Մակաբայեցիների գրքերը յիշատակում են հրեայ ժողովրդի պատմութիւնը այնպիսի խառն ժամանակաշրջանում, երբ նա ապստամբել էր այն վարչակարգի դէմ, որ նրան պարտադրել էին Մեծն Ալեքսանդրի յաջորդ Սելեւկեան իշխանները, որոնք տիրութիւն էին անում Սիրիական Անտիոքում։
Մակաբայեցիների առաջին գիրքը ընդգրկում է աւելի քան քառասուն տարուայ մի ժամանակաշրջան, 175-134 թուականները (ն․Ք․)։ Գրքում ոգեկոչուած են Մեծն Ալեքսանդրի եւ նրան յաջորդող Սելեւկեանների իշխանութեան տարիները եւ մասնաւորապես Անտիոքոս Դ-ի քաղաքականութիւնը, որի նպատակն էր հրեաներին պարտադրել յունական սովորույթներն ու կրօնական պաշտամունքները։ Այս քաղաքական խստութիւնը պատճառ է դառնում Մատաթիայի եւ նրա որդիների զինեալ ապստամբութեանը։
Յուդա Մակաբայեցին վեց տարի կռիւ է մղում սելեւկեան բանակի յաջորդական զօրավարների դէմ։ Նրա մահից յետոյ նրա եղբայր Յովնաթանը շարունակում է եղբօր գործը, սակայն սրա պայքարը աւելի քաղաքական բնոյթ է կրում, քան ռազմական։ Սա քահանայապետ է նշանակւում Ալեքսանդր Բալաս թագաւորի կողմից, բայց 142 թուականին սպանւում է սիրիացի զօրավար Տրիփոնի ձեռքով, որը ցանկանում էր տիրանալ Անտիոքոս Դ-ի գահին։
Յովնաթանի եղբայր Սիմոնը շարունակում է իր նախորդների գործը։ Սա եւս քահանայապետ է նշանակւում Դեմետրիոս Բ թագաւորի կողմից, ապա վերսկսում զինեալ պայքարը եւ ի վերջոյ ձեռք է բերում ինքնավարութիւն իր հայրենակիցների համար։ Այսպիսով Սիմոն Մակաբայեցին դառնում է հասմոնեան հրէական հարստութեան հիմնադիրը։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: