ՓԱՌԱՒՈՐԵԱԼ ՍՈՒՐԲ ԹԵԿՂ ԿՈՅՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ, ՈՐԸ ՆԱԵՒ ՆԱԽԱՎԿԱՅՈՒՀԻ Է ԿՈՉՒՈՒՄ

Յամենայն ժամ օրհնեմք զՔեզ. որ մարդասէրդ ես կեցո զմեզ:

Յօրհնութիւն ի նոր օրհնեսցուք զՏէր.

Զի Նա է փառաւորեալ յամենայն սրբոց իւրոց:

Օրհնեալ է այն, որ արժանի արար զմեզ

Հասանիլ ի մասն ժառանգութեան սրբոցն ի լոյս:

(Շարակնոց)

 

Քրիստոսի առաքելուհի եւ Պօղոսի աշակերտուհի Թեկղին մեծապէս հռչակուած է եկեղեցու մէջ, եւ նրա նմանը չկայ վկայուհի կոյսերի մէջ, որի համար Գրիգոր Աստուածաբանը, դասելով նրան առաքեալների եւ աշակերտների հետ, խօսում է նրա մասին «Ընդդէմ Յուլիանոսի» ճառում՝ ասելով. «Չպատկառեցի՞ր Քրիստոսի հետ Յովհաննէսի (Մկրտչի), Պետրոսի, Պօղոսի Յակոբոսի, Ստեփաննոսի, Ղուկասի, Անդրէասի, Թեկղիի կողմից մատուցած պատարագներից»: Նոյն կերպ են խօսում նաեւ եկեղեցու միւս հայրերն ու վարդապետները, իսկ սուրբ վկաներն ու վկայուհիները յաճախ յիշում էին նրան իրենց մրցապայքարների եւ նահատակութեան ընթացքի ժամանակ: Եւ քանի որ մեծ էր նրա անունը, ու մեծամեծ էին նրա գործերը, նրա մասին՝ իր ժամանակներից սկսած, գրուել են բազմաթիւ հաւաստի եւ ոչ հաւաստի գրութիւններ, ու բոլոր ժամանակներում քննութեան են ենթարկուել նրա մասին ստոյգ եւ անստոյգ պատմութիւնները: Իսկ մենք այժմ կ՚արձանագրենք նախնիների կողմից ընդունելի աւանդութիւնը:

 

Թեկղին սրբուհի կոյսը, Լիկոնիայի Իկոնիոն քաղաքից էր: Նա դուստրն էր Թէկղիա կամ Թէոկղիա անունով մեծահարուստ եւ հեթանոս մի այրի կնոջ եւ նշանուած էր մի իշխանի հետ, որի անունը Թեմերոս կամ Թամիւրիս էր: Պատահեց, որ սուրբ Պօղոս առաքեալը շատ հալածանքներից յետոյ դարձեալ եկաւ Լիկոնիայի Իկոնիան քաղաք եւ իջեւանեց Ոնեսիփորոսի տանը, ուր Աստուծոյ խօսքը նրանից լսելու համար գալիս էին տղամարդկանց եւ կանանց մեծ բազմութիւններ: Եւ քանի որ Թեկղի տունը գտնւում էր Ոնեսիփորոսի հարեւանութեամբ, կոյսը գալով նստում էր իր սենեակի պատուհանի մօտ եւ առանց Պօղոսին լաւ տեսնելու՝ լսում նրա խօսքերը, որ սրբութեան եւ հոգեւոր բարիքների մասին էին: Նա ասում էր. «Լսէ՛ք ինձ բոլորդ, որ ժողովուել էք այստեղ՝ ձեզ անծանօթ մարդուց նոր խօսք լսելու համար: Արդարեւ, ես ձեզ պիտի ասեմ օտար եւ նորալուր, բայց միաժամանակ աստուածային ու փրկարար խօսքեր, որ սովորել եմ հէնց Նրանից՝ Աստուծոյ Բանից, որ ծնուեց մարդկային կերպարանքով ու բնութեամբ, երեւաց երկրի վրայ ու սովորեցրեց մեզ հրեշտակային ու երկնային առաքինի կենցաղավարութիւնը: «Երանի՛ նրանց, - ասում էր, - ովքեր մաքուր են սրտով, որովհետեւ նրանք պիտի Աստծուն տեսնեն: Երանի՛ նրանց, ովքեր սրբութեամբ են պահում իրենց մարմինները, որովհետեւ նրանք Աստուծոյ տաճար կը կոչուեն: Երանի՛ նրանց, ովքեր ճնշում են իրենց մարմինները Աստուծոյ համար, որովհետեւ նրանց հետ Աստուած կը խօսի: Երանի՛ նրանց, ովքեր արհամարհում են աշխարհը, որովհետեւ նրանք հաճելի կը լինեն Աստծուն: Երանի՛ նրանց, ովքեր կին ունեն, բայց ասես թէ չունեն, որովհետեւ նրանք պիտի ժառանգեն երկիրն ու երկինքը: Երանի՛ նրանց, ովքեր իրենց սրտերում Աստուծոյ երկիւղն ունեն, որովհետեւ նրանք հրեշտակներ կը կոչուեն: Երանի՛ նրանց, ովքեր դողում են Աստուծոյ խօսքից, որովհետեւ Աստուած պիտի կանչի նրանց: Երանի՛ նրանց, ովքեր ընդունեցին Յիսուս Քրիստոսի իմաստութիւնը, որովհետեւ նրանք Աստուծոյ որդիներ կը լինեն: Երանի՛ նրանց, ովքեր պահում են մկրտութեան սրբութիւնը, որովհետեւ նրանք Սուրբ Հոգով պիտի հանգստանան Հօր եւ Նրա սիրելի Որդու մօտ: Երանի՛ նրանց, ովքեր առնում են Քրիստոսի օրինակը, որովհետեւ նրանք մեծ լոյսի մէջ պիտի լինեն: Երանի՛ նրանց, ովքեր Աստուծոյ սիրոյ համար կը ելնեն մարմնից, որովհետեւ նրանք պիտի ժառանգեն յաւիտենական կեանքը եւ մշտնջենաւորապէս լինեն Աստուծոյ Որդու աջ կողմում: Երանի՛ կոյսերի հոգիներին եւ մարմիններին, որովհետեւ նրանք հաճելի կը լինեն Աստծուն, եւ չի կորչելու նրանց սրբութեան վարձքը"»:

 

Եւ մինչ Պօղոսը խօսում էր, Թեկղի կոյսը ողջ սրտով ընդունում էր լսածը եւ ամբողջը մտապահում անյագ փափագով: Երեք օր նա չհեռացաւ պատուհանի մօտից, որովհետեւ առաքեալն անդադար քարոզում էր բոլոր նրանց, ովքեր գիշեր թէ ցերեկ գալիս էին իր մօտ: Թեկղի մայրը շատ անգամ ջանաց դստերը հեռու պահել առաքեալին լսելուց, բայց չկարողացաւ, ուստի կանչել տուեց նրա նշանածին եւ ասաց. «Թեմերո՛ս, այն մարդն ապականեց իկոնացիների այս քաղաքը: Բազմաթիւ կանայք ու երիտասարդներ աշակերտում են նրան, որոնց սովորեցնում է պաշտել Մի Աստուծոյ եւ ապրել սրբութեամբ: Թեկղը եւս այնպէս է համակուել նրանով, ինչպէս հէնքի թելը դազգահին: Ուշադրութիւն դարձնելով նրա չարաշշուկ խօսքերին՝ աչքը չի հեռացնում այն տանից, որտեղ նա քարոզում է»: Թեմերոսը մօտեցաւ Թեկղին եւ խրատեց նրան հեռանալ պատուհանի մօտից: «Շրջուի՛ր դէպի ինձ, - ասաց, - եւ ամաչի՛ր ինձնից, որովհետեւ դու իմ նշանածն ես»: Իսկ Թեկղը պատասխանի չարժանացրեց նրան, քանի որ միտքը լցուած էր սուրբ առաքեալի խօսքերով:

 

Այնժամ Թեմերոսը լցուեց ցասումով, գնաց հրապարակ եւ նայելով մարդկանց, որոնք ելումուտ էին անում Պօղոսի մօտ, հարցրեց. «Ո՞վ է այն մարդը եւ ի՞նչ է ուսուցանում: Ասէ՛ք ինձ, եւ ես ձեզ շատ արծաթ կը տամ»: Իսկ փողոցում գտնուող Դեմասն ու Հերմոգինէսը, որոնք պղնձագործներ ու դարբիններ էին եւ ճշմարտութեան թշնամիներ լինելով՝ հեռացել էին Պօղոսից, Թեմերոսին ասացին. «Այդ մարդը քրիստոնեայ առաջնորդներից մէկն է: Նա երիտասարդներին հեռացնում է կոյսերից, իսկ կոյսերին՝ երիտասարդներից՝ ասելով. "Դուք չէք կարող մեռելներից յարութիւն առնել, եթէ չպահէք ձեզ սրբութեամբ"»:

 

Լսելով նրանց չարախօսութիւնը՝ Թեմերոսը նրանց ուրախութեամբ իր տուն տարաւ, պահեց այդ գիշեր, իսկ առաւօտեան բրաւոր[Բիր կրող, բրով զինված] ու անօրէն մարդկանց բազմութեամբ դիմեց դէպի Ոնեսիփորոսի տուն եւ Պօղոսին քարշ տուեց կուսակալի փոխանորդ Կեստիլիոս դատաւորի ատեանի առաջ: Բերեց նաեւ սուտ վկաներ, որոնք ասում էին, թէ այս մարդը թոյլ չի տալիս կոյսերին ամուսնանալ: Դատաւորը Պօղոսին ասաց. «Ասա՛ ինձ, ո՛վ մարդ, այդ ի՞նչ ես սովորեցնում, որովհետեւ քիչ չեն նրանք, ովքեր չարախօսում են քեզնից»: Առաքեալը պատասխանեց նրան. «Լսի՛ր, ո՛վ դատաւոր, եւ ես քեզ կ՚ասեմ, թէ ինչ եմ ուսուցանում: Ես քարոզում եմ բարձրեալ եւ ճշմարիտ Մի Աստծուն, Ում ոչինչ պէտք չէ, այլ միայն սրբութիւն եւ մարդկանց որդիների փրկութիւն: Նա առաքեց ինձ՝ քարոզելու եւ աւետարանելու աշխարհին, որ բոլորը փրկուեն կործանումից, պղծութիւնից, ցանկական մեղքերից ու մահից, որ մարդիկ այլեւս չմեղանչեն զեխութեամբ, այլ հաւատքով հաստատուեն Աստուծոյ երկիւղով, որպէսզի ճանաչեն սէրն ու ճշմարտութիւնը, որոնք իւրաքանչիւր վիճակում ուսուցանում են արժանին՝ պարկեշտութեամբ եւ հնազանդութեամբ հանդերձ: Արդ, եթէ քարոզում եմ այն, ինչ Աստուած ուսուցանեց ինձ, ապա ինչո՞վ եմ պարտական ինձ չարախօսող անձանց»: Այս լսելով՝ դատաւորը հրամայեց կապանքներով բանտարկել նրան, մինչեւ որ յարմար առիթ ունենայ՝ դարձեալ հարցաքննելու նրան:

 

Իսկ Թեկղն այդ գիշեր վերցրեց իր ապարանջաններն ու տուեց իրենց տան դռնապանին: Բացելով դուռը՝ գնաց Պօղոսին հսկող բանտապետի մօտ եւ բանտ մտնելու համար նրան եւս ոսկեղէն ու այլ զարդեր տուեց: Ներս մտաւ, գնաց եւ նստեց Պօղոսի ոտքերի մօտ, նրանից լսեց կեանքի խօսքեր եւ մեծ ուրախութեամբ համբուրեց առաքեալի ձեռքերի ու ոտքերի կապանքներն ու շղթաները:

 

Երբ Թեկղի ընտանիքն ու Թեմերոսը տեղեկացան այս մասին, գնացին եւ յայտնեցին դատաւորին: Սրա հրամանով Պօղոսին դարձեալ քարշ տուեցին ատեանի առջեւ, իսկ Թեկղը դեռեւս մնաց բանտում, ուր արտասուքներով թրջում էր այն տեղը, որտեղ նստած էր լինում շղթայուած Պօղոսը: Ապա դատաւորը հրամայեց ատեանի առաջ բերել նաեւ Թեկղին: Նայելով նրան՝ ասաց. «Ըստ մեր օրէնքի՝ ինչո՞ւ չես ցանկանում լինել քո նշանածի կինը»: Իսկ Թեկղը, յափշտակուած մտքով, անթարթ նայում էր Պօղոսին եւ դատաւորին ոչ մի պատասխան չէր տալիս: Այնժամ ամբոխն աղաղակեց ընդդէմ Պօղոսի եւ Թեկղի՝ ասելով. «Կորստյա՛ն մատնէք այդ մոգերին»: Թեկղի մայրը եւս, մոլեգնելով ընդդէմ դստեր, ճչում էր. «Այժմ իսկ կործանէ՛ք այդ անմիտ աղջկան, որպէսզի բոլոր կանայք, ովքեր նայում են դրան, սարսափեն ու այլեւս չսովորեն այդ չար ուսմունքը»: Դատաւորը հրամայեց գանահարել Պօղոսին ու քաղաքից դուրս հանել եւ ապա սկսեց խրատել Թեկղին, որ հեռու մնայ Քրիստոսից ու Պօղոսից եւ վերադառնայ իր մօր ու նշանածի մօտ: Երբ մի քանի օրերի ընթացքում ո՛չ ողոքիչ խօսքերով եւ ո՛չ էլ սպառնալիքներով չկարողացաւ համոզել նրան, վճռեց կոյսին հրապարակաւ հրկիզել, «որովհետեւ, - ասաց, - նա լքեց իր ամուսնուն՝ քաղաքի առաջնորդին, եւ յարեց օտար մարդու»:

 

Տեսարանին ներկայ լինելու համար եկան դատաւորը, նրա ամբողջ զօրքը եւ բազմամբոխ ժողովուրդը: Ինչպէս լեռներում մոլորուած ոչխարն է փնտռում իր հովուի ոտնահետքերը, այնպէս էլ այնտեղ Թեկղը փնտռում էր Պօղոսին եւ նայում մարդկանց՝ նրանց մէջ Պօղոսին գտնելու համար: Եւ ահա նոյն պահին իր դիմաց տեսաւ Տէր Յիսուս Քրիստոսին, որ երեւաց Պօղոսի նմանութեամբ, սակայն լուսափայլ եւ անճառելի փառքով: Սիրտը լցուեց ուրախութեամբ, քաջալերուեց ու զօրացաւ: Եւ մինչ կոյսն ակնապիշ նայում էր, Տէրը երկինք վերացաւ, իսկ նա զգեստաւորուեց զօրութեան հոգով՝ աներկիւղ մեռնելու Քրիստոսի սիրոյ համար:

 

Այնժամ ողջ բազմութիւնը, մինչեւ իսկ մանուկները, կանայք եւ կոյսերը, բոլոր տեղերից փայտեր բերեցին ու կուտակեցին հրապարակում՝ Թեկղին այրելու համար: Ապա զինուորները բորբոքեցին կրակն ու բռնեցին նրան, որպէսզի բարձրացնէին դիզուած փայտերի վրայ, եւ նա մօտեցաւ զուարթութեամբ: Դատաւորը, որ զարմացել էր Թեկղի զօրութեան վրայ, արտասւում էր: Երանելի կոյսը բորբոքուած հրի մէջ խաչաձեւ տարածել էր իր ձեռքերը եւ աղօթում էր: Նրա գլխից մազ անգամ չխանձուեց, որովհետեւ Սուրբ Հոգու ողորմութիւնը նրա վրայ էր: Եւ ահա ցօղագին ամպ հովանի եղաւ նրան ու երկնքից եւ երկրից գոչիւններ լսուեցին: Սաստիկ կարկուտ եւ անձրեւ հեղուեց երկրի վրայ, որից ամբոխն ահաբեկուեց ու դողաց մահուան սարսափից: Այնժամ հուրը մարեց, իսկ Թեկղն ազատուեց, եւ երբ ամբոխը ցրուեց, նա ելաւ փնտռելու Պօղոսին:

 

Իսկ Պօղոսը Ոնեսիփորոսի ու նրա ընտանիքի հետ գտնւում էր քաղաքից դուրս եւ թաքնուել էր մի այրի մէջ՝ մի աղքատի տանը: Երբ տեսան, որ ոչինչ չունեն ուտելու եւ ոչ էլ դրամ՝ գնումներ անելու, Պօղոսը հանեց իր վերարկուն, տուեց Ոնեսիփորոսի պատանի որդուն եւ ուղարկեց՝ հաց ու կերակուր գնելու եւ Թեկղից մի լուր բերելու: Վերադառնալիս նա տեսաւ Թեկղին եւ զարմացած հարցրեց. «Թե՛կղ, ո՞ւր ես գնում»: Նա պատասխանեց. «Ազատուելով հրկիզումից՝ գնում եմ Պօղոսին փնտռելու»: Պատանին ասաց նրան. «Ե՛կ քեզ տանեմ նրա մօտ, որովհետեւ այս վեց-եօթ օր է, ինչ նա հեծեծալով ողբում եւ քեզ համար ծոմ պահելով՝ խնդրում է-
Աստծուն»:

 

Մօտենալով Թեկղը լսեց Պօղոսի ձայնը, որն իր համար ծնրադրած աղաչում էր Աստծուն՝ ասելով. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, խնդրում եմ Քեզ, որ հուրը չմօտենայ Թեկղին: Մարի՛ր այն, որովհետեւ նա Քոնն է»: Եւ Թեկղն անակնկալ ներս մտաւ ու գոհութեամբ ասաց. «Հա՛յր մեր, որ արարեցիր երկինքն ու երկիրը, Դու ես որբերի Հայրը, եւ ես գոհանում եմ Քեզնից ամէն բանի համար, որ արեցիր ինձ համար եւ փրկեցիր ինձ, որպէսզի տեսնեմ Պօղոսին»:

 

Եւ առաքեալն ու թաքստոցում նրա հետ եղողները շատ ուրախացան՝ Թեկղին ողջ տեսնելով: Պատանին նրանց համար հինգ նկանակ, խաւարտ, աղ եւ ջուր բերեց, ու նրանք ուրախութեամբ ճաշակեցին ի Տէր: Այնուհետեւ Թեկղը Պօղոսին ասաց. «Ես կը կտրեմ իմ մազերը եւ կը գամ քո հետեւից, ուր էլ որ գնաս»: Պօղոսն ասաց. «Պատերազմը սաստիկ է, իսկ դու գեղեցիկ կին ես: Գուցէ նախկինից աւելի չար պատերազմ յարուցուի քո դէմ, եւ դու չկարողանաս համբերել»: Թեկղն ասաց. «Դու միայն տո՛ւր ինձ Քրիստոսի դրոշմը, եւ ինձ փորձանք չի մօտենայ»: Առաքեալն ասաց նրան. «Համբերատար եղիր եւ կը ստանաս այն, ինչ խնդրում ես»:

 

Ապա Պօղոսն արձակեց Ոնեսիփորոսին՝ ընտանիքով հանդերձ իր տուն վերադառնալու, «իսկ մենք, - ասաց, - կը հեռանանք այս քաղաքից»: Իր հետ վերցնելով Թեկղին՝ գնաց Անտիոք, սակայն այնտեղ եւս սատանան յարձակուեց կոյսի դէմ, քանզի Ալեքսանդրոս անունով մի նշանաւոր մարդ, որն արքայանման փառքով մեծարուած էր քաղաքում, տեսնելով Թեկղին՝ սիրահարուեց նրան: Ապա իբրեւ Թեկղի հօր կամ ազգակցի՝ սիրալիր խօսքերով խնդրեց Պօղոսին՝ կոյսին իրեն կնութեան տալու համար: Բռնելով Թեկղին՝ Ալեքսանդրոսը կամեցաւ նրան իր գիրկն առնել, բայց սուրբ կոյսը մերժեց նրան, իսկ երբ նա բռնացաւ, կոյսը՝ զօրացած Տիրոջով, պատռեց նրա պատմուճանը, հանեց պսականման խոյրը, գցեց գետնին եւ նրան ամօթալից թողեց հրապարակում:

 

Այնժամ սէրն ատելութեան փոխարկելով՝ Ալեքսանդրոսն իսկոյն գնաց դատաւորի մօտ, եւ սա հրաման տուեց Թեկղին նետել գազանների առաջ: Ալեքսանդրոսը յանձն առաւ, որ քաղաքն ականատես լինի այդ տեսարանին: Այդ օրն իր խնդրանքով Թեկղին պահեցին մի մեծահարուստ տիկնոջ տանը, որի անունը Տրիփոնա կամ Տրիփենա էր, եւ տիկինը սիրով ընդունեց նրան՝ ի յիշատակ Փալկոնիա անունով իր մահացած դստեր: Միւս օրը դատաւորը պաստառի վրայ գրեց, թէ Թեկղը դատւում է որպէս աստուածներին եւ մեծ իշխան Ալեքսանդրոսին անարգելու համար, ու այն ի տես բոլորի՝ ցոյց տրուեց գազանամարտի հանդիսատես բազմութեանը:

 

Թեկղին տանելիս նրա հետ գնում էր նաեւ Տրիփոնան: Նա լաց էր լինում եւ ասում. «Ես իմ դստերը գերեզման դրի եւ հիմա էլ քեզ եմ ճանապարհում՝ գազաններին կերակուր լինելու: Թող քո Աստուածը քեզ օգնական լինի»: Եւ Թեկղն արտասուքներով աղօթեց առ Աստուած՝ ասելով. «Դու ես իմ Տէ՛րը եւ Աստուածը, ես հաւատում ու ապաւինում եմ Քեզ, որովհետեւ Դու փրկիցիր ինձ այն հրից: Բարութեամբ հատուցիր Տրիփոնա տիկնոջը, որը գթաց Քո աղախնուն եւ պահեց սրբութեամբ»:

 

Այնժամ մերկացրին Քրիստոսի անարատ գառանը եւ նրա վրայ կտաւէ ծածկոց գցեցին: Թեկղը դարձեալ աղաղակեց առ Աստուած եւ ասաց. «Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, Դու ես հալածուողների օգնականը եւ որբերի վերակացուն: Նայի՛ր Քո աղախնուն, որը մերկ ու խայտառակուած կանգնած է այսքան զօրքի առջեւ: Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, այս պահին ո՛ւշ դարձրու Քո աղախնուն եւ ողորմի՛ր»:

 

Բազմութեան մէջ աղմուկ-աղաղակ բարձրացաւ. նրանց մի մասը գրգռում էր գազաններին եւ անպատւում Թեկղին՝ նրան կուռքերին անարգող կոչելով, մի մասն էլ հակառակն էր ասում՝ բողոքելով առ Աստուած այդ անօրէնութեան համար, որ կատարւում է իրենց քաղաքում ընդդէմ անմեղ ու անարատ օտար օրիորդի: «Անիրաւ է այդ դատաստանը, որով դատում էք նրան: Այս չարիքների պատճառով կը վերանայ այս քաղաքը: Դատաւորը կամենում է կործանել բոլորին: Դաժան է այս տեսարանը»: Սակայն դատաւորի զօրքը բռնացաւ եւ կոյսի վրայ արձակել տուեց մի էգ առիւծ, որը հասնելով ու տեսնելով բազկատարած աղօթող Թեկղին՝ հանդարտուեց եւ նստելով սկսեց լիզել նրա ոտքերը: Ապա արձակեցին մի արջ, բայց երբ նա ուղղուեց դէպի Թեկղը, առիւծը վեր կացաւ որպէս կոյսի պահապան, յարձակուեց ու պատառոտեց արջին: Այդպէս մէջտեղից ճեղքուեց նաեւ ինձը, եւ առիւծն ընդհարուեց առիւծի հետ, իսկ Թեկղը, Տիրոջ ձեռամբ անվնաս պահուելով գազաններից, գոհանում էր Աստծուց: Ապա կոյսին նետեցին մերձակայ ջրհորի մէջ, որը լի էր թունաւոր զեռուններով: Համարելով, որ հասել է իր վախճանին՝ Թեկղն ասաց. «Ահաւասիկ մկրտուելու ժամանակն է: Տէր Յիսո՛ւս Քրիստոս, ահա այսօր՝ իմ վերջին օրը, ես իմ արեամբ մկրտւում եմ այս ջրի մէջ»: Եւ մինչ բոլորը կարծում էին, թէ նա փրկուելու հնար չունի, փայլակի պէս բորբոքուած սաստիկ լոյս պարուրեց կոյսին, իսկ գազանները սատկեցին: Թեկղը դուրս ելաւ լոյսով զգեստաւորուած, եւ բնաւ չէր երեւում, թէ նա մերկ է: Այնժամ հրապարակում եղող կանայք, կարծելով, թէ նա մի աստուածուհի է, վախեցան եւ շտապեցին պատուել նրան տեսակ-տեսակ անուշահոտ խունկերով ու պատուական հանդերձներ մատուցելով: Իսկ Ալեքսանդրոսն, առաւել խստասիրտ դառնալով, Թեկղին կապել տուեց երկու ցուլերի միջեւ եւ շիկացած շամփուրները մօտեցրեց նրանց ազդրերին, որպէսզի այրուածքներից գազազելով նրանք սպանեն իրենց կապուած կոյսին, բայց եւ այնպէս կոյսն անվնաս մնաց: Տրիփոնա տիկինը, տեսնելով Թեկղի անողորմ տանջանքները, յանկարծակի ճչաց եւ ուժասպառ մեռելի պէս ընկաւ հրապարակում: Ալեքսանդրոսը սարսափեց, որովհետեւ կարծեց, թէ կայսրն իրեն չարիքներ կը պատճառի, քանի որ Տրիփոնան կայսեր ազգակիցն էր, ուստի յորդորեց դատաւորին Թեկղին ազատ արձակել:

 

Դատաւորը կանչեց կոյսին եւ ասաց նրան. «Ո՞վ ես դու, եւ ինչո՞ւ գազանները չմօտեցան քեզ»: Թեկղը պատասխանեց. «Ես կենդանի Աստուծոյ՝  Քրիստոսի աղախինն եմ, Որին ապաւինում եմ: Գազաններն ինձ չմօտեցան Նրա պատճառով, որովհետեւ միայն Նա է կեանքի ու փրկութեան պատճառը, անմահութեան հաստատումը, վտանգուածների ապաւէնը, նեղեալների սփոփիչը, անյոյսների յոյսը եւ հովանին: Այժմ ասում եմ քեզ, ո՛վ դատաւոր եւ բոլոր նրանց, ովքեր կանգնած են քո առջեւ: Դուք տեսաք Աստուծոյ մեծամեծ գործերը, որ Նա արեց Իր աղախնու համար: Ովքեր օրերից մի օր կը հաւատան Աստծուն, կ՚ապրեն ու չեն մեռնի յաւիտենական մահուամբ, իսկ ովքեր չեն հաւատայ Նրան, փրկութիւն չեն ունենայ եւ կը մեռնեն յաւիտեան»:

 

Այնժամ դատաւորը հրամայեց քարոզել ամբոխի առաջ, որ Աստուած էր, որ ազատեց Թեկղին ու տուեց ձեզ: Եւ կանայք, որ նստած էին հրապարակում, սկսեցին բարձրաձայն ասել. «Մէկն է Թեկղի Աստուածը, Ով պահպանեց ու փրկեց նրան գազաններից»: Տրիփոնան վեր կացաւ, ուրախութեամբ մօտեցաւ Թեկղին, փարուեց նրան եւ ասաց. «Դո՛ւստր իմ, Թե՛կղ, այժմ ես հաւատում եմ, որ ողջ է իմ դուստրը: Գնա՛նք իմ տուն, եւ ես իմ ամբողջ ունեցուածքը կը տամ քեզ»: Կոյսը գնաց տիկնոջ հետ, ութ օր մնաց նրա տանը եւ սովորեցրեց նրան Աստուծոյ բոլոր պատուիրանները: Տրիփոնա տիկինը եւ նրա շատ աղախիններ հաւատացին Աստծուն, ու մեծ ուրախութիւն եղաւ: Ապա Թեկղը տղամարդու հագուստներով ելաւ փնտռելու իր վարդապետ Պօղոս առաքեալին, որին գտաւ Մեռոք քաղաքում: Նա նստած ուսուցանում էր Աստուծոյ խօսքը եւ պատմում բոլոր կատարուած դէպքերի մասին, որ պատահեցին իրեն: (Ինչպէս ցոյց է տալիս պատմութիւնը, կարծիք կայ, որ այդտեղ էլ նա մկրտւում է):

 

Այնուհետեւ Թեկղը լսեց, որ իր նշանածը՝ Թեմերոսը, մեռել է եւ Պօղոս առաքեալի հրամանով վերադարձաւ իր քաղաքը՝ Իկոնիոն՝ իբրեւ առաքելուհի՝ խօսքով եւ իր օրինակով քարոզելու աւետարանը: Նախ գալով Ոնեսիփորոսի տուն՝ երեսնիվայր ընկաւ այն տեղում, որտեղ Պօղոսը քարոզում էր Աստուծոյ Խօսքը եւ ասաց. «Իմ Աստուա՛ծ, այս տան Աստուա՛ծ, որտեղ ինձ վրայ ծագեց Աստուծոյ Որդու՝ Յիսուս Քրիստոսի լոյսը, Ով օգնական եղաւ ինձ բանտում եւ դատաւորի առաջ ու փրկեց ինձ հրից եւ չար գազաններից: Նա ինձ մկրտութիւն տուեց եւ յաւիտեանս յաւիտենից կը սրբացնի ինձ»:

 

Ապա գալով իր տուն՝ մօրը ողջ գտաւ եւ ասաց նրան. «Մա՛յր իմ, եթէ կարողանաս հաւատալ, որ մի է բարձրեալ Աստուած, որ երկնքում է, կ՚ապրես, իսկ եթէ սիրում ես ոսկի, արծաթ եւ կորստեան ենթակայ ունեցուածք, ահա տրուած են քեզ»: Եւ երբ մօրն ու ընտանիքին շատ քարոզելուց յետոյ նրանց մէջ չտեսաւ Աստուծոյ խօսքի պտուղները, որ սերմանեց, թողեց իր տունը եւ քաղաքը ու գնաց Իսաւրիայի Սելեւկիա քաղաքը: Այնտեղ մինչեւ իր կեանքի վերջը Աստուծոյ խօսքով ու բազմաթիւ հրաշագործութիւններով լուսաւորեց շատերին: Յետագայում Սելեւկիա քաղաքը բոլոր ժամանակներում յոյժ նշանաւոր եղաւ սուրբ Թեկղ կոյսի նշխարներով:

 

Սելեւկիայում շատերին լուսաւորելուց յետոյ Թեկղն առանձնացաւ մօտակայքում գտնուող Միւսի կամ Միւրսիոնա կոչուող լերան մի քարայրում, որտեղ աղբիւր կար: Ամէն կիրակի նա դուրս էր գալիս քարայրից եւ բանջար քաղում, որը բաւականացնում էր ամբողջ շաբաթուայ համար: Երբ հեթանոսներից ոմանք գալիս էին նրա մօտ, սուրբ կոյսը լուսաւորում էր նրանց Աստուծոյ խօսքով եւ զօրութեամբ: Այնուհետեւ փոխեց իր տեղը, գնաց Կաղամիոն կոչուող լեռը եւ այնտեղ եւս քրիստոնեայ դարձրեց շատ տղամարդկանց ու կանանց, բժշկեց բազմաթիւ հիւանդների եւ Քրիստոսի անուամբ հալածեց դեւերին: Երբ Սելեւկիայի բժիշկները տեսան, որ նա խանգարում է իրենց շահոյթ ստանալ, կանչեցին անառակ մարդկանց, արբեցրին նրանց եւ ուղարկեցին լեռը՝ դէպի Թեկղի ճգնարանը: Եւ երբ Թեկղն աղաչեց Աստծուն փրկել իրեն անօրէնների ձեռքից, նոյն պահին երկնքից ձայն եկաւ՝ ասելով. «Թե՛կղ, Իմ ճշմարի՛տ աղախին, մի՛ վախեցիր, որովհետեւ Ես քեզ հետ եմ: Ահա այդ ժայռը, որ քո առջեւ է, կը պատռուի եւ քեզ իր մէջ կ՚առնի»: Եւ այդպէս եղաւ. սրբուհին իսպառ անհետացաւ, եւ ժայռից դուրս մնաց միայն վերարկուի վերնամասը: Այս տեսնելով՝ մարդիկ ահաբեկուեցին եւ գալով քաղաք՝ պատմեցին տեսած սքանչելիքի մասին:

 

Ասում են, թէ այսպէս եղաւ Թեկղի՝ խոստովանող վկայի եւ մեծանուն կոյսի ննջումն ու վախճանը, որն, ինչպէս համարւում է, եղել է նրա իննսուն տարեկան հասակում, քանի որ տասնութ տարեկանում աշակերտել է Պօղոս առաքեալին եւ եօթանասուներկու տարի էլ հալածանքների մէջ ապրել լեռներում: Արդ, թէպէտ հնարաւոր չէ ստուգութեամբ սահմանել կատարուածները, սակայն ճիշտ է, որ նա կեանքի ավարտին է հասել առաջացած տարիքում: Սրբուհի Թեկղի գերեզմանի տեղում, որը գտնւում է Սելեւկիա քաղաքից դուրս, վաղ ժամանակներում շինուել է գեղեցիկ վկայարան, ուր հաստատուել է սուրբ եւ աստուածային խորհրդի Սեղան՝ բոլոր կողմերից սիւնապատ եւ արծաթափայլ շրջանակով, որի ականատեսը սուրբ Բարսեղ Կեսարացին էր՝ սուրբ Ոսկեբերանի ժամանակակիցն ու մտերիմը: Նա գրում է. «Այնտեղից՝ իբրեւ իր կուսական բարերարութեան առատապէս հոսող ակունքից, բխում է այս բժշկարար աղբիւրն՝ ընդդէմ բոլոր ցաւերի եւ հիւանդութիւնների: Այդ վայրը դարձաւ ընդհանուր դեղարան եւ տիեզերաց քաւարան: Այդ պատճառով քաղաքը, եւ մանաւանդ նրա անուան տաճարը, երբէք չես տեսնի առանց քաղաքացիների՝ սելեւկիացիների եւ օտարականների, որոնք բոլոր կողմերից գնում են այնտեղ՝ միայն պատուելու վայրը, կատարելու իրենց ուխտը, ընծայաբերութիւններ անելու սրբուհուն եւ ստանալու բժշկութիւն իրենց ախտերից ու ցաւերից, առաւել եւս՝ ազատուելու այսերից: Եւ բոլորը, ստանալով իրենց խնդրանքները, վերադառնում են օրհնութեամբ, գոհութեամբ եւ ուրախութեամբ՝ խոստովանելով, թէ տեսանք սքանչելիքներ եւ ստացանք բժշկութիւն առաւել, քան նրա համբաւն ու մեր ակնկալութիւնն էր»:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Թեկղի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին չորրորդ կիրակիին յաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ կոյսեր Վառվառայի եւ Պելագիայի հետ: