ԴԱՒԻԹՆ ԻՄԱՆՈՒՄ Է ՍԱՒՈՒՂԻ ՄԱՀՈՒԱՆ ՄԱՍԻՆ
1․ Սաւուղի մահուանից եւ ամաղէկացիներին կոտորելուց յետոյ Դաւիթը վերադարձաւ եւ երկու օր մնաց Սիկեղակում:
2․ Երրորդ օրը Սաւուղի բանակատեղիից մարդ եկաւ, որի հագուստները պատառոտուած էին, իսկ գլխին հող էր ածուած: Երբ նա Դաւթի մօտ մտաւ, գետին ընկաւ ու խոնարհուեց նրա առաջ:
3․ Դաւիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»: Նա պատասխանեց. «Փախել եմ Իսրայէլի բանակատեղիից»:
4․ Դաւիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»: Մարդն ասաց. «Ժողովուրդը պատերազմի դաշտից փախաւ, շատերը վիրաւոր ընկան ու մեռան: Մեռան նաեւ Սաւուղն ու Յովնաթանը»:
5․ Դաւիթն իրեն լուր բերող երիտասարդին հարցրեց. «Ի՞նչ գիտես, որ Սաւուղն ու նրա որդի Յովնաթանը մեռան»:
6․ Լուր բերող երիտասարդն ասաց. «Դիպուածով Գեղբուա լերան վրայ էի գտնւում եւ ահա տեսայ, որ Սաւուղն ընկել էր իր նիզակի վրայ, եւ թշնամու մարտակառքերն ու հեծեալների զօրավարները հասել էին նրան: Նա յետ նայեց եւ ինձ տեսնելով՝ իր մօտ կանչեց:
7․ Ասացի. «Ահա այստեղ եմ»:
8․ Նա ասաց ինձ. «Ո՞վ ես դու»: Ասացի՝ «Ամաղէկացի եմ»:
9․ Նա ասաց ինձ. «Խոցի՛ր ու սպանի՛ր ինձ: Խաւարն է պատել ինձ, բայց շունչս դեռ վրաս է»:
10․ Խոցեցի ու սպանեցի նրան, որովհետեւ գիտէի, որ նիզակի վրայ ընկնելուց յետոյ չէր ապրելու: Առայ նրա գլխից թագը, ապարանջանները՝ նրա բազկից եւ դրանք բերեցի այստեղ՝ իմ տիրոջը»:
11․ Դաւիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց: Իրենց հագուստները պատառոտեցին նաեւ նրա մօտ գտնուող մարդիկ:
12․ Նրանք ողբացին, լաց եղան ու մինչեւ երեկոյ ծոմ պահեցին սրով ընկած Սաւուղի, նրա որդի Յովնաթանի, Յուդայի երկրի ժողովրդի ու Իսրայէլի տան համար:
13․ Դաւիթն ասաց իրեն լուր բերող երիտասարդին. «Որտեղի՞ց ես դու»: Մարդն ասաց. «Մի պանդուխտ ամաղէկացու որդի եմ ես»:
14․ Դաւիթն ասաց նրան. «Ինչպէ՞ս չվախեցար ձեռք բարձրացնել ու սպանել Տիրոջ օծեալին»:
15․ Դաւիթն իր ծառաներից մէկին կանչելով՝ ասաց. «Մօտեցի՛ր ու սպանի՛ր սրան»: Նա հարուածեց, ու մարդը մեռաւ:
16․ Դաւիթն ասաց նրան. «Քո արիւնը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայութիւն տուեց՝ ասելով. «Ես սպանեցի Տիրոջ օծեալին»»:
ԴԱՒԹԻ ՈՂԲԸ ՍԱՒՈՒՂԻ ԵՒ ՅՈՎՆԱԹԱՆԻ ՀԱՄԱՐ
17․ Դաւիթը Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի վրայ այս ողբը յօրինեց եւ պատուիրեց այս ողբը ուսուցանել Յուդայի երկրի աղեղնակիրներին:
18․ Այն գրուած է Արդարութեան գրքում:
19․ Բլուրների բարձունքներում իբրեւ արձան կանգնի՛ր, Իսրայէ՜լ,
վիրաւոր ընկած քո զօրաւոր որդիների համար:
20․ Մի՛ յայտնէք Գէթում եւ լուր մի՛ տարածէք Ասկաղոնի փողոցներում,
որ այլազգիների դուստրերը երբեք չհրճուեն,
եւ անթլփատների դուստրերը չցնծան:
21․ Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրայ ցօղ չիջնի,
անձրեւ չգայ ձեզ վրայ,
եւ ոչ էլ պտղատու այգիներ լինեն:
22․ Քանզի այստեղ է, որ հզօրների վահանը ջարդուեց,
Սաւուղի վահանը չօծուեց իւղով:
Յովնաթանի աղեղը զուր յետ չքաշուեց վիրաւորների արիւնից ու հզօրների ճարպից,
իսկ Սաւուղի սուրը դատարկ պատեան չդրուեց:
23․ Սաւուղն ու Յովնաթանն իրենց կենդանութեան ժամանակ միմեանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ,
իրենց մահուան ժամանակ էլ իրարից չբաժանուեցին:
Արծիւներից աւելի թեթեւաշարժ էին,
առիւծներից աւելի զօրեղ:
24․ Իսրայէլի դուստրե՜ր, լա՛ց եղէք Սաւուղի վրայ,
լա՛ց եղէք նրա վրայ, ով ձեզ զարդարուն կարմիր զգեստներ էր հագցնում,
ձեր հագուստների վրայ ոսկէ զարդեր էր գցում:
25․ Հզօրներն ինչպէ՞ս ընկան պատերազմի մէջ:
Յովնաթա՜ն, քո բարձունքների վրայ խոցուեցիր:
26․ Ցաւում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Յովնաթան:
Ինձ շատ սիրելի էիր, քո սէրը կանանց սիրուց բարձր էր:
27․ Ինչպէ՞ս ընկան հզօրները, եւ ջարդուփշուր եղան ռազմի գործիքները:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: