Որ ընտրեցար ի կոչումն առաքելական քարոզութեանցն արժանաւոր լինելով.
Սուրբ Ստեփաննոս, բարեխօսեա առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Որ խնդրեցեր զթողութիւն ի վերայ քո քարաձիգ ժողովոյն, սուրբ Ստեփաննոս.
Եւ այժմ վասն քո ուխտաւորացս աղաչեա՛ զընդ աջմէ Հօր Նստեալն.
Սուրբ Ստեփաննոս, բարեխօսեա առ Քրիստոս վասն անձանց մերոց:
Որ արժանի եղեր մարտիրոսականն առնուլ պսակ նախդ ի վկայս.
Առ Պսակիչն սրբոց եւ վասն մեր բարեխօսեա՛:
(Շարակնոց)
Սուրբ Ստեփաննոս Նախավկան Քրիստոսի եօթանասուներկու աշակերտներից էր: Սուրբ Հոգու առաքեալների սուրբ դասի վրայ իջնելուց յետոյ, երբ շատացել էին հաւատացեալ աշակերտները ու միաբանուել տասներկու առաքեալներին, հաւատքի Վէմ Պետրոսը սարկաւագ ձեռնադրեց սուրբ Ստեփաննոսին եւ միւս վեց ընկերներին՝ որբերին եւ այրիներին խնամք տանելու համար: Սուրբ Ստեփաննոսը լի էր Սուրբ Հոգով եւ համարձակ քարոզում էր կենաց խօսքը: Խստագոյնս յանդիմանելով՝ նա կշտամբում էր հրեաներին եւ հեթանոսներին ու մեծամեծ նշաններ գործում ժողովրդի մէջ: Իսկ տիրասպան հրեաները լցուեցին նախանձով, բռնեցին սուրբ Ստեփաննոսին, տարան ատեանի առաջ եւ սուտ վկաներ բերեցին, որոնք ասում էին, թէ «Լսել ենք դրանից, որ հայհոյութիւն էր խօսում Մովսէսի եւ Աստուծոյ մասին»: Ապա տեսան հրեշտակի նման նրա լուսապայծառ երեսը: Եւ նա աստուածիմաց խօսքերով սկսեց Աբրահամից եւ ըստ կարգի մեկնեց Քրիստոսի մասին մարգարէների բոլոր խօսքերը: Եւ հրեաներին ասաց. «Դուք միշտ հակառակւում էք Սուրբ Հոգուն: Ձեր հայրերը սպանեցին մարգարէներին, իսկ դուք՝ մարգարէների Տիրոջը»: Եւ նրանք լսելով զայրանում էին իրենց սրտերում ու նրա վրայ կրճտացնում իրենց ատամները: Իսկ նա, վերեւ նայելով, տեսաւ բացուած երկինքը եւ Յիսուսին, որ կանգնած էր Աստուծոյ աջ կողմում: Աղաղակեց ու ասաց. «Ահա Նա, Ում դուք սպանեցիք խաչելով, կանգնած է Աստուծոյ աջ կողմում»: Այս լսելով՝ նրանք փակեցին իրենց ականջները, միասին նետուեցին նրա վրայ, դուրս հանեցին քաղաքից եւ քարկոծեցին Ստեփաննոսին, որն աղօթեց Տիրոջն՝ ասելով. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»: Ապա ծնրադրեց եւ ասաց. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց»: Այս ասելով՝ նա ննջեց եւ առ Աստուած աւանդեց իր հոգին: Իսկ Սօղոսը, որ Պօղոս անուանուեց եւ առաքեալ կոչուեց, կամակից էր նրա սպանութեանը: Եւ մեծ հալածանք եղաւ հաւատացեալների եկեղեցու վրայ: Այդ օրը սպանեցին Ստեփաննոսի ընկերոջը՝ Նիկանորին, ու երկու հազար քրիստոնեաների: Հրեաների վարդապետ Գամաղիէլը եւ նրա եղբայր Նիկոդիմոս քահանայապետը վերցրին Սուրբ Ստեփաննոսի մարմինը, մեծ սուգ արեցին եւ թաղեցին իրենց ագարակում: Եւ նրանք եւս, երբ մեռան, թաղուեցին սուրբ Ստեփաննոս Նախավկայի մօտ:
Երկար տարիներ անց՝ Թէոդոս Մեծի որդիների՝ Արկադէոս եւ Ոնորիոս կայսրերի օրօք, Ղունկիանոսի երէցի ձեռամբ յայտնուեցին սուրբ Ստեփաննոսի եւ նրա հետ Նիկոդիմոսի, Գամաղիէլի եւ նրա որդու՝ Աբիբ դպրի նշխարները, որոնք Երուսաղէմի Յոհան հայրապետը տարաւ եւ պատուով դրեց սուրբ Սիօնում, յետագայում էլ տեղափոխեցին Կոստանդնուպօլիս: Սուրբ Ստեփաննոսը մեծ պատուով դրուած է այնտեղ, մեծ հրաշքներ է գործում ի փառս Քրիստոսի եւ բարեխօսում է տօնողներիս, մանաւանդ այս գիրը թողնողի համար:
ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄԻ ԱՍԱԾ ՆԵՐԲՈՂԸ՝ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻՆ
Բոլոր մարտիրոսների անդրանիկը՝ Քրիստոսի նախավկայ սուրբ Ստեփաննոսն, այսօր հրաւիրում է ինձ իր հոգեւոր հարսանիքին: Շնորհի՛ր ինձ, Տէ՛ր, ընծաներով մտնել նրա մօտ եւ պարգեւներով ուրախանալ նրա առագաստում: Հրաշագեղ վաղահաս պտուղը եւ հասունացած բարետես ողկոյզը, որ երեւաց Քրիստոսի այգում, ընծայուեց Աստծուն: Մատուցուեց Քրիստոսի խաչելութեան առաջին պտուղը եւ հարիւրապատիկ շատ շեղջեր ժողովուեց չարչարանքներից: Կեանքի հաւատարիմ եւ փառաւոր վկան առաջինը ոտնակոխ արեց մահը եւ այն կամուրջ դարձրեց բոլոր նրանց համար, ովքեր պիտի գային առ Աստուած: Ստեփաննոսը, որն իր եղբայրների գլուխն էր, եղաւ արքայութիւն տանող ճանապարհի առաջընթացը: Իմաստունը վարդապետեց հոգեւոր օրէնքներով, որոնցով էլ յաղթեց հարցաքննող դպիրներին: Առաջին հզօր զինուորը, որը Թագաւորից յետոյ մտաւ պատերազմի մէջ, քաջութեամբ յաղթեց ձախակողմեան դասին: Ընդունելի են բոլոր վկաները, եւ ցանկալի է յիշել նրանց պատերազմները, բայց ես առաւել եմ համարում այս Նախավկային: Ինչպէս որ հաճելի են հողագործների բոլոր պտուղները, սակայն առաւել ցանկալի է առաջինը՝ վաղահաս լինելու համար, ապա որքան առաւել ցանկալի է Նախավկան ու ախորժելի: Առաջինը նա հասաւ Աստուծոյ Որդու աւետմանը եւ ապա նրա համով քաղցրացրեց Աստծուն, հրեշտակներին եւ մարդկանց: Ստեփաննոսն առաջինը հասունացաւ խաչի բարունակի վրայ եւ որպէս առաջին պտուղ՝ ընծայուեց Թագաւորին: Նա է այն վկան, որն առաջինը մտած ոսկերչի բովի մէջ եւ չարչարանքներով հոգեւոր պայծառութիւն ստացաւ: Նրա բոլոր ընկերները սովորեցին նրանից եւ իմացան, որ մահը մեռել է եւ արհամարեցին այն՝ իբրեւ սատկած օձի: Նա էր, ով առաջինը փորձեց մահը եւ հաւաստի իմացաւ, որ Յիսուս խաչով սպանել է նրան, որպէսզի զարհուրելի չլինի մարդկանց:
Մեր բերանն անկարող է խօսել այս վկայի մասին, որովհետեւ նրա մասին ճառելը վեր է մեր լեզուի կարողութիւնից: Քրիստոսի եկեղեցին ընտրեց նրան՝ որբերին կերակրելու եւ այրիների կարիքները հոգալու համար: Պետրոսն ու Յովհաննէսը նրան տնտես կարգեցին Աստուծոյ ժողովրդի վրայ: Ստեփաննոսն ընտրուեց Սիմոնի՝ մեծ առաքելապետի կողմից: Եւ այժմ ո՞վ կարող է ըստ արժանւոյն խօսել նրա մասին: Ստեփաննոսը կանչուեց հաւատքի Վէմի կողմից, ո՞ր լեզուն կարող է ճառել նրա մասին: Առաքեալները մեծարեցին նրան, ո՞վ է, որ կը կարողանայ գովաբանել նրան: Ստեփաննոսը որբերի հայրն էր եւ հոգում էր նրանց համար: Ստեփաննոսն այրիների մխիթարիչն էր եւ լիացնում էր նրանց կարօտութիւնը: Ստեփաննոսը Սուրբ Հոգու տաճար էր եւ Աստուծոյ կամքի ընդունարան, որի համար շնորհներով լի էր իր բոլոր գործերում: Ստեփաննոսը լի էր իմաստութեամբ, յստակութեամբ եւ զգօնութեամբ, հանճարով եւ խորհուրդներով, սրբութեամբ եւ մաքրութեամբ, գեղեցկութեամբ եւ խոհեմութեամբ, քաղցրութեամբ եւ ողորմութեամբ, արդարութեամբ եւ յանդիմանութեամբ, ճշմարտութեամբ եւ զգաստութեամբ, որոնք աստուածութեան նմանութիւն են: Սուրբ Ստեփաննոսը եկեղեցու աւետարանիչ եւ Քրիստոսի խաչելութեան մեկնիչ էր, երեւելի պատկեր եւ հրաշալի օրինակ, որի վայելչութիւնը վեր է մեր մտքից, եւ մեր լեզուն հասու չի ճառել նրա մասին: Իսկ այժմ ես՝ նուաստս ու անմիտս, ինչպիսի՞ փառքի վայելչագեղ պսակ հիւսեմ նրա համար, քանզի նրա անունն ու հոգեւոր գործերն են պսակել նրան շնորհով: Այժմ ով ի՞նչ կարող է աւելացնել այս վայելչագեղ անձի գեղեցկութեանը: Սա Ստեփաննոսն է, լուսեղէն մարգարիտը, որի լոյսը բոլոր կողմերից փայլում է իրեն նայողներին: Սա Ստեփաննոսն է, երեւելին ու փառաւորը, իր ծառայութեան մէջ քաջը եւ արին: Սա Ստեփաննոսն է՝ քարոզչութեան մէջ խոհեմը, կատարեալ սքանչելագործը եւ մեծամեծներից խօսողը: Ստեփաննոսն է, որ սուրբ եւ պայծառ միտք ունէր, քաջահմուտ՝ գիտութեան մէջ եւ հանճարեղ զգօնութեամբ: Ստեփաննոսն է, որ ամբողջապէս լի էր Սուրբ Հոգով, փայլում էր իր հաւատով, զօրանում շնորհներով եւ գործերով: Իսկ հրեաները, որոնք ատում էին ճշմարտութիւնը, այրուելով չար նախանձից, լրբութեամբ բանսարկութիւններ էին անում ընդդէմ նրա, օձի նման պտտեցնում էին իրենց լեզուները եւ մարտնչում առաքեալների սպասաւորի դէմ: Խօսում էին նրա հետ չարաբարոյ մտքով, բայց նա ճշմարտութեամբ եւ ուղիղ վարդապետութեամբ յաղթում էր նրանց: Ատում էին նրան առաքինի գործերի, բայց առաւել շատ՝ աստուածուսոյց վարդապետութեան համար: Եւ երբ խօսելիս յանդիմանուեցին նրա կողմից, իրենց նենգ սովորութեան համաձայն՝ որոգայթ լարեցին, եւ կատաղած ժողովուրդը, որը ծարաւի էր նրա արեանը, սրեց իր սուրն Աստուծոյ սուրբի դէմ: Չար գայլը, որը խողխողեց աստուածային գառներին, դարան մտաւ՝ մորթելու նրան, ինչպէս որ Նրա հետեւորդներին: Խաչը հանողը եւ արիւնահեղը, որն ատեց Հօրը, խաչեց Որդուն: Չար նախանձից նա յօժարեց սպանել գեղեցիկին: Սպանել էր Հովուին եւ անցել Նրա հօտին: Եւ քանի որ Ստեփաննոսը յանդիմանում էր նրան, որոշեց արեամբ փակել նրա բերանը: Ըստ իր սովորութեան՝ թաքցրեց որոգայթը եւ նրա վրայ վկաներ բերեց: Հեզաբելի դուստրը նայեց իր մօր գործերին եւ սովորեց նրանից, թէ ինչով կամ ինչպէս զրպարտի ու սպանի: Ժանտ ժողովուրդն ուղարկեց անիրաւ վկաներ, ինչպէս Հեզաբելը Նաբովթի վրայ[1] եւ սովորեցրեց նրանց ասել, թէ նա հայհոյեց Աստծուն: Սուրբ Ստեփաննոսին՝ երանելի մարդուն, որը լի էր Սուրբ Հոգով եւ հաւատով, լրբերը հայհոյիչ կոչեցին: Անօրէնութեան որդիները, որոնք ատեցին լոյսը եւ սիրեցին խաւարը, անպատմելի նախատինքներով ու հայհոյութեամբ անարգեցին նրան: Կատաղած ժողովուրդն իր Տիրոջը Բէեղզեբուս կոչեց, իսկ սուրբ Ստեփաննոսին՝ հայհոյիչ: Բարի ծառան նմանուեց իր Տիրոջը, քանզի ինչպէս որ այնժամ անօրէնները զրպարտեցին Նրան, այնպէս էլ այստեղ սուտ վկաներին սովորեցրին ասել, թէ նա հայհոյում է Մովսէսին եւ Աստծուն: Գիշատիչ գայլերը մեծ բարկութեամբ յափշտակեցին անարատ գառանը, գցեցին ժողովրդի մէջ եւ սկսեցին կատաղած յօշոտել նրան: Ինչպէս Քրիստոսի, այնպէս էլ նրա առջեւ անիրաւ վկաներ կանգնեցրին եւ սկսեցին յանդգնաբար ասել. «Այս մարդը չի դադարում հայհոյել Աստծուն եւ Մովսէսի օրէնքներն ու անարգում է սուրբ վայրերը»[2]: Եւ Քրիստոսի սուրբ եւ ճշմարիտ վկան այսպէս դատապարտւում էր անօրէնների կողմից: Իսկ սուրբ Ստեփաննոսը, որ զգեստաւորուած էր Սուրբ Հոգով, լի էր շնորհներով, զօրութեամբ եւ հաւատով: Նա չէր վախենում շներից, որոնք պատառոտում էին իրեն, որովհետեւ աստուածային շնորհներն եկել-իջել էին նրա վրայ, որի տեսքը լուսափայլում էր հրեշտակի նման: Քրիստոսի զօրութիւնն էր բնակւում նրա մէջ, որով պայծառանում էր նրա տեսքը սպանողների մէջ: Սուրբ Ստեփաննոսը բնաւ չէր երկնչում մահից, որը վկայում էր նրա երեսի լուսափայլութիւնը: Նա լի էր Հոգու շնորհներով եւ արժանի էր Աստուծոյ Որդուն վկան լինելու: Եւ երբ նրան հարցրեցին Քրիստոսի մասին, նրա տեսքը սքանչելապէս պայծառացաւ: Տեսնում էին Ստեփաննոսին որպէս Աստուծոյ հրեշտակի եւ զարմանում նրա գեղեցկութեամբ:
Քահանայապետն սկսեց խօսել նրա հետ ու հարցնել. «Ճի՞շտ են քո մասին ասուածները»: Պատասխանելով անիրաւին՝ սուրբ Ստեփաննոսը խօսեց օրէնքի իրաւունքով եւ ճշմարտութեամբ ցոյց տուեց, որ Յիսուս Հօր Որդին է: Զրպարտողների առաջ խօսեց Հօր Կտակի մասին եւ ցոյց տուեց նրանց, թէ ով է Ժառանգն ու Որդին: Յանդիմանեց նրանց, թէ Հայրը ճշմարտապէս ընդունում է Իր սիրելի էակից Որդուն: Երբ խստապարանոց եւ կարծրամիտ մարդիկ անարգեցին նրան, նա բոլորի առաջ խօսեց Մովսէսի մասին, որով պարծենում էին եւ յայտնապէս քարոզեց Աստուծոյ Որդու Գալստեան մասին: Իբրեւ աջակողմեան դասի քաջ զօրապետ՝ կանգնեց ձախակողմեան դասի առաջ եւ մեր Փրկչի փոխարէն քաջութեամբ մարտնչեց նրանց դէմ: Այնժամ Թագաւորը, տեսնելով Իր զինուորի քաջութիւնը, երեւաց նրան՝ պատերազմի մէջ զօրացնելու համար: Ծածուկ Արքան տեսանելի եղաւ պատերազմող ծառային, որպէսզի նա չտկարանայ: Եւ երբ երկնքի բարձունքներում տեսաւ Թագաւորի փառքը, այն պատմեց ուրացողների առաջ՝ ասելով. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած, եւ մարդու Որդուն, որ կանգնած է Հօր աջ կողմում: Ահա տեսնում եմ Նրան, Ում խաչեցիք Գողգոթայում: Գաբրիէլեան զօրքը զարհուրում է Նրանից, Ում դուք ուրացաք Պիղատոսի առաջ: Ահա Նրանից պատկառում են միքայէլեան դասերը, իսկ սերովբէները՝ սարսելով դողում: Ահա Տէրը ոտք է դնում բարձունքների կատարին, եւ լուսեղէն իշխանութիւնները սարսում են Նրանից: Ահա Հօր աջ կողմում է Իր Էակիցը, եւ Նրա ու Հօր միջեւ չկայ ոչինչ, այլ միայն Ինքն է»:
Բարի էր մեծ Թագաւորի փառքը ցոյց տալ նրան, ով թշնամիների դէմ մարտնչում էր Իր յաղթանակի համար: Վկան տեսաւ Տիրոջը, որ կար, այսինքն կանգնած էր Հօր աջ կողմում: Եւ ինչո՞ւ Նրան չտեսաւ նստած, այլ կանգնած, եթէ Հայրն Իր Էակից Որդուն ասաց. «Նստի՛ր Իմ աջ կողմում»[3]: Եւ Որդին Ինքն էլ ասաց. «Կը տեսնէք մարդու Որդուն՝ նստած ամպերի վրայ»[4], իսկ սաղմոսն էլ ասում է. «Նստում է երկինքների երկնքում»[5], եւ ամբողջ աստուածային սուրբ Գիրքը Աստուծոյ համար «նստած» է ասում: Միայն սուրբ Ստեփաննոսն է, որ ասում է՝ կանգնած էր երկնքի բարձունքներում՝ Հայր Աստուծոյ աջ կողմում: Եւ առանց պատճառի չէ, որ ասում է, թէ կանգնած էր: Ուսումնասիրողները պէտք է իմանան, թէ ինչու սուրբ Ստեփաննոսը Փրկչին ոտքի վրայ կանգնած տեսաւ: Երբ Թագաւորը տեսաւ, որ հաւատարիմ եւ քաջ ծառան պատերազմի մէջ մտաւ բռնաւորի դէմ, կանգնեց՝ ցոյց տալու նրան յաղթութեան պսակը: Մինչ Տէրը նստած էր Հօր աջ կողմում, զարմանում էր Իր ծառայի մենամարտի վրայ, որի համար պատուեց նրան եւ ոտքի կանգնեց: Երբ ծառան պատերազմեց Տիրոջ սիրոյ համար, Տէրը վեր կացաւ՝ պսակելու նրան, որովհետեւ յաղթեց հակառակորդին: Այն ժամանակ, երբ սուրբ վկան մրցասպարէզում էր, երկնային զօրքը հաւաքուեց եւ նայեց նրան: Հրեշտակների եւ մարդկանց մեծ հանդէս եղաւ: Երկու կողմն էլ զարմանում էին՝ նրան տեսնելով. հրեշտակները հիանում էին նրա քաջութեամբ, Տէրը կանգնեց՝ յաղթանակի պսակը նրան տալու համար, իսկ մարդիկ քաջալերուեցին, երբ տեսան մահուանը պարտուած: Վկան առաջինն էր ու սիրելի իր Տիրոջը, որի համար Տէրը կանգնեց՝ պատուելու եւ պսակելու նրան: Եւ Ստեփաննոսը, տեսնելով այդ հրաշքը, ամբոխին պատմեց հրաշալի տեսիլքը: Երբ օրինազանց հրեաները լսեցին նրա վկայական մեծամեծ խօսքերը, իբրեւ իժ խցեցին իրենց ականջները, որպէսզի չլսեն, քանզի նրանք, ըստ իրենց սովորութեան, Գրքերի վկայութեան ժամանակ միշտ փակում էին իրենց ականջները, որ չլսէին ճշմարիտ խօսքը:
Այնժամ ուխտադրուժները բարկացան եւ նրա վրայ կրճտացրին իրենց ատամները: Նրանց մէջ արթնացաւ չարութիւնը, որ խաչելութեան ժամանակ ունէին Տիրոջ հանդէպ եւ խոստացան սպանել Ստեփաննոսին, ինչպէս որ նրա Տիրոջը՝ Քրիստոսին: Նենգ արիւնարբուները սուրբ Ստեփաննոսին առան ժողովրդի մէջ եւ չարչարեցին նրան: Չար գայլերը՝ տիրասպան ամբոխը, որ հմուտ էր Աստուծոյ գառներին մորթելու գործում, Քրիստոսի մեծ վկային դուրս բերեցին Երուսաղէմից, քարկոծեցին եւ անողորմաբար հեղեցին նրա արիւնը: Փոթորկուած ամպերը որոտացին անօրէն հրեաների վրայ, անձրեւի փոխարէն քարեր տեղացին աստուածատունկ ծառի վրայ: Պարզկայ երկնքից կարկուտ իջեցրին եւ քարերով հարուածեցին բարի պտղին: Երբ խաչեցին Քրիստոսին, կամենում էին խաչի վրայ քարկոծել Քրիստոսին, բայց երբ չկարողացան, ոխ պահեցին եւ իրենց ոխը հանեցին Ստեփաննոսից: Քրիստոսի չարչարանքների պակասը լրացրին՝ քարկոծելով սուրբ Ստեփաննոսին եւ ինչ չարեցին Վարդապետի խաչելութեան ժամին, այն արեցին աշակերտին: Աստուծոյ Որդուն վիճակուած էր խաչուել, որն էլ արեցին: Թէպէտ շատ ջանացին քարկոծել Քրիստոսին, սակայն չկարողացան, որովհետեւ մարգարէներից ոչ ոք չէր գրել, թէ Քրիստոս պիտի քարկոծուի, իսկ ինչ որ Նա կրեց հրեաներից, ամէն բան՝ լեղին եւ քացախը, խաչը եւ գեղարդը, բեւեռները եւ փշէ պսակը, հարուածներ ստանալը, ձաղկուելը, թուքն ու ապտակը, հանդերձների բաժանելը, պատմուճանի վրայ վիճակ գցելը, հայհոյուելը եւ այլ ամէնը, գրուած է մարգարէների կողմից: Այդ պատճառով Քրիստոս չքարկոծուեց: Թէպէտ հրեաները կամեցան քարկոծել Նրան, բայց քանի որ գրուած չէր այդ մասին, ակամայ խափանուեց: Փոթորկուեց նրանց բարկութիւնը ծովի ալիքների պէս, եւ քարերի բազմութեամբ՝ իբրեւ գետերի յորձանքներով, խեղդեցին Քրիստոսի Նախավկային:
Կեանքի շեղջը՝ Քրիստոսի խաչելութեան առաջին պտուղը, քարկոծուեց, որպէսզի նա առաջինը մտնի Թագաւորի շտեմարանները: Տեսան քաղցրահամ պտղին՝ կախուած Խաչի ոստից եւ խփեցին քարերով՝ վայր գցելու համար: Հարուածում էին Քրիստոսի հաւատարիմ վկային եւ չարչարում նրան, իսկ նա իրապէս աղօթում էր քարեր նետողների համար եւ քարերի մէջ ծունր դրած՝ խնդրում նրանց համար՝ իբրեւ սիրելիների: Ապա բարձրաձայն ասաց. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին եւ այս մեղք մի՛ համարիր ինձ սպանողների համար: Ների՛ր սրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»:
Այսպիսի քաղցրահամ սէրը խաչելութեան ծառից էր, որովհետեւ մեր խաչեալ Տէրն այսպէս էր ասում. «Հա՛յր, ների՛ր սրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»[6]: Լսելով այս՝ աշակերտը սովորեց իր Վարդապետից եւ նոյն սիրով աղօթեց իրեն սպանողների համար: Արդ, անկարող եմ ուրուագծել ճառիս պատկերը, քանզի այն վեր է, քան իմ խօսքերը: Հնարաւոր չէ տեսնել ու նկարագրել նրա պայծառութիւնը, որովհետեւ աստուածային տեսիլքով դէպի վեր՝ երկնքին է կապուած նրա գանձն ու սիրտը: Նրա ամբողջովին յափշտակուած է դէպ վեր, եւ նրա պատկերն այնտեղի գեղեցկութիւնից է, հապա ես ինչպէ՞ս նկարագրեմ նրան: Սուրբ Հոգին սքանչելի տեսիլքով սուրբ Ստեփաննոսին կատարեալ դարձրեց, քանզի տեսնելով Տիրոջը՝ նա լցուեց աստուածային լոյսով: Մեծապէս արբեց Քրիստոսի սիրով, մինչեւ իսկ սիրեց իր թշնամիներին: Այս է սէրը, որն առաւել է, քան յոյսն ու հաւատը, քանզի քարկոծում էին նրան, իսկ նա օրհնում էր իրեն քարկոծողներին: Նա էր առաջինը, որ գնաց չարչարանքների եւ արեան ճանապարհով, մտաւ սպանութեան հունի մէջ, անցաւ սաստիկ ձմեռային եղանակով, բացեց մարտիրոսութեան ճանապարհը եւ մտաւ վկայութեան եւ նահատակութեան գետի մէջ: Գտաւ ճգնութեան շաւիղը եւ բարութեան ճանապարհ հարթեց: Մարդիկ նրանից սովորեցին յանձն առնել մարմնի նեղութիւններ, կրել վշտեր եւ համբերել նախատինքներին: Նրանով դիւրին դարձաւ չարչարանքների տագնապը, հեշտացաւ կարծրագոյն տանջանքների սաստկութիւնը՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ:
Ճշմարի՛տ Աստուած, Յիսո՛ւս Քրիստոս, Քո նախավկայի՝ սուրբ Ստեփաննոսի հանդիսաւոր տօնին ողորմի՛ր բոլոր հաւատացեալներին, մանաւանդ այս գիրը թողնողին:
Յայսմ. 280 / 269
Ս.Գ.Տաթեւացի
ՔԱՐՈԶ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՆՈՍԻՆ՝ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ «ԱՀԱ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԵՐԿԻՆՔԸ ԲԱՑՈՒԱԾ ԵՒ ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒՆ, ՈՐ ԿԱՆԳՆԱԾ Է ԱՍՏՈՒԾՈՅ ԱՋ ԿՈՂՄՈՒՄ» Գործք. Է 55. Գլուխ ՃՀԷ
Մարտիրոսների անդրանիկը հրաւիրում է մեզ իր հոգեւոր հարսանեաց հանդէսին: Շնորհի՛ր մեզ, Տէ՛ր, մտնել նրա մօտ ու ուրախ լինել նրա առագաստում: Յայտնի՛ր մեզ վարդապետութեան խօսք՝ որպէս մարգարիտների եւ պատուական քարերի շարոց, որպէսզի այն՝ իբրեւ ընծայ, մատուցենք նրան հարսնարանում: Դու Քո առաջին պսակաւորի համար իմանալի պսակ հիւսեցիր եւ այժմ տո՛ւր մեզ յօրինել խօսքի պսակներ՝ որպէս վայել գովեստ այս հանդէսին: Ընդունելի են բոլոր վկաները, եւ ցանկալի են նրանց մարտի յիշատակները, սակայն առաւել է նախամարտիկը եւ հզօր զինուորը, որն առաջինը պատերազմ մտաւ Քրիստոս Թագաւորի յետեւից: Սիրելի են հողագործների բոլոր պտուղները, բայց բոլորից առաւել ցանկալի է դրանցից վաղահասը: Այսպէս սուրբ Ստեփաննոսը, նախ հասունանալով ու կարմրելով Խաչի որթատունկի վրայ, որպէս առաջին պտուղ ընծայուեց Թագաւորին: Նա նախ մտաւ մարմնի չարչարանքների բովի մէջ եւ ապա հոգու պայծառութիւն ստացաւ: Նա առաջինը փորձեց մահուանը եւ իմացաւ, որ այն սպանուել է Անմահի մահուամբ: Այս բանից նրա բոլոր ընկերներն իմացան, որ մահը մեռել է, սատկել է օձի նման եւ արհամարհուել: Առաջինը նա արհամարհեց դժոխքը՝ չգնալով այնտեղ եւ Աստուծոյ ձեռքն աւանդելով իր հոգին: Նա էր Քրիստոսի մահուան առաջին անուշահոտ պտուղը եւ մեր բնութեան առաջին ընծան: Առաքեալներն առաջինը նրան պտղաբերեցին եւ առաջինը նրան ձեռնադրեցին:
Այս իմանալով՝ եկեղեցու մանուկները, ըստ իրենց կարողութեան, զարդարում են նրա տօնակատարութիւնը գիշերային հսկմամբ, խաչերով, խունկերով, կանթեղներով եւ մոմերով՝ պայծառացնելով օրուայ պատիւը: Եւ սա անում են առաւել նրան, քան բոլոր սուրբերին, որովհետեւ նա հրեշտականման զուարթութեամբ կրեց Քրիստոսի խաչը եւ իր անուշահոտ վարքով ուրախացրեց ու զուարճացրեց երկնքին եւ երկրին: Նա ասաց. «Ահա տեսնում եմ բացուած երկինքը»: Եւ այս խօսքի վրայ քննելի երեք հարց կայ. առաջին՝ ի՞նչ էր անդրանկութեան պատիւը, երկրորդ՝ ինչո՞ւ Ստեփաննոսը փայլեց դէմքով, երրորդ՝ ի՞նչ էր այն խօսքը, որ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած»:
* Քննենք առաջին գլուխը, թէ ինչ էր անդրանկութեան պատիւը:
Վարդապետներն ասում են, թէ անդրանկութեան խորհուրդը գերապատիւ էր ոչ միայն արարածների, այլեւ Արարչի մօտ, որը ցոյց կը տանք զանազան եղանակներով:
Նախ՝ որովհետեւ անդրանիկը երէց է ասւում, եւ Աստուած երէց է, քան աշխարհը: Անդրանիկն Աստուծոյ պատկերն ունի, որովհետեւ նա հայր եւ խնամակալ է միւս հարազան եղբայրների համար:
Երկրորդ՝ անդրանիկ է Բանն Աստուած՝ ծնուած Հօրից, իսկ կրտսեր ենք այլ եղածներս, որ գոյացանք Հօրից, քանզի Որդին ծնունդ է Հօրից, իսկ մենք՝ արարածներ, Նա՝ բնութիւնից, մենք՝ Նրա կամքով եղած, որովհետեւ Տէրն արեց ամէն բան, ինչ որ կամեցաւ:
Երրորդ՝ պատուով եւ բարձրութեամբ երկինքն անդրանիկ է երկրից, որի համար Մովսէսը նրան անդրանկութեան պատիւ տուեց՝ ասելով. «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքը եւ ապա երկիրը»[7]:
Չորրորդ՝ կիրակին անդրանիկն ու առաջինն է բոլոր օրերից եւ նրանց գլուխը, որովհետեւ նա բոլոր օրերի սկիզբն է ու վախճանը: Նա Քրիստոսի Յարութիւնը պատուող օրն է:
Հինգերորդ՝ արեգակը, պայծառ լոյս ունենալով եւ այն բաշխելով բոլորին, անդրանիկ ու պատուական է լուսնից եւ այլ աստղերից, որի համար Մովսէսն ասում է. «Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր»[8]:
Վեցերորդ՝ հրեշտակներն անդրանիկ են մարդկանցից ժամանակով, բնութեամբ եւ տեղով, որովհետեւ նրանք լոյսի հետ առաջին օրը եւ անմարմին բնութեամբ գոյացան երկնքում: Թէպէտ մարդիկ եւ հրեշտակները հաւասար են բանականութեամբ, սակայն մարդը ստեղծուեց հրեշտակներից յետոյ՝ թանձր մարմնով եւ բնակուեց երկրի վրայ:
Եօթերորդ՝ բնութեամբ եւ պատուով հոգին անդրանիկ է մարմնից, թէպէտ ըստ ժամանակի՝ համահաւասար են գոյացել:
Ութերորդ՝ Աբրահամը մեծ եւ անդրանիկ է բոլոր միւս նահապետներից. մարմնաւոր կերպով անդրանիկ է հրեաներից եւ հոգեւոր կերպով հաւատի հայր է քրիստոնեաներիս համար:
Իններորդ՝ Մովսէսը, որ տեսաւ Աստծուն եւ եղաւ Իսրայէլի օրէնսդիրը, անդրանիկ ու մեծ է մարգարէների մէջ, որովհետեւ նա բերան առ բերան եւ դէմ յանդիման խօսեց Աստուծոյ հետ:
Տասներորդ՝ անդրանիկն Աստուծոյ բաժինն էր, ինչպէս որ տրուեց օրէնքում՝ բոլոր մարդկանց եւ անասունների անդրանիկներին բաժին տալ Աստծուն:
Տասնմէկերորդ՝ Իսրայէլի ազգն անդրանիկ էր բոլոր հեթանոսներից, որովհետեւ նախ նրանք պաշտեցին Աստծուն, որի համար Աստուած ասաց. «Իսրայէլն Իմ անդրաանիկ որդին է»[9]:
Տասներկուերորդ՝ անդրանիկ են Աստուծոյ ընտրեալները, որոնք նախքան աշխարհի լինելն Աստուծոյ կամքով ընտրուեցին նախագաղափար տեսութեամբ, ինչպէս առաքեալն է ասում. «Նա ընտրեց մեզ նախքան աշխարհի արարումը»[10], եւ չկայ սրանից աւելի պատուական բան:
Տասներեքերորդ՝ անդրանիկ են թէ՛ իշխանները, թէ՛ հոգեւոր վերակացուները եւ թէ՛ այլ հոգիներին խնամք տածողները, ինչպէս քահանաները, ուսուցիչները եւ ուրիշները, որի համար երէցներ են կոչւում:
Տասնչորսերորդ՝ ըստ մարմնի՝ անդրանիկ են վերակացուները եւ տէրերը, ինչպէս երկրի թագաւորները եւ գաւառի իշխանները, որի համար տէրեր եւ իշխաններ են կոչւում:
Տասնհինգերորդ՝ որն առաւել եւս մեծ խորհուրդ է. անդրանիկ Բանն Աստուած, որ ծնուեց Հօրից, վերցրեց մեր բնութիւնը, եղաւ մեր Գլուխը, եւ մենք յարեցինք Նրան՝ որպէս անդամներ եւ մենք, որ կրտսեր էինք հրեշտակներից, եղանք նրանցից անդրանիկ, որպէսզի «բոլոր երկնաւորները ծնրադրեն Յիսուս Քրիստոսի անունով եւ խոստովանեն, թէ Յիսուս Քրիստոս Տէր է»[11]:
Տասնվեցերորդ՝ մկրտութեամբ լինում ենք Աստուծոյ որդիներ եւ Քրիստոսի եղբայրներ ու գերազանցում ենք հասարակ մարդկանց, Իսրայէլին եւ երկնքի հրեշտակներին: Քանզի մկրտութեան մէջ երեք հանգամանք կայ: Նախ՝ հաւատքի դաւանութիւն, երկրորդ՝ ջրով մկրտութիւն, երրորդ՝ ծնուել Հոգուց: Արդ, դաւանութեամբ գերազանցում ենք հեթանոս մարդկանց, մկրտութեամբ՝ հրեաներին, իսկ Հոգուց ծնուելով՝ հրեշտակներին, որովհետեւ նրանք չեն ծնուել Հոգուց եւ եղբայր չեն Քրիստոսին:
Տասնեօթերորդ՝ անդրանիկը պատուական է նաեւ ըստ մարմնի, որովհետեւ ծնողների առաջին զօրութիւնն է:
Տասնութերորդ՝ որովհետեւ առաջինն է բացում ծնողի արգանդը, գալիս աշխարհ, եւ հինգ օր աւելի կեանք է ունենում արգանդում:
Տասնիններորդ՝ անդրանիկը մէկը եւ միակն է բազմաթիւ եղբայրների մէջ, ինչպէս որ մէկն է գլուխը, իսկ անդամները՝ բազում:
Քսաներորդ՝ այս է անդրանկութեան խորհուրդը. Աստուած Իր տեսութեամբ ընտրեց նրանց նախքան աշխարհի լինելը, յետոյ նոյն անդրանիկներին պատուեց ժամանակի մէջ:
Արդ, այսպէս մեծ է անդրանկութեան խորհուրդը, որի համար սուրբ Ստեփաննոսը, որն անդրանիկն է մարտիրոսներից, առաջինը վկաներից եւ առաջինը սարկաւագներից, մեծարգոյ եւ պատուական է, որի տօնն այսօր կատարում ենք միաբան: Այսքանը՝ առաջին գլխի մասին:
* Այժմ քննենք երկրորդ գլուխը, թէ ինչու նա փայլեց դէմքով:
Ինչպէս առաքեալն է պատմում. «Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների, կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան»[12]: Սրանք այն հրեաներն էին, որոնք ժամանակ առ ժամանակ գերութեան էին տարւում ասորիների, քաղդէացիների, պարսիկների, յոյների եւ նաեւ հայոց կողմից: Այդ ժամանակ նրանք ազատուած էին գերութիւնից ու եկել էին Հրեաստան եւ քանի որ խօսում էին այն երկրների լեզուով, ուր մնացել եւ մեծացել էին գերութեան մէջ, այդ երկրների անուններով էին կոչում նրանց: Նրանք բոլորը կատաղի շների պէս կուտակուեցին սուրբ Ստեփաննոսի վրայ, սակայն չկարողացան հակառակուել նրան, որովհետեւ նախ՝ Ստեփաննոսը հմուտ եւ կրթուած էր օրէնքներով եւ գրքերով, որոնք խօսում են Քրիստոսի մասին եւ ապա՝ Սուրբ Հոգին էր շարժում նրա լեզուն՝ ըստ այն խօսքի, թէ «Հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ, ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, այն խօսեցէք, որովհետեւ դուք չէ, որ պիտի խօսէք, այլ Սուրբ Հոգին »[13]: Ապա խաբեցին որոշ մարդկանց եւ սուտ վկաներ կանգնեցրին ընդդէմ Քրիստոսի՝ ասելու. «Լսել ենք դրա հայհոյական խօսքեր ասելը Մովսէսի եւ Աստուծոյ դէմ»[14]: Այժմ նրանք պաշտպանում էին Մովսէսին, որին մի ժամանակ նրանց հայրերը քարկոծում էին անապատում եւ Աստծուն հորթի հետ փոխանակում: Նաեւ սուրբ վայր էին կոչում այն տաճարը, որտեղ կանգնեցրին քառադէմ մի պատկեր, լցրին այն զանազան սողուններով եւ ծածուկ պաշտեցին: Սուտ վկաներն ասում էին. «Մենք Նրանից լսեցինք, որ ասաց. "Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ պիտի փոխի այն օրէնքը, որ Մովսէս տուեց մեզ"[15]»: Բայց նա այսպէս չասաց, այլ փառաւորեց Աստծուն մովսէսադիր օրէնքով եւ ցոյց տուեց Մովսէսի օրէնքներն ու մարգարէութիւնը՝ ի Քրիստոս կատարեալ լրացուած: Բայց նրանք առաջ էին բերում Քրիստոսի այն խօսքերը, թէ «Քարը քարի վրայ չպիտի թողնուի, որ չքանդուի»[16], եւ այլ նման խօսքեր էին կարկատում Ստեփաննոսի վրայ: Ո՛վ անիրաւութիւն, Աստուած վճիռ է տալիս, իսկ մարդը դատապարտում է: Քրիստոս հրամայում է, իսկ Ստեփաննոսը հատուցում է վրէժը, թագաւորն ասում է ճշմարիտը, իսկ զինուորը մեղադրում է: Քահանայապետը Ստեփաննոսին հարցնում է. «Իսկապէս դա այդպէ՞ս է»: Ինչպէս այնժամ, երբ պատռեց իր պատմուճանը Քրիստոսի առաջ, այժմ նայեց նրան՝ տեսնելու, թէ ինչպէս է նա դողում եւ վախենում յանդիմանութիւնից, որպէսզի սպանեն նրան որպէս հայհոյչի, բայց տեսան, որ փայլում էր նրա հրեշտակի նման լուսաւորուած երեսը, որը վարդապետները մեկնում են՝ առաջ բերելով բազմաթիւ պատճառներ:
Նախ՝ երբ տեսան նրա հրեշտակի պէս լուսաւորուած երեսը, լռեցին եւ ամօթահար եղան իրենց սուտ վկայութեան համար:
Երկրորդ՝ նրա սիրտը բոցավառուեց Աստուծոյ Որդու ջերմ սիրով, որի համար հրեշտականման եղաւ, ինչպէս Սողոմոնն է ասում. «Սրտի բերկրանքից ծաղկում է դէմքը»[17]:
Երրորդ՝ սուտ էին ասածները, որի համար երեսը պայծառացաւ:
Չորրորդ՝ իր մէջ բերեց Ադամի կերպարանքը, որը նախքան մեղանչելը նա ունէր Դրախտում:
Հինգերորդ՝ երբ Մովսէսը տեսաւ Աստծուն, պայծառացաւ նրա երեսը, եւ Ստեփաննոսն էլ պակաս չէր Մովսէսից, որովհետեւ նա եւս լուսաւորուեց դէմքով:
Վեցերորդ՝ նա հաղորդ էր հրեշտակների մաքրութեանը, որի համար կցորդ եղաւ նրանց գեղեցկութեանը: Մենք եւս, երբ տեսնում ենք գեղեցկաշուք մէկին, նրան հրեշտականման ենք ասում:
Եօթերորդ՝ նա հրեշտականման եղաւ, որովհետեւ հրեշտակի նման համարձակ խօսելով յայտնեց Աստուծոյ պատգամը: Եւ երեսի տեսքը վկայում էր իր խօսքերի ճշմարտութիւնը:
Ութերորդ՝ սուրբ Գիրքն ասում է. «Ստեփաննոսը շնորհներով եւ օրութեամբ լցուած մի մարդ էր»[18], որի համար շնորհների Հոգին իջաւ նրա վրայ եւ լուսաւորեց նրա դէմքը, որպէսզի բոլոր յայտնապէս տեսնեն Հոգու շնորհները եւ նրա մէջ բնակուող Քրիստոսի զօրութիւնը:
Իններորդ՝ նրա երեսը փայլեց սպանողների մէջ, որպէսզի ցոյց տար, թէ չի վախենում մահից:
Տասներորդ՝ երբ հարցրին Քրիստոսի մասին, նրա դէմքը պայծառացաւ, որպէսզի լինէր Աստուծոյ Որդու արժանաւոր վկան:
Տասնմէկերորդ՝ Աստուած պայծառացրեց նրա դէմքի գեղեցկութիւնը, որպէսզի ամբոխը լռէր, եւ յօգուտ իրենց՝ բոլորը քաղցրութեամբ լսէին Միածնի մասին խօսքերը, ինչպէս որ եղաւ, քանզի երբ պապանձուեցին, Ստեփաննոսն սկսեց խօսել նրանց հետ՝ ասելով. «Լսէ՛ք ինձ, եղբայրնե՛ր եւ հայրե՛ր»[19]:
Տասներկուերորդ՝ նրա երեսը լուսաւորուեց հրեշտակի նման, որպէսզի կարողանայ տեսնել բացուած երկինքը եւ Յիսուսին՝ Հայր Աստուծոյ աջ կողմում:
Այսքանը երկրորդ հարցման մասին, թէ ինչո՞ւ լուսաւորուեց սուրբ Ստեփաննոսի երեսը:
* Քննենք երրորդ գլուխը, որ ասում է. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստուծոյ աջ կողմում»[20]: Եւ այս խօսքի վերաբերեալ երեք բան պէտք է ասել: Նախ՝ Ստեփաննոսի բոլորից առաւել գերամբարձ փառքի մասին, երկրորդ՝ ինչո՞ւ բացուած տեսաւ երկինքը, երրորդ՝ ինչո՞ւ է ասում՝ մարդու Որդին կանգնած է Աստուծոյ աջ կողմում:
Նախ պէտք է իմանալ, որ գերամբարձ եւ անզուգական են սուրբ Ստեփաննոսի փառքը՝ առաւել բոլոր նրանցից, որոնք թէ՛ Հնում եւ թէ՛ Նորում եղել են սուրբեր եւ Աստուծոյ ընտրեալներ: Նախ՝ Ենոսը, որը յուսալով կանչում էր Տէր Աստուծոյ անունը[21], իսկ յոյսն անտեսանելի է: Ենոքը երկինք վերացաւ[22], բայց գրուած չէ, թէ նա տեսաւ Աստծուն: Արդար Նոյը պահեց աշխարհի սերմը, բայց նա եւս չտեսաւ: Հաւատի հայր Աբրահամը Աստծուն չտեսաւ որպէս Աստուած, այլ որպէս երկնքից իջած մարդ: Յակոբը տեսաւ սանդուղքը եւ կռուեց Աստուծոյ հետ որպէս մարդու: Օրէնսդիր Մովսէսը, որը խօսեց Աստուծոյ հետ, Նրան տեսաւ միայն թիկունքից եւ հրակերպ, քանզի Նա ասում էր. «Ոչ ոք չի կարող տեսնել Իմ երեսն ու կենդանի մնալ»[23]: Եղիան տեսաւ Աստուծոյ մերձաւորութիւնը ո՛չ թէ սաստիկ հողմի, ո՛չ թէ հրի եւ ո՛չ էլ երկրաշարժի, այլ մեղմ օդի մէջ[24]: Նոյնպէս եւ մարգարէները տեսնում էին կերպարանքների տեսիլքներ, ինչպէս որ Եսային տեսաւ աթոռը, Եզեկիէլը՝ քառակերպ կառքը եւ միւս մարգարէները, որոնք երեւոյթներ էին տեսնում: Բայց Ստեփաննոսը ոչ թէ երեւոյթների, ոչ թէ այլ կերպարանքների մէջ տեսաւ, այլ դէմ յանդիման զօրացաւ մարմնաւոր աչքերով ու տեսաւ Աստուծոյ փառքը եւ Յիսուսին՝ Աստուծոյ աջ կողմում: Նմանապէս Պետրոս առաքեալը, որը Քրիստոսին առաջին դաւանողն էր եւ բոլոր աշակերտներից առաւել ջերմ էր Նրա սիրոյ մէջ, չդիմացաւ, երբ նաւի մէջ երեւաց Քրիստոս, եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ»[25]: Եւ սիրելի աշակերտ Յովհաննէսը, որը Քրիստոսի աստուածաբան աշակերտն էր, ասաց. «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել »[26]: Նաեւ բոլոր աշակերտները մարմնաւոր աչքերով տեսան Նրա մարմինը, բայց ոչ աստուածութեան փառքը: Եւ ովքեր Թաբօր լերան վրայ տեսան Նրա պայծառացած մարմինը, աստուածութեան փառքը տեսան ոչ լրիւ կերպով եւ ամպերով ծածկուած, որից զարհուրած թմրեցին ու չկարողացան խօսել: Իսկ կանանցից ծնուածներից մեծը՝ Յովհաննէսը, որը մկրտեց Տիրոջը, տեսաւ երկինքը պատռուած ու իջած Սուրբ Հոգուն եւ լսեց Հօր ձայնը երկրի վրայ եւ ոչ թէ երկնքում: Ապա ուրեմն Ստեփաննոսն առաւել գերամբարձ է անզուգական փառքով, քան բոլոր սուրբերը, որ կային Հնում եւ Նորում: Այսքանն առաջին հարցման մասին:
Երկրորդ հարցումն այն էր, թէ ինչո՞ւ նրա առաջ բացուեց երկինքը: Պէտք է ասել, որ ամենատես Սուրբ Հոգին ոչ միայն անդունդներն է բացում, ինչպէս Սողոմոնն է ասում. «Իր հանճարով անդունդները բացեց»[27], այլեւ բացում է երկինքների երկինքը՝ սրատես դարձնելով Իրեն ընդունողներին եւ նայել տալիս անծանօթ տեղերը, ինչպէս ցոյց տուեց սուրբ Ստեփաննոսին, որը վկայեց. «Ահա տեսնում եմ բացուած երկինքը»: Ո՞վ կարող է արժանապէս գովել սուրբ Նախավկայի աչքերի սրատեսութիւնը, որն աւելին էր, քան Եղիսէինը, որը տեսաւ հրեղէն կառքն ու հեծեալին, սակայն ոչ թէ երկնքում, այլ լերան վրայ: Եւ այն առաւել է, քան երկնքի զոյգ՝ արեգակի եւ լուսնի աչքերը, որովհետեւ նրանք դէպի ներքեւ են նայում եւ ոչ թէ բարձունքներին: Եւ ինչ որ նա տեսաւ արժանապէս, աննախանձ յայտնեց անարժաններին: Վարդապետներն ասում են, թէ երկինքը բացուեց նրան բազմաթիւ պատճառներով:
Առաջին՝ Ադամը մեղքով փակեց երկինքը իր եւ իր սերունդների առաջ, իսկ Ստեփաննոսն իր արեամբ բացեց այն իր, իր ընկերների եւ վկայակիցների առաջ:
Երկրորդ՝ ինչպէս որ Քրիստոս բացեց երկինքը եւ ճանապարհ հարթեց հոգիների համար, նոյնպէս էլ սուրբ Ստեփաննոսը բացեց երկինքը եւ ճանապարհ հարթեց Քրիստոսին դաւանողների համար:
Երրորդ՝ երկինքը բացուեց նրան, որովհետեւ նա վկաների առաջին պտուղն էր, եւ պէտք էր, որ հիմքը հաստատուն լինէր, որպէսզի նրա յետեւից եկողներն ուրախութեամբ ընթանային:
Չորրորդ՝ երկինքը բացուեց, եւ նա տեսաւ Որդուն՝ Ադամի կերպարանքով եւ Հայր Աստուծոյ աջ կողմում: Նա վկայեց համբարձման եւ Որդու Հօր աջ կողմում նստելու մասին, որը ծանր թուաց հրեաներին:
Հինգերորդ՝ հրեաների մօտ օրէնք կար, որ երբ հայհոյութիւն էին լսում, պատռում էին իրենց պատմուճանները: Այստեղ հայհոյում էին Աստուծոյ Որդուն եւ Նրա ծառայ սուրբ Ստեփաննոսին, բայց չկար օրինապահ մէկը, որ պատռէր իր պատմուճանը: Երբ բացուեց Վերին առագաստը, ցոյց տրուեց, թէ նրանց կողմից հայհոյուողը ճշմարիտ Աստուածն է, քանի որ խաչելութեան ժամին պատռուել էր տաճարի վարագոյրը, իսկ երբ գերեզման էր դրուել, պատռուել էին վէմերը:
Վեցերորդ՝ վկայ կոչուեց, որովհետեւ բացեց երկինքը եւ վկայեց, թէ Քրիստոս աստուածութեան փառքի մէջ է, Որի մասին վերջին ժամանակներում պատրաստւում էին հերձուած խօսել՝ ասելով, թէ Որդին կրտսեր է Հօրից, ինչպէս ասում էր հերձուածող Արիոսը եւ ուրիշները: Երկինքը բացուեց եւ ցոյց տրուեց, որ Որդին համապատիւ եւ հաւասար է Հօրը:
Եօթերորդ՝ պատրաստւում էին բարբաջել, թէ Որդին տնօրինական գործերն աւարտելուց յետոյ վերացաւ Հօր մէջ, ինչպէս փայլակը, որ վերանում է հրի մէջ եւ դարձեալ ամփոփւում: Այդ պատճառով այստեղ վկայուեց, թէ Որդին նոյն մարմնով կանգնած է Հօր աջ կողմում:
Ութերորդ՝ երկինքը բացուեց յամօթ Սաբէլի, որը մի անձ էր ասում սուրբ Երրորդութեանը, իսկ այստեղ ցոյց տրուեց Անձերի որպիսութիւնը:
Իններորդ՝ երկինքը բացուեց հրեշտակների համար, որովհետեւ աւագ որդին, որ հրեշտակներն են, անառակ որդու դարձի ժամանակ հօրն ասաց. «Ինչո՞ւ մորթեցիր պարարտ եզը շուայտ եւ անառակ մարդկային ազգի համար»: Իսկ այսօր, բացելով երկնքի հաստատութեան անջրպետը, Քրիստոս նրանց ցոյց տուեց Իր զինուորի սէրն ու քաջութիւնը եւ ասաց. «Ես տնօրէնութեան խորհուրդը յանձն առայ ու չարչարուեցի այդպիսինների համար, որոնք նման չարչարանքներով գալիս են Իմ յետեւից»:
Տասներորդ՝ բացեց երկնքի հաստատութիւնը եւ արդարներին ցոյց տուեց փառքը, որը խոստացել է նրանց հանդերձեալում: Ստեփանոսն այն տեսաւ, երբ մարմնի մէջ էր, եւ այստեղ կատարուեց Տիրոջ ասած խօսքը, թէ «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն»[28]: Երկինքը նրան բացուեց ահա այսքան եւ աւելի պատճառներով: Այսքանը երկրորդ հարցման մասին:
Երրորդ հարցումն այն էր, թէ ինչո՞ւ էին Դաւիթ մարգարէն եւ այլ մարգարէներն ասում, թէ «նստած» էր՝ ըստ այն խօսքի, թէ «Տէրն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում»[29], եւ Ինքն էլ ասում էր. «Մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստուծոյ աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»[30], իսկ սուրբ Ստեփաննոսը «կանգնած» է ասում: Արդ, «նստելը» խորհրդանշում է հանգիստը աշխարհի չարչարանքներից յետոյ, այլեւ Հօր հետ համապատիւ լինելը: Այստեղ «կանգնելը» բազմաթիւ նշանակութիւններ ունի:
Նախ՝ ցոյց է տալիս, թէ Նա կանգնել է՝ Իր սուրբերին պսակելու համար:
Երկրորդ՝ կանգնել է, որպէսզի Ստեփաննոսին ցոյց տար անճառելի բարիքները եւ դէպի Իրեն ձգեր Իր վկային:
Երրորդ՝ ցոյց է տալիս, որ հանդիսադիր Քրիստոս նահատակների հետ է եւ օգնական է նրանց, որպէսզի միւս վկաները քաջալերուեն:
Չորրորդ՝ խորհրդանշում է անչափ սէրը եւ առաւել ուրախութիւնը, քանզի Նա, որ նստած էր Հօր աջ կողմում, երբ տեսաւ մենամարտի յաղթանակը, ուրախութեամբ կանգնեց՝ պսակելու նրան:
Հինգերորդ՝ Նա կանգնած էր որպէս միջնորդ Հայր Աստուծոյ եւ մարդկային ազգի միջեւ:
Վեցերորդ՝ «կանգնելը» ցոյց է տալիս Իր մօտալուտ գալուստը՝ դատաստանի եւ չարերին հատուցելու համար՝ ըստ այն խօսքի, թէ «Աղքատի տառապանքին եւ տնանկի հեծութեան համար այժմ ես կþելնեմ, ասում է Տէրը»[31] եւ թէ «Թող ելնի Աստուած, Նրա բոլոր թշնամիները թող ցրուեն, ու Նրան ատողները փախչեն Իր առջեւից»[32]:
Եօթերորդ՝ երկնքի բացուելը եւ «կանգնելը» խորհրդանշում են, որ Նա բոլոր հաւատացեալներին հրաւիրում է մտնել այնտեղ եւ ժառանգել արքայութիւնը, ինչպէս որ ասաց. «Գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ Ինձ մօտ»[33]:
Ութերորդ՝ «կանգնելը» Նրա կենդանութիւնն է խորհրդանշում, քանզի Ստեփաննոսն ասաց. «Դուք՝ հրեաներդ, մահուան մատնեցիք Նրան, բայց ես Նրան կենդանի եմ տեսնում: Եւ Նա, Ում կանգնեցրիք Պիղատոսի առաջ, այժմ կանգնած է Իր Հօր աջ կողմում»:
Իններորդ՝ Նա կանգնեց, Իր վկային ցոյց տուեց ձեռքերի եւ ոտքերի բեւեռների տեղերն ու խոցուած կողը եւ ասաց. «Նայի՛ր Ինձ, որ կախուեցի խաչից, Ես քեզ յաղթութիւն կը տամ»:
Տասներորդ՝ տեսնելով օդագնաց նաւավարին, որը նաւահանգիստ է շտապում, բացում է երկինքը, ընդառաջ ելնում նրան, մեծարում, սեղան նստեցնում եւ անցնում նրան սպասարկելու[34], ինչպէս որ խոստացաւ աւետարանում: Եւ մարդու Որդի է ասում, որովհետեւ «Նրան, Ում մէջ հրեաներդ միայն մարդկութիւնն էք տեսնում, - ասաց, - ես Նրան աստուածութեան փառքի մէջ եմ տեսնում: Յիսուսին, Ում դուք ուրացաք Պիղատոսի առաջ, ահա Նա Իր Էակից Հայր Աստուծոյ մօտ է, եւ ոչ ոք չկայ Նրա ու Հօր հետ, այլ միայն Ինքը»: Եւ եթէ մէկն ասի, թէ նա աստուածաբանում է միայն Հօր եւ Որդու մասին, իսկ ո՞ւր է Սուրբ Հոգին: Նախ ասենք, որ ուր Հայրն է, այնտեղ էլ Սուրբ Հոգին է, եւ ուր Որդին է, այնտեղ եւ Իր Էակիցն է: Եւ դարձեալ՝ Սուրբ Հոգին էր, որ բոցավառում էր շնորհներով եւ զօրութեամբ լի նահատակին, իսկ «նրանք չէին կարողանում դէմ կանգնել այն իմաստութեանը եւ Հոգուն, որով նա խօսում էր»[35]: Այսինքն նա խօսեց ու աստուածաբանեց համագոյ եւ միասնական սուրբ Երրորդութեան մասին: Այսքանը երրորդ գլխի մասին:
* Չորրորդ հարցում, թէ ինչու քարկոծուեց:
Ասենք, որ երբ հրեաները լսեցին Քրիստոսի մասին վկայութիւնը, ինչպէս սուրբ Գիրքն է ասում, փակեցին իրենց ականջները, որ չլսեն, որովհետեւ նախ՝ նրանք ասում էին, թէ «Մենք Նրան սպանեցինք որպէս մահապարտ, իսկ դու այժմ ասում ես, թէ Նա երկնքո՞ւմ է»: Երկրորդ՝ փակեցին իրենց ականջները, որովհետեւ կամեցան Քրիստոսին սպանելուց յետոյ ջնջել նաեւ Նրա անունը մարդկանց միջից: Երրորդ՝ փակեցին իրենց ականջները, որովհետեւ լսել էին Քրիստոսից, թէ «Մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստուծոյ աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»[36]: Փակեցին իրենց ականջները եւ վախեցան, որովհետեւ ասում էին, թէ «եկած» ասելով՝ Նա կամենում է դատել մեզ: Չորրորդ՝ փակեցին իրենց ականջները, որպէսզի չլսեն Քրիստոսի մասին վարդապետութիւնը: Փակեցին իրենց աչքերը, որպէսզի չտեսնեն լոյսը, ինչպէս Դաւիթն է ասում. «Նրանց կատաղութիւնը նման է վիշապ օձի թոյնի, որ խցել է իր ականջները, որպէսզի ճարտար օձահմայի ձայնը չլսի եւ դեղ չառնի իմաստուն դեղատուից»[37]:
Եւ հաւաքուած չար մարդիկ կատաղած շների նման միահամուռ յարձակուեցին նրա վրայ, քաղաքից դուրս տարան եւ քարկոծեցին: Եւ այս արեցին տասը պատճառով:
Նախ՝ քարկոծեցին, որովհետեւ օրէնք էր քարկոծել նրանց, ովքեր կը հայհոյէին Աստծուն: Սակայն նա քարկոծուեց անօրէնների կողմից՝ Աստծուն փառաւորելու համար, ինչպէս մի ժամանակ նրանց հայրերը քարկոծեցին Երեմիա մարգարէին հայրենի օրէնքների համար:
Երկրորդ՝ քարկոծեցին, որպէսզի բոլորը հաղորդ լինէին անբիծ արեանը, եւ որ առաւել եւս ողջ-ողջ չարչարուի: Սակայն նա, ինչպէս անուշահոտ ծաղիկ եւ վարդի տերեւ, թեթեւութեամբ էր տանում չարչարանքները, որովհետեւ ի վերուստ տեսնում էր նահատակադիր Քրիստոսին:
Երրորդ՝ նրանք կամենում էին Քրիստոսին քարկոծել լերան կատարին, բայց քանի որ մարգարէները չէին գրել, թէ Քրիստոս պիտի քարկոծուի, այդ պատճառով ինչ չկարողացան անել Քրիստոսին, արեցին Ստեփաննոսին եւ վարդապետի փոխարէն քարկոծեցին աշակերտին:
Չորրորդ՝ առաքեալն ասում է. «Իմ մարմնի մէջ լրացնում եմ Քրիստոսի չարչարանքների պակասը»[38]: Քրիստոսի չարչարանքների մէջ պակաս էին քարկոծուելը, սրով հատուելը եւ այլ բոլոր տանջանքները: Ստեփաննոսը կրեց քարկոծումը եւ լրացրեց, իսկ Նրա միւս հետեւորդներն այլ տանջանքներ կրեցին:
Հինգերորդ՝ սուրբ Ստեփաննոսը ցորենահատիկ էր, խաչելութեան առաջին արդիւնքը: Նրան քարկոծեցին քարերով եւ կալսեցին, որպէսզի սուրբ ցորենն առաջինը մտնի Թագաւորի շտեմարանը:
Վեցերորդ՝ սուրբ Ստեփաննոսն աստուածատունկ ծառ էր: Հրեաների մրրկոտ ամպը անօրէնութեան որոտաց եւ պարզկայ ժամանակ քարերի կարկուտ թափեց Ստեփաննոսի վրայ, բայց Քրիստոսի սիրոյ համար նա քարկոծումն ընդունեց իբրեւ անձրեւի քաղցր շիթ:
Եօթերորդ՝ սուրբ Ստեփաննոսը քաղցր պտուղ էր՝ կախուած Խաչի ոստից: Նրա վրայ քարեր արձակեցին, պոկեցին բարի պտուղը եւ երկիր գցեցին:
Ութերորդ՝ սուրբ Ստեփաննոսը քարկոծուեց, որովհետեւ իր մէջ ունէր Քրիստոս Վէմին՝ որպէս անկեան հիմք եւ գլուխ: Նա կամեցաւ քարերի բազմութիւնը հաւաքել սուրբ եկեղեցու շինուածքում, ինչպէս որ Տէրը Պետրոսին ասաց. «Դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ Իմ եկեղեցին»[39]:
Իններորդ՝ քարկոծուեց, որպէսզի այդ քարերը երկինք բարձրանալու աստիճաններ լինէին, որով պիտի ելնէր ու դրանցով տանէր նաեւ ուրիշներին:
Տասներորդ՝ քարկոծուեց, որպէսզի այդ քարերն ամուր պարիսպ եւ աշտարակ լինէին թշնամի սատանայի դէմ եւ ծածկէին իր շուրջ հաւաքուած չար մարդկանցից:
Տասնմէկերորդ՝ քարկոծուեց, որպէսզի իր մօտ քարեր հաւաքէր եւ հարուածէր թշնամու երեսին, քանզի քարերը որքան վիրաւորում էին մարմնին, նոյնքան էլ հարուածում էին անմարմին թշնամուն:
Տասներկուերորդ՝քարկոծուեց, որովհետեւ կամենում էր մատուցել Քրիստոսի չարչարանքների փոխարէնը. փշեղէն պսակի, լեղու եւ ապտակի փոխարէն քարերով հարուած ընդունեց իր գլխին, երեսին եւ բերանին, կողահոս Արեան համար արիւն հոսեց նաեւ իր կողից, բեւեռների համար փշրեց ձեռքերի դաստակները եւ ոտքերը, երկնային Գլխի համար, որ խոնարհուեց խաչի վրայ, խոնարհեցրեց իր պարանոցը: Եւ ինչպէս որ Տէրը գոչեց. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»[40], այդպէս էլ նա աղաղակեց. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»[41]: Ինչպէս որ Տէրն աղօթեց Իրեն խաչողների համար՝ ասելով. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թէ ինչ են անում»[42], այդպէս էլ Ստեփաննոսն աղաչեց Տիրոջն՝ ասելով. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց»[43]: Այսպէս սովորելով Քրիստոս վարդապետից՝ Նրա աշակերտը սիրով աղօթեց նրանց համար, եւ այդպէս պէտք է անեն միմեանց սիրող եղբայրները: Սակայն այդպէս պէտք է անել ոչ միայն ընկերների ու բարեկամների, այլ օտարների ու թշնամիների համար: Պէտք է բարիք անել չարերին ու սիրել ատելիներին, օրհնել անիծողներին եւ աղօթել չարչարողների համար: Այդպէս եւ սուրբ Ստեփաննոս նախասարկաւագն ու առաջին մարտիրոսը, որն աղօթեց քարկոծողների համար եւ լսելի եղաւ, թող այժմ խնդրի մեզ՝ տօնողներիս համար եւ փոխարէնը բարիքներ շնորհի, որ մեր տկարութեամբ տօնախմբեցինք նրա հարսանեաց ուրախ տօնը եւ իր կարողութեամբ ժողովի մեզ հարսնարանի մաքուր առագաստում:
Թող Քրիստոս Աստուած եւ բոլորի Փրկիչը, Ով կատարեց Իր սուրբ Ստեփաննոս վկայի բաղձանքը՝ նախապէս հիւսելով նրա փառքի պսակը, մեղքերի թողութիւն պարգեւի տօնողներիս: Եւ Նրան փառք, գոհութիւն եւ բարեբանութիւն Իր Հօր եւ ամենասուրբ Հոգու հետ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ս. Գ. Տաթեւացի.
ՔԱՐՈԶ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՆՈՍԻՆ՝ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ «ՍՏԵՓԱՆՆՈՍԸ ՇՆՈՐՀՆԵՐՈՎ ԵՒ ԶՕՐՈՒԹԵԱՄԲ ԼՑՈՒԱԾ ՄԻ ՄԱՐԴ ԷՐ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԷՋ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԳՈՐԾԵՐ ԵՒ ՄԵԾԱՄԵԾ ՆՇԱՆՆԵՐ ԷՐ ԱՆՈՒՄ» (Գործք. Զ 8). Գլուխ ՃՀԶ
Ո՛վ սիրելի եւ ի Տէր անձկալի եղբայրներ, պայծառ եւ հրաշալի է այս այս տօնի խորհուրդը: Պայծառ է, որովհետեւ արեգակի արփիափայլ ճառագայթների նման լուսաւորում է իմանալի տեսողական աչքերը եւ աստուածասէր մտքերով փարատում է մեղքերի նսեմ խաւարը: Եւ հրաշալի է, որովհետեւ տօնասիրող անձանց բաշխում է անմահ կեանքի պարգեւը՝ բարձրացնելով դէպի իմանալիների գերակայ բարձունքները եւ հանդիսակից ու տօնակից դարձնում վերին զօրութիւններին: Դէ ուրեմն բացենք մտքի բերանը եւ ստանանք շնորհների Հոգին ի գոհութիւն նրա, ով առաջին նահատակների հանդիսադիրն է եւ ի գովեստ բարի գործերին հետեւող անձի: Քանզի նա, ով չի գովաբանում վկաներին, ինչպէ՞ս կարող է պատկառել վկաների պատուից: Նա, ով պատուասիրում է վկաներին, ասես թէ պատուագործում է նրանց: Նա, ով մօտ է անուշահոտ խունկին, զմայլեցնում է իր քիմքը: Նա, ով մօտ է լոյսին, լուսաւորում է իր աչքերը: Նա, ով կարծում է, թէ կարիք չունի բարեխօսների, չի հասնի վկաների պատուին: Նա, ով ձանձրանում է նահատակութեան մասին ճառերից, զրկում է իրեն նրանց օգուտներից: Քանզի եթէ պատուէր ստացանք ողորմել աղքատներին, որպէսզի մեզ ընդունեն յաւիտենական յարկերում, ապա սուրբ վկաներն առաւել պատուելի են մեզ, որովհետեւ նրանց հետ նոյն յարկերում ենք լինելու:
Եւ այժմ բարերար Սուրբ Հոգու շնորհն արժանացրեց մեզ ժամանել երիցս երանեալ սուրբ Ստեփաննոս Նախավկայի՝ առաջին սարկաւագի եւ պանծալի նահատակի յիշատակի օրուան, զմայլելով ուրախացրեց մեզ անմահ բաժակով եւ զովացրեց ծարաւածներիս իր քրտնաջան չարչարանքներով ու յորդաբուխ արեան հոսմամբ:
Արդ, նրա մասին պատմութիւնն սկսւում է այսպէս: «Ստեփաննոսը մի մարդ էր՝ լի շնորհներով եւ զօրութեամբ ... »: Եւ այս նիւթը քննարկելի է չորս կերպով: Նախ՝ որ ասում է Ստեփաննոսը, երկրորդ՝ որ ասում է մի մարդ էր, երրորդ՝ որ ասում է՝ լի էր շնորհներով եւ զօրութեամբ, չորրորդ՝ որ ասում է՝ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում:
* Քննենք առաջին գլուխը նախ՝ նրա անուան, երկրորդ՝ ազգատոհմի, երրորդ՝ գործի մասին:
Նախ՝ անուան մասին, որ Ստեփաննոս է կոչւում: Այն թարգմանաբար նշանակում է պսակ եւ վեց հանգամանք է բացայայտում: Նախ՝ որպէս պսակ լինում է թագաւորների թագ, երկրորդ՝ լինում է եւ մարտիրոսների պսակ, երրորդ՝ հարսանեաց պսակ, չորրորդ՝ բոյսերի ծաղիկների պսակ, հինգերորդ՝ ծառերի պտուղների պսակ, վեցերորդ՝ գլուխը անդամների պսակն է: Եւ այս թուարկումներով պսակ նշանակում է ամբողջութիւն եւ կատարելութիւն, ինչպէս որ դրուատւում է նրա այս գովեստում.
Ստեփաննոսն արքայական պսակ է եւ զարդ,
Ստեփաննոսը կեանքի անթառամ պսակ է,
Պսակն է հոգեւոր հարսանեաց,
Ստեփաննոսը ծաղիկ է եւ անուշահոտ վարդ,
Ստեփաննոսը քաղցրահամ պտուղ է,
Ստեփաննոսը վկաների նախաշաւիղն է,
Ստեփաննոսը բոլոր բարիքների լրումն է,
Ստեփաննոսը կատարեալ սիրոյ ամբողջութիւնն է, յոյսի հաստատութիւնը եւ ճշմարիտ հաւատքը:
Այսպէս է կոչւում առաքեալը եւ Քրիստոսի աշակերտը, որ առանց ամօթի եւ երկիւղի տիրասպան ժողովրդի մէջ յայտնապէս քարոզեց Քրիստոս Աստծուն: Նա նաեւ վկայ է կոչւում, որովհետեւ վկայեց ոչ միայն խօսքով, այլեւ յանձն առաւ քարկոծուել արեամբ եւ որպէս Քրիստոս զօրավարի զօրեղ զինուոր՝ զինուորագրուեց ու նահատակուեց: Այսքանը Ստեփաննոսի անուան, Քրիստոսի առաքեալի ու վկայի մասին:
Երկրորդ՝ ազգատոհմի մասին: Քրիստոսի երանելի վկան Յուդայի թագաւորական զարմից էր եւ պատիւ ունէր ցեղակից լինել Քրիստոսին: Նա օրինապահ ծնողների զաւակ էր: Երբ Քրիստոս դատապարտուեց մահուան, նա պատանի հասակում էր եւ ծառայում էր Կայիափայ քահանայապետին: Եւ ինչպէս ասում են՝ երբ մեր Փրկչին բերեցին նրա տուն, վարշամակը, որով Ստեփաննոսը ծածկել էր իր գլուխը, տարածեց Տիրոջ ոտքերի առաջ, եւ Նա անցաւ դրա վրայով: Եւ երբ սաստեցին նրան, թէ ի՞նչ է անում, նա ասաց. «Այդպէս էին անում Նրա աշակերտներն ու ժողովուրդը, երբ Նա աւանակով Երուսաղէմ եկաւ: Ես եւս կամենում եմ աշակերտել Նրան ու երկրպագել: Ես չեմ կամենում կցորդ լինել ձեր անօրէն խորհուրդներին»: Այս խօսքերի համար քահանայապետը գանահարել տուեց նրան, ու հեռացրին Նրա մօտից: Ստեփաննոսը ճմլուած սրտով եւ յորդ արտասուքներով տեսաւ Նրա մահն ու թաղումը, ապա աշակերտների հետ ուրախանալով Քրիստոսի յարութեամբ՝ յարեց նրանց ու մկրտուեց Պետրոսի եւ Յովհաննէսի կողմից: Եւ առաքեալները ջրի վրայ տեսան լոյսից կազմուած պսակ, որն իջաւ նրա վրայ: Այդ պատճառով նրան Ստեփաննոս անուանեցին, որ թարգմանաբար նշանակում է «պսակաւոր»: Եւ նա իր անունն արդիւնաւոր դարձրեց՝ մարտիրոսական արեամբ պսակուելով ի Տէր: Այսքանը երկրորդ հարցման՝ նրա անուան եւ ազգատոհմի մասին:
* Երրորդ հարցումը գործի մասին է: Ինչպէս Ղուկասն է ասում «Գործք Առաքելոց»-ում, երբ շատացան հաւատացեալները, եւ մարդկանց թիւը շուրջ հինգ հազար եղաւ, յունախօս հրեաները տրտնջացին եբրայախօս հրեաների դէմ: Եւ պատճառն այս էր. գերութիւնից վերադարձած յունախօս հաւատացեալ հրեաները մոռացել էին եբրայերէն լեզուն եւ կարծում էին, թէ առաքեալներն անտեսում էին իրենց օտար լեզուի եւ օտար երկրից գալու պատճառով: Նրանք իրենց գաւառներում աւելի շատ տրւում էին մարմնաւոր կեանքին, իսկ Քրիստոսին խոստովանողները հեռանում էին իրենց հայրենի երկրից: Նրանք միայն աշակերտներին էին նայում, եւ վերջիններս հաւասարապէս հոգում էին նրանց կարիքները, սակայն նրանց այլ կերպ էր թւում: Երբ առաքեալներն իմացան այս մասին, կանչեցին բոլոր աշակերտներին եւ ասացին. «Պէտք չէ, որ մենք թողնենք Աստծու խօսքի քարոզութիւնը եւ սեղաններ սպասարկենք: Եղբայրնե՛ր, ընտրէ՛ք ձեր միջից հաւատացեալ եղբայրներ, իսկ մենք աղօթքի եւ խօսքի քարոզութեանը կը նուիրուենք»[44]: Ապա ընտրեցին Ստեփաննոսին, որը մի մարդ էր՝ լի հաւատով եւ Սուրբ Հոգով: Եւ թէպէտ պէտք էր, որ երկու եւ երեք վկաներով հաստատուէր ամէն բան, սակայն նրա համար վկայեցին տասներկու առաքեալները, եօթանասուն աշակերտները եւ հինգ հազար հաւատացեալները: Մանաւանդ որ նա ընտրուել էր մօր որովայնից, իսկ ընտրողը Սուրբ Հոգին էր: Նա եղաւ սուրբ Երրորդութեան օթեւանը եւ վկան: Նրա ընկերներն էին Փիլիպպոսը, որը մկրտեց ներքինուն, որին հրեշտակը յափշտակեց՝ տանելով Ազոտոս, իսկ յետոյ Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ: Նրա ընկերներից էր եւ Պրոխորոնը՝ Յովհաննէս աւետարանչի աշակերտը, որը գրեց աւետարանը եւ Յայտնութեան գիրքը՝ թելադրուած Յովհաննէսի բերանից, միւսներն էին Նիկանորը, Պարմենան, Տիմոնան եւ Նիկողայոսը, որ եկել էր Անտիոքից, որից հերձուած եկաւ ոչ թէ իր, այլ նրա աշակերտների կամքով: Նրանք բոլորն ընտիր եւ հոգեկիր այրեր էին: Ըստ Հոգու եօթ զօրութիւնների՝ նրանք եօթ խորհրդաւոր թուով էին՝ զարդարուած եօթ առաքինութիւններով, որ կոչուեցին սպասաւորներ եւ պաշտօնեաներ ու Աստուծոյ բոլոր եկեղեցիների նորընծայ հաւատացեալների հոգաբարձուներ: Եւ թող ոչ ոք սպասաւոր կոչման համար նրան առաքելական շնորհի մէջ առաւել ցածր համարի, քանզի Պօղոսը եւս իրեն Քրիստոսի խորհրդի սպասաւոր է կոչում, ու նաեւ Տէրն Ինքն ասաց. «Մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ Իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»[45]: Ուրեմն, եղբայրնե՛ր, տեսէ՛ք, թէ ինչպիսի մեծ պատիւ ունի պաշտօնեայ անունը, եւ որքան մեծ գործ է սարկաւագութիւնը, եւ թէ Սուրբ Հոգու ինչպիսի ընտրողութեամբ եւ բոլոր առաքեալների վկայութեամբ նրանք կարգուեցին: Այսքանն առաջին գլխի՝ նրա անուան մասին:
* Քննենք երկրորդը, որ ասում է « ... մի մարդ էր»:
Պէտք է իմանալ, որ մարդը երեք նշանակութիւն ունի: Նախ՝ ցոյց է տալիս Աստուծոյ պատկերը, երկրորդ՝ բնական բարին, երրորդ՝ արիութեան գործը:
Առաջինի համար, թէ ցոյց է տալիս Աստուծոյ պատկերը, Մովսէսն ասում է. «Աստուած մարդուն ստեղծեց Իր պատկերով»[46]: Թէպէտ պատկեր լինելն ընդհանուր է բոլոր մարդկանց համար, քանի որ հոգին անմահ է, անձնիշխան եւ բանական, սակայն սուրբերն առաւել ունեն Աստուծոյ պատկերը եւ առաւել նման են Աստծուն տասը եղանակով: Նախ՝ սիրով, որովհետեւ աւետարանիչն ասում է. «Աստուած սէր է, եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստուծոյ մէջ»[47] եւ նմանւում է Նրան: Երկրորդ՝ որովհետեւ Աստուած բարերար է եւ խնամում է բոլոր արարածներին: Երրորդ՝ որովհետեւ Աստուած ողորմած է եւ գթառատ՝ ըստ այն խօսքի, թէ «Գթասիրտ, ողորմած է Տէրը»[48]: Չորրորդ՝ Աստուած անոխակալ է եւ անյիշաչար, քանի որ համբերատար եւ ներող է կոչւում: Հինգերորդ՝ Աստուած բարին կամեցող է՝ ըստ այն խօսքի, թէ «Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում, այլ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի»[49]: Վեցերորդ՝ Տէրն արդար է եւ ճշմարիտ՝ ըստ այն խօսքի, թէ «Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը Նրա»[50]: Եօթերորդ՝ Աստուած սուրբ է եւ անմեղ բնութեամբ: Ութերորդ՝ Աստուած ճշմարտութիւն իմացող եւ սիրող է՝ ըստ այն խօսքի, թէ «Դու, Տէ՛ր, ճշմարտութիւնը սիրեցիր»[51]: Իններորդ՝ Աստուած կանխատես է, որովհետեւ Աստուած ամենատես է: Տասներորդ՝ Աստուած բոլոր արարածների թագաւորն է: Այսպէս սուրբ Ստեփաննոսն այս ամէն բաներով իր Նախատիպի՝ Քրիստոսի նմանը եւ պատկերը եղաւ մի շարք պատճառներով.
Նախ՝ սիրով, որովհետեւ Քրիստոս մահուան մատնեց իրեց մեզ համար, այդպէս էլ Ստեփաննոսը Նրա նման իր անձը մահուան մատնեց Քրիստոսի համար:
Երկրորդ՝ ինչպէս որ Տէրը բարերար եւ խնամող էր Իր աշակերտների համար, այդպէս էլ նա խնամող եւ տնտես եղաւ բոլոր հաւատացեալների հանդէպ ու կերակրեց նրանց:
Երրորդ՝ ինչպէս որ ողորմած եւ գթասիրտ էր Քրիստոս, քանզի խղճում էր ժողովրդին եւ արտասւում նրանց համար, այդպէս էլ սուրբը գութ ունէր իր ազգի հանդէպ եւ խրատում էր նրանց՝ ասելով. «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, լսեցէ՛ք ինձ»[52]:
Չորրորդ՝ Տէրն անոխակալ է եւ անյիշաչար, ինչպէս որ աղօթում էր Իրեն խաչողների համար՝ ասելով. «Հա՛յր, ների՛ր սրանց»[53], այդպէս էլ Ստեփաննոսը, նմանուելով Տիրոջը, աղօթում էր իրեն քարկոծողների համար՝ ասելով. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց»[54]:
Հինգերորդ՝ Տէրը բարին կամեցող էր, ինչպէս որ ասում էր. «Կամենում եմ, որ, ուր Ես եմ, նրանք էլ Ինձ հետ լինեն»[55] եւ ցանկանում էր, որ նրանցից ոչ ոք չկորչի: Եւ այս երեւաց այնժամ, երբ Տէրն աղօթեց, եւ Ղունկիանոսը, որը խոցեց Քրիստոսին, հաւատաց: Այդպէս էլ երբ սուրբ Ստեփաննոսն աղօթեց, Պօղոսը, որը քարկոծում էր նրան, հաւատաց:
Վեցերորդ՝ Տէրը դատում էր արդարութեամբ եւ ճշմարտութեամբ, յանդիմանում էր չարերին եւ խրատում ուրիշներին՝ ասելով. «Մի՛ դատէք աչքներիդ երեւացածի պէս»[56]: Այդպէս էլ սուրբ Ստեփաննոսն արդարութեամբ էր դատում հրեայ չար ժողովրդին՝ կամակորներ եւ սրտով անթլփատներ կոչելով նրանց:
Եօթերորդ՝ Տէրը սուրբ էր եւ անմեղ բնութեամբ, որովհետեւ ինչպէս մարգարէն է ասում, Նա մեղք չգործեց, եւ Ինքն էլ ասում էր. «Ձեզնից ո՞վ կը յանդիմանի Ինձ մեղքի համար»[57]: Այդպէս էլ սուրբ Ստեփաննոսը, որ ընտրուած էր իր մօր որովայնից, սուրբ եւ անմեղ մնաց հոգով ու մարմնով եւ սրբութեամբ տեսաւ Աստծուն՝ ըստ այն խօսքի, թէ սրտով մաքուրները կը տեսնեն Աստծուն:
Ութերորդ՝ Տէրն ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը»[58] եւ «Ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի»[59]: Եւ սուրբ Ստեփաննոսը սիրեց Քրիստոսի ճշմարտութիւնը եւ հետեւեց Նրա երկնային ճանապարհին:
Իններորդ՝ Քրիստոս կանխատես էր, որովհետեւ գիտէր, թէ ինչ կար մարդու մէջ, որի համար ասաց. «Այսուհետև մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»[60]: Նոյնպէս էլ սուրբ Ստեփաննոսը կարող եղաւ տեսնել ու ասել. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստուծոյ աջ կողմը»[61]:
Տասներորդ՝ Քրիստոս յաւիտենական Թագաւոր է՝ ըստ այն խօսքի, թէ «Նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու Նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»[62]: Այդպէս էլ սուրբ Ստեփաննոսը, որը չարչարակից եղաւ Քրիստոսին, թագակից է Նրան, ինչպէս որ առաքեալն է ասում. «Եթէ համբերենք, Նրա հետ էլ պիտի թագաւորենք»[63], եւ Քրիստոս թագի ու ծիրանու փոխարէն առաքինութիւն եւ անմահութիւն հագցրեց նրան, որով եղաւ Քրիստոսի նման եւ պատկեր:
Այդ պատճառով է վկայում սուրբ Գիրքը՝ ասելով. «Ստեփաննոսը մի մարդ էր»:
Առաջին՝ մարդ ասելով՝ նկատի ունի Աստուծոյ պատկերը:
Երկրորդ՝ մարդ ասելով՝ ցոյց է տալիս բնական բարին, որ դրուած է մեր մէջ, քանզի վարդապետներն ասում են, թէ Արարիչը բնական բարին սերմանեց մեր բնութեան մէջ բազմաթիւ պատճառներով: Նախ՝ որովհետեւ դրանով մենք Արարչի պատկերն ենք: Ինչպէս որ Նա բոլոր բարիքների սկիզբն ու պատճառն է, այդպէս էլ մենք պէտք է լինենք բոլոր բարի գործերի սկիզբն ու պատճառը: Երկրորդ՝ ով հաղորդ է լինում այս բնութեանը, լինում է բոլորին հաւասար եւ մասնակից բարի գործերին: Երրորդ՝ որպէսզի բարին մերը լինի եւ ոչ թէ մեզ օտար, այդ պատճառով այն դրուեց մեր բնութեան մէջ: Չորրորդ՝ որպէսզի բարին բնական էութեամբ լինի եւ ոչ թէ պատահական: Հինգերորդ՝ որպէսզի այն չլինի դրսից ներմուծուած եւ հեշտութեամբ հրաժարելի: Վեցերորդ՝ որպէսզի բարին փափագելի եւ անկատար չլինի մեր մէջ, որի համար այն հաստատեց մեր բնութեան մէջ: Եօթերորդ՝ որպէսզի երբ եւ ինչ կամենանք, որքան, ինչպէս եւ որտեղ ցանկանանք, այն առձեռն եւ պատրաստ առաջ բերենք ինչպէս շտեմարանից: Ութերորդ՝ որպէսզի բարու մեր մասն ամբողջապէս համակի մեր հոգին եւ մարմինը: Իններորդ՝ որպէսզի մենք լիանանք մեր իսկ բարուց, եւ ոչ թէ օտարների: Տասներորդ՝ որպէսզի մեզ միշտ յորդորի դէպի բարին, որի պատճառով բնաւորուեց մեր բնութեան մէջ: Տասնմէկերորդ՝ որպէսզի հաւասար լինեն բարին եւ մեր էութիւնը, որի համար հէնց սկզբից սկզբնաւորուեց մեր բնութեան հետ: Տասներկուերորդ՝ որպէսզի մենք լինենք բարու տէրը եւ իշխանը, այն դրուեց մեր բնութեան մէջ: Առ այս Տէրն ասաց. «Աստուծոյ արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»[64], այսինքն բարին բնաւորուած է մեր գոյացութեան մէջ: Իսկ չարը մեր բնութեան մէջ սերմանուած է, առանց էութեան է, անէ[65] է եւ անգոյ, սակայն նրան մեր յոժար կամքն է գոյացնում: Երբ մենք կամենանք, այնժամ չարը կը էանայ եւ կը բնաւորուի մեր կամքի մէջ, այսինքն մերն են բարին ու չարը, եւ մենք ենք բարի եւ չար գործերի տէրը: Արարիչն այս բնութեան Տէրն է, իսկ մենք մեր գործերի տէրերն ենք: Եւ ինչպէս որ մենք այս բնութեան տէրը չենք, այդպէս էլ արարիչն Աստուած մեր գործերի Տէրը չէ: Սակայն մենք, որ գործեցինք դրանք, մենք եղանք մեր երկու (չար եւ բարի) գործերի պատճառը, որի համար, յիրաւի, պատիւ կամ պատիժ պիտի կրենք: Սուրբ Ստեփաննոսը բնական բարու սերմը, որ Աստուած դրեց նրա մէջ, աճեցրեց եւ պտղաբեր դարձրեց, որի համար «մարդ» է ասում:
Երրորդ՝ «մարդ» է ասում արի գործերի համար: Նախ՝ որովհետեւ արի էր որբերի եւ աղքատների ծառայութեան եւ ի Քրիստոս սպասաւորութեան գործում: Երկրորդ՝ որովհետեւ արիացաւ պատերազմի մէջ եւ քաջութեամբ յանդիմանում էր հրեաներին: Երրորդ՝ որովհետեւ մարդ էր կատարեալ հոգու չափով, եւ թէպէտ նա տարիքով կրտսեր էր միւս առաքեալներից, սակայն բոլորից առաջինը եղաւ: Պետրոսը բոլոր առաքեալների գլուխն էր երկրի վրայ, իսկ Ստեփաննոսը եղաւ նահատակների գլուխը երկնքում, Պետրոսը դաւանեց Քրիստոսին որպէս Աստուծոյ Որդի, իսկ Ստեփաննոսը տեսաւ Քրիստոսին Հօր աջ կողմում: Պետրոսն արքայութիւնը բացող եւ փակողն էր, իսկ Ստեփաննոսն արքայութիւն մտաւ նախապէս: Պետրոսը շրջում էր երկրի վրայ եւ քարոզում, իսկ Ստեփաննոսը հրապարակում էր քարոզում: Դարձեալ՝ Յովհաննէս աւետարանիչը Քրիստոսի սիրելի աշակերտն էր, իսկ Ստեփաննոսն առաւել սիրեց Քրիստոսին եւ քարկոծուեց: Յովհաննէսն ասաց. «Սկզբից էր Բանը»[66] եւ աւելացրեց. «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել»[67], իսկ Ստեփաննոսն ասաց. «Տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստուծոյ աջ կողմը»[68]: Եւ նրա եղբայր Յակոբոսը թէպէտ սրով նահատակուեց Հերովդէսի կողմից, սակայն սուրբ Ստեփաննոսից յետոյ եւ ոչ թէ նրանից առաջ: Նմանապէս պէտք է իմանալ նաեւ միւս առաքեալների մասին: Այսպէս ըստ հոգու չափի՝ նա կատարեալ էր բոլորից, որի պատճառով ասում է՝ «մի մարդ էր»:
Չորրորդ՝ Ստեփաննոսն արիացաւ աստուածտեսութեամբ առաւել, քան մարգարէները, քանզի Նրան, Ում մարգարէները, նահապետները, թագաւորներն ու արդարները ցանկացան տեսնել, սակայն չտեսան, իսկ Ստեփաննոսը տեսաւ: Նրանք աղօտ տեսութիւն ունէին, իսկ Ստեփաննոսը՝ յայտնի: Մովսէսը Հնում տեսաւ Աստծուն, սակայն թիկունքից, իսկ Ստեփաննոսը դէմ յանդիման տեսաւ սուրբ Երրորդութեանը: Այսպէս թէ՛ Հնում եւ թէ՛ Նորում եղած բոլոր սուրբերից նա արի եւ առաւել եղաւ աստուածտեսութեամբ, հոգով, մարմնով ու քաջութեամբ: Այդ պատճառով էլ ասում է. «Ստեփաննոսը մի մարդ էր ...»: Այսքանը երկրորդ հարցման մասին:
* Այժմ երրորդ գլխի մասին, որն ասում է. «... լի շնորհներով եւ զօրութեամբ»: Սուրբերը պատուի են արժանանում ոչ թէ հայրերի ազգատոհմի, այլ առաքինութեան համար, ինչպէս Նոյը, Աբրահամը, Յոբը, Մովսէսը եւ ուրիշները: Նախ՝ որովհետեւ հայրերից ծնուելն ակամայից է, իսկ առաքինութիւն ձեռք բերելը՝ կամաւոր: Երկրորդ՝ որովհետեւ պատուական է, որ գովութեան սկիզբն ինքը լինի, քան թէ ուրիշի անուամբ գովաբանուի: Այդ պատճառով գովաբանում է սուրբ Ստեփաննոսի առաքինութիւնը եւ ասում. «Ստեփաննոսը մարդ էր՝ լի շնորհներով եւ զօրութեամբ»: Բազմօրինակ է շնորհների անունն ու զօրութիւնը:
Նախ՝ նշանակում է, թէ Սուրբ Հոգու շնորհն աւազանով ծնեց նրան որպէս Աստուծոյ որդի, ոչ թէ բնութեամբ, այլ Աստուծոյ զօրութիւնից, որին առաջնորդեց Քրիստոս՝ ի պատիւ Իր եղբայրութեան:
Երկրորդ՝ նրան ասաց «մարդ», որ Աստուծոյ պատկերն է, ինչպէս որ Ստեփաննոսն էր Հայր Աստուծոյ ճշմարիտ պատկերը եւ լի էր շնորհներով, այսինքն Սուրբ Հոգով եւ Որդու զօրութեամբ, որովհետեւ ինչպէս առաքեալն է ասում. «Քրիստոս Աստուծոյ զօրութիւնն է»[69]: Ահա զարմանալի եւ մեծ գովութիւն, որ երկնքի եւ երկրի անպարփակելի երեք Աստուածութեանը մէկը լցուած կրում է իր հողեղէն մարմնով, ինչպէս մէկ այլ տեղում մարդասիրապէս ասաց. «Ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են Իմ խօսքից»[70]:
Երրորդ՝ շնորհ է կոչում Հոգու պարգեւը, որը թուարկում է առաքեալը՝ ասելով. « Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց, միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ ... »[71]: Բայց տրուած է նաեւ պատժողական զօրութիւն, որով Պետրոսը խօսեց Անանիայի եւ Սափիրայի, կամ Պօղոսը՝ Ելիմաս մոգի հետ:
Չորրորդ՝ շնորհ է կոչում պարտքերը ներելը: Եւ երբ հրեաները, որոնք պարտական էին Տիրոջ Արեանը, հաւատքի էին գալիս, Ստեփաննոսը ներում էր նրանց: Ներեց նաեւ իրեն սպանողներին՝ ասելով. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց»[72]: Եւ լի էր զօրութեամբ, քանզի զօրաւոր էր աւետարանը քարոզելու գործում, որովհետեւ գիտէր օրէնքն ու մարգարէներին եւ ընդունել էր նոր քարոզութիւնը:
Հինգերորդ՝ շնորհներ են կոչւում աստուածային առաքինութիւնները, ինչպէս հաւատը, յոյսը եւ սէրը: Քանզի նա լի էր հաւատով, յոյսով եւ ի Քրիստոս սիրով, զօրաւոր էր մարդկային առաքինութեամբ, որոնք են խոհեմութիւնը, արիութիւնը, ողջախոհութիւնը եւ արդարութիւնը:
Վեցերորդ՝ շնորհը, համարձակութեամբ հանդերձ, ազգերի առաջ խօսել եւ վկայել էր տալիս Քրիստոսին, իսկ զօրութիւնը համբերել էր տալիս չարչարանքների մէջ:
Եօթերորդ՝ շնորհներով առաքինութիւն էր գործում, իսկ զօրութեամբ՝ զանազան սքանչելիքներ:
Ութերորդ՝ շնորհներով չարչարակից եղաւ Քրիստոսին, իսկ զօրութեամբ հասաւ նահատակութեան պսակին:
Իններորդ՝ շնորհների բուրուառ էր սուրբ Ստեփաննոսը եւ միշտ անուշահոտութիւն էր խնկարկում բոլորին: Նաեւ զօրութեան աղբիւր էր, որը միշտ բխում եւ հոսում էր խօսքի շնորհներով ու արդիւնաւէտ գործեր պտղաբերում:
Տասներորդ՝ շնորհն էր, որ նրա առջեւ բացեց երկնքի արքայութեան այն դուռը, որը փակուել էր Ադամի ձեռքով եւ բացուեց Քրիստոսով: Եւ զօրութիւնն էր, որ զօրացրեց սուրբ Ստեփաննոսի աստուածտեսութիւնը, Որի սոսկալի փառքից սերովբէները ծածկում էին իրենց երեսները: Սակայն Ստեփաննոսը զօրացաւ՝ մարմնաւոր լինելով՝ տեսնելու գերամբարձ փառքը, ինչպէս սուրբ Գիրքն է ասում. ««Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստուծոյ աջ կողմը»[73]:
* Այժմ չորրորդ գլխի մասին, որ ասում է. «Զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում»:
Ամէն բան ունի էութիւն, զօրութիւն եւ ներգործութիւն, ինչպէս որ էութիւն է ծաղիկը, որն ունի բժշկական զօրութիւն եւ ներգործում է, երբ բժշկում է: Նոյնպէս էլ էութիւն է մարդը, որն ունի գործելու զօրութիւն եւ ներգործում է, երբ կամենում է: Էութիւնը սկիզբն է, զօրութիւնը նրանից է, իսկ գործն էլ զօրութիւնից է: Այդ պատճառով երբ ասաց «մարդ», նախ նշեց սուրբ Ստեփաննոսի էութիւնը եւ ապա՝ զօրութիւնը, երբ ասաց՝ «լի էր շնորհներով եւ զօրութեամբ»: Այնուհետեւ ասում է գործի մասին, թէ «... զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում»: Եւ սրանք վեց տարբերութիւններ ունեն:
Նախ՝ ինչպէս ասացինք, մի էութիւնն ունի զօրութիւն եւ ներգործութիւն: Արդ, զօրութիւնը նշանն է, իսկ գործը զարմանալի գործերն են: Այսպէս սուրբ Ստեփաննոսը զօրութեամբ նշաններ էր անում, իսկ ներգործութեամբ՝ մեծամեծ գործեր:
Երկրորդ՝ մարդը հոգի է եւ մարմին: Նշանն առաջ է գալիս հոգուց, իսկ զարմանալի գործը՝ մարմնից:
Երրորդ՝ նշանը ցոյց է տրւում խօսքով՝ լսելիքում, իսկ զարմանալի գործը կատարւում է ձեռքով եւ տեսանելի կերպով:
Չորրորդ՝ նշանը նոր եւ անսովոր գործն է, որ այլակերպ ենք համարում, անյայտ եւ անծանօթ, իսկ զարմանալի գործն այն է, որը տեսանելի է եւ գործուած է: Եւ Ստեփաննոսը նոյն կերպ էր անում:
Հինգերորդ՝ նշանը բնութիւնից վեր գործն է, որ սքանչելիք է կոչւում, ինչպէս ի ծնէ կոյրին լուսաւորելը, կամ մեռելներին յարութիւն տալը եւ այլն: Իսկ զարմանալի գործը գործ է՝ ըստ բնութեան կարգի, սակայն արագապէս կատարուող, ինչպէս երբ բժիշկներն առողջացնում են հիւանդներին երկար օրերի ընթացքում, սակայն սուրբերն առողջացնում են անմիջապէս:
Վեցերորդ՝ նշանը հոգեւոր գործ է, որ կատարւում է հոգիների մէջ, ինչպէս մեղքերը ներելը, Աստուծոյ որդի լինելը եւ եկեղեցու այլ խորհուրդները, իսկ զարմանալի գործը մարմնաւոր գործ է, որ կատարւում է մարմնով, ինչպէս երբ արհեստաւորները զարդարում են նիւթը զանազան գոյներով եւ եղանակներով: Իսկ սուրբ Ստեփաննոսը կատարում էր ամէնը՝ թէ՛ հոգեւոր եւ թէ՛ մարմնաւոր գործերն ու սպասաւորութիւնը եւ քարոզութեան խօսքով ու առաքինութեան գործերով մեծամեծ նշաններ եւ զարմանալի գործեր էր անում նրանց հոգիներում ու մարմիններում: Նոր նշաններ էր գործում եւ հին զարմանալի գործեր անում մեռածների եւ ողջերի վրայ, մեղքերի թողութիւն եւ շնորհների բաշխում, հալածում դեւերին եւ բժշկում ախտերը, մխիթարում հիւանդներին եւ սփոփում այրիներին, խնամում որբերին, ապաստան լինում զրկուածների համար եւ յանդիմանում անիրաւներին: Այս է պէտք իմանալ, երբ ասում է. «Զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում», որոնք գրուած չեն մէկ առ մէկ, ինչպէս որ չեն գրուել Տիրոջ գործած բոլոր սքանչելիքների մասին:
Սակայն մերժող եւ տիրասպան ազգերը, որոնք կոտորեցին մարգարէներին, հալածեցին առաքեալներին, խաչեցին Տիրոջը եւ սովոր էին բարու դիմաց հատուցել չարով, յարձակուեցին սուրբի վրայ, կանգնեցրին նրան ատեանի առաջ եւ սուտ վկաներ բերեցին, ինչպէս Քրիստոսի վրայ եւ ասացին. «Լսեցինք դրա հայհոյական խօսքեր ասելը Մովսէսի եւ Աստուծոյ դէմ»[74]: Եւ նա, բացելով իր շնորհալի բերանը, ուսուցանեց նրանց ընդունել Քրիստոսի հաւատքը եւ յանդիմանեց չարերին: Եւ նրանք տեսան Ստեփաննոսի լուսափայլ երեսը՝ նման հրեշտակի երեսին, եւ չկարողացան հանդուրժել: Շրջապատեցին եւ քարկոծեցին Աստուծոյ սուրբին, որը նմանուելով իր Տիրոջը՝ աղօթեց նրանց համար՝ ասելով. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց»: Այսպէս ասաց ոչ թէ այն բանի համար, որ նրանց անմեղ էր համարում չարը գործելիս, այլ որ ընդունեն Քրիստոսի հաւատը եւ թողութեան արժանի լինեն: Եւ նա իսկոյն ստացաւ իր աղօթքի պտուղը, քանզի Սողոսին, որ Պօղոսն էր, եւ որը կամակից էր նրա սպանութեանը ու պահում էր սպանողների հանդերձները, Դամասկոսի ճանապարհին երեւաց Փրկիչը, Որը կուրացրեց նրա աչքերը՝ ասելով. «Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում Ինձ: Վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս, մկրտուի՛ր, եւ դու կը տեսնես: Քարոզի՛ր Իմ անունը հեթանոսների մէջ, որովհետեւ դու Իմ ընտիր անօթն ես ազգերի մէջ»[75]:
Եւ Քրիստոսին, որ պսակում է սուրբերին եւ բարին հատուցող մեր Փրկչին Իր Հօր եւ Ամենասուրբ Հոգու հետ Աստծուն փառք եւ գոհութիւն ՝ այժմ եւ յաւիտեանս. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ստեփաննոս Նախավկայի յիշատակը կատարում է սուրբ Ծննդեանը նախորդող Աւագ Տօների ժամանակ:
Օգտագործուած սկզբնաղբիւրներ
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
- Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ: էջ 269:
- Ս. Գ. Տաթեւացի. Ամառան հատոր, տպեալ յամի 1741 ի Կ.Պօլիս, գլուխ ՃՀԶ- էջ 670, գլուխ ՃՀԷ - էջ 675:
.
[1] Տե՛ս Գ Թագ. ԻԱ 10-13:
[2] Հմմտ. Գործք. Զ 11:
[3] Սաղմ. ՃԹ 1:
[4] Մատթ. ԻԴ 30:
[5] Սաղմ. ԿԷ 34
[6] Ղուկ. ԻԳ 34:
[7] Ծննդ. Ա 1:
[8] Ծննդ. Ա 16:
[9] Ելից. Դ 22:
[10] Եփ. Ա 4:
[11] Հմմտ. Փիլ. Բ 10, 11:
[12] Գործք Զ 9:
[13] Մարկ. ԺԳ 11:
[14] Գործք Զ 11:
[15] Գործք Զ 14:
[16] Մարկ. ԺԳ 2:
[17] Առակ. ԺԵ 13:
[18] Գործք. Զ 8:
[19] Գործք. Է 2:
[20] Գործք. Է 55:
[21] Տե՛ս Ծննդ. Դ 26:
[22] Տե՛ս Ծննդ. Ե 24:
[23] Տե՛ս Ելք. ԼԳ 20:
[24] Տե՛ս Թագ. Գ 11-13:
[25] Ղուկ. Ե 8:
[26] Ա Յովհ. Դ 12:
[27] Առակ. Գ 20:
[28] Մատթ. Ե 8:
[29] Սաղմ. ՃԹ 1:
[30] Մատթ. ԻԶ 64:
[31] Սաղմ. ԺԱ 6:
[32] Սաղմ. ԿԷ 2:
[33] Յովհ. ԺԴ 3:
[34] Տե՛ս Ղուկ. ԺԲ 37:
[35] Գործք Զ 10:
[36] Մատթ. ԻԶ 64:
[37] Սաղմ. ԾԷ 5-6:
[38] Կող. Ա 24:
[39] Մատթ. ԺԶ 18:
[40] Ղուկ.ԻԳ 46:
[41] Գործք Է 58:
[42] Գործք Է 34:
[43] Գործք Է 59:
[44] Հմմտ. Գործք Զ 2-4:
[45] Մատթ. Ի 28:
[46] Ծննդ. Ա 27:
[47] Ա Յովհ, Դ 16:
[48] Սաղմ. ՃԲ 8:
[49] Եզ. ԺԸ 23:
[50] Սաղմ. Ժ 8:
[51] Սաղմ. Ծ 8:
[52] Գործք Է 1:
[53] Ղուկ. ԻԳ 33:
[54] Գործք Է 59:
[55] Յովհ. ԺԷ 24:
[56] Յովհ. Է 24:
[57] Յովհ. Ը 46:
[58] Յովհ. ԺԴ 6:
[59] Յովհ. Զ 37:
[60] Մատթ. ԻԶ 64:
[61] Գործք Է 55:
[62] Ղուկ. Ա 32-33:
[63] Բ Տիմ. Բ 12:
[64] Ղուկ. ԺԷ 21:
[65] Գոյութիւն չունեցող:
[66] Յովհ. Ա 1:
[67] Յովհ. Ա 18:
[68] Գործք Է 55:
[69] Ա Կորնթ. Ա 24:
[70] Ես. ԿԶ 2:
[71] Ա Կորնթ. ԺԲ 8-11:
[72] Գործք Է 59:
[73] Գործք Է 55:
[74] Գործք Զ 11:
[75] Տե՛ս. Գործք. Թ գլուխ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: