոսն առաւել էր սիրում Քրիստոսին, քան բոլոր աշակերտները, որը յայտնի է Տիրոջ այն հարցից, թէ «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես Ինձ աւելի, քան դրանք»: Եւ առաւել սիրոյ համար նա առաւել պարգեւներ ստացաւ:
Չորրորդ՝ Տէրը գիտէր, որ խաչի մօտ նա պիտի ուրանար, եւ այդ հարցումով վերացրեց այն կարծիքը, թէ ոխ չունի նրա դէմ:
Այսքան պատճառների համար Տէրը հարցրեց միայն նրան, եւ Քրիստոս Իր հօտը յանձնեց նրան: Պէտք է իմանալ, թէ ինչո՞ւ է Տէրը երեք անգամ հարցնում սիրոյ մասին: Պատասխանենք, որ երեք պատճառով:
Նախ՝ քանի որ Պետրոսն ուրացաւ երեք անգամ, այդ պատճառով երեք դաւանութեամբ բժշկեց նրա երեք ուրացութիւնների վէրքերը: Սովորելով այստեղից՝ մկրտութեան եւ այլ բոլոր խորհուրդների ժամանակ թէ՛ սատանայից հրաժարուելը եւ թէ՛ հաւատքի դաւանութիւնը կրկնում ենք երեք անգամ:
Երկրորդ՝ երեք վկայութիւնը կատարեալ է, ինչպէս որ օրէնքում է ասւում, թէ պէտք է, որ երկու եւ երեք վկաներով հաստատուի ամէն բան: Այդ պատճառով Քրիստոս երեք խոստովանութիւն պահանջեց:
Երրորդ՝ որպէսզի ցոյց տայ, թէ Աստուծոյ սէրը հետամուտ է հովուել ոչխարներին երեք կերպով:
Դարձեալ՝ պէտք է իմանալ, որ թէպէտ Քրիստոս Պետրոսին հարցրեց, թէ «Սիրո՞ւմ ես Ինձ առաւել, քան դրանք», սակայն Պետրոսը չասաց, թէ «Սիրում եմ Քեզ առաւել, քան դրանք» հինգ պատճառով: Նախ՝ որպէսզի հեռու լինի յանդգնութիւնից եւ մեզ օրինակ լինի, եւ որպէսզի յանդգնութեամբ մեզ ընկերոջից առաւել չհամարենք: Երկրորդ՝ առաքեալը ստուգապէս չէր ճանաչում սիրոյ մեծութեան չափը: Եւ սա եւս մեզ օրինակ է տալիս չասել այն, ինչ ստուգապէս չգիտենք: Երրորդ՝ Պետրոսը փորձառութեամբ գիտէր իր տկարութեան մասին, որը յայտնի եղաւ Քրիստոսին ուրանալու ժամանակ, եւ այդ պատճառով իր սէրը վեր չդասեց, քան առաքեալների սէրը: Չորրորդ՝ որպէսզի արտայայտէր իր մաքուր խղճմտանքն ու սէրը, նա ասաց. «Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»: Հինգերորդ՝ նա ասաց. «Տէ՛ր, Դու գիտես ամէն բան եւ ճանաչում ես բոլորին ու գիտես, որ սիրում եմ Քեզ: Դու գիտես ճշմարիտը, սրտագէտ ես եւ քննում ես սրտերն ու երիկամները»:
Ասում է. «Պետրոսը տրտմեց»[34]: Տրտմեց ոչ թէ բարկանալով այն բանի համար, որ Տէրը չհաւատաց իր առաջին խոստովանութեանը, որի համար երեք անգամ հարցրեց, այլ տրտմեց, որովհետեւ յոյժ վախեցաւ: Այդ պատճառով ասաց. «Այո՛, Տէ՛ր, Դու գիտես, որ սիրում եմ քեզ»[35]: Նա չասաց, թէ կարծում ես, այլ ասաց՝ Դու գիտես, քանի որ լինելիքը յայտնի է Քեզ: Եւ երբ ըստ օրէնքի երեք անգամ կատարեալ վկայութեամբ առաւ սիրոյ գրաւականը, այնժամ Իր հօտը, որին գնեց Իր Արեամբ, յանձնեց նրան՝ ասելով. «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին»[36]:
...
Տէրը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր, ուր կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կը բարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կը կապեն ու կը տանեն, ուր չես կամենայ»[37]:
Ասում է՝ մինչ երիտասարդ էիր: Երիտասարդ է կոչում ոչ կատարեալ լինելը, քանզի նախքան խաչելութիւնը եւ Սուրբ Հոգու իջնելը նրանք անկատար էին մտքով: «Անձամբ գօտին կապելն այն էր, որ դու քո զօրութեամբ էիր ասում, թէ՝ կեանքս կը տամ՝ առանց ձեռք մեկնելու Իմ ամենակարող զօրութեանը: Գօտին խորհրդանշում է նաեւ պարկեշտութիւնը. Պետրոսը երիտասարդ հասակից զսպում էր իրեն պարկեշտութեամբ եւ ժուժկալութեամբ ու բովանդակւում իր մէջ ողջախոհ վարքով: «Սակայն երբ ծերանաս», այսինքն երբ հասակով եւ իմաստութեամբ առնես Սուրբ Հոգին, «ձեռքերդ վեր կը բարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կը կապեն»: Ասում է այն մասին, որ նա կը բարձրացնի ձեռքերը, եւ ուրիշները գօտի կը կապեն: Խաչի վրայ նա կապուեց չուանով, բայց չամրացաւ բեւեռներով, որպէսզի երկարէին տանջանքները: Կամ էլ այն մասին է ասում, որ երբ նա կամեցաւ հաւատացեալների խնդրանքով հեռանալ քաղաքից, Տէրը, ինչպէս մի թագաւոր, որը գիտի իր զինուորի քաջութեան մասին, տեսաւ եւ վերադարձրեց նրան, կապեց նրա գօտին եւ հրամայեց ախոյեան լինել ու արիանալ: Այդպէս նա, զօրանալով Տիրոջ հրամանով, գնաց եւ խաչուեց: «Կը տանեն, ուր չես կամենայ»: Ասաց ոչ թէ այն մասին, թէ պիտի խաչուի ոչ կամաւոր, այլ ասաց այն մասին, թէ այլ է մարդու բանական կամքը եւ այլ՝ մարմնի զգայական կամքը: Բանական կամքով կամենում էր խաչուել, որը յայտնի է «Ձեռքերդ վեր կը բարձրացնես» խօսքից, իսկ զգայական կամքով խորշում էր, որը ցոյց է տալիս մարմնի տկարութիւնը, ինչպէս որ Ինքը՝ Տէրն էր ասում. «Հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»[38]: Տէրը կամենում էր Պետրոսին ցոյց տալ, որ երբ մարմինդ բաժանուի հոգուց, առանց տրտմութեան չի մնայ, որովհետեւ դժուարին է մարտիրոսութեան տանջանքը, որի համար էլ վարձքն աւելի մեծ է, ինչպէս իմաստասէրն է ասում. «Մահն ահարկութեան եւ երկիւղի վախճանն է»: Դարձեալ՝ ասում է. «Կը տանեն քեզ»: Ցոյց է տալիս այն, որ պէտք չէ, որ մարդը սպանի ինքն իրեն Աստուծոյ համար, այլ պէտք է սպանուի ուրիշի կողմից կամ Աստուծոյ հրամանով, ինչպէս Սամսոնն արեց եւ ինչպէս Մակաբայեցիների գրքում է պատմւում Եղիազարի մասին: Պէտք չէ ինքն իրեն զրկել կեանքից, որովհետեւ Աստուած է մահուան եւ կեանքի իշխանը: Ով հոգին կապեց մարմնին, Նա էլ պիտի արձակի ... :
Արդ, Քրիստոս Պետրոսի հետ մահուան մասին խօսեց երեք պատճառով: Նախ՝ որպէսզի Պետրոսն առաւել արիանայ Քրիստոսի համար չարչարանքներ կրելիս: Երկրորդ՝ որպէսզի դրանով Պետրոսը ստուգապէս իմանայ, որ Աստուծոյ կողմից նախապէս սահմանուած է մարմնով չարչարուելը եւ երկնային փառքի մէջ մտնելը: Երրորդ՝ դրանով ցոյց է տալիս, թէ քահանայապետը եւ առաջնորդը որքան պարտաւոր են յօժարակամ կրել Քրիստոսի համար չարչարանքները: Արդ, այս խօսքով Տէրը երկու բան ասաց Պետրոսին: Նախ՝ «Երբ ծերանաս» խօսքով յայտնեց մահուան ժամանակի մասին: Երկրորդ՝ «Ձեռքերդ վեր կը բարձրացնես» խօսքով յայտնեց, թէ ձեռքերդ խաչի վրայ պիտի տարածես, որն աւետարանիչը եւս մէկնում է Քրիստոսի այդ խօսքը՝ գրելով. «Այս ասաց՝ նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն»[39]: Աստուծոյ փառքը նախ խաչն է՝ ըստ այն խօսքի, թէ «Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր»[40], այսինքն դեռ չէր խաչուել: Երկրորդ՝ Աստուած փառաւորւում է վկաների արեամբ, երբ նրանք խաչուելով ցոյց են տալիս Տիրոջը մահու չափ սիրելը: Երրորդ՝ Աստուած փառաւորւում է, երբ երկնային փառքով փառաւորում է Իր սուրբերին՝ ըստ այն խօսքի, թէ «Երբ այս ասաց, աւելացրեց՝ արի՛ Իմ յետեւից»[41]: Այսինքն ասաց. «Նախ արի դէպի խաչը եւ ապա մտիր փառքի մէջ»: Եւ սա գերադրական սիրոյ նշան է, եւ միայն նրան կանչեց Իր յետեւից: Իսկ նա, հնազանդուելով Նրան, անվերադարձ գնաց մահուան ճանապարհով. մօտեցաւ խաչին, նախ գովաբանեց խաչը, յայտնեց խաչի խորհուրդը եւ ասաց. «Մի՛ խաչէք ինձ գլուխս դէպի վեր, ինչպէս որ խաչուեց իմ Տէրը, այլ ինձ գլխիվայր խաչէք, որովհետեւ նախ՝ իմ Տէրը երկնքից երկիր իջաւ եւ ուղիղ խաչին բարձրացաւ, իսկ ես երկրից երկինք եմ գնում, ուստի պէտք է գլուխս դէպի երկիր՝ դէպի ներքեւ ուղղուած լինի»: Եւ դարձեալ՝ «Ես իմ մէջ ցոյց եմ տալիս նախաստեղծի կերպարանքը, որը գլխիվայր շրջուեց չորս պատճառով: Նախ՝ գլուխը խոնարհուեց ոտքին եւ լսեց խաբողին: Երկրորդ՝ իր անձնիշխան կամքը խոնարհեցրեց չարի առաջ: Երրորդ՝ երկնքից երկիր սողոսկեց եւ ընկաւ Դրախտից: Չորրորդ՝ նորածին մանուկը գլխիվայր է գալիս երկիր: Այդ պատճառով պէտք է գլխիվայր խաչուեմ»: ... Եւ ապա ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր Աստուած իմ, ոչ թէ այն բերանով, որի միջով սուտը եւ ճշմարիտն են ելնում, որ երբեմն խօսում է, երբեմն էլ՝ ոչ, այլ այս բերանովս, որը միշտ ճշմարտութիւնն է խօսում: Գոհանում եմ Քեզնից, որ արժանացրիր ինձ խաչակից եւ չարչարակից լինել Քեզ»: Եւ ասելով՝ ամէն, աւանդեց իր հոգին՝ ի փառս Աստուծոյ:
Պօղոս առաքեալը եղաւ Պետրոսի ուղեկիցը թէ՛ կեանքում եւ թէ՛ մահուան ժամանակ, թէ՛ չարչարանքների եւ թէ՛ մահուան մէջ, միասին քարոզեցին եւ միասին էլ դադարեցին քարոզել, միասին նահատակուեցին եւ միասին էլ պսակուեցին. Պետրոսը խաչուեց, իսկ Պօղոսը գլխատուեց: Պետրոսը երկնքի արքայութիւնը փակողն էր, իսկ Պօղոսը բացողը եւ երրորդ երկինք յափշտակուողը: Պետրոսը եկեղեցու վէմն էր, իսկ Պօղոսը՝ վէմի խարիսխը եւ ամուր սիւնը: Պետրոսը Քրիստոսի խաչակիրն էր, իսկ Պօղոսը՝ ընտիր անօթը: Պետրոսն ու Պօղոսը ցերեկուայ եւ գիշերուայ երկու լուսատուներ էին, եկեղեցու ջահեր, հաւատքի լծակիցներ: Նրանք, որ կեանքում սիրով էին միմեանց հետ, յօժարութեամբ մահուան գնացին: Ինչպէս որ Քրիստոսի սիրոյ մէջ եռացին սրտով, այդպէս էլ միմեանց հանդէպ սիրով միաւորուեցին հոգով, «յետեւում մնացածները մոռացած՝ ձգտեցին դէպի առջեւում եղածները եւ ուշադիր ընթացան դէպի Քրիստոս Յիսուսի աստուածային հրաւէրի նպատակակէտը»[42]:
Երանի՛ քեզ, Հռո՛մ քաղաք, որ պարծենում ես, թէ ինչպիսի պայծառ արեգակներ ես ընդունել քեզ մօտ, թէ ինչպիսի ընծաներ ես մատուցում Աստծուն եւ թէ ինչպիսի լոյս ես ծագեցնում ամբողջ աշխարհին: Տեսանելի լոյսն արեւելքից է ծագում, իսկ իմանալի լոյսերն արեւմուտքից են փայլում: Նրանք լուսաւորում են աչքերը, իսկ սրանք պայծառացնում են միտքը: Նրանք զուարճութիւն են անբան արարածների համար, իսկ սրանք ուրախութիւն են բանականններիս համար: Նրանք երբեմն լուսաւորում եւ ծածկւում են, իսկ սրանք միշտ բոցափայլ ճառագայթում են: Հօր փառքի լոյսը՝ Յիսուս, Ով դէպի լոյսը հրաւիրեց Իր աշակերտներին, կարգեց նրանց որպէս աշխարհի լուսաւորիչներ եւ կանչեց փառքի լոյսի մէջ: Նրանց տօնի շնորհաբաշխ այս օրը երկու գլխաւոր լուսատուների միջնորդութեամբ բարեխօս ունենանք նրանց արեան հեղումը եւ բոլոր սուրբերի բարեխօսութիւնը, որպէսզի թողութիւն լինի մեր բոլոր յանցանքներին, ուղղուեն մեր բոլոր ճանապարհները նրանց շաւղի յետեւից, լուսաւորուեն մեր խաւար մտքերը, արձակուեն մեր մեղքերի կապանքները, թեթեւանան մեր ծանր բեռները, եւ բացուի մեր առաջ երկնքի արքայութեան դուռը: Քանզի Նա Ինքը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոս՝ Աստուծոյ Որդին է Արքայութիւնը, եւ Նա է յաւիտենական Կեանքը: Նրան Իր Հօր եւ Սուրբ Հոգու հետ փառք, պատիւ եւ երկրպագութիւն յաւիտեանս. ամէն:
ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՄԱՍԻՆ
(ըստ այն խօսքի, թէ «Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքեալ, ընտրուած քարոզելու Աստուծոյ Աւետարանը» Հռոմ. Ա 1)
/հատուածաբար/
Բարձրագոչ եւ ազդարար փողը, երրորդ երկինք ելնողը, անհասանելիները տեսնողը եւ անճառելիները պատմողը, խորին խորհուրդների հազարապետը եւ աստուածային գանձերի հաւատարիմ տնտեսը, ընտիր անօթը եւ ճշմարտութեան քարոզիչը, Աստուծոյ ինքնախօս բերանը՝ Պօղոս առաքեալը, իր թղթերից մէկում գրում է. «Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքեալ, ընտրուած քարոզելու Աստուծոյ Աւետարանը»[43]: Եւ այս խօսքի շուրջ չորս բան պէտք է քննել: Նախ՝ Պօղոսի պատուական լինելը միւս առաքեալների համեմատ, երկրորդ՝ նա տասներկուսի՞ց էր, թէ՝ ոչ, երրորդ՝ ինչո՞ւ այնքան թղթեր գրեց, չորրորդ՝ առաջիկայ խօսքի մեկնութեան մասին, որ ասում է. «Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքեալ, ընտրուած քարոզելու Աստուծոյ Աւետարանը»:
* Քննենք առաջին գլուխը, որ Պօղոսի պատուականութեան մասին է:
Ասենք, որ Պօղոս առաքեալը պատուական է միւսներից տասը եղանակով:
Նախ՝ բոլոր առաքեալներից պատուական էր ծնուած քաղաքով, ազգութեամբ եւ կրթութեամբ, ինչպէս նա ինքն էր ասում. «Բենիամինի ցեղից եմ՝ ծնուած Կիլիկիայի Տարսոն քաղաքում, մեծացել եւ դաստիարակուել եմ այստեղ, այս քաղաքում, Գամաղիէլի ոտքերի մօտ եւ կրթուել՝ ըստ հայրենի օրէնքի ճշմարտութեան»[44]:
Երկրորդ՝ Պօղոսը վրէժխնդիր էր Աստուծոյ օրէնքի համար, որը յայտնի է սուրբ Ստեփաննոսին քարկոծելիս, որին կամակից էր եւ պահում էր քարկոծողների հանդերձները, որպէսզի փութապէս քարկոծեէին: Այնուհետեւ ուղերձ առնելով քահանաներից՝ գնում էր Դամասկոս՝ չարչարելու քրիստոնեաներին:
Երրորդ՝ ճանապարհին Տէրը երեւաց նրան, խաւարեցրեց նրա աչքերը եւ կոչեց նրան Իր ընտիր անօթ՝ կրելու Աստուծոյ անունը ազգերի եւ հեթանոսների մէջ: Եւ երբ մկրտուեց Անանիայի կողմից, բացուեցին նրա աչքերը, եւ նա քարոզեց Քրիստոսին:
Չորրորդ՝ գնաց բազմաթիւ քաղաքներ, բազմաթիւ երկրներում քարոզեց Աստուծոյ աւետարանը, Երուսաղէմից մինչեւ Լիւրիկէ՝ վաթսունհինգ քաղաքներում՝ իրենց գաւառներով հանդերձ, տարածեց Քրիստոսի աւետարանը:
Հինգերորդ՝ գրեց բազմաթիւ թղթեր՝ աւելի, քան միւս առաքեալները երեք պատճառով: Նախ՝ հոգ էր տանում հեռաւոր երկրների համար, որտեղ չէր կարող հասնել, որի համար նրանց հետ թղթերով էր խօսում: Երկրորդ՝ երկմտողներին հաստատում էր թղթերով: Երրորդ՝ յետնորդների համար, որոնք պիտի գային, թղթերը՝ որպէս քարոզներ, թողեց եկեղեցիներին:
Վեցերորդ՝ միայն նա էր, որ համբարձուեց մինչեւ երրորդ երկինք, մարմնով, թէ առանց մարմնի, չգիտեմ, Աստուած գիտէ, լսեց ու տեսաւ անճառելի բաներ, որոնք մարդուն արտօնուած չէ խօսել, եւ որոնք Աստուած պատրաստեց Իր սիրելիների համար:
Եօթերորդ՝ միայն նա էր, որ գիւղերում ու քաղաքներում բոլորին քարոզեց առանց ինչքի եւ կերակրի, քանզի մշակն արժանի է իր կերակրին: Նա ոչինչ չէր առնում ժողովրդից, որպէսզի հաւատարիմ լինէր աւետարանին, չէր դադարում քարոզել Քրիստոսին՝ ձեռքը գործին ու բերանը քարոզելուն տուած, եւ ինչպէս նա ինքն էր ասում. «Այս ձեռքերը հոգացին իմ եւ ինձ հետ եղողների կարիքները»[45]:
Ութերորդ՝ միայն նա էր, որ բոլորի հետ եղաւ ամէն ինչ. հրեաների եւ հեթանոսների հետ ոչ թէ հրեայ եւ հեթանոս էր լինում, այլ շահում էր նրանց: Միաբանւում էր նրանց, ցաւում էր տկարների հետ, բժշկում հիւանդներին եւ մեզ ուսուցանում, թէ եթէ հնարաւոր է, բոլորի հետ խաղաղութիւն պահել:
Իններորդ՝ այնպէս էր սիրում իր ազգակիցներին, որ նրանց համար փափագում էր նզովուել Քրիստոսից[46], ինչպէս մի ժամանակ Մովսէսն էր ասում Աստծուն. «Արդ, եթէ ներելու ես իրենց մեղքերը, ների՛ր, իսկ եթէ չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջի՛ր Քո մատեանից, ուր գրել ես ինձ»[47]: Այդպէս էլ մենք պէտք է սէր ունենանք Քրիստոսի եւ ընկերոջ հանդէպ ու դնենք մեր անձերը նրանց համար:
Տասներորդ՝ միայն նա էր, որ բազմաթիւ վշտեր կրեց հրեաներից եւ սուտ եղբայրներից, ինչպէս որ նա ինքն էր ասում. «Քարկոծուեցի, բանտարկուեցի ... Հարուածում էին քառասուն անգամ, դարձեալ կրկնում: Կապանքների մատնուեցի, քշուեցի ծովով եւ ցամաքով, նաւաբեկութեան ենթարկուեցի, փախստական դարձայ»[48], բայց չդադարեց քարոզել Քրիստոսին:
* Երկրորդ գլխով քննենք, թէ նա տասներկուսի՞ց էր, թէ՞ ոչ: Ինչպէս թւում է, ո՛չ, որովհետեւ աշակերտել է Քրիստոսի յարութիւնից յետոյ, որին կարգել էին տասներկուսը: Ասենք, որ եթէ մէկը բուն պատմութեանը նայի, չի ասի, որ նա տասներկուսից է, իսկ եթէ խորհրդածութեամբ նայի, կ՚ասի, որ ճշմարտապէս նա տասներկուսից է: Որովհետեւ երբ Քրիստոս առաքեալներին ասաց, թէ «Պիտի նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին»[49], Պօղոսը դեռ չէր կոչուել առաքելութեան, Մատաթիան չէր ընտրուել վիճակով, իսկ Յուդան, որ թէպէտ նրանց հետ էր, չարժանացաւ նստել աթոռին, այլ իջաւ դժոխքի յատակը: Աւետարանի հրամանը պէտք է հասկանալ այսպէս. որոշ թուեր անկատար են, ինչպէս չորսը, որոշ թուեր՝ կատարեալ, ինչպէս վեցը, որոշ թուեր էլ՝ գերակատար, ինչպէս տասներկուսը: Եւ բոլոր սուրբերը եւ ընտրեալները, որ գերակատար են, համարւում են տասներկուսի թուից ու նրանց հետ նստում են դատողական աթոռին: Այդպէս եւ Պօղոս առաքեալը, որ գերակատար էր բոլորից առաւել, ճշմարտապէս տասներկուսից էր:
* Երրորդ հարցումն այն էր, թէ ինչո՞ւ նա տասնչորս թուղթ գրեց:
Նախ ասենք, որ տասը կատարեալ թիւ է, որովհետեւ տասն են երկնքի եւ երկրի, ծովի ու ցամաքի արարածների մասունքները: Եւ չորսն են տարերքները՝ աշխարհի ստեղծման սկզբնապատճառները: Եւ որպէսզի ցոյց տայ, թէ նրանք միեւնոյն Արարչի կողմից են ստեղծուած, նոյնքան էլ թուղթ գրեց: Դարձեալ՝ Հին օրէնքը տասնաբանեայ էր, իսկ Նորում աւետարանները չորսն են: Պօղոսի տասնչորս թղթերն իրենց մէջ բովանդակում են Հին եւ Նոր օրէնքները:
* Գանք չորրորդ գլխին՝ այն խօսքին, որ ասում է. «Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի ծառան»: Նախ տեսնենք, թէ ինչու Մովսէսը, որը հինգ գիրք գրեց, ինչպէս եւ այլ մարգարէներն ու աւետարանիչներն իրենց անունները չեն դրել իրենց գրքերի վրայ, իսկ նա դրել է:
Նախ՝ ասենք, որ մարգարէները գրում էին մերձաւորների, իսկ Պօղոսը՝ հեռաւորների համար: Աւետարանիչներն էլ Քրիստոսի խօսքերն էին գրում, եւ պէտք չէր, որ գրէին իրենց անունները: Իսկ Պօղոսն իր խօսքերն էր գրի առնում:
Երկրորդ՝ Մովսէսի օրօք չկային այլ մարգարէներ՝ ո՛չ սուտ, ո՛չ ճշմարիտ, իսկ առաքեալների օրօք կային բազմաթիւ ճշմարիտ եւ սուտ առաքեալներ: Ուստի առաքեալները պէտք էր գրէին իրենց անունները, որպէսզի ճանաչէին:
Երրորդ՝ մարգարէները չէին գրում անունները, որպէսզի ժողովուրդն իմանար, որ պատգամն Աստծուց է եւ ոչ թէ իրենցից, իսկ առաքեալներն իրենց անունից էին ասում խօսքը:
Չորրորդ՝ մարգարէները գրում էին խստապարանոց եւ վայրի ժողովրդին, որոնք քարկոծում եւ չարչարում էին մարգարէներին: Եւ եթէ նրանք գրէին իրենց անունները, ատելութեան պատճառով չէին ընդունի նրանց պատգամները: Իսկ առաքեալներն աշակերտներին էին գրում, որոնք սիրում էին, կարօտ էին տեսնել նրանց եւ ցնծում էին նրանց անունները լսելիս:
Հինգերորդ՝ Մովսէսն աստուած էր ճանաչուել[50], ուստի նա թաքցրեց իր անունը, որպէսզի յետոյ չպաշտուի, իսկ առաքեալներն Աստուծոյ սպասաւորներ էին եւ գրում էին, որ Քրիստոսի ծառաներ են:
Վեցերորդ՝ Մովսէսը չգրեց իր անունը, որովհետեւ առաջին պատգամն Աստուծոյ մատով էր գրուել եւ ոչ թէ Մովսէսի ձեռքով, իսկ առաքեալներն իրենց ձեռքով էին գրում թղթերը:
Եօթերորդ՝ մարգարէները չէին դնում իրենց անունները, որպէսզի իրենց մահից յետոյ գրքերը մոռացութեան չտրուեն, իսկ առաքեալները գրում էին, որպէսզի թէ՛ իրենց կենդանութեան օրօք եւ թէ՛ մահից յետոյ իրենց քարոզչութիւնն առաւել լսելի լինի:
Ութերորդ՝ առաքեալների անունից ոչ քիչ զօրութիւն եւ մեծ բարիքներ էր լինում, քանզի եթէ նրանց ստուերը յարութիւն էր տալիս մեռելներին եւ հալածում դեւերին, ապա որքան առաւել նրանց անունները:
Իններորդ՝ Պօղոս առաքեալը, գրելով իր անունը, ցոյց է տալիս, որ թուղթը ողջոյնի խօսք է եւ ոչ թէ սպառնալիքի, ինչպէս մարգարէներինը: Սկզբում անունը դնելը ցոյց է տալիս գրողի պատուականութիւնը նրանց համեմատ, ում որ գրում է, իսկ վարդապետի պատուականութիւնը հարկադրում է աշակերտներին լսել խօսքը եւ կատարել այն:
Այսքանն այն մասին, թէ ինչու էին մարգարէները չգրեցին իրենց անունները, իսկ առաքեալները գրեցին:
* Պօղոս եբրայերէնից թարգմանաբար նշանակում է «փողի բերան» կամ «զարմանալի ընտրեալ», յունարէնից նշանակում է «հանդարտ», իսկ լատիներէնից՝ «փոքր»: Եւ դրանք բոլորը գովեստներ են նրան, քանզի նրան փողի բերան կոչելով՝ նմանեցւում է այն փողոցին, որտեղ Աստուած իսրայէլացիներին հրամայեց հնչեցնել: Եւ այն փողերը երեք տեսակ էին: Նախ՝ ազդարարում էին պատերազմ, երկրորդ՝ ընդհանուր դատաստան, երրորդ՝ գլխաւոր տօներ: Այդպէս եւ Պօղոսը գոչելով յորդորում է պատերազմել խաւարի իշխանութեան դէմ, ազդարարում է Քրիստոսի դատաստանի մասին, խրատում է մեզ՝ ասելով. «Բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատեանի առաջ»[51] եւ հրաւիրում է մեզ Վերին Երուսաղէմի տօնին՝ ասելով. «Վերին բաների մասին խորհեցէք, ուր Քրիստոս է նստած Հօր աջ կողմում»[52]: Դարձեալ՝ երբ փողի բերանի աւելի նեղ մասն է դրւում փողահարի շրթունքներին, այն գեղեցիկ ձայն է արձակում, իսկ եթէ լայն մասն է մօտեցւում շրթունքներին, անտեղի ձայն է արձակւում: Սա ցոյց է տալիս առաքեալի նեղ եւ անձուկ վարքը, որի ձայնը զարդարեց տիեզերքը: Իսկ ովքեր ազատ կեանք են վարում, անտեղի փողեր են, որոնք քարոզում են այլոց, բայց իրենք չեն կատարում:
Պօղոս թարգմանւում է նաեւ «զարմանալի ընտրեալ», քանզի սուրբերից ոչ ոք չընտրուեց այդպէս զարմանալի կերպով, ինչպէս որ նա: Նախ՝ որովհետեւ մինչ հալածում էր եկեղեցին, Դամասկոսի ճանապարհին Քրիստոս նրան դէպի Իրեն ձգեց:
Երկրորդ՝ սկզբում ինչպէս Սաւուղը, որը հալածում էր Դաւթին եւ նրա զօրքին, այդպէս էլ վայրենի Սօղոսը, որ սկզբում հալածում էր Դաւթի Տիրոջը եւ Նրա հաւատացեալներին, յետոյ եղաւ ընտրեալ ու զարմանալի, եւ Տէրն էլ անուանեց նրան Իր ընտիր անօթ՝ կրելու Իր անունը ազգերի մէջ:
Երրորդ՝ նա Բենիամինի ցեղից էր, որին նահապետ Յակոբը յափշտակող գայլ կոչեց[53], սակայն Անանիայի ձեռամբ, որ թարգմանաբար նշանակում է «ոչխար», մկրտուեց եւ եղաւ գառ:
Չորրորդ՝ նա իր կեանքի առաւօտին որսում էր հաւատացեալներին՝ մատնելու մահուան, բայց երեկոյեան, այսինքն յետոյ, կենաց խօսքը տարածեց բոլորին:
Այսպէս չորս կերպով Պօղոսը «զարմանալի ընտրեալ» կոչուեց: Իսկ «հանդարտ» կոչուեց, որովհետեւ նրա խօսքը յորդ անձրեւների տարափի պէս չէր, որը ողողելով վերացնում է հողի բարեբերութիւնը, այլ հանդարտ անձրեւի պէս մեղմութեամբ իջնում եւ երկրի վրայ իմանալի բոյսեր պտղաբերում: Իսկ որ կոչուեց «փոքր», ցոյց է տալիս աւետարանը քարոզելու գործում նրա թեթեւաշարժ ընթացքը: Քանզի որսորդ թռչունը՝ արծիւը կամ բազէն, որոնք ունեն նուրբ կրծքավանդակ եւ ողնաշար՝ ո՛չ լայն եւ ո՛չ մեծ, հեշտութեամբ են ճեղքում օդը եւ հասնում որսին: Այդպէս եւ Պօղոսը, ընդարձակելով չմեծացրեց իր սիրտը աշխարհի հեշտութիւններով, այլ փոքր եւ նուրբ կրծքավանդակ ունենալով՝ արագ որսաց տիեզերքը:
* Ասում է «Յիսուս Քրիստոսի ծառայ»:
Ծառայ ասելով՝ նախ խոնարհութիւն է սովորեցնում լսողներին եւ երկրորդ՝ բարձրացնում է իրեն, որովհետեւ նա ոչ թէ մարդու, այլ Յիսուս Քրիստոսի ծառան է, Ով մեծ է բոլոր թագաւորներից:
Ասում է «Կոչուեցի առաքեալ»: Նախ՝ առանձնացնում է իրեն սուտ առաքեալներից եւ առաջնորդներից, որոնք կոչուած չեն ու ինքնայօժար կամքով են ձգտում պատիւ ունենալ եւ ոչ թէ Աստծուց:
Երկրորդ՝ ցոյց է տալիս իր խոնարհութիւնը: Ինչպէս որմնադիր մէկը, որը քանոնը դնելով քարերի վրայ, ներս է հրում պատից դուրս եղող քարերը, իսկ ներս ընածներին առաջ բերում եւ այդպէս կարգաւորում շինուածքը, այդպէս էլ ճարտարապետն Աստուած, եկեղեցի շինելով՝ դնում է խոնարհութեան քանոնը՝ յետ մղելով եւ խրատելով նրանց, որոնք հպարտութեամբ ձգտում են պատիւ ունենալ, եւ առաջ բերելով ու մեծարելով նրանց, ովքեր խոնարհ են: Պօղոսը հրաւիրուեց առաքելութեան պատուին, եւ Աստուծոյ եկեղեցիները գեղեցկապէս շինուեցին:
Երրորդ՝ ցոյց է տալիս պատուի մեծութիւնը, քանզի ինչպէս Քրիստոս առաքուեց Հօր կողմից, նոյնպէս էլ նա կանչուեց Քրիստոսի կողմից:
Դարձեալ՝ Աստուծոյ կողմից կանչուելը երեք տեսակ է լինում. երբեմն կանչում է բարձր ձայնով, ինչպէս Աբրահամին, երբեմն հրաշքով, ինչպէս Մովսէսին կրակի մօտ, երբեմն ներգործելով մտքի լուսաւորութեամբ: Եւ Դամասկոսի ճանապարհին նա կանչուեց այս բոլոր կերպերով:
Սակայն ոմանք ասում են, թէ Աստուած չորս տեսակի մարդկանց է կանչում: Սամուէլը, երբ մանուկ էր, երեք անգամ կանչուելով՝ չգնաց Աստուծոյ, այլ Հեղիի մօտ: Այնուհետեւ, երբ երկու անգամ ձայնեց՝ Սամուէ՛լ, Սամուէ՛լ, ասաց Աստծուն. «Ահաւասիկ այստեղ եմ»: Առաջին անգամ Աստուած կանչում է բոլոր մարդկանց՝ տալով ընդհանուր պարգեւներ՝ կեանք, առողջութիւն, կրթութիւն եւ այլ բաներ, բայց մարդիկ չեն ճանաչում ո՛չ Աստծուն եւ ո՛չ էլ Նրա հրամանները: Երկրորդ կանչով դատում է խղճմտանքը, եւ դրանով չեն դառնում դէպի Աստուած: Երրորդ կանչով մարդը խրատւում է վարդապետների կողմից եւ դրանով եւս չի կատարում Աստուծոյ կամքը: Իսկ չորրորդ անգամ, երբ երկու անգամ կանչեց Սամուէ՛լ, Սամուէ՛լ, նշանակում է, որ երբ մարդուն հիւանդութեան, կուրութեան կամ այլ բանի մէջ է գցում, իսկ մտքին՝ դժոխքի տանջանքների մէջ, այնժամ մարդն ընդունում է Աստուծոյ հրամանները եւ ասում. «Ահաւասիկ այստեղ եմ»: Եւ Տէրը Պօղոսին կանչեց այս չորս հրաւէրով. նախ՝ երբ նրան տուեց կենդանութիւն եւ իմաստութիւն, երկրորդ՝ երբ նրան խղճմտանք տուեց, երրորդ՝ երբ Պօղոսը լսեց առաքեալների քարոզչութիւնը: Եւ այս երեք կերպով նա չցանկացաւ գալ առաքելութեան: Իսկ չորրորդ անգամ, երբ Դամասկոսի ճանապարհին կանչեց երկու անգամ՝ ասելով. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես Ինձ հալածում», նա պատուհասուեց երկու կերպով. նախ խաւարեցին աչքերը, ապա մտքով տեսաւ իր գործերի պատիժը, այնուհետեւ հնազանդուեց Քրիստոսի հրամաններին եւ կոչուեց առաքելութեան: Իսկ որ ասում է «առաքեալ», պէտք է իմանալ, որ առաքելութեան եղանակները վեցն են. նախ՝ երբ մարդն ուղարկւում է մարդու կողմից, երկրորդ՝ երբ մարդն ուղարկւում է հրեշտակների կողմից, երրորդ՝ երբ մարդն ուղարկւում է Աստուծոյ կողմից, չորրորդ՝ երբ հրեշտակն ուղարկւում է հրեշտակի կողմից, հինգերորդ՝ երբ հրեշտակն ուղարկւում է Աստուծոյ կողմից եւ վեցերորդ, որ բոլորից մեծագոյնն է, երբ Աստուած է ուղարկւում Աստուծոյ կողմից: Իսկ Պօղոսն ուղարկուեց Աստուծոյ կողմից:
Առաքելութեան գործերը տասն են եւ լինում են.
առաջին՝ պատգամների համար, ինչպէս Գաբրիէլը տուեց սուրբ Կոյսին,
երկրորդ՝ միջնորդութեան համար՝ ըստ այն խօսքի, թէ. «Եղաւ մեր հաւատքի Քահանայապետը, որ ուղարկուեց Հօրից[54],
երրորդ՝ մշակութեան համար, ինչպէս անում են ծառաներն այգում,
չորրորդ՝ իր եւ այլոց չարչարանքները կրելով՝ ըստ այն խօսքի, թէ «Ինչպէս ոչխար՝ մորթուելու տարուեց»[55],
հինգերորդ՝ բժշկութեան համար՝ ըստ այն խօսքի, թէ «Առաքեց Իր Բանին ու բժշկեց նրանց»[56],
վեցերորդ՝ իշխանութեան համար՝ ըստ այն խօսքի, թէ «Ուղարկեց նրանց եւ իշխանութիւն տուեց»[57],
եօթերորդ՝ քարոզելու աւետարանը, ինչպէս առաքեալները,
ութերորդ՝ ինչպէս արեցին մարգարէները,
իններորդ՝ սրբութեան համար, ինչպէս կայծակնամաքուր մարգարէն,
տասներորդ՝ տեսիլքի մեկնութեան համար, ինչպէս արեց Դանիէլը:
Իսկ Պօղոսն առաքուեց աւետարանը քարոզելու համար: Նա ընտրուեց քարոզելու Աստուծոյ աւետարանը: Եւ ընտրուեց երեք կերպով՝ ըստ էութեան, ըստ զօրութեան եւ ըստ ներգործութեան: Նա բոլոր մարդկանց եւ իր ազգի միջից ընտրուեց էութեան համար: Ընտրուեց զօրութեան համար, որովհետեւ տարբերուեց մտքով եւ զօրացաւ իմաստութեամբ, եւ բոլոր մարդկանցից առաւել կարողացաւ ներգործել սքանչելիքներով:
Եւ երեք կերպով եղաւ նրա ընտրութիւնը:
Առաջին՝ ինչպէս նա ինքն է ասում. «Նա ընտրեց մեզ նախքան աշխարհի արարումը»[58]: Երբ մարդն անմեղ էր դրախտում, անապական էր, ինչպէս ոսկին, բայց երբ մեղանչեց եւ ելաւ դրախտից, եղաւ տիղմի ու կաւի պէս: Եւ ինչպէս բրուտը, ձեռքն առնելով կաւը, անօթ է շինում, մէկը պատուական, միւսը հասարակ, այդպէս էլ Աստուած հրեաների տղմուտ ազգից վերցրեց Պօղոս առաքեալին, ընտիր անօթ շինեց, որն արեց Իր ողորմութեամբ եւ շնորհով:
Երկրորդ ընտրութիւնը մօր որովայնից էր, ինչպէս սուրբ Գիրքն է ասում. «Նախքան որովայնից ծնուելը Յակոբին սիրեցի, բայց Եսաւին ատեցի»[59]: Այդպէս եւ Պօղոսն ընտրուեց ծննդեան օրից, ինչպէս որ ասում է գաղատացիներին. «Ընտրեց ինձ իմ մօր որովայնից»[60]:
Երրորդ ընտրութիւնն այն էր, որ երբ նրան առաքելութեան կանչեց, առանձնացրեց նրան մօրից՝ հրեայ ժողովրդից: Քանզի մինչ անհաւատութեան մէջ էր, մօր որովայնում էր եւ զատուած չէր, բայց երբ կանչուեց Քրիստոսի կողմից, բաժանուեց նրանցից եւ ընտրուեց ի քարոզչութիւն աւետարանի եւ ի փառս արքայութեան, ինչպէս որ ասում է. «Որոնց նախասահմանել էր, նրանց էլ կանչեց, որոնց կանչեց, նրանց էլ արդարացրեց եւ որոնց արդարացրեց, նրանց էլ փառաւորեց»[61]:
...
* Պետրոս առաքեալի սէրը երեւում է Քրիստոսի հարցումից. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես Ինձ աւելի, քան դրանք"»[62]: Ասաց Նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»: Եւ ցոյց տուեց սիրոյ նշանը. գնաց Քրիստոսի յետեւից եւ խաչակից եղաւ Նրան: Նոյնպէս եւ Պօղոս առաքեալը կատարեալ մեծ սիրով սիրեց Քրիստոսին, եւ նրա սէրը երեւաց հինգ գործով:
Նախ՝ երեւաց Քրիստոսի անուան համար բազմաթիւ չարչարանքներ կրելիս, ինչպէս որ ասում է. «Բազո՜ւմ անգամ վտանգներ կրեցի գետերից, վտանգներ՝ աւազակներից, վտանգներ՝ սուտ եղբայրներից եւ այլն»[63]:
Երկրորդ՝ երեւաց նրա ցանկութիւնից, ինչպէս նա ինքն էր ասում. «Ցանկանում եմ ելնել մարմնից եւ Քրիստոսի հետ լինել»[64]:
Երրորդ՝ երեւաց, երբ նեղութիւններ էր կրում Նրա անուան քարոզչութիւնից, որովհետեւ չէր կամենում հանգիստ առնել՝ ասելով. «Յետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները»[65]:
Չորրորդ՝ երեւաց նրա սերտ եւ հաստատուն սիրուց՝ ըստ այն խօսքի, թէ «Ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը »[66]:
Հինգերորդ՝ երեւաց յարակայութիւնից, որովհետեւ նրա սէրը մնաց մինչեւ մահ, ինչպէս որ նա ինքն էր ասում. «Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը: Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին Նրա յայտնուելը»[67], Որին փառք, զօրութիւն եւ երկրպագութիւն այժմ եւ անվախճան յաւիտեաններում. ամէն:
Սկզբնաղբիւրներ
1.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
2.Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ: էջ 273, 634:
- Ս. Գ. Տաթեւացի. Ամառան հատոր, տպեալ յամի 1741 ի Կ.Պօլիս, գլուխ ՃՀԸ- էջ 681, գլուխ ՃՀԹ - էջ 686, գլուխ ՃՁ – էջ 689:
[1] Նահատակուել են Տիրոջ 66 թուականին, յունիսի 29-ին:
[2] Տե՛ս Գործք Գ 6-8:
[3] Այն մօտաւոր հեռաւորութիւնը, որ անցնում է արձակուած նետը:
[4] Գործք ԺԳ 2:
[5] Տե՛ս Սաղմ. ԼԵ 10:
[6] Յովհ. ԻԱ 15:
[7] Առակ. Լ 18:
[8] Տե՛ս Ելք. ԼԶ 1:
[9] Տե՛ս Թուեր ԺԴ 6-7:
[10] Ժող. Դ 9:
[11] Մատթ. Ե 14:
[12] Ծննդ. Ա 16:
[13] Գաղ. Բ 8:
[14] Մաղ. Դ 2:
[15] Ա Կորնթ. Գ 11:
[16] Մատթ. ԺԶ 18:
[17] Մատթ. ԺԶ 16:
[18] Կող. Ա 18:
[19] Յովհ. Ա 42:
[20] Յովհ. Ժ 11:
[21] Յովհ. ԻԱ 16:
[22] Յովհ. Ե 22:
[23] Մատթ. ԺԶ 19:
[24] Յովհ. Ի 22-23:
[25] Հմմտ. Ծննդ. ԽԹ 8-10:
[26] Տե՛ս Ղուկ. ԻԲ 32:
[27] Յովհ. ԻԱ 15:
[28] Յովհ. Զ 68:
[29] Յովհ. Զ 69:
[30] Հռոմ. ԺԵ 19:
[31] Տե՛ս Ա Տիմ. Ա 15-16:
[32] Յովհ. ԻԱ 15:
[33] Մատթ. ԺԶ 19:
[34] Յովհ. ԻԱ 17:
[35] Յովհ. ԻԱ 16:
[36] Յովհ. ԻԱ 17:
[37] Յովհ. ԻԱ 18:
[38] Մատթ. ԻԶ 41:
[39] Յովհ. ԻԱ 19:
[40] Յովհ. Է 39:
[41] Յովհ. ԻԱ 19:
[42] Փիլ. Գ 13-14:
[43] Հռոմ. Ա 1:
[44] Հմմտ Գործք ԻԲ 3:
[45] Գործք. Ի 34:
[46] Տե՛ս Հռոմ. Թ 3:
[47] Ելք. ԼԲ 31-32:
[48] Հմմտ. Բ Կորնթ. ԺԱ 24-26:
[49] Մատթ. ԺԹ 28:
[50] Տե՛ս Ելք. Է 1:
[51] Հռոմ. ԺԴ 10:
[52] Հմմտ. Կող. Գ 2:
[53] Տե՛ս Ծննդ. ԽԹ 27:
[54] Եբր. Գ 1:
[55] Ես. ԾԳ 7:
[56] Սաղմ. ՃԶ 20:
[57] Հմմտ. Ղուկ. Թ 1:
[58] Եփ. Ա 4:
[59] Հմմտ. Մաղ. Ա 2:
[60] Գաղ. Ա 15:
[61] Հռոմ. Ը 30:
[62] Յովհ. ԻԱ 15:
[63] Բ Կորնթ. ԺԱ 26:
[64] Հմմտ. Փիլ. Ա 23:
[65] Փիլ. Գ 13:
[66] Հռոմ. Ը 35:
[67] Բ Տիմ Դ 7-8:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: