Գիրք` 6. Յեսու

Ներածութիւն

   
   Յեսուի գրքում պատմւում է Քանանու երկրի նուաճումը եւ իսրայէլական ցեղերի հաստատումն այդ երկրում՝ Մովսէսի յաջորդ Յեսուի առաջնորդութեամբ։ Գրքում կարելի է հեշտութեամբ սահմանազատել երեք մեծ բաժիններ․
   1․ Քանանի նուաճումը (գլ․ 1-12)․
   2․ Երկրի բաժանումը (գլ․ 13-21)․
   3․ Յեսուի կեանքի վախճանը (գլ․ 22-24)․
   Իր ժողովրդին մի երկիր տալով՝ Աստուած իրականացնում է այն խոստումը, որ տուել էր իսրայէլացիների նախնիներին եւ ապա՝ Մովսէսին։ Աստծու եւ Իսրայէլի միջեւ եղած յարաբերութիւնների պատմութեան մեջ Քանանու երկրի նուաճումը կարելի է համեմատել Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու պատմութեան հետ։ Ինչպես Եգիպտոսից ելքի, այնպես էլ այս պատմութեան մեջ նկատելի է Աստծու միջամտութիւնը, որը կռւում է իր ժողովրդի կողքին՝ ապահովելով նրան յաջողութիւն եւ յաղթանակ։
   Նուաճուած կամ նուաճելի հողերի բաժանումն ու շնորհումը իսրայէլացիներին, իր մանրամասնութիւնների մեջ, ցույց է տալիս Աստծու հոգատարութիւնը իր ժողովրդի նկատմամբ, հոգատարութիւն, որը թույլ է տալիս բոլոր իսրայէլացիներին ապրել խաղաղ եւ ապահով՝ մի հողակտորի տէր դառնալու շնորհիւ։
   Յեսուի գիրքը միաժամանակ յիշեցնում է, որ Աստծու հաւատարմութիւնը իր խոստումների նկատմաբ ժողովրդին պարտաւորեցնում է փոխադարձաբար հաւատարիմ լինել Աստծու նկատմամբ։ Իսրայէլացիների գալն ու հաստատուելը օտարականների մեջ, որոնք չէին ճանաչում Աստծուն, անհաւատարմութեան նոր վտանգների առաջ էին կանգնեցնում նրանց։ Ահա թէ ինչու Յեսուն յանձն է առնում այդ պատմութիւնը Աստծու հետ կնքուած դաշինքի հանդիսաւոր վերանորոգութեամբ Սիւքեմի ժողովում, որի պատմութեամբ աւարտւում է այս գիրքը։ Այստեղից էլ սկսւում է իսրայէլացիների եւ նրանց երկրի երկար պատմութիւնը։